Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-Ր...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1063 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2160/02/09

    դատարանի որոշում                                              2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2160/02/09

 

Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան

    Դատավորներ`        Դ. Խաչատրյան

                       Ա. Մկրտչյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                    Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ         Ա. Բարսեղյանի

                                      Վ. Աբելյանի

                                      Ս. Անտոնյանի

                                      Վ. Ավանեսյանի

                                      Մ. Դրմեյանի

                                      Գ. Հակոբյանի

                                      Է. Հայրիյանի

                                      Տ. Պետրոսյանի

                                      Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի մայիսի 27 -ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արամ Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.12.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արամ Դավթյանի ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, երրորդ անձ «Մաժեստիկ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` հանքարդյունահանման աշխատանքների վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից սահմանված անօրինական պարտավորության հետևանքով խախտված իրավունքի վերականգնման և պատճառված վնասի հատուցման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արամ Դավթյանը պահանջել է վերացնել 08.07.2005 թվականի հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման լիցենզային պայմանագրի հավելվածով նախատեսված նախագծային կորուստներին վերաբերող դրույթը և բռնագանձել 1.977.120 ՀՀ դրամ` աշխատավարձի և այն ժամանակին չվճարելու հետ կապված վնասը:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 22.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է: Վճռվել է Արամ Դավթյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ և 39.542 ՀՀ դրամ պետական տուրք:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.12.2010 թվականի որոշմամբ Արամ Դավթյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Որոշվել է Արամ Դավթյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 69. 313,6 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար չվճարված պետական տուրք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արամ Դավթյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցադիմումով ներկայացվել է չվճարված աշխատավարձը և այն չվճարելու հետ կապված վնասները բռնագանձելու պահանջ, ինչպես նաև ներկայացվել է աշխատավարձի և վնասների մանրամասն հաշվարկը: Այսինքն` ներկայացվել է աշխատավարձի բռնագանձման պահանջ, որի համար պետական տուրք չի վճարվում, մինչդեռ Արամ Դավթյանից բռնագանձվել է պետական տուրքի գումար:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Արամ Դավթյանի նկատմամբ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ քրեական գործի վարույթը կարճվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալու հիմքով, հետևաբար Արամ Դավթյանը մեղավոր չի ճանաչվել, քանի որ նրա նկատմամբ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Այսպիսով, «անմեղության կանխավարկածի» խախտման արդյունքում Արամ Դավթյանը 8 ամիս կալանքի տակ է գտնվել, որի հետևանքով չի ստացել Ընկերության տնօրենի պաշտոնակատարի հասանելիք աշխատավարձը և դրա հետևանքով կրել է վնասներ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.12.2010 թվականի որոշումը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Արամ Դավթյանը հայց ներկայացնելու, ինչպես նաև վճռաբեկ բողոք բերելու պահին, որպես քաղաքացի, վեճի առարկա պայմանագրի կողմ չէ, հետևաբար պայմանագրի դրույթն անվավեր ճանաչելու մասին որևէ պահանջ չի կարող ներկայացնել, այսինքն` Արամ Դավթյանը պատշաճ հայցվոր չէ: Բացի այդ, Ընկերության թիվ 158 լիցենզային պայմանագրի որևէ դրույթ վերացնելու կամ փոփոխելու պահանջ լիազոր մարմին չի ներկայացրել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանի 22.07.2010 թվականի վճռով վճռվել է Արամ Դավթյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ և 39.542 ՀՀ դրամ պետական տուրք:

2) Վերաքննիչ դատարանի 01.12.2010 թվականի որոշմամբ որոշվել է Արամ Դավթյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 69. 313,6 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար չվճարված պետական տուրքի գումար:

3) Վճռաբեկ դատարանի քրեական պալատի 02.06.2009 թվականի թիվ ԵՔՐԴ/0297/01/08 որոշման համաձայն` Արամ Դավթյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է: Որոշվել է Արամ Դավթյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 9-ի դատավճիռն ու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 5-ի որոշումն ամբողջությամբ բեկանել, գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ: Տվյալ որոշմամբ նշվել է, որ Արամ Դավթյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքում հաստատված է, իսկ ամբաստանյալի պատճառաբանությունները հերքված են վկաներ Ա. Հովհաննիսյանի, Մ. Կարապետյանի, Ա. Բեգլարյանի, Ս. Բեգլարյանի, Վ. Աբրահամյանի ցուցմունքներով, դատահաշվապահական թիվ 06-0405, 07-0978 եզրակացություններով, թիվ 07-0978 եզրակացության լրացուցիչ հաշվարկով, ամբուլատոր դատահոգեբուժական համալիր փորձաքննության թիվ 265/08 եզրակացությամբ: Ամբաստանյալ Արամ Դավթյանի կողմից կատարված հանցանքն ապացուցված է, և նրա մեղավորությունը հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, ամբաստանյալի բողոքում առկա փաստարկները հիմք չեն կարող հանդիսանալ դատական ակտը բեկանելու և գործի վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճելու համար (հատոր 1-ին գ.թ. 14-17):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար` գույքային պահանջով հայցագնի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, իսկ «բ» կետի համաձայն` ոչ գույքային պահանջով բազային տուրքի քառապատիկի չափով:

Նույն հոդվածի 8-րդ մասի «ա» կետի համաձայն` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար վճարվում է պետական տուրք` գույքային պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, իսկ «բ» կետի համաձայն` ոչ գույքային բնույթի պահանջի գործերով գանձվում է պետական տուրք բազային տուրքի տասնապատիկի չափով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:

Սույն գործով Դատարանը հայցադիմումը մերժելիս պատճառաբանելով, որ հայցապահանջի մերժման պարագայում պետական տուրքը ենթակա է բռնագանձման Արամ Դավթյանից, ոչ գույքային պահանջով բռնագանձել է 4.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ գույքային պահանջով` 39.542 ՀՀ դրամ պետական տուրք:

Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով ուժի մեջ, պատճառաբանել է, որ ներկայացրած պահանջներից` հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման լիցենզային թիվ 158 պայմանագրի հավելվածի նախագծային կորուստներ սահմանող դրույթն անվավեր ճանաչելու և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածով պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ հայցերով պետական տուրքի վճարման արտոնություն չի կիրառվում, իսկ վերջինս հայցադիմումում չի նշել աշխատավարձի չափի մասին, այլ նշել է միայն 1.977.120 ՀՀ դրամ վնասի չափի մասին: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածով նախատեսված` որպես վնաս բռնագանձվող գումարը չի կարող նույնացվել աշխատավարձին հավասարեցված վճարումների հետ, ուստի հայցվորը չի կարող ազատվել այդ պահանջների մասով պետական տուրքի վճարումից:

Մինչդեռ, սույն գործով Արամ Դավթյանը մեկ հայցադիմումով ներկայացրել է ոչ գույքային պահանջ, այն է` վերացնել 08.07.2005 թվականի հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման լիցենզային պայմանագրի հավելվածով նախատեսված նախագծային կորուստներին վերաբերող դրույթը և գույքային պահանջ, այն է` բռնագանձել 1.977.120 ՀՀ դրամ աշխատավարձի և այն ժամանակին չվճարելու հետ կապված վնասը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արամ Դավթյանի կողմից ներկայացվել են գույքային և ոչ գույքային պահանջներ: Ընդ որում, գույքային պահանջը վերաբերել է աշխատավարձի և այն չվճարելու հետ կապված վնասների բռնագանձմանը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արամ Դավթյանը հայցադիմումում առկա գույքային պահանջի մասով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի ուժով ազատված է պետական տուրքի վճարումից:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի ուժով պետական տուրքի հարցը` գույքային պահանջի մասով, պետք է համարեր լուծված:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին հետաքննության, նախաքննության, դատախազության մարմինների ապօրինի գործունեությամբ պատճառված վնասը, որը չի հանգեցրել սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված հետևանքներին, հատուցվում է նույն օրենսգրքի 1063-րդ հոդվածում նախատեսված հիմքերով և կարգով, իսկ 3-րդ կետի համաձայն` արդարադատություն իրականացնելիս պատճառված վնասը հատուցվում է միայն այն դեպքում, երբ դատավորի մեղքը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

Սույն գործում առկա Վճռաբեկ դատարանի քրեական պալատի 02.06.2009 թվականի թիվ ԵՔՐԴ/0297/01/08 որոշմամբ Արամ Դավթյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է: Որոշվել է Արամ Դավթյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 9-ի դատավճիռն ու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 5-ի որոշումն ամբողջությամբ բեկանել, գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ: Միաժամանակ, նշված որոշմամբ հաստատվել է, որ ամբաստանյալ Արամ Դավթյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքում հաստատված է, իսկ ամբաստանյալի պատճառաբանությունները հերքված են: Ամբաստանյալ Արամ Դավթյանի կողմից կատարված հանցանքն ապացուցված է, և նրա մեղավորությունը հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, ամբաստանյալի բողոքում առկա փաստարկները հիմք չեն կարող հանդիսանալ դատական ակտը բեկանելու և գործի վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճելու համար:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի 02.06.2009 թվականի թիվ ԵՔՐԴ/0297/01/08 որոշմամբ հաստատված Արամ Դավթյանի մեղքի առկայության դեպքում, նրան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի, այնպես էլ նույն օրենսգրքի 1064-րդ հոդվածի ուժով որևէ վնաս չի պատճառվել:

Հետևաբար, հիմնավոր է Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ քաղաքացիական գործի նյութերից ելնելով` Արամ Դավթյանը տվյալ պարագայում որևէ վնաս չի կրել:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.12.2010 թվականի որոշման` Արամ Դավթյանից 59.313,6 ՀՀ դրամ պետական տուրք բռնագանձելու մասը, ինչպես նաև հայցադիմումի համար 39.542 ՀՀ դրամ պետական տուրքի բռնագանձումն օրինական ուժի մեջ թողնելու մասը և այդ մասերով այն փոփոխել` պետական տուրքի հարցը վերոնշյալ մասերով համարել լուծված: Որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2011
N ԵԱՆԴ/2160/02/09
Որոշում