Սեղմել Esc փակելու համար:
ՔԼՈՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԼՈՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻ ...

 

 

040.0529.050511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2011 թվականի N 529-Ն

 

ՔԼՈՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՔԼՈՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՊԱՀՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

(3-րդ մաս)

 

241. Հեղուկ քլորը փոխադրում են հատուկ նախատեսված երկաթուղային վագոն-ցիստեռններում, հեղուկամբարներում, տակառներում և բալոններում: Հեղուկ քլորով տակառները երկաթուղային տրանսպորտով փոխադրում են կիսավագոններում` մեկ հարկաբաժնով ուղղաձիգ դիրքով (պաշտպանիչ թասակներով դեպի վեր), իսկ ավտոտրանսպորտով տակառները փոխադրում են մեկ հարկաբաժնով` հորիզոնական դիրքով դասավորված: Բալոնները փոխադրում են երկաթուղային փակ վագոններում (վագոններով առաքման դեպքում) և ավտոտրանսպորտով:

242. Բեռն առաքողը հեղուկ քլորով լցավորված վագոն-ցիստեռնները, տակառները և բալոնները պետք է առաքման ներկայացնի սարքին վիճակում` արմատուրի վրա խցափակիչներով և պաշտպանիչ թասակներով: Ապրանքամանի լցավորման չափաքանակը, ինչպես նաև դատարկ ապրանքամանում մնացորդային ճնշումը պետք է համապատասխանեն սույն կանոնների պահանջներին: Տակառների և բալոնների դասավորությունը և ամրակապումը պետք է բացառեն ընթացուղում կամ ճանապարհին դրանց տեղաշարժը կամ անկումը: Արգելվում է հեղուկ քլորի փոխադրման համար անսարք, ինչպես նաև շահագործման, տեխնիկական զննման-վկայագրման, պլանային վերանորոգման ժամկետանց վագոն-ցիստեռնների, տակառների և բալոնների շահագործումը:

243. Բալոնները, որպես կանոն, պետք է փոխադրվեն հատուկ վանդակներում` ուղղաձիգ դիրքով: Թույլատրվում է բալոնների փոխադրումը հորիզոնական դիրքով, ընդ որում, դարսակի բարձրությունը պետք է լինի վագոնի պատի կամ ավտոմեքենայի թափքի շրջակողի բարձրության կեսից ոչ ավելի: Բոլոր բալոնները պետք է դասավորված լինեն թասակներով (փականներով) միակողմանի ուղղությամբ և միմյանց միջև ունենան միջադիրներ: Թույլատրվում է բալոնների փոխադրումն առանց վանդակների` ուղղաձիգ դիրքով` երկաթուղային վագոնը կամ ավտոմեքենայի թափքը խիտ բեռնելու պայմանով, բալոնների տեղաշարժի (անկման) հնարավորությունը բացառող և նրանց վրա ապահովիչ օղերի (երկուսից ոչ պակաս) առկայության դեպքում: Արգելվում է քլորի բալոններով բեռնել վագոններ, որտեղ կան հանքային և բուսական յուղերի հետքեր:

244. Հեղուկ քլորով տակառների բեռնում-բեռնաթափումը պետք է իրականացվի համապատասխան բեռնունակությամբ բեռնամբարձ մեխանիզմներ (կռունկ, հեծանային կռունկ, ավտոկռունկ և այլն) և օժանդակ միջոցներ (տակառների համար հատուկ կոնստրուկցիայի եզրաշրջիչներ) կիրառելով: Հեղուկ քլորով ապրանքամանի բարձրացման և տեղափոխման համար բեռնամբարձ մեխանիզմները պետք է սարքավորված լինեն մեկը մյուսից անկախ գործող երկու արգելակներով:

245. Հայաստանի Հանրապետության տարածքում հեղուկ քլորը երկաթուղային տրանսպորտով փոխադրելու ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը և դրանց փոխադրման կարգը հաստատելու մասին» N 892-Ն որոշմամբ հաստատված կարգով և սույն կանոններով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս այն կարգավորվում է երկաթուղային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների մասնակից երկրների օրենսդրությամբ, մաքսային, անձնագրային, երկաթուղային և այլ օրենսդրական ակտերով:

246. Հեղուկ քլորով լցավորված վագոն-ցիստեռնները, տակառները և բալոնները երկաթուղային տրանսպորտով փոխադրվում են`

1) բեռն առաքողի (բեռն ստացողի) ուղեկցողների կամ բեռն առաքողի (բեռն ստացողի) մասնագետների բրիգադի ուղեկցությամբ (ուղեկցող մասնագետներ), եթե բեռն առաքողի և բեռն ստացողի միջև կնքված պայմանագրերում ամրագրված է այդ պահանջի պարտադիր լինելը.

2) ուղեկցող մասնագետները պետք է ատեստավորված լինեն, տիրապետեն իրենց համար բեռն առաքողի կողմից մշակված և հաստատված քլորի փոխադրման ծառայողական հրահանգներին, գիտենան բեռի վտանգավոր հատկությունները, առաջին օգնություն ցուցաբերելու համար միջոցառումները, տիրապետեն անվտանգության միջոցառումներին` վթարային իրավիճակներում, և երթուղում հսկեն ու իրականացնեն քլորի համար նախատեսված անվտանգության միջոցառումների կատարումը` բեռն առաքողի կողմից սահմանված իրենց լիազորությունների սահմաններում.

3) բեռնառաքողն ուղեկցողներին և պահակախմբի անձնակազմին ապահովում է անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցներով` հատուկ զգեստով, դեղարկղով, գործիքների լրակազմով, հրդեհաշիջման և գազազերծման առաջնային միջոցներով, ինչպես նաև անհրաժեշտ օժանդակ նյութերով.

4) այն դեպքում, երբ փոխադրման ընթացքում հայտնաբերվում են վագոնի շահագործումը խոչընդոտող անսարքություններ, վագոնն անջատվում է գնացքից և տեղափոխվում հատուկ առանձնացված ուղիներ կամ գծերի վրա կամ այլ անվտանգ տեղ, որը որոշվում է երկաթուղու կայարանի տեխնիկակարգադրական ակտով, որտեղ և վագոնը պահպանվում է ուղեկցողի կողմից` մինչև անսարքությունները վերացնելը.

5) փոխադրման ընթացքում քլորի հետ առաջացած վթարային իրավիճակների վերացմանն ուղղված առաջնահերթ միջոցառումներն իրականացվում են` հաշվի առնելով ուղեկցող մասնագետների առաջարկությունները.

6) ուղեկցող մասնագետները, կարգախմբերը և պահակախմբերը, որոնք ուղեկցում են քլորով բեռնված վագոն-ցիստեռնները, տակառները և բալոնները, ենթարկվում են երկաթուղային փոխադրմանը մասնակցող երկրների մաքսային, անձնագրային, երկաթուղային և այլ օրենսդրական ակտերի պահանջներին:

247. Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտով հեղուկ քլորի առաքման համար`

1) բեռն առաքողը, ոչ ուշ, քան բեռնառաքումից 6 ամիս առաջ դիմում է ներկայացնում ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչին.

2) քլորի փոխադրման պայմանները սահմանում է բեռնառաքիչ կազմակերպությունը.

3) բեռն առաքողը (բեռն ստացողը) հեղուկ քլորով բեռնված (դատարկ) վագոն-ցիստեռնը, կիսավագոնը, փակ վագոնը ընդունման-հանձնման և տեղափոխման է ներկայացնում ոչ ընդհանուր օգտագործման տեղերում` մերձատար ուղիների վրա.

4) բեռն առաքողը քլորի յուրաքանչյուր խմբաքանակի առաքման համար առաքման կայարանին ներկայացնում է բեռնագիր.

