Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԱԽ-13-Ո-17

2011 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍԱՄՎԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(2-րդ մաս)

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1. Նախաքննական մարմինը Մեղադրյալին 30.04.2011 թվականին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով այն բանի համար, որ նա 28.04.2011 թվականին` ժամը 13.00-ի սահմաններում, ջրաչափի տվյալները ստուգելու պատրվակով բաց դռնից ապօրինի մուտք Է գործել Երևան քաղաքի Ավան, Հովհաննես Հովհաննիսյան 25/2 շենքի 8-րդ բնակարան, որտեղ Ռիմա Ավետիսի Մանուկյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության, այն է` նախապես իր մոտ գտնվող ատրճանակի գործադրման սպառնալիքով ավազակային հարձակում է կատարել Ռ. Մանուկյանի նկատմամբ և վերջինիս կողմից կրվող, զգալի չափի` 300.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա ականջօղերը և ոսկյա մեկ հատ մատանին հափշտակելով` հիշյալ բնակարանից դիմել է փախուստի:

2. Նախաքննական մարմինը 30.04.2011 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան` Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

3. Դատարանը, թիվ ԵԱՆԴ/0062/06/11 քրեական վարույթի շրջանակներում, քննության առնելով քրեական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, 30.04.2011 թվականի որոշմամբ այն բավարարել է, և Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանք 2 (երկու) ամիս ժամկետով: Որոշվել է կալանքի սկիզբը հաշվել ձերբակալման օրվանից` 29.04.2011 թվականից:

4. Դատարանը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննարկելու մասին 30.04.2011 թվականի որոշման մեջ մասնավորապես նշել է. «Դատարանը, քննության առնելով միջնորդությունը, լսելով կողմերին, ուսումնասիրելով ներկայացրած փաստերը, հիմնավորումները, բացատրությունները և նյութերը, արձանագրեց բավարար հիմնավոր փաստեր, որոնք հավանական կդարձնեն այն հանգամանքը, որ մեղադրյալ Ալբերտ Ռաֆիկի Խաչատրյանը, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի գործի քննությանը: Ներկայացված փաստերը դատարանին բավարար և հիմնավոր հիմք են տալիս ենթադրելու, որ Ա. Խաչատրյանը, ում մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով արգելված արարք, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը գործի համար կարևոր նշանակություն ունեցող փաստեր թաքցնելու կամ կեղծելու միջոցով, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով անհարգելի պատճառով չներկայանալու կամ այլ ճանապարհով խուսափել քրեական պատասխանատվությունից և պատիժ կրելուց: Դատարանը մեղադրյալ Ա. Խաչատրյանի մասնակցությունը մեղսագրվող հանրորեն վտանգավոր արարքին որպես հիմնավոր կասկած դիտում է անձին ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունը, որով տուժող Ռիմա Մանուկյանը ճանաչել է մեղադրյալ Ալբերտ Ռաֆիկի Խաչատրյանին, առերես հարցաքննության արձանագրությունը, որտեղ տուժողը պնդել է Ա. Խաչատրյանի կողմից իր նկատմամբ ավազակային հարձակում կատարելու հանգամանքը: Ելնելով վերոգրյալից` դատարանը գտնում է, որ քննիչի ներկայացրած միջնորդությունը հիմնավոր է և պետք է բավարարել»:

5. Դատարանի 30.04.2011 թվականի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 23.05.2011 թվականի որոշմամբ մերժվել է:

6. Մեղադրյալի պաշտպան Գ. Սարգսյանը 11.05.2011 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան` Մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: 19.05.2011 թվականի դատական նիստում Մեղադրյալի պաշտպանը հրաժարվել է իր կողմից ներկայացված միջնորդությունից այն պատճառաբանությամբ, որ պաշտպանական կողմը տվյալ ժամանակահատվածում նպատակահարմար չի գտնում դրա քննարկումը, և խնդրել է միջնորդությունը թողնել առանց քննության: Դատարանի նույն օրվա որոշմամբ Մեղադրյալի պաշտպան Գ. Սարգսյանի կողմից ներկայացված միջնորդությունը թողնվել է առանց քննության:

7. Դատարանը 30.05.2011 թվականին` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման կայացումից մեկ ամիս անց, քննության է առել Մեղադրյալի պաշտպանի կողմից կրկին ներկայացված միջնորդությունն ընտրված խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ:

8. Մեղադրյալի պաշտպան Գ. Սարգսյանի կողմից ներկայացված միջնորդությունը Դատարանի 30.05.2011 թվականի որոշմամբ բավարարվել է, և Մեղադրյալի նկատմամբ 30.04.2011 թվականին ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով` գրավով:

9. Դատարանն իր 30.05.2011 թվականի որոշման նկարագրական-պատճառաբանական մասում մասնավորապես նշել է. «Ելնելով վերոգրյալից` պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալ Ա. Խաչատրյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց` գրավ` պատճառաբանելով, որ Ա. Խաչատրյանին ազատ արձակելու համար իրական երաշխիքներ են հանդիսանում այն, որ նա նախկինում չի արատավորվել, չի դատապարտվել, ազատության մեջ մնալով չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից, չի խոչընդոտի մինչդատական վարույթում գործի քննությանը, նախաքննության մասնակից անձանց վրա անօրինական ազդեցություն չի գործադրի, բացի այդ ունի մշտական բնակության վայր, երիտասարդ է, պատրաստվում էր ամուսնանալ, սակայն ձերբակալման հետևանքով հետաձգվում է վերջինիս ամուսնությունը, որը կարող է իր բացասական հետևանքներն ունենալ, նաև նրա խնամքին է գտնվում վատառողջ մայրը: Մեղադրող Ա. Մկրտչյանը և քննիչ Ժ. Թովմասյանը ներկայացրած միջնորդության դեմ չառարկեցին: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավանորմից բխում է, որ անձի կալանավորման հարցը լուծելիս ՀՀ իրավասու դատարանները լիազորված են քննարկել մեղադրյալի ներկայանալը երաշխավորող այլընտրանքային միջոցների կիրառման հնարավորությունը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա այդպիսի միջոց է գրավը: Հետևաբար «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավանորմը ՀՀ իրավունքի բաղկացուցիչ մասն է, և ՀՀ իրավասու դատարաններն անկախ անձին մեղսագրվող հանցագործության ծանրության աստիճանից լիազորված են քննարկել մեղադրյալին գրավի կիրառմամբ կալանավորումից ազատ արձակելու հնարավորության հարցը: Այսպիսով, դատարանը, քննարկելով միջնորդությունը, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, գտնում է, որ սույն քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Ա. Խաչատրյանի նկատմամբ գրավի կիրառումը պետք է ճանաչել թույլատրելի, ինչը կարող է քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ պահել մեղադրյալի գտնվելը և ապահովել նրա պատշաճ վարքագիծը: Ելնելով վերոգրյալից` դատարանը, մեղադրյալ Ալբերտ Ռաֆիկի Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելը ճանաչելով թույլատրելի, գրավի չափ է սահմանում մեկ միլիոն (1.000.000) ՀՀ դրամը»:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննարկելով դատավոր Ս. Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է գործը քննելիս և լուծելիս ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն:

ՀՀ դատավորի վարքագծի կանոնների 1-ին կանոնի համաձայն` «դատավորը պարտավոր է դրսևորել վարքագծի բարձր չափանիշներ` ապահովելով դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը: Արդարադատություն իրականացնելիս և ոչ դատական գործունեության ընթացքում դատավորը պարտավոր է ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ դատական օրենսգրքով, այլ իրավական ակտերով ինչպես նաև սույն վարքագծի կանոններով»:

ՀՀ դատավորի վարքագծի կանոնների 2-րդ կանոնի համաձայն` «դատավորը պարտավոր է իր վարքագծով ամրապնդել կողմերի, իրավաբանական հանրության հավատը դատավարության, դատավորի և դատարանի անկախության, անկողմնակալության և արդարության հանդեպ: Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև լինի տեսանելի, համոզիչ և ընկալվի որպես արդարության հաստատում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները:

