Սեղմել Esc փակելու համար:
ՔԼՈՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԼՈՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻ ...

 

 

040.0529.050511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2011 թվականի N 529-Ն

 

ՔԼՈՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՔԼՈՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

(2-րդ մաս)

 

VI. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

127. Քլորի արտադրության, պահման և սպառման տեխնոլոգիական գործընթացների կառավարումը, կարգավորումը և վերահսկողությունը, որպես կանոն, պետք է իրականացվեն կառավարման շինությունում տեղաբաշխված գործարկուի (օպերատորի) աշխատանքային տեղից և կրկնակվի սարքավորման տեղաբաշխման տեղում: Տեխնոլոգիական գործընթացների կառավարման և վերահսկողության համակարգերը, ինչպես նաև հակավթարային պաշտպանության համակարգերը, պետք է կառուցվեն միկրոպրոցեսորային տեխնիկայի հիման վրա:

128. Տեխնոլոգիական հարաչափերի (ծախս, ճնշում, ջերմաստիճան և այլն) չափումները և կարգավորումները պետք է իրականացվեն հսկիչ-չափիչ և կարգավորիչ սարքեր օգտագործելով, որոնք քլորի միջավայրում կերամաշակայուն են կամ նրա ներգործությունից պաշտպանված են (բաժանիչ սարքվածքներ, օդաճնշական կրկնիչներ, ներքևից չեզոք գազի փչում):

129. Ավտոմատ կարգավորիչների կատարող օրգանները (գործադիր մարմինները) անհրաժեշտ է փորձարկման ենթարկել տեխնոլոգիական արմատուրների և հաղորդակցուղիների հետ համատեղ:

130. Հակավթարային պաշտպանիչ արգելափակիչների և ազդանշանման սխեմաների, էլեկտրոնային, ռելեային և էլեկտրական սխեմաների սարքինությունը պետք է ստուգվի ամեն ամիս և տեխնոլոգիական գործընթացի յուրաքանչյուր ընդհատման դեպքում:

131. Արգելվում է քլորով և ջրածնով իմպուլսային խողովակների ներանցումը կառավարման շինություն:

132. Հեղուկ քլորի միջարտադրամասային խողովակաշարերի և ներարտադրամասային հավաքիչների վրա պետք է տեղադրված լինեն հեղուկ քլորի խողովակաշարում ճնշումը սահմանային թույլատրելի արժեքին հասնելու դեպքում գործարկվող և հակավթարային ավտոմատ պաշտպանության համակարգը միաժամանակյա գործարկող ազդանշանային սարքեր:

133. Քլորի արտադրության (դիաֆրագմային, թաղանթային, սնդիկային եղանակներ) էլեկտրատարրալուծման տեղակայանքները պետք է հանդերձված լինեն հսկողության, ազդանշանման և կառավարման համակարգերով և ապահովվեն`

1) էլեկտրատարրալուծիչների խմբի համար նախատեսված հոսանքի ուժի և լարման հսկողություն.

2) հաստատուն հոսանքի սնման աղբյուրների վթարային անջատում` կառավարման վահանի շինությունից, էլեկտրատարրալուծման սրահից, քլորային ճնշակների շինությունից (քլորային ճնշակների կանգի դեպքում), ինչպես նաև նախատեսված լինի էլեկտրատարրալուծիչների էլեկտրաէներգիայով սնման ձեռքով վթարային անջատման հնարավորություն: Էլեկտրատարրալուծման տեղակայանքների վթարային անջատման համար շինություններում պետք է տեղակայված լինի սեղմակոճակներով անջատիչներ, որոնցում պետք է բացառված լինի էլեկտատարրալուծիչների հետագա միացման համար դրանց օգտագործման հնարավորությունը.

3) քլորային և ջրածնային ճնշակների էլեկտրաշարժիչների ավտոմատ անջատում էլեկտրատարրալուծիչները սնող հաստատուն հոսանքի հանկարծակի անջատման ժամանակ (հոսանքի անջատումից հետո 3-4 վայրկյան պահաժամով), էլեկտրատարրալուծման բոլոր եղանակների դեպքում, բացի քլորային ճնշակների էլեկտրաշարժիչներից` սնդիկային եղանակով էլեկտրատարրալուծման ժամանակ.

4) քլորային ճնշակների էլեկտրաշարժիչների ավտոմատ անջատում մինչև 3 րոպե պահաժամով և քլորի վթարային կլանման համակարգի միաժամանակյա միացում` սնդիկային եղանակով էլեկտրատարրալուծման ժամանակ.

5) էլեկտրատարրալուծիչները սնող հաստատուն հոսանքի ավտոմատ անջատում (3-4 վայրկյան պահաժամով) քլորային ճնշակների էլեկտրաշարժիչների հանկարծակի կանգի դեպքում, եթե տեղի չունենա քլորային ճնշակների ինքնագործարկում, ինչպես նաև սնդիկային պոմպերի էլեկտրաշարժիչների կանգի դեպքում` քլորի վթարային կլանման համակարգի միաժամանակյա միացում և ազդանշանի հաղորդում դեպի կառավարման վահանի շինություն և էլեկտրատարրալուծման սրահ.

6) էլեկտրատարրալուծման կայանքի էլեկտրաէներգիայով սնման ավտոմատ անջատում ճնշակի ներծծման հավաքիչում քլոր գազի ճնշումը հաստատված սահմանից բարձր լինելու դեպքում.

7) ազդանշանում դեպի էլեկտրատարրալուծման սրահ, կառավարման վահանի շինություն և կերպափոխիչ ենթակայան` աշխատող քլորային ճնշակներից մեկի հանկարծակի անջատման դեպքում.

8) ազդանշանում դեպի էլեկտրատարրալուծման սրահ և կառավարման վահանի շինություն` սնդիկային պոմպի էլեկտրաշարժիչի կանգի կամ սնդիկային կատոդով էլեկտրատարրալուծիչներում սնդիկի շրջապտույտը դադարելու դեպքում.

9) պինդ կատոդով էլեկտրատարրալուծիչները սնող ճնշումային բաքերում աղաջրի մակարդակի և սնդիկային էլեկտրատարրալուծիչները սնող ճնշումային բաքերում աղաջրի և զտած ջրի մակարդակի ավտոմատ կարգավորում, ինչպես նաև ազդանշանում` մակարդակները թույլատրելի արժեքներից ցածր նվազելու դեպքում.

10) էլեկտրահիմքի և սոդայի հավաքիչներում մակարդակների ավտոմատ կարգավորում, ինչպես նաև ազդանշանում դեպի կառավարման վահանի շինություն` սահմանային թույլատրելի արժեքին հասնելու դեպքում.

11) ազդանշանում դեպի կառավարման վահանի շինություն, ջրածնային հավաքիչում նոսրացումը կանոնակարգվածից բարձր գերազանցելու դեպքում` դիաֆրագմային եղանակով էլեկտրատարրալուծման համար և ջրածնային հավաքիչում ճնշումը կանոնակարգվածից ցածր նվազելու դեպքում` սնդիկային և մեմբրանային եղանակներով էլեկտրատարրալուծման համար.

12) ջրածնի ճնշման ավտոմատ կարգավորում ճնշակների մղման խողովակաշարերում` ջրածնի ավելցուկը մթնոլորտ (մոմի մեջ) արտանետմամբ.

13) քլորի հավաքիչներում ջրածնի խտության գերազանցման մասին ազդանշանում.

14) հավաքիչներում` ջրածնի և քլորի նոսրացման ավտոմատ կարգավորում` դիաֆրագմային եղանակով էլեկտրատարրալուծման համար, և քլորի նոսրացման ու ջրածնի ճնշման ավտոմատ կարգավորում` սնդիկային և մեմբրանային եղանակներով էլեկտրատարրալուծման համար.

15) վթարային օդափոխության ավտոմատ միացում և ազդանշանում` ջրածնի չորացման և մաքրման, ջրածնային ճնշակների շինություններում օդի մեջ ջրածինը սահմանային թույլատրելի խտությանը հասնելու դեպքում:

134. Հեղուկ քլորի արտադրման ժամանակ պետք է նախատեսված լինեն`

1) ավտոմատ հսկողություն` քլորի կոնդեսատորներին մատուցվող սառնակիրի մուտքի և ելքի ջերմաստիճանի վրա, ինչպես նաև կոնդեսատորներից հեղուկ քլորի ելքի ջերմաստիճանի վրա.

2) ավտոմատ հսկողություն և աբգազերում ջրածնի անվտանգ պարունակության պահպանում քլորի խտացման փուլում.

3) ազդանշանում կառավարման շինություն` աբգազերի մեջ ջրածնի ծավալային մասի պարունակությունը 4%-ից ավելի գերազանցման դեպքում:

135. Հեղուկ քլորի պահոցները, հեղուկամբարները, հավաքարանները պետք է հանդերձված լինեն`

1) ճնշման հսկողության սարքերով, դրանց ցուցումների արտանցումով կառավարման վահանի շինություն.

2) հեղուկ քլորի զանգվածի (մակարդակի) և չափման հսկողության երկու անկախ համակարգերով` տարողությունների լցման և դատարկման կանոնակարգված (թույլատրելի) չափաքանակներին մինչև հասնելը, դրանց տեղադրման վայրում և կառավարման վահանի շինությունում ձայնային և լուսային ազդանշանների ավտոմատ միացմամբ.

3) տարողության լցման և դատարկման սահմանային չափաքանակին մինչև հասնելը, դրանց տեղադրման վայրում և կառավարման վահանի շինությունում ձայնային և լուսային ազդանշանների ավտոմատ գործարկվելու դեպքում` վթարային իրավիճակի նախնական ազդարարման համակարգի միացում.