5) բեռն առաքողը բեռնագրում նշում է քլորի համար Միավորված ազգերի կազմակերպության կողմից (ինչպես նաև 1998 թվականի նոյեմբերի 3-4-ին Տաշքենդում անցկացված ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 22-րդ նիստով հաստատված) ընդունված վթարային քարտի համարը` 203, նշագրման համարը` 1017, դասակարգման ծածկագիրը` 2243, թունավորության դասը` 2, ենթադասը` 2.2, կարգի համարը` 4, կարգի անվանումը` թթվեցուցիչ, այրիչ և (կամ) կոռոզիոն, բեռի անվանումը` քլոր կամ «Հեղուկ քլորով բալոն», «Հեղուկ քլորով տակառ», «Հեղուկ քլորով ցիստեռն», բեռի վիճակը, առաջնային և լրացուցիչ վտանգավորության դասին համապատասխան վտանգի նշանի համարը/լրացուցիչ` 2;6 «ա»/ 5;8, քանի որ քլորը մի քանի տեսակի վտանգ է պարունակում, ապա տրանսպորտային միջոցների վրա վտանգի նշանի փոխարեն նշվում է «Թունավոր գազ».

6) բեռնագրի վերին մասում բեռնառաքողը դնում է բեռի համար նախատեսված կարմիր գույնի նշագրում (կնիքներ)` «Վտանգավոր բեռ», «Հեղուկացված գազ», «Թունավոր է», «Թեքուղիով չիջեցնել»: Վագոնային թերթիկում նման կնիքները դրվում են առաքող կայարանի կողմից:

248. Անհրաժեշտության դեպքում, երբ երկաթուղային և ավտոմոբիլային բեռնատար տրանսպորտը լրիվ չի բեռնվում կամ բեռն ստացողը (բեռն ստացողները) բեռի ընդունման վերջնակետում նույն կամ տարբեր բեռն առաքողից (բեռն առաքողներից) միաժամանակյա տարբեր բեռներ է (են) ստանում բեռնառաքման միևնույն սկզբնակետից, բեռն ստացողի (բեռն ստացողների) ու բեռն առաքողի (բեռն առաքողների) և բեռնափոխադրողի (բեռնափոխադրողների) միջև կնքված պայմանագրերով և փոխհամաձայնեցված պայմաններով, թույլատրվում է քլորով տակառների և բալոնների համատեղ փոխադրումը Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված 2111, 2112, 2113, 2114, 116, 2121, 2211, 2212, 2213, 2214, 2216, 2221, 2223, 2232, 2233 դասակարգման ծածկագրերին համապատասխանող վտանգավոր բեռների հետ:

249. Հեղուկ քլորով վագոն-ցիստեռնները կայարանում կայանման ժամանակ պետք է տեղակայվեն գնացքներից կամ ձևավորված շարժակազմերից դուրս` կայարանի տեխնիկակարգադրական ակտում նշված հատուկ գծերի վրա: Վագոն-ցիստեռնները պետք է լինեն կցորդված, արգելակման կալուններով հուսալիորեն ամրակված և կանգառման շարժական ազդանշաններով ցանկապատված: Դեպի այդպիսի վագոնների կայանման գծեր տանող սլաքները տեղակայվում են այդ գծերի վրա այլ գնացքների կամ շարժակազմերի մուտքի հնարավորությունը բացառող դիրքով և փակվում են:

250. Քլորով բեռի ընթացուղում, երկաթուղու վրա հնարավոր վթարային իրավիճակների առաջացման դեպքում, ուղեկցողների, երկաթուղային ծառայությունների, կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ մասնագետների գործողությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի, վթարային իրավիճակների վերացման ու երկաթուղային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման գործող կարգի և սույն կանոնների պահանջներին համապատասխան: Վագոն-ցիստեռնից, տակառից և բալոնից քլորի արտահոսքի հայտնաբերման դեպքում ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի վարչությունը (կառավարիչը) պետք է ձեռնարկի հետևյալ միջոցները`

1) ուղեկցող փաստաթղթերով ճշտել բեռի բնույթը և քանակը, նրա առաքման և նշանակման կետերը, բեռի ընթացուղու վրա մոտակա վթարային (գազափրկարարական) ծառայության տեղաբաշխման տեղը.

2) կազմակերպի ազդարարում մարդկանց քլորով ախտահարման վտանգի մասին.

3) հնարավորության դեպքում վթարային վագոն-ցիստեռնն անջատել և, համաձայն կայարանի տեխնիկակարգադրային ակտի, այն դուրս բերել այլ անվտանգ գծի վրա (փակուղի).

4) պատահարի մասին հաղորդել մոտակա վթարային (գազափրկարարական) ծառայությանը և բեռնառաքողին, կանչել նրանց ներկայացուցիչներին` վթարային իրավիճակի տեղայնացման համար.

5) պատահարի մասին իրազեկել Հայաստանի Հանրապետության իշխանության տեղական գործադիր և տարածքային օրգաններին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային փրկարարական ստորաբաժանմանը:

251. Հեղուկ քլորով ցիստեռնների, տակառների և բալոնների փոխադրումը բեռնատար ավտոմոբիլով Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է իրականացվի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոններ և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկով, ինչպես նաև սույն կանոնների պահանջներին համապատասխան բեռն առաքողի (բեռն ստացողի) կողմից մշակված և հաստատված ավտոմոբիլային տրանսպորտով հեղուկ քլորի փոխադրման ուղեկցող մասնագետների ծառայողական հրահանգով:

252. Ցիստեռններում կամ տակառներում կամ բալոններում լցավորված հեղուկ քլորի փոխադրումների համար ավտոտրասպորտային միջոցների վարորդները պետք է ունենան երեք տարվանից ոչ պակաս վարորդի անընդհատ աշխատանքային ստաժ, պետք է ուսուցանված կամ հրահանգավորված լինեն քլորի հատկությունների և հեղուկ քլորի փոխադրման առանձնահատկությունների մասին բեռն առաքող (բեռն ստացող) կազմակերպությունում և նրանց կողմից ստանան քլորի փոխադրման թույլտվության վկայական:

253. Քլորի փոխադրումն իրականացվում է բեռն առաքողի (բեռն ստացողի) կողմից հրամանով նշանակված վտանգավոր բեռի փոխադրման համար պատասխանատու, քլորի հատկությունները, ավտոմոբիլային տրանսպորտով նրա փոխադրման պայմանները և վթարային իրավիճակների տեղայնացման ձևերն իմացող մասնագետի ուղեկցությամբ: Յուրաքանչյուր ավտոտրասպորտային միջոց պետք է հանդերձված լինի`

1) հրդեհաշիջման միջոցներով` նախատեսված ավտոմոբիլային տրանսպորտի համար.

2) գործիքների հավաքածուով` տրանսպորտային միջոցի վերանորոգման և ապրանքամանի անսարքության վերացման համար.

3) ոչ պակաս, քան երկու հակահետգլորման հենակներով, որոնց չափերը պետք է համապատասխանեն ավտոտրանսպորտային միջոցի տեսակին և նրա անիվների տրամագծին.

4) բժշկական հատուկ դեղարկղիկով և քլորի չեզոքացման հատուկ միջոցներով.

5) օպերատիվ կապի շարժուն միջոցներով (ռացիա, բջջային հեռախոս).

6) առկայծող նարնջագույն փարոսիկով.

7) խողովակապտուկով և 5 մ-ից ոչ պակաս երկարությամբ ճկախողովակներով` անոթի փականին միացնելու և վթարային անոթից քլորգազի (գազակերպ քլորի) գազանետում իրականացնելու համար.

8) սույն կանոնների N 1 ձևում նշված «Ա» և «Բ» լրակազմերով.

9) 200 մմ-ից ոչ պակաս կողեզրերը ծածկող, անջրանցիկ և դժվար բոցավառվող գործվածքից վրանածածկով` քլորի փոխադրումը կողեզրավոր ավտոտրանսպորտային միջոցով իրականացնելու դեպքում.

