Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 52-ՐԴ ԵՎ 53-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ՏԴ2/0021/02/10

    դատարանի որոշում                                             2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ2/0021/02/10

 

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Տ. Սահակյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                    Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ         Վ. Ավանեսյանի

                                      Վ. Աբելյանի

                                      Ս. Անտոնյանի

                                      Ա. Բարսեղյանի

                                      Մ. Դրմեյանի

                                      Գ. Հակոբյանի

                                      Է. Հայրիյանի

                                      Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

                                      Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի մայիսի 27 -ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ժաննա Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ժաննա Մարտիրոսյանի ընդդեմ «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Մամիկոն Ապանյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Իջևան» տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Ալբերտ Մարտիրոսյանի և Ռիմա Մարտիրոսյանի` ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի 5-րդ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ «Վանաձոր» նոտարական տարածքի կողմից 16.10.2008 թվականին տրված թիվ 5362 նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Կադաստրի կողմից կադաստրի միասնական մատյանում կատարված գրանցումը և Ալբերտ Մարտիրոսյանի անվամբ 03.10.2008 թվականին տրված թիվ 2615304 անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ժաննա Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի 5-րդ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ «Վանաձոր» նոտարական տարածքի կողմից 16.10.2008 թվականին տրված թիվ 5362 նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Կադաստրի կողմից կադաստրի միասնական մատյանում կատարված գրանցումը և Ալբերտ Մարտիրոսյանի անվամբ 03.10.2008 թվականին տրված թիվ 2615304 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.05.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.11.2010 թվականի որոշմամբ Ժաննա Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.05.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ժաննա Մարտիրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ վարչական դատարանի 04.03.2009 թվականի վճռով վճռվել է անվավեր ճանաչել Կադաստրի կողմից տրված 30.10.2003 թվականի թիվ 1760173 սեփականության իրավունքի վկայականի` այդ վկայականում նշված սեփականատերերի մասով և «Շենքի տվյալները» բաժնի «Իրավունքի տեսակը» տողում արված ուղղումները` վերականգնելով համապատասխանորեն «Ալբերտ Մարտիրոսյան, Ժաննա Մարտիրոսյան, Ռիմա Մարտիրոսյան, Աննա Մարտիրոսյան, Մելինե Մարտիրոսյան» և «ընդհանուր համատեղ» բառերը` ձևակերպելով և տալով սեփականության իրավունքի վկայական:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերոնշյալ վճռով ամրագրվել է, որ ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի 5-րդ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք ունեն Ռիմա, Ալբերտ, Ժաննա, Ռիմմա, Աննա և Մելինե Մարտիրոսյանները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.11.2010 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. ՀՀ վարչական դատարանի 04.03.2009 թվականի վճռով բավարարվել է Ժաննա, Ռիմմա, Աննա և Մելինե Մարտիրոսյանների հայցն ընդդեմ Ալբերտ և Ռիմա Մարտիրոսյանների, Կադաստրի` վերջինիս կողմից 30.10.2003 թվականի թիվ 1760173 սեփականության իրավունքի վկայականում կատարված ուղղումներն անվավեր ճանաչելու և մինչև ուղղումները համահայցվորներին պատկանած իրավունքները վերականգնելու պահանջների մասին (հատոր 1-ին գ.թ. 14-18, 89-93, հատոր 2-րդ գ.թ. 11-15, 41-45):

2. Ռիմա Ստեփանի Մարտիրոսյանը 16.09.2008 թվականին ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տունը նվիրել է Ալբերտ Անուշավանի Մարտիրոսյանին (հատոր 1-ին գ.թ. 22):

3. 03.10.2008 թվականի թիվ 2615304 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի 5-րդ փողոցի թիվ 12 տան սեփականատերն է Ալբերտ Անուշավանի Մարտիրոսյանը (հատոր 1-ին գ.թ. 23):

4. ՀՀ վարչական դատարանի 04.03.2009 թվականի վճռի հիման վրա գրանցում կատարելու վերաբերյալ դիմումին Կադաստրը 21.07.2009 թվականի գրությամբ պատասխանել է, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի 5-րդ փողոցի թիվ 12 հասցեի բնակելի տունը գրանցված է Ալբերտ Մարտիրոսյանի անվամբ, հիմք` անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր թիվ 5362` վավերացված 16.09.2008 թվականին: Վարչական դատարանի վճռով Ալբերտ Մարտիրոսյանի անվամբ գրանցված իրավունքները չեղյալ չեն համարվել, ուստի հիշյալ բնակելի տան նկատմամբ իրավունքներ գրանցելու դիմումը մերժվել է (հատոր 1-ին գ.թ. 21):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը Դատարանի` հայցը մերժելու մասին վճիռն անփոփոխ թողնելիս հղում է կատարել միայն ՀՀ վարչական դատարանի 04.03.2009 թվականի վճռի պատճառաբանական մասին և արձանագրել է, որ «Սույն քաղաքացիական գործով որպես նախադատելի դատական ակտ է հանդիսանում վարչական դատարանի 04.03.2009 թվականի թիվ ՎԴ2/0417/05/08 գործով կայացված օրինական ուժի մեջ մտած վճիռը», «Վարչական դատարանը հաստատված է համարել, որ Ժաննա Մարտիրոսյանը և նրա երեք աղջիկները վեճի առարկա բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք չեն ունեցել»:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել ՀՀ վարչական դատարանի նույն վճռի եզրափակիչ մասին, որով բավարարվել է Ժաննա, Ռիմմա, Աննա և Մելինե Մարտիրոսյանների հայցն ընդդեմ Ալբերտ և Ռիմա Մարտիրոսյանների, Կադաստրի` վերջինիս կողմից 30.10.2003 թվականի թիվ 1760173 սեփականության իրավունքի վկայականում կատարված ուղղումներն անվավեր ճանաչելու և մինչև ուղղումները համահայցվորներին պատկանած իրավունքները վերականգնելու պահանջների մասին:

Ավելին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առկա նախադեպային իրավունքի (Ֆիլիսն ընդդեմ Հունաստանի գործով 27.08.1991 թվականի վճռի կետ 59, Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով 19.03.1997 թվականի վճռի կետ 40, Իմմոբիլիարե Սաֆֆի ընդդեմ Իտալիայի գործով 28.07.1999 թվականի վճռի կետ 66) ուսումնասիրությունը վկայում է, որ Եվրոպական դատարանը ներպետական դատական ատյանների որոշումների կատարման վերաբերյալ նշում է. «»դատարանի իրավունքը» կլինի ոչ իրական, եթե պայմանավորվող պետության ներպետական իրավական համակարգը թույլ տա վերջնական, պարտադիր ուժ ունեցող դատական ակտին մնալ անկիրառելի ի վնաս կողմերից մեկի շահերի», «ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարումը պետք է դիտարկվի որպես դատաքննության անբաժանելի մաս` 6-րդ հոդվածի իմաստով»:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ հղում է կատարել միայն ՀՀ վարչական դատարանի 04.03.2009 թվականի վճռի պատճառաբանական մասին` անտեսելով նույն վճռի եզրափակիչ մասն այն պարագայում, երբ հիշյալ վճռով բավարարվել է Ժաննա, Ռիմմա, Աննա և Մելինե Մարտիրոսյանների հայցն ընդդեմ Ալբերտ և Ռիմա Մարտիրոսյանների, Կադաստրի` վերջինիս կողմից 30.10.2003 թվականի թիվ 1760173 սեփականության իրավունքի վկայականում կատարված ուղղումներն անվավեր ճանաչելու և մինչև ուղղումները համահայցվորներին պատկանած իրավունքները վերականգնելու պահանջները:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի իրականացվել սույն գործում առկա օրինական ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատարանի 04.03.2009 թվականի վճռի ամբողջական և օբյեկտիվ գնահատում, որի արդյունքում, ըստ էության, անտեսվել են այդ վճռով տրված լուծումները:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթն Ալբերտ Մարտիրոսյանի անվամբ 03.10.2008 թվականին տրված թիվ 2615304 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

Ալբերտ Մարտիրոսյանի անվամբ 03.10.2008 թվականին տրված թիվ 2615304 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի անվավեր ճանաչման հարցը ենթակա չէ դատարանում քննության, քանի որ անշարժ գույքի սեփականության կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականը չի հանդիսանում իրավունք առաջացնող վարչական ակտ: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ պարբերության համաձայն` գույքի նկատմամբ իրավունքները համարվում են գրանցված` գրանցման մատյանում գրանցելու պահից: Հետևաբար, վարչական ակտ է հանդիսանում անշարժ գույքի գրանցամատյանի գրանցումը (գրառումը): Սեփականության իրավունքի գրանցման վկայականը հանդիսանում է սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ և այդ փաստաթղթի անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մնում վարչական ակտը` անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը (տե՛ս Սիսիանի քաղաքապետարանն ընդդեմ Շահեն Սարգսյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սիսիանի ստորաբաժանման, Կորյուն Օհանյանի` 26.08.2002 թվականին կնքված պայմանագիրը լուծելու, Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև 11.09.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ 3-1920(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի որոշումը):

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2010 թվականի որոշման` ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի 5-րդ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ «Վանաձոր» նոտարական տարածքի կողմից 16.10.2008 թվականին տրված թիվ 5362 նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Իջևան» տարածքային ստորաբաժանման կողմից կադաստրի միասնական մատյանում կատարված գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասերը և այդ պահանջների մասերով գործն ուղարկել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.11.2010 թվականի որոշումը` Ալբերտ Մարտիրոսյանի անվամբ 03.10.2008 թվականին տրված թիվ 2615304 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով և այդ մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2011
N ՏԴ2/0021/02/10
Որոշում