29.12.2025 -
040.1307.031103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հոկտեմբերի 2003 թվականի N 1307-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
(3-րդ մաս)
50. Ավիացիոն անվտանգության ոլորտում միջազգային համագործակցությունը պլանավորում և աշխատանքները համակարգում է լիազոր մարմինը:
50.1. Հայաստանի Հանրապետությունն ապահովվում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության վերաբերյալ օտարերկրյա պետությունների կողմից տրամադրված գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը: Լիազոր մարմինը փոխհամագործակցում է ավիացիոն անվտանգության ապահովման հարցերով այլ պետությունների պետական իշխանության մարմինների ու միջազգային կազմակերպությունների հետ և իր լիազորությունների շրջանակում իրականացնում է օդային հաղորդակցության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակում` ներառելով դրույթներ ավիացիոն անվտանգության վերաբերյալ:
(50.1-ին կետը լրաց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)
50.2. Անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինն իրականացնում է համագործակցություն քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության վերաբերյալ օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների հետ ավիացիոն անվտանգության ապահովման որակի վերահսկման, ավիացիոն անվտանգության ոլորտում անձնակազմի ուսուցման և վերապատրաստման, օդային փոխադրումների ընթացակարգերի պարզեցման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության նախապատրաստման ու փոխանակման հարցերով:
(50.2-րդ կետը լրաց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)
51. Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով բազմակողմանի միջազգային համագործակցությունն իրականացվում է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության միջոցով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի դրույթներին ծանոթացնելու և օտարերկրյա պետությունների հետ քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի մասով համագործակցության մասին օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների և օտարերկրյա օդանավ շահագործողների հարցումները պետք է տրվեն լիազոր մարմնի անունով: Ազգային ծրագրի որոշակի բաժինների կամ գլուխների մասին տեղեկատվության տրամադրման մասին որոշումն ընդունում է լիազոր մարմնի ղեկավարը: Տեղեկատվությունը փոխանցվում է դիմող կողմին լիազոր մարմնի միջոցով:
(51-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 1371-Ն, 28.07.11 թիվ 1061-Ն որոշումներ)
51.1. Լիազոր մարմնի միջոցով են իրականացվում նաև որոշակի չվերթի կամ չվերթների նկատմամբ անվտանգության հատուկ միջոցառումների կիրառման, կոնկրետ չվերթների նկատմամբ անվտանգության անհետաձգելի միջոցառումների կիրառման անհրաժեշտության և ավիացիոն անվտանգությանն սպառնալիքի մասով այլ երկրների հետ տեղեկատվության փոխանակումների իրականացման աշխատանքները:
(51.1-ին կետը լարց. 28.06.07 թիվ 1371-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)
51.2. Այն դեպքում, երբ լիազոր մարմինը ստացել է որոշակի չվերթի, օդանավ շահագործողի կամ այլ պետության օդանավակայանի նկատմամբ անօրինական միջամտության ակտի կատարման սպառնալիքի մասին տեղեկություն, այդ տեղեկությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ քննարկումից հետո լիազոր մարմնի կողմից անհապաղ հաղորդվում է այն պետությանը, որտեղ կարող է կատարվել քաղաքացիական ավիացիայի դեմ նախապատրաստվող անօրինական միջամտության ակտը, ինչպես նաև օդանավը շահագործողի պետությանը:
Եթե որևէ պատճառով այդ տեղեկությունը չի կարող անմիջականորեն տրամադրվել այդ պետությանը, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել երրորդ պետության կամ ԻԿԱՕ` անօրինական միջամտության ակտը կանխելու համար համապատասխան գործողություններ ձեռնարկելու խնդրանքով:
(51.2-րդ կետը լարց. 28.06.07 թիվ 1371-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)
51.3. Դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ թռիչքներ իրականացնող այլ պետությունների օդանավերում անվտանգության զինված աշխատակիցների (օդային մարշալներ) ուղեկցումներ իրականացնելու վերաբերյալ ստացված համաձայնագիրը լիազոր մարմինը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն և Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդ` հարցի նպատակահարմարության, զենքերի տեսակների, դրանց բնութագրերի, անվտանգության զինված աշխատակիցների ուսուցման, սերտիֆիկացման, ժամանման օդանավակայաններում արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում համագործակցության վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բոլոր ներառված պետությունների լիազոր մարմինների հետ համաձայնեցումից հետո որոշում է կայացնում կնքել օդանավերում անվտանգության զինված աշխատակիցների (օդային մարշալներ) կիրառման մասին համաձայնագիրը դիմող պետության հետ և համաձայնագրի հիման վրա դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ թռիչքներ կատարող տվյալ պետության օդանավերում կիրառել անվտանգության զինված աշխատակիցների (օդային մարշալներ) ուղեկցում: Համաձայնագիրը պետք է համապատասխանի ԻԿԱՕ «Անվտանգության ուղեցույցներ» Դոկ 8973/11 փաստաթղթով և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:
Կողմերից որևիցե մեկի անհամաձայնության առկայության դեպքերում` լիազոր մարմինը ստացված դիրքորոշումների հիման վրա մերժում է դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ թռիչքներ իրականացնող պետությունների օդանավերում անվտանգության զինված աշխատակիցների (օդային մարշալներ) կողմից ուղեկցումների իրականացումը:
(51.3-րդ կետը լարց. 28.06.07 թիվ 1371-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)
52. Ավիացիոն անվտանգության ոլորտում օտարերկրյա պետությունների հետ երկկողմանի համագործակցությունն իրականացվում է օդային հաղորդակցության մասին միջազգային պայմանագրերի հիման վրա:
53. Երկկողմանի համագործակցությունը կազմակերպում է լիազոր մարմինը:
54. Օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ օդային հաղորդակցության մասին երկկողմանի համագործակցության պայմանագրերի կնքման դեպքում անհրաժեշտ է համաձայնության գալ հետևյալ հարցերում`
ա) օդային հաղորդակցության մասին պայմանագրում ավիացիոն անվտանգության վերաբերյալ դրույթների ներառում.