4) տարողության ճնշումը 1,2 ՄՊա (12 կգուժ/սմ2)-ից ավելի գերազանցելու դեպքում, կառավարման վահանի շինությունում և նրա տեղադրման վայրում ազդանշանման համակարգով:

136. Շինությունները, որտեղ հնարավոր է քլորի անջատում (արտահոսք), պետք է հանդերձված լինեն քլորի հայտնաբերման և պարունակության վերահսկողության ավտոմատ միջոցներով (գազավերլուծիչներով): Ազդանշանիչի գործարկման ժամանակը, քլորի խտությունը 20 մգ/մ3 սահմանային թույլատրելի կոնցենտրացիային (այսուհետ` ՍԹԿ) հասնելու դեպքում, չպետք է գերազանցի 30 վայրկյանից: 1 մգ/մ3-ին հավասար, քլորի ՍԹԿ գերազանցման դեպքում պետք է գործարկվեն քլորի վթարային կլանման համակարգի հետ արգելափակված լուսային և ձայնային ազդանշանման սարքերը և վթարային օդափոխությունը: Տվիչների ազդանշանով, քլորի առկայության վթարային արտանետվածքը որսալու մակակլանման եղանակի օգտագործման դեպքում, պետք է գործարկվեն սանիտարական սյան վրա ոռոգման չեզոքացման լուծույթ տալու համար պոմպերը և այնուհետև լուծույթ տալու համար որոշակի պահաժամից հետո` վթարային օդափոխությունը: Քլորի երկշեմային գազավերլուծիչների օգտագործման ժամանակ, քլորի 1 մգ/մ3 ՍԹԿ գերազանցելու դեպքում, պետք է գործարկվեն լուսային և ձայնային ազդանշանները, իսկ 20 մգ/մ3 ՍԹԿ գերազանցելու դեպքում` վթարային կլանման համակարգի հետ արգելափակված վթարային օդափոխությունը:

137. Բեռնառաքող (բեռնստացող) կազմակերպությունների քլորի պահեստները, լցման և դատարկման կետերը, գոլորշիարարները, պարզեցման համար մերձատար երկաթուղային գծերը, իրենց արտաքին ուրվագծով պետք է հանդերձված լինեն քլորի ցուցանշումներով և նրա ՍԹԿ գերազանցման ազդանշանումներով: Տվիչների զգայունության շեմը, քլորի հոսակորուստների հսկողության համակարգերը, դրանց քանակը և տեղադրվածությունը որոշվում և հիմնավորվում է նախագծով:

138. Քլորի ազդանշանիչները պետք է ունենան ընտրողականություն` ըստ քլորի 0,5 մգ/մ3 ՍԹԿ մակարդակի վրա ուղեկցող բաղադրամասերի առկայության և 25%-ից ոչ ավելի քլորի կոնցենտրացիայի չափման գումարային սխալանք:

139. Արտաքին ուրվագծով հսկողության տվիչների տեղակայման տեղում քլորի կոնցենտրացիան 20-50 մգ/մ3 ընդգրկույթի արժեքներին հասնելու դեպքում պետք է միանան`

1) ավտոմատ` պաշտպանիչ ջրային վարագույրով քլորային ալիքի տեղայնացման մնայուն համակարգը.

2) ավտոմատ կամ ձեռքով` էլեկտրոնային հաշվիչ մեքենաների օգտագործմամբ քլորի տարածման կանխատեսման համակարգը (այն օբյեկտների համար, որոնցում քլորի պահումը նախատեսված է 25 տ-ից ավելի առանձին տարողության անոթներում):

140. Ջերմափոխանակման ապարատներում հեղուկ քլորի գոլորշիացման ժամանակ պետք է նախատեսված լինեն`

1) հեղուկ կամ գոլորշիացած քլորի ծախսի ավտոմատ հսկողություն.

2) գոլորշիացած քլորի ճնշման ավտոմատ հսկողություն և կարգավորում.

3) ինքնավար ապահովիչ սարքվածք` գոլորշիարարում քլորի ճնշման գերազանցումից պաշտպանելու համար.

4) գոլորշիարարից քլորի ելքի ավտոմատ փակում, նրա ջերմաստիճանի կամ ջերմակրիչի ջերմաստիճանի նվազագույն թույլատրելի մեծությունից ցածր իջնելու դեպքում.

5) գոլորշիարարում ջերմակրիչի ջերմաստիճանի ավտոմատ հսկողություն և կարգավորում.

6) ջերմակրիչում քլորի առկայության ավտոմատ հսկողություն.

7) գոլորշիարարի աշխատանքի խափանումների դեպքում գոլորշիացած քլորի հոսքի հետ տարվող հեղուկ քլորի հավաքման և գոլորշիացման համար սարքվածք:

141. Գազակերպ քլորի ստացումը պետք է իրականացվի, որպես կանոն, գոլորշիարարներ օգտագործելով: Որպես գոլորշիարարներ պետք է օգտագործվեն առավելապես հոսանուտային ջերմափոխանակիչ ապարատներ:

142. Մեծածավալ գոլորշիարարների կիրառումը թույլատրվում է համապատասխան տեխնիկական հիմնավորման դեպքում:

143. Ջերմակիրի սահմանային ջերմաստիճանը պետք է որոշվի հաշվի առնելով նրա հատկությունները և համապատասխանի հեղուկ քլորի գոլորշիարարի կոնստրուկտիվ կատարման և դիմացկունության բնութագրերին:

144. Բալոններից կամ տակառներից գազակերպ քլոր վերցնելու ժամանակ պետք է հսկողություն իրականացվի քլորի ճնշման և ծախսման նկատմամբ:

145. Հեղուկ քլորի արտադրական շինությունները, պահեստներն ու այն տեղերը, որտեղ կատարվում են հեղուկ քլորի հետ ապրանքափաթեթավորման (դատարկման, լցման, կշռման, նմուշառման, վերլուծության և այլ) աշխատանքներ, ըստ վթարային իրավիճակների տեղայնացման պլանի, տեղեկություններ հաղորդելու համար պետք է ապահովված լինեն կապի երկու տարբեր տեսակներով:

 

VII. ՀԵՂՈՒԿ ՔԼՈՐԻ ՊԱՀՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

146. Հեղուկ քլորի պահեստները, կախված նշանակությունից, ստորաբաժանվում են`

1) մերձարտադրամասային պահեստներ հեղուկ քլոր արտադրող կազմակերպություններում` նախատեսվում են հեղուկամբարներում հեղուկ քլորի օպերատիվ պաշարների ստեղծման համար կազմակերպության ներսում քլորի օգտագործման և արտադրման ժամանակ կախվածությունը վերացնելու, ինչպես նաև սպառող կազմակերպություններին բալոններում, տակառներում, վագոն-ցիստեռններում ապրանքափաթեթավորված հեղուկ քլորի անընդհատ առաքումն ապահովելու նպատակով.

2) հեղուկ քլորի ծախսային պահեստներ հեղուկամբարներում` վագոն-ցիստեռններով հեղուկ քլոր ստացող, սպառող կազմակերպություններում.

3) հեղուկ քլորի ծախսային պահեստներ` նախատեսված կազմակերպության ընթացիկ կարիքների համար, մատակարարումների միջև ընկած ժամանակահատվածում, անհրաժեշտ քանակներով հեղուկ քլորը տակառներում և բալոններում պահելու համար.

4) քլորի բազիսային պահեստներ հեղուկամբարներում` նախատեսված վագոն-ցիստեռններով առաքված հեղուկ քլորն ընդունելու, տակառների կամ բալոնների մեջ հետագա լցաբաշխման և ապրանքափաթեթավորված հեղուկ քլորով սպառողների ծախսային պահեստներն ապահովելու համար.

5) հեղուկ քլորի խմբային պահեստներ ապրանքամաններում` նախատեսված տակառներում և բալոններում հեղուկ քլորի օպերատիվ պաշարների ստեղծման և սպառողների ծախսային պահեստներն ապրանքափաթեթավորված հեղուկ քլորով ապահովելու համար:

147. Կազմակերպության տարածքում միաժամանակ գտնվող հեղուկ քլորի քանակությունը պետք է լինի նվազագույն և հիմնավորված լինի քլորի արտադրության նախագծով, քլորի պահեստների նախագծով: Հեղուկ քլորի թույլատրելի քանակությունը չպետք է գերազանցի`

1) հեղուկ քլոր արտադրող կազմակերպություններում` եռօրյա արտադրաքանակին.

2) սպառող կազմակերպությունների համար`

ա. հեղուկ քլորի անմիջական ծախսման օբյեկտներում (օրինակ` անմիջապես քլորակայաններում) 30-օրյա պահանջարկին,

բ. բալոններում և տակառներում հեղուկ քլորի ընթացիկ կարիքների համար ծախսային և խմբային պահեստներում, հեղուկամբարներում հեղուկ քլորի ծախսային և բազիսային պահեստներում երկամսյա պահանջարկին:

148. Հեղուկ քլորի պահումը հեղուկամբարներում (պահոցներում) կարող է իրականացվել հետևյալ եղանակներով`

1) հեղուկ քլորի եռման ջերմաստիճանում մթնոլորտային ճնշման տակ (պահման իզոթերմային (հավասարաջերմային) եղանակ).

2) հովացված վիճակում, շրջակա միջավայրի ջերմաստիճանից ցածր ջերմաստիճանում: Այս եղանակով քլորի պահման հարաչափերը (պարամետրերը), վթարի դեպքում, պետք է ըստ հնարավորության առավելագույն սահմանափակեն քլորի միանգամից մթնոլորտ արտանետման ծավալները.

3) շրջակա միջավայրի ջերմաստիճանի պայմաններում (քլորի պահման այս եղանակը պահանջում է մշակել և ընդունել Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերին համապատասխան հիմնավորված հատուկ միջոցներ` քլորի պահեստի հակավթարային կայունության բարձրացման ուղղությամբ և կարող է իրականացվել միայն պահեստի անվտանգության մակարդակի վերլուծության արդյունքների հիման վրա):

149. Հեղուկամբարներում հեղուկ քլորի պահման կոնկրետ եղանակը և հարաչափերը, ինչպես նաև պահման ընդհանուր ծավալը և առանձին տարողության առավելագույն ծավալը որոշվում է ելնելով քլորի պահեստ ունեցող կազմակերպության տարածքին հարող բնակելի շրջաններում, արդյունաբերական և կուլտուր-կենցաղային օբյեկտներում և մարդկանց կուտակման այլ վայրերում մարդկանց խմբակային թունավորումը բացառելու անհրաժեշտության պայմաններից: Ընդունված որոշումների օպտիմալությունը պետք է հիմնավորվի քլորի պահեստների անվտանգության վերլուծությամբ, կիրառելով վթարի ժամանակ մթնոլորտում քլորի վթարային արտանետման և ցրման գործընթացների մոդելավորման եղանակները:

150. Հեղուկ քլորի պահեստների համար վտանգավոր գոտու շառավիղն ընդունվում է`

1) բալոններում լցված քլորի պահեստի համար` 150 մ-ից ոչ պակաս.

