Սեղմել Esc փակելու համար:
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՔԱՂԱՔ ...

 

 

020.0978.160611

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 1 (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 հունիսի 2011թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի մայիսի 19-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 1 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 7 հունիսի 2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 1 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագիրն ստորագրվել է 2011 թվականի մայիսի 19-ին:

Ըստ Վարկային համաձայնագրի` Ասիական զարգացման բանկը համաձայնում է իր Հատուկ ֆոնդերի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը (Վարկառու) տրամադրել երեսուն միլիոն ինը հարյուր ութսունինը հազար Փոխառության հատուկ իրավունքին (30,989,000 ՓՀԻ) համարժեք գումարով վարկ` տարբեր արտարժույթներով:

Ըստ Համաձայնագրի` Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի նպատակը քաղաքային համայնքների համար տնտեսական հնարավորությունների և հանրային ու սոցիալական ծառայությունների մատչելիությունը բարելավելն է, տնտեսական աճի ներուժը մեծացնելը և մասնավոր հատվածի ներգրավվածությունն ընդլայնելը:

Ծրագիրն ուղղված է Երևանի քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքի և ծառայությունների բարելավմանը:

Ծրագիրը պետք է բաղկացած լինի հետևյալ հիմնական բաղադրիչներից.

ա) Քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքի բարելավում, ներառյալ` հետևյալ Ենթածրագրերը`

1. Արգավանդի խճուղի - Շիրակի փողոց ճանապարհ (արևմուտք), և

2. Արտաշատի խճուղի - Շիրակի փողոց ճանապարհ և Թամանցիների փողոցի հատված (հարավ-արևմուտք).

բ) Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում,

գ) Ծրագրի կառավարում և կարողությունների զարգացում:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլնի, պարտավորվում է.

- Ասիական զարգացման բանկին վճարել տոկոս` արտոնյալ ժամկետի ընթացքում տարեկան 1%-ի, իսկ դրա ավարտից հետո` տարեկան 1,5%-ի չափով` վարկային հաշվից առհանված և չվճարված գումարի դիմաց,

- սկսած 2019 թվականի հուլիսի 15-ից մինչև 2043 թվականի հունվարի 15-ը վարկի տոկոսավճարը և այլ վճարումները կատարել կիսամյակային հիմունքներով` յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին,

- հետ վճարել Վարկային հաշվից առհանված Վարկի մայր գումարը` Վարկային համաձայնագրի 2-րդ հավելվածում (Մարման ժամանակացույց) սահմանված մարման ժամանակացույցին համապատասխան,

- վարկի տրամադրման կանոնների բաժին 4.03 (ա)-ի և 4.04-ի նպատակներից ելնելով` վարկի մայր գումարը հետ վճարել և տոկոսը վճարել դոլարով,

- Ասիական զարգացման բանկին բավարարող պայմաններով Երևանին հասանելի դարձնել վարկի միջոցները և ապահովել, որ Երևանն օգտագործի այդ միջոցները Ծրագրի ծախսերի ֆինանսավորման համար` Վարկային համաձայնագրի դրույթներին համապատասխան,

- վարկի գումարները բաշխել և առհանել Վարկային համաձայնագրի 3-րդ հավելվածի (Վարկի գումարների բաշխումը և առհանումը) դրույթներին համապատասխան, որը Վարկառուի և Ասիական զարգացման բանկի միջև համաձայնությամբ կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել,

- գնել կամ ապահովել, որ գնվեն ծախսային ապրանքները` Վարկային համաձայնագրի 4-րդ հավելվածի (Ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների գնում) կիրառելի դրույթներին համապատասխան, եթե Ասիական զարգացման բանկն այլ համաձայնություն չի տվել,

- վարկային հաշվից ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների մասով առհանումները կատարել միայն այն ծախսերի հաշվով, որոնք վերաբերում են այն ապրանքներին, որոնք արտադրվում կամ մատակարարվում են, և ծառայություններին, որոնք տրվում են Ասիական զարգացման բանկի այն անդամ պետությունների կողմից, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ նշվել Ասիական զարգացման բանկի կողմից` որպես գնումների ընդունելի աղբյուր, և այն ապրանքներին, աշխատանքներին և խորհրդատվական ծառայություններին, որոնք համապատասխանում են ընդունելի լինելու այլ պահանջների, որոնք ժամանակ առ ժամանակ սահմանվել են Ասիական զարգացման բանկի կողմից,