Դատական ակտերի օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության հարցին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ֆ. Գալստյանի գործով որոշման մեջ, որում իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված` դատավճռին ներկայացվող օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջները վերաբերելի են նաև մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտերին (որոշումներին):

Դատական ակտն օրինական է, եթե կայացվել է գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ, և հիմնավորված, եթե դրանում արված հետևությունները հիմնված են դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա: Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման» (տե՛ս Ֆրունզիկ Խաչիկի Գալստյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 17-19-րդ կետերը):

ՀՀ վերաքննիչ դատարանների կողմից վերաքննիչ բողոքը մերժելու, չպատճառաբանված դատական ակտերն օրինական ուժի մեջ թողնելու և դրանք պատճառաբանելու վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն է հայտնել նաև ՀՀ սահմանադրական դատարանը համապատասխան օրենսդրական ակտերում պարունակվող նորմերը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշմամբ: Մասնավորապես ՀՀ սահմանադրական դատարանը վերը նշված որոշմամբ արձանագրել է, որ «(...) օրենսդրությունն ընդհանրապես պետք է բացառի չպատճառաբանված դատական ակտի գոյությունը, որովհետև նման ակտը չի կարող համապատասխանել իրավական պետության հիմնարար սկզբունքներին, չի կարող երաշխավորել մարդկանց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանություն, ինչպես նաև ապահովել խախտված իրավունքների արդյունավետ վերականգնում» (տե՛ս 15.06.2010 թ. ՍԴՈ-896):

Հիմք ընդունելով վերոշարադրված իրավադրույթները, ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները` Խորհուրդը գտնում է, որ չպատճառաբանված դատական ակտերը չեն կարող ապահովել դատական իշխանության և դատարանների կողմից կայացված դատական ակտերի նկատմամբ հանրության վստահությունը, այլ ընդհակառակը` չպատճառաբանված, չհիմնավորված դատական ակտերը նսեմացնում են դատական իշխանության հեղինակությունը և խաթարում են արդարադատության բուն էությունը:

Խորհուրդը գտնում է, որ Դատարանը (դատավոր` Ս. Մնացականյան) իր 30.05.2011 թվականի որոշմամբ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելիս որևէ ձևով չի պատճառաբանել նման եզրահանգման գալը, այլ ընդամենը որոշման պատճառաբանական մասում ուղղակի նշել է պաշտպանի կողմից Դատարան ներկայացված միջնորդության հիմնավորումը և մեղադրող կողմի դիրքորոշումը ներկայացված միջնորդության վերաբերյալ (տե՛ս կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերի 9-րդ կետ): Դատարանը չի մատնանշել որևէ փաստական հանգամանք, որը հնարավորություն կընձեռեր հանգել հետևության այն մասին, որ 30.04.2011 թվականի որոշմամբ արձանագրված և կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմք հանդիսացած հանգամանքները վերացել են: Այսինքն` Դատարանը, առանց որևէ իրավական հիմնավորման և պատճառաբանության, գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի` դրսևորելով կամայական մոտեցում:

Խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատական գործի քննության ընթացքում դատավորի կողմից կամայականություն դրսևորելու անթույլատրելիության վերաբերյալ Արդարադատության խորհուրդը հայտնել է հետևյալ իրավական դիրքորոշումը.

«Անձին ազատությունից զրկելը կամայական է, երբ այն կատարվել է օրենքով սահմանված իրավական ընթացակարգերի խախտմամբ, ինչպես նաև այն դեպքում, երբ կողմնակի դիտորդի համար ակնհայտ է, որ տվյալ հանգամանքներում ազատությունից զրկելու հիմքերը պատշաճ և համոզիչ չեն:

Այս հանգամանքները համակցության մեջ գնահատելով` Խորհուրդը եզրակացնում է, որ դատավոր[ը] (...) ամբաստանյալ[ին] (...) ազատությունից զրկելիս դրսևորել է կամայական մոտեցում» (տե՛ս 05.11.2010 թ. թիվ ԱԽ-19-Ո-19 որոշում):