2) տակառներում լցված քլորի պահեստների համար` 500 մ-ից ոչ պակաս.

3) հեղուկամբարներում լցված քլորի պահեստների համար` թունավորող խտությամբ քլորային ամպի տարածման խորության սահմաններում (որոշվում է հաշվարկով):

151. Կազմակերպության քլորի պահեստից մինչև հեղուկ քլորի արտադրության (սպառման) հետ կապ չունեցող արտադրական և օժանդակ օբյեկտները եղած նվազագույն թույլատրելի հեռավորությունը սահմանվում է հեղուկամբարի ապահերմետիկացման ժամանակ ձևավորվող առաջնային քլորային ամպի գրավիտացիոն տարածման առավելագույն շառավղի սահմաններում (որոշվում է հաշվարկով):

152. Առավելագույն թույլատրելի հեռավորությունը քլորի պահեստներից մինչև պայթյունավտանգ օբյեկտները որոշվում է նախագծման փուլում` ելնելով հարվածային ալիքի և ջերմային ճառագայթման ազդեցության նկատմամբ քլորի պահեստի օբյեկտների կայունության պայմանից:

153. Վտանգավոր գոտու սահմաններում չի թույլատրվում տեղաբաշխել բնակելի և հասարակական շենքեր և շինություններ, ինչպես նաև պետք է առավելագույնը սահմանափակված լինի արդյունաբերական շինարարությունը: Վտանգավոր գոտու սահմանների կրճատումը թույլատրվում է միայն նախագծման փուլում, Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերին համապատասխանող և քլորի արտանետման տեղայնացման օպերատիվությունն ապահովող հատուկ տեխնիկական միջոցառումների իրագործման և հիմնավորման դեպքում, իսկ քլորի գործող պահեստների համար` սույն կանոնների 149-151-րդ կետերի պահանջների իրականացման անհնարինության դեպքում պետք է մշակվեն և ընդունվեն հատուկ միջոցներ` ուղղված պահեստների անվտանգության բարձրացմանը (դրանց անվտանգության վերլուծության արդյունքների հիման վրա) և անձնակազմի պաշտպանությանը:

154. Հեղուկ քլորի նոր նախագծվող պահեստները որպես կանոն պետք է տեղադրվեն այլ շենքերի և շինությունների համեմատությամբ ավելի ցածրադիր տեղերում և մոտակա բնակավայրերի տեղադրման տեղերին հարաբերական առավելապես քամիների գերակշռող ուղղությունների հողմահակառակ կողմից:

155. Հեղուկ քլորի պահեստի տարածքում պետք է տեղակայված լինի պահեստի ցանկացած կետից տեսանելի քամու ուղղության ցուցանակ: Հեղուկամբարներում քլորի պահեստներ ունեցող կազմակերպությունները պետք է հանդերձված լինեն օդերևութաբանական կայանով և մթնոլորտում քլորի տարածման կանխատեսման համակարգով:

156. Քլորի պահեստները պետք է ունենան 2 մետրից ոչ պակաս բարձրությամբ համատարած խուլ ցանկապատ և խուլ կիպ փակվող դարպասներ` պահեստի տարածք կողմնակի անձանց մուտքը բացառելու և վթարային իրավիճակի սկզբնական փուլում գազային ալիքի տարածումը սահմանափակելու համար:

157. Պետք է մշտապես ապահովված լինի հրդեհաշիջման և գազափրկարարական ծառայությունների ավտոմեքենաների մուտքը դեպի հեղուկ քլորի պահեստ:

158. Արգելվում է քլորի պահեստի տարածքում տեղաբաշխել, պահեստի արտադրական գործընթացների իրականացմանն անմիջականորեն չվերաբերվող սարքավորումներ և կայանքներ: Թույլատրվում է հեղուկ քլորի պահեստի արգելափակումը հեղուկացման, գոլորշիացման, տակառների և բալոնների մեջ քլորի լցաբաշխման կայանքների հետ, քլորի կլանման և հիպոքլորիդների ու քլորային երկաթի ստացման կայանքների, վակուումացման և վերաճնշման համար սեղմված գազ ստանալու կայանքների հետ:

159. Քլորի պահեստները կարող են տեղաբաշխվել վերգետնյա և կիսախորացված մեկհարկանի շենքերում կամ ստորերկրյա շինություններում: Առանձին դեպքերում, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, և պահեստների նախագծով համապատասխան հիմնավորման առկայության դեպքում, թույլատրվում է հեղուկամբարներում քլորի բաց պահեստներ կառուցել ծածկարանի տակ:

160. Հեղուկ քլորի փակ պահեստների կառուցման ժամանակ պետք է կատարված լինեն հետևյալ պահանջները`

1) քլորը հեղուկամբարներում (պահոցներում) պահելու համար կիսախորացված և վերգետնյա պահեստային շինությունները պետք է ունենան (քլորի վթարային թափման դեպքում) շինության կոնստրուկցիաները քայքայումից պաշտպանող կառուցվածք, հեշտ նետվող տանիքածածկ և այլ արտադրական շինություններից բաժանված լինեն խուլ անգազանցիկ պատերով.

2) յուրաքանչյուր հեղուկամբարի տակ պետք է տեղադրված լինի ընդկալ: Ընդկալի տարողությունը պետք է լինի հեղուկամբարի լրիվ ծավալից ոչ պակաս.

3) հեղուկամբարում քլորի պահման համար պահեստում պետք է սարքավորված լինի երկուսից ոչ պակաս ելքեր` շենքի կամ շինության հակադիր կողմերում.

4) քլորի պահեստներում դռները պետք է բացվեն ըստ տարահանման ընթացքի ուղղության.

5) հատակների, պատերի հարդարման, առաստաղների և մետաղական կոնստրուկցիաների նյութերը պետք է քլորի ագրեսիվ ներգործության նկատմամբ լինեն կայուն:

161. Հեղուկամբարներում հեղուկ քլոր պահելու համար բաց տիպի պահեստները պետք է նախագծվեն և շահագործվեն հետևյալ պահանջների պահպանմամբ`

1) հեղուկամբարները պետք է պաշտպանված լինեն մթնոլորտային տեղումներից և արևի ճառագայթներից.

2) յուրաքանչյուր տարողության տակ պետք է գտնվի ընդկալ (կամ պատնեշապատ)` քլորի վթարային թափվածքների հավաքման համար: Թույլատրվում է ունենալ ամենամեծ հեղուկամբարի լրիվ ծավալից ոչ պակաս տարողությամբ ընդհանուր ընդկալ` յուրաքանչյուր հեղուկամբարի տակ սարքավորելով թափվածքների տեղայնացման համար միջնապատեր:

162. Հեղուկամբարների համար ընդկալները պետք է պատրաստված լինեն ջերմահաղորդականության ցածր գործակից ունեցող նյութերից, պաշտպանված լինեն նրանց մեջ գրունտային ջրերի թափանցումից, իսկ բաց պահեստների համար ընդկալները պետք է նաև լրացուցիչ պաշտպանված լինեն մթնոլորտային տեղումներից:

163. Հեղուկամբարներում հեղուկ քլորի պահեստի համար պարտադիր է պահուստային տարողության առկայությունը, որի ծավալը չի ներառվում պահեստի ընդհանուր տարողությունը որոշելու ժամանակ: Հեղուկամբարների շրջակապման սխեման պետք է նախատեսի նրանցից յուրաքանչյուրի օգտագործման հնարավորությունը որպես պահուստային և ապահովի վթարային տարողությունից (հեղուկամբարից, ցիստեռնից) քլորի էվակուացումը:

164. Հեղուկ քլորով անոթների և խողովակաշարերի շահագործման ժամանակ պետք է բացառված լինի նրանց մեջ խոնավության և ճնշման, ջերմաստիճանի բարձրացման կամ քլորի հետ պայթյունավտանգ խառնուրդների ձևավորման առաջացմանն ընդունակ նյութերի թափանցման հնարավորությունը:

165. Հեղուկ քլորը պահելու համար տարողության (հեղուկամբար, վագոն-ցիստեռն, հավաքարան) ներթողման և արտաթողման գծերի կոնստրուկցիան պետք է ապահովի արտաքին խողովակաշարի վնասվածքի դեպքում` հեղուկի հակադարձ արտահոսքի կանխում:

166. Քլորի հեղուկամբարից արգելվում է վերցնել գազակերպ քլոր, վագոն-ցիստեռնից արգելվում է վերցնել գազակերպ կամ հեղուկ քլոր, օգտագործելով այդ կերպ վագոն-ցիստեռնը և հեղուկամբարը, որպես ծախսային տարողություն:

167. Անվտանգության ապահովման նպատակով պետք է հեղուկ քլորի պահման, հեղուկամբարների և վագոն-ցիստեռնների լցման ու դատարկման, փոխադրումների հետ կապված տեխնոլոգիական գործողությունները կանոնակարգված լինեն սույն կանոններին համապատասխան մշակված և կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված հրահանգներով:

168. Տարողությունների (հեղուկամբար, հավաքարան, վագոն-ցիստեռն) մեջ հեղուկ քլոր լցնելու ժամանակ պետք է բացառված լինի քլորային անոթների համար լցման սահմանված չափաքանակից (1,25 կգ/դմ3) ավելի դրանց լցավորման հնարավորությունը, որի ապահովումն իրականացվում է սույն կանոնների 135-րդ կետի պահանջների պահպանմամբ, ինչպես նաև անոթից աբգազերի արտանետման գծի վրա արտահոսման խողովակաոստի տեղակայմամբ (սույն կանոնների 86-րդ կետով նախատեսված փակիչ փականներից անմիջապես հետո)` սարքավորված աբգազային գիծ հեղուկ քլորի ցատկանցնելն ազդանշանող սարքվածքով:

169. Հեղուկ քլորի` ցածրաջերմաստիճան իզոթերմային պայմաններում պահման ժամանակ անհրաժեշտ է ապահովել հետևյալ պահանջների կատարումը`

1) հեղուկ քլորով լցված իզոթերմային տարողության (տարողությունների խմբի) տակ պետք է տեղաբաշխված լինի նրա հետ խողովակաշարով միացված հեղուկամբար: Հեղուկամբարի տարողությունը պետք է համապատասխանի իզոթերմային ամենամեծ տարողությունում պահվող քլորի քանակին.

