Սեղմել Esc փակելու համար:
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ, ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ, ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ       Վարչական գործ թիվ ՎԴ/0143/05/10

    Վարչական գործ թիվ ՎԴ/0143/05/10                         2011 թ.

 

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                    Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ         Ս. Անտոնյանի

                                      Վ. Աբելյանի

                                      Վ. Ավանեսյանի

                                      Ա. Բարսեղյանի

                                      Մ. Դրմեյանի

                                      Գ. Հակոբյանի

                                      Է. Հայրիյանի

                                      Տ. Պետրոսյանի

                                      Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` Նախարարություն) սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 01.06.2010 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Վլադիմիր Սարգսյանի ընդդեմ Նախարարության և Ծառայության` Նախարարության 25.12.2009 թվականի թիվ Ե-2009-11878 վարչական ակտն անվավեր ճանաչելու, իր կենսաթոշակը, ներառյալ` դրա նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարի չափը, ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափին համապատասխան, վերահաշվարկելուն և վերահաշվարկված կենսաթոշակի ու դրա փաստացի վճարված չափի տարբերությունը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վլադիմիր Սարգսյանը պահանջել է վերացնել Նախարարության 25.12.2009 թվականի թիվ Ե-2009-11878 վարչական ակտը, ինչպես նաև Ծառայությանը պարտավորեցնել վերահաշվարկել և վճարել կենսաթոշակը, ներառյալ` դրա նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 01.06.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածը, չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ դատական օրենսգրքով և «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքով դատավորի պաշտոնում աշխատած անձի կենսաթոշակի նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարի վերահաշվարկման դրույթ նախատեսված չէ: Այսինքն` «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածը, ըստ էության, չի լուծում կենսաթոշակի նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարի վերահաշվարկմանն առնչվող խնդիրը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 01.06.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վլադիմիր Սարգսյանին 10.12.1995 թվականից 59 տարի 9 ամիս 7 օր աշխատանքային ստաժով (19 տարին` դատավորի) նշանակվել և վճարվել է տարիքային աշխատանքային կենսաթոշակ: 2006 թվականից Վլադիմիր Սարգսյանի կենսաթոշակի չափը փոփոխվել է, և կենսաթոշակի և ամենամսյա հավելավճարի ընդհանուր գումարը կազմում է 305.250 ՀՀ դրամ (գ.թ. 83-84):

2) Նախարարության սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետի 25.12.2009 թվականի թիվ Ե-2009-11878 գրությամբ մերժվել է կենսաթոշակի վերահաշվարկ կատարելու մասին Վլադիմիր Սարգսյանի 30.11.2009 թվականի դիմումը: Մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ օրենքը չի պարունակում նշանակված հավելավճարը վերահաշվարկելուն վերաբերող դրույթներ (գ.թ. 38-41):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի համաձայն` դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա` որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի 75 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հավելավճարի իրավունքից օգտվում են նաև դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած նախկին Գերագույն դատարանի անդամ դատավորները, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրները և նախկին ժողովրդական դատավորները:

Նախկին Գերագույն դատարանի անդամ դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին ժողովրդական դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է Վճռաբեկ դատարանի, ՀՀ վերաքննիչ դատարանի, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով կենսաթոշակի անցած դատավորների կենսաթոշակի վերահաշվարկման հարցին և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի 20.09.2006 թվականի ՍԴՈ-647 և 07.07.2009 թվականի ՍԴՈ-811 որոշումների իրավական դիրքորոշումները և այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրություն 92-րդ հոդվածի համաձայն` Վճռաբեկ դատարանը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը, ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխով նախատեսված նորմերով դատավորի և սահմանադրական դատարանի անդամի գործունեության երաշխիքները նույնական են և հաշվի առնելով այն, որ կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունք նախատեսված է թե՛ սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների և թե՛ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար, գտել է, որ նման իրավունք պետք է վերապահվի նաև Վճռաբեկ դատարանի, ՀՀ վերաքննիչ դատարանի, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած դատավորների համար` հաշվի առնելով նաև, որ դատավորների համար բարձր կենսաթոշակի սահմանումը, ինչպես նաև պաշտոնային դրույքաչափի փոփոխության դեպքում կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունքը ոչ թե նրանց տրվող արտոնություն է, այլ նրանց անկախության սոցիալական երաշխիք:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վճռաբեկ դատարանի, ՀՀ վերաքննիչ դատարանի, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով կենսաթոշակի անցած դատավորների կենսաթոշակը ենթակա է վերահաշվարկման (տե՛ս ըստ հայցի Օլգա Հովհաննիսյանի, Համլետ Գևորգյանի և Մարատ Կատվալյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` վարչական ակտը վերացնելու և կենսաթոշակների վերահաշվարկ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի թիվ ՎԴ/5524/05/08 որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կենսաթոշակի նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարը վերահաշվարկման ենթակա չլինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը հիմնավոր չէ:

Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործող օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսվում է նշանակված պետական կենսաթոշակի հավելավճարի վերահաշվարկման հնարավորություն:

Մասնավորապես, «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի համաձայն` դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված տարիքային կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա` վերջին 1 տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի 55 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով:

Միջին աշխատավարձը հաշվարկելու, հավելավճարը հաշվարկելու, նշանակելու և վճարելու, ինչպես նաև ստաժը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պետական կենսաթոշակի և հավելավճարի հանրագումարի չափը չի կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսը:

Հավելավճարի չափը վերահաշվարկվում է`

1) պետական կենսաթոշակի չափը վերահաշվարկելու դեպքում.

2) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափը բարձրացնելու դեպքում:

Նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում հավելավճարի չափը վերահաշվարկվում է դրույքաչափի բարձրացմանը համամասնորեն: Հավելավճարի չափը վերահաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական դատարանի 01.06.2010 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.05.2011
N ՎԴ/0143/05/10
Որոշում