10) նվազագույնը 5-լիտրանոց պոլիէթիլենային տարայով 2 տոկոսանոց ամոնիակաջուր:

254. Հեղուկ քլոր փոխադրող ավտոտրանսպորտային միջոցի ուղեթերթիկի վերին ձախ անկյունում պետք է կարմիր գույնի «Վտանգավոր բեռ» նշագրում լինի, իսկ «Հատուկ նշումներ» սյունակում նշված լինի վտանգավոր նյութի նույնականացման համարը (քլորի համար` Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված նշագրման համարը` 1017):

255. Ավտոմոբիլային տրանսպորտով հեղուկ քլորի փոխադրումը պետք է իրականացվի երթուղու սպասարկման հիմնական փաստաթղթով (գրքույկով)` նախօրոք մշակված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված երթուղու սխեմայով և փոխադրման պայմանների համաձայնեցման ժամանակ որոշված արագությունը չգերազանցող արագությամբ, ընթացուղու վրա նվազագույն թվով կանգառներով և հապաղումներով, որը պետք է պարունակի նաև տեղեկություններ հեռավորությունների և ճանապարհային պայմանների մասին:

256. Վտանգավոր բեռի երթուղու, ինչպես նաև նրա տեղաշարժման պայմանների ընտրությունը դրվում է բեռն առաքող (բեռն ստացող) կամ պայմանագրային հիմունքներով բեռնափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային կազմակերպության ղեկավարի վրա, որի ենթակայության տակ է գտնվում հեղուկ քլորի փոխադրման համար հատկացված տրանսպորտային միջոցը:

257. Երթուղու և փոխադրման պայմանների ընտրության ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել` հաշվի առնելով հետևյալ պահանջները`

1) փոխադրման երթուղին պետք է լինի լավագույնը, հնարավորության դեպքում շրջանցի խոշոր բնակավայրերը, բնական արգելոցները, ճարտարապետական հուշարձանները, հանգստի գոտիները.

2) վտանգավոր բեռը բնակավայրերի միջով փոխադրելու դեպքում, փոխադրման երթուղին չպետք է անցնի կենտրոնական փողոցներով, ինչպես նաև զվարճանքների, կուլտուր-լուսավորչական, ուսումնական, նախադպրոցական, բուժական կազմակերպությունների և մարդկանց հնարավոր կուտակման այլ վայրերի մոտով.

3) հեղուկ քլորի փոխադրումը, որպես կանոն, պետք է իրականացվի օրվա ցերեկային ժամերին.

4) անբավարար տեսանելիության (մառախուղ, անձրև, ձյունաթափ, ինչպես նաև մինչև 300 մետր տեսանելիության հեռավորություն և այլ անբարենպաստ եղանակային պայմաններ), երթևեկության բարդ ճանապարհային պայմանների (մերկասառույց, կողասահման հնարավորություն և այլն) դեպքում քլորի փոխադրումն ավտոտրանսպորտով չպետք է իրականացվի.

5) քլորով բեռնված տրանսպորտային միջոցի հարկադրված կանգառի դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն փոխադրամիջոցը ճանապարհի սահմաններից դուրս հանելու համար, իսկ այդ պահանջի կատարման անհնարինության դեպքում` կայանման տեղում պետք է տեղադրվեն ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված անվտանգության համապատասխան շարժական նշաններ («Վթարային կանգառ», «Մուտքն արգելվում է» և այլ նշաններ).

6) քլորով բեռնված փոխադրամիջոցի կանգառման և կայանման ժամանակ պետք է գործադրվի կայանման արգելակը, իսկ թեքության վրա կանգառման և կայանման ժամանակ պետք է լրացուցիչ տեղադրվի նաև հակահետգլորման հենակներ.

7) հեղուկ քլոր փոխադրող տրանսպորտային միջոցը պետք է ապահոված լինի վառելիքով` բեռի ամբողջ ընթացուղու համար.

8) վարորդը պարտավոր է պահպանել փոխադրման սահմանված երթուղին և դրանում նշված բոլոր կարգադրությունները.

9) քլորի փոխադրման սահմանված երթուղու փոփոխումը թույլատրվում է միայն բեռն ուղեկցող պատասխանատու անձի թույլտվությամբ` այն նշելով ուղեթերթիկում` հաշվի առնելով ընթացուղու վրա փաստացի իրադրությունը (ճանապարհի նորոգում կամ անսարքություն, մարդկանց կամ փոխադրամիջոցների չնախատեսված կուտակումներ և այլ համանման հանգամանքներ):

258. Հայաստանի Հանրապետության մուտքի, ելքի մաքսային սահմանը հատող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով հեղուկ քլորի փոխադրումները (ներկրում, տարանցիկ փոխադրում, արտահանում) պետք է իրականացվեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1226-Ն որոշմամբ հաստատված կարգի և սույն կանոնների պահանջներին համապատասխան, իսկ ուղեկցող մասնագետները և վարորդները ենթարկվում են ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների մասնակից երկրների մաքսային, անձնագրային, ավտոմոբիլային և այլ օրենսդրական ակտերի պահանջներին:

259. Հեղուկ քլորի բեռնառաքում (քլոր արտադրող) և փոխադրումներ (բեռնափոխադրող) իրականացնող օտարերկրյա կազմակերպությունները սույն կանոնների 251-258-րդ կետերի պահանջների կատարման համար, մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը, ղեկավարվում են բեռնառաքող երկրի և ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների մասնակից երկրների օրենսդրությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում հետևյալ պարզեցված ընթացակարգով`

1) Հայաստանի Հանրապետություն ներկրվող և Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելիս ու մաքսային, անձնագրային, ավտոմոբիլային և այլ համապատասխան փաստաթղթերի ձևակերպումներից հետո` հեղուկ քլորի փոխադրումներ իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները (ուղեկցող մասնագետի բացակայության դեպքում) ուղեկցվում են բեռն ստացող կազմակերպության ներկայացուցչի (մասնագետի) կողմից` բեռն ստացողի կողմից նախօրոք մշակված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված երթուղու սխեմայով և համաձայնեցման ժամանակ որոշված փոխադրման պայմաններով.

2) Հայաստանի Հանրապետությունից հեղուկ քլորի արտահանում իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները, բեռն ստացողի ուղեկցող մասնագետի ներկայության կամ բացակայության դեպքում, ուղեկցվում են բեռնառաքող կազմակերպության` քլորի արտահանման (առաքման) համար ձևակերպված փաստաթղթերով և ներկայացուցչի (մասնագետի) կողմից մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը, բեռն առաքողի կողմից նախօրոք մշակված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված երթուղու սխեմայով և համաձայնեցման ժամանակ որոշված փոխադրման պայմաններով, եթե բեռն առաքողի և բեռն ստացողի միջև կնքված պայմանագրով այլ պահանջներ սահմանված չեն.

3) Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային համաձայնագրերով կամ կնքված պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության տարածքով հեղուկ քլորի տարանցիկ փոխադրում իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներն ու դրանց վարորդները և ուղեկցողները`

ա. Հայաստանի Հանրապետություն մուտքի մաքսային սահմանը հատելիս և մաքսային, անձնագրային, ավտոմոբիլային, բեռնառաքման և այլ համապատասխան փաստաթղթերի ձևակերպումների համար ծառայությունների մատուցման ժամանակ, մաքսակետում դրանց վարորդներին կամ ուղեկցողներին ընթացուղու վերաբերյալ պարզաբանումներ է տրվում կամ հանձնվում է (երթուղու սխեմայի բացակայության դեպքում) Հայաստանի Հանրապետության պետական համապատասխան լիազոր մարմնի կողմից նախօրոք մշակված և սահմանված կարգով հաստատված երթուղու սխեման ու պայմանները կամ անհրաժեշտության դեպքում վերջինիս ներկայացուցչի կողմից ուղեկցվում է մինչև Հայաստանի Հանրապետությունից ելքի մաքսային կետ,

բ. քլորի (վտանգավոր բեռների) տարանցիկ փոխադրումների ժամանակ, Հայաստանի Հանրապետություն մուտքի (ելքի) մաքսային կետերից, համապատասխան ծառայությունների կողմից, տեղեկատվություն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ ծառայություններին` նրանց կողմից ընթացուղու վրա հսկողություն իրականացնելու և հնարավոր վթարների դեպքում անհրաժեշտ օգնություն ցույց տալու կամ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով:

