Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՆԱԵՎ ԱՅՆ ԱՆՁԱՆՑ, ՈՎՔԵՐ ԴԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                              ԵԿԴ/0282/01/09  

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0282/01/09

Նախագահող դատավոր` Մ. Ռեհանյան

    Դատավորներ`        Ա. Դանիելյան   

                       Մ. Արղամանյան  

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի        

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Դանիելյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

    մասնակցությամբ տուժող                     Ն. Մովսիսյանի

 

    2011 թվականի փետրվարի 24-ին                      ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Մարատ Արամայիսի և Կարեն Կառլենի Սարգսյանների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի նոյեմբերի 1-ի որոշման դեմ դիմող Վարդան Օհանյանի, դիմող Կարեն Միրզոյանի ներկայացուցիչ Վ. Քոսյանի և տուժող Նվեր Մովսիսյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2009 թվականի մարտի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 13114309 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2009 թվականի մայիսի 4-ի որոշմամբ Մարատ Արամայիսի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նույն թվականի մայիսի 5-ի որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2009 թվականի մայիսի 20-ին Մ.Սարգսյանը հայտնաբերվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Մ. Սարգսյանին առաջադրված մեղադրանքի ծավալը մի քանի անգամ փոփոխվել է, և վերջնական արդյունքում նախաքննության մարմնի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 183-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով, 200-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 38-325-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի 2009 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ Կարեն Կառլենի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2009 թվականի նոյեմբերի 9-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 2-ի դատավճռով ամբաստանյալ Մարատ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 183-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով, 200-րդ հոդվածի 1-ին մասով, 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման 6 (վեց) տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 26.300.000 (քսանվեց միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամից, ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով` տուգանքի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով` տուգանքի նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասով` տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 1-ին մասով` տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով` տուգանքի նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Մ.Սարգսյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման 11 (տասնմեկ) տարի ժամկետով` գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 26.300.000 (քսանվեց միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամից և տուգանքի` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի` 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Ամբաստանյալ Կարեն Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Քաղաքացիական հայցվոր «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերության հայցը բավարարվել է` ամբաստանյալ Մ. Սարգսյանից հօգուտ տուժող «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի բռնագանձվել է 17.333.393 (տասնյոթ միլիոն երեք հարյուր երեսուներեք հազար երեք հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում: Քաղաքացիական հայցվոր Ն. Նավոյանի քաղաքացիական հայցը բավարարվել է և ամբաստանյալ Մ. Սարգսյանից հօգուտ տուժող Ն. Նավոյանի բռնագանձվել է 2500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում: Քաղաքացիական հայցվոր Ն. Մովսիսյանի և Մ. Վարոսյանի քաղաքացիական հայցերը թողնվել են առանց քննության:

2009 թվականի մայիսի 19-ի, մայիսի 21-ի, մայիսի 27-ի և հոկտեմբերի 9-ի որոշումներով «Տոյոտա Լենդ Կրուիզեր» մակնիշի 15 ՍԼ 637 պետհամարանիշի ավտոմեքենայի, «Մերսեդես-Բենց Էմ Էլ 55 Էյ Էմ Ջի (ML 55 AMG)» մակնիշի 15 SL 166 պետհամարանիշի ավտոմեքենայի, «Տոյոտա Քամրի 2.4 Ջի Էյ Էս (GAS)» մակնիշի ավտոմեքենայի, «Մերսեդես-Բենց Ջի Էլ Էս (GLS) 350» մակնիշի 02 LO 101 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրված կալանքը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 2009 թվականի օգոստոսի 1-ի, 2009 թվականի հոկտեմբերի 2-ի և 2009 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումներով իրեղեն ապացույց ճանաչված «Տոյոտա Լենդ Կրուիզեր» մակնիշի 15 ՍԼ 637 պետհամարանիշի ավտոմեքենան հանձնվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության տիրապետմանը, «Մերսեդես Բենց Էմ Էլ 55 Էյ Էմ Ջի (ML 55 AMG)» մակնիշի 15 ՍԼ 166 պետհամարանիշի ավտոմեքենան հանձնվել է այդ ավտոմեքենայի սեփականատեր Գրիգոր Ավետիսյանին, «Տոյոտա Քամրի 2.4 Ջի Էյ Էս (GAS)» մակնիշի ավտոմեքենան հանձնվել է «Յունիբանկ» ՓԲ ընկերության տիրապետմանը, «Մերսեդես-Բենց Ջի Էլ Էս (GLS) 350» մակնիշի 02 LO 101 պետհամարանիշի ավտոմեքենան հանձնվել է այդ ավտոմեքենայի սեփականատեր Արմեն Թոռչյանին:

3. Ամբաստանյալներ Մարատ և Կարեն Սարգսյանների, ամբաստանյալ Կ. Սարգսյանի պաշտպան Ի. Հակոբյանի, դիմող Վարդան Օհանյանի ներկայացուցիչ Տ. Փոլադյանի, վկա Զաուր Արամյանի ներկայացուցիչ Ն. Բարսեղյանի և դիմող Կարեն Միրզոյանի ներկայացուցիչ Վ. Քոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2010 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ վկա Զ. Արամյանի ներկայացուցիչ Ն. Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարել է, իրեղեն ապացույց ճանաչված «Մերսեդես Բենց Էմ Էլ 55 Էյ Էմ Ջի (ML 55 AMG)» մակնիշի 15 ՍԼ 166 պետհամարանիշի ավտոմեքենան սեփականատեր Գրիգոր Ավետիսյանին հանձնելու մասով բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 2-ի դատավճիռը և այդ մասով գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության, իսկ ամբաստանյալների, պաշտպանի, դիմող Վ. Օհանյանի ներկայացուցիչ Տ. Փոլադյանի և դիմող Կ. Միրզոյանի ներկայացուցիչ Վ. Քոսյանի վերաքննիչ բողոքները մերժել է` Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 2-ի դատավճիռը մնացած մասերով թողնելով անփոփոխ:

4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 1-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել տուժող Ն. Մովսիսյանը (այսուհետև` նաև առաջին բողոքաբեր), դիմող Կ. Միրզոյանի ներկայացուցիչ Վ. Քոսյանը (այսուհետև` նաև երկրորդ բողոքաբեր) և դիմող Վ. Օհանյանը (այսուհետև` նաև երրորդ բողոքաբեր), որոնք Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ ընդունվել են վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Մ. Սարգսյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ չարաշահելով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի վստահությունը` պատրաստել է կեղծ տեղեկանք այն մասին, որ աշխատում է ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի «Ծիածան» ԱՁ-ում` որպես փոխտնօրեն և ստանում 450.000 ՀՀ դրամ աշխատավարձ, որը 2008 թվականի հոկտեմբերի 18-ին ներկայացրել է Երևանի Պուշկինի 21/1 հասցեում գտնվող, նույն բանկի «Կենտրոն» մասնաճյուղին: Վերոնշյալ տեղեկանքի հիման վրա Մ. Սարգսյանը 2008 թվականի հոկտեմբերի 18-ին կնքել է թիվ ԵԱՎ 0737 սպառողական վարկային պայմանագիրը, այսուհետև «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի 05 ՏԼ 550 պ/հ ավտոմեքենան քաղաքացի Վարդան Ջհանգիրյանից գնելու նպատակով ստացել 7.800.000 ՀՀ դրամ` 36 ամիս մարման ժամկետով, որի դիմաց` որպես նյութական երաշխիք գրավադրել է իր «Տոյոտա Լենդ Կրուիզեր» մակնիշի 05 SL 550 պետհամարանիշի ավտոմեքենան: Չկատարելով նշված պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները, չվճարելով գումարները` Մ. Սարգսյանը բանկում գրավադրված, իր անվամբ հաշվառված 22 ՕՏ 033 պետհամարանիշի ավտոմեքենան 2009 թվականի մարտի 26-ին հանել է հաշվառումից, նույն օրը 11.000.000 ՀՀ դրամով վաճառել է քաղաքացի Վարդան Օհանյանին և խաբեությամբ տիրացել է բանկին պատկանող, առանձնապես խոշոր չափերի հասնող` 7.800.000 ՀՀ դրամին:

Այնուհետև Մ. Սարգսյանը «Տոյոտա Լենդ Կրուիզեր» մակնիշի 22 ՕՏ 033 պետհամարանիշի ավտոմեքենան հաշվառումից հանելու նպատակով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Կենտրոն մասնաճյուղի ռեկվիզիտներով պատրաստել է կեղծ տեղեկանք այն մասին, որ նշված ավտոմեքենան բանկում արգելանքի տակ չի գտնվում, և այն 2008 թվականի մարտի 26-ին ներկայացրել է ԼՂՀ-ի ՃՈ վարչության հաշվառման քննչական բաժին:

Բացի այդ, Մ. Սարգսյանը 2008 թվականի ապրիլ ամսին իր ծանոթ Նաիրա Նավոյանի պարանոցից և ձեռքից բացահայտ հափշտակել է խոշոր չափերի հասնող` ընդհանուր 772.500 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար արժողությամբ 1 հատ ոսկյա շղթա` կարիճ տեսակի կազմազարդով, և մեկ հատ ոսկյա ապարանջան:

Այնուհետև Մ. Սարգսյանը, կրկին ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու նպատակով չարաշահելով «Յունիբանկ» ՓԲԸ-ի Ամիրյան մասնաճյուղի վստահությունը, իր բարեկամ Կարեն Սարգսյանի անունով վարկ ձևակերպելու պատրվակով բանկ է ներկայացրել կեղծ տեղեկանքներ այն մասին, որ Կ. Սարգսյանն աշխատում է «Արսեն Պետրոսյան» ԱՁ-ում որպես օպերատոր և ամսական ստանում է 320.000 ՀՀ դրամ աշխատավարձ և որպես փոխտնօրեն` ամսական 420.000 ՀՀ դրամ աշխատավարձ: Ստանալով 7.400.000 ՀՀ դրամի վարկ` գնել է 2007 թվականի արտադրության «Տոյոտա Քեմրի 2.4 Ջի Էյ Էս GAS» մակնիշի 10 ԼՍ 439 պ/հ ավտոմեքենա: 2009 թվականի մայիսի 29-ին ԼՂՀ ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժնից ստացված կեղծ ժամանակավոր հաշվառման վկայագիրն օգտագործելով` Մ. Սարգսյանը վերոնշյալ մեքենան 2009 թվականի հունիսի 4-ին վաճառել է Վ. Օհանյանին և խաբեությամբ տիրացել «Յունիբանկ» ՓԲԸ-ի` առանձնապես խոշոր չափերի հասնող` 7.400.000 ՀՀ դրամին:

Բացի այդ, Մ. Սարգսյանը «Յունիբանկ» ՓԲԸ-ի Ամիրյան մասնաճյուղում Կ. Սարգսյանի անվամբ վարկ ստանալու համար բանկի պահանջով Կ. Սարգսյանի անվամբ աշխատանքի մասին տեղեկանքներ ներկայացնելու նպատակով 2009 թվականի մայիսի 20-ին դիմել է Արսեն Պետրոսյանին: Վերջինս չի մերժել Մ. Սարգսյանի խնդրանքը: Մ. Սարգսյանը դրդել է Արսեն Պետրոսյանին պատրաստել տեղեկանքներ այն մասին, որ Կ. Սարգսյանն աշխատում է «Արսեն Պետրոսյան» ԱՁ-ում որպես օպերատոր և ամսական ստանում է 320.000 ՀՀ դրամ աշխատավարձ և որպես փոխտնօրեն` ամսական 420.000 ՀՀ դրամ աշխատավարձ, որոնք Մ. Սարգսյանը ներկայացրել է «Յունիբանկ» ՓԲԸ-ի Ամիրյան մասնաճյուղ:

Մ. Սարգսյանը «Յունիբանկ» ՓԲԸ-ի Ամիրյան մասնաճյուղից 7.400.000 ՀՀ դրամի վարկ ստանալուց երկու օր անց նույն մասնաճյուղի վարկային բաժնի պետ Բենիամին Սեյրանյանին իր տուն` Աբովյան քաղաք ուղեկցելիս Կ.Սարգսյանի ներկայությամբ 740.000 ՀՀ դրամի չափով կաշառք է տվել` Կ. Սարգսյանի օգտին գործողություններ կատարելու համար:

Այնուհետև Մ. Սարգսյանը «Տոյոտա Քեմրի 2.4 GAS» մակնիշի 14 ՍԼ 437 պետհամարանիշի ավտոմեքենան հաշվառումից հանելու նպատակով «Յունիբանկ» ՓԲԸ-ի Ամիրյան մասնաճյուղի ռեկվիզիտներով 2008 թվականի հունիսի 2-ին թիվ 297 թվագրմամբ պատրաստել է կեղծ գրություն այն մասին, որ նշված ավտոմեքենան բանկում արգելանքի տակ չի գտնվում, և այն 2008 թվականի հունիսի 3-ին ներկայացրել է ԼՂՀ-ի ՃՈ վարչության հաշվառման քննական բաժին:

Բացի այդ, Մ. Սարգսյանը, կրկին ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու դիտավորությամբ չարաշահելով Մուշեղ Վարոսյանի վստահությունը, հանդես գալով որպես միջնորդ` 2008 թվականի օգոստոսի 16-ին վերջինիս պատկանող` Երևան քաղաքի Տիչինայի 1/10 տունը 12.000.000 ՀՀ դրամով Մասիսի շրջանի Ղուկասավան գյուղի բնակիչ Հակոբ Շամոյանին վաճառելու պատրվակով, Հ. Շամոյանի և Մ. Վարոսյանի միջև առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո մի քանի օր անց` 2008 թվականի օգոստոսի 16-ին, Հ. Շամոյանից վերցրել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 11.449.400 ՀՀ դրամին համարժեք 38.000 ԱՄՆ դոլար և տիրացել այդ գումարին:

Մ. Սարգսյանը, կրկին չարաշահելով Մ.Վարոսյանի վստահությունը, ավտոմեքենան վերանորոգելու պատրվակով 2008 թվականի օգոստոսի 16-ին 2 օր ժամանակով նրանից վերցրել է առանձնապես խոշոր չափերի հասնող 3.010.000 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար և խաբեությամբ տիրացել այդ գումարին:

Բացի այդ, Մ. Սարգսյանը, կրկին ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու դիտավորությամբ չարաշահելով Գրիգոր Ավետիսյանի վստահությունը, վերջինիս անունով ձևակերպված և իր փեսա Նվեր Մովսիսյանին պատկանող Մերսեդես-Բենց ML 55 AMG 15 ՏԼ 166 պետհամարանիշի ավտոմեքենան իբր բանկում գրավ դնելու և վարկ ստանալու պատրվակով, 2009 թվականի մարտի 9-ին Գ. Ավետիսյանի հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր, խաբեությամբ տիրացել է առանձնապես խոշոր չափերի հասնող 8.395.000 ՀՀ դրամին համարժեք 23.000 ԱՄՆ դոլար արժողությամբ հիշյալ ավտոմեքենային, որից հետո այն վաճառել ԼՂՀ բնակիչ Զաուր Արամյանին:

Այնուհետև Մ. Սարգսյանն իրեն պատկանող սպիտակ գույնի Նիվա մակնիշի 05 ՕՕ 045 պետհամարանիշի ավտոմեքենան 2009 թվականի մայիսի 4-ի առուվաճառքի պայմանագրով փոխանցել է Ալիկ Լևոնյանին և նույն օրը, առանց հափշտակելու նպատակի, ապօրինաբար տիրացել այդ ավտոմեքենային` Ա. Լևոնյանին հրել և դուրս է գցել մեքենայից ու վարելով այն` հեռացել:

Բացի այդ, Մ. Սարգսյանը, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, Ա. Լևոնյանին պատկանող սպիտակ գույնի Նիվա մակնիշի 05 ՕՕ 045 պետհամարանիշի ավտոմեքենան 2009 թվականի մայիսի 4-6-ն ապօրինաբար տիրապետելու ընթացքում ավտոմեքենայի շարժիչի մեջ ավազ է լցրել, որի հետևանքով Ա. Լևոնյանին հասցրել է զգալի չափերի հասնող` 155.000 ՀՀ դրամի վնաս:

Այնուհետև Մ. Սարգսյանը, գտնվելով կալանքի տակ, կրկին ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու դիտավորությամբ, չարաշահելով Արմեն Թոռչյանի վստահությունը, վերջինիս պատկանող Մերսեդես-Բենց Ջի Էլ Էս (GLS) 350 մակնիշի 02 ԼՕ 101 պետհամարանիշի ավտոմեքենան իբր բանկում գրավ դնելու և վարկ ստանալու պատրվակով 2009 թվականի հուլիսի 28-ին հանձնարարել է Կ. Սարգսյանին իր փոխարեն Ա. Թոռչյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և փորձել է խաբեությամբ տիրանալ առանձնապես խոշոր չափերի հասնող` 13.870.000 ՀՀ դրամին համարժեք 38.000 ԱՄՆ դոլար արժողությամբ հիշյալ ավտոմեքենային, սակայն արարքն ավարտին չի հասցվել` իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ նշված ավտոմեքենան հաշվառումից հանելու պահին Կ.Սարգսյանը ձերբակալվել է:

6. Կ. Սարգսյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ նա, 2009 թվականի հուլիս ամսվա վերջին համաձայնության գալով կալանքի տակ գտնվող Մ. Սարգսյանի հետ, օժանդակել է վերջինիս կողմից խարդախությամբ, Ա. Թոռչյանին պատկանող, առանձնապես խոշոր չափերի հասնող` 13.870.000 ՀՀ դրամին համարժեք 38.000 ԱՄՆ դոլար արժողությամբ Մերսեդես-Բենց Ջի Էլ Էս (GLS) 350 մակնիշի 02 ԼՕ 101 պետհամարանիշի ավտոմեքենան հափշտակելու հանցագործությանը: Կ. Սարգսյանը Մ. Սարգսյանին օժանդակելու վերաբերյալ պայմանավորվածության համաձայն` հանդիպել է Ա. Թոռչյանին և խաբեությամբ Մ. Սարգսյանին ներկայացրել է որպես գործունյա, պարտաճանաչ անձնավորություն: Մ. Սարգսյանի հանձնարարությամբ, չարաշահելով Ա. Թոռչյանի վստահությունը վերջինիս պատկանող Մերսեդես-Բենց Ջի Էլ Էս (GLS) 350 մակնիշի 02 ԼՕ 101 պետհամարանիշի ավտոմեքենան բանկում գրավ դնելու և վարկ ստանալու պատրվակով 2009 թվականի հուլիսի 28-ին Մ. Սարգսյանի փոխարեն Ա. Թոռչյանի հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր, որից հետո մեկնել է ԼՂՀ նշված ավտոմեքենան հաշվառումից հանելու և Կ. Միրզոյանին վաճառելու նպատակով, սակայն արարքն ավարտին չի հասցվել իր և Մ. Սարգսյանի կամքից անկախ հանգամանքներով, քանի որ խաբեությունը բացահայտվելու պատճառով նշված ավտոմեքենան հաշվառումից հանելու պահին Կ. Սարգսյանը բերման է ենթարկվել ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի ոստիկանության բաժին:

7. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «Քննարկելով քաղաքացիական հայցվոր Նվեր Մովսիսյանի քաղաքացիական հայցը և հաշվի առնելով, որ հայցվոր կողմը խնդրել է չքննել հայցը` հետագայում քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նպատակով, դատարանը գտնում է, որ հայցը պետք է թողնել առանց քննության» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, էջ 229):

8. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «Վարդան Օհանյանը, նրա ներկայացուցիչ Տ. Փոլադյանը, Կարեն Միրզոյանը և նրա ներկայացուցիչ Վ. Քոսյանը դատավարության մասնակից և ներկայացուցիչ ճանաչելու մասին պահանջով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական վարույթն իրականացնող մարմնին չեն դիմել, քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում չի կայացրել նրանց դատավարության մասնակից և ներկայացուցիչ ճանաչելու մասին, ուստի սույն գործով վերջիններս դատավարության մասնակից չեն հանդիսանում, հետևաբար ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը նրանց բողոքների շրջանակներում նշված պատճառաբանությունները հիմք չեն կարող ծառայել նրանց պահանջները բավարարելու համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, էջ 246):

9. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, 2010 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ բավարարելով վկա Զաուր Արամյանի ներկայացուցիչ Նվեր Բարսեղյանի վերաքննիչ բողոքը, այն պատճառաբանել է հետևյալ կերպ. «Վերաքննիչ դատարանն անդրադառնալով Զաուր Արամյանի ներկայացուցիչ Նվեր Բարսեղյանի վերաքննիչ բողոքին, արձանագրում է, որ վերջինիս կողմից պատշաճ կարգով ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել դիմում` դատավարության մասնակից ճանաչելու պահանջի մասին, սակայն ընդհանուր իրավասության դատարանի կողմից չի պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, քննության չի առնվել ներկայացված միջնորդությունը: Ընդհանուր իրավասության դատարանի կողմից վերոհիշյալ միջնորդությունը քննության չառնելով` խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՄԻԵԴ-ի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքը» (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, էջ 246):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

10. Բողոքաբեր, տուժող Ն. Մովսիսյանը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի պահանջը: Մասնավորապես, առաջին բողոքաբերը նշել է, որ վեճի առարկա հանդիսացող ավտոմեքենայի վերաբերյալ ստորադաս դատարաններում սույն քրեական գործի շրջանակներում քաղաքացիական հայց հարուցված չի եղել, իսկ Զաուր Արամյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով իրեն քաղաքացիական հայցվոր ճանաչելու պահանջ դատարանին չի ներկայացրել, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով քաղաքացիական հայց չի ներկայացրել: Վերոշարադրյալից առաջին բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ Զ. Արամյանը քրեական գործի քննության ընթացքում չի օգտվել իր` վերը նշված դատավարական իրավունքից, հետևաբար անհիմն է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները պահպանված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պնդումը: Առաջին բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածը, որը կիրառվել էր ստորադաս դատարանի կողմից:

11. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` առաջին բողոքաբերը խնդրել է մասնակիորեն` Զ. Արամյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի մասով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 1-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 2-ի դատավճռին:

12. Բողոքաբեր Կ. Միրզոյանի ներկայացուցիչ Վ. Քոսյանը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 31-րդ կետի, 154-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի և 164-րդ հոդվածի պահանջները, ինչի արդյունքում անտեսել է Կ. Միրզոյանին գործով տուժող ճանաչելու մասին դիմումը:

Երկրորդ բողոքաբերի պնդմամբ ստորադաս դատարանները չեն կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի, 119-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, 155-րդ հոդվածի 2-րդ մասի և 358-րդ հոդվածի պահանջները, խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները: Ի հիմնավորումն իր փաստարկի` երկրորդ բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը կայացվել են օրենքի պահանջների խախտմամբ, դատարանները չեն հիմնվել դատաքննությամբ հետազոտված ապացույցների վրա և չեն պատճառաբանել դատավճիռն ու որոշումը:

13. Ելնելով վերոգրյալից` Կ. Միրզոյանի ներկայացուցիչ Վ. Քոսյանը խնդրել է մասնակիորեն` իրենց վերաքննիչ բողոքը մերժելու մասով բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 1-ի որոշումը և «Մերսեդես-Բենց» մակնիշի 20 ԼԼ 014 պետհամարանիշի ավտոմեքենան վերադարձնել օրինական տիրոջը` Կ. Միրզոյանին:

14. Բողոքաբեր Վ. Օհանյանն իր վճռաբեկ բողոքում նշել է, որ վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի պահանջները: Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանն իր բողոքի մասով չի իրականացրել դատավարական նորմերի պահպանման խնդրի ստուգում, այլ եզրահանգել է, որ Վ. Օհանյանի բողոքները չեն կարող հիմք հանդիսանալ նրա պահանջները բավարարելու համար, քանի որ վերջինս Առաջին ատյանի դատարանում չի եղել դատավարության մասնակից:

Ըստ երրորդ բողոքաբերի` խախտվել են նաև ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի պահանջները:

15. Վերոգրյալի հիման վրա` դիմող Վ.Օհանյանը խնդրել է մասնակիորեն փոփոխել ստորադաս դատարանի 2010 թվականի հունիսի 2-ի դատավճիռը և իր սեփականությունը հանդիսացող`»Տոյոտա Քամրի 2.4 ՋԻ Էյ ԷՍ» մակնիշի 14 ՍԼ 437 պետհամարանիշի ավտոմեքենան հանձնել իր տիրապետմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. Քրեական դատավարության մասնակից չհանդիսացող անձի կողմից բողոք բերելու իրավունքը.

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանն իրավասո՞ւ էր արդյոք Վ. Օհանյանի և Կ. Միրզոյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքները մերժել այն պատճառաբանությամբ, որ վերջիններս դատավարության մասնակից չեն հանդիսանում:

17. ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: (...)»:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն`,Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև (...) հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (...)»:

18. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է նաև դատարանի մատչելիության իրավունքի ապահովումը: Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն սահմանված չէ «,Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այդ իրավունքը ճանաչել է որպես 6-րդ հոդվածի անբաժանելի տարր` գտնելով, որ եթե անձը զրկված է դատարանի մատչելիության իրավունքից, ուրեմն իմաստազուրկ է նաև արդար դատաքննության իրավունքը: Այսպես` Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ արդարադատության մատչելիության իրավունքը,Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքների անբաժանելի մասն է: Ընդ որում, այս եզրակացությունը հիմնված է 6-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության տերմինաբանության վրա, որը մեկնաբանվել է այդ հոդվածի համատեքստում` հաշվի առնելով,Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի նպատակն ու առարկան, ինչպես նաև իրավունքի համընդհանուր սկզբունքները (տե՛ս Gօlder v. Tհe United Kingdօm, 1975 թ. փետրվարի 21, գանգատ թիվ 4451/70, 28 և 36 կետեր):

Էյրին ընդդեմ Իռլանդիայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան ուղղված է ոչ թե նրան, որ երաշխավորի տեսական կամ պատրանքային իրավունքներ, այլ որ երաշխավորի կենսագործելի ու արդյունավետ իրավունքներ: Մասնավորապես դա վերաբերում է դատարանի մատչելիության իրավունքին` հաշվի առնելով այն կարևոր տեղը, որը ժողովրդավարական հասարակությունում ունի արդար դատաքննության իրավունքը (տե՛ս Airey v. Ireland, 1979 թ. հոկտեմբերի 9, գանգատ թիվ 6289/73, կետ 24):

Հիրշհորն ընդդեմ Ռումինիայի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է Պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն: Այս առումով Պայմանավորվող պետություններն ունեն հայեցողության որոշակի սահման, թեև Կոնվենցիայի պահանջների պահպանման կապակցությամբ վերջնական որոշումը կայացնում է [Եվրոպական] Դատարանը: Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված սահմանափակումներն անձին վերապահված դիմելու իրավունքն այնպես չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ խաթարվի իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չի հետապնդում, և եթե գործադրված միջոցի և հետապնդված նպատակի միջև առկա չէ համաչափության ողջամիտ հարաբերակցություն (Hirscհհօrn v. Rօmania, 2007 թ. հուլիսի 26, գանգատ թիվ 29294/02, կետ 50):

19. Վերոնշյալ սահմանադրական, օրենսդրական և կոնվենցիոն դրույթների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ դատական պաշտպանության իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունք է:

i

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 31-րդ կետի համաձայն` «Դատավարության մասնակիցներ են դատախազը (մեղադրողը), քննիչը, հետաքննության մարմինը, ինչպես նաև տուժողը, քաղաքացիական հայցվորը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը և նրա ներկայացուցիչը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 33-րդ կետի համաձայն` «Յուրաքանչյուր անձ, որը դիմել է դատարան, քրեական հետապնդման մարմիններին իր խախտված իրավունքների պաշտպանության համար համարվում է դիմող»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «(...) Քաղաքացիական հայցի մասով վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաև տվյալ գործով կողմեր չհանդիսացող անձինք, եթե դատական ակտն առնչվում է նրանց շահերին (...)»:

21. Շարադրված դրույթների վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է տալիս նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձին մասնակցել քրեադատավարական իրավահարաբերություններին, եթե վերջիններս առնչվում են այդ անձի իրավունքներին և օրինական շահերին (mսtatis mսtandis, տե՛ս Ստեփան Սահակյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0059/11/10 որոշումը):

22. Սույն որոշման նախորդ կետում շարադրված իրավական դիրքորոշման հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե անձը դատավարության մասնակից չէ, սակայն վարույթն իրականացնող մարմնի ընդունած ակտով խախտվում են նրա իրավունքներն ու օրինական շահերը կամ այդ ակտն առնչվում է նրա իրավունքներին և օրինական շահերին, ապա անձն իրավունք ունի դիմել թե՛ դատարան և թե՛ վերադասության կարգով բողոքարկել դատական ակտը` իր իրավունքների պաշտպանության կամ խախտված իրավունքները վերականգնելու համար, իսկ դատարանները պարտավոր են քննության առնել նրանց դիմումները և բողոքները:

23. Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական հիմնավորումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության հիմնարար իրավունքը վերաբերում է նաև այն անձանց, ովքեր դատավարության մասնակից չեն, սակայն վարույթն իրականացնող մարմինների ընդունած որոշումն առնչվում է նրանց օրինական շահերին, ենթադրաբար խախտում է նրանց իրավունքներն ու ազատությունները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատավարության մասնակից չհանդիսացող անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացումը պետք է լինի իրական, այսինքն` անձն իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ենթադրյալ խախտման յուրաքանչյուր դեպքում պետք է դատարան դիմելու և իր խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա:

24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Վ. Օհանյանի ներկայացուցիչ Տ. Փոլադյանի և Կ. Միրզոյանի ներկայացուցիչ Վ. Քոսյանի վերաքննիչ բողոքները մերժել է այն պատճառաբանությամբ, որ վերջիններս դատավարության մասնակից և ներկայացուցիչ ճանաչելու մասին պահանջով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական վարույթն իրականացնող մարմնին չեն դիմել, քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում չի կայացրել նրանց դատավարության մասնակից և ներկայացուցիչ ճանաչելու մասին, ուստի սույն գործով վերջիններս դատավարության մասնակից չեն (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը մերժել է դատավարության մասնակից չհանդիսացող անձի կողմից ներկայացված բողոքը:

25. Սույն որոշման 17-23 կետերում շարադրված իրավական հիմնավորումների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 24-րդ կետում շարադրված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Վ. Օհանյանը և Կ. Միրզոյանը սույն գործով չեն հանդիսացել դատավարության մասնակիցներ, սակայն Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռն առնչվել է նրանց իրավունքներին և օրինական շահերին, մասնավորապես` սեփականության իրավունքին:

ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր Վ. Օհանյանի և Կ. Միրզոյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքները մերժել այն պատճառաբանությամբ, որ վերջիններս դատավարության մասնակից չեն:

 

II. Իրեղեն ապացույցների տնօրինումը քրեական դատավարությունում.

26. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանն իրավասո՞ւ էր արդյոք իրեղեն ապացույցների տնօրինման հարցը լուծել քրեական դատավարության ընթացակարգով` այն դեպքում, երբ դրանց վերաբերյալ առկա էր վեճ:

i

27. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանի դատավճռում, ինչպես նաև քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ իրեղեն ապացույցների հարցի լուծումը կատարվում է հետևյալ կանոնների պահպանմամբ`

(...)

3. Դրամը, այլ արժեքները և մյուս առարկաները, որոնք օրինական տիրապետումից դուրս են եկել հանցագործության կամ օրենքով չթույլատրված այլ գործողությունների հետևանքով, հանձնվում են տիրապետողին, սեփականատիրոջը կամ նրանց իրավահաջորդներին:

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի` սկսած քրեական գործի հարուցումից մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ»:

28. Նախորդ կետում մեջբերված դրույթների վերլուծությունից երևում է, որ քրեադատավարական օրենսդրությունը սահմանում է հանցագործության գույքային հետևանքները վերացնելու տարբեր իրավական մեխանիզմներ, մասնավորապես`

1) իրեղեն ապացույցները` դրամը, այլ արժեքները և մյուս առարկաները, որոնք օրինական տիրապետումից դուրս են եկել հանցագործության կամ օրենքով չթույլատրված այլ գործողությունների հետևանքով, տիրապետողին, սեփականատիրոջը կամ նրանց իրավահաջորդներին վերադարձնելը կամ քրեադատավարական ռեստիտուցիան: Ընդ որում, սա հանդիսանում է հանցագործության ուղղակի հետևանք, ուստի դատարանի կողմից իրեղեն ապացույցի մասով որոշումը կայացվում է հանրայնության կարգով, ի պաշտոնե (ex officio)` առանց որևէ մեկի պահանջի կամ դիմումի: Տվյալ մեխանիզմը վերաբերում է statսs qսօ գույքային դրությունը վերականգնելուն` պայմանով, որ տվյալ գույքի պատկանելության վերաբերյալ վեճ չկա,

2) քաղաքացիական հայցի միջոցով քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված գույքային վնասների հատուցման ինստիտուտը, որի դեպքում հայցի հարուցումը պարտադիր է, սակայն բացառիկ դեպքերում, երբ քաղաքացին զրկված է իր գույքային շահերն անձամբ պաշտպանելու հնարավորությունից, դատարանն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ որոշում կայացնել հանցագործության հետևանքով պատճառված վնասը հատուցելու մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործության գույքային հետևանքները վերացնելուն ուղղված վերոնշյալ դատավարական ինստիտուտները փոխկապակցված դատավարական մեխանիզմներ են և լրացնում են մեկը մյուսին: Կոնկրետ հանցագործության հանգամանքներով պայմանավորված` վերոնշյալ մեխանիզմներից մեկի կիրառումը կանխորոշում է մյուսի կիրառումը: Մասնավորապես, եթե հանցագործության հետևանքով գույքային վնաս է պատճառվել երկու և ավելի անձանց, սակայն պարզ չէ, թե նրանցից որ մեկին է վնասը պատճառվել բնեղենով և որն ունի պատճառված գույքային վնասը հատուցելու պահանջի իրավունք, ապա անհրաժեշտ է այդ կապակցությամբ բազմակողմանի քննություն իրականացնել, ինչպես հայցի, այնպես էլ իրեղեն ապացույցների տնօրինման մասով օրինական և հիմնավորված որոշում կայացնելու համար:

i

29. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե գործին որպես իրեղեն ապացույց կցված առարկայի նկատմամբ իրավունքի մասին վեճը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության կարգով, տվյալ առարկան պահվում է մինչև քաղաքացիական գործով վճիռն ուժի մեջ մտնելը»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի իրավական արժեքն այն է, որ քրեական վարույթի ընթացքում չլուծվեն անձանց սեփականության իրավունքին վերաբերող այնպիսի հարցեր, որոնց լուծումը դուրս է քրեական գործի առարկայի շրջանակներից: Մասնավորապես, բոլոր այն դեպքերում, երբ իրեղեն ապացույց ճանաչված առարկայի վերաբերյալ առկա է գույքային վեճ, որը ենթակա է լուծման քաղաքացիական դատավարության կարգով, քրեական գործը քննող դատարանը պետք է այդ գույքային վեճը թողնի առանց քննության, իսկ իրեղեն ապացույց ճանաչված առարկաները պահի քրեական գործում` մինչև քաղաքացիական դատավարության կարգով այդ վեճի լուծումը:

30. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում նշել է, որ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույցներ ճանաչված «Մերսեդես Բենց Էմ Էլ 55 Էյ Էմ Ջի» մակնիշի 15 ՍԼ 166 պետհամարանիշի ավտոմեքենան պետք է հանձնվի ավտոմեքենայի սեփականատեր Գրիգոր Ավետիսյանին, «Տոյոտա Քամրի 2.4 Ջի Էյ Էս» մակնիշի ավտոմեքենան` «Յունիբանկ» ՓԲ ընկերության տիրապետմանը, իսկ «Մերսեդես-Բենց Ջի Էլ Էս 350» մակնիշի 02 LO 101 պետհամարանիշի ավտոմեքենան` ավտոմեքենայի սեփականատեր Արմեն Թոռչյանին (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):

Մինչդեռ Մարատ և Կարեն Սարգսյանների կատարած հանցագործության հետևանքով վնաս էր պատճառվել ոչ միայն Առաջին ատյանի դատարանի դատավճռում նշված անձանց, այլ նաև այլ անձանց, և սույն գործով իրեղեն ապացույց ճանաչված ավտոմեքենաների վերաբերյալ վերոնշյալ անձանց միջև առկա էր գույքային վեճ:

31. Սույն որոշման 27-29-րդ կետերում շարադրված իրավական հիմնավորումները համադրելով սույն որոշման 30-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր իրեղեն ապացույցների տնօրինման հարցը լուծել քրեական դատավարության ընթացակարգով այն դեպքում, երբ դրանց վերաբերյալ առկա էր վեճ:

32. Հիմք ընդունելով սույն որոշման 16-31-րդ կետերում շարադրված իրավական վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ:

i

33. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: (...)»:

Դատարանների կողմից թույլ տված խախտումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով էական են և հիմք են հանդիսանում իրեղեն ապացույցների տնօրինման մասով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար: Բեկանումը պայմանավորված է իրեղեն ապացույցների տնօրինման հարցն օրենքի պահանջներին համապատասխան լուծելու անհրաժեշտությամբ:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալներ Մարատ Արամայիսի Սարգսյանի և Կարեն Կառլենի Սարգսյանի վերաբերյալ քրեական գործով իրեղեն ապացույցներ հանդիսացող` «Մերսեդես Բենց Էմ Էլ 55Էյ Էմ Ջի» (ML55 AMG) մակնիշի 15 ՍԼ 166 պետհամարանիշի ավտոմեքենան սեփականատեր Գրիգոր Ավետիսյանին հանձնելու մասով, «Տոյոտա Քամրի 2.4 Ջի Էյ Էս (GAS)» մակնիշի 14 ՍԼ 437 պետհամարանիշի ավտոմեքենան «Յունիբանկ» փակ բաժնետիրական ընկերության տիրապետմանը հանձնելու մասով և «Մերսեդես-Բենց ՋԻ Էլ Էս (GLS) 350» մակնիշի 02 ԼՕ101 պետհամարանիշի ավտոմեքենան սեփականատեր Արմեն Թոռչյանին հանձնելու մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 2-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 1-ի որոշումը բեկանել և այդ իրեղեն ապացույցները տնօրինելու մասով գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.02.2011
N ԵԿԴ/0282/01/09
Որոշում