2) իզոթերմային հեղուկամբարի ազատումը հեղուկ քլորից կարող է իրականացվել ջերմաճնշումային և չորացված օդով վերաճնշման եղանակներով հեղուկ քլորի վերամղման համար նախատեսված պոմպեր օգտագործելով (հիմնավորվում է նախագծով), ընդ որում, պարտադիր է պահուստային պոմպերի առկայությունը.

3) իզոթերմային հեղուկամբարների շրջակապման սխեման պետք է բացառի դրանց միացումը հեղուկամբարի հաշվարկային ճնշումից բարձր ճնշման տակ աշխատող գծերի և ապարատների հետ.

4) առբերիչ խողովակաշարերը և փակիչ արմատուրները պետք է պատրաստված լինեն քլորի նկատմամբ ցրտակայուն և կերամաշակայուն նյութերից.

5) հեղուկամբարի շրջակապման մեջ մտնող բոլոր մայրագծային խողովակաշարերը պետք է ունենան հեռակառավարմամբ փակիչ արմատուրներ.

6) իզոթերմային հեղուկամբարի արտաքին մակերևույթի ջերմամեկուսացումը պետք է հաշվարկված լինի հեղուկամբարում սահմանված ջերմաստիճանի պահպանման համար էներգածախսերի առավելագույն նվազեցումը հաշվի առնելով.

7) արտաքին մակերևույթի ջերմամեկուսացման համար օգտագործվող նյութերը պետք է լինեն հրակայուն, հեղուկ և գազակերպ քլորի նկատմամբ քիմիապես կայուն և անխոնավաթափանց (կամ պաշտպանված անխոնավաթափանց թաղանթով).

8) իզոթերմային հեղուկամբարի հեղուկ քլորով լցման գործելակարգը պետք է բացառի հեղուկամբարի իրանում նրա վերին և ներքին մասերի ջերմաստիճանների տարբերությամբ գոյացող անթույլատրելի լարումների առաջացման հնարավորությունը:

170. Հեղուկամբարն աշխատանքային գործելակարգին անցնելու ժամանակ հարկավոր է ստուգել`

1) հեղուկամբարի բեռնման համար քլորի որակի համապատասխանությունը հեղուկ քլորի գործող ստանդարտի պահանջներին.

2) բեռնման (դատարկման) ժամանակ ջերմաստիճանների տարբերությունը հեղուկամբարի ամբողջ բարձրությամբ իրականացվում է քլորի լցման և դատարկման ժամանակ նրա արագությունը և տաքացման հավասարաչափությունն ըստ անոթի երկարության ու բարձրության հսկող սարքերով և ջերմային տեղափոխումների ստուգման համար հենանիշերով, որպեսզի հեղուկամբարի իրանի տարբեր կետերում ջերմաստիճանի տատանումները հասցվեն նվազագույնի:

171. Հեղուկ քլորը պետք է հեղուկամբարի մեջ մատուցվի մինչև պահման համար կանոնակարգված ջերմաստիճանը սառեցնելուց հետո:

172. Քլորի իզոթերմային պահման համար երկտակ պատերով հեղուկամբարների օգտագործման դեպքում, սույն կանոնների 169-171-րդ կետերի պահանջներին որպես լրացում, անհրաժեշտ է նախատեսել նաև`

1) արտաքին և ներքին հեղուկամբարների համար համապատասխան սարքերի (ապահովիչ կափույրներ,արագագործ փականներ և այլն) առկայություն` նախատեսված աշխատանքի կանոնակարգված գործելակարգի խախտման դեպքում ճնշման բարձրացումից պաշտպանելու համար.

2) պաշտպանիչ սարքվածքների կրկնակում.

3) ներքին և արտաքին հեղուկամբարների միջև պարփակված տարածության մշտական փչամաքրում` մինչև մինուս 40 oC ջերմաստիճանը չորացված օդով (իներտ գազով).

4) փչամաքրման գազում քլորի պարունակության վերահսկողության և վթարային ազդանշանման ավտոմատացված համակարգի առկայություն.

5) ներքին հեղուկամբարի ջերմամեկուսացում, որը պետք է լինի չայրվող, չոր, հեղուկ և գազակերպ քլորին քիմիապես կայուն:

173. Քլորի պահեստների տարածքում, քլորի դատարկման-լցման կետերում, բեռնառաքող (բեռնստացող) կազմակերպությունների` քլորով վագոն-ցիստեռնների պարզեցման համար մերձատար երկաթուղային գծերում, պետք է նախատեսված լինեն քլորի վթարային արտանետումների վերահսկողության ավտոմատ համակարգեր և մինչև անվտանգ խտությունը ցրման և պաշտպանիչ ջրային վարագույրի օգնությամբ դրանց տեղայնացման կայանքներ կամ համակարգեր:

174. Գազային քլորային ամպի ջրային վարագույրով տեղայնացման համակարգը պետք է ապահովված լինի ջրի անհրաժեշտ պաշարով` ելնելով քլորի հոսակորուստների վերացման անընդհատ աշխատանքների տևողության ժամանակահատվածում ջրի ծախսը բավարարելու հաշվարկից` հաշվի առնելով կազմակերպության արտադրական, հրդեհաշիջման, կուլտուր-կենցաղային և այլ կարիքների համար ջրի առավելագույն ծախսը` նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ քլորի վթարային արտանետումը տեղի է ունենում առավելագույն ջրապահանջի ժամին: Ջրի փոշարարների, ջրածորանների քանակն ու դրանց դասավորությունը և ջրի պահանջվող պաշարը որոշվում և հիմնավորվում է նախագծով:

175. Հեղուկ քլորի արտահոսքերի փրփուրային տեղայնացման համակարգի կիրառման դեպքում պետք է նախատեսված լինի քլորի նկատմամբ քիմիապես չեզոք փրփուրների օգտագործում:

176. Առանց մշտական աշխատատեղերի արտադրական շինությունները թույլատրվում է չսարքավորել արհեստական դրդմամբ ընդհանուր օդափոխունակության համակարգերով: Շինության դրսից, մուտքին անմիջապես մոտ անհրաժեշտ է նախատեսել շինությունում քլորով գազայնացման մակարդակի գերազանցման մասին լուսային ազդանշանում և շինության օդափոխման համար վթարային օդափոխության միաժամանակյա միացում, մինչև քլորի պարունակությունն այդ շինության օդի մեջ համապատասխանի սանիտարական նորմերին: Վերանորոգման աշխատանքների կատարման ժամանակ այդ շինությունների տաքացումը պետք է իրականացվի ջեռուցման շարժական սարքերով (էլեկտրաօդաջեռուցիչներով):

177. Քլորի պահեստներում, լցավորման կայաններում, գոլորշիարարներում և քլորարարներում վթարային իրավիճակների տեղայնացման համար պետք է նախատեսված լինի սույն կանոնների 136-րդ կետին համապատասխան գազավերլուծիչի ազդանշանով ավտոմատ գործարկվող վթարային օդափոխություն: Վթարային օդափոխության արտադրողականությունը որոշվում և հիմնավորվում է նախագծի տեխնոլոգիական մասով:

178. Վթարային օդափոխությունից արտանետվածքները պետք է ուղղվեն քլորի կլանման համակարգ: Քլորի կլանման մնայուն համակարգերում պետք է նախատեսված լինի համակարգերում օգտագործվող օդափոխիչների, պոմպերի պահուստավորում, ինչպես նաև կլանման ապարատով քլորի ցատկանցման վերահսկողություն: Քլորի վթարային կլանման համակարգի միացումը պետք է արգելափակված լինի վթարային օդափոխության գործարկման հետ և համապատասխանի սույն կանոնների 136-րդ կետի պահանջներին:

179. Քլորի վթարային կլանման համակարգի արտադրողականությունը և կլանող նյութերի պաշարը պետք է հիմնավորված լինեն նախագծով և բավարար լինեն վթարային իրավիճակների տեղայնացման համար:

180. Հեղուկամբարներում քլորի պահման, լցման-դատարկման և գոլորշիացման տեղամասերը, քլորի հետ տակառների և բալոնների միացման-անջատման տեղերը պետք է հանդերձված լինեն քլորի տեղային արտածծման և կլանման համակարգերով:

 

VIII. ՀԵՂՈՒԿ ՔԼՈՐԻ ԼՑՄԱՆ-ԴԱՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ

 

181. Հայաստանի Հանրապետությունում շահագործման մեջ գտնվող հեղուկ քլորի հեղուկամբարները, վագոն-ցիստեռնները, տակառները և բալոնները որպես ճնշման տակ աշխատող անոթներ ենթակա են գրանցման, հաշվառման և տեխնիկական զննման-վկայագրման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բացառությամբ օտարերկրյա քլոր արտադրող և քլորի բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող և քլորը ներկրելուց ու դատարկելուց հետո նրանց վերադարձվող քլորային ապրանքամանների, որոնց նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է հետևյալ պարզ սխեմայով` բեռնառաքողը քլորով լցված ապրանքամանները բեռնստացողին հանձնելիս ներկայացնում է դրանց որակական և տեխնիկական սարքին վիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր կամ դրանց պատճենները (սերտիֆիկատ, տեխնիկական զննման-վկայագրման կամ փորձարկման ակտ, տեխնիկական անձնագիր և այլն):

182. Լցավորող կազմակերպություններում, որոնց հաշվեկշռում է գտնվում քլորային ապրանքամաններն իրականացնում են հեղուկ քլորի փոխադրման համար նախատեսված հեղուկամբարների, վագոն-ցիստեռնների, տակառների, բալոնների հաշվառումը և գրանցումը (օտարերկրյա կազմակերպությունների համար այն կարգավորվում է տվյալ երկրի նորմատիվաիրավական փաստաթղթերով): Դրա համար կազմակերպությունում պետք է լինեն հետևյալ փաստաթղթերը`

1) վագոն-ցիստեռնների համար` ճնշման տակ աշխատող անոթի տեխնիկական անձնագիրը, տեխնիկական նկարագրությունը և վագոն-ցիստեռնի շահագործման հրահանգը, նորոգման և լցավորման գրանցամատյանները: Լցավորման գրանցամատյանի օրինակելի ձևը տրված է սույն կանոնների N 3 ձևում.

2) տակառների և բալոնների համար` առկա ապրանքամանների պահեստի քարտարան, լցավորման և փորձարկման գրանցամատյանները: Տակառների և բալոնների լցավորման գրանցամատյանի օրինակելի ձևը տրված է սույն կանոնների N 3 ձևում:

183. Սպառող կազմակերպություններն անհրաժեշտ է որպեսզի ունենան սեփական քլորային ապրանքամանները: Հեղուկ քլորի ներկրման դեպքում արգելվում է օգտագործել քլոր առաքող օտարերկրյա կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող քլորային այն ապրանքամանները, որոնց համար բացակայում են բեռնառաքող երկրի օրենսդրությանը համապատասխան դրանց որակական և տեխնիկական սարքին վիճակը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև քլորի տվյալ խմբաքանակի համար նրա որակի համապատասխանության և տոկոսային պարունակության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք երաշխավորում են սպառողների իրավունքների պաշտպանվածությունը և դրանց անվտանգ շահագործումը:

184. Քլորի համար նախատեսված հեղուկամբարների, վագոն-ցիստեռնների, տակառների և բալոնների արտաքին մակերևույթների ներկվածքը (ներկապատման գույնը), տարբերիչ շերտագծերը (շերտավոր ներկապատման գույնը) և մակագրությունները (գրառման տեքստն և գույնը) պետք է համապատասխանեն գործող ստանդարտների պահանջներին կամ քլորի ապրանքամաններ (ճնշման տակ աշխատող անոթներ) արտադրող կազմակերպության տեխնիկական պայմաններին:

185. Նոր պատրաստվող հեղուկամբարների, վագոն-ցեստեռնների, տակառների և բալոնների ներկումը, դրանց վրա համապատասխան գույնի շերտավոր ներկապատումը և գրառվող մակագրությունները կատարվում են պատրաստող կազմակերպությունում, իսկ հետագա շահագործման ընթացքում` դրանց լցավորումն իրականացնող կազմակերպությունների կողմից, որոնց հաշվեկշռում են գտնվում քլորային ապրանքամանները (անոթները): Քլորի ապրանքամանների արտաքին մակերևույթների ներկապատման համար, որպես կանոն, ընդունված է պաշտպանական գույնը, իսկ շերտավոր ներկապատման համար` կանաչ գույնն առանց գրառման տեքստի:

186. Հեղուկամբարների, վագոն-ցիստեռնների, տակառների և բալոնների վրա պետք է պատրաստող կազմակերպության կողմից դրոշմանշված լինեն անձնագրային տվյալները, դրոշմման տեղը պետք է մաքրված լինի այնպես, որ տվյալները հստակ կարդացվեն` պատված լինի անգույն լաքով և եզրագծված սպիտակ ներկով:

187. Հեղուկ քլորով թույլատրվում է լցավորել հատուկ այդ նպատակի համար նախատեսված և սույն կանոնների 81-րդ կետի պահանջներին համապատասխան արտադրված հեղուկամբարները, վագոն-ցիստեռնները, տակառները և բալոնները:

188. Արգելվում է հեղուկ քլորով լցավորել այն հեղուկամբարները, վագոն-ցիստեռնները, տակառները և բալոնները, որոնք նախատեսված են այլ նյութերի համար, ինչպես նաև այն դեպքերում, եթե`

1) անցել է տեխնիկական զննման-վկայագրման ժամկետը կամ նա կարող է ժամկետանց լինել 15 օրվա ընթացքում հեղուկամբարը, վագոն-ցիստեռնը, տակառը կամ բալոնը սպառողին հանձնելու պահից.

2) մինչև պլանային վերանորոգումը մնացել է 15 օրվանից պակաս ժամանակ.

3) անցել է ապահովիչ կափույրի և մեմբրանի վերաստուգման ժամկետը (վագոն-ցիստեռնների համար).

4) առկա են ապրանքամանի մեխանիկական վնասվածքներ և այլ արատներ (ճաքեր, ճմլվածքներ, ձևի փոփոխություն,կերամաշային խոց), ինչպես նաև ընթացային մասի անսարքություններ (վագոն-ցիստեռնների համար).

5) ներկվածքը, մակագրությունները չեն համապատասխանում ապրանքամանի տեխնիկական անձնագրի տվյալներին, ինչպես նաև հնարավոր չէ կարդալ դրոշմը.

6) առկա է այլ նյութի մնացորդ.

7) անսարք է փականային արմատուրը.

8) բալոններից ապամոնտաժված չեն ծծափողային խողովակները:

189. Դատարկ և լցավորված վագոն-ցիստեռնների, տակառների և բալոնների կշռման հետ կապված բոլոր գործողությունները պետք է կատարվեն չափագիտական ստուգում անցած սարքին կշեռքների վրա:

190. Անոթը լցվող հեղուկ քլորի զանգվածը պետք է չափվի հսկողության երկու անկախ համակարգերի օգնությամբ: Անոթի լցման չափաքանակը որոշվում է լցված քլորի զանգվածի` կիլոգրամներով (տոննաներով), և անոթի տարողունակության` խորանարդ դեցիմետրերով (խորանարդ մետրերով), հարաբերությամբ և չպետք է գերազանցի 1,25 կամ 1 կիլոգրամ (տոննա) քլորի զանգվածին համապատասխանող անոթի տարողությունը խորանարդ դեցիմետրերով (խորանարդ մետրերով),պետք է լինի 0,8 ոչ պակաս:

191. Անոթի (հեղուկամբարի, վագոն-ցիստեռնի, հավաքիչի) լցավորման ժամանակ գերլցումը կանխելու համար անոթի ներսում աբգազերի արտանետման գծի վրա պետք է տեղակայված լինեն կարճեցված ծծափողեր,ինչպես նաև անհրաժեշտ է ապահովել սույն կանոնների 168-րդ կետի պահանջների կատարումը: Կարճեցված ծծափողի ներքևի կտրվածքի տեղադիրքը պետք է համապատասխանի անոթի լցման թույլատրելի վերին մակարդակին, որը որոշվում է լցման ջերմաստիճանի ժամանակ` հաշվի առնելով հեղուկ քլորի լցման և խտության չափաքանակները: Ապրանքամանը սահմանված չափաքանակից ավելի լցավորման դեպքում ավելցուկային հեղուկ քլորը պետք է հեռացվի (հեռացման կարգը նշվում է լցավորող կազմակերպության հրահանգում):

192. Հեղուկ քլորի դատարկումը և լցումը թույլատրվում է կատարել վերաճնշման եղանակով, ի հաշիվ դատարկվող և լցվող անոթների միջև ճնշումների տարբերության ստեղծման, ինչպես նաև հեղուկ քլորի վերամղման համար նախատեսված պոմպերի օգնությամբ:

193. Հեղուկ քլորի վերաճնշում կարող է կատարվել տարբեր եղանակներով`

1) դատարկվող տարողության մեջ չոր սեղմված օդ (ազոտ) կամ այլ անոթից կամ ջերմաճնշակից գազակերպ քլորի գոլորշիներ մղելով.

2) դատարկվող անոթում քլորի գոլորշիների սեփական ճնշումով և լցավորվող անոթից քլորգազ (գազակերպ քլոր) վերցնելով.

3) համակցված եղանակով:

194. Սեղմված գազի օգտագործմամբ հեղուկ քլորի լցման-դատարկման հետ կապված գործողությունների իրականացման ժամանակ պետք է կատարվեն հետևյալ պահանջները`

1) սեղմած օդի (ազոտի) մատուցման նախապատրաստման համակարգը պետք է լինի ավտոմատ և նախատեսված լինի միայն քլորային ապարատների վերաճնշման, փչամաքրման և ճնշափորձարկման նպատակների համար.

2) սեղմած օդը (ազոտը) պետք է մաքրված լինի մեխանիկական խառնուկներից և չորացված: Չորացված օդում (ազոտում) խոնավության պարունակությունը պետք է համապատասխանի ցողի կետին` մինուս 40 oC-ից ոչ բարձր ջերմաստիճանի դեպքում.

3) չոր սեղմված օդի (ազոտի) ճնշումը պետք է լինի ոչ պակաս, քան 0,1 ՄՊա-ով բարձր վերաճնշման ենթարկվող անոթի ճնշումից: Ճնշման նշված նվազագույն տարբերությունը պետք է պահպանվի հեղուկ քլորի վերաճնշման տևողության ամբողջ ընթացքում.