բ) քաղաքացիական ավիացիայի գործունեությանն առնչվող անօրինական միջամտության գործողությունների դեմ պայքարի մասին համաձայնագրի կնքում:
55. Օդային հաղորդակցության մասին համաձայնագրին կից արձանագրության մեջ արտացոլվում են հետևյալ հարցերը`
ա) կապերի հաստատում` նշելով պաշտոնատար անձանց հասցեները, հեռախոսի ու ֆաքսի համարները, օդագնացության ամրագրված հեռահաղորդակցության հասցեն (AFTN),
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ծրագրի առանձին մասերի տրամադրում օտարերկրյա պետություններին, ինչպես նաև օդանավ շահագործողների մասին տեղեկատվության փոխանակում,
գ) ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների պատրաստումը կարող է իրականացվել նաև օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում, անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել նաև ուսումնական ծրագրերի փոխանակում,
դ) քաղաքացիական ավիացիայի գործունեության մեջ տեղ գտած անօրինական միջամտության գործողությունների դեմ պայքարի, դրա կանխման հետ կապված տեղեկատվության և փորձի փոխանակում, այդ թվում` փոխադարձ ծանոթացում միջազգային օդանավակայաններում կիրառվող անվտանգության միջոցներին,
ե) անօրինական միջամտության գործողություններին հակազդման ընթացքում առաջացող իրավական հարցերի կարգավորում,
զ) պայմանավորվածություն կողմերի տարածքում անօրինական միջամտության ենթարկված օդանավին վայրէջքի հնարավորություն տալու մասին,
է) օդանավի և ուղևորի վերադարձման սկզբունքը,
ը) իրավական օգնության ցուցաբերում անօրինական միջամտության գործողություն կատարած հանցագործների քննության և պատասխանատվության ենթարկման դեպքում,
թ) օտարերկրյա իրավասու մարմնի խնդրանքով` քրեական պատասխանատվության ենթարկման նպատակով հանցագործներին վերադարձնելու միջոցների ձեռնարկում,
ժ) հանցագործությունների կանխման նպատակով ուժի գործադրում և օդանավի նկատմամբ հսկողության վերականգնում,
ժա) սպառնալիքի ուժեղացման դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերում և օտարերկրյա օդանավերում պայթուցիկ նյութերի կամ սարքերի տեղադրման մասին ազդանշանի ստացման ժամանակ իրականացվող գործողությունների ընթացակարգը,
ժբ) օդանավում պայթուցիկ նյութերի կամ սարքերի հայտնաբերման ընթացակարգը,
ժգ) օդանավակայաններում ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի և օդանավային պիտույքների զննման համար օգտագործվող տեխնիկական միջոցների մասին տեղեկատվության փոխանակում:
(55-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)
56. Ավիացիոն անվտանգության ապահովման համար ձեռնարկվող միջոցների արդյունավետության բարձրացման նպատակով լիազոր մարմինը կազմակերպում է քաղաքացիական ավիացիայի գործունեության մեջ տեղ գտած անօրինական միջամտության գործողությունների փաստերի հետ կապված միջադեպերի կամ դրա սպառնալիքի մասին տեղեկատվության հավաքումը և տարածումը, ինչպես նաև, ելնելով տեղեկատվության բնույթից և գաղտնիության աստիճանից, միջոցներ է ձեռնարկում` այն լայն տարածումից պաշտպանելու համար:
57. Քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների դեպքում տեղեկատվության փոխանցման համար անհատույց օգտագործվում են ինչպես օդանավակայանի, այնպես էլ օդանավ շահագործողների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կապի միջոցները: Նշված կապի միջոցներն առաջնահերթ կարգով հատկացվում են լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց:
58. Քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների մասին տեղեկատվության և դրա փոխանցման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
59. Անօրինական միջամտության ենթարկված օդանավի մասին ամբողջ տեղեկատվությունը և ավիացիոն անվտանգության կազմակերպչական միջոցառումներ իրականացնելու մասին որոշումը հաղորդվում են ենթադրվող վայրէջքի օդանավակայանին և օդանավի թռիչքի երթուղին ընդգրկող պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներին ու օդանավակայանների տնօրինությանը: Այդ տեղեկատվությունը պարբերաբար լրացվում է թռիչքի ընթացքում և օդանավում առկա իրադրության փոփոխման դեպքերում:
60. Հայաստանի Հանրապետության տարածքում անօրինական միջամտության ենթարկված օտարերկրյա օդանավի վայրէջքի մասին անհապաղ պետք է հայտնել`
ա) բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և պաշտոնատար անձանց,
բ) այն պետությանը, որտեղ գրանցված է օդանավը,
գ) այն պետությանը, որը շահագործում է օդանավը,
դ) այն պետությանը, որի քաղաքացիները զոհվել կամ ստացել են մարմնական վնասվածքներ,
ե) այն պետությանը, որի քաղաքացիները պահվում են որպես պատանդներ,
զ) այն պետությանը, որի քաղաքացիները գտնվում են օդանավում (եթե դրա մասին հայտնի է):
61. ԻԿԱՕ-ին ծանուցվում է անօրինական միջամտության հետևյալ գործողությունների դեպքում`
1) անօրինական միջամտության գործողության կամ օդանավի անօրինական զավթման փորձ.
2) անօրինական միջամտության գործողության կամ այդպիսի գործողության փորձ, որն ուղղված է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության դեմ` ներառյալ դիվերսիաները, միտումնավոր վնասումը, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքավորումների տեղադրումն օդանավակայաններում, օդանավերում, օդանավով փոխադրվող բեռներում կամ փոստում.
3) ցանկացած այլ անօրինական միջամտության գործողությունները (ներառյալ զինված հարձակումներն օդանավակայանում ու այլ նմանօրինակ գործողությունները` ուղղված աշխատակիցների, շինությունների ու օդանավակայանից դուրս տրանսպորտային միջոցների դեմ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք կարող են պոտենցիալ վտանգ ներկայացնել միջազգային քաղաքացիական ավիացիայի ու նրա ծառայությունների համար):
(61-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 10.07.2025 թիվ 942-Ն որոշումներ)
61.1. Կիրառվում են ԻԿԱՕ-ին տրամադրվող երկու տեսակի ծանուցումներ`
1) անօրինական միջամտության գործողության վերաբերյալ նախնական ծանուցում, որը պետք է նախապատրաստվի ու ներկայացվի ԻԿԱՕ-ին և համապատասխան պետություններին 30 օրվա ընթացքում.
2) անօրինական միջամտության գործողության վերաբերյալ վերջնական ծանուցում, որը պետք է նախապատրաստվի ու ներկայացվի ԻԿԱՕ-ին և համապատասխան պետություններին հետաքննության ավարտից հետո (հնարավորության դեպքում 60 օրվա ընթացքում): Վերջնական ծանուցումները կարող են ուղարկվել նաև`
ա. այն պետությանը, որն սկսել է հետաքննությունը, բայց փոխանցել է հետաքննության անցկացման պատասխանատվությունն այլ պետության,
բ. օդանավի գրանցման պետությանը,
գ. օդանավ շահագործողի պետությանը,
դ. այն պետություններին, որոնց քաղաքացիները զոհվել են կամ ստացել են մարմնական վնասվածքներ կամ ձերբակալված են անօրինական միջամտության գործողության արդյունքում,
ե. այն պետությանը, որը տրամադրել է միջադեպի կապակցությամբ զգալի նյութական և տեխնիկական աջակցություն:
(61.1-ին կետը լրաց. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)
4. ԿԱՊԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ
62. Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիական ավիացիայի համակարգի ավիացիոն անվտանգության ոլորտում միջազգային համագործակցությունն իրականացնում է ԻԿԱՕ-ի, Եվրոպական միության հանձնաժողովի, Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս (այսուհետ` ԵԿԱԿ), Եվրոկոնտրոլ միջազգային կազմակերպությունների աշխատանքներին մասնակցության, ինչպես նաև ավիացիոն ոլորտի այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում: Ավիացիոն անվտանգության ոլորտում միջազգային համագործակցությունն իրականացվում է հետևյալ հիմնական ոլորտներում`
1) ավիացիոն անվտանգությանն առնչվող միջազգային պայմանագրերի նախագծերի մշակման.
2) ավիացիոն անվտանգությանն առնչվող նոր չափանիշների սահմանման կամ գործող չափանիշների բարելավման.
3) ԻԿԱՕ-ի, Եվրոպական միության հանձնաժողովի, ԵԿԱԿ-ի և Եվրոկոնտրոլի խորհուրդների, հանձնաժողովների փորձագետների խմբերի ավիացիոն անվտանգության ապահովման հարցերի քննարկման վերաբերյալ աշխատանքներին.