 

X. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ` ՏԱԿԱՌՆԵՐՈՎ ԵՎ ԲԱԼՈՆՆԵՐՈՎ ՀԵՂՈՒԿ ՔԼՈՐ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

260. Ապրանքամաններում (տակառներում, բալոններում) լցավորված քլորի մատակարարման կազմակերպումը պետք է ելնի մեկ մարզում տեղաբաշխված սպառողներին կենտրոնացված ապահովման սկզբունքից և, որպես կանոն, մեկ մատակարարից, խիտ բնակեցված բնակավայրերում տեղաբաշխված սպառողների մոտ պահվող քլորի պաշարների սահմանափակման, ինչպես նաև փոխադրամիջոցների կիրառման և քլորի առաքման երթուղիների, ապրանքամանների վերադարձելիության կարգավորման և արագացման լավագույն պայմանների ստեղծման նպատակով:

261. Բնակչության բարձր խտությամբ բնակավայրերում տեղաբաշխված սպառողների` քլորով ապահովումը պետք է իրականացվի գլխավորապես քլորի բազիսային և խմբային պահեստների համակարգով:

262. Վագոններով հեղուկ քլորի առաքման գործող համակարգի պայմաններում բազիսային կամ խմբային պահեստների հիմնական նշանակության խնդիրն է`

1) կոնկրետ սպառողներին տակառներով և բալոններով քլորի պահանջարկի օպերատիվ բավարարումը.

2) առանձին սպառողների մոտ հեղուկ քլորի պաշարների սահմանափակումը.

3) վերադարձվող ապրանքամանների շրջանառության կարգավորումը և արագացումը:

263. Քլորի բազիսային պահեստը, իր նշանակությանը համապատասխան, պետք է ապահովի`

1) քլորով վագոն-ցիստեռնների ընդունումը մատակարարից.

2) քլորի դատարկումը հեղուկամբարային պահեստարանների մեջ.

3) քլորի լցաբաշխումը տակառների և բալոնների մեջ.

4) դատարկ ապրանքամանների փոխանակությունը, ապրանքափաթեթավորված քլորն ավտոմոբիլային տրանսպորտով առաքելու համար սպառողների դիմում-հայտերի կատարումը:

264. Քլորի խմբային պահեստը պետք է ապահովի`

1) ապրանքափաթեթավորված քլորի ընդունումը և պահումը` հաշվի առնելով երկաթուղով քլորի վագոնային առաքումները.

2) ավտոմոբիլային տրանսպորտով քլորի առաքման համար սպառողների դիմում-հայտերի կատարումը.

3) դատարկ ապրանքամանների հավաքման և լցավորողին դրանց կարգավորված վերադարձի կազմակերպումը:

265. Բեռնման-բեռնաթափման աշխատանքների կազմակերպումը պետք է բացառի փոխբեռնման կետերում տակառների և բալոնների երկարատև (մեկ օրվանից ավելի) պահումը:

266. Քլորի պահեստների շինարարության համար հրապարակները պետք է ընտրվեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության գերատեսչական իրավական ակտերի, այդ թվում` արդյունաբերական կազմակերպությունների նախագծման նորմերին համապատասխան` հաշվի առնելով սույն կանոնների պահանջները, ինչպես նաև բնակչության պաշտպանության տեսանկյունից դրանց նպատակահարմար տեղաբաշխումը:

267. Բազիսային և խմբային պահեստների տարողությունը որոշվում է նախագծով` հաշվի առնելով սույն կանոնների պահանջները:

268. Տակառներում (բալոններում) քլորի պահման համար նախատեսված պահեստները պետք է տեղաբաշխվեն վերգետնյա կամ կիսախորացված առանձնացված շենքերում:

269. Քլորի պահեստները պետք է կառուցված լինեն կերամաշակայուն և ցածր ջերմահաղորդականություն ունեցող նյութերից:

270. Պահեստարանների պատերի, առաստաղների և ներքին կոնստրուկցիաների հարդարումը պետք է պաշտպանի կոնստրուկցիաները քլորի քիմիական ներգործությունից:

271. Պահեստային շինությունների հատակները պետք է ունենան հարթ մակերևույթ և կատարված լինեն թթվակայուն նյութերից (ասֆալտ, բետոն, սալիկ):

272. Քլորի պահեստներին կից թույլատրվում է տեղաբաշխել կենցաղային սենյակներ, որոնք պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության գերատեսչական իրավական ակտերի, այդ թվում` շինարարական նորմերի, արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմերի պահանջներին:

273. Հեղուկ քլորի պահեստներում ջեռուցում, որպես կանոն, չի նախատեսվում: Քլորի ծախսային պահեստում, բացի հեղուկ քլորով ապրանքամանից, քլորային տնտեսության շահագործման հետ կապված տեխնոլոգիական սարքավորում տեղակայելու դեպքում պահեստի շինությունում նախատեսվում է օդային ջեռուցում, Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի պահանջներին համապատասխան:

274. Ապրանքափաթեթավորված քլորի համար շինությունները պետք է այլ շինություններից բաժանված լինեն փակ, անգազանցիկ պատերով:

275. Քլորի պահեստում պետք է լինի երկու ելք` շենքի կամ շինության հակադիր կողմերից, միջանցիկ օդափոխության ապահովման համար:

276. Քլորի պահեստներում դռները և դարպասները, վթարային իրավիճակների առաջացման դեպքում, պետք է բացվեն անձնակազմի տարահանման ուղղությամբ:

277. Քլորի պահման շինությունները պետք է հանդերձված լինեն քլորի գազավերլուծիչներով (գազազդանշանիչներով):

278. Շինությունների վթարային օդափոխության գործարկումը հարկավոր է նախատեսել ինչպես ավտոմատ` արգելափակված գազավերլուծիչների հետ, այնպես էլ ձեռքով` մուտքի դռների մոտից: Բալոններով քլորի պահեստների համար թույլատրվում է վթարային օդափոխությունը գործարկել ձեռքով: Գործարկման կոճակը պետք է տեղադրված լինի շենքից դուրս, մուտքի դռան մոտ: Թույլատրվում է վթարային օդափոխության միացման համար հեռակառավարման միջոցների լրացուցիչ տեղակայումը շուրջօրյա հերթապահության տեղերում:

279. Քլորով աղտոտված օդը, մաքրման համար պետք է ուղարկվի քլորի կլանման համակարգ: Քլորի կլանման կայանքի միացումը պետք է արգելափակված լինի վթարային օդափոխության միացման հետ` սույն կանոնների պահանջներին համապատասխան:

280. Կլանման կայանքը պետք է համապատասխանի սույն կանոնների պահանջներին:

281. Տակառներով և բալոններով քլորի պահեստներում քլորով անոթների տեղաբաշխումը պետք է բավարարի հետևյալ պահանջները`

1) քլորով անոթները հորիզոնական դարսման դեպքում տեղադրվում են պատերի մոտ մեկ շարքով և անցամասերում երկու շարքով: Դարսակի բարձրությունը չպետք է գերազանցի` բալոնների համար` հինգ հարկաբաժինը, և տակառների համար` մեկ հարկաբաժինը: Թույլատրվում է բալոնների տեղաբաշխումը դարակների վրա, ընդ որում, բալոնների վերին շարքը չպետք է հատակի նիշից բարձր լինի 1,5 մետրից ավելի.

2) քլորով անոթներն ուղղաձիգ դարսման դեպքում պատերի մոտ բալոնները տեղադրվում են երկուսից ոչ ավելի շարքերով և տակառները` մեկ շարքով, իսկ անցամասերում տեղադրվում են համապատասխանաբար` 4 և 2 շարքերով.

3) քլորի պահեստում անոթների տեղաբաշխումը պետք է բացառի նրանց անկման կամ տեղաշարժման հնարավորությունը և ապահովի ազատ մուտք դեպի փականային արմատուրները (հորիզոնական դարսման դեպքում փականները պետք է դասավորված լինեն մեկ ուղղությամբ դեպի անցամասերի կողմը).