4) սեղմած օդի (ազոտի) մատուցման համակարգը պետք է հանդերձված լինի ապահովիչ կափույր ունեցող օդամբարով, ինչպես նաև քլորի մուտքը սեղմված օդի (ազոտի) գիծ կանխելու համար ինքնագործող փականային սարքով (հարկադրական սեղմումով հակադարձ կափույրի տեսակի): Վերաճնշման ժամանակ սեղմված օդի (ազոտի) ճնշումը չպետք է գերազանցի 1,2 ՄՊա-ն (12 կգուժ/սմ2):

195. Վագոն-ցիստեռններով հեղուկ քլոր առաքող կամ ստացող կազմակերպությունները պետք է նախատեսեն հեղուկ քլորի լցման-դատարկման կետեր` դրանք տեղաբաշխելով կազմակերպության մերձատար երկաթուղային գծերի փակուղային տեղամասերում: Վագոն-ցիստեռնի սպասարկման համար հարթակը պետք է ունենա հարթ մակերևույթ և տարբեր ուղղություններից վագոն-ցիստեռնին մոտենալու համար ազատ մուտք:

196. Հաջորդ փոխադրմանը և դատարկմանը նախատեսված վագոն-ցիստեռնների համար անհրաժեշտ է սարքավորել երկաթուղային գծեր, որոնց դասավորությունը և տարողունակությունը որոշվում և հիմնավորվում է նախագծով: Երկաթուղագիծը (պարզեցման համար) պետք է ապահովի միաժամանակ ուղարկվող կամ ընդունվող մեկ խմբաքանակի բոլոր վագոն-ցիստեռնների տեղավորումը:

197. Բեռն առաքող (բեռն ստացող) կազմակերպությունների լցման-դատարկման կետերը և հեղուկ քլորի պարզեցման համար մերձատար երկաթուղային գծերը պետք է հանդերձված լինեն քլորային ալիքի տեղայնացման և ցուցանշման համակարգով, լուսավորված լինեն օրվա գիշերային ժամերին, ունենան երկաթուղային գծերի վրա կանգառման համար շարժակազմի չարտոնված մտնելը և դեպի լցման-դատարկման կետ կողմնակի անձանց մուտքը կանխարգելող համապատասխան նշաններ և միջոցներ: Քլորի պարզեցման համար մերձատար երկաթուղային գծերի վրա կանգնեցրած բեռն առաքող (բեռն ստացող) կազմակերպությունների վագոն-ցիստեռնները պետք է հուսալիորեն կցորդված և արգելակման կալուններով ամրակցված լինեն: Մերձատար երկաթուղային գծերի մուտքի վրա, որտեղ տեղաբաշխվում են վագոն-ցիստեռնները քլորի պարզեցման համար, պարտադիր տեղակայվում է (400x600 մմ չափերով) «Կանգնի՛ր: Մուտքը փակ է: Քլոր» մակագրությամբ նշան, կարմիր գույնի ազդանշան և չարտոնված մուտքը կանխարգելող հատուկ արգելափակող սարքվածք:

198. Նոր նախագծվող և վերակառուցվող լցման-դատարկման կետերը պետք է տեղաբաշխված լինեն քլորի պահեստարանին կից կամ ամենամոտ հատուկ բոքսերում (մեկուսարաններում) և հեռացված անվտանգ հեռավորության վրա այն օբյեկտներից, որոնցում կարող է տեղի ունենալ պայթյուն կամ հրդեհ:

199. Լցման-դատարկման կետում անհրաժեշտ է ապահովել վագոն-ցիստեռնները մնայուն խողովակաշարերին միացնելու համար հարմար և անվտանգ պայմաններ:

200. Վագոն-ցիստեռնների միացման համար հողի մակերևույթից բարձր դասավորված հարթակը (աշխատատեղը) պետք է ունենա հակասահող մակերևույթ կամ տախտամած (երեսարկ), բազրիք և ցանկապատ, նա պետք է լինի ամուր և սարքված լինի որպես մնայուն կառուցվածք և հարմար հնարավոր վթարային իրավիճակում մարդկանց տարահանման համար:

201. Լցման-դատարկման կետում պետք է լինեն խողովակաշարերի հետևյալ մնայուն համակարգերը`

1) վերաճնշման համար քլորը կամ սեղմված օդը (ազոտը) վագոն-ցիստեռնին մատուցելու համար.

2) հեղուկ քլորի լցման-դատարկման խողովակաշար.

3) վթարային վագոն-ցիստեռնից դեպի քլորի կլանման համակարգ կամ սպառման համար գազակերպ քլորի հեռացման խողովակաշար:

202. Վագոն-ցիստեռնը լցման-դատարկման կետում կանգնեցման ժամանակ և լցման-դատարկման գործողությունը կատարելուց առաջ, անհրաժեշտ է վագոն-ցիստեռնը երկու կողմից ամրացնել արգելակման կալուններով, հողանցել և միացնել լցման-դատարկման կետի հակավթարային պաշտպանության համակարգին միացված վագոն-ցիստեռնի տեղաշարժման արգելափակմանը: Դեպի լցման-դատարկման կետ տանող սլաքը պետք է տեղադրված լինի շարժակազմի չարտոնված մուտքի հնարավորությունը բացառող դիրքով, իսկ լցման-դատարկման կետի երկաթուղային գծի տեղամասն արգելափակված լինի հատուկ սարքվածքով:

203. Վագոն-ցիստեռնի միացումը մնայուն խողովակաշարերի հետ պետք է լինի ճկուն, ապահովվի վագոն-ցիստեռնի բնականոն ուղղաձիգ տեղափոխությունն իր կախոցի վրա, ինչպես նաև ունենա ծայրակցվող հանգույցի և նրա հերմետիկության հարմար միացման հնարավորություն: Ծայրակցման համար կարող են կիրառվել միացումների հետևյալ ձևերը`

1) հոդակապային դարձկեն միացումներ.

2) մետաղե ճկախողովակներով միացումներ.

3) ճկուն ծայրակցում, արմունկի կամ գալարախողովակի ձևով ծռված պողպատե խողովակի 5-7 մ երկարությամբ բարձակային տեղամասի օգնությամբ.

4) խողովակաշարի հանովի տեղամասով միացումներ:

204. Հեղուկ քլորի լցման-դատարկման ժամանակահատվածում փականային արմատուրը և ծայրակցվող հանգույցի միացման տեղերը պետք է գտնվեն սպասարկող անձնակազմի հսկողության տակ և հերմետիկության ստուգման ենթարկվեն կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված հրահանգին համապատասխան:

205. Վագոն-ցիստեռններով, տակառներով կամ բալոններով առաքվող քլորի յուրաքանչյուր խմբաքանակ (հեղուկ քլորի համար գործող ստանդարտի պահանջներին համապատասխան նմուշառում և նրա որակի ստուգում իրականացնելուց հետո) ուղեկցվում է անձնագրով (հավաստագրով), որը պարունակում է նյութի որակի և խմբաքանակի քանակական կազմի մասին տվյալներ, ինչպես նաև լցավորման գրանցամատյանի տվյալները (գործարանային համարը, ապրանքամանի զանգվածը` առանց քլորի և քլորով, լցված քլորի զանգվածը, ապրանքամանի հաջորդ զննման-վկայագրման ժամկետը): Անձնագիրն ստորագրվում է լցավորող կազմակերպության արտադրամասի և տեխնիկական վերահսկողության բաժնի (այսուհետև` ՏՎԲ) ներկայացուցիչների կողմից: Անձնագրի մեկ օրինակն ուղարկվում է սպառողին:

206. Հեղուկ քլորի լցման-դատարկման նախապատրաստումը և իրականացումը կազմակերպություններում պետք է իրականացվի կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակված աշխատանքների անվտանգ կատարման համար պատասխանատու ճարտարագիտատեխնիկական մասնագետի ղեկավարության և հսկողության տակ:

207. Հեղուկ քլորի փոխադրման համար պետք է կիրառվեն պատրաստող կազմակերպության տեխնիկական տվյալներին համապատասխանող, հերմետիկության և հիդրավլիկ փորձարկումների ենթարկված, վագոն-ցիստեռններ, որոնք պետք է հանդերձված լինեն հետևյալ սարքվածքներով ու արմատուրներով`

1) հեղուկ քլորի լցման (դատարկման) համար, վագոն-ցիստեռնի երկայնական առանցքի երկայնքով տեղակայված երկու փականներով` սարքավորված ծծափողային խողովակներով արագագործ հատիչ կափույրներով, խողովակաշարի ճեղքման դեպքում քլորի ելքն ինքնաբերաբար արագ, հուսալի և անվտանգ փակելու համար.

2) վագոն-ցիստեռնի երկայնական առանցքին լայնակի տեղակայված երկու փականներով ու դրանց միացված և ցիստեռնի ներսում (191-րդ կետին համապատասխան) տեղակայված կարճեցված ծծափողերով` նախատեսված գազակերպ քլորի (աբգազերի) արտաթողման համար կամ գազի մատուցման` հեղուկ քլորի վերաճնշման համար, ինչպես նաև լցման սահմանված չափաքանակից ավելի վագոն-ցիստեռնի լցավորումը բացառելու համար.

3) վագոն-ցիստեռնի փակիչ փականների կոնստրուկցիան պետք է ապահովի դրանց հեռակառավարման հնարավորությունը.

4) խողովակաոստով փականով` հանովի ճնշաչափի համար.

5) մեմբրանապաշտպանիչ սարքվածքով` ներառելով մեմբրանը, զսպանակային ապահովիչ կափույրը, հակավակուումային հենարանը, մեմբրանի ամբողջականության ստուգման համար հանգույցը.

6) պաշտպանիչ թասակներով:

208. Լցավորող կազմակերպություն ժամանած վագոն-ցիստեռնը պետք է զննվի քլորային ցիստեռնների ընդունման և շահագործման համար պատասխանատու ծառայության ներկայացուցչի կողմից, վագոն-ցիստեռնի ընթացային մասի սարքինությունը, ինչպես նաև վագոն-ցիստեռնի կաթսայի ամրակապումը հենոցի հետ ստուգելու նպատակով: Զննելուց հետո եզրակացության արդյունքները գրառվում են տեխնիկական զննման գրանցամատյանում: Սարքին վագոն-ցիստեռնը և գրառման կրկնօրինակն ուղարկվում են հեղուկ քլորի արտադրամաս:

209. Արտադրամասում վագոն-ցիստեռնը լցավորելու համար նախապատրաստում է անցում հատուկ սարքավորված տեղում կամ լցման-դատարկման կետում` հետևյալ հաջորդականությամբ`

1) ըստ փաստաթղթերի բացահայտում և խոտանում են վագոն-ցիստեռնները, որոնց մոտ անցել է տեխնիկական զննման-վկայագրման նշանակված ժամկետը, ապահովիչ կափույրի և մեմբրանի վերստուգման ժամկետը, ինչպես նաև այն վագոն-ցիստեռնները, որոնց մոտ մինչև պլանային վերանորոգումը մնացել է 15 օրվանից պակաս ժամանակ.