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումները ԻԿԱՕ-ի և ԵԿԱԿ-ի կողմից սահմանված չափանիշների ուսումնասիրման, համապատասխանության ստուգման և ավիացիոն անվտանգության ոլորտում միջազգային փորձի ներդրմանն աջակցման աշխատանքներին:
(62-րդ կետը փոփ. 14.05.2020 թիվ 764-Ն, 18.12.2025 թիվ 1900-Ն որոշումներ)
62.1. Ավիացիոն անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակներում ազգային ծրագրի 62-րդ կետում նշված միջազգային կազմակերպությունները լիազոր մարմնի համաձայնությամբ կարող են անցկացնել ուսումնասիրություններ և համապատասխանության ստուգումներ, ներառյալ` օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության սպասարկման ծառայությունների և ավիացիոն անվտանգության ստանդարտները կիրառող կազմակերպությունների կողմից ԻԿԱՕ-ի, Եվրոպական միության հանձնաժողովի, Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս (ԵԿԱԿ), Եվրոկոնտրոլ ստանդարտների համապատասխանության և անհրաժեշտության դեպքում, ավիացիոն անվտանգության մասով բարելավման վերաբերյալ առաջարկություններ տալու նպատակով:
Ուսումնասիրությունները և համապատասխանության ստուգումներն իրականացվում են առանց ստուգվող կազմակերպություններին նախնական տեղեկացման, սակայն լիազոր մարմինը նախապես տեղեկացվում է նման ստուգման մասին: Նման ստուգման ավարտին լիազոր մարմին է ներկայացվում տեսչական ստուգման հաշվետվություն, իսկ լիազոր մարմինն իր հերթին ստուգվող կազմակերպություն է ներկայացնում հայտնաբերված անհամապատասխանություններ և պահանջում լիազոր մարմին ներկայացնել հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ ձեռնարկվող ուղղիչ գործողությունների ծրագիրը:
(62.1-ին կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)
62.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող նորմատիվ իրավական փաստաթղթերի և կիրառվող գործելաձևերի և կոնվենցիայի N 17` «Ավիացիոն անվտանգություն, միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» հավելվածով սահմանված ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի միջև ցանկացած տարբերության, դրանց հետ կապված տարաձայնությունների, ինչպես նաև տարբերությունների վերացման մասին պետք է ծանուցվի ԻԿԱՕ-ին` յուրաքանչյուր փոփոխության ընդունումից հետո:
Ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող նորմատիվ իրավական փաստաթղթերի, կիրառվող գործելաձևերի և կոնվենցիայի N 17` «Ավիացիոն անվտանգություն, միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» հավելվածով սահմանված ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի միջև ցանկացած տարբերության մասին տեղեկատվությունը լիազոր մարմնի կողմից պետք է հրատարակվի նաև Աերոնավիգացիոն տեղեկատվության ժողովածուի մեջ:
(62.2-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)
63. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության հարցերով կոորդինացիոն կենտրոնը հանդիսանում է լիազոր մարմնի կենտրոնական կարգավարական ծառայությունը, որի միջոցով Հայաստանի Հանրապետությունն այլ պետություններին և ԻԿԱՕ-ին պետք է ուղարկի անօրինական միջամտության ակտերի մասին գրավոր ծանուցումները, ԻԿԱՕ «Անվտանգության ղեկավար ձեռնարկ» 8973 փաստաթղթի 42-րդ հավելվածով սահմանված ծանուցման ձևին համապատասխան:
(63-րդ կետը փոփ. 14.05.2020 թիվ 764-Ն որոշում)
5. ԿԱՊԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ
(5-րդ գլուխը լարց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)
63.1. Զանգվածային լրատվամիջոցների կողմից ավիացիոն անվտանգությանը վերաբերող տեղեկատվական հարցումների բավարարման նպատակով զանգվածային լրատվամիջոցների հետ կապն իրականացվում է լիազոր մարմնի միջոցով: Զանգվածային լրատվամիջոցների կողմից տեղեկատվական հարցումներն ուղղվում են լիազոր մարմնի տեղեկատվական ծառայության ղեկավարին, իսկ նրա բացակայության դեպքում` լիազոր մարմնի ղեկավարի օգնականին:
63.2. Հարցումը ձևակերպվում է խմբագրական բլանկի վրա` պատասխանատու ղեկավարի ստորագրությամբ (գլխավոր խմբագիր, բաժնի ղեկավար), ընդ որում` հարցման մեջ անհրաժեշտ է նշել հիմնական թեման, հարցման առարկան, հարցման առարկայի վերաբերյալ տեղեկատվական աղբյուրի հղումը (ԶԼՄ, տեղեկատվական գործակալություններ, պետական կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ և այլն), հարցումների ցանկ, խմբագրության ու թղթակցի կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե):
Հարցումներն ընդունվում են հետևյալ ֆաքսով` +(374)60434205 և [email protected] էլեկտրոնային փոստով, աշխատանքային օրվա ընթացքում (ժամը 9:00-18:00):
Հարցումների պատասխանները լիազոր մարմնի կողմից տրամադրվում են դիմողներին` «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
VI. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)
1. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐՆ ՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
(1-ին բաժնի վերնագիրը խմբ. 18.01.18 թիվ 41-Ն որոշում)
64. Սույն ընդհանրական կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այն օդանավակայանների ու օդանավերի բազավորման վայրերի վրա, որոնք չեն օգտագործվում բացառապես ռազմական նպատակներով, այդ օդանավակայաններից փոխադրումներ իրականացնող օդանավ շահագործողների, ինչպես նաև նման օդանավակայանների տարածքում կամ այդ տարածքից դուրս գործունեություն իրականացնող, օդանավակայանների տարածքներում ապրանքներ մատակարարող կամ սպասարկման ծառայություններ մատուցող և ավիացիոն անվտանգության ստանդարտների կիրառման համար պատասխանատու ավիացիոն գործունեության բոլոր սուբյեկտների վրա: Օդանավակայաններ նախագծելիս, կառուցելիս կամ գոյություն ունեցող օդանավակայանային շինությունների և շահագործման միջոցների փոփոխության դեպքում, պետք է հաշվի առնել ազգային ծրագրով սահմանված դրույթները և դրանց կիրառումն ապահովող ընթացակարգային պահանջները: Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում սահմանվում են հետևյալ գոտիները`
1) հատուկ վերահսկելի գոտիներ.
2) վերահսկելի գոտիներ.
