Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՏԱՐՈՆ ՆԱԶԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԱԽ-11-Ո-14

2011 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՏԱՐՈՆ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

    նախագահությամբ`                       Ա. Մկրտումյանի

 

    մասնակցությամբ ԱԽ անդամներ`           Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

                                          Կ. Բաղդասարյանի, Ռ. Բարսեղյանի,

                                          Տ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի,

                                          Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի,

                                          Մ. Մակյանի, Մ. Մարտիրոսյանի,

                                          Հ. Փանոսյանի

 

    մասնակցությամբ դատավորներ`            Կ. Չիլինգարյանի, Տ. Նազարյանի

 

    քարտուղարությամբ`                     Ն. Գաբրիելյանի

 

2011 թվականի հունիսի 3-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) դատավորներ Կարեն Չիլինգարյանին և Տարոն Նազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 05.05.2011 թվականի թիվ N-Կ-2-8/2011 որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կ. Չիլինգարյանի և Տ. Նազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Տիգրան Աթանեսյանի` 01.04.2011 թվականին Արդարադատության խորհրդին հասցեագրված դիմումը:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

Կարգապահական հանձնաժողովն Արդարադատության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որոնք Կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

Ըստ եզրակացության`

29.03.2010 թվականին քաղաքացի Արտակ Գալստյանը (այսուհետ` Հայցվոր) հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան)` խնդրելով Հարություն Դրիգոյից (այսուհետ` Պատասխանող) հօգուտ իրեն բռնագանձել փոխառությամբ տրված 320.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Դատարանի 29.03.2010 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Այնուհետև Հայցվորը Դատարան է ներկայացրել դիմում հայցի հիմքը և առարկան փոխելու մասին` խնդրելով Պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Զաքիյան փողոցի թիվ 8 շենքի թիվ 18 բնակարանի ու ձեղնահարկի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Կենտրոն» տարածքային ստորաբաժանումում կատարել այդ իրավունքի պետական գրանցում` այդ մասին կայացված դատական ակտը հայտարարելով օրինական ուժի մեջ մտած հրապարակման պահից: Միաժամանակ Դատարան է ներկայացվել կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, և Դատարանին խնդրել են հաստատել այն:

Դատարանի 26.04.2010 թվականի վճռով հաստատվել է ներկայացված հաշտության համաձայնությունը, քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, վերացվել է Դատարանի 29.03.2010 թվականի հայցի ապահովում կիրառելու մասին որոշման պահանջները:

Նշված վճռի դեմ քաղաքացի Ելենա Ավետյանի` որպես գործին մասնակից չդարձված անձի, ներկայացուցչի կողմից 24.06.2010 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքերով:

Վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Խառատյան, Ա. Պետրոսյան) 09.07.2010 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, և բողոքի քննության օր է նշանակվել 05.08.2010 թվականին:

Նշված դատական նիստը հետաձգվել է, քանի որ գործին մասնակցող անձինք, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի ժամանակի և վայրի մասին, չեն ներկայացել դատական նիստին, ինչպես նաև Պատասխանողի ստորագրությամբ ստացվել է դիմում, որով նա միջնորդել է քաղաքացիական գործի վարույթը կասեցնել:

Հաջորդ դատական նիստը տեղի է ունեցել 21.10.2010 թվականին: Այդ դատական նիստում գործի քննությունն ավարտվել է, և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 04.11.2010 թվականը:

04.11.2010 թ. դատական նիստում նախագահող դատավոր Կ. Չիլինգարյանը հայտարարել է, որ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել գործի քննությունը վերսկսելու մասին և որոշել է գործի քննությունը հետաձգել և հաջորդ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցել գործին մասնակցող անձանց:

Հաջորդ դատական նիստը տեղի է ունեցել 10.03.2011 թվականին:

Նշված դատական նիստում նախագահող դատավոր Կ. Չիլինգարյանը հայտնել է, որ Վերաքննիչ դատարանի կազմում տեղի է ունեցել փոփոխություն, և դատավոր Ա. Խառատյանի արձակուրդ մեկնելու կապակցությամբ նրա փոխարեն Վերաքննիչ դատարանի կազմում ընդգրկվել է դատավոր Ն. Տավարացյանը:

Գործի քննությունը սկսվել է սկզբից:

10.03.2011 թվականի դատական նիստում գործի քննությունը հայտարարվել է ավարտված, և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 21.03.2011 թվականին:

Վերաքննիչ դատարանի 21.03.2011 թվականի որոշմամբ որոշվել է քաղաքացիական գործն ըստ հայցի Արտակ Գալստյանի ընդդեմ Հարություն Դրիգոյի` գույքը պարտքի դիմաց հաշվանցելու պահանջի մասին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.04.2010 թվականի վճռի դեմ քաղաքացի Ելենա Ավետյանի` որպես գործին մասնակից չդարձված անձի անունից բերված վերաքննիչ բողոքը մերժել, և նշված վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

Սույն որոշումը Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է (ստորագրել և իրենց կնիքներով հաստատել են) հետևյալ կազմով` նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Տ. Նազարյան, Ա. Պետրոսյան:

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, դատավորների կողմից ներկայացված բացատրությունները, գտել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կ. Չիլինգարյանը և Տ. Նազարյանը թույլ են տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Այսպես`

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բոլոր անձինք հավասար են դատարանների և տրիբունալների առջև: Յուրաքանչյուր ոք իր դեմ ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննության կամ որևէ քաղաքացիական դատավարությունում իր իրավունքների ու պարտականությունների որոշման ընթացքում ունի օրենքի հիման վրա ստեղծված իրավասու, անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից գործի արդարացի ու հրապարակային քննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի քննությունն իրականացվում է դատարանի անփոփոխ կազմով: Գործի քննության ընթացքում դատավորի փոխարինման դեպքում գործի քննությունը սկսվում է նորից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, այլ դատական ակտերի դեմ բողոքը` միանձնյա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն` գործի քննության համար նշանակված ժամին նախագահողը բացում է դատական նիստը, հայտարարում է դատարանի կազմը և այն գործը, որը քննության է առնվելու:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ ներկայացված բողոքները վերաքննիչ դատարանում քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, որոնցից մեկը նախագահում է դատական նիստը (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվն ու դատարանի կազմը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`

1. դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով,

2. դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին,

3. վճիռը ստորագրել է ոչ այն դատավորը, որը կայացրել է այն,

4. վճիռը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ,

5. գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը:

Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով 05.08.2010, 21.10.2010, 04.11.2010 թվականներին նշանակված դատական նիստերը տեղի են ունեցել նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Խառատյան, Ա. Պետրոսյան դատական կազմով:

Վերաքննիչ դատարանի 10.03.2011, 21.03.2011 թվականների դատական նիստերը տեղի են ունեցել նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Պետրոսյան, Ն. Տավարացյան դատական կազմով: Կազմում տեղի է ունեցել փոփոխություն` պայմանավորված դատավոր Ա. Խառատյանի արձակուրդում գտնվելու կապակցությամբ:

Վերաքննիչ դատարանի` սույն գործով 21.03.2011 թ. կայացված որոշումը ստորագրվել է նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Տ. Նազարյան, Ա. Պետրոսյան դատական կազմի կողմից:

Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից 21.03.2011 թվականին կայացված որոշումը հրապարակվել է նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Պետրոսյան և Ն. Տավարացյան դատական կազմի կողմից (ինչը հաստատվում է նաև դատական նիստի արձանագրությամբ), իսկ որոշումը ստորագրել և իրենց կնիքներով հաստատել են նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Տ. Նազարյան և Ա. Պետրոսյան դատական կազմը:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ վերը նշված հոդվածների բովանդակության վերլուծությունը թույլ է տալիս գալ այն պարզ եզրահանգմանը, որ դատարանի կողմից կայացված դատական ակտերը պետք է ստորագրվեն այն դատավորի կողմից, որը մասնակցել է գործի քննությանը:

Մինչդեռ այս դեպքում դատավոր Տ. Նազարյանի կողմից ստորագրվել է Վերաքննիչ դատարանի կողմից կայացված այն ակտը, որի քննությանը նա չի մասնակցել:

Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ գտնում է, որ սույն գործով կայացված դատական ակտը Վերաքննիչ դատարանի օրինական կազմի կողմից չի կայացվել, այսինքն` այն կազմով, որն օրինական կարգով քննել է գործը:

Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ գտնում է, որ սույն գործով նախագահող դատավոր Կ. Չիլինգարյանը չի դրսևորել համապատասխան ուշադրություն և շրջահայացություն` կապված դատական ակտը Վերաքննիչ դատարանի` օրինական կազմի կողմից չկայացնելու հանգամանքի հետ, որի արդյունքում թույլ է տրվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:

Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ հարկ է համարում արձանագրել այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե վճիռը ստորագրել է ոչ այն դատավորը, որը կայացրել է այն:

Վերոգրյալի հիման վրա Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դատավորներ Կ. Չիլինգարյանն ու Տ. Նազարյանը թույլ են տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Կարգապահական հանձնաժողովը միաժամանակ գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է դատավարական օրենքի նորմերի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորների մեղավորությունն առկա է, քանի որ նրանք չեն դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

 

3. Դատավորների բացատրություններում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Կ. Չիլինգարյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի 05.05.2011 թ. որոշմամբ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Կ. Չիլինգարյանիս և նույն դատարանի դատավոր Տ. Նազարյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ` հետևյալի կապակցությամբ:

Իմ նախագահությամբ և դատավորներ Ն. Տավարացյանի ու Ա. Պետրոսյանի մասնակցությամբ քննվել է վերաքննիչ բողոք, և կայացվել ու 21.03.2011 թ. հրապարակվել է դատական ակտ, որում դատավոր Ն. Տավարացյանի ազգանվան փոխարեն նշվել է դատավոր Տ. Նազարյանի ազգանունը, և վերջինս այն ստորագրել է: Ակտի հրապարակման ընթացքում նկատելով տեղ գտած վրիպակը` դատական կազմը հրապարակել եմ ճիշտ (դատավորներ Կ. Չիլինգարյան, Ն. Տավարացյան, Ա. Պետրոսյան) և հրապարակելուց անմիջապես հետո դատական ակտը չեմ հանձնել գործին մասնակցող անձանց` այդ օրը նշանակված դատական նիստերն ավարտվելուց հետո վրիպակն ուղղելու և գործին մասնակցող անձանց դատական ակտը կայացրած դատական կազմի ճիշտ տվյալները պարունակող օրինակներ ուղարկելու միտումով, սակայն առաջացած խնդիրն աշխատանքային ծանրաբեռնվածության բերումով մոռացության է մատնվել, և դատական ակտի օրինակներն առաքվել են առանց դրանցում շտկում կատարելու:

Ինչ վերաբերում է դատավոր Տ. Նազարյանի կողմից վերոհիշյալ դատական ակտը ստորագրելուն, ապա դա տեղի է ունեցել թյուրիմացաբար և պայմանավորված է եղել նրանով, որ տվյալ գործի առնչությամբ առկա և հենց բողոք բերած անձի կողմից որպես «կազուսային» որակված իրավիճակը (վճռով հաստատված հաշտության համաձայնության` որպես գործարքի, դատական կարգով վիճարկելիության խնդրի հետ կապված) քննարկվել է նաև դատարանի` տվյալ գործով դատական կազմում չընդգրկված այլ դատավորների, մասնավորապես` դատավոր Տ. Նազարյանի հետ (դատավոր Ա. Խառատյանի տևական բացակայության ժամանակաշրջանում հենց դատավոր Տ. Նազարյանն է նրա փոխարեն ընդգրկվել իմ նախագահությամբ բողոքներ քննող մշտական դատական կազմում` գործերի ճնշող մեծամասնությամբ), և երբ դատավոր Տ. Նազարյանն իմ նախագահությամբ և իր մասնակցությամբ կայացված այլ դատական ակտերի հետ միասին ստացել է նաև իր մասնակցությամբ չկայացված, բայց իր ազգանունը պարունակող դատական ակտը, թերևս, գործին ծանոթ լինելու ազդեցությամբ համարել է, որ այն ևս պատկանում է իր մասնակցությամբ կայացված դատական ակտերի շարքին ու ստորագրել է նաև այդ ակտը:

Հավաստիացնում եմ, որ կատարվածը ցավալի թյուրիմացություն է, որը տեղի է ունեցել իմ` որպես նախագահող դատավորի անփութության պատճառով, և, նկատի ունենալով, որ խնդրո առարկա խախտումը, ակնհայտ ու անվիճելի լինելով հանդերձ, չի առաջացրել ծանր և անուղղելի հետևանքներ (դատական ակտը կայացրած դատական կազմի համոզմամբ` բողոքի քննության արդյունքում կայացվել է ըստ էության ճիշտ դատական ակտ), կարծում եմ, որ այն կարող է նաև չորակվել որպես կոպիտ»:

Դատավոր Տ. Նազարյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 5-ին իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման կապակցությամբ հայտնում եմ հետևյալը.

Կարգապահական հանձնաժողովի կողմից պարզված և որոշմամբ ամրագրված փաստերի վերաբերյալ առարկություններ չունեմ: Սակայն, առանձնացնելով Կարգապահական հանձնաժողովի այն եզրահանգումը, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե վճիռը ստորագրել է ոչ այն դատավորը, որը կայացրել է այն», ցանկանում եմ հիշատակել ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի` Դատական ակտը բեկանելը կամ փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ ակտը կայացրած դատավորի պատասխանատվություն: Միաժամանակ զուգահեռներ անցկացնելով Կարգապահական հանձնաժողովի կողմից վկայակոչված մյուս իրավունքի աղբյուրներին (մասնավորապես` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս, ՀՀ Սահմանադրություն, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք և այլն), որոնց պահանջները, ըստ որոշման, խախտվել են իմ և դատավոր Չիլինգարյանի գործողությունների արդյունքում, պետք է նշեմ, որ նույն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին: Նշված իրավունքը նույնպես նախատեսված է և՛ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, և՛ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով, և՛ ՀՀ Սահմանադրությամբ, սակայն նման խախտումների արդյունքում, բեկանվելով նման խախտում թույլ տված դատավորի կամ կոլեգիալ կազմի դատական ակտը, վերականգնվում է կողմի խախտված իրավունքը, բայց այդ կապակցությամբ դատավորին կամ կոլեգիալ կազմի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքեր չեն արձանագրվել:

Չնույնացնելով վերոշարադրյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դատավարական խախտումներն ակնհայտ և կոպիտ որակելու տեսակետից` այնուամենայնիվ, ցանկանում եմ անել հետևյալ հետևությունը.

դատավարական օրենքի նորմի խախտումը պետք է ակնհայտ և կոպիտ լինի դատավորին պատասխանատվության ենթարկելու համար: Այն, որ մեր կողմից թույլ տրված դատավարական խախտումը «ակնհայտ է», պարզ է բոլորիս, բայց այն կոպիտ որակելու համար կարծում եմ, որ պետք է իմ և դատավոր Չիլինգարյանի կողմից թույլ տրված խախտմամբ կայացված դատական ակտը ծանր հետևանքներ առաջացներ կողմերի համար և/կամ խաթարեր արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում ես մասնակցել եմ գործի քննարկմանը (դրա շարժառիթը նշված է դատավոր Կ. Չիլինգարյանի բացատրության մեջ) և ծանոթացել եմ որոշման հիմքում դրված դատական ակտին և կարծում եմ, որ այդ դատական ակտը նյութական իրավունքի տեսանկյունից ճիշտ է լուծված, նյութական իրավունքի առումով այդ դատական ակտով չի խաթարվում արդարադատության բուն էությունը և կողմերի համար չի առաջացնում ծանր հետևանքներ, նման հետևանքներ չի առաջացնում նաև իմ և դատավոր Չիլինգարյանի` տվյալ դեպքում տեղի տված գործողությունները (դատավարական խախտումը): Մեծ հաշվով այն տեխնիկական վրիպում է, որը տեղի է ունեցել իմ և Չիլինգարյանի անուշադրության արդյունքում: ՈՒստի խնդրում եմ մեր նկատմամբ հարուցված վարույթը կարճել և բավարարվել հարցի քննարկմամբ»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1. 29.03.2010 թվականին Հայցվորը հայցադիմում է ներկայացրել Դատարան` խնդրելով Պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել փոխառությամբ տրված 320.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որը Դատարանի 29.03.2010 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: Այնուհետև Հայցվորը Դատարան է ներկայացրել դիմում հայցի հիմքը և առարկան փոխելու մասին` խնդրելով Պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Զաքիյան փողոցի թիվ 8 շենքի թիվ 18 բնակարանի ու ձեղնահարկի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Կենտրոն» տարածքային ստորաբաժանումում կատարել այդ իրավունքի պետական գրանցում: Միաժամանակ Դատարան է ներկայացվել կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը:

2. Դատարանի 26.04.2010 թվականի վճռով հաստատվել է ներկայացված հաշտության համաձայնությունը, քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, վերացվել է Դատարանի 29.03.2010 թվականի հայցի ապահովում կիրառելու մասին որոշման պահանջները:

3. Նշված վճռի դեմ քաղաքացի Ելենա Ավետյանի` որպես գործին մասնակից չդարձված անձի ներկայացուցչի կողմից 24.06.2010 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացվել` նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքերով:

4. Վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Խառատյան, Ա. Պետրոսյան) 09.07.2010 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, և բողոքի քննության օր նշանակվել 05.08.2010 թվականին:

5. 10.03.2011 թվականի դատական նիստում նախագահող դատավոր Կ. Չիլինգարյանը հայտնել է, որ Վերաքննիչ դատարանի կազմում տեղի է ունեցել փոփոխություն և դատավոր Ա. Խառատյանի արձակուրդ մեկնելու կապակցությամբ նրա փոխարեն Վերաքննիչ դատարանի կազմում ընդգրկվել է դատավոր Ն. Տավարացյանը, որի արդյունքում գործի քննությունը սկսվել է սկզբից:

6. Վերաքննիչ դատարանի 21.03.2011 թվականի որոշմամբ որոշվել է քաղաքացիական գործն ըստ հայցի Արտակ Գալստյանի ընդդեմ Հարություն Դրիգոյի` գույքը պարտքի դիմաց հաշվանցելու պահանջի մասին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.04.2010 թվականի վճռի դեմ քաղաքացի Ելենա Ավետյանի` որպես գործին մասնակից չդարձված անձի անունից բերված վերաքննիչ բողոքը մերժել, և նշված վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

7. Նշված որոշումը Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է (ստորագրել և իրենց կնիքներով հաստատել են) հետևյալ դատական կազմով` նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Տ. Նազարյան, Ա. Պետրոսյան:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Վերաքննիչ դատարանի դատավորներ Կ. Չիլինգարյանին և Տ. Նազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորների բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բոլոր անձինք հավասար են դատարանների և տրիբունալների առջև: Յուրաքանչյուր ոք իր դեմ ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննության կամ որևէ քաղաքացիական դատավարությունում իր իրավունքների ու պարտականությունների որոշման ընթացքում ունի օրենքի հիման վրա ստեղծված իրավասու, անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից գործի արդարացի ու հրապարակային քննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի քննությունն իրականացվում է դատարանի անփոփոխ կազմով: Գործի քննության ընթացքում դատավորի փոխարինման դեպքում գործի քննությունը սկսվում է նորից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ ներկայացված բողոքները վերաքննիչ դատարանում քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, որոնցից մեկը նախագահում է դատական նիստը (...):