4) քլորով անոթների միջև անցամասերի երկայնական և լայնական չափերը և դասավորությունը պետք է հիմնավորվեն նախագծով և ապահովի պահեստից ցանկացած տակառի կամ բալոնի էվակուացման հնարավորությունը:

282. Պահեստի տարածքում թույլատրվում է դատարկ ապրանքամանների պահումն արևի ճառագայթներից և մթնոլորտային տեղումներից պաշտպանված ծածկարանների տակ` պայմանով, որ պահպանվի սույն կանոններով սահմանված պահանջների կատարումը:

283. Հեղուկ քլորի պահեստի տարածքում պետք է լինի հակահրդեհային ջրմուղի ցանց` պաշտպանիչ ջրային վարագույրի ստեղծման համար շարժական փոշարարների և մնայուն ջրային վարագույրի համակարգի միացման հնարավորությունն ապահովող ջրի պաշարներով և արտադրողականությամբ:

284. Քլորի պահման համար պահեստները պետք է սարքավորված լինեն վթարային տակառից կամ բալոնից քլորի արտահոսքի դեպքում, նրա` մինչև անվտանգ խտությունը ցրման և տեղայնացման համար համակարգերով կամ տեխնիկական միջոցներով:

285. Քլորի պահեստի շինություններում պետք է նախատեսված լինի չեզոքացնող լուծույթով տարողություն, վթարային տակառների կամ բալոնների արագ ընկղման համար: Տարողության պատերից հեռավորությունները մինչև բալոնը պետք է լինեն 200 մմ-ից ոչ պակաս, մինչև տակառը` 500 մմ-ից ոչ պակաս, տարողության խորությունը պետք է ապահովի ընկղմված վթարային անոթի վրա 300 մմ-ից ոչ պակաս լուծույթի շերտով ծածկույթ: Գազազերծման տարողությունը պետք է սարքավորված լինի անոթը սևեռող սարքվածքով: Տակառները կամ բալոնները կշեռքների վրա տեղակայման համար պետք է նախատեսված լինեն դրանց սևեռակման համար հենարաններ:

286. Վթարի դեպքում թունավորման բացառման համար հեղուկ քլորի ծախսային պահեստի պարագծով պետք է նախատեսված և սարքավորված լինի անմիջապես գազավերլուծիչներից ավտոմատ միացվող քլորային ալիքի տեղայնացման համար ջրային վարագույրի մնայուն համակարգ, որը պետք է գործարկվի արտաքին ուրվագծով հսկողության տվիչների մոտ քլորի կոնցենտրացիան 20-50 մգ/մ3 ընդգրկույթի արժեքներին հասնելու դեպքում, ինչպես նաև անվտանգ տեղից (օրինակ` շուրջօրյա հերթապահության տեղից) հեռակառավարման լրացուցիչ հնարավորություն ունենա:

287. Պահեստ հասած քլորով լցավորված տակառների և բալոնների ընդունումը պետք է իրականացվի կազմակերպության ղեկավարության հրամանով նշանակված պատասխանատու անձի կողմից:

288. Տակառների (բալոնների) ընդունման ժամանակ հիմնական ուշադրությունը պետք է դարձվի քլորի ապրանքամանի զննման-վկայագրման ժամկետի, տակառի (բալոնի) լցավորման չափաքանակին փաստացի զանգվածի համապատասխանության, ապրանքամանի հերմետիկության և պաշտպանիչ թասակների առկայության վրա: Ապրանքամանի լցավորման սահմանված չափաքանակի (քլորի համար` 1,25 կգ/դմ3) գերազանցման դեպքում գերլցված տակառը (բալոնը) պետք է անհապաղ ուղարկվի դատարկման: Տակառի գերլցման փաստի մասին անհրաժեշտ է հայտնել բեռնառաքող-լցավորող կազմակերպությանը և համապատասխան վերահսկողություն իրականացնող պետական լիազոր կազմակերպությանը:

289. Քլորի անսարք (չբացվող փականներով) ապրանքամանի պահեստավորում չի թույլատրվում: Այդպիսի ապրանքամանի հայտնաբերման դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն անսարքությունը վերացնելու համար: Անսարք անոթների փոխանակման և անսարքությունների վերացման պայմանները որոշվում են հեղուկ քլորի մատակարարի և սպառողի պայմանագրային պարտավորություններով: Քլորով լցավորված, անսարք և տեխնիկական զննման-վկայագրման ժամկետանց անոթների փոխադրումն արգելվում է:

290. Քլորով տակառների և բալոնների նոր ստացված խմբաքանակները չպետք է խառնվեն պահեստում առկա տակառների և բալոնների այլ խմբաքանակների հետ և պետք է դրանք կշռվեն, հերմետիկության ստուգման և հնարավոր ճմլվածքների և ձևի փոփոխության հայտնաբերման համար արտաքին զննման ենթարկվեն: Բոլոր բալոնները պետք է համալրված լինեն փականների վրա խցափակիչներով և թասակներով:

291. Անսարքության հատկանիշներով կամ տեխնիկական զննման ժամկետանց անոթները պետք է դատարկման ուղարկվեն առաջնահերթ:

292. Այն շինություններում, որտեղ կատարվում է քլոր վերցնելը (քլորառում), թույլատրվում է գազակերպ քլորի մաքրման համար ապարատների, գոլորշիարարների, օդամբարների, բաժնավորիչ սարքերի տեղաբաշխումը:

293. Քլորառման տեխնոլոգիական սխեման պետք է նախատեսի քլորի ճնշման վրա վերահսկողություն համակարգում և բացառի ջրի կամ քլորավորման նյութերի ներթափանցման հնարավորությունը քլորի ապրանքամանի և քլորային հաղորդակցուղիների մեջ: Ջրի մշակման գործընթացներում քլորի բաժնավորման (դոզավորման) ժամանակ պետք է կիրառվեն ավտոմատ վակուումային քլորարարներ, որոնք պետք է ապահովվեն`

1) վակուումի պահպանումը բոլոր հանգույցներում և քլորամուղերում վակուումային կարգավորիչից հետո, այդ թվում` քլորի ծախսի կարգավորման համար սարքվածքից և ռոտամետրից (հեղուկի և գազի ծախսումաչափ) առաջ.

2) պաշտպանություն` արտարկիչից քլորարարի հանգույցները և քլորամուղերը ջուր թափանցելուց.

3) քլորարարով քլորի մատուցման ավտոմատ դադարեցում, արտարկիչը սնող ջրի մատուցումը դադարելու դեպքում:

294. Տակառներից (բալոններից) քլորառումն իրականացվում է հեղուկ վիճակում, հետագա գոլորշիացումով գոլորշիարարի մեջ, սույն կանոնների պահանջներին համապատասխան: Քլորի սահմանափակ սպառման դեպքում թույլատրելի է գազակերպ քլորը վերցնել անմիջականորեն ապրանքամանից: Այդ դեպքում վերցվող քլորի գոլորշիացման պահանջվող ինտենսիվությունը պետք է ապահովված լինի շրջակա օդի բնական ջերմային առհոսումով` ի հաշիվ բնական կամ հարկադրական ջերմափոխանցման, որը հարկավոր է հիմնավորել համապատասխան հաշվարկներով:

295. Բալոնից (առանց ծծափողի) գազակերպ քլոր վերցնելը պետք է կատարվի բալոնի ուղղաձիգ կամ թեք դիրքում, այդ դեպքում փականը գտնվում է վերին դիրքում (թեքման անկյունը` 15 o-ից ոչ ավելի): Հեղուկ քլոր վերցնելը պետք է կատարվի բալոնի թեք դիրքում` փականով ներքև:

296. Տակառից քլորառումն իրականացվում է նրա հորիզոնական դիրքում գտնվելու ժամանակ: Փականները պետք է դասավորված լինեն մեկը մյուսի վերևում, ընդ որում, վերին փականը ծծափողի միջոցով հաղորդակցվում է գազային ֆազի հետ, իսկ ներքին փականը` հեղուկ ֆազի հետ:

297. Բալոններից և տակառից հեղուկ քլոր վերցնելն իրականացվում է ի հաշիվ ապրանքամանում առկա սեփական ճնշման: Տակառների օգտագործման ժամանակ թույլատրվում է քլորով կամ չոր օդով (ազոտով) վերաճնշում իրականացնել, եթե նրանցում առկա ճնշումը չի գերազանցում 1,2 ՄՊա (12 կգուժ/սմ2)-ից: Արգելվում է հեղուկ քլորը վերցնել երկու կամ ավելի անոթներից միաժամանակ:

298. Բալոններից և տակառներից գազակերպ քլոր վերցնելը պետք է կատարվի` հաշվի առնելով սույն կանոնների պահանջները` հետևյալ պայմանների կատարման դեպքում`

1) քլորառման տեխնոլոգիան պետք է բացառի անոթի սառցակալումը.

2) միաժամանակ միացված անոթների քանակը պետք է լինի երկուսից ոչ ավելի.

3) գազակերպ քլորի մատուցումն սպառման գծին պետք է իրականացվի մեխանիկական խառնուկներից` մաքրման համակարգի միջով:

299. Բալոններից և տակառներից քլորառման ժամանակ պետք է մշտական հսկողություն իրականացվի քլորի ծախսի և տարողության դատարկման ավարտի վրա:

300. Դատարկված անոթում մնացորդային ճնշումը պետք է լինի 0,05 ՄՊա (0,5 կգուժ/սմ2)-ից ոչ պակաս:

301. Անոթից (տակառից կամ բալոնից) քլորառումը վերջացնելուց հետո պետք է անոթի փականները փակված լինեն, և ստուգվի նրանց հերմետիկությունը, որից հետո տեղադրվեն խցափակիչները և պաշտպանիչ թասակները:

302. Փոխադրմանը նախապատրաստված դատարկ անոթները պետք է լինեն հերմետիկ և լցավորված անոթներից առանձին տեղաբաշխված:

303. Քլորային տնտեսությունը պետք է ապահովի հեղուկ քլորի ընդունումը, պահումը, գոլորշիացումը, գազակերպ քլորի բաժնավորումը քլորաջրի ստացումով:

304. Քլորի տնտեսությունը հարկավոր է տեղաբաշխել առանձին քլորարարներում, որոնցում արգելափակված են քլորի ծախսային պահեստը, գոլորշիարարայինը և քլորի բաժնավորայինը: Քլորի ծախսային պահեստը թույլատրվում է տեղաբաշխել առանձին շենքերում կամ կիպ մոտեցնել քլորի բաժնավորայինին և քլորային տնտեսության օժանդակ շինություններին (ճնշակայանին, օդափոխման խուցերին և այլն), ընդ որում, հարկավոր է այն բաժանել այլ շինություններից որմնանցքեր չունեցող խուլ պատով:

305. Քլորի գոլորշիարարների համար պետք է ապահովված լինեն հետևյալ պահանջների կատարումը`

1) գոլորշիարարները պետք է տեղաբաշխվեն քլորի բաժնավորայինում կամ քլորի պահեստում.

2) գոլորշիարար մատուցվող ջրի ջերմաստիճանը պետք է լինի 10-30 oC սահմաններում, ընդ որում, ջրի ջերմաստիճանի նվազումը գոլորշիարարում պետք է լինի 5 oC-ից ոչ ավելի.

3) գոլորշիարարը պետք է սարքավորված լինի ջրի ջերմաստիճանի և քլորի ու ջրի ճնշման վերահսկողության սարքերով.

4) քլորարարային շենքի սահմաններից դուրս գազակերպ քլորի մատուցման դեպքում, գոլորշիարարից հետո անհրաժեշտ է նախատեսել գազը մաքրելու համար սարքեր, ինչպես նաև իրենից հետո վակուումը պահպանող կափույր, որն արտաքին օդի նվազագույն ջերմաստիճանի ժամանակ կանխարգելում է քլորի խտացումը:

306. Քլորային տնտեսության այլ շենքերի հետ արգելափակված առանց գոլորշիարարների քլորի բաժնավորարները պետք է այդ շինություններից բաժանված լինեն որմնանցքեր չունեցող խուլ պատերով և ունենան երկու ելք դեպի դուրս: Այլ շինությունների վերևում տեղաբաշխված քլորի բաժնավորարների հատակը պետք է լինի անգազաթափանց: Չի թույլատրվում քլորի բաժնավորարները տեղաբաշխել խորացված և ստորերկրյա շինություններում:

307. Քլորի բաժնավորման համար պետք է կիրառվեն ավտոմատ վակուումային քլորարարներ: Քլորարարին մատուցվող ջրի հաշվարկային ծախսերն ու ճնշումները և քլորաջրի ճնշումը քլորարարից հետո հարկավոր է որոշել քլորարարի բնութագրերով, ինչպես նաև քլորի մուտքի հանգույցին հարաբերական` նրա դասավորության դիրքով: Թույլատրվում է ձեռքի կարգավորմամբ քլորարարների կիրառումը, այդ դեպքում քլորի ծախսը վերահսկվում է կշռման եղանակով:

308. Հեղուկ և գազակերպ քլորի փոխադրման խողովակաշարերի (քլորամուղերի) համար պետք է ապահովված լինեն հետևյալ պահանջների կատարումը`

1) քլորամուղերը պետք է կառուցվեն պողպատե անկար խողովակներից.

2) քլորամուղերի քանակը հարկավոր է ընդունել երկուսից ոչ պակաս, որոնցից մեկը` պահուստային.

3) քլորամուղերը և նրանց վրա տեղակայված արմատուրները հարկավոր է նախատեսել 1,6 ՄՊա (16 կգուժ/սմ2) աշխատանքային և 2,3 ՄՊա (23 կգուժ/սմ2) փորձնական ճնշման համար.

4) քլորամուղերը շինությունների ներսում պետք է տեղակայվեն պատերին և սյուներին ամրացված բարձակների վրա, իսկ շինություններից դուրս` արևի ճառագայթների ներազդեցությունից պաշտպանված ցցաթմբերի վրա.

5) քլորամուղերը հարկավոր է ներկել պերքլորվինիլային արծնաներկով.

6) հեղուկ քլորի քլորամուղերը պետք ունենան 0,01 թեքություն դեպի քլորով անոթի կողմը, ընդ որում, քլորամուղերի վրա չպետք է լինեն հիդրավլիկական փականի կամ գազային խցանի առաջացման հնարավոր տեղեր.

7) անհրաժեշտ է նախատեսել սարքվածք` տակառի կամ բալոնի փոխարկման ժամանակ համակարգից գազակերպ քլորի հեռացման, ինչպես նաև եռաքլորային ազոտը խողովակաշարերից և գոլորշիարարներից պարբերաբար հեռացնելու համար, ընդ որում, առաջարկվում է օգտագործել չոր սեղմված ազոտ, օդ և այլն.

8) փչամաքրման նյութերը պետք է վնասազերծվեն` անցկացնելով դրանք չեզոքացնող լուծույթի շերտի միջով:

309. Քլորաջրի համար խողովակաշարերը պետք է պատրաստել նրա նկատմամբ կերամաշակայուն հատկություններով օժտված նյութերից: Քլորաջրի խողովակաշարերը շինությունների ներսում հարկավոր է տեղադրել բարձակների և հոծ հենարանների վրա կամ հատակում սարքված խրամուղիների մեջ: Շինություններից դուրս հարկավոր է նախատեսել քլորաջրի խողովակաշարերի ստորերկրյա տեղադրում, խրամուղիներում կամ կերամաշման նկատմամբ կայուն խողովակներից պատրաստված պատյաններում: Խրամուղիներում և պատյաններում չի թույլատրվում տեղադրել այլ նշանակության խողովակաշարեր` բացի ջերմաուղեկցիչներից: Անհրաժեշտ է նախատեսել խողովակների ջերմաստիճանային ազդազերծում (հավասարակշռում), ինչպես նաև պատյաններում և խրամուղիներում տեղադրված խողովակների փոխարինման հնարավորություն: Քլորաջրի արտաքին խողովակաշարերի վրա հարկավոր է նախատեսել հորեր, որոնցում ընդհատվում են պատյանները քլորաջրի հնարավոր արտահոսքի վրա հսկողություն սահմանելու համար, ընդ որում, հորերի հատակը պետք է ծածկվի քիմիապես կայուն արծներով: Հորերի միջև հեռավորությունը պետք է լինի 30 մետրից ոչ ավելի:

310. Քլորարար կայանքի դռների վրա պետք է լինեն անվտանգության նշաններ` «Զգո՛ւյշ: Թունավոր նյութեր» և «Աշխատել` կիրառելով շնչառական օրգանների պաշտպանության միջոցներ»: Շինությունների մեջ նախքան անձնակազմի մտնելը, ոչ պակաս քան 20 րոպե առաջ, պետք է միացված լինի օդափոխության համակարգը:

311. Քլորի պահեստի և քլորարար կայանքի շինություններում, այդ կայանքի սպասարկման հետ կապ չունեցող և պահեստում բաց կրակի կիրառմամբ աշխատանքների կատարումն արգելվում է, ինչպես նաև արգելվում է ծխելը, քանի որ ծխելու ժամանակ նվազում է քլորի նկատմամբ զգայունությունը և մեծանում է նրանով թունավորվելու հնարավորությունը:

312. Քլորի արտահոսքի հնարավորության հետ կապված բոլոր աշխատանքների ժամանակ անձնակազմը պարտավոր է մշտապես իր մոտ ունենալ հակագազեր «Պատրաստ է» վիճակում:

313. Արգելվում է վերանորոգել քլորային ապարատները գազի ճնշման տակ: Անհրաժեշտության դեպքում, դրանց վերանորոգման աշխատանքներն սկսելուց առաջ, պետք է նախօրոք դադարեցնել քլորի մատուցումը և արտարկիչով արտածծել նրա մնացորդները:

314. Քլորարարային կայանքների վերանորոգում պահանջող սարքավորումներն անջատելուց հետո հարկավոր է կազմատել, ազատել կողմնակի խառնուկներից և խոնավությունից ու չորացված օդով փչամաքրել` համաձայն կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված քլորային ապարատների չորացման վերահսկողության և վերանորոգումների իրականացման հրահանգի և սույն կանոնների պահանջներին համապատասխան:

315. Տարբեր տեսականիշով և երկարությամբ բալոնների մուտքագրման դեպքում արգելվում է դրանք միացնել մեկ հավաքիչին, բալոնների տակ տակդիրներ դնել և կտրուկ ծռել միացնող խողովակները:

316. Քլորարար կայանքներում, արտարկիչներն անջատելուց հետո անհրաժեշտ է խուսափել գազային գիծ ջրի թափանցումից, որի ապահովման համար պետք է իրականացված լինեն քլորի մեջ ջրի թափանցումը բացառող հետևյալ միջոցառումները`

1) քլորի վերամղման համար ճնշակից մատուցվող օդի չորացման.

2) հիդրավլիկ փորձարկումից հետո անոթների չորացման.

3) աշխատած անոթներում և քլորամուղերում ավելցուկային ճնշման պահպանման:

317. Քլորի արտահոսքի տեղերը կարող են հայտնաբերվել`

1) գազավերլուծիչներով.

2) արտահոսքի տեղերի սառցակալումով.

3) ամոնիակաջրով (անուշադրի սպիրտով) թրջված բամբակն արտահոսքի տեղին մոտեցնելու ժամանակ ձևավորվող սպիտակ խիտ ամպով:

318. Արտահոսքերի տեղերի հայտնաբերման և դրանց վերացման համար աշխատանքները պետք է իրականացվեն անվտանգության կանոնները պահպանելով և հետևյալ պայմաններն ապահովելով`

1) աշխատանքներն իրականացվում են հակագազերով.

2) աշխատանքներին մասնակցում են երկուսից ոչ պակաս անձինք.

3) աշխատանքներն իրականացվում են շինության օդափոխության համակարգի աշխատանքի ժամանակ և ելքային դռների բաց վիճակում:

319. Բալոններով (տակառներով) քլոր օգտագործող ջրի ախտահանման համար քլորակայաններում պետք է նախատեսել ջրով լցված վնասազերծման տարողություն, որի մոտ պետք է պահվի հիպոսուլֆիտի և կալցիումական սոդայի չոր ռեագենտների պաշար (1:2 հարաբերությամբ), բալոնների (տակառների) վնասազերծման համար 100 կգ-ից ոչ պակաս քանակով, իսկ ցիստեռնների համար` 1000 կգ-ից ոչ պակաս, ինչպես նաև անհրաժեշտ է ունենալ հատուկ պատյան, որտեղ տեղադրվում է վթարային պայմաններում աշխատող բալոնը (տակառը):

320. Արգելվում է քլորակայաններում պահել տվյալ քլորակայանի համար հաշվարկված հեղուկ քլորի մեկամսյա պահանջարկից ավելի քլոր կամ քլորակայանը վերածել քլորի պահեստի: Քլորակայանները պետք է ապահովված լինեն օգտագործման համար քլորի որակի վերահսկողության սարքերով:

321. Քլորի արտահոսքի ժամանակ անձնակազմի գործողությունների կարգը պետք է որոշվի կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված հրահանգներով, ինչպես նաև վթարային իրավիճակների տեղայնացման ու վերացման պլանով:

 

XI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

322. Քլորի արտադրության, օգտագործման, պահման, փոխադրման ժամանակ կիրառվող տեխնոլոգիական ու տեխնիկական սարքավորումների, անոթների, տակառների բալոնների և դրանց կազմում օգտագործվող անվտանգության ապահովման սարքերի չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվեն «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

XII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

323. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին քլորի արտադրության, օգտագործման, պահման, փոխադրման ժամանակ կիրառվող տեխնոլոգիական ու տեխնիկական սարքավորումների, անոթների, տակառների, բալոնների և դրանց կազմում օգտագործվող անվտանգության ապահովման սարքերի համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Ձև N 1

 

ՑՈՒՑԱԿ

 

ՔԼՈՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՊԱՀՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՎԹԱՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՐՁԱՎՈՐՄԱՆ

 

Սույն ցուցակով նախատեսված վթարային միջոցների քանակությունը որոշվում է անձնակազմի թվով, օբյեկտում շրջանառվող քլորի քանակությամբ և ներդրվում է վթարային իրավիճակների տեղայնացման և վերացման պլանում:

1. Վթարային աշխատանքների իրականացման համար անհատական պաշտպանության միջոցները`

1) մեկուսացնող շնչառական ապարատներ (այդ թվում` ինքնափրկիչներ).

2) հերմետիկ մեկուսահագուստներ` նախատեսված 100 տոկոսանոց գազակերպ քլորի և հեղուկ քլորի տեղային թափումից պաշտպանվելու համար.

3) քլորի հոսակորուստների ազդանշանիչներ` տեղափոխվող կամ անհատական.

4) փրկագոտի.

5) կապրոնե ճոպան` 20 մ երկարության:

2. Քլորի հոսակորուստների տեղայնացման և վերացման համար սարքերի, գործիքների և հարմարանքների լրակազմ (լրակազմի տեսակը որոշվում է` ելնելով օբյեկտում առկա քլորային սարքավորումների և տարողությունների տեսակից)`

1) պաշտպանիչ ջրային վարագույր ստեղծելու համար հատուկ նախատեսված տեղափոխվող սարքեր (5 հատից ոչ պակաս).

2) բալոնից քլորի հոսակորստի վերացման «Ա» լրակազմ`

ա. վթարային բալոնի համար պատյան,

բ. բալոնի արմատուրի վրա հերմետիկացնող թասակ,

գ. բալոնի իրանից քլորի հոսակորստի վերացման համար արագ հավաքվող սարք.

3) տակառից քլորի հոսակորստի վերացման «Բ» լրակազմ`

ա. տակառի արմատուրի վրա հերմետիկացնող թասակ (յուրաքանչյուր տեսակ տակառի համար` առանձին կամ համապիտանի),

բ. տակառի իրանից քլորի հոսակորստի վերացման համար արագ հավաքվող սարք.

4) երկաթուղային (ավտոմոբիլային) ցիստեռնից քլորի հոսակորստի վերացման «Վ» լրակազմ`

ա. ցիստեռնի արմատուրի վրա հերմետիկացնող թասակ,

բ. ցիստեռնի ապահովիչ կափույրից քլորի հոսակորստի վերացման համար հերմետիկացնող սարք,

գ. ցիստեռնի, հեղուկամբարի իրանից քլորի հոսակորստի վերացման համար արագ հավաքվող սարք.

5) քլորի շահագործվող խողովակաշարերի բոլոր տրամագծերին համապատասխան արագ հավաքվող անուրներ.

6) խողովակաշարերի կցաշուրթային միացումների բոլոր տրամագծերին համապատասխան պողպատե խցափակիչներ (պարոնիտային միջադիրներով).

7) 5 մմ-ից մինչև 20 մմ տրամագծով անցքերի լցափակման համար կապարից կոնաձև խցանների հավաքածու.

8) մանեկային դարձակների լրակազմ (ամրակային միացումների բոլոր չափերի տակ).

9) N 1 և N 2 գազային բանալիներ.

10) փականագործի գործիքներ (մուրճ, հատիչ, մետաղասղոց` պահուստային սղոցով, գայլիկոնիչ` գայլիկոնների հավաքածուով, հաստոցներ, հավաքակցման դանակ).

11) 500x500 մմ չափերի և 3-5 մմ հաստությամբ պարոնիտե թերթ (թերթավոր խցանյութ).

12) 200x200 մմ չափերի և 5 մմ հաստությամբ կապարե թերթ.

13) հեղյուսների և մանեկների հավաքածու ամրակային միացումների բոլոր ձևերի տակ.

14) 300x300 մմ չափերի և 3-5 մմ հաստությամբ թերթավոր ռետին.

15) 3-5 մմ տրամագծով (15 մ երկարության) պողպատե լար (շիկափափկեցրած).

16) խցուկային խծուծվածք (գրաֆիտացված ասբեստ) կափույրների համար:

3. Կուտակիչային լապտեր (պայթանվտանգ կատարմամբ` քլորի արտադրության և այլ պայթյունավտանգ օբյեկտների համար):

 

Ձև N 2

 

ԳՐԱՖԻԿ

 

ՔԼՈՐԻ ՀԱԳԵՑԱԾ ԳՈԼՈՐՇԻՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌԱՅԻՆ (ԲԱՑԱՐՁԱԿ) ՃՆՇՄԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻՑ (ՓԱԿ ԱՆՈԹՈՒՄ ՀԵՂՈՒԿԻ ՎՐԱ)

 

__________________________

ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում

 

Ձև N 3

 

Հեղուկ քլորով տակառների (բալոնների) լցավորման գրանցամատյանի ձև

 

.______________________________________________________________________

|NN |Ապրանքա-|Հաջորդ|Ապրանքամանի բնութագիրը |Քլորով  |Լցված   |Լցա-   |

|ը/կ|մանի    |վկայա-|_______________________|լցված   |քլորի   |վորում |

|   |լցման   |գրման |Ծավալը|Ապրանքա-|Ապրանքա|ապրանքա-|զանգվածը|իրակա- |

|   |ամսա-   |ժամ-  |(լիտր)|մանի    |մանի   |մանի    |(կգ)    |նացնող |

|   |թիվը,   |կետը  |      |զանգ-   |փաստացի|զանգվածը|        |անձի   |

|   |ամիսը,  |      |      |վածը`   |զանգ-  |(կգ)    |        |ստորա- |

|   |տարե-   |      |      |ըստ     |վածը   |        |        |գրու-  |

|   |թիվը    |      |      |անձնագրի|(կգ)   |        |        |թյունը |

|   |        |      |      |(կգ)    |       |        |        |       |

|___|________|______|______|________|_______|________|________|_______|

| 1 |    2   |   3  |   4  |    5   |   6   |    7   |    8   |   9   |

.______________________________________________________________________

_____________________________________________.

|Վերստուգիչ կշռման  |Լցավորված ապրանքամանի   |

|արդյունքների հետ   |կապարակնքման ամսաթիվը,  |

|լցավորման          |ամիսը, տարեթիվը և  նրա  |

|գրանցամատյանի      |հերմետիկության ստուգումն|

|տվյալների          |իրականացրած ՏՎԲ-ի       |

|համապատասխանության |ներկայացուցիչի          |

|մասին ՏՎԲ-ի        |ստորագրությունը         |

|ներկայացուցիչի     |                        |

|ստորագրությունը    |                        |

|___________________|________________________|

|         10        |           11           |

_____________________________________________.

 

.______________________________________________________________________

|NN |Ցիստեռնի     |Ցիս-  |Ընթա-  |Ցիստեռնի |Ցիստեռնի բնութագիրը       |

|ը/կ|համարը       |տեռնի |ցային  |դիտողական|                          |

|   |_____________|հաջորդ|մասի և |վերահսկո-|__________________________|

|   |Գործա-|Գրանց-|վկայա-|հենոցի |ղության  |Ծավալը|Ապրանքա|Ապ-  |Ճնշու|

|   |րանա- |ման   |գրման |սարքի- |և        |(մ3)  |մանի   |րանքա|մը   |

|   |յին   |      |ժամ-  |նության|հերմետի- |      |զանգ-  |մանի |ցիս- |

|   |      |      |կետը  |մասին  |կության  |      |վածը`  |փաս- |տեռ- |

|   |      |      |      |եզրակա-|ստուգման |      |ըստ    |տացի |նում |

|   |      |      |      |ցու-   |ամսաթիվը,|      |անձնա- |զանգ-|(ՄՊա)|

|   |      |      |      |թյունը |ամիսը,   |      |գրի    |վածը |     |

|   |      |      |      |       |տարեթիվը |      |(տ)    |(տ)  |     |

|___|______|______|______|_______|_________|______|_______|_____|_____|

| 1 |   2  |   3  |   4  |   5   |     6   |  7   |   8   |  9  |  10 |

.______________________________________________________________________

______________________________________________________________________.

|Ցիստեռնի      |Սույն       |Ցիստեռնի |Քլորով|Լցված|Լցա-  |Սույն      |

|լցավորման     |կանոնների   |լցավորման|լցված |քլորի|վորում|կանոնների  |

|հնարավորության|պահանջներին |ամսաթիվը,|ցիս-  |զանգ-|իրակա-|պահանջ-    |

|(անհնարի-     |համապատասխան|ամիսը,   |տեռնի |վածը |նացնող|ներին      |

|նության)      |ցիստեռնի    |տարեթիվը |զանգ- |(տ)  |անձի  |լցավորված  |

|մասին         |նախապատ-    |         |վածը  |     |ստորա-|ցիստեռնի   |

|կազմակերպու-  |րաստման և   |         |(տ)   |     |գրու- |համապատաս- |

|թյան          |լցավորման   |         |      |     |թյունը|խանության  |

|պատասխանատու  |լրացուցիչ   |         |      |     |      |մասին ՏՎԲ-ի|

|անձի եզրակա-  |միջոցառում- |         |      |     |      |ներկայա-   |

|ցությունը,    |ներ,        |         |      |     |      |ցուցչի     |

|ստորագրու-    |ստորագրու-  |         |      |     |      |ստորագրու- |

|թյունը        |թյունը      |         |      |     |      |թյունը,    |

|              |            |         |      |     |      |ամսաթիվը,  |

|              |            |         |      |     |      |ամիսը,     |

|              |            |         |      |     |      |տարեթիվը   |

|______________|____________|_________|______|_____|______|___________|

|       11     |      12    |    13   |  14  |  15 |  16  |     17    |

______________________________________________________________________.

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.2011
N 529-Ն
Որոշում