Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵ ...

 

 

040.0609.250510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 2010 թվականի N 609-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(7-րդ մաս)

 

9.13 Գյուղատնտեսության զարգացման ծրագրի նպատակը և ռազմավարությունը

 

Ծրագրի հիմնական նպատակը

 

460. Ծրագրի հիմնական նպատակն է Կոտայքի մարզում գյուղատնտեսության գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման ու կատարելագործման միջոցով ավելացնել բուսաբուծական և անասնաբուծական մթերքների ծավալները, բարձրացնել արտադրության արդյունավետությունը, լուծել իրացման հիմնախնդիրները, որի արդյունքում կավելանան գյուղացիական տնտեսությունների եկամուտները և կկրճատվի աղքատությունը գյուղական բնակավայրերում:

 

9.13.1 Ոռոգման համակարգեր

 

461. Մարզում գյուղատնտեսական մշակաբույսերից երաշխավորված և բարձր բերք ստանալու կարևորագույն պայմանը ոռոգման համակարգերի անխափան աշխատանքն է:

462. Այս բնագավառում նախատեսվող կարևոր միջոցառումներն են.

1) ոռոգման գոյություն ունեցող համակարգերի և ոռոգման կարիքների գույքագրումը

2) ջրօգտագործողների համակարգում էներգակիրների ծախսերի կրճատումը և ինքնահոս ջրամատակարարումների ընդարձակումը

3) փոքր և միջին կարգավորման ջրամբարների կառուցումը

4) համայնքներում ոռոգելի ջրի վերաբերյալ առկա խնդիրների ուսումնասիրումը և դրա լուծման միջոցառումների ժամանակացույցի կազմումը:

 

9.13.2 Իրացման շուկայի մատչելիության և արտադրողի պաշտպանվածության

ապահովումը

 

463. ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ գյուղացիական տնտեսությունների համար ներկայումս հրատապ է գյուղմթերքի մեծածախ շուկաների ձևավորումը: Այսօր գյուղացիական տնտեսություններն իրենց արտադրանքն իրացնում են տարերայնորեն, պատահական վայրերում: Այս առումով, ինչպես նշվել է, կարևորվում է ժամանակակից պահանջներին համապատասխան մեծածախ շուկայի ձևավորվումը, որը կօգնի նաև հանրապետության մյուս մարզերի գյուղմթերք արտադրողներին բերքի կազմակերպված իրացման և արտահանման գործում:

464. Չունենալով պահպանելու հնարավորություն գյուղացիական տնտեսություններն իրենց մթերքներն իրացնում են կարճ ժամանակահատվածում շուկայական գներից էժան գներով, որի հետևանքով չի ակնկալվում շահութաբերության բարձր մակարդակ:

 

9.13.3 Գյուղատնտեսության ոլորտում ֆինանսական միջոցների և

ներդրումների ավելացում

 

465. Ինչպես նշվել է ֆինանսական միջոցների մատչելիությունը կարևորագույն դեր ունի գյուղացիական տնտեսությունների տնտեսական բազայի ամրապնդման և գյուղարտադրության զարգացման համար: Դրա հետ կապված սկզբունքային նշանակություն ունի գյուղատնտեսության ոլորտի վարկավորման տոկոսադրույքների իջեցումը և գրավի պայմանների մատչելիության ապահովումը, որը կմեծացնի վարկերի մատչելիությունը, նորանոր մասնակիցներ կընդգրկվի վարկավորման գործընթացում և կարևոր խթան կհանդիսանա գյուղատնտեսական արտադրության համար: Կոտայքի մարզում անասնապահությամբ մասնագիտացված իրացման շուկայի մատչելիությանը և արտադրողի շահերի պաշտպանությանն ուղղված քայլ կարող է լինել գյուղական համայնքներում կաթի հավաքման և նախնական վերամշակման կետերի և փոքր սպանդանոցների հիմնումը:

466. Իրացման շուկայի մատչելիությունը և սպառողների շահերի պաշտպանվածությունը կնպաստի մարզում գյուղատնտեսական մթերքների իրացման, վերամշակման գործառույթ ունեցող տնտեսավարող սուբյեկտների կայացմանը: Կոտայքում գյուղատնտեսության զարգացման ոլորտներից մեկը կարող է դառնալ ծխախոտի հումքի արտադրությունը: Նախկինում մարզի շրջաններում այն որոշակիորեն զարգացած էր: Օրինակ` Աբովյանի շրջանում 1982 թվականի տվյալներով ծխախոտի ցանքատարածությունները կազմում էին 150 հա, որից ստացվել էր 1860 տոննա ծխախոտի հումք, միջին բերքատվությունը կազմում էր 12.4 ցենտներ: Այսօր հայրենական ծխախոտ վերամշակող և արտադրող ձեռնարկությունների առկայության պայմաններում սա հնարավոր տարբերակ է և արտադրանքի իրացումն ապահովված կլինի:

 

9.13.4. Խորհրդատվական ծառայությունների ընդլայնումը

 

467. Խորհրդատվական ծառայությունների բնագավառում Կոտայքի մարզի զարգացման ծրագրի հիմնական նպատակն է այդ ծառայությունների մատչելիության բարձրացումը, նրանց առավել նպատակային, հասցեացված օգտագործումը: Ծրագրի ռազմավարությունը այս ուղղությամբ ենթադրում է հետևյալ կարևոր միջոցառումների իրականացումը:

1) Մարզային ուսուցողական-խորհրդատվական ծառայության կողմից կազմակերպել ուսուցողական-խորհրդատվական դասընթացներ գյուղմթերքների արտադրության և վերամշակման առաջավոր տեխնոլոգիաների վերաբերյալ

2) Անցկացնել սեմինար դասընթացներ տնտեսավարման արդյունավետ ձևերի, մասնավորապես կոոպերացիայի տարբեր ձևերի, արմատավորման ուղղությամբ

3) Գյուղացիական տնտեսություններին տրամադրել խորհրդատվություն նոր ներդրվող թունաքիմիկատների, պարարտանյութերի օգտագործման կանոնների վերաբերյալ

4) Մշակել տեղեկատվական թերթիկներ, բուկլետներ գյուղատնտեսությանը վերաբերվող մասնագիտական աշխատանքների մասին:

 

9.13.5 Վերամշակող ձեռնարկությունների արդյունավետության բարձրացումը

և ընդլայնումը

 

468. Մարզի բոլոր տարածաշրջաններում անհրաժեշտ է ստեղծել կամ վերագործարկել կաթի մթերման և վերամշակման, միս և մսամթերք վերամշակող կառույցներ, կազմակերպել պտղի, բանջարեղենի չորացման փոքր արտադրամասեր, ծխախոտի ֆերմետացիոն և բուսայուղերի արտադրության փոքր արտադրամասեր, բրդի ընդունման և լվացման կետեր, հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրամասեր, բնական հյութերի և խտահյութերի արտադրության, կաշվի, մորթեղենի վերամշակման, դեղաբույսերի արտադրության և փաթեթավորման արտադրամասեր և այլն: Այս նպատակին կարելի է հասնել` ընդլայնելով արտադրանքի իրացման հնարավորությունները, ակտիվորեն համագործակցելով գոյություն ունեցող և պոտենցիալ գնորդների հետ: Առաջնահերթությունը պետք է տրվի փոքր ձեռնարկությունների ստեղծմանը: Մարզում ՓՄՁ-ների գործունեության ակտիվացումը կնպաստի համապատասխան ենթաճյուղերի վերականգնմանը:

469. Անհրաժեշտ է նաև բանջարաբոստանային կուլտուրաների և պտղաբուծության զարգացման հետ համատեղ նախապայմաններ ստեղծել գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, պահպանության և իրացման համար: Այս առումով կարևորվում է մարզում սառնարանային տնտեսության ստեղծումը:

470. Գյուղատնտեսական հումքի վերամշակող կարողությունների ձևավորումը և գոյություն ունեցող արտադրությունների ծավալների ընդլայնումը հնարավոր է դրամաշնորհների, նպատակային վարկերի միջոցով:

471. Գյուղատնտեսության զարգացման ծրագրի իրագործման համար պահանջվող ֆինանսական միջոցները ներկայացված են Հավելվածում:

 

472. Ծրագրի հաջող իրագործման դեպքում ակնկալվող արդյունքները.

 

1) մարզի հողային և մարդկային ռեսուրսների նպատակային օգտագործման ապահովում, ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառում, ոռոգելի ցանքերի ընդարձակում, անմշակ հողերը ցանքաշրջանառության մեջ ներառում:

2) բուսաբուծական, անասնապահական մթերքների արտադրության ծավալների ավելացում, արդյունավետության բարձրացում, մթերքների ապրանքայնության մակարդակի բարձրացում և դրանց վերամշակումից ստացված արտադրատեսակների արտահանման ծավալների էական ավելացում

3) մասնագիտացված տնկարանային և սերմնաբուծական տնտեսությունների (տարբեր պտղատեսակների, կարտոֆիլի և հացահատիկային մշակաբույսերի) ձևավորում, որոնք հիմնականում կբավարարեն գյուղացիական տնտեսությունների պահանջարկը բարձրորակ տնկանյութի և սերմացուների նկատմամբ

4) բույսերի պաշտպանության (հատկապես պտղատու այգիներում) պայքարի կենտրոնացված միջոցառումների իրականացում

5) մարզում արհեստական սերմնավորման աշխատանքների ընդլայնման միջոցով կենդանիների տոհմային հատկանիշների պահպանում և կատարելագործում, տոհմաբուծական ծառայությունների ձևավորում

6) կերային բազայի ընդլայնում, բազմամյա արժեքավոր կերային մշակաբույսերի ծավալների ավելացում, խոտհարքների և արոտների արդյունավետ օգտագործում

7) մարզի գյուղատնտեսության մասնագիտացմանը համապատասխան փոքր վերամշակող արտադրական կարողությունների (պտղի, կաթի, մսի, բրդի) ձևավորում

8) գյուղատնտեսական տեխնիկայով մարզի ապահովվածության մակարդակի բարձրացում, տեխնիկայի համատեղ օգտագործման (կոոպերացման սկզբունքով) կառույցների ձևավորում

9) տեղեկատվական և խորհրդատվական համակարգի կատարելագործում և մատչելիության մակարդակի բարձրացում

10) խոշոր ապրանքային ֆերմերային տնտեսությունների և կոոպերատիվների ձևավորում

11) մարզում ապահովագրական համակարգի ձևավորման համար նախադրյալների ստեղծում

 

10. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

10.1 Ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

Օրենսդրական դաշտ, կառավարման համակարգ

 

473. Հայաստանի Հանրապետությունում բնապահպանության ոլորտի քաղաքականությունն ու օրենսդրությունը հիմնականում ձևավորվել և կատարելագործվել են վերջին 15 տարիների ընթացքում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է միջազգային համագործակցության գործընթացներին, ստորագրել ու վավերացրել է բնապահպանական մի շարք միջազգային ու եվրոպական կոնվենցիաներ և դրանցից բխող արձանագրություններ: Հայաստանը կարևորում է ազգային բնապահպանական իրավական լծակների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին և միջազգային բնապահպանական կոնվենցիաների իրականացման մեխանիզմների կատարելագործումը: Միջազգային այդ համաձայնագրերի ու կոնվենցիաների շրջանակներում Հայաստանը նպատակ ունի կանխարգելել կամ սահմանափակել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունը, վերացնել մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածությունը, մեղմացնել կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքները, պահպանել կենսաբազմազանությունը, ապահովել վերականգնվող բնական ռեսուրսների վերարտադրության անհրաժեշտ ծավալները և չվերականգնվող բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:

474. Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության և կառավարման խնդիրները մեծ չափով առկա են նաև Կոտայքի մարզում: Դրանք են` անտառային ռեսուրսների կայուն կառավարումը, կենցաղային և շինարարական աղբի հեռացման, աղբավայրերի կանոնակարգված ձևով շահագործման խնդիրները, ջրային ռեսուրսների առավել արդյունավետ և նպատակաուղղված կառավարումը և կեղտաջրերի մաքրման աշխատանքների կազմակերպումը, հողերի բերրի շերտի պահպանումը և դեգրադացիայի կանխումը, անապատացմանը նպաստող անտրոպոգեն գործոնների նվազեցումը, լեռնատափաստանային, մերձալպյան և ալպյան լանդշաֆտների պահպանումը և արդյունավետ օգտագործումը:

475. Հատկանշականն այն է, որ 2000 թվականից սկսած վերանայվեցին բնապահպանական ոլորտի մի շարք օրենքներ, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված էր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հետ, ընդունվեցին նոր ՀՀ հողային օրենսգիրքը, ՀՀ ջրային օրենսգիրքը, «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը, ՀՀ անտառային օրենսգիրքը, ինչպես նաև կիրարկվեցին «Թափոնների մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքները:

476. Բնապահպանության ոլորտում օրենսդրությունը մարզպետների համար նախատեսել է գործունեության որոշակի շրջանակ: «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի 1997 թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.20 կետի համաձայն, բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում մարզպետը`

1) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում

2) մարզի տարածքում վերահսկում է բնապահպանական օրենսդրության կատարումը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ է պահում համապատասխան մարմիններին

3) աջակցում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը

4) համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ:

5) Ինչպես նաև «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքներով պետական կառավարման մասին տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված իրավասություններ:

477. Բնագավառի խնդիրներով զբաղվելու իրավասություններ ունեն նաև տեղական ինքնակառավարման մարմինները: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքի 32-րդ հոդվածի համաձայն համայնքի ղեկավարը օրենքով կամ կառավարության սահմանած կարգով վարում է համայնքի բնապահպանական կադաստրը, 45-րդ հոդվածի համաձայն` բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում իրականացնում է համայնքի սեփականություն համարվող հողերի, անտառային և ջրային տարածքների, շրջակա միջավայրի պահպանության կազմակերպման` պարտադիր, ինչպես նաև պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները

1) վերահսկողություն է իրականացնում բնության պահպանության բնագավառում, կազմակերպում է ընդերքի, անտառային, ջրային և օդային տարածքների, ինչպես նաև բուսական ու կենդանական աշխարհի օգտագործման և պահպանման միջոցառումները

2) ապահովում է հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով և արտադրական թափոններով աղտոտումից:

478. Բնապահպանության ոլորտը Կոտայքում ներկայացված է նաև որոշակի կառավարման համակարգով: Մարզում բնապահպանությանը հիմնականում առնչվում են հետևյալ կառուցվածքային միավորները`

1) ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժինը

2) ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժինը

3) Մարզի անտառտնտեսությունը, որը գտնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գերատեսչական ենթակայության տակ

4) ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Հրազդանի ջրավազանային տարածքային կառավարման բաժինը:

5) Բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները, մարզում գործող Օրհուս կենտրոնները:

479. Այսպիսով մարզում բնապահպանական իրավիճակը վերահսկվում է գործող օրենսդրական և կառավարման համակարգերի միջոցով:

 

10.2 Անտառներ, կենսաբազմազանություն, բնության հատուկ պահպանվող

տարածքներ

 

480. Բնապահպանական առումով մարզի ցայտուն կողմերից է բնական լանդշաֆտների, լեռների ու անտառների առկայությունը: Սակայն 1991-2001 թթ-ի տնտեսական շրջափակման և էներգետիկ ճգնաժամի հետևանքով մարզի անտառները ինտենսիվ շահագործման հետևանքով կրեցին զգալի տարածքային և որակական կորուստներ: Չհամակարգված անտառհատումների հետևանքով հազարավոր հեկտարների վրա խաթարվել է անտառի ինքնակարգավորման և ինքնավերականգնման ունակությունը, ինչպես նաև բնապահպանական հատկությունները: Ըստ փորձագետների ուսումնասիրության տվյալների էներգետիկ ճգնաժամի տարիներին հանրապետության անտառներում յուրաքանչյուր տարի հատվել է մոտ` 700.000 խմ - 1.000.000 խմ անտառանյութ, որի 70%-ը բաժին է ընկել ապօրինի հատումների:

481. Հայաստանի Հանրապետությունում անտառածածկ տարածքները զբաղեցնում են 334.1 հազ. հա, կամ հանրապետության մակերեսի մոտ 11,2%, որը հանրապետության մեկ շնչի հաշվով կազմում է ընդամենը 0.1 հա:

482. Կոտայքի մարզի անտառային հողերի կառավարումը իրականացվում է մեկ անտառտնտեսության` «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից (տարածքը - 22761 հա), որը պատկանում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին (ՀՀ կառավարության 15.01.2004 թ. թիվ 7 որոշման համաձայն): Իսկ 423.80 հա ներկայացված է արգելոցապարկային համալիրի տեսքով, որը պատկանում է ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին, որը զբաղվում է գիտափորձարարական, տնկարանային տնտեսության հիմնման աշխատանքներով:

483. Մարզի ընդհանուր անտառային ֆոնդը կազմում է 23184.80 հա, որը Կոտայքի տարածքի համեմատ համարժեք է հանրապետության միջինին:

484. Մարզի անտառները լեռնային են, ունեն ընդգծված հողապաշտպան, ջրապաշտպան և կլիմայակարգավորիչ նշանակություն, ինչպես նաև աչքի են ընկնում բուսական տեսակների բազմազանությամբ:

485. Մարզի անտառկազմող հիմնական ծառատեսակներն են` կաղնին, բոխին, լորենին, սոճին, հացենին, կեչին, թեղին: 1991-2001 թթ. մարզի անտառների մոտ 35%-ը ինտենսիվ կերպով ոչնչացվել են: Վառելափայտի և շինափայտի ստացման նպատակով կատարված ապօրինի ծառահատումները զգալիորեն նոսրացրել են անտառապատ լեռնալանջերի բազմաթիվ հեկտարներ:

486. Ստորև ներկայացվում է «Հրազդան անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառների և անտառային հողերի տարածքները ըստ անտառպետությունների (աղ. 10.1):

 

Աղյուսակ 10.1.

 

._______________________________________________________.

|Անտառտնտեսության|N |Անտառպետության|Ընդհանուր|Այդ թվում |

|անվանումը       |  |անվանումը     |տարածքը  |անտառածածկ|

|________________|__|______________|_________|__________|

|Հրազդանի        |1 |Արզականի      |   9647  |   6727   |

|                |__|______________|_________|__________|

|                |2 |Ծաղկաձորի     |   4792  |   3307   |

|                |__|______________|_________|__________|

|                |3 |Մեղրաձորի     |   6762  |   4639   |

|                |__|______________|_________|__________|

|                |4 |Արզնիի        |   1560  |    395   |

|                |_________________|_________|__________|

|                |   Ընդամենը      |  22761  |  15068   |

._______________________________________________________.

 

487. Կոտայքի մարզի անտառածածկ տարածքները գտնվում են հիմնականում մարզի կենտրոնական և հյուսիսային հատվածներում: Մարզի անտառտնտեսության գործունեությունը լուրջ բարեփոխումների խնդիր ունի: Պետական բյուջեից տրվող սահմանափակ աջակցությունը հնարավորություն չի տալիս նորմալ տնտեսվարելու համար առավելագույն կերպով օգտագործել անտառը, միևնույն ժամանակ չավելացնելով անտառվերականգնման ծախսերը:

488. Կոտայքի անտառներն այդ «ինքնապահպանման-ինքնածախսածածկման» ներուժը, ռեսուրսներն ու հնարավորությունները չունեն և այս առումով միայն ազգային-պետական աջակցության և ներդրումների շնորհիվ է, որ անտառները կարող են երկար ժամանակաշրջանի համար պահպանվել, վերականգնվել և փոխանցվել սերունդներին:

489. Կոտայքի մարզում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից 2006-2008 թթ. ընթացքում իրականացված անտառվերականգնման աշխատանքներն են.

 

Աղյուսակ 10.2.

 

.___________________________________________________.

|     |Անտառի տնկում|Անտառի լրացում|Բնաշվային վերաճի|

|     |             |              |    օժանդակում  |

|_____|_____________|______________|________________|

|2006 |    109 հա   |   136.1 հա   |      451 հա    |

|_____|_____________|______________|________________|

|2007 |     27 հա   |      40 հա   |      200 հա    |

|_____|_____________|______________|________________|

|2008 |     52 հա   |      41 հա   |      342 հա    |

.___________________________________________________.

 

490. Անտառվերականգնման աշխատանքների զգալի մասը իրականացվել է Ճապոնիայի կառավարության «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներում ձևավորված գործընկերային ֆոնդի հաշվին, իսկ 2009 թ. 80 հա անտառի տնկումը ամբողջությամբ կատարվել է այդ ծրագրի միջոցներով: Անտառի հիվանդությունների և վնասատուների դեմ կատարվել են պայքարի միջոցառումներ` 2007 թ.-2300 հա-ի վրա, 2008 թ.-700 հա-ի վրա, 2009 թ. չի իրականացվել:

491. Կոտայքի անտառներում բացի փայտանյութից կան նաև բավական քանակությամբ պտղատու ծառեր ու թփուտներ, որոնց պտուղները կարելի է արդյունաբերական ծավալներով օգտագործել պահածոների, հյութերի, դեղաբույսերի արտադրություն կազմակերպելու համար:

492. Կոտայքի անտառները նաև առողջարար և գեղատեսիլ են: Անտառների, որոշակի չափով նաև բուժիչ հանքային ջրերի, պատմամշակութային հուշարձանների, ռելիեֆի այս ձևավորված ամբողջությունը խոսում է մարզում առողջարաններ հիմնելու, ինչպես նաև զբոսաշրջությունը զարգացնելու մեծ ներուժի մասին:

493. Կարևոր է համայնքների, հասարակության լայն շերտերի մասնակցությունը անտառի պահպանության հարցերում: Այստեղ համայնքների, հասարակության և պետության փոխհամաձայնեցված, ներդաշնակ գործունեությունը կարող է ապահովվել միայն տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակության լայն խավերի, հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավման միջոցով: Օրենսդրական որոշակի բազա կա (ՀՀ Սահմանադրություն, ՀՀ միջազգային պայմանագրեր, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, ՀՀ Անտառային օրենսգիրք, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք և այլն), հասարակությանը նույնպես այս գործընթացներում ներգրավելու համար և այդ ներգրավվածությունը որոշակի չափով առկա է, սակայն այն բավարար համարել չի կարելի, քանզի ակնկալվում է ավելի մեծ մասնակցություն այս խնդիրներին: Ինչ-որ տեղ հասարակության անբավարար մասնակցությունն այստեղ հենց մարդկանց մի ստվար հատվածի պասիվ դիրքորոշման արդյունք է:

494. Հասարակության անդամները նաև կոնկրետ համայնքների բնակիչներ են: Մի շարք բնակավայրեր տեղադրված են անտառաշատ տարածքներում և կարծես թե այդ բնակավայրերի բնակչությունը ամենասերտ հոգեկան, ֆիզիկական, փոխներգործուն կապի մեջ է գտնվում տվյալ բնակավայրի անտառի հետ: Այսօր անտառային հարցերով հիմնականում որոշումներն ընդունվում են իշխանության բարձր մակարդակներում, բայց ստացվում է այնպես, որ անտառկառավարմանը վերաբերող մի շարք հարցեր ունեն ոչ միայն ազգային պետական այլ նաև տվյալ համայնքների համար համայնքային նշանակություն: Ցանկալի է, որ այս իրողությունը բոլոր դեպքերում հաշվի առնվի և պրակտիկայում ավելի շատ հնարավորություն ստեղծվի նաև համայնքներում քննարկելու անտառկառավարման հարցերը և մասնակցել որոշումների ընդունման գործընթացին:

495. Կոտայքի մարզում համայնքների վարչական սահմաններում գտնվող անտառների կայուն կառավարումն իրականացվում է անտառտնտեսության կողմից: Մեկ անգամ չէ, որ քննարկվել են անտառների կայուն կառավարումը տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնելու խնդիրները: Խնդիրը կարևոր նշանակություն ունի և դեռ ենթակա է քննարկումների: Այստեղ մոտեցումը հետևյալն է` եթե համայնքային անտառկառավարումը կարող է նպաստել անտառի պահպանմանը, ինքնավերականգնմանը և ապահովել օպտիմալություն, ապա անտառների մի մասը համապատասխան համայնքների կառավարմանը հանձնելը կարող է արդյունավետ լինել:

496. Կոտայքի անտառներին լուրջ վնաս հասցրեցին 1990-ական թթ. կատարված անտառհատումները, որոնք պայմանավորված էին տնտեսական ու էներգետիկ ճգնաժամով, կենտրոնացված ջերմամատակարարման բացակայությամբ: Էներգետիկ իրավիճակի բարելավման շնորհիվ անտառհատումները զգալիորեն նվազել են, տեղի է ունենում մարզի բնակավայրերի գազիֆիկացում, որը զգալիորեն կրճատում է բնակչության վառելափայտի պահանջարկը: Գործընթացը հնարավորություն կտա հատկապես անտառներին մոտ գտնվող գյուղերում զգալիորեն կրճատել անտառհատումները և բարձրացնել անտառի ինքնավերականգնման ներուժը:

497. Վերջին տարիներին իրականացված հետևողական աշխատանքների շնորհիվ կտրուկ նվազել են ապօրինի անտառխախտման դեպքերը: Արձանագրված անտառխախտման ակտերի թիվը 2006-2009 թթ. կազմել է 29, որից` 2006 թ.-13, 2007 թ.-5, 2008 թ.-4, 2009 թ.-7:

498. Անտառի պահպանմանը էականորեն կնպաստեն նաև մարզում աղքատության հաղթահարման խնդիրները, բնապահպանական հիմնահարցերին բնակչության իրազեկումը, էկոդաստիարակությունը և այլն:

499. Մարզի դիրքը և ռելիեֆը նպաստել են կենսաբազմազանության մեծ տեսականու, էնդեմիզմի բարձր մակարդակի և հարուստ ագրոկենսաբազմազանության ձևավորմանը: Մարզը Հայաստանի այն տարածքներից է, որն ունենալով հարուստ և ինքնատիպ կենսաբազմազանություն, միաժամանակ ենթարկվում է վտանգող մարդածին և տեխնածին մի շարք գործոնների ազդեցությանը: Այդ ազդեցության հետևանքով տեղի են ունենում բնական միջավայրի, էկոհամակարգերի և դրանց համակեցությունների տեսակային կազմի փոփոխություն, ընդհուպ առանձին տեսակների ոչնչացում, կենսառեսուրսների գերօգտագործում, աղտոտում: Մարզում ԲՀՊՏ-ը (բնության հատուկ պահպանվող տարածքներ) այդ թվում` արգելավայրեր, բնության հուշարձաններ կազմում են Կոտայքի մարզի մակերեսի մոտ 10%-ը: Լանդշաֆտային և կենսաբանական հարուստ բազմազանություն և բնական էկոհամակարգերի վրա անտրոպոգեն ու տեխնոգեն ակտիվ ճնշում ունեցող մարզի համար պահպանվող տարածքների պահպանությունը դեռևս անբավարար է: 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ Կոտայքում գործում են «Արզականի և Մեղրաձորի», «Բանքսի սոճու» և «Հանքավանի» ջրաբանական արգելավայրերը (Հավելված 10-1): Կոտայքի մարզի բնության հուշարձանների ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 2008 թ. օգոստոսի 14-ի թիվ 967 որոշմամբ, որը խմբագրվել է ՀՀ կառավարության 2009 թ. հունվարի 8-ի թիվ 53 որոշմամբ: Ըստ նոր խմբագրված տարբերակի մարզում կա ՀՀ բնության 33 հուշարձան, որից` 20-ը` երկրաբանական, 5-ը ջրաերկրաբանական, 4-ը` ջրագրական, 1-ը` բնապատմական, 3-ը` կենսաբանական (Հավելված 10-2):

500. Վերոնշյալ բոլոր հարցերի վերաբերյալ մարզպետարանում պարբերաբար անց են կացվում քննարկումներ, որոնց արդյունքում ձևավորված կարծիքները, առաջարկությունները ներկայացվում են ՀՀ կառավարությանը, իրավասու պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին:

 

10.3 Ջրային ավազան

 

501. Մարզի ջրային ավազանը բավականին հարուստ է: Մարզի տարածքով են հոսում Հրազդան, Մարմարիկ, Մեղրաձոր, Ծաղկաձոր, Դալար, Արջաձոր, ինչպես նաև Գետառ և Ազատ գետերը: Այստեղ են գտնվում նաև Ակնա լիճը, Սևաբերդի (չգործող), Մարմարիկի (կառուցման փուլում գտնվող) և Ախպարայի ջրամբարները:

502. Ստորև ներկայացվում է գետերի, լճերի և ջրամբարների համառոտ բնութագրերը.

 

Աղյուսակ 10.3 Գետեր

 

._________________________________________.

|Անվանումը |Ջրհավաք մակերեսը|Երկարությունը|

|          |   (քառ. կմ)    |             |

|__________|________________|_____________|

|Հրազդան   |      2560      |    141      |

|__________|________________|_____________|

|Մարմարիկ  |       427      |     42      |

|__________|________________|_____________|

|Մեղրաձոր  |       104      |     15      |

|__________|________________|_____________|

|Դալար     |        90      |     14      |

|__________|________________|_____________|

|Արջաձոր   |        21      |     11      |

._________________________________________.

 

Աղյուսակ 10.4 Լճեր և ջրամբարներ

 

._____________________________________________________.

|Անվանումը               |Ծավալը   |Հայելու |Բարձր.   |

|                        |(մլն. մ3)|մակերեսը|ծովի մակ.|

|                        |         |  (հա)  |         |

|________________________|_________|________|_________|

|Ախպարայի (ջր)           |      2.5|      55|     1695|

|________________________|_________|________|_________|

|Մարմարիկի (ջր)          |       24|     180|     1903|

|________________________|_________|________|_________|

|Սևաբերդի  (ջր)          |        6|      37|     2000|

|________________________|_________|________|_________|

|«Սագերի» լիճ/Ղազի գյոլ  |     0.25|     6.5|     2202|

|________________________|_________|________|_________|

|«Ակնա» լիճ              |        5|      50|     3030|

|________________________|_________|________|_________|

|«Բազմալիճք» լիճ (Բիշար) |     0.24|     2.9|     3066|

|________________________|_________|________|_________|

|«Լուսնալիճ» լիճ (Զեյնալ)|     0.11|    1.25|     2989|

._____________________________________________________.

 

503. Մարզը հարուստ է իր քաղցրահամ ջրերի աղբյուրներով (Գառնիի, Կաթնաղբյուրի, Սոլակի, Ալափարսի, Նուռնուսի, Արզականի, Գյումուշի, Մաքրավանի), որոնք խմելու ջրով ապահովում են ոչ միայն մարզի բնակավայրերը, այլ նաև Երևան քաղաքը: 2008 թ. կատարված գույքագրման տվյալներով մարզում առկա են 440 բնաղբյուրներ և շուրջ 200 խորքային հորեր, որոնցից շահագործվում է շուրջ 60 տոկոսը:

504. Առավել հզորությամբ աղբյուրները օգտագործվում են ջրամատակարար ընկերությունների, իսկ մնացածը համայնքների և մի շարք տնտեսավարողների կողմից: Սակայն անմխիթար վիճակում են գտնվում հատկապես լեռնային և անտառային գոտու բնակավայրերի խմելու ջրի ակունքները, որոնք ցանկացած պահի կարող են աղտոտվել տարբեր տեսակի վնասակար նյութերով:

505. Հրազդան քաղաքում ջրատարների երկարությունը, որը կազմում է շուրջ 300 կմ, իրենց մաշվածության պատճառով ունեն բազմաթիվ վթարներ, նորմալ չեն գործում կոյուղատարները` կեղտաջրերը լցվում են առուները և Հրազդան գետը` տեղափոխվում Ախպարայի ջրամբար:

506. Համաշխարհային բանկի միջոցներով 5.8 մլն ԱՄՆ դոլար է տրամադրվել Հրազդան քաղաքում 2010 թ. իրականացնելու 120 կմ ջրատարների վերանորոգում, իսկ գումարի շուրջ երեք տոկոսը կոյուղատարների վերականգնման համար:

507. Իսկ Հազարամյակների մարտահրավերների հիմնադրամի փորձագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հրազդանի տարածաշրջանում ժամանակակից մաքրման կայանի կառուցման համար անհրաժեշտ կլինի շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար, դրա հետ մեկտեղ կարող է վերականգնվել նաև նախկին մաքրման կայանի կենսաբանական մաքրման տանկերները:

508. 2009 թվականի դրությամբ մարզում ջրօգտագործման թույլտվություններ են տրված 131 տնտեսավարող սուբյեկտների, որոնցից միայն 44-ը քաղցրահամ ջրերի աղբյուրների համար: Այսինքն կարելի է փաստել, որ զգալի թվով համայնքներ, հանգստյան տներ և այլ տնտեսավարողներ մինչև օրս չունեն ջրօգտագործման թույլտվություններ, այն դեպքում, երբ վերջին տարիներին այդ մասին բազմիցս զգուշացվել է:

509. Ջրերի էկոլոգիական պահպանության առաջնահերթ խնդիրներից է մնում կեղտաջրերի մաքրման և հեռացման աշխատանքների կազմակերպումը: Մարզում մաքրման կայանների բացակայության և կոյուղատարների վթարների հետևանքով կեղտաջրերը վերջնականապես հեռացվում են Դալար, Ծաղկաձոր, Մարմարիկ, Հրազդան գետերի միջոցով:

510. Վերջին տարիներին փորձ է արվում գոնե լուծել հանգստյան տներից դուրս եկող կեղտաջրերի մաքրման հարցը: 2009 թ. հուլիսի 29-ին մարզպետի մոտ հերթական անգամ քննարկվել է մարզի հանգստյան գոտիներում սեպտիկ հորերի տեղադրման խնդիրների մասին հարցը, որին մասնակցել են բնագավառի պատասխանատուներ, համայնքապետեր և շուրջ երկու տասնյակ հանգստյան տան տնօրեններ: Քննարկման ընթացքում հրավիրված մասնագետների կողմից ներկայացվել է ժամանակակից լոկալ մաքրման կայանների նախագծեր: Միաժամանակ առաջարկվել է արձագանքելու և դրանց տեղադրման վերաբերյալ գործնական քայլեր ձեռնարկելու համար: Մինչ օրս այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացրել` «Արտուրս» ՍՊԸ, «Աղվերան Հոթել» ՓԲԸ, «Նալ» ՍՊԸ հանգստյան տները:

511. Այնուամենայնիվ լուծելով լոկալ մաքրման կայանների տեղադրման հարցը խիստ անհրաժեշտություն կա Հրազդանի տարածաշրջանում կառուցելու նոր հզոր մաքրման կայան, դրա հետ մեկտեղ վերականգնելով Հանքավանի և Ծաղկաձորի կոյուղու կոլեկտորները, որը հնարավորություն կտա տարածաշրջանում վերջնականապես լուծելու ջրային ավազանները կեղտաջրերից զերծ պահելու հարցը:

 

10.4 Ընդերք, բնական ռեսուրսներ

 

512. Մարզը հարուստ է օգտակար հանածոների` ոսկու, ալյումինի, երկաթի, պերլիտի, մարմարի, գրանիտի, լիտոիդային պեմզայի, նեֆելինային սիենիտների, անդեզիտաբազալտների, հրաբխային խարամների, քարաղի, զանազան շինարարական նյութերի, ինչպես նաև հանքային ջրերի 3 խոշոր հանքավայրերով (Հանքավան, Բջնի, Արզնի):

513. 2009 թ. դրությամբ մարզում հանքարդյունահանման լիցենզիաներ են տրված թվով 65 գործող և չգործող հանքավայրերի տեղամասերի համար, որոնք պատկանում են 54 տնտեսվարող սուբյեկտների, որոնցից շահագործվել են 35-ը. չեն շահագործվել 8-ը, իսկ մնացած 22-ը գտնվում են փաստաթղթային ձևակերպումների փուլում:

514. Հանքային ջրերի հանքավայրերից լիցենզիաներ են տրամադրված Արզնիի և Բջնիի համար, որոնցից ներկայումս առավել քանակի շշալցումներ իրականացվում է Արզնի գործարանի կողմից, հանքային ջուրը օգտագործվում է նաև բուժական նպատակներով: Իսկ Հանքավան հանքային ջրի օգտագործման համար որևէ տնտեսավարող մինչև օրս հայտ չի ներկայացրել:

515. Անտառներով համեմատաբար հարուստ Կոտայքը գտնվում է որոշակի հակասական վիճակում` մի կողմից առկա են հարուստ և գեղատեսիլ անտառներ, իսկ մյուս կողմից` հանքային պաշարներով` մետաղներով, քարերով հարուստ ընդերքի հետագա հանքարդյունահանումը իր սոցիալ-տնտեսական դրական հետևանքների հետ մեկտեղ մարզում կարող է առաջացնել բնապահպանական բազում խնդիրներ:

516. Գործող հանքարդյունաբերությանը զուգահեռ իրականացվում է նաև հանքային պաշարների հետազոտություն և գնահատում, որը կարող է մարզի տարածքում փոխել հանքարդյունաբերության աշխարհագրությունը: Հանքարդյունաբերության տեղաշարժը, կլուծի բազմաթիվ ռազմավարական հարցեր, բայց էկոլոգիական տեսանկյունից լուրջ մտահոգությունների պատճառ է, քանի որ` որքան շատանան հանքավայրերը, այնքան կմեծանա շրջակա միջավայրի աղտոտվածությունը, բնական լանդշաֆտների քայքայումը և չվերականգնումը, կվտանգվի անտառների հետագա գոյությունը:

517. Երկրաբանահետախուզական աշխատանքներ են կատարվում բազմամետաղային, ոսկու, պղինձ-մոլիբդենի պաշարների հաստատման և վերագնահատման ուղղությամբ:

518. Վերջին տարիներին մետաղական օգտակար հանածոների շահագործման նպատակով Հանքավանի և Արզականի գոտիներում ուսումնասիրության լիցենզիաներ են ստացել թվով 5 կազմակերպություններ, որոնք ներկայացված են աղյուսակ 10.5-ում.

 

Աղյուսակ 10.5.

 

.________________________________________________________________.

|ՀՀ| Կազմակերպության|    Օբյեկտի անվանումը    |ՈՒսումնասիրության |

|  | անվանումը      |                         |լիցենզիայի N-ը,   |

|  |                |                         |տրման ամսաթիվը    |

|__|________________|_________________________|__________________|

|1 |«ԳԷՉԱՊ» ՍՊԸ     |Աղվերանի բազմամետաղային  |269; 04.06.2007 թ.|

|  |                |հանքերևակում             |                  |

|__|________________|_________________________|__________________|

|2 |«Պարամաուտ-Գոլդ-|Մեղրաձորի ոսկու          |275; 22.12.2006 թ.|

|  |Մայնինգ» ՓԲԸ    |հանքավայրի Լուսաջուրի    |                  |

|  |                |տեղամաս                  |                  |

|__|________________|_________________________|__________________|

|3 |«Վարդազատ» ՍՊԸ  |Բջնի-Արզականի            |268; 30.05.2007 թ.|

|  |                |բազմամետաղային երևակում  |                  |

|__|________________|_________________________|__________________|

|4 |«Լուլիար» ՍՊԸ   |Արզականի ռութիլի         |Հ-61; 30.01.2008թ.|

|  |                |(տիտանի) երևակում        |                  |

|__|________________|_________________________|__________________|

|5 |«Գոլդեն Օրե» ՍՊԸ|Հանքավանի պղինձ-մոլիբդենի|224; 01.06.2006 թ.|

|  |                |հանքավայրի վերագնահատում |                  |

.________________________________________________________________.

 

519. Քիչ չեն նաև ընդերքօգտագործման պատճառով բնությանը և շրջակա միջավայրին հասցված վնասները` կապված հանքանյութով գերբեռնված, առանց թրջելու և ծածկոցի մեքենաների երթևեկության հետ: Երևույթը շատ ավելի ակնառու է Երևան-Սևան մայրուղու հատվածում: Տարիներ շարունակ այս հարցը բանավոր և գրավոր ձևով բարձրացվել է տարածքային բնապահպանական բաժնի առջև, սակայն իրականացված աշխատանքները դեռևս ցանկալի արդյունք չեն տվել:

520. Արդեն 5-րդ տարին է, ինչ հանքային իրավունք կրողների կողմից սահմանված չափով հատկացումներ են կատարվում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին, սակայն մինչև օրս որևէ տեղամասում չեն իրականացվել ռեկուլտիվացիոն աշխատանքներ:

 

10.5 Թափոնների կառավարում

 

521. Մարզում բնապահպանական առումով խիստ պրոբլեմատիկ խնդիր է մնում թափոնների տարերայնորեն տեղադրման, անկանոն աղբահանության և աղբավայրերի ոչ կանոնակարգված ձևով օգտագործման հարցը: «Թափոնների մասին» և ՏԻՄ ՀՀ օրենքներով աղբահանությունը և աղբահեռացումը դիտվում է որպես տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիր, սակայն ներկա դրությամբ համայնքների կողմից այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները դեռևս հեռու են բավարար լինելուց: Վերջին տարիներին կատարված քննարկումների ժամանակ մանրամասնորեն վեր է հանվել համայնքներում տիրող իրավիճակը և առաջարկություններ արվել թերությունների վերացման ուղղությամբ, ինչպես նաև հարց է բարձրացվել միջհամայնքային օրինական աղբավայրեր ստեղծելու վերաբերյալ:

522. Մարզպետի 20.03.09 թ. թիվ 33 կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հսկողություն է իրականացնում աղբահեռացման աշխատանքների կատարման նկատմամբ և անհրաժեշտության դեպքում կարծիք ներկայացնում մարզպետին թերացող համայնքապետերին վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

523. Մարզում կան պաշտոնական 4 խոշոր աղբավայրեր, որոնք շահագործվում են Հրազդան, Աբովյան, Եղվարդ, Չարենցավան համայնքների կողմից, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 35 հա: Միաժամանակ տվյալ աղբավայրերից օգտվում են մի շարք հարակից համայնքներ: Չարտոնագրված աղբավայրերից օգտվում են Բյուրեղավան քաղաքը և շուրջ երեք տասնյակ գյուղական համայնքներ` Մեղրաձոր, Մարմարիկ, Աղավնաձոր, Ջրառատ, Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ, Ֆանտան, Կապուտան, Կոտայք, Ակունք, Զառ, Գեղաշեն, Կամարիս, Արամուս, Ձորաղբյուր, Գառնի, Գողթ, Գեղարդ, Հացավան, Գեղադիր, Նոր Գեղի, Քանաքեռավան, Զովունի, Քասախ, Պռոշյան, Զորավան, Արագյուղ, Բուժական, Քարաշամբ, իրենց իսկ կողմից ընտրված տարածքներում` ընդհանուր առմամբ շուրջ 25 հա:

524. Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի կողմից 2008 թ. սեպտեմբերին կատարված ուսումնասիրությունների արդյունքներով հավանության է արժանացել Հրազդանի տարածաշրջանում միջհամայնքային սանիտարական պոլիգոն (աղբավայր) կառուցելու գաղափարը, որի նախագծումը ընդգրկվել է բանկի 2010 թ. ծրագրում, իսկ կառուցումը նախատեսված է իրականացնել 2011 թվականին: Նախնական գնահատականով ներդրման չափը կկազմի մինչև 10 մլն եվրո:

 

10.6 Օդային ավազան

 

525. Այն աղտոտվում է հիմնականում արդյունաբերական ձեռնարկությունների, ասֆալտի գործարանների, ավտոտրանսպորտի արտանետումներից: Մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգի արդյունքներով` Հանրապետության առավել աղտոտված բնակավայրերի ցանկում Կոտայքի մարզի քաղաքներից նշվում է Հրազդանը, նկատի ունենալով Հրազդանի ՋԷԿ-ի և ցեմենտի գործարանի առկայությունը: Վերջին երեք տարիներին «Միկա Ցեմենտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են մթնոլորտի աղտոտման նվազեցման ուղղված կազմակերպչական-տեխնիկական միջոցառումներ: Սակայն այդ ուղղությամբ կատարված ներդրումները առայժմ բավարար չեն կտրուկ նվազեցնելու թույլատրելի սահմանային նորմերը: Կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ Հրազդան քաղաքի մեկ ստացիոնար դիտակայանից վերցված ցեմենտի փոշու պարունակության որոշման համար միջին ամսեկան կոնցենտրացիան վերջին երեք տարիների համար գերազանցել է 2-4 անգամ, որը հավաստի լինել չի կարող մեկ դիտակայանի առկայության պայմաններում:

526. Մարզի ասֆալտի գործարանների կողմից արտանետումները սահմանային թույլատրելի նորմաներում ապահովելու նպատակով մշտապես հսկողություն է իրականացվում, որպեսզի աշխատեցվեն ֆիլտրող սարքավորումները, միաժամանակ պահանջներ ներկայացնելով դրանց վերազինման ուղղությամբ:

527. Ստացիոնար աղբյուրներից արտանետումների կրճատման համար հեռանկարային լուծումը բնապահպանական տեսակետից նախընտրելի տեխնոլոգիաների ներդրման համար պետության կողմից նպաստավոր միջավայրի քաղաքականության մշակումն է: Մարդկանց առողջության և կյանքի որակի ապահովման համար կարևորվում է նաև քաղաքներում կանաչ տարածքների, ռեկրեացիոն գոտիների պահպանման և համաչափ զարգացման խնդիրը, որը առավել կարևորվում է ամառվա ամիսներին ջերմային սթրեսներին հարմարվելու համար:

528. Մթնոլորտի պահպանության բնագավառում օրենսդրական բազան պահանջում է կատարելագործում, հատկապես ենթաօրենսդրական ակտերի բնագավառում (նորմատիվային և մեթոդական ակտեր և հրահանգներ):

529. Անհրաժեշտ է բարելավել մթնոլորտի աղտոտվածության դիտանցի համակարգը` ընդլայնելով չափվող նյութերի ցանկը և միաժամանակ արդյունքների հուսալիությունը բարձրացնելու համար ավելացնել նաև դիտակետերի թիվը, ընդգրկելով նաև առավել մեծ վնասակար արտանետումներ ունեցող ձեռնարկությունների շրջակայքում հատուկ դիտարկումների կազմակերպումը:

 

10.7 Հողային ռեսուրսներ

 

530. Մարզի բնակլիմայական պայմանները և Երևան քաղաքին մոտ գտնվելը էապես նպաստում է հողի բերրի շերտի անօրինական տեղափոխումներին: Երևույթը հատկապես առկա է Հրազդան, Ֆանտան, Ջրաբեր, Կապուտան, Կոտայք համայնքներում: Չնայած մարզպետարանի և բնապահպանական տարածքային բաժնի կողմից իրականացված համատեղ միջոցառումներին և մի շարք անձանց նկատմամբ կիրառված տույժ-տուգանքներին (2009 թ. 6 քաղաքացիների նկատմամբ կիրառվել է 780.0 հազար դրամ տույժ տուգանք) դեռևս հարցը մնում է չկարգավորված և այն չի իրականացվում ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի 19-ին ընդունված թիվ 1622 որոշմամբ հաստատված «Հողի բերրի շերտի օգտագործման կարգի» պահանջներով:

531. Հողի բերրի շերտի արտադրության և պահպանության գործում կարևոր դեր են խաղում մարզի անտառածածկ տարածքները, որոնք վերջին քսան տարիների ընթացքում ենթարկվել են անթրոպոգեն և բնական խաթարման: Անտառների ինտենսիվ հատումների հետևանքով խիստ ակտիվացել են սելավասողանքային և էռոզիոն երևույթները:

532. Գյուղատնտեսական նշանակության հողատեսքերին մեծ վնաս է պատճառում նաև անկանոն և տարերային ձևով առաջացող աղբավայրերը, որոնք բացի կենցաղային և շինարարական աղբից պարունակում են ազբեստ պարունակող թափոններ, մեքենաների կմախքներ, մարտկոցներ, նավթամթերքների արգասիքներ, թունաքիմիկատներ և այլն:

Վերը նշված հանգամանքը ոչ միայն վտանգավոր է դարձնում տվյալ հողատարածքի օգտագործումը, այլև աղբավայրի թունավոր նյութերը տարալուծվելով մակերեսային և ստորերկրյա ջրերի մեջ սպառնալիք են առաջացնում մոտակա ջրային ռեսուրսներից օգտվող ազգաբնակչության և կենդանական աշխարհի համար:

533. Լուրջ սպառնալիք են հանդիսանում աղբավայրերից և ազգաբնակչության կողմից դեպի շրջակա միջավայր թափանցող պոլիէթիլենային և պլաստմասսե թափոնները, որոնք հողում չեն քայքայվում և տարիների ընթացքում առաջացնում են մեկուսացնող շերտ, դրանով իսկ փոխելով հողի բնականոն ռեժիմը:

 

10.8 Բնապահպանության ոլորտի խնդիրները և ռազմավարությունը

 

534. Կոտայքի մարզում բնապահպանության ոլորտում անհրաժեշտ է իրականացնել հետևյալը.

1) Տնտեսական աճին զուգընթաց լավագույն, բնապահպանական տեսակետից անվտանգ և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրման խթանում` ապահովելով վնասակար արտանետումներ ունեցող հին տեխնոլոգիաների դուրսմղումը:

2) Զբոսաշրջության և էկոտուրիզմի զարգացում, որը կնպաստի մարզի էկոհամակարգերի պահպանությանը:

3) Լքված և չշահագործվող հանքավայրերի էկոլոգիական իրավիճակի բարելավմանը նպատակաուղղված ռեկուլտիվացիայի ծրագրերի իրականացում, որն անհրաժեշտ է ջրային ռեսուրսների և հողերի հետագա աղտոտումը կանխարգելելու և բնական էկոհամակարգերը վերականգնելու համար:

4) Բնապահպանական հիմնախնդիրների լուծման մեջ համայնքների մասնակցության ուժեղացում, դրանց լուծման ուղիների վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկության բարձրացում: Անհրաժեշտ է կազմակերպել միջոցառումներ, որոնք կնպաստեն համայնքների մասնակցության ակտիվացմանը ԲՀՊՏ կառավարման գործընթացներում, քանի որ այդ տարածքների համար սահմանված ռեժիմը համեմատաբար մեծ հնարավորություններ է ստեղծում տնտեսական մեխանիզմների կիրառման համար: Մասնավորապես կարևորելով զբոսաշրջության ոլորտի զարգացումը ընդհանուր տնտեսական զարգացման մեջ, անհրաժեշտ է աջակցել համայնքների նախաձեռնություններին` էկոտուրիզմի զարգացման և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման նպատակով:

5) Էկոլոգիական կրթության մեջ մարզի կրթական հիմնարկների, հանրակրթական դպրոցների, մարզի բնապահպանական կառավարման համակարգի ներառում:

6) Այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառում, այդ թվում` ՓՀԷԿ-երի շահագործման խթանում, թռչնաաղբից կենսագազի ստացման ծավալների ավելացում:

7) Մարզի գազամատակարարման ցանցի ընդլայնում: Դեռևս տնային տնտեսությունների կողմից որպես ջեռուցման հիմնական միջոց է դիտվում վառելափայտը, որը, որպես կանոն, հատվում է անտառամերձ բնակավայրերի բնակիչների կողմից և դրանով իսկ զգալի վնաս է հասցվում այդ տարածաշրջանների շրջակա միջավայրին: Անտառամերձ գյուղերի գազիֆիկացումը այս առումով պետք է առաջնահերթ համարվի

8) Բնական լանդշաֆտների պահպանության նպատակով անհրաժեշտ հսկողության սահմանում:

9) Արոտավայրերի և խոտհարքերի ռացիոնալ կառավարում: Ներկայումս մանր գյուղացիական տնտեսությունները, ֆինանսների և կազմակերպված կոոպերացիայի բացակայության պատճառով, հիմնականում չեն կարողանում իրենց փոքր հոտերը քշել հեռավոր ամառային արոտավայրեր և ստիպված են օգտագործել միայն գյուղամերձ կերահանդակները: Արդյունքում վերջիններս գտնվում են գեր ծանրաբեռնվածության տակ` առաջացնելով էռոզիոն երևույթներ:

10) Բնապահպանական որոշումների կայացման գործում հասարակության մասնակցության ընդլայնում: Այդ առումով մարզի Հրազդան և Եղվարդ քաղաքներում գործող «Օրհուս» կենտրոնների աշխատանքների ակտիվացում և ՀԿ-ների հետ սերտ համագործակցության ապահովում:

11) Համայնքային անտառկառավարման կիրառում մարզի անտառամերձ համայնքներում: Հանրապետությունում նախապատրաստվում են փորձնական ծրագրեր, որոնց հետագա գնահատումը հիմք կհանդիսանա համայնքային անտառկառավարման եղանակների և ծավալների սահմանման համար: Այս գործընթացը պետք է ընթանա տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների համագործակցության նորարարական մեխանիզմների կիրառման ճանապարհով:

12) Մարզի տարածաշրջաններում որսահանդակների ստեղծում, որը հնարավորություն կտա որսը կազմակերպել միայն սահմանված վայրերում և կնպաստի կենսաբազմազանության պահպանմանը

13) Բնության հատուկ պահպանվող նոր տարածքների ստեղծում:

14) Կենցաղային կոշտ թափոնների կենտրոնացված աղբավայրերի կառավարման պլանների մշակում և վերամշակման համար բիզնես ծրագրերի մշակում: Մարզի քաղաքներում արտադրական և կենցաղային թափոնների կառավարման` հավաքման, տեսակավորման և կազմակերպված վնասազերծման խնդիրը կարևորվում է ինչպես անմիջական վնասի կանխարգելման, այնպես էլ հողային ռեսուրսների և ջրային ավազանների աղտոտման հետևանքների վերացման համար հետագայում պահանջվող խոշոր ներդրումների անհրաժեշտությամբ: Գործնականում արդյունաբերական թափոնները և շինարարական աղբը կոշտ կենցաղային թափոնների հետ հեռացվում են քաղաքային և գյուղական աղբավայրեր: Համապատասխան նորմատիվամեթոդական փաստաթղթերի բացակայության պայմաններում աճում է կոշտ աղբի կուտակիչների և աղբավայրերի առկա վիճակի բացասական ազդեցության հավանականությունը բնակչության առողջության և շրջակա բնական միջավայրի, հատկապես` հողի վրա: Աղբահավաքման եղանակները և կիրառվող ենթակառուցվածքը ստանդարտից ցածր են, որի արդյունքում տեղի են ունենում աղբի մեծ կուտակումներ, աղբը հաճախ չի հեռացվում, առաջանում են սանիտարահիգիենիկ անբարենպաստ պայմաններ:

15) Թափոնների հեռացման համակարգի կատարողականության բարելավման համար անհրաժեշտ է մշակել նշված համակարգի արդիականացման ռազմավարական ծրագիր, որը ենթադրում է աշխատանքների իրականացում մի քանի ուղղություններով` խոշոր բնակավայրերի հատակագծերով նախատեսված աղբավայրերի կառավարման պլանների մշակում, առաջնահերթ նվազագույն ներդրումներ պահանջող բարելավման և ցանկապատման աշխատանքների իրականացում, միջհամայնքային աղբավայրերի նախագծում և դրանց շահագործման համար տեխնիկական միջոցների տրամադրում, աղբամշակման գործարանի կառուցում:

Միաժամանակ պետք է ուժեղացնել վերահսկողությունը համայնքների տարածքների սանիտարական վիճակի նկատմամբ: Անհրաժեշտ է ձեռնարկել միջոցառումներ ՀՀ-ում գործող կենցաղային կոշտ թափոնների գործածության վերաբերյալ սանիտարական օրենսդրության պահանջների կատարման, այդ թվում պահանջվող կառուցվածքի աղբատար մեքենաների, կափարիչով կոնտեյներների ձեռք բերման, սանիտարական և շինարարական նորմերին համապատասխան աղբավայրերի կառուցման ուղղությամբ:

16) Մարզի համայնքներում սահմանված կարգով համապատասխան վայրերում աղբավայրերի ստեղծում և օրինական շահագործում:

Մարզի վարչական տարածքի սահմաններում չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացմանը (լիկվիդացմանը) ուղղված միջոցառումների կազմակերպում:

17) Օդային և ջրային ավազանի աղտոտվածության քիմիական վերլուծության շրջիկ լաբորատորիայի ձեռքբերում, որը հնարավորություն կտա կատարել մի շարք բնապահպանական վերլուծություններ:

18) Մարզի բնապահպանական հիմնախնդիրներից է կեղտաջրերի մաքրման և հեռացման աշխատանքների կազմակերպումը և այդ առումով անհրաժեշտություն է Հրազդանի տարածաշրջանում կառուցել մեկ հզոր մաքրման կայան: Հանքավան-Հրազդան կոյուղատար կոլեկտորի վերանորոգումը: Ծաղկաձոր քաղաքի կոյուղատարի շարունակությունը և գլխավոր կոլեկտորին միացնելու խնդիրը:

19) Մարզի առողջապահական և հանգստի գոտիների, գետերի և վտակների անաղարտ պահպանման խնդիրները: Այդ նպատակով իրականացնել հանգստյան գոտիներում գտնվող հանգստյան տներից դուրս եկող կեղտաջրերի մաքրման աշխատանքներ` կառուցելով ժամանակակից լոկալ մաքրման կայաններ:

20) Հողերի պահպանության ոլորտում հասնել հողերի դեգրադացիայի նվազեցմանը և կանխարգելմանը, այդ նպատակով իրականացնել հակաէռոզիոն, հակասողանքային, մելիորատիվ և խախտված հողերի վերականգնման միջոցառումներ:

21) Մարզից հողի բերրի շերտի տեղափոխման գործում առկա անօրինականությունների վերացումը:

22) Հսկողության տակ պահել ընդերքի արդյունահանման փաստաթղթային օրինականությունը և պայմանագրային կետերի կատարումը, ինչպես նաև հանքարդյունահանող ձեռնարկությունների կողմից մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը:

23) Մարզի որսահանդակներում վայրի կենդանիների ապօրինի որսի բացառումն ու այդ ուղղությամբ հետևողական պայքարի կազմակերպումը:

24) Սերտ համագործակցության ապահովում բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժնի հետ, աշխատանքների կատարումը համադրելով համատեղ մշակված տարեկան աշխատանքային ծրագրի շրջանակներում, որի արդյունքում իրականացված միջոցառումները կնպաստեն մարզում առկա բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը և թերությունների ժամանակին վերացմանը:

535. Բնապահպանության ոլորտի ֆինանսավորումը ներկայացված է համապատասխան աղյուսակում:

 

11. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

 

536. ՀՀ Կոտայքի մարզի քաղաքաշինության ոլորտի զարգացման 2011-2014 թթ. ծրագրերում ընդգրկված են հետևյալ խնդիրները.

1) Դպրոցաշինություն և հիմնանորոգում

2) Մշակույթի շենքերի հիմնանորոգում

3) Առողջապահական և վարչական շենքերի հիմնանորոգում

4) Մարզի Ողջաբերդ գյուղի երրորդ և չորրորդ աստիճանի վնասվածության շենքերի աջակցություն չստացած բնակիչների բնակարանային խնդիրների բարելավում

5) Վթարային բազմաբնակարան շենքերի ամրացման, հարթ տանիքների վերանորոգման խնդիրներ

6) Մարզի գյուղական համայնքների տարածական պլանավորման փաստաթղթերի (գլխավոր հատակագծերի և գոտիավորման նախագծերի) մշակման խնդիրներ

 

11.1 Քաղաքաշինության ոլորտի իրավիճակի վերլուծություն

 

2006-2009 թթ. Կոտայքի մարզում պետական բյուջեից ներդրված միջոցներ

 

Աղյուսակ 11.1

 

.________________________________________________________________.

|հ/հ|Պատվիրատու                 |2006 թ.|2007 թ.|2008 թ.|2009 թ. |

|   |                           |(մլն.  |(մլն.  |(մլն.  |(մլն.   |

|   |                           |դրամ)  |դրամ)  |դրամ)  |դրամ)   |

|___|___________________________|_______|_______|_______|________|

|1  |Կոտայքի մարզպետարանի       |  300.0|  752.4|  791.4|  606.82|

|   |պատվիրատվությամբ           |       |       |       |        |

|___|___________________________|_______|_______|_______|________|

|2  |ՀՀ քաղաքաշինության         |  887.0|  927.3| 1465.4|  1566.4|

|   |նախարարության              |       |       |       |        |

|   |պատվիրատվությամբ           |       |       |       |        |

|___|___________________________|_______|_______|_______|________|

|   |Ընդամենը                   | 1187.0| 1679.7| 2256.8| 2173.22|

.________________________________________________________________.

 

537. Կոտայքի մարզի քաղաքաշինության ոլորտում, որպես աղքատության նվազեցման կարևորագույն գործոն, զարգացման գերակա նպատակը հանդիսանում է բնակչության կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորումն ու քաղաքաշինական միջոցներով բնակչության կյանքի որակի հետևողական բարելավումը: Զարգացման գերակա նպատակ է հանդիսանում նաև մարզում առկա առողջապահական, հանգստի, սպորտային կենտրոնների զարգացումը, ագլոմերացիոն խմբավորումների կայացումը, ինչպես մարզի, այնպես էլ հանրապետության և միջազգային մասշտաբի տուրիզմի զարգացման հեռանկարային առումով:

538. 1988 թվականի երկրաշարժից հետո վերանայվեցին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի սեյսմիկ պայմանները, որի արդյունքում երկրաշարժից սեյսմիկ ազդեցության գնահատականը բարձրացվել է 1-2 բալով: Այդ կապակցությամբ մարզում ոլորտի զարգացման կարևորագույն ուղղությունն է համարվում շինությունների սեյսմոկայունության և հուսալիության ապահովումը, սողանքային գոտիների ակտիվության դեմ միջոցառումների ուսումնասիրումը և հետագա աշխատանքների կազմակերպումը:

539. 1996-2009 թվականներից սկսած Ողջաբերդ գյուղի սողանքային գոտում գտնվող 3-րդ-4-րդ վնասվածության աստիճան ունեցող տների սեփականատերերին, պետբյուջեից աջակցություն են ստացել 137 ընտանիքներ, դեռևս աջակցության են սպասում 146 ընտանիքներ:

540. Ողջաբերդ գյուղի տարածքը «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ՓԲԸ-ի կողմից ուսումնասիրության է ենթարկվել 2002 թվականին և կազմվել գյուղի բոլոր շինությունների ֆիզիկական վիճակի գնահատման նկարագիր: Մինչ այժմ աջակցություն են ստացել 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շինությունների սեփականատերերը:

541. Վերջին տարիներին 2-րդ և 3-րդ աստիճանի վնասվածության գնահատված շենքերի ներկայիս վիճակը մեծ փոփոխությունների է ենթարկվել: Անհրաժեշտ է նոր ուսումնասիրություն, որը և հիմք կհանդիսանա մնացած շինությունների սեփականատերերին աջակցություն տալու ժամանակ:

542. Մարզի քաղաքաշինության ոլորտի օրինաչափ զարգացման համար շատ կարևոր է նաև բնակավայրերի գլխավոր հատակագծերի առկայությանը: Մինչև 2010 թվականը նոր գլխավոր հատակագծեր մշակվել են Աբովյան, Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Եղվարդ քաղաքային համայնքների և Արզնի, Արզական, Հանքավան, Գառնի, Արտավազ, Ջրվեժ գյուղերի համար:

543. Արզնի, Արզական, Հանքավան և Արտավազ համայնքների գլխավոր հատակագծերը ֆինանսավորվել են ՀՀ պետբյուջեից, ՀՀ Կոտայքի մարզպետարանի պատվիրատվությամբ:

Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Եղվարդ և Գառնի համայնքները ֆինանսավորվել են ՀՀ պետբյուջեից, ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ:

544. Ջրվեժ և Ծաղկաձոր համայնքների գլխավոր հատակագծերի նախագծումը իրականացվել է համապատասխան համայնքների բյուջեի միջոցներով:

545. Մինչև 2000 բնակիչ ունեցող բնակավայրերի պարզեցված տարածական պլանավորման փաստաթղթերի (գլխավոր հատակագիծ) և գոտիավորման նախագծերը կմշակվեն 42 համայնքների համար: Խնդրի իրականացման համար անհրաժեշտ է 164610,6 հազ. դրամ ֆինանսական ներդրում (աղյուսակ 3):

546. 2001-3000 բնակիչ ունեցող բնակավայրերի պլանավորման փաստաթղթեր (գլխավոր հատակագիծ և գոտիավորման նախագծերի) կմշակվեն 14 համայնքների համար, որոնց նախագծերի կազմման համար անհրաժեշտ կլինի 103755,4 հազ.դրամ:

547. Ընդհանուր առմամբ 56 համայնքների գլխավոր հատակագծերի կազմման համար անհրաժեշտ կլինի 268.366,0 հազ. դրամի ներդրում:

548. Մտահոգիչ է նաև կենցաղային կոշտ թափոնների կուտակման, հեռացման և նոր աղբավայրերի կառուցման հարցերը:

549. Հիմնախնդիրները

1) Մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի նախագծում և բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերի ու հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակում:

2) 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, վերականգնման ենթակա, ինչպես նաև քանդման ենթակա վթարային` 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերում բնակվողների անվտանգության և բնակարանային խնդիրների լուծում:

3) Վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսների առկայության և դրանց հետևանքով առաջացած բնակարանային խնդիրների լուծում:

4) Մինչ սեյսմակայուն շինարարական նոր նորմերի ընդունումը (1995 թվական) նախագծված և կառուցված բազմաբնակարան շենքերի հուսալիության ցածր աստիճանը:

5) Բազմաբնակարան ֆոնդի կառավարման, շահագործման և պահպանման հետ կապված հարցեր

6) Կենցաղային կոշտ թափոնների կուտակման, հեռացման և աղբավայրերի կառուցման հարցեր

 

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՒԺԵՂ, ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԻ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՏԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

Աղյուսակ 11.2

._____________________________________________________________________.

|     ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ               |      ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ            |

|   Շինարարական բոլոր            |   Երիտասարդ շինարար մասնագետների   |

|մասնագետների և                  |պատրաստում                          |

|ինժեներատեխնիկական կազմի        |   շինարարության մեջ փոքր           |

|առկայություն, աշխատողների       |մեխանիզացիայի լայնածավալ կիրառում   |

|հագեցվածություն, էժան աշխատուժ  |   Շինարարական մեքենաների           |

|   Բնական քարերի (տուֆ, բազալտ, |վերանորոգման մասնագետների           |

|գրանիտ և  այլն) և  լցանյութերի  |մասնագիտական բազայի ստեղծում        |

|մեծ պաշարներ                    |                                    |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|            ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ        |         ՎՏԱՆԳՆԵՐ                   |

|   Բնական քարերի, հանքերի ոչ    |   Շինարարական ինդուստրիայի,        |

|արդյունավետ և  նպատակային       |աշխատող ձեռնարկությունների թալան,   |

|շահագործում                     |հզորությունների փոշիացում           |

|   Շինարարական                  |   Շինարարական անավարտ օբյեկտների   |

|մասնագիտությունների գծով        |ճակատագրերի անորոշությունը,         |

|երիտասարդ կադրերի պակասը        |որը բերում է դրանց թալանի           |

._____________________________________________________________________.

 

11.2 Քաղաքաշինության ոլորտի զարգացման ռազմավարությունը

 

1) Շինարարական ոլորտի աստիճանական զարգացումը և այդ աշխատանքների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին

2) ՈՒժեղացնել պայքարը ապօրինի շինարարությունների դեմ

3) Բնակավայրերի գլխավոր հատակագծերի նախագծումը և բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերի ու հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակումն իրականացնել համաֆինանսավորման սկզբունքով`պետության մասնակցությամբ:

4) Իրականացնել մինչ սեյսմակայուն շինարարության նոր նորմերի ընդունումը (1995 թվական) նախագծված և կառուցված բազմաբնակարան շենքերի անձնագրավորում,

5) Ոչ աղետի հետևանքով ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրների կարգավորում

6) Բնակավայրերում կենցաղային կոշտ թափոնների կուտակման, հեռացման և աղբավայրերի կառուցման հարցերի կարգավորում

7) Բազմաբնակարան ֆոնդի կառավարման, շահագործման և պահպանման հետ կապված հարցերի կարգավորում:

 

11.3 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

550. Հանրապետությունում մինչև սեյսմակայուն շինարարության նոր նորմերի ընդունումը (1995 թվական) նախագծված և կառուցված բազմաբնակարան շենքերը սեյսմակայունության առումով ներկայումս հուսալի չեն և չեն կարող ապահովել բնակչության անվտանգությունը: Դեռևս ամբողջությամբ լուծված չեն բազմաբնակարան շենքերի կառավարման, շահագործման և պահպանման հետ կապված հարցերը:Հաշվի առնելով մարզում առկա 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի ամրացման կամ վերաբնակեցման համար պահանջվող ներդրումների զգալի ծավալները և հանրապետության ներկայիս տնտեսական հնարավորությունները, ենթադրվում է, որ վերականգնման-ուժեղացման միջոցառումները պետք է իրականացվեն փուլ առ փուլ, ելնելով շենքերի առաջնահերթությունից:

551. Առաջնահերթությունը որոշելու համար կարևորվում է շենքերի տեխնիկական տվյալների բազայի առկայությունը, ինչը կարող է ապահովվել անձնագրավորման գործընթացի արդյունքում:

552. Չենք բացառում նաև, որ վերջին 4-5 տարիների ընթացքում նշված ցուցանիշները ենթարկված կլինեն փոփոխության, ուստի անհրաժեշտ է կատարել նոր ուսումնասիրություններ:

553. Առաջին հերթին ուժեղացման ենթակա են շինություններ Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Եղվարդ, Նոր Գեղի համայնքներում` ընդհանուր թվով 15 շենքեր, որից.

3 հարկանի - 3 շենք

4 հարկանի - 5 շենք

5 հարկանի - 5 շենք

9 հարկանի - 1 շենք

13 հարկանի - 1 շենք

554. 2011-2014 թթ. մարզում անհրաժեշտ է իրականացնել բազմաբնակարան շենքերի անձնագրավորում, որը հիմք կհանդիսանան ունենալ մարզի բնակելի ֆոնդի քանակի և ֆիզիկական վիճակի ողջ նկարագիրը:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.05.2010
N 609-Ն
Որոշում