Խորհուրդն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից 05.08.2010, 21.10.2010, 04.11.2010 թվականներին նշանակված դատական նիստերը տեղի են ունեցել նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Խառատյան, Ա. Պետրոսյան դատական կազմով, իսկ 10.03.2011, 21.03.2011 թվականների դատական նիստերը տեղի են ունեցել նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Պետրոսյան, Ն. Տավարացյան դատական կազմով: Այսինքն` Վերաքննիչ դատարանի կազմում տեղի է ունեցել փոփոխություն, որի արդյունքում դատավոր Ա. Խառատյանին դատական կազմում փոխարինել է դատավոր Ն. Տավարացյանը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանի օրինական սկզբնական կազմն է եղել նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Խառատյան, Ա. Պետրոսյան դատական կազմը:

Այնուհետև դատավոր Ա. Խառատյանի արձակուրդ մեկնելու կապակցությամբ օրենքով սահմանված կարգով նշված դատական կազմում նրան փոխարինել է դատավոր Ն. Տավարացյանը:

Խորհուրդը, հիմք ընդունելով վերոգրյալը, հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր ոք ունի օրենքի հիման վրա ստեղծված իրավասու, անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից գործի արդարացի ու հրապարակային քննության իրավունք, իսկ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի` գործի քննությունն իրականացվում է դատարանի անփոփոխ կազմով: Գործի քննության ընթացքում դատավորի փոխարինման դեպքում գործի քննությունը սկսվում է նորից:

Խորհուրդը միաժամանակ արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը գործի քննությունն ավարտել և դատական ակտը հրապարակել է նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ն. Տավարացյան, Ա. Պետրոսյան դատական կազմով: Վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ա. Պետրոսյան, Ն. Տավարացյան դատական կազմում օրենքով սահմանված կարգով փոփոխություն տեղի չի ունեցել, և հետևաբար սույն գործով Վերաքննիչ դատարանի օրինական դատական կազմում դատավոր Տ. Նազարյանն ընդգրկված չի եղել:

Խորհուրդը գտնում է, որ նախագահող դատավոր Կ. Չիլինգարյանի կողմից սույն գործով չի դրսևորվել համապատասխան ուշադրություն և շրջահայացություն, չի ձեռնարկվել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ գործն ըստ էության լուծող դատական ակտը Վերաքննիչ դատարանի օրինական դատական կազմի կողմից կայացնելու, ստորագրելու և իրենց կնիքներով այն հաստատելու կապակցությամբ, ինչի արդյունքում թույլ է տրվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:

Վերաքննիչ դատարանի սույն գործով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտը ստորագրվել է նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան, դատավորներ` Տ. Նազարյան, Ա. Պետրոսյան դատական կազմի կողմից:

Խորհուրդը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Տ. Նազարյանը սույն գործով չէր կարող մասնակցել դատական ակտի կայացմանը, չէր կարող ստորագրել և իր կնիքով հաստատել այն, քանի որ դատավոր Տ. Նազարյանն օրենքով սահմանված կարգով չի հանդիսացել սույն գործով Վերաքննիչ դատարանի օրինական դատական կազմի անդամ, օրենքով սահմանված կարգով ընդգրկված չի եղել այդ դատական կազմում, չի մասնակցել գործի քննությանը և ստորագրելով դատական ակտը թույլ է տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կ. Չիլինգարյանը և Տ. Նազարյանը թույլ են տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք են դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Խորհուրդը, Վերաքննիչ դատարանի դատավոր Կ. Չիլինգարյանի համար կարգապահական պատասխանատվության տեսակի ընտրության հարցում հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ նրան մեկ այլ գործով` Արդարադատության խորհրդի սույն թվականի փետրվարի 25-ի թիվ ԱԽ-3-Ո-6 որոշմամբ, հայտարարվել է նախազգուշացում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով` Խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:

2. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանին հայտարարել նախազգուշացում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

    Արդարադատության խորհրդի անդամներ`        Վ. Աբելյան

                                             Կ. Բաղդասարյան

                                             Ռ. Բարսեղյան

                                             Տ. Բարսեղյան

                                             Ա. Թումանյան

                                             Ա. Խաչատրյան

                                             Մ. Մակյան

                                             Հ. Փանոսյան

 

 

pin
Արդարադատության խորհուրդ
03.06.2011
N ԱԽ-11-Ո-14
Որոշում