3) ընդհանուր օգտագործման տարածքներ:
Անձանց և տրանսպորտային միջոցներին թույլատրվում է մուտք գործել վերահսկելի գոտի և հատուկ վերահսկելի գոտի, եթե նրանք բավարարում են ավիացիոն անվտանգության պահանջվող պայմաններին:
(64-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն, 18.01.18 թիվ 41-Ն, 18.12.2025 թիվ 1900-Ն որոշումներ)
64.1. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտին ընդգրկում է օդանավակայանի այն տարածքներն ու կառույցները, որտեղ մուտքը սահմանափակ է և վերահսկվում է օդանավերի թռիչքների ու ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով: Մուտքը հատուկ վերահսկելի գոտի պետք է գտնվի մշտական հսկողության տակ, որպեսզի մուտքի թույլտվություն չունեցող անձինք և տրանսպորտային միջոցները մուտք չգործեն այդ գոտի: Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքերում պետք է իրականացվեն անցագրային հսկողություն և մուտք գործող անձանց ու տրանսպորտային միջոցների զննում: Ուղևորներ չհանդիսացող անձինք և նրանց ձեռքի իրերը հատուկ վերահսկելի գոտիներ և այդ գոտիների ստերիլ հատվածներ մուտք գործելիս ենթակա են զննման` բացառելու համար արգելված առարկաների փոխադրումը այդ գոտիներ:
(64.1-ին կետը լրաց. 12.06.14 թիվ 608-Ն, 18.12.2025 թիվ 1900-Ն որոշումներ)
64.2. Օդանավակայանների վերահսկելի գոտին ընդգրկում է օդանավակայանի աշխատանքային հրապարակները, դրանց հարակից այն տարածքներն ու շինությունները, որոնք առանձնացված են օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտուց, պարսպապատված են, գոտիներում սահմանված է մուտք գործող անձանց և տրանսպորտային միջոցների անցագրային վերահսկողություն, իսկ գոտիներում գտնվող ավիացիոն օբյեկտներում իրականացվում է պահպանություն` պահակակետային ծառայության, տեսահսկման և պահպանության ազդանշանային համակարգերի միջոցով: Անհրաժեշտության դեպքում լիազոր մարմնի որոշմամբ օդանավակայանների վերահսկելի գոտիներում կարող է իրականացվել նաև մուտք գործող անձանց և տրանսպորտային միջոցների զննում:
(64.2-րդ կետը լրաց. 12.06.14 թիվ 608-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)
64.3. Ընդհանուր օգտագործման տարածքներում հասարակական կարգը և հասարակական անվտանգությունն ապահովվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից:
Օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքները տարանջատվում և սահմանվում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրի մաս հանդիսացող օդանավակայանի հատակագծում` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության օդանավակայանային բաժինների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
(64.3-րդ կետը լրաց. 18.01.18 թիվ 41-Ն, 14.05.2020 թիվ 764-Ն որոշումներ)
64.4. Ընդհանուր օգտագործման տարածքներում օդանավակայանի համալիրների և այլ օդանավակայանների շենքերից առնվազն 30 մետր լայնությամբ պետք է ստեղծվեն անվտանգության գոտիներ, որտեղ տրանսպորտային միջոցների կարճատև կայանումը թույլատրվում է միայն ուղևորների նստեցման/իջեցման և նրանց ուղեբեռների բարձման/բեռնաթափման համար:
(64.4-րդ կետը լրաց. 14.05.2020 թիվ 764-Ն որոշում)
64.5. Ընդհանուր օգտագործման տարածքների անվտանգության գոտիներում արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը` բացառությամբ այն տրանսպորտային միջոցների, որոնք ներգրավված են օդանավակայանների, օբյեկտների, այլ ենթակառուցվածքների և ինժեներական հաղորդակցությունների պահպանման, շահագործման ու վերանորոգման աշխատանքներում: Անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու նպատակով այդ աշխատանքները պետք է իրականացվեն օդանավակայանների ու դրանց ենթակառուցվածքների պաշտպանությունն իրականացնող ստորաբաժանումների աշխատողների հսկողության ներքո:
(64.5-րդ կետը լրաց. 14.05.2020 թիվ 764-Ն որոշում)
64.6. Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում անվտանգության միջոցառումներն իրականացնում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների հետ համագործակցության պայմաններում: Ընդհանուր օգտագործման տարածքներում ապահովվող անվտանգության միջոցառումները պետք է իրականացվեն իրավասու մարմինների կողմից կատարված ռիսկերի գնահատման արդյունքներին համապատասխան և ուղղված լինեն ռիսկի նվազեցմանն ու անօրինական միջամտության հնարավոր գործողությունների կանխմանը` օդանավակայաններում ուղևորների և այցելուների նկատմամբ հսկողության և դիտարկումների, օդանավակայանների ընդհանուր օգտագործման և հարակից տարածքներում` ներառյալ օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների վերահսկողության տակ չգտնվող տարածքներում պարեկության, օդանավակայանային համալիրների մուտքերի մոտ անձանց և նրանց հետ եղած իրերի զննման իրականացման միջոցով:
(64.6-րդ կետը լրաց. 14.05.2020 թիվ 764-Ն որոշում)
64.7. Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգի պահպանությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերի պահանջներին համապատասխան և իրավասու են օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում իրականացնել քաղաքացիների անձնական խուզարկություններ, նրանց մոտ գտնվող առարկաների իրերի զննումներ, ինչպես նաև նրանց տրանսպորտային միջոցների զննումներ այն դեպքերում, երբ կան հավաստի տվյալներ կամ հիմնավոր կասկածներ այն մասին, որ այդ քաղաքացիներն իրենց մոտ ունեն զենք, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքավորումներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, խիստ ներգործող, թունավոր կամ ռադիոակտիվ նյութեր:
(64.7-րդ կետը լրաց. 14.05.2020 թիվ 764-Ն որոշում)
64.8. Օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները ազգային ծրագրի 64.7-րդ կետում նշված առարկաները, իրերը և նյութերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերցնում կամ առգրավում են, եթե բացակայում են դրանք կրելու և պահելու օրինական հիմքերը:
Օդանավակայանների ընդհանուր օգտագործման տարածքներում ուղևորների կամ նրանց ճանապարհող անձանց կողմից առանց հսկողության թողնված կամ մոռացված ձեռքի իրերը կամ ուղեբեռները (ճամպրուկները, պայուսակները, արկղերը և այլն) պետք է մշտապես գտնվեն տվյալ տարածքներում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների և օդանավակայանների աշխատողների և ավիացիոն անվտանգության ծառայությունների տեսահսկման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների աշխատողների հսկողության տակ: Տեսահսկման միջոցներով ուղևորների կամ նրանց ճանապարհող անձանց կողմից օդանավակայանի ընդհանուր օգտագործման տարածքներում առանց հսկողության թողնված կամ մոռացված ձեռքի իրեր կամ ուղեբեռներ հայտնաբերվելու դեպքերում` այդ մասին անհապաղ պետք է տեղեկացվի օդանավակայանի ոստիկանության բաժնին:
(64.8-րդ կետը լրաց. 14.05.2020 թիվ 764-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)
65. Օդանավակայաններում և անհրաժեշտության դեպքում նաև հարակից հանրային գոտիներում պետք է իրականացվի տեսահսկում, պարեկային հսկողություն և կիրառվեն ֆիզիկական հսկման այլ տեսակներ` կասկածելի վարքագծով անձանց հայտնաբերման, սահմանված ավիացիոն անվտանգության ապահովման կանոնների խախտման և անձանց կողմից անօրինական միջամտության գործողությունների կատարումը կանխելու համար: Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների նկատմամբ հսկողությունն ապահովվում է օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից`
1) անցագրային և ներօբյեկտային վերահսկողության իրականացման.
2) օդանավերի և օբյեկտների պահպանության կազմակերպման ու իրականացման
3) հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի դեպքում անձանց և տրանսպորտային միջոցների անցագրային վերահսկողության և ավիացիոն անվտանգության հսկողության` զննման ընթացակարգերի կիրառման.
4) ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով տեսահսկման իրականացման միջոցով:
Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործող անձանց և տրանսպորտային միջոցների անցագրերը պետք է ստուգվեն, իսկ անձինք և տրանսպորտային միջոցները պետք է ենթարկվեն զննման` այդ գոտիներ արգելված առարկաների փոխադրումը կանխելու նպատակով: Անձանց և տրանսպորտային միջոցների անցագրային վերահսկողության և զննման ընթացակարգերը պետք է իրականացվեն ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվող տեսահսկման պայմաններում:
(65-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն, 18.12.2025 թիվ 1900-Ն որոշումներ)
65.1. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում առանձնացվում են ավիացիոն անվտանգության տեսանկյունից առավել ռիսկային տեղամասերը, որտեղ բացի մուտքի վերահսկողությունից կիրառվում են նաև ավիացիոն անվտանգության ապահովման այլ միջոցառումներ: Այդպիսի տեղամասեր են հանդիսանում ուղևորների զննման կետից մինչև օդանավ ընկած հատվածը, որը համարվում է ստերիլ գոտի, պաշտոնական պատվիրակությունների և բարձրակարգ սպասարկման սրահների վերահսկման ենթակա տեղամասերը, ժամանման սրահները, անմաքս առևտրի խանութների տարածքները, աերոդրոմի տարածքը, կառամատույցները, ուղեբեռների զննման և տեսակավորման տեղամասերը, այն տարածքները, որտեղ մինչև օդանավ բարձելը գտնվում են զննված ուղեբեռները, օդանավերի սպասարկման տեղամասերը, բեռնային համալիրները և պահեստները, այդ թվում` վառելիքաքսուքային նյութերի պահեստները, ավիասննդի արտադրամասերը, փոստի տեսակավորման և օդանավերի մաքրման տեղամասերը:
(65.1-ին կետը լրաց. 12.06.14 թիվ 608-Ն որոշում)
66. Այն տարածքները, որոնք գտնվում են օդանավակայանների սահմաններից դուրս և լիազոր մարմնի կողմից կարող են սահմանվել որպես սահմանափակ մուտքի գոտիներ, հետևյալն են`
ա) տարածքներ, որտեղ տեղակայված են ռադիոլոկացիոն սարքավորումներ,
բ) տարածքներ, որտեղ տեղակայված են նավիգացիոն սարքավորումներ,
գ) վառելիքաքսուքային նյութերի պահեստավորման տարածքներ,
դ) բեռնային պահեստներ,
ե) սննդի արտադրամասեր,
զ) նյութատեխնիկական մատակարարման պահեստներ,
է) խմելու ջրի ջրամբարներ,
ը) ավտոհավաքակայաններ:
2. ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
67. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների պահպանությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 940-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության կարգի:
(67-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)
68. Սահմանափակ մուտքի գոտի հանդիսացող յուրաքանչյուր տարածք օդանավակայանի վերահսկելի գոտուց և օդանավակայանին հարող տարածքներից առանձնացվում է համապատասխան պահպանական պարսպապատնեշով:
(68-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն որոշում)
69. Օդանավակայանի սահմանափակ մուտքի գոտիներ և օդանավակայանի սահմաններից դուրս տեղակայված սահմանափակ մուտքի գոտիներ մուտքը (ելքը) վերահսկվում է անցագրային համակարգի հաստատման և իրականացման միջոցով, իսկ պահպանվում է պահպանության ազդանշանային համակարգերի ներդրման ու կիրառման կամ պահակակետային ծառայության իրականացման միջոցով: Օդանավակայան շահագործող ընկերության գործադիր մարմինը պատասխանատու է սահմանափակ մուտքի գոտիներում անցագրային վերահսկողության, պահպանության կազմակերպման և իրականացման համար:
70. Օդանավակայանի տարածքը, այդ թվում` ուղղությունային և վայրէջքային փարոսների աշխատանքային տեղամասերը, օդային երթևեկությունը կառավարող օբյեկտները, ռադիոտեխնիկական և լուսատեխնիկական սարքավորումները, վառելիքաքսանյութերի պահեստները, առևտրային պահեստները, փոստային-բեռնային բաժանմունքները, սննդի արտադրամասերը` իրենց ամբողջ երկայնքով, պետք է ցանկապատված լինեն և ունենան զգուշացնող ցուցանակներ հսկվող գոտի անցնելու արգելքի մասին:
71. Օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում, վառելիքաքսուքային նյութերի պահեստներում, սննդի արտադրամասերում և բեռնային պահեստներում սահմանվում է անցագրային վերահսկողություն: Այդ նպատակով ցանկապատված տարածքի մուտքերում սարքավորվում են հսկիչ-անցագրային կետեր: Անցագրային վերահսկողություն է սահմանվում նաև տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի) նկատմամբ:
72. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ հաստատված կարգով: Հայաստանի Հանրապետության օդանավակայանների կառավարիչները, հիմք ընդունելով Չիկագոյի կոնվենցիայի «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N 17 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշման պահանջները` մշակում և լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում օդանավակայանների անցագրային և ներօբյեկտային վերահսկողության իրականացման կարգը:
(72-րդ կետը փոփ. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)
73. Օդանավակայանների սահմանափակ մուտքի գոտիների հսկիչ-անցագրային կետերը պետք է կահավորվեն պատշաճ լուսավորությամբ, մուտքի/ելքի փակվող դռներով, կապի միջոցներով, մուտքի/ելքի հսկման ավտոմատացված համակարգերով, անհրաժեշտ զննման սարքավորումներով, տեսահսկման սարքերով, ուղեփակոցով, մեխանիկական դարպասներով, տրանսպորտային միջոցների և բեռների զննման համար նախատեսված հրապարակներով:
Հսկիչ-անցագրային կետերը պետք է կահավորվեն նաև տվյալ հսկիչ կետի իրականացվող ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումների հրահանգներով, արգելված առարկաների ցանկով, կիրառվող անցագրերի տեսակների օրինակներով, աշխատակիցների կորած կամ աշխատանքից ազատված անձանց չհանձնված անցագրի պատկերով ձևաթղթերով (stop-list):
(73-րդ կետը փոփ. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)
74. Օդանավակայանի տարածքի և այնտեղ տեղաբաշխված առանձին օբյեկտների նկատմամբ հսկողությունը պետք է իրականացվի օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև շահագործողների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից:
75. Օդանավակայանի վերահսկելի գոտիներում գտնվող կարևոր օբյեկտները պետք է պահպանվեն պահպանության ազդանշանային համակարգերի, պահակակետերի, պարեկային կարգախմբի և տեսահսկման սարքավորումների միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 940-Ն որոշմամբ սահմանված կարգով զինված պահպանության իրականացմամբ, ինչպես նաև օբյեկտներ մուտք գործող անձանց ու տրանսպորտային միջոցների զննման միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշմամբ սահմանված կարգով:
Օդանավակայանի տարածքի պահպանության նպատակով տարածքը շրջափակող պարիսպները պետք է ապահովվեն լուսավորության միջոցներով, կահավորվեն պահպանության ազդանշանային և տեսահսկման համակարգերով, իսկ պարսպի ամբողջ երկայնքով պետք է կառուցվեն ճանապարհներ:
(75-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)
75.1. Օդային երթևեկության կառավարման կենտրոններում և օբյեկտներում սահմանվում է անցագրային վերահսկողություն: Աշխատողների և այցելուների մուտքն օդային երթևեկության կառավարման կենտրոններ թույլատրվում է միայն նրանց զննումից հետո:
(75.1-ին կետը լրաց. 12.06.14 թիվ 608-Ն որոշում)
76. Երեկոյան ժամերին և գիշերվա ընթացքում օդանավերի, օբյեկտների և հսկիչ-անցագրային կետերի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով դրանք պետք է ապահովվեն լուսավորության միջոցներով:
3. ՄՈՒՏՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
77. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեն`
ա) սահմանված կարգով հաշվառվում անցած և զննված ուղևորները,
բ) հատուկ վերահսկելի գոտու մուտքի սահմանված ձևի անցագիր ունեցող օդանավի անձնակազմի անդամները, օդանավակայանային ծառայությունների և օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողները` հսկիչ-անցագրային կետերում անցագրերի նույնականացման և զննման կետում սահմանված կարգով ավիացիոն անվտանգության սահմանված ընթացակարգերն անցնելուց հետո:
(77-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն որոշում)
78. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողությունն իրականացվում է օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից:
Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգի:
(78-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)
79. Օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների մուտքի անցագրերը հատկացնում է տվյալ օդանավակայանի գործադիր մարմինը` կազմակերպություններից ստացված հայտերի հիման վրա, որը նախքան օդանավակայանի վերահսկելի գոտիներ մուտքի մշտական կամ ժամանակավոր անցագրերի տրամադրումը` լիազոր մարմնի միջոցով իրականացնում են ստացված հայտում նշված անձանց նախապատմության տվյալների ստուգումներ`
1) անձանց նախապատմության տվյալների ստուգումներ կատարվում են առնվազն երեք տարին մեկ անգամ, ընդ որում` նախապատմության ստուգումները պետք է իրականացվեն թեկնածուի համաձայնությամբ, շարունակական հիմունքներով: Օդանավակայանի վերահսկելի գոտիների մուտքի անցագրերի դիզայնը և բնութագրերը պետք է թարմացվեն առնվազն երկու տարին մեկ անգամ և համաձայնեցվեն լիազոր մարմնի հետ.