- Ծրագրի իրականացման և Ծրագրի գործիքների գործարկման ընթացքում կատարել կամ ապահովել, որ կատարվեն Վարկային համաձայնագրի 5-րդ հավելվածում (Ծրագրի իրականացում և Ծրագրային գործիքների գործողություն, ֆինանսական հարցեր) սահմանված բոլոր պարտավորությունները,

- Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել ստուգելու Ծրագիրը, ապրանքներն ու աշխատանքները, ինչպես նաև հարակից գրառումներն ու փաստաթղթերը,

- ապահովել, որ Երևանն ունենա կամ ապահովի Ծրագրի համար առանձին հաշիվների վարումը, այդ հաշիվները և հարակից ֆինանսական հաշվետվությունները ենթարկել ամենամյա աուդիտի` շարունակաբար կիրառվող համապատասխան աուդիտորական ստանդարտների համաձայն` անկախ աուդիտորների կողմից, որոնց որակավորումը, փորձն ու իրավասությունների շրջանակն ընդունելի են Ասիական զարգացման բանկի համար,

- հասանելի լինելուն պես, սակայն ոչ ուշ, քան համապատասխան հաշվետու տարվա ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում, Ասիական զարգացման բանկին տրամադրել աուդիտի ենթարկված հաշիվների և ֆինանսական հաշվետվությունների հաստատված պատճենները, ինչպես նաև դրանց վերաբերող` աուդիտորի հաշվետվությունը (ներառյալ` վարկի միջոցների օգտագործման և Վարկային համաձայնագրի ֆինանսական պայմանավորվածություններին համապատասխանության վերաբերյալ աուդիտորի կարծիքը), բոլորը` անգլերենով,

- Ասիական զարգացման բանկին տրամադրել այդ հաշիվներին և ֆինանսական հաշվետվություններին և դրանց աուդիտին վերաբերող այլ տեղեկություններ, որոնք Ասիական զարգացման բանկը կարող է ժամանակ առ ժամանակ ողջամիտ կերպով պահանջել,

- Ասիական զարգացման բանկի խնդրանքով վերջինիս հնարավորություն ընձեռել Երևանի կողմից նշանակված աուդիտորների հետ ժամանակ առ ժամանակ քննարկելու Երևանի` Ծրագրի համար ֆինանսական հաշվետվությունները և Ծրագրին առնչվող ֆինանսական գործերը,

- ձեռնարկել իրենից պահանջվող բոլոր գործողությունները, որպեսզի հնարավորություն ընձեռի Երևանին` կատարելու Ծրագրի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, և չձեռնարկել կամ թույլատրել այնպիսի գործողություն, որը կմիջամտի նման պարտավորությունների կատարմանը,

- Երևանին նշանակել որպես իր գործակալ` Վարկային համաձայնագրի բաժին 3.03-ով և Վարկի տրամադրման կանոնների 5.01, 5.02 և 5.03 բաժիններով պահանջվող կամ թույլատրվող գործողությունների իրականացման և պայմանագիր կնքելու նպատակով,

- Վարկային համաձայնագրի 6.01 բաժնով տրված լիազորությունների համաձայն` Երևանի կողմից ձեռնարկված ցանկացած գործողություն կամ կնքված ցանկացած համաձայնագիր իր համար պարտադիր ճանաչել, քանի որ այն ունի նույն ուժն ու գործողությունը, ինչը կունենար, եթե ձեռնարկված լիներ Վարկառուի կողմից:

Վարկային համաձայնագրի բաղկացուցիչ մասն են հանդիսանում դրա հետևյալ վերտառությամբ հավելվածները` 1-ին հավելված` Ծրագրի նկարագրություն, 2-րդ հավելված` Մարման ժամանակացույց, 3-րդ հավելված` Վարկի գումարների բաշխումը և առհանումը, 4-րդ հավելված` Ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների գնում, 5-րդ հավելված` Ծրագրի իրականացում և Ծրագրային գործիքների գործողություն, ֆինանսական հարցեր:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2011 թվականի մայիսի 19-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 1 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 հունիսի 2011 թվականի

ՍԴՈ-978

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.06.2011
N ՍԴՈ-978
Որոշում