Սեղմել Esc փակելու համար:
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՏՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ...

 

 

040.1060.050811

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 2011 թվականի N 1060-Ն

 

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագիրը` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ համալիր ուսումնասիրությունների կատարման, վերականգնվելիք հուշարձանների ընտրման-գույքագրման, դրանց վերականգնման ու օգտագործման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, վերականգնման աշխատանքների կատարման ժամանակացույցը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 14-ի

N 1060-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. «Խոսրովի անտառ» պետական արգելոցը (այսուհետ` արգելոց) զբաղեցնում է 23213.5 հեկտար տարածք: Այն փռված է Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան և ՈՒրծ, Երանոս, Դահնակ, Իրից լեռ, Խոսրովասար լեռնաբազուկների լանջերին: Գտնվում է 1600-2300 մ բարձրությունների վրա: 1958 թվականից ունի պետական արգելոցի կարգավիճակ: Արգելոցը կազմակերպել է բուսական և կենդանական աշխարհի պահպանման, բարելավման, Ազատ և Վեդի գետերի ավազանների ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության և պատմամշակութային հուշարձանների պահպանության, գիտաճանաչողական զբոսաշրջության զարգացման նախադրյալների ապահովման, բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության նկատառումներով:

2. Արգելոցը բաղկացած է 4 տեղամասերից: Արգելոցի, ինչպես նաև նրա պահպանման գոտում, բացի բարձրարժեք բուսական և կենդանական էկոհամակարգերից, պահպանվում է նաև հսկայական պատմամշակութային ժառանգություն: Այն փաստը, որ արգելոցն իր անվանումն ստացել է ի պատիվ Խոսրով 2-րդ Կոտակ թագավորի, ով 4-րդ դարից սկսած տարածքում անտառատնկումներ է կատարել, որսատեղի հիմնել, ընդգծում է տարածքի պատմամշակութային նշանակությունը, ինչի լավագույն արտահայտությունը կարող է դառնալ արգելոցի տարածքում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնումը, պահպանությունը և օգտագործումը:

3. Ծրագրի իրականացումը հնարավորություն կստեղծի ներդաշնակ պահպանելու և արժևորելու բնական միջավայրը և մշակութային ժառանգությունը:

4. Օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում արգելոցի տարածքում հաշվառված է ընդհանուր թվով 312 հուշարձան, որից 29-ը` վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, 19-ը` բնակատեղի, 2-ը` ամրոց, 222-ը` խաչքարեր և տապանաքարեր, 40-ը` այլ բնույթի հիմնականում միջնադարյան հուշարձաններ, որոնք մեծ մասամբ կիսավեր, անբարեկարգ վիճակում են: Նշված հուշարձաններն իրենց պատմական, գիտական և գեղարվեստական արժեքով հսկայական գիտակրթական, զբոսաշրջային հնարավորություններ ունեն եվ արտացոլում են հատկապես միջնադարյան Հայաստանի տարբեր փուլերի առնչվող հոգևոր ու նյութական մշակութային շերտերը:

5. Արգելոցը, որն իր տեղակայվածությամբ (մայրաքաղաքին մոտ լինելու փաստը, հանրապետության հիմնական զբոսաշրջության ուղիների խաչմերուկում գտնվելը), բնական տեղանքապատկերով (լանդշաֆտով), հարուստ և ինքնատիպ բուսականությամբ ու մշակութային ժառանգությամբ ներդրումներ գրավելու մեծ հեռանկար ունի, ընդգրկված է հանրապետության զբոսաշրջության զարգացման կարևոր առանցքում:

6. Իր գրավիչ բնակլիմայական պայմաններով, բնաշխարհով, պատմամշակութային ինքնատիպ ու հարուստ ժառանգությամբ այն նշանակալի դեր կարող է ունենալ երկրի զբոսաշրջության զարգացման և միջազգային շուկայում հավուր պատշաճի ներկայացման գործում:

 

II. ԾՐԱԳՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Ծրագիրը նպատակ ունի նորովի կազմակերպելու բնության և պատմամշակութային օբյեկտների կառավարումը և պահպանությունը` դրանք դիտելով որպես մեկ ամբողջական բնապատմական լանդշաֆտ: Սույն նպատակը բխում է ինչպես պատմամշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման կարևորությունից, այնպես էլ վերջին տարիներին միջազգային ասպարեզում բնության և պատմամշակութային հուշարձանների սինթեզ հանդիսացող տարածքների` որպես մարդու և բնության ներդաշնակ ստեղծագործական արգասիք լինելու կարևորության բարձրացման միտումներից: Մոտեցման վառ ապացույցն է 2010 թվականին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ՅՈՒՆԵՍԿՈ-Հունաստան մշակութային լանդշաֆտների պահպանության և կառավարման բնագավառի «Մելինա Մերկուրի» միջազգային հիմնադրամի մրցանակին արժանանալու հանգամանքը: Նման քաղաքականությունը կխթանի արգելոցի հանրահռչակմանը և զբոսաշրջության զարգացմանը, միջազգային ճանաչելիության բարձրացմանը:

8. Այդ համատեքստում անհրաժեշտ է կանխել արգելոցի տարածքում գտնվող պատմաճարտարապետական հուշարձանների` բնական գործոններով պայմանավորված աստիճանաբար քայքայումը և բարելավի դրանց պահպանվածության վիճակը: Այս արժեքների ամրակայումը և վերականգնումը թույլ կտան ներդաշնակ պահպանել անցյալի մշակութային հուշարձաններն իրենց շրջակա արժեքավոր բնական միջավայրի հետ: Արդի արագ զարգացող զբոսաշրջության պայմաններում այս հուշարձանների օգտագործումը նպատակ ունի նաև լուծելու տարածքում որոշակի զբաղվածության, ենթակառուցվածքների ստեղծման խնդիրներ:

9. Հուշարձանների առկա վթարային վիճակի վերացմամբ և արդյունավետ օգտագործմամբ սույն ծրագրի իրականացումը նպատակ է հետապնդում`

1) վերականգնելու արգելոցի տարածքի պատմամշակութային հուշարձանները.

2) կազմակերպելու հուշարձանների ճիշտ պահպանություն` որպես մշակութային լանդշաֆտ (բնական և մշակութային ժառանգության ներդաշնակ պահպանման համալիր մոտեցում).

3) նպաստելու հուշարձանների արժևորմանը` ինչպես տեղի բնակչության, այնպես էլ միջազգային հանրության շրջանակում.

4) ակտիվացնելու և նորովի կազմակերպելու հուշարձանի հիման վրա կրթադաստիարակչական ու կրթամշակութային գործընթացները.

5) հուշարձանների օգտագործմամբ նպաստելու զբոսաշրջային ենթակառուցվածքների, զբոսաշրջության տարբեր ձևերի զարգացմանը և զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը.

6) ստեղծելու նոր զբաղվածության ոլորտներ` գրաստային տուրիզմի (գրաստների միջոցով խմբերի տեղափոխումը հուշարձաններ կարող է տեղում զարկ տալ հատկապես ձիաբուծությանը, լրացուցիչ եկամտի աղբյուրի վերածվել արգելոցի հարակից բնակավայրերում ապրող բնակչության համար և չվնասել բուսածածկը ճանապարհների կառուցման դեպքում), հուշանվերային արտադրության հետ կապված և նպաստելու շրջակա համայնքներում կենսամակարդակի բարձրացմանը.

7) բարձրացնելու արգելոցում մշակութային ժառանգության հանդեպ հոգատարությունը և վերահսկողությունը:

10. Որպես ծրագրված գործողությունների և միջոցառումների հաջորդականություն` սույն ծրագրի առաջնահերթ գործարկումը նախատեսվում է սկսել արգելոցի տարածքում գտնվող երեք խոշոր հուշարձանային համալիրների վերականգնման, պահպանության, հասարակության ընկալման համար մատչելիացման և առանձին երթուղիներով ներկայացնելու գործունեությամբ: Ըստ այդմ, նպատակահարմար ենք գտնում ընտրել վերջին տարիներին հատկապես գիտաճանաչողական արշավների անցկացման, ուխտերի կազմակերպման վայրեր համարվող «Հավուց Թառ» (11-18-րդ դդ., հաշվառված է 61 պահպանական օբյեկտ), Աղջոց սբ. Ստեփանոս (12-13-րդ դդ., հաշվառված է 51 պահպանական օբյեկտ) վանական համալիրները և Գեղմահովտի եկեղեցին (13-րդ դար): Այս հուշարձաններն ընդգրկված են արգելոցի 1-2 երթուղիներում (Հավուց Թառ-Ելիջա գյուղատեղի-Գլան գյուղատեղի-Բայբուրդ գյուղատեղի-Փոքր շեն գյուղատեղի-Ներքին Իմիրզեկ գյուղատեղի-Բերդատակ - Կաքավաբերդ): Խնդիր է դրվում առավել հաճախակի այցելության վայր հանդիսացող այս մշակութային ժառանգության օբյեկտներում`

1) իրականացնել մոնիթորինգ (դիտանցում)` ընտրված հուշարձանների պահպանվածության վիճակը, հուշարձանների պահպանական գոտիները, այցելությունների մասով հուշարձանների սեզոնային թողունակության աստիճանը, առավել վտանգված և առաջնահերթ կարիք ունեցող հուշարձանների ցանկը կազմելու, վերականգնման հնարավորությունը, ամրակայման ձևերը և անհրաժեշտ միջոցները որոշելու նպատակով.

2) կազմակերպել հուշարձանների համապատասխան պահպանությունը և բարեկարգումը.

3) տեղադրել տեղեկատվական վահանակներ, աղբամաններ և բիոզուգարաններ.

4) իրականացնել հուշարձանների հիման վրա կրթական, ճանաչողական միջոցառումներ, դրանց պահպանության և բարեկարգ պահպանելու կարևորությունն ընդգծելու նպատակով հանրային իրազեկման քարոզարշավի անցկացում.

5) ապահովել հուշարձանների` անաղարտ և բարեկարգ վիճակով սերունդներին փոխանցումը.

6) խրախուսել էկոտուրիզմի ոլորտում ներդրումների ներգրավմանը` ստեղծելով բնապահպանությանը նպաստող նոր կայուն աղբյուր:

11. Սույն ծրագրի իրականացման խնդիրներից կարելի է համարել նաև նշված հուշարձանների հետագա պահպանության գործընթացի պարբերական վերահսկողությունը և արգելոցի այլ հատվածներում գտնվող մշակութային արժեքների պահպանվածության և վերականգնման հնարավորության մոնիթորինգի անցկացմանը:

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

12. Ծրագրի իրագործումը նախատեսում ենք երկու հիմնական փուլերով` նախապատրաստական և իրականացման`

1) նախապատրաստական փուլի աշխատանքներն իրականացվելու են 18 ամիսների ընթացքում և ընթանալու են ստորև ներկայացվող հիմնական ուղղություններով`

ա. ծրագրին առնչվող փաստաթղթերի փաթեթի կազմում (պատմամշակութային հուշարձան-կառույցների գույքագրում, ըստ տիպերի և օգտագործման գործառույթի խմբավորում, գրական-գրաֆիկական նյութերի նախնական ծանոթացում, վերականգնվող օբյեկտների նշմամբ` սխեմատիկ գլխավոր հատակագծի մշակում),

բ. հնագիտական հետազոտությունների (պեղումների), բնապահպանական, ճարտարապետաշինարարական, գիտական ուսումնասիրությունների իրականացում,

գ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հուշարձանների վերականգնման նախագծերի մշակում, համաձայնեցում,

դ. ծրագրի կազմում և ֆինանսավորման առաջարկների ներկայացում ու դոնոր կազմակերպությունների ներգրավում,

ե. արգելոցի տարածքում աշխատանքների կատարման համապատասխան թույլտվությունների ձեռքբերում,

զ. արդյունքների ամփոփում, պլանավորում և զբոսաշրջային գրաֆիկի կազմում` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և այլ շահագրգիռ գերատեսչությունների հետ.