Հիմք ընդունելով վերը նշված որոշման մեջ առկա դիրքորոշումը և այն համադրելով քննարկվող գործի փաստական հանգամանքների հետ` Խորհուրդը գտնում է, որ սույն գործով դատավոր Ս. Մնացականյանի կողմից նույնպես դրսևորվել է կամայական մոտեցում, քանի որ կամայականության դրսևորում է հանդիսանում փաստերի վրա չհիմնված և չպատճառաբանված դատական ակտի կայացումն անկախ այն հանգամանքից, թե այդ դատական ակտով անձը կալանավորվում է, թե կալանքից ազատ է արձակվում: Նման դատական ակտերը նսեմացնում են դատական իշխանության հեղինակությունը և չեն կարող ապահովել դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ որոշում կայացնելիս դատավոր Ս. Մնացականյանը դրսևորել է կամայական մոտեցում. չի պատճառաբանել և չի հիմնավորել իր կողմից կայացված դատական ակտը` դրանով իսկ թույլ տալով դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումներ, ինչպես նաև չի դրսևորել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, չի դրսևորել վարքագծի բարձր չափանիշներ (ՀՀ դատավորի վարքագծի կանոնների 1-ին կանոնի իմաստով), իր վարքագծով չի նպաստել դատավարության, դատարանի և դատավորի արդարացիության նկատմամբ հավատի ամրապնդմանը (2-րդ կանոնի իմաստով)` թույլ տալով դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ: Արդյունքում թույլ է տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ դատավորի վարքագծի կանոնների 1-ին, 2-րդ կանոնների խախտումներ:

Խորհուրդը հարկ է համարում նաև անդրադառնալ դատավոր Ս. Մնացականյանի կողմից Կարգապահական հանձնաժողովին ներկայացրած բացատրության մեջ առկա փաստարկներին:

Խորհուրդը նախ արձանագրում է, որ դատավոր Ս. Մնացականյանի կողմից ներկայացված բացատրությունը հիմնականում վերաբերում է գրավի` որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի կիրառման թույլատրելիությանը և դրան վերաբերող միջազգային և ներպետական նորմատիվ իրավական ակտերին: Բացի այդ, ըստ դատավորի` իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձին գրավի կիրառմամբ ազատ արձակելու հանգամանքը:

Խորհուրդը հարկ է համարում նշել, որ սույն գործով Դատարանի կողմից Մեղադրյալի նկատմամբ 30.05.2011 թվականին կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելը և ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձին ազատ արձակելն ինքնին Կարգապահական հանձնաժողովի կողմից դատավոր Ս. Մնացականյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման մեջ քննարկման առարկա չի դարձվել որպես թույլ տրված խախտում և հետևաբար կարգապահական վարույթը հարուցելու հիմք չի հանդիսացել:

Կարգապահական վարույթը հարուցելու հիմք են հանդիսացել դատավորի կողմից ոչ պատշաճ մասնագիտական պատրաստվածության դրսևորումը, որը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտման, ինչպես նաև չպատճառաբանված, չհիմնավորված դատական ակտ կայացնելը և այն կայացնելիս կամայական մոտեցում դրսևորելը:

ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են դատավորի կողմից վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտում թույլ տալը: Սույն հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց մեկ տարի հետո:

Հետևաբար դատավոր Ս. Մնացականյանի բացատրության մեջ բերված այն փաստարկը, որ վարքագծի կանոնների պարբերաբար խախտումներ թույլ չի տվել, Խորհուրդը համարում է առարկայազուրկ, քանի որ դատավոր Ս. Մնացականյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ոչ թե վարքագծի կանոնների պարբերաբար, այլ կոպիտ խախտում թույլ տալու հիմքով:

Խորհուրդը արձանագրում է նաև, որ դատավոր Ս. Մնացականյանի բացատրության մեջ նշվել է, որ ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը չի տարածվում գործն ըստ էության չլուծող որոշումներում թույլ տրվող խախտումների վրա, քանի որ նշված դրույթում որպես կարգապահական վարույթի հարուցման ժամկետ է նշված «դատավորի կողմից տվյալ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտը» կայացնելուց հետո մեկ տարին:

Այս կապակցությամբ Խորհուրդը հարկ է համարում նշել, որ ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում որպես կարգապահական պատասխանատվության հիմք սահմանված է «արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը»: Իսկ «արդարադատության իրականացում» արտահայտությունը լայն հասկացություն է և ընդգրկում է դատարանի կողմից իրականացվող ողջ դատավարական գործունեությունը` թե՛ գործն ըստ էության լուծող որոշումների կայացումը, թե՛ գործն ըստ էության չլուծող որոշումների կայացումը և թե՛ դրանց նախորդող ու հաջորդող դատական ընթացակարգերը: «Արդարադատության իրականացում» ձևակերպման նեղ մեկնաբանության և դրա ներքո միայն գործն ըստ էության լուծող որոշումների կայացումը դիտելու պարագայում դրա շրջանակից դուրս կմնան բազմաթիվ դատական ակտեր և ընթացակարգեր, որոնցում կարող են թույլ տրվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ այնպիսի խախտումներ, որոնք իրենց ծանրությամբ կարող են չզիջել գործն ըստ էության լուծող դատական ակտով թույլ տրված հնարավոր խախտումներին: Այդպիսի դատական ակտեր են, օրինակ, անձի սահմանադրական իրավունքների սահմանափակում նախատեսող ակտերը (խափանման միջոց կալանքը ընտրելու, բնակարանի խուզարկությունը թույլատրելու մասին որոշումները և այլն), համաներման ակտը կիրառելու, գործով վարույթը կասեցնելու մասին դատական ակտերը և այլն:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում ամրագրված դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքը վերաբերում է թե՛ գործն ըստ էության լուծող, թե՛ չլուծող դատական ակտերին, ինչպես նաև դրանց նախորդող ու հաջորդող դատական ընթացակարգերին:

Ինչ վերաբերում է կարգապահական վարույթ հարուցելու ժամկետին, ապա Խորհուրդն արձանագրում է հետևյալը. ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը հստակ չի կարգավորում գործն ըստ էության չլուծող դատական ակտերում դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տալու դեպքում վարույթ հարուցելու ժամկետը: Խորհուրդը գտնում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերով ենթադրյալ կարգապահական խախտում թույլ տալու պարագայում վարույթ հարուցելու ժամկետ պետք է դիտել այդ հոդվածում նշված մեկ տարին` հաշված տվյալ որոշման կայացման պահից, որպեսզի կարգապահական վարույթ հարուցելու վաղեմության ժամկետի մասով անիրավաչափ տարբերություն չդրվի գործն ըստ էության լուծող և չլուծող դատական ակտեր կայացնելու միջև:

Այսպիսով, առանց որևէ պատճառաբանության դատական ակտ կայացնելով` դատավոր Ս. Մնացականյանն իր վարքագծով խաթարել է կողմերի, իրավաբանական հանրության և հասարակության հավատը դատավարության, դատավորի և դատարանի արդարության հանդեպ: Դրա արդյունքում արդարադատությունը ոչ միայն չի իրականացվել, այլև չի եղել տեսանելի և համոզիչ, չի ընկալվել որպես արդարության հաստատում:

Խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ դատավոր Ս. Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է ոչ թե գրավի կիրառմամբ անձին ազատ արձակելը, այլ չպատճառաբանված և չհիմնավորված որոշում կայացնելը, որը Խորհուրդը դիտում է որպես կամայականության դրսևորում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանը թույլ է տվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` Խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Դիմել Հանրապետության նախագահին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

    Արդարադատության խորհրդի անդամներ`        Վ. Աբելյան

                                             Կ. Բաղդասարյան

                                             Ռ. Բարսեղյան

                                             Ա. Թումանյան

                                             Ա. Խաչատրյան

                                             Մ. Մակյան

                                             Ս. Օհանյան

 

 

pin
Արդարադատության խորհուրդ
24.06.2011
N ԱԽ-13-Ո-17
Որոշում