2) տեսադիտողական զննումով ստուգում են վագոն-ցիստեռնի արտաքին մակերևույթի վիճակը (իրանի, պաշտպանիչ (ստվերային) պատյանի, արմատուրի, մեմբրանապաշտպանիչ սարքվածքի), մեխանիկական և այլ թերությունների (ճաքեր, ճմլվածքներ, ձևի փոփոխություն, կերամաշում և այլն) հայտնաբերման նպատակով, ինչպես նաև մակագրությունների, ներկվածքի, տրաֆարետների, դրոշմների վիճակը.

3) ճնշաչափային փականից հանում են խցափակիչը և ճնշաչափի օգնությամբ որոշում են վագոն-ցիստեռնում մնացորդային ճնշումը, որը պետք է մթնոլորտայինից բարձր լինի.

4) կշռելով որոշում են վագոն-ցիստեռնում հեղուկ քլորի մնացորդի առկայությունը.

5) փականներից հանում են խցափակիչները և ամոնիակային ջրով թրջված խիցի (տամպոնի) օգնությամբ ստուգում են վագոն-ցիստեռնի ամբողջ փականային արմատուրի հերմետիկությունը.

6) նյութային խողովակաշարը միացնում են վագոն-ցիստեռնի երկայնական առանցքի երկայնքով տեղակայված փականին, իսկ աբգազային խողովակաշարը` վագոն-ցիստեռնի երկայնական առանցքին լայնակի տեղակայված փականներին: Նյութային և աբգազային խողովակաշարերը միացնելուց առաջ պետք է կատարվեն սույն կանոնների 202-204-րդ կետերի պահանջները.

7) ցիստեռնի հերմետիկությունն ստուգելու համար բացում են չոր սեղմված գազի գծին միացված աբգազային փականը և վագոն-ցիստեռնում ստեղծում են 1,2 ՄՊա (12 կգուժ/սմ2) ճնշում.

8) ամոնիակային ջրով թրջված խիցով ստուգում են մեմբրանի ամբողջականությունը (բացելով մեմբրանի ստուգման համար հանգույցի վրա տեղակայված փականը), արմատուրների և միացումների հերմետիկությունը.

9) վագոն-ցիստեռնի հերմետիկության ստուգումն իրականացվում է ՏՎԲ-ի լիազորված ներկայացուցչի ներկայությամբ, որը փորձարկումների դրական արդյունքի դեպքում իր համաձայնությունն է տալիս վագոն-ցիստեռնի լցավորման համար:

210. Վագոն-ցիստեռնում ավելցուկային ճնշման բացակայության, 1 տ-ից ավելի հեղուկ քլորի մնացորդի առկայության և սույն կանոնների 188-րդ կետի պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում իրականացվում են վագոն-ցիստեռնի լցավորման նախապատրաստման լրացուցիչ միջոցառումներ` դրա մասին համապատասխան գրառում է կատարվում լցավորման գրանցամատյանում, արտադրամասի մասնագետների թվից նշանակված պատասխանատու անձի կողմից:

211. Վագոն-ցիստեռնից քլորի մնացորդները հեռացնելու անհրաժեշտության դեպքում քլորի էվակուացումը կարող է կատարվել վերաճնշման, վակուումացման, վագոն-ցիստեռնը չորացված օդով կամ ազոտով (ապահովելով սույն կանոնների 194-րդ կետի պահանջների կատարումը) փչամաքրման եղանակներով: Քլորի էվակուացման կարգը պետք է նշված լինի կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված հրահանգում:

212. Անսարք արմատուրի (փականների, մեմբրանների, ապահովիչ կափույրների) փոխարինումը կամ մեմբրանապաշտպանիչ սարքվածքի ստուգումը պետք է իրականացվի քլորը վագոն-ցիստեռնից հեռացնելուց հետո: Արմատուրի փոխարինման (վերստուգման) համար պետք է նախապատրաստված լինեն անհրաժեշտ գործիքներ, անցքի փակման համար խցան և սարքին պահեստային արմատուր` փորձարկված արմատուրի անձնագրում նշված համապատասխան ճնշման տակ փորձատեղի (ստենդի) վրա:

213. Արմատուրը փոխարինելուց (վերստուգելուց) հետո վագոն-ցիստեռնը փչամաքրում են օդով կամ ազոտով, այնուհետև վագոն-ցիստեռնը լցնում են գազակերպ քլորով, որից հետո չոր սեղմված օդով (ազոտով) ճնշումը հասցնում են մինչև 1,5 ՄՊա-ի (15 կգուժ/սմ2), դրանից հետո ստուգում են վագոն-ցիստեռնի հերմետիկությունը` հավաքված վիճակում: Վագոն-ցիստեռնի փչամաքրման և հերմետիկության որոշման կարգը պետք է կանոնակարգված լինի կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված հրահանգով:

214. Նախապատրաստում և հերմետիկության ստուգում անցած վագոն-ցիստեռնները հեղուկ քլորով պետք է լցվեն հետևյալ հաջորդականությամբ`

1) գործող սխեմային համապատասխան` ստուգում են նյութային և աբգազային գծերի միացման ճշտությունը վագոն-ցիստեռններին, առբերող գծերի վրա բոլոր փականների փակ լինելը, ինչպես նաև ճնշաչափի առկայությունը և նրա ցուցմունքները.

2) ստուգում են աբգազերի կլանման սխեմայի աշխատունակությունը, որից հետո բացում են աբգազային փականը և հավասարեցնում են վագոն-ցիստեռնում ճնշումն աբգազային գծի ճնշման հետ.

3) արձանագրում են դատարկ վագոն-ցիստեռնի զանգվածը (ապրանքամանի զանգվածը) և, հաշվի առնելով վագոն-ցիստեռնի ծավալն ու լցավորման սահմանված չափաքանակը (զուտ զանգվածը), հաշվարկում են հեղուկ քլորով լցված վագոն-ցիստեռնի զանգվածը (անզուտ զանգվածը).

4) սահուն կերպով բացում են վագոն-ցիստեռնի նյութային փականը և վերահսկում են վագոն-ցիստեռնի լցավորումն ըստ քաշաճի: Լցավորման ժամանակահատվածում ստուգում են արմատուրի և միացնող գծերի հերմետիկությունը.

5) լցավորումը վերջացնելուց հետո վագոն-ցիստեռնի վրա հերթականությամբ փակում են նյութային և աբգազային փականները, խողովակաշարերն ազատում են քլորից և անջատում վագոն-ցիստեռնից, այնուհետև հրավիրում են ՏՎԲ-ի ներկայացուցչին:

215. ՏՎԲ-ի ներկայացուցիչն արտադրամասի անձնակազմի հետ համատեղ ստուգում է`

1) լցավորված վագոն-ցիստեռնի զանգվածի համապատասխանությունը քլորի լցման չափաքանակին.

2) արմատուրների, կցաշուրթային միացումների հերմետիկությունը և մեմբրանի ամբողջականությունը.

3) ստուգելուց հետո փակում են ճնշաչափի առջևի փականը, հանում են ճնշաչափը, փականների վրա տեղադրում են նոր պարոնիտային (թերթավոր խցանյութային) միջադիրներ և պողպատե խցափակիչներ: Լցավորված վագոն-ցիստեռնի` սահմանված պահանջներին համապատասխանության մասին ՏՎԲ-ի եզրակացությունը գրանցվում է լցավորման գրանցամատյանում.

4) արտադրամասի կամ ՏՎԲ-ի ներկայացուցիչը կապարակնքում է վագոն-ցիստեռնի մտոցի վրա տեղադրված փականները, որից հետո վագոն-ցիստեռնի մտոցի և ապահովիչ կափույրի վրա տեղակայում են պաշտպանիչ թասակներ, որոնք կապարակնքվում են ՏՎԲ-ի կողմից.

5) վագոն-ցիստեռն լցված քլորի համար կազմվում է անձնագիր, որն ստորագրում են արտադրամասի և ՏՀԲ-ի ներկայացուցիչները:

216. Հեղուկ քլորով լցավորված վագոն-ցիստեռնները պարտադիր պարզեցում են անցնում կազմակերպության տարածքում մեկօրյա տևողությամբ: Պարզեցման ժամանակահատվածում վագոն-ցիստեռնները պետք է յուրաքանչյուր հերթափոխում զննվեն կազմակերպության ղեկավարության հրամանով նշանակված անձանց կողմից` արդյունքները գրանցելով գրանցամատյանում:

217. Պարզեցումից հետո կազմավորում են վագոն-ցիստեռնների խմբաքանակներ` կոնկրետ սպառողներին ուղարկելու համար, և ընդունման են հանձնվում շարժակազմն ուղեկցող մասնագետներին: Վագոն-ցիստեռնների ընդունման-հանձնման և երկաթուղային տրանսպորտով փոխադրման կարգը որոշվում է հեղուկ քլորով երկաթուղային վագոն-ցիստեռնների ուղեկցող մասնագետի ծառայողական հրահանգով, մշակված «Երկաթուղային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը և դրանց փոխադրման կարգը հաստատելու մասին» N 892-Ն որոշմամբ հաստատված կարգի և սույն կանոնների պահանջներին համապատասխան:

218. Սպառող կազմակերպությունում հեղուկ քլորով վագոն-ցիստեռններն ընդունում է կազմակերպության ղեկավարության հրամանով նշանակված, ընդունման համար պատասխանատու անձը` համապատասխան ակտով:

219. Սպառող կազմակերպության ներկայացուցիչն ուղեկցորդի հետ համատեղ իրականացնում է վագոն-ցիստեռնի դիտողական զննում, ստուգում է կապարակնիքների առկայությունը, փականային արմատուրի սարքինությունը և հերմետիկությունը, ինչպես նաև հանձնվող բեռի համապատասխանությունն ընդունման-հանձնման ակտին և վագոն-ցիստեռնի անձնագրային տվյալներին (անհրաժեշտության դեպքում կատարում է վագոն-ցիստեռնի կշռում և հեղուկ քլորի որակի ստուգում):