2) օդանավակայանի հատուկ վերահսկելի կամ վերահսկելի գոտիների մուտքի անցագրերի կորստի դեպքում անցագիրը կորցրած անձը (աշխատող, տրանսպորտային միջոցի վարորդ, ուղեկցվող այցելու) անհապաղ անցագրի կորստի մասին պետք է հայտնի իր ղեկավարությանը, որն էլ իր հերթին պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնի օդանավակայանի տնօրինությանը.
3) անցագրի կորստի վերաբերյալ տեղեկության ստացումից հետո օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության ղեկավարի հանձնարարությամբ ավիացիոն անվտանգության ծառայության անցագրային բաժնի կողմից կազմվում են անցագրի պատկերով ձևաթղթեր (stop-list), որոնք անցագրի կորստի վերաբերյալ տեղեկության ստացումից հետո 12 ժամվա ընթացքում տրամադրվում են օդանավակայանների վերահսկելի գոտիների հսկիչ անցագրային կետերին` կորած անցագրերի առգրավման, ինչպես նաև տվյալ անցագրերը ներկայացնող անձանց մուտքն օդանավակայանների վերահսկելի գոտիներ արգելելու և այդ անձանց ավիացիոն անվտանգության ծառայության կողմից արձանագրությամբ իրավապահ մարմիններին հանձնելու համար.
4) անցագրի կորստի դեպքերում նոր անցագրերի տրամադրման կամ անցագրերի մերժման ընթացակարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված կարգով:
(79-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 763-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն, 10.07.2025 թիվ 942-Ն որոշումներ)
80. Լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող ընկերությունների օդանավի անձնակազմի անդամներին, բորտուղեկցորդներին, ինժեներատեխնիկական անձնակազմին և թռիչքային մենեջերներին հատկացվում են թռիչքային անձնակազմի անդամի վկայականներ (այսուհետ` թռիչքային անցագրեր): Թռիչքային անցագրերը տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ հաստատված կարգով և պայմաններով: Թռիչքային անցագրերը տրվում են մինչև մեկ տարի ժամկետով, օդանավի անձնակազմի անդամներին, բորտուղեկցորդներին, ինժեներատեխնիկական անձնակազմին և թռիչքային մենեջերներին` նախապատմության նախնական և պարբերական ստուգումների անցկացումից հետո: Նախապատմության ստուգումները պետք է կատարվեն առնվազն 2 տարին չգերազանցող կանոնավոր ժամանակահատվածներում:
(80-րդ կետը փոփ. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)
80.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայաններում գործունեություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինների ստորաբաժանումների աշխատողներին օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների անցագրերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված կարգով, իսկ այդ ստորաբաժանումների անցագիր ստացող աշխատակիցների նախապատմության նախնական և պարբերական ստուգումներն իրականացվում են պետական կառավարման մարմինների կողմից և նախապատմության ստուգումների արդյունքները պահվում են այդ մարմինների համապատասխան ստորաբաժանումներում:
(80.1-ին կետը լրաց. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)
81. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների կառավարում իրականացնող ընկերությունների գործադիր մարմինները պատասխանատու են սահմանափակ մուտքի գոտիներ մուտքի (ելքի) նկատմամբ վերահսկողության, սահմանափակ մուտքի գոտիները սահմանափակող պաշտպանիչ պարիսպների վիճակի, հսկիչ-անցագրային կետերի որոշման, կահավորման և անխափան աշխատանքի համար:
4. ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
82. ՈՒղևորներին թույլատրվում է մուտք գործել օդանավակայանների հատուկ վերահսկելի (ստերիլ) գոտի, ուղևորային փաստաթղթերը ներկայացնելուց հետո: ՈՒղևորային փաստաթղթերն են ուղևորի անձնագիրը, Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը, փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կամ քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և հաշվառումից հետո ուղևորին տրված օդանավ նստեցման կտրոնը:
(82-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն որոշում)
83. Թռիչքների իրականացման նպատակով օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների, Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից կանոնավոր և չարտերային օդանավերով թռիչքներ իրականացնող օտարերկրյա օդանավերի անձնակազմերի անդամների մուտքն օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների կողմից թույլատրվում է օդանավակայանների ուղևորային համալիրների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի հսկիչ անցագրային կետերում` օդանավի անձնակազմի անդամի վկայականի, անձնակազմի գլխավոր հայտարարագրի և վավեր անձնագրի ստուգումից հետո, իսկ նրանք թույլատրվում են թռիչքի սահմանային վերահսկողության ծառայության կողմից օդանավի անձնակազմի անդամի վկայականի և անձնակազմի գլխավոր հայտարարագրի և վավեր անձնագրի ստուգումից հետո: Նույն կարգով է իրականացվում նաև քաղաքացիական ավիացիայի տեսուչների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ:
(83-րդ կետը փոփ. 13.05.2022 թիվ 668-Ն, 10.07.2025 թիվ 942-Ն որոշումներ)
83.1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված մինչև 5700 կգ թռիչքային քաշ ունեցող օդանավերի մասնավոր օդաչուների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ` թույլատրվում է օդանավի անձնակազմի անդամի վկայականի (թռիչքային անցագիր), մասնավոր օդաչուի վկայականի, անձնակազմի գլխավոր հայտարարագրի և վավեր անձնագրի ստուգումից հետո, իսկ օտարերկրյա գրանցում և մինչև 5700 կգ թռիչքային քաշ ունեցող օդանավերի օդաչուների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ թույլատրվում է մասնավոր օդաչուի օդաչուի վկայականի (PPL), անձնակազմի գլխավոր հայտարարագրի (GD), վավեր անձնագրի հիման վրա:
(83.1-ին կետը լրաց. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)
83.2. Փոքր ավիացիայի օդանավակայաններում, այդ թվում` կորպորատիվ ավիացիան սպասարկող աերոդրոմներում, լիազոր մարմնի կողմից ճանաչված օդանավերի թռիչք-վայրէջքի հարթակներում և ուղղաթիռային հարթակներում օդանավերի/ուղղաթիռների անձնակազմերի անդամների, այդ թվում` մասնավոր օդաչուների մուտքն օդանավակայանների թռիչք-վայրէջքի հարթակների և ուղղաթիռային հարթակների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ/ուղղաթիռ թույլատրվում է օդանավի անձնակազմի անդամի վկայականի (թռիչքային անցագիր), մասնավոր օդաչուի վկայականի (PPL), անձնակազմի գլխավոր հայտարարագրի (GD) և վավեր անձնագրի ստուգումից հետո:
(83.2-րդ կետը լրաց. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)
84. Օդանավակայանների սահմանափակ մուտքի գոտիներ անցագրեր տվող պատասխանատու մարմինները և նրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ստուգել հայտատուի կողմից ներկայացված սահմանափակ մուտքի գոտիներ անցագրեր ստանալու թույլտվության մասին բոլոր հայտերը` անցագրի հատկացման հիմքերի վավերականությունը պարզելու նպատակով:
85. Յուրաքանչյուր անցագիր պետք է ներառի հետևյալ տվյալները`
ա) անունը, ազգանունը, պաշտոնը.
