Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԵՎ ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԵՐՄԵՐ ...

 

 

041.0653.120711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2011 թվականի N 653-Ն

 

«ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԵՎ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 11-րդ կետը`

1. Հաստատել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի ղեկավար խորհրդի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 13.03.12 թիվ 201-Ն որոշում)

1.1. «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:

(1.1-ին կետը լրաց. 21.10.15 թիվ 974-Ն, 28.03.2019 թիվ 314-Ն որոշումներ)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 13.03.12 թիվ 201-Ն որոշում)

(վերնագիրը և տեքստը փոփ. 21.10.15 թիվ 974-Ն որոշում )

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի հուլիսի 12-ի

N 653-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԵՎ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի (այսուհետ` ծրագիր) ղեկավար խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 5-ի N 392-Ա որոշումների համաձայն:

(1-ին կետը փոփ. 13.03.12 թիվ 201-Ն որոշում)

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության ու վարկատու և (կամ) դրամաշնորհ հատկացնող երկրի (կազմակերպության) միջև ստորագրված համաձայնագրով (կամ հուշագրով) և սույն կանոնադրությամբ:

3. Խորհրդի և ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

4. Խորհրդի լրիվ անվանումն է «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի ծրագրի ղեկավար խորհուրդ:

(4-րդ կետը փոփ. 13.03.12 թիվ 201-Ն որոշում)

4.1. «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին է վերապահված «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի իրականացման լիազորությունները:

(4.1-ին կետը փոփ. 21.10.15 թիվ 974-Ն, 28.03.2019 թիվ 314-Ն որոշումներ)

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը ծրագրի իրականացման ղեկավարումն է:

6. Խորհրդի խնդիրներն են`

1) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.

2) «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից (այսուհետ` հիմնարկ) մշակված ծրագրի տարեկան բյուջեի և տարեկան գնումների պլանի քննարկումն ու հաստատումը.

3) ծրագրի իրականացման ընթացքում 100.00 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխությունների` նախատեսված բաղադրիչների և ենթաբաղադրիչների միջոցների տեղաբաշխման վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.

4) հիմնարկի կողմից ներկայացվող` ծրագրի կատարողականության վերաբերյալ հաշվետվությունների և խորհրդի կողմից հաստատված ծրագրի տարեկան բյուջեի ու գնումների պլանի անհամապատասխանության դեպքում` վերջիններիս վերաբերյալ հիմնարկի կողմից ներկայացվող հիմնավորումների քննարկումը և նշված անհամապատասխանությունների վերացման մասին որոշումների ընդունումն ու դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

5) ծրագրի իրականացման վերաբերյալ հիմնարկի կողմից ներկայացվող և խորհրդի կողմից սահմանված կարգով հաշվետվությունների քննարկումը և հաստատումը.

6) ծրագրի` հաստատված տարեկան բյուջեի և գնումների պլանի հիման վրա ապրանքների, աշխատանքների, աշխատանքների ու ծառայությունների (խորհրդատվության) գնման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը` բացառությամբ մինչև 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար արժողությամբ` հիմնարկի կողմից անցկացվող և հաստատվող մրցույթների.

7) ծրագրի` հաստատված տարեկան բյուջեից և գնումների պլանից շեղումների վերաբերյալ հիմնարկի կողմից ներկայացվող հիմնավորումների քննարկումը, համապատասխան որոշումների ընդունումը.

8) միջազգային գործընկեր կազմակերպության առաքելության այցի ժամանակ, կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ, արտահերթ նիստի հրավիրումը և իրականացվող ծրագրի արդյունքների` պատվիրակության հետ քննարկումը.

9) ծրագրի ավարտից հետո արդյունքների ամփոփումը և դրանց մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:

(6-րդ կետը փոփ. 13.03.12 թիվ 201-Ն, 28.03.2019 թիվ 314-Ն որոշումներ)

7. Խորհուրդը հիմնարկի կառավարման (լիազոր) մարմին չէ:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն տարեկան երկու անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին խորհրդի քարտուղարի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև` արտահերթ նիստերի` հարցման միջոցով, էլեկտրոնային եղանակով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

9. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ խորհրդի քարտուղարի առաջարկությամբ, ինչպես նաև միջազգային գործընկեր կազմակերպության առաքելության անդամների նախաձեռնությամբ` վերջիններիս այցի ժամանակ:

10. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

11. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ` խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

12. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին խորհրդի քարտուղարի կողմից տրամադրվում է խորհրդի անդամներին` նիստից 5 աշխատանքային օր առաջ` բացառությամբ արտահերթ նիստերի:

13. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: Խորհրդի քարտուղարը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

14. Խորհրդի նիստերն անցկացվում են Երևան քաղաքում (հասցեն` Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1), եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:

15. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

16. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

17. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել օրակարգի հարցերին առնչվող` հրավիրված այլ ներկայացուցիչներ (մասնագետներ):

18. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում հիմնարկի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը` ներառյալ տեխնիկական առաջադրանքը, ներկայացված մրցութային առաջարկների գնահատման մասին ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումը, առաջարկվող լրացուցիչ ծավալների հիմնավորումները, հիմնարկի կողմից հաղթող ճանաչվելու մասին որոշման նախագիծը, նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը` բացառությամբ մինչև 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար արժողությամբ` հիմնարկի կողմից անցկացվող և հաստատվող մրցույթների:

(18-րդ կետը փոփ. 13.03.12 թիվ 201-Ն որոշում)

18.1. Խորհրդի հաստատմանը ենթակա չեն հիմնարկի կողմից անցկացվող և հաստատվող մրցույթների արդյունքում ձևավորված պայմանագրային գների 15 տոկոսը, բայց ոչ ավել քան 150 մլն ՀՀ դրամը չգերազանցող պայմանագրային բոլոր փոփոխությունները` յուրաքանչյուր պայմանագրի գծով:

(18.1-ին կետը լրաց. 24.06.15 թիվ 531-Ն որոշում)

19. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել մրցույթին մասնակցող անձանց (հայտատուների) ներկայացուցիչները:

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 08.12.14 թիվ 1209-Ն որոշում)

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

21. (21-րդ կետն ուժը կորցրել է 14.07.14 թիվ 647-Ա որոշում)

21.1. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարն է:

(21.1-ին կետը փոփ. 29.10.14 թիվ 1057-Ն, 28.03.2019 թիվ 314-Ն որոշումներ)

22. Խորհրդի նախագահը`

1) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

2) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ ատյաններում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

23. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամանով:

(23-րդ կետը փոփ. 28.03.2019 թիվ 314-Ն որոշում)

24. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, գրավոր ներկայացնում է իր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ, ինչի մասին զեկուցագիր է ներկայացնում նաև խորհրդի նախագահին:

25. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

26. Խորհրդի քարտուղարը հիմնարկի տնօրենն է:

27. Խորհրդի քարտուղարը`

1) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.

2) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է խորհրդի անդամներին:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

28. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

29. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.07.2011
N 653-Ա
Որոշում