220. Վագոն-ցիստեռնի անսարքությունների, ակտի և անձնագրի տվյալներին փոխանցվող բեռի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում ընդունման-հանձնման ակտը չի ստորագրվում` մինչև անսարքությունների վերացումը և անհամապատասխանության պատճառների պարզաբանումը, դրա մասին ակտում կատարվում է համապատասխան գրանցում: Ակտի մեկ օրինակը տրվում է ուղեկցողին: Անհրաժեշտության դեպքում, տեղում հարցը լուծելու համար, հրավիրվում է լցավորող կազմակերպության ներկայացուցիչ:

221. Վագոն-ցիստեռնի դատարկումը կատարվում է կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված հրահանգի և սույն կանոնների (մասնավորապես` 187-205-րդ կետերի) պահանջներին համապատասխան:

222. Քլորը դատարկելուց հետո աբգազերը վագոն-ցիստեռնից հեռացնում են աբգազային համակարգ, մինչև մնացորդային ճնշումը կազմի 0,05 ՄՊա (0,5 կգուժ/սմ2)-ից ոչ պակաս: Վագոն-ցիստեռնում մնացորդային ճնշման վերին սահմանը չպետք է գերազանցի անոթում, շրջակա միջավայրի ջերմաստիճանին համապատասխանող, քլորի հագեցած գոլորշիների հավասարակշիռ ճնշման մեծությունը` համաձայն N 2 ձևի: Վագոն-ցիստեռնն անջատում են խողովակաշարերից, հանում են ճնշաչափը, փականային արմատուրի վրա տեղադրում են խցափակիչներ: Վագոն-ցիստեռնի հերմետիկությունն ստուգում են հավաքված վիճակում, որից հետո տեղադրում են պաշտպանիչ թասակներ:

223. Սպառողներից ստացվող հեղուկամբարները, տակառները կամ բալոնները, լցավորման նախապատրաստման համար, պետք է անցնեն զննում` սույն կանոնների 189-րդ կետի պահանջներին չհամապատասխանող անոթների հայտնաբերման համար:

224. Հեղուկամբարների, տակառների և բալոնների լցավորման համար նախապատրաստումը պետք է արտացոլված լինի լցավորող կազմակերպության հրահանգում և նախատեսի`

1) քլորի մնացորդների էվակուացում` վակուումացման եղանակով.

2) փականային արմատուրի հանում և ստուգում.

3) անոթի արտաքին և ներքին ակնադիտական զննում.

4) անոթի արտաքին մակերևույթի ներկում (անհրաժեշտության դեպքում).

5) սարքին փականային արմատուրի տեղակայում և դատարկ ապրանքամանի կշռում.

6) անոթի և փականային արմատուրի հերմետիկության ստուգում աշխատանքային ճնշման տակ:

225. Հեղուկամբարի, տակառի (բալոնի) 10 տարվա շահագործման ժամկետը լրանալուց հետո նրա հետագա օգտագործման հնարավորության և հերթական տեխնիկական զննման ժամկետների մասին որոշումն ընդունվում է ձայնային էմիսիայի և այլ չքայքայող վերահսկողության եղանակներով` հաշվի առնելով սույն կանոնների (մասնավորապես` 220-223-րդ կետերի) պահանջները:

226. Մնացորդային քլորի էվակուացումը հարկավոր է իրականացնել քլորի լրիվ և անվտանգ հեռացումն ապահովող կայանքների մեջ:

227. Տեսադիտողական ստուգումը պետք է ապահովի տեսանելի արատներով և տեխնիկական զննման ենթակա հեղուկամբարների, տակառների կամ բալոնների հայտնաբերումը: Խոցային կերամաշումով, ճաքերով և ձևի փոփոխումներով հեղուկամբարները, տակառները և բալոնները պետք է հանվեն շահագործումից:

228. Ներքին զննումը պետք է ապահովի անոթում ներքին արատների, ինչպես նաև կողմնակի խառնուկների (ջուր, աղտոտվածք, օքսիդաթաղանթ) հայտնաբերումը, որոնց առկայության դեպքում տակառները կամ բալոնները դրանց հեռացման համար ուղարկվում են լվացման և այնուհետև մանրազնին չորացման:

229. Կշռումը կատարվում է դատարկ ապրանքամանի փաստացի զանգվածի որոշման և անոթի անձնագրային տվյալներից նրա շեղումների հայտնաբերման համար: Կշռումների չափման սխալանքից ավելի մեծությամբ ապրանքամանի զանգվածի փոփոխության դեպքում պետք է կատարվի անոթի արտահերթ տեխնիկական զննում:

230. Հեղուկամբարների, տակառների կամ բալոնների կշռումը և նրանց հերմետիկության ստուգումը` լցավորումից առաջ պետք է կատարվի ՏՎԲ-ի ներկայացուցչի ներկայությամբ և նրա հսկողության տակ:

231. Հեղուկ քլորով լցավորվող անոթները հարկավոր է տեղադրել կշեռքի վրա և միացնել հեղուկ քլորի մատուցման գծին` ճկուն կցվանքային միացումների օգնությամբ, այնպես, որ ապահոված լինի կշեռքի լիակատար ազատությունը:

232. Հեղուկ քլորով հեղուկամբարների, տակառների կամ բալոնների լցավորումը պետք է հսկվի ըստ քաշաճի, որպեսզի բացառվի լցավորման սահմանված չափաքանակից ավելի դրանց լցավորման հնարավորությունը:

233. Հեղուկամբարների, տակառների կամ բալոնների լցավորումն անհրաժեշտ է իրականացնել հորիզոնական դիրքում` փականները մեկը մյուսի վերևում տեղադրված: Քլորի լցավորումը պետք է կատարվի առանց աբգազերի հեռացման: Լցավորումը վերջացնելուց հետո թույլատրվում է աբգազերի նվազեցում` մինչև մնացորդային ճնշումը, որը համապատասխանում է հեղուկ քլորի լցավորման ջերմաստիճանի ժամանակ հագեցված գոլորշիների հավասարակշիռ ճնշմանը:

234. Հեղուկամբարները, տակառները և բալոնները լցավորելուց հետո դրանք անջատում են առբերիչ հաղորդակցուղիներից և կշռում են ստուգիչ կշեռքի վրա` ՏՎԲ-ի ներկայացուցչի ներկայությամբ: Կրկնական կշռման ժամանակ ստուգում են լցավորման մատյանի տվյալների համապատասխանությունն ստուգիչ կշռման տվյալներին: Ապրանքամանի հերմետիկությունն ստուգելուց հետո փականների վրա տեղադրում են խցափակիչներ, հագցնում են թասակներ, որից հետո ՏՎԲ-ի ներկայացուցիչը կապարակնքում է հեղուկամբարը, տակառը:

235. Այն շինություններում, որտեղ կատարվում է ապրանքամանի քլորով լցավորումը և նախապատրաստումը, արգելվում է լցավորված տակառների և բալոնների կուտակումը և պահեստավորումը: Շինությունում գազայնացման առաջացման դեպքում պետք է դադարեցվեն աշխատանքները` մինչև դրա պատճառների բացահայտումը և վերացումը:

236. Լցավորման կայաններում լցավորման թեքահարթակները պետք է գտնվեն ճնշակային կայանից և այլ շինություններից (այդ թվում` նաև հեղուկ քլորի պահեստի շինությունից) խուլ պատերով մեկուսացված շինությունում: Թույլատրվում է քլորի ապրանքամանի լցման նախապատրաստման բոլոր գործողությունների կատարման համար շինությունները միավորել մեկ շինությունում, այդ դեպքում, թույլատրվում է նախապատրաստման բաժանմունքի կողմից լցավորման շինության պատերում ունենալ փակվող որմնանցքեր` լցավորմանը նախապատրաստված տակառների փոխադրման համար:

237. Հեղուկամբարները, տակառները, բալոնները լցավորելուց հետո փոխադրվում են պահեստ, որտեղ դրանք լրակազմվում են ըստ խմբաքանակների: Նոր լրակազմված խմբաքանակների վրա մեկօրյա ժամանակահատվածով դիտարկումներ են իրականացվում հերթափոխային սպասարկող անձնակազմի կողմից: Հերմետիկության խախտումներով հեղուկամբարները, տակառները և բալոնները պետք է վերադարձվեն արտադրամաս` քլորի արտահոսքի պատճառները վերացնելու համար:

238. Կազմակերպություններում, որտեղ կատարվում է քլորի ապրանքամանների լցավորում` դրանց հետագա փոխադրման համար, թույլատրվում է հեղուկամբարների, տակառների և բալոնների տեղավորումը ծածկարանի տակ կառուցված քլորի բաց պահեստներում` անվտանգության հետևյալ պահանջների կատարման պայմանով`

1) ծածկարանը պետք է ապահովի հեղուկամբարները, տակառները և բալոնները մթնոլորտային տեղումներից և արևի ճառագայթների անմիջական ազդեցությունից պաշտպանությունը.

2) տակառների և բալոնների տեղաբաշխման հարթակը պետք է հարմար լինի մուտքի և բեռնման աշխատանքների կատարման համար, սարքավորված լինի տեխնիկական միջոցներով` վթարային տակառներից և բալոններից քլորի հնարավոր արտահոսքը տեղայնացնելու համար.

3) լցավորված տակառների կամ բալոնների ծածկարանների տակ գտնվելու ժամանակը պետք է չգերազանցի երկու օրը:

 

IX. ՀԵՂՈՒԿ ՔԼՈՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

239. Հեղուկ քլորի փոխադրումն իրականացվում է երկաթուղային, ավտոմոբիլային և ջրային տրանսպորտով, և պետք է կանոնակարգվի վտանգավոր բեռները որոշակի (կոնկրետ) տեսակի տրանսպորտով փոխադրելու մասին բեռնառաքող երկրի օրենսդրական ակտերի և Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի պահանջներին համապատասխան բեռնառաքողի և բեռն ստացողի միջև կնքված պայմանագրերով և փոխհամաձայնեցված պայմաններով:

240. Հեղուկ քլորի փոխադրումը պետք է իրականացվի հնարավորինս ամենակարճ երթուղով, ճանապարհին կանգառների ու հապաղումների նվազագույն թվով և խոշոր բնակավայրերը շրջանցելով:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.2011
N 529-Ն
Որոշում