բ) լուսանկարը.
գ) անցագրի գործողության ժամկետը.
դ) սահմանափակ մուտքի գոտիների նշագրումը.
ե) անցագիր հատկացնող կազմակերպության կնիքը.
զ) անցագիր հատկացնող կազմակերպության պատասխանատու անձի ստորագրությունը:
Բոլոր աշխատողները, նախքան անցագրեր ստանալը, օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից իրազեկվում են տվյալ օդանավակայանում կիրառվող ավիացիոն անվտանգության կանոնների, այն է` մուտքի հսկողության, օդանավակայանների և օդանավերի պահպանության, անցագրային և ներօբյեկտային վերահսկողության, ուղևորների անվտանգության ապահովման նպատակով իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումների մասին:
(85-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
85.1. Ավիացիոն անվտանգության ապահովման գործառույթների իրականացման մեջ ներգրավված կամ ավիացիոն անվտանգության ապահովման համար պատասխանատու կազմակերպությունների բոլոր աշխատողները և օդանավակայանների հատուկ վերահսկելի ու վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի իրավունքի անցագրի ստացման համար հայտ ներկայացրած կազմակերպությունների աշխատողները պետք է անցնեն նախապատմության նախնական և պարբերական ստուգումներ`
1) լիազոր մարմինը` հաշվի առնելով քաղաքացիական ավիացիայի գործունեության յուրահատկությունները և հնարավոր սպառնալիքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ քաղաքացիական ավիացիայի համակարգի աշխատողներին իրենց աշխատանքային պարտականությունների կատարման պայմաններից ելնելով, հասանելի են դառնում քաղաքացիական ավիացիայի ենթակառուցվածքային համակարգերի գործունեության բնույթը և կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների առանձնահատկությունները, ինչպես նաև ավիացիոն անվտանգության ապահովման վերաբերյալ այնպիսի սահմանափակ տեղեկատվությունը, որը կարող է օգտագործվել քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների իրականացման համար, պետք է ապահովի, որպեսզի օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների մուտքի անցագրերի ստացման համար դիմած անձանց նկատմամբ` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջոցով կիրառվեն կենսագրության և նախապատմության նախնական ստուգումներ, մինչև նրանց օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների մուտքի անցագիր տրամադրելը, ինչպես նաև իրականացվեն պարբերական ստուգումներ` հետագա աշխատանքային գործունեության ընթացքում.
2) նախապատմության ստուգումները պետք է իրականացվեն թեկնածուի համաձայնությամբ, շարունակական հիմունքներով, որպեսզի համոզվեն, որ տվյալ անձը համապատասխանում է պահանջվող չափանիշներին: Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակներից ելնելով, նախապատմության ստուգումները պետք է իրականացվեն յուրաքանչյուր անգամ, երբ տվյալ անձն օդանավակայանի հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների առանց ուղեկցման մուտքի մշտական թույլտվություն է ստանում կամ իրավունք է ստանում իրականացնել ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության մշակման գործառույթներ.
3) այն անձինք, որոնք նախապատմության ստուգման համաձայնություն չեն տալիս կամ նախապատմության ստուգման արդյունքներով չեն համապատասխանում ազգային ծրագրով սահմանված պահանջներին` անհապաղ պետք է զրկվեն օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ մուտքի իրավունքից և նրանց չպետք է տրամադրվեն օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների մուտքի անցագրեր.
4) օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ մուտքի մեկանգամյա ուղեկցվող այցելուի և մեկանգամյա չուղեկցվող այցելուների անցագրերը տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված կարգով.
5) ավիացիոն անվտանգության ապահովման գործառույթների իրականացման մեջ ներգրավված կազմակերպությունները, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների մուտքի անցագրի ստացման համար օդանավակայանի տնօրինությանը հայտով դիմած կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված կարգով իրենց հայտին կից պետք է ներկայացնեն նաև հայտում նշված անձանց, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում և օդանավ շահագործող ընկերություններում աշխատանքի ընդունված օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ մասնագիտացված բժշկական հաստատության կողմից տրված փորձագիտական եզրակացությունը` անձի օրգանիզմում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առկայության կամ բացակայության մասին (առնվազն` մարիխուանա, հերոին, մեթամֆետամին տեսակների համար).
6) հայտում նշված անձի կամ անձանց մոտ սույն կետում նշված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի որևէ մեկի առկայության մասին բժշկական հաստատության կողմից տրված փորձագիտական եզրակացության դեպքում` անցագիր չի տրամադրվում և նման անձինք օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում գործառույթներ չեն կարող իրականացնել, իսկ տրամադրված անցագրերն անհապաղ հետ են վերցվում.
7) հայտին կից պետք է ներկայացվի նաև անձի հոգեկան վիճակի մասին մասնագիտացված բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանքը.
8) օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների մուտքի անցագրեր չեն տրամադրվում նաև այն անձանց, որոնք`
ա. ունեն շիզոֆրենիա, տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ, մտավոր հետամնացություն, այնպիսի հոգեկան և վարքային խանգարումներ, որոնք կարող են առաջանալ հոգեմետ նյութերի գործածման հետևանքով,
բ. տառապում են թմրամոլությամբ, օգտագործել կամ օգտագործում են թմրանյութեր և քիմիական նյութեր,
գ. հաշվառված կամ գրանցված են նարկոլոգիական դիսպանսերներում, ենթարկվել են քրեական հետապնդման թմրանյութերի անօրինական պահման, օգտագործման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար,
դ. որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է վարչական հսկողությունը կամ վարչական հսկողություն` համակցված բացակայելու արգելքի հետ.
9) լիազոր մարմինը պետք է ապահովի նաև այն անձանց նախապատմության ստուգման աշխատանքների իրականացումը, որոնք ելնելով իրենց պաշտոնական պարտականությունների կատարման բնույթից` հասանելիություն ունեն ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվությանը: Այն անձինք, որոնք նախապատմության ստուգման արդյունքներով չեն համապատասխանի ազգային ծրագրով սահմանված պահանջներին, նրանց ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տիրապետման իրավունք չի տրվում.
10) քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունները պետք է պահպանեն նախապատմությունների ստուգման նպատակով ազգային ծրագրով սահմանված ընթացակարգերը, իսկ հնարավոր բացթողումների մասին անհապաղ պետք է տեղեկացնեն լիազոր մարմնին:
(85.1-րդ կետը լրաց. 26.11.09 թիվ 1371-Ն, 14.05.2020 թիվ 764-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն, 10.07.2025 թիվ 942-Ն / փոփոխությունն ունի անցումային
դրույթ / որոշումներ)
85.2. Նախապատմության ուսումնասիրությունները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ներառյալ` բացասական որոշման դեպքում անձի բողոքարկման իրավունքի պահպանումը, և պարունակեն հետևյալ ընդհանուր չափանիշները`
1) թեկնածուի (դիմողի) ինքնության ճշտումը` նրա անձը և անձնագրային տվյալները հաստատելու համար.
2) օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման աշխատելու կարողության ստուգումը` ուսումնասիրելով դիմողի հուսալիության, վարքային առանձնահատկությունների և քրեական հետապնդման դեպքերի վերաբերյալ տվյալները.
3) նախորդ 5 տարիների ընթացքում թեկնածուի բնակվելու վայրի, ընտանեկան դրության, ուսման վայրի և աշխատանքային գործունեության տվյալների ստուգումը, այդ թվում` աշխատաժամանակի մեկ ամսվանից ավելի ժամանակահատվածի ընդհատումների ստուգումը և ընդհատումների վերաբերյալ բացատրությունների պահանջումը.
4) թեկնածուի դատվածության կամ քրեական պատասխանատվության մասին տեղեկությունների ստուգումը:
Սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջների ստուգումը պետք է իրականացվի կազմակերպության կադրերի բաժինների և ավիացիոն անվտանգության ծառայության համագործակցությամբ, իսկ 4-րդ կետով սահմանված պահանջների, ինչպես նաև ահաբեկչական և հանցավոր խմբավորումների հետ կապի կամ մասնակցության վերաբերյալ տվյալների ստուգումները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով` համագործակցելով լիազոր մարմնի հետ:
Նախապատմության ուսումնասիրությունները պետք է իրականացվեն մինչև օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի անցագրի տրամադրումը կամ ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության մշակման գործառույթների իրականացման թույլտվություն տալը, իսկ պարբերական ստուգումները պետք է կատարվեն երեք տարին չգերազանցող կանոնավոր ժամանակահատվածներում:
Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների զննման գործառույթներ իրականացնող անձանց` զննման օպերատորների, ավիացիոն անվտանգության ծառայությունում ղեկավարման գործառույթներ իրականացնող անձանց նախապատմության ստուգումները` բացի սույն կետում նշված պայմաններից, պետք է ներառեն նաև ահաբեկչական և հանցավոր խմբավորումներին նրանց հետ կապի կամ մասնակցության վերաբերյալ տվյալների ստուգումները, իսկ նախապատմության ստուգումների գնահատման համար հիմք են հանդիսանում միայն իրավական հիմքերով ձեռք բերված տեղեկատվությունները:
Պետք է իրականացվեն նաև օդանավակայանի վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի թույլտվության համար դիմած օտարերկրյա քաղաքացիների նախապատմության ստուգումներ, որը պետք է պարունակի օտարերկրացու դատվածության կամ քրեական պատասխանատվության, ահաբեկչական և հանցավոր խմբավորումների, նրանց հետ կապի կամ մասնակցության վերաբերյալ տվյալների մասին տեղեկությունների ստուգումները: Ստուգումները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով` համագործակցելով լիազոր մարմնի հետ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացված նախապատմության ստուգման արդյունքներն ուղարկվում են լիազոր մարմնին, որն իրավասու է ստացված ստուգման արդյունքների հիման վրա արդարացված պատճառաբանությամբ մերժել անձին օդանավակայանների վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի անցագրի տրամադրումը կամ ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տիրապետման թույլտվության տրամադրումը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրավապահ մարմինները իրավասու են չբացահայտել օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի անցագրի տրամադրման կամ ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տիրապետման թույլտվության մերժման պատճառները:
(85.2-րդ կետը լրաց. 26.11.09 թիվ 1371-Ն, 14.05.2020 թիվ 764-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)
85.3. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի թույլտվության համար անցագրեր չեն տրվում այն անձանց, որոնք դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված հետևյալ հոդվածներով` 133-135, 137, 139, 142, 146-147, 149, 151-168, 170-173, 177-179, 182-192, 194-195, 198-201, 203-204, 206-207, 218-220, 224, 238-239, 242, 252-259, 261, 264, 267-270, 272-273, 275, 279-285, 287-300, 307-308, 310, 314-327, 329, 331-341, 346-347, 349, 359-363, 365, 393-409, 412-416, 418-425, 427, 430-437,439-450, 452-457, 459-462, 469-474, 476-482, 486, 489, 492, 494-496, 499-500, 503-534, 536, 539, 540-550, եթե այդ անձանց դատվածությունները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով չեն հանվել կամ մարվել:
(85.3-րդ կետը լրաց. 26.11.09 թիվ 1371-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն, 10.07.2025 թիվ 942-Ն որոշումներ)
85.4. (85.4-րդ կետն ուժը կորցրել է 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)
85.5. Եթե հնարավոր չէ ճշտել թեկնածուի (դիմողի) ինքնությունը, նախկին աշխատանքային փորձը, դատվածության կամ քրեական պատասխանատվության մասին տվյալները, ապա անձը համարվում է անցագիր կրելու չհամապատասխանող:
(85.5-րդ կետը լրաց. 26.11.09 թիվ 1371-Ն որոշում)
85.6. Նախապատմության ուսումնասիրությունները պետք է իրականացվեն համապատասխան լիազոր մարմնի վերահսկողության պայմաններում:
(85.6-րդ կետը լրաց. 26.11.09 թիվ 1371-Ն որոշում)
5. ՄՈՒՏՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ
86. Օդանավակայանների սահմանափակ մուտքի գոտիներ տրանսպորտային միջոցների մուտքն իրականացվում է համապատասխան անցագրերով:
87. Տրանսպորտային միջոցի անցագիրը պետք է մշտապես փակցված լինի դրա տեսանելի մասում և ներառի հետևյալ տվյալները`
ա) տրանսպորտային միջոցի հաշվառման համարը,
բ) տրանսպորտային միջոցի պատկանելությունը,
գ) անցագրի գործողության ժամկետը,
դ) թույլատրված սահմանափակ մուտքի գոտիները:
87.1. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ տրանսպորտային միջոցների մուտքի դեպքում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով հատուկ վերահսկելի գոտու հսկիչ-անցագրային կետում պետք է իրականացվեն տրանսպորտային միջոցների զննումներ: Զննում իրականացնելու ընթացքում տրանսպորտային միջոցում չպետք է գտնվեն ոչ վարորդը, ոչ էլ որևէ այլ անձ: Տրանսպորտային միջոցի վարորդի կամ դրանում գտնվող այլ անձանց անձնական իրերը վարորդի և այլ անձանց հետ միասին պետք է ենթարկվեն զննման` ընդհանուր հիմունքներով: Տրանսպորտային միջոցի զննման դեպքում զննումն իրականացվում է զննող տեսուչի կողմից զննվող տեղամասերի զննման անկանխատեսելիության սկզբունքով: Զննման ենթակա են տրանսպորտային միջոցի հետևյալ հատվածները`
1) դռների գրպանիկները, սրահի պահախցիկը, արևիկների հետնամասերը.
2) նստատեղերի հետևի գրպանները, նստատեղերի ներքին հատվածը և ոտնափոսերը.
3) բեռնախցիկը, թափքը.
4) անվադողերի հարակից վայրերը.
5) շարժիչի հատվածը.
6) տրանսպորտային միջոցի ներքին հատվածն ամբողջությամբ.
7) տրանսպորտային միջոցի ցանկացած այլ լրացուցիչ հատված:
(87.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)
88. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող յուրաքանչյուր իրավաբանական անձ պարտավոր է իրեն պատկանող տրանսպորտային միջոցների վարորդներին ապահովել սահմանափակ մուտքի գոտիներում տրանսպորտային միջոցը վարելու թույլտվությամբ, ինչպես նաև` հրահանգավորել հատուկ վերահսկելի գոտում սահմանված անվտանգության միջոցառումների պահպանման ու տրանսպորտային միջոցների շահագործման կարգի մասին:
------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում