040.0924.120711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 2011 թվականի N 924-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ «ՀԱՅԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտատեխնիկական մշակումների իրացմանը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ) լատվիական «FNG Invest» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցությամբ ստեղծել «ԲԻՈԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` պայմանով, որ`
1) լատվիական «FNG Invest» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կկատարի մինչև 350 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք ներդրումներ` օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների պրեպարատիվ արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների և քիմիական ռեակտիվների ձեռքբերման համար, որոնք կտրամադրվեն «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ին` անհատույց օգտագործման իրավունքով` մինչև համատեղ գործունեության ավարտը երաշխիքային ժամկետով.
2) օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների պրեպարատիվ արտադրությունը կկազմակերպվի «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի փորձաարտադրական կայանում.
3) միջազգային շուկայում արտադրանքի իրացման գործընթացները` ներառյալ մարքեթինգային և գովազդային ծառայությունները, արտադրանքի փաթեթավորումը, արտահանումը, անհրաժեշտ հումքի ներկրումը, կստանձնի նոր ստեղծվող «ԲԻՈԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