2) երկրորդ փուլում արդեն մշակված փաստաթղթերի հիման վրա իրականացվելու են պլանավորված հետևյալ աշխատանքները`

ա. ընտրված հուշարձանների ամրակայում և վերականգնում,

բ. նախատեսված վայրերի բարեկարգ պահպանում (աղբամանների, բիոզուգարանների տեղադրում),

գ. հանրահռչակում (տեղեկատվական ուղեցույց-նշանների, բազմալեզու վահանակների տեղադրում, կրթաճանաչողական ծրագրի իրականացում),

դ. հուշարձաններին մոտեցման ուղիների մատչելիացում և թողունակության սահմանված աստիճանի պահպանման ապահովում` չխախտելով արգելոցի պահպանության ռեժիմը:

13. Իրականացման փուլից կարելի է նախատեսել նաև հանրային իրազեկման միջոցառումներ:

 

IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

14. Ծրագրի իրագործման դեպքում արգելոցի տարածքում կարող ենք ունենալ վերականգնված, պահպանված և բարեկարգ երեք հուշարձանային համալիրներ, որոնք գիտալուսավորչական, կրթական մեծ ներուժ ունեն և մշակութային արժեհամակարգերի պահպանման ու փոխանցման, սոցիալ-տնտեսական զարգացման յուրօրինակ մեխանիզմ կարող են հանդիսանալ տարածքի էկոհամակարգերի հետ ներդաշնակ ներկայացնելու պարագայում: Մասնավորապես` աշխարհագրորեն մոտ գտնվող «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի վերածումը տարանցիկ կենտրոնի դեպի նշված հուշարձաններ զբոսաշրջիկների այցելության առումով, կարող է զարկ տալ տարածքում զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծմանը, տուրիզմի տարբեր տեսակների զարգացմանը: Այսպես, օրինակ, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանից գրաստների միջոցով խմբերի տեղափոխումը Հավուց թառի վանական համալիր կարող է դառնալ գրավիչ` ճանաչողական ժամանցի առումով, զարկ տալ տեղում ձիաբուծությանը, լրացուցիչ եկամտի աղբյուրի վերածվել արգելոցին հարակից բնակավայրերում ապրող բնակչության համար և չվնասել բուսածածկը ճանապարհների կառուցման դեպքում: Արգելոցին հարակից բնակավայրերում ավանդական մշակույթի հիման վրա ստեղծված հուշանվերների և ազգային ուտեստների վաճառքը կարող է լրացուցիչ եկամտի աղբյուր հանդիսանալ հատկապես զբոսաշրջիկների հյուրընկալության, սպասարկման գործընթացներում: Այս առումով ակնկալվող արդյունքներից է տեղի բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման ևս մեկ հնարավորության ընձեռումը, ինչը թույլ կտա նորովի մոտենալ ազգային արժեքներին, ինչպես նաև դրանց պահպանումը և ճանաչումը, ներկայացումը դարձնել եկամտի աղբյուր և զբաղվածության, հուշարձանների հանդեպ հոգատար վերաբերմունքի ցուցաբերման գործոն:

15. Ակնկալվող արդյունքների շարքում կարևորվում է նաև տարածքի մշակութային և բնական միջավայրերի ներդաշնակ պահպանման և օգտագործման աշխատանքային պայմանագրերի սահմանումը և կիրառումը:

16. Հետագայում ակնկալվում է լավագույն փորձի կիրառումը նաև արգելոցի մյուս հատվածներում գտնվող հուշարձանների վերականգնման և զբոսաշրջային նպատակներով օգտագործման աշխատանքներում: Հուշարձանների հետագա պահպանության գործում կարևոր ենք համարում խնդրով շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներգրավումը` հանրային իրազեկման, արգելոցում համապատասխան պայմանակարգերի նպատակով:

17. Հուշարձանների էքսկուրսիոն-զբոսաշրջային նպատակներով օգտագործումը կարող է նաև հետագայում ազդակ հանդիսանալ տարածքի պատմամշակութային բովանդակության լիարժեք օգտագործման, երթուղիների ընդլայնման, գիտաճանաչողական, գիտակրթական արշավների կազմակերպման գործընթացների զարգացման առումով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.07.2011
N 1060-Ն
Որոշում