Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԱԾԻՆ ԱՂՏՈՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԱԾԻՆ ԱՂՏՈՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ...

 

 

040.1192.250811

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2011 թվականի N 1192-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԱԾԻՆ ԱՂՏՈՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում տեխնածին աղտոտված հողերի մոնիթորինգի իրականացման մեթոդաբանությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի օգոստոսի 18-ի

N 1192-Ն որոշման

 

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԱԾԻՆ ԱՂՏՈՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն մեթոդաբանությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում տեխնածին աղտոտված հողերի մոնիթորինգի իրականացման մեթոդաբանությունը (այսուհետ` մեթոդաբանություն) մշակված է տեխնածին աղտոտված հողերի հետազոտման, բացահայտման և դրանց տարածքում մոնիթորինգի իրականացման մեթոդաբանությունը սահմանելու նպատակով:

i

2. Հետազոտությունների նպատակը տեխնածին աղտոտված և դեգրադացված հողերի բացահայտումն ու դրանց դեգրադացիայի աստիճանի որոշումն է: Մեթոդաբանությունը կիրառելի է հողատարման ենթարկված, աղակալված, ճահճացված, անապատացված, օգտակար հանածոների արդյունահանման կամ այլ մարդածին ներգործության հետևանքով խախտված հողերի մարդու տնտեսական գործունեության արդյունքում պեստիցիդների մնացորդներով, ծանր մետաղներով, նավթամթերքներով և այլ օրգանական ու ոչ օրգանական աղտոտիչներով (Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 276-Ն որոշման 8-րդ կետի 1-ին, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերի ցուցանիշներով բնութագրվող) աղտոտված հողերի տարածքներում:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Մեթոդաբանության հիմնական հասկացություններն են`

1) տեխնածին աղտոտված հողեր` ռադիոակտիվ և թունավոր նյութերով աղտոտված, աղակալված կամ ողողման ենթարկված, խոշոր արդյունաբերական կենտրոններով զբաղեցված, ավտոմոբիլային և երկաթգծային մայրուղիների, խոշոր անասնապահական համալիրների մոտ տեղադրված հողեր, ինչպես նաև քիմիական բնույթի աղտոտվածության ենթարկված գյուղատնտեսական նշանակության հողեր.

2) հողերի դեգրադացիա` գործընթացների համախումբ, որը հանգեցնում է հողի որպես բնական միջավայրի բաղկացուցիչ տարրի, քանակական և որակական հատկանիշների վատթարացմանը, հողերի բնական-արտադրական նշանակության նվազեցմանը.

3) հողերի խախտում` հողային ծածկույթի մեխանիկական քայքայում բաց կամ ստորգետնյա եղանակով օգտակար հանածոների շահագործման, շինարարական և երկրաբանահետախուզական աշխատանքների հետևանքով: Խախտված հողերի շարքին են պատկանում տեղահանված կամ վրածածկված հումուսային շերտով հողերը և այն հողերը, որոնք պիտանի չեն օգտագործման առանց բերրիության նախնական վերականգնման, այսինքն, խախտման հետևանքով առաջնային տնտեսական արժեքը կորցրած, շրջակա միջավայրի վրա բացասական ներգործության աղբյուր հանդիսացող հողերը.

4) հողատարում` քամու և մակերեսային ջրային հոսքերի ազդեցության պատճառով բնահողային շերտի քայքայում` հողաբուսական նյութի հետագա տեղափոխմամբ և վերանստեցմամբ.

5) հողերի աղակալում` ջրում լուծվող աղերի (ներառյալ նատրիումի և մագնեզիումի իոնների) ավելցուկային կուտակման գործընթաց, որը հանգեցնում է միջավայրի կատիոն-անիոնային կազմի փոփոխությանը.

6) ճահճացում` բնահողերի ջրաբանական ռեժիմի փոփոխություն, որն արտահայտվում է գերխոնավացմամբ` հեղեղման և ջրհեղեղումների ժամանակահատվածների տևողության երկարացմամբ.

7) ֆոնային պարունակություն` մարդածին ներգործության չենթարկված (օրինակ, արգելոցների, արգելավայրերի տարածքներ) տարբեր հողաբանական-կլիմայական գոտիների բնահողերում քիմիական միացությունների և տարրերի բնական պարունակություններ.

8) հողերի քիմիական աղտոտվածության սխեմատիկ քարտեզ քարտոգամ` քարտեզագրական հենքի վրա արտացոլված իզոգծերի համախումբ, որոնք միավորում են բնահողում քիմիական բաղադրիչի նույն պարունակությամբ կետեր: Որպես քարտեզագրական հենք կարող են դիտարկվել հողային հատակագծերը, կոնտուրային, տոպոգրաֆիական և թեմատիկ (հողագիտական, երկրաձևաբանական, ագրոքիմիական և այլն) քարտեզներ.

9) հենակետային հարթակ` հարթակ, որից կատարվում է հողերի աղտոտվածության մակարդակը բնորոշող համախառն հողային նմուշի վերցնում.

10) սահմանային թույլատրելի կոնցենտրացիա (ՍԹԿ)` քիմիական նյութի առավելագույն թույլատրելի կոնցենտրացիան հողի վերնաշերտի օդաչոր նմուշում (մգ/կգ): Այս կոնցենտրացիան չպետք է ունենա ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցություն տվյալ տարածքի հողին հարող շրջակա միջավայրի և մարդու առողջության, ինչպես նաև հողի ինքնամաքրման ունակության վրա:

 

III. ՏԵԽՆԱԾԻՆ ԱՂՏՈՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

4. Տեխնածին աղտոտված հողերի մոնիթորինգն իրականացվում է 2 փուլով` նախապատրաստական շրջան և բուն դաշտային հետազոտություններ (հենակետային հարթակների ընտրություն, քարտեզագրում, նմուշառում):

5. Տեխնածին աղտոտված հողատարածքների բացահայտման նպատակով նախապատրաստական շրջանում ուսումնասիրվում են առկա գիտահետազոտական, նախագծային-հետազոտական և հողագիտական հետազոտությունների արդյունքները հետևյալ հիմնահարցերի վերաբերյալ`

1) տարածքի տնտեսագիտական-աշխարհագրական առանձնահատկություններ` արդյունաբերական օբյեկտների հնարավոր աղտոտիչ ազդեցության, դրա սահմանների (տեխնածին լանդշաֆտների սահմանների) բացահայտման նպատակով.

2) տարածքի ֆիզիկաաշխարհագրական պայմաններ` հողերի որոշակի տիպի դեգրադացիայի հակվածության բացահայտման տեսակետից, կլիմայի (ջերմային ռեժիմ, տեղումների քանակություն, քամիների իշխող ուղղություններ), ռելիեֆի, երկրաբանական և հիդրոերկրաբանական պայմանների, հողաբուսական շերտը կազմող և ներքնատակող ապարների ու բուսականության վերաբերյալ.

3) աղտոտվածության հնարավոր աղբյուրների կադաստրի կազմում (արդյունաբերական ձեռնարկություններ, էներգետիկայի օբյեկտներ, օդանավակայաններ, նավթամթերքների արդյունահանման, վերամշակման, պահպանման ձեռնարկություններ, լեռնահանքային արդյունաբերության ձեռնարկություններ, արդյունաբերական և կոմունալ-կենցաղային թափոնների թաղման վայրեր, անասնապահական և գյուղատնտեսական խոշոր համալիրներ, ճանապարհատրանսպորտային ցանց և այլն), որտեղ պետք է նշվեն ձեռնարկությունների տեղադիրքը և մակերեսը, արտադրության տեխնոլոգիան, մթնոլորտային արտանետումների, արտահոսքերի և թափոնների պահեստավորման մասին տվյալները, խողովակների բարձրությունը և տեղադիրքը:

6. Նախապատրաստական շրջանում ուսումնասիրվող տարածքի հողագիտական քարտեզի հենքի վրա կազմվում է տեխնածին բեռնվածության քարտեզ: Որպես քարտեզագրական հիմք կարող են ծառայել 1:2000-ից մինչև 1:200 000 (1:500 000) մասշտաբների տոպոգրաֆիական և թեմատիկ հողագիտական քարտեզներ:

7. Հողերի տեխնածին աղտոտվածության կամ դեգրադացման վերաբերյալ տեղեկատվության աղբյուր են`

1) երկրաբանական հանույթի տվյալները.

2) դիստանցիոն զոնդավորման նյութերը (տիեզերական և օդային լուսանկարները).

3) հողային-մելիորատիվ քարտեզները և դրանց բացատրական հավելվածները.

4) հողային հանույթի տվյալները.

5) հողերի ագրոֆիզիկական և ջրաֆիզիկական հատկությունների ուսումնասիրության արդյունքները.

6) ագրոքիմիական հետազոտությունների արդյունքները և դրանց վերաբերյալ բացատրական հավելվածները.

7) աղակալված և քարքարոտ հողերի հանութային տվյալները.

8) երկրաբուսական և բուսաբանական ուսումնասիրությունների արդյունքները, բնական կերհանդակների ուսումնասիրության արդյունքները.

9) ծանր մետաղների, օրգանական աղտոտիչների, պաթոգեն միկրոօրգանիզմների, ռադիոնուկլիդների պարունակությունների մասին տեղեկատվությունը.

10) կենսաբազմազանության քանակական բնութագրերը:

 

IV. ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

8. Մոնիթորինգը ներառում է աշխատանքների հետևյալ տեսակները`

1) հողերի դաշտային հետազոտություն.

2) հողերի քարտեզագրում.

3) լաբորատոր անալիզ.

4) ստացված նյութերի ամփոփում, քարտեզագրական նյութերի և տեքստային հավելվածների կազմում:

9. Նմուշառման ցանցի խտության, հենակետային հարթակների և նմուշների չափերի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված է տեխնածին աղտոտման յուրաքանչյուր տեսակի համար` համաձայն աղյուսակի:

10. Աղտոտիչ քիմիական նյութերի պարունակությունների և դեգրադացիայի ցուցանիշների վերաբերյալ տվյալները գրանցվում են հատուկ շտեմարանում:

 

V. ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Տեխնածին աղտոտման ենթարկված տարածքներում մոնիթորինգի բովանդակությունը ներառում է`

1) արդյունաբերական կենտրոնների (քաղաքների), առանձին տեղադրված մետաղագործական ձեռնարկությունների տարածքում` հողերի մոնիթորինգն իրականացվում է պարբերական նմուշառման և քիմիական բաղադրության վերլուծության միջոցով` ծանր մետաղների պարունակությունների որոշման համար: Վերլուծության ենթակա մետաղների թվին են պատկանում Zn, Cu, Ni, Cr, Pb, Cd, Mn, V, Sb և այլն: Նմուշառումը պետք է իրականացվի գարուն-ամառ ժամանակահատվածում: Ընտրված դիտարկման հարթակից` ցուպային հորատիչով վերցվում է խառը նմուշ, որը կազմվում է հորատիչի` 20-25 առանձին հարվածներից: Աղտոտող նյութերի բարձր պարունակությունների հայտնաբերման դեպքում կատարվում է աղտոտված հողերի քարտեզագրում, քարտեզների կազմում և այդ տարածքներում տեղադրվում են 1-2 առանձին դիտարկման հարթակներ` մինչև 3 տարին մեկ անգամ պարբերականությամբ դիտարկումներ իրականացնելու համար.

2) կալիումական պարարտանյութերի արտադրության տարածքներում փոշեգազային արտանետումների ազդեցությունը հողերի աղակալման վրա որոշելու նպատակով գարնան-ամռան ամիսներին չորային շրջաններում վերցվում են նմուշներ դիտարկման հարթակների 0-2(3), 2(3)-20(25) և 20(25)-50 սմ խորություններից: Վերցված նմուշներից պատրաստվում է ջրային հանուկ, որում որոշվում են Cl, Na, K և չոր մնացորդի պարունակությունները: Քլորով տեխնածին աղտոտում կարող են ձևավորվել նաև կալիումական պարարտանյութերով գարնանը վարելահողերի պարարտացման ժամանակ: Այդ պատճառով տեխնածին աղտոտումն արձանագրելու համար նմուշառումն առավել նպատակահարմար է կատարել ամռանը և վերլուծել Cl-ի պարունակությունը հողի տարբեր հորիզոններում: Չոր եղանակին տեխնածին աղտոտման ժամանակ Cl-ի պարունակությունը հողի վերին հորիզոնում (0-2(3) սմ) միշտ ավելի բարձր է, քան ստորադիր շերտերում: Հողերի աղակալման պատճառ կարող են դառնալ նաև պարարտանյութերի արտադրության թափոնակուտակիչները: Դրանց ազդեցությունը շրջակա հողային ծածկույթի վրա որոշելու նպատակով նմուշառումը կատարվում է մինչև 2 մ խորությունը կամ մինչև գրունտային ջրերի հորիզոնը: Նմուշառումը կատարվում է հորատիչով դիտարկման հարթակների 0-2(3), 2(3)-20(25) և 20(25)-50, 50-75, 75-100, 100-125, 125-150 և 150-200 սմ խորություններից: Այն դեպքում, երբ անհրաժեշտ է ուսումնասիրել աղային լուծույթների միգրացիան, նմուշառումը նպատակահարմար է իրականացնել տարին 3 անգամ` գարնանը, ամռանը և աշնանը: Վերցված նմուշներից պատրաստվում է ջրային հանուկ, որում որոշվում են Cl և չոր մնացորդի պարունակությունները.

3) ազոտային պարարտանյութերի արտադրությունն ուղեկցվում է մթնոլորտ ազոտի օքսիդների և ամոնիակի, ազոտ պարունակող փոշու, բենզոլի, ցիկլոհեքսանի արտանետումներով: Ազոտային պարարտանյութերի արտադրության վայրերում հողերի աղտոտման արդյունքում դիտվում են հողային ծածկույթի քիմիական և կենսաբանական զգալի փոփոխություններ` մեծանում է pH-ը` (նվազում է հողի թթվայնությունը), մեծանում են ազոտային միացությունների պարունակությունները, դիտվում է հողային միկրոօրգանիզմների քանակության փոփոխություն: Մոնիթորինգի ընթացքում նմուշառումը կատարվում է դիտարկման հարթակների 0-5, 5-20(25) և 20(25)-50 սմ խորություններից: Որոշվում է նմուշների թթվայնությունը, նիտրատային և ամոնիակային ազոտի պարունակությունը: Հողային ծածկույթի վերին հորիզոններից վերցվում են առանձին նմուշներ միկրոօրգանիզմների` հատկապես ազոտմանրէների և բորբոսային սնկերի քանակության որոշման համար: Անոմալ բարձր պարունակությունների հայտնաբերման դեպքում իրականացվում է հողի համախառն նմուշառում (1 նմուշ յուրաքանչյուր 10 հա համար): Նմուշառման պարբերությունը` 3 տարին մեկ անգամ.

4) ֆոսֆորային պարարտանյութերի արտադրության ընթացքում ֆոսֆորի ստացման դեպքում առաջանում և մթնոլորտ են արտանետվում ծծմբային անհիդրիդ, ֆտորային միացություններ, միներալային փոշի: Փոշու հետ շրջակա միջավայր են անցնում նաև ծանր մետաղներ, այդ թվում չափազանց տոկսիկ էլեմենտ` մկնդեղ: Մոնիթորինգի ընթացքում նմուշարկումը կատարվում է դիտարկման հարթակների 0-5, 5-20(25) և 20(25)-50 սմ խորություններից: Որոշվում են նմուշների թթվայնությունը, ջրում լուծվող օրգանական նյութերի, համախառն և լուծվող ֆտորի, ինչպես նաև մկնդեղի պարունակությունները: Անոմալ բարձր պարունակությունների հայտնաբերման դեպքում իրականացվում է հողի համախառն նմուշառում (1 նմուշ յուրաքանչյուր 10 հա համար): Նմուշառման պարբերությունը` 3 տարին մեկ անգամ.

5) սինթետիկ մանրաթելի արտադրությունն ուղեկցվում է օրգանական միացությունների (մեթանոլ, էթիլենգլիկոլ, տերեֆտալային թթվի դիմեթիլային եթեր, ացետալդեհիդ, պարաքսիլոլ և այլն) զգալի արտանետումներով: Ըստ կենդանի օրգանիզմների վրա թունաբանական ազդեցության աստիճանի` դիմեթիլային եթերը պատկանում է վտանգավորության առաջին դասին (օժտված է մուտացիոն ազդեցությամբ), իսկ մեթանոլը, էթիլենգլիկոլը և պարաքսիլոլը` երրորդ դասին (չափավոր վտանգավոր նյութեր): Այս միացությունների ազդեցության ներքո նկատվում է հողային ծածկույթի թթվայնության նվազում, աճում է ածխածնի պարունակությունը, նվազում է կենսաբանական ակտիվությունը: Տվյալ օբյեկտների շրջակայքում աղտոտվածությունը որոշելու համար նմուշառումը կատարվում է 4 հիմնական ուղղություններով` հողային ծածկույթի 0-5 և 5-20 սմ խորություններից: Բացի դրանից գործարանի անմիջական հարևանությամբ տեղադրված դիտարկման հարթակից նմուշները վերցվում են հողային շերտի 0-5, 5-20, 40-50, 90-100, 140-150 սմ խորություններից: Վերցված նմուշներում որոշվում են մեթանոլի, պարաքսիլոլի և տերեֆտալային թթվի դիմեթիլային եթերի պարունակությունները: Նմուշարկումն իրականացվում է 3 տարին մեկ անգամ պարբերականությամբ` ամռան ամիսներին.

6) ցեմենտի-հերձաքարի արտադրության ժամանակ մթնոլորտ արտանետվող ցեմենտը հանգեցնում է մերձակա հողերի ալկալիացմանը, կալցիումի օքսիդի պարունակության աճին, ծանր մետաղներով` Mg, Zn, Cu, Sr, Hg, Tl հողերի աղտոտմանը: Նմուշառումն իրականացվում է դիտարկման հարթակների 0-5, 5-20, 40-50, 90-100, 140-150 սմ խորություններից, ամռան ամիսներին, մինչև 3 տարին մեկ անգամ պարբերականությամբ: Վերցված նմուշներում որոշվում են թթվայնությունը, փոխանակելի կալիումի պարունակությունները և մետաղները` Hg, Mn, Zn և Cu.

7) նավթաքիմիական ձեռնարկությունների գործունեության ընթացքում մթնոլորտ են արտանետվում հագեցած, չհագեցած և արոմատիկ ածխաջրածիններ, ծծմբային անհիդրիդ, շմոլաօդ/շմոլ գազ, ազոտի օքսիդներ: Նմուշարկումն իրականացվում է դիտարկման հարթակների 0-5, 5-20, 40-50, 90-100, 140-150 սմ խորություններից, մինչև 3 տարին մեկ անգամ պարբերականությամբ: Վերցված նմուշներում որոշվում են բենզապիրենի, ծծումբի, ծանր մետաղների` Pb, V, Cd, Zn, Cu պարունակությունները: Նշված տարրերի և միացությունների անոմալ բարձր պարունակությունների հայտնաբերման դեպքում իրականացվում է հողի համախառն նմուշառում (1 նմուշ յուրաքանչյուր 10 հա համար).

8) ՋԷԿ-ի աշխատանքի արդյունքում շրջակա միջավայրն աղտոտվում է ծծմբային անհիդրիդով, ազոտի օքսիդներով, ածխածնի օքսիդներով, վանադիումով, բենզապիրենով, մրով և փոշով: Նմուշարկումն իրականացվում է դիտարկման հարթակների 0-5, 5-20, 40-50, 90-100, 140-150 սմ խորություններից, 3 տարին մեկ անգամ: Նշված տարրերի և միացությունների անոմալ բարձր պարունակությունների հայտնաբերման դեպքում իրականացվում է հողի համախառն նմուշառում (1 նմուշ յուրաքանչյուր 10 հա համար): ՋԷԿ-ի ազդեցության գոտիներում մոնիթորինգն իրականացվում է իշխող քամիների ուղղությամբ` կայանների խողովակների բարձրության 15-20-ապատիկին հավասար տարածության վրա:

9) անասնապահական համալիրների տարածքում ուսումնասիրվում է հողային ծածկույթ - գրունտային և դրենաժային ջրեր - բուսական ծածկույթ համակարգը: Բուսականության ուսումնասիրությունը պետք է կատարվի ոչ միայն բուն անասնապահական համալիրի մոտ (ոչ պակաս, քան 2 հարթակ յուրաքանչյուր համալիրի համար), այլ նաև մոնիթորինգային երթուղիներում (ոչ պակաս, քան 1 երթուղի յուրաքանչյուր հարթակի համար), որոնք պետք է համընկնեն գոմաղբի հնարավոր արտահոսքերի ուղղությունների հետ: Շարժուն բաղադրիչների (ֆոսֆոր, կալիում, կալցիում, մագնիում, նատրիում, ցինկ, պղինձ, բոր, մոլիբդեն, կապար, կադմիում, մանգան, ինչպես նաև ամոնիակի, նիտրատների, նիտրիտների, սուլֆատների, հիդրոկարբոնատների և քլորի իոններ) ուսումնասիրությունն իրականացվում է տարվա յուրաքանչյուր սեզոնին մեկ անգամ: Կենսածին տարրերի (ֆոսֆոր, կալիում, ամոնիակային և նիտրատային ազոտ) պարունակությունները որոշվում են հերկելի և վարատակի շերտերում` մինչև 40 սմ խորություններում, մնացած տարրերի պարունակությունները` միայն վարատակի շերտում.

10) հողերի աղտոտվածությունը թունաքիմիկատներով և մնացորդային պեստիցիդներով որոշելու համար դիտարկումներն իրականացվում են տարին 2 անգամ` գարնանացանին և բերքահավաքին, կամ բերքահավաքից հետո.

11) խոշոր ավտոմոբիլային մայրուղիների (ավելի քան 1000 մեքենա օրական) մոտ գտնվող հողերն աղտոտող հիմնական տարրերի և միացությունների թվին են պատկանում կապարը, կադմիումը և բենզապիրենը, իսկ երկաթգծի մոտակայքում գտնվող հողերի դեպքում` ծծումբը, ազոտը, ածխածինը և բենզապիրենը: Մայրուղիների, երկաթգծի և նմուշարկման հարթակների միջև առավելագույն հեռավորությունը պետք է կազմի 0.3 կմ: Ճանապարհների այն հատվածներում, որտեղ կիրառվում են սառցակալման դեմ միջոցները, հողերում անհրաժեշտ է որոշել նաև քլորի և նատրիումի պարունակությունները.

12) ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության մոնիթորինգ անհրաժեշտ է իրականացնել այն հողերում, որտեղ ցեզիումով կամ ստրոնցիումով աղտոտվածությունը գերազանցում է 1Կի/կմ2: Դիտարկման հարթակներում 10x10 մ ցանցով կատարվում են գամմա-ֆոնի չափագրումներն անմիջապես հողի մակերևույթին և 1 մ բարձրության վրա: Այնուհետև ծրարի եղանակով վերցվում է 5 նմուշ (4 նմուշ հարթակի ծայրերում, մեկը` կենտրոնում): Նմուշառումը կատարվում է 160 մմ տրամագծի մետաղական խողովակով: Շերտ առ շերտ վերցվում է 10 նմուշ` յուրաքանչյուրը 50 մմ բարձրությամբ: Հողի նմուշների վերցման վայրերում անհրաժեշտ է իրականացնել նաև բուսականության նմուշարկում: 1 բուսական նմուշի քաշը պետք է կազմի մոտ 0.5 կգ: ՈՒսումնասիրվում է վերցված նմուշների գամմա, բեթա և ալֆա-ակտիվությունը, ցեզիումի և ստրոնցիումի ռադիոիզոտոպների պարունակությունները:

 

VI. ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ, ԴԵԳՐԱԴԱՑՄԱՆ ԵՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

12. Հողերն աղտոտող միացությունների ցանկը և աղտոտվածության մակարդակի գնահատումը, ինչպես նաև հողերի դեգրադացիան բնութագրող դիագնոստիկ ցուցանիշները և դեգրադացիայի աստիճանը բնութագրող դիագնոստիկ ցուցանիշների արժեքայնությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջների, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկի և հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1277-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N 92-Ն որոշումներով:

 

Աղյուսակ

 

Աղտոտման տարբեր տիպի աղբյուրների մոտ հողերի մոնիթորինգի ընթացքում

վերցվող նմուշների միջև հեռավորությունը

 

._____________________________________________________________________.

|NN |Աղտոտման աղբյուրը        |Նմուշների վերցման հեռավորությունը, կմ  |

|ը/կ|                         |                                       |

|___|_________________________|_______________________________________|

|1. |Արդյունաբերական          |0.25-0.5| 1 | 2 | 3 | 5 |    |    | 10 |

|   |կենտրոններ, առանձին      |        |   |   |   |   |    |    |    |

|   |տեղադրված արդյունաբերական|        |   |   |   |   |    |    |    |

|   |օբյեկտներ                |        |   |   |   |   |    |    |    |

|___|_________________________|________|___|___|___|___|____|____|____|

|2. |Կալիումական              |0.25    |0.5|1.0|1.5|2.0| 2.5| 3.0| 5.0|

|   |պարարտանյութերի          |        |   |   |   |   |    |    |    |

|   |արտադրություն            |        |   |   |   |   |    |    |    |

|___|_________________________|________|___|___|___|___|____|____|____|

|3. |Ազոտային պարարտանյութերի |0.25    |0.5|1.0|1.5|2.0| 2.5| 3.0| 5.0|

|   |արտադրություն            |        |   |   |   |   |    |    |    |

|___|_________________________|________|___|___|___|___|____|____|____|

|4. |Ֆոսֆորային               |0.25    |0.5|1.0|1.5|2.0| 2.5| 3.0| 5.0|

|   |պարարտանյութերի          |        |   |   |   |   |    |    |    |

|   |արտադրություն            |        |   |   |   |   |    |    |    |

|___|_________________________|________|___|___|___|___|____|____|____|

|5. |Սինթետիկ մանրաթելի       |0.25-0.5|1.0|2.0|3.0|4.0| 5.0|10.0|15.0|

|   |արտադրություն            |        |   |   |   |   |    |    |    |

|___|_________________________|________|___|___|___|___|____|____|____|

|6. |Ցեմենտի-հերձաքարի        |0.25-0.5|1.0|1.5|2.0|3.0| 5.0|10.0|15.0|

|   |արտադրություն            |        |   |   |   |   |    |    |    |

|___|_________________________|________|___|___|___|___|____|____|____|

|7. |Նավթաքիմիական            |0.25-0.5|1.0|2.0|3.0|5.0|10.0|15.0|20.0|

|   |ձեռնարկություններ        |        |   |   |   |   |    |    |    |

|___|_________________________|________|___|___|___|___|____|____|____|

|8. |ՋԷԿ                      |0.25    |0.5|1.0|1.5|2.0| 2.5| 3.0| 5.0|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.2011
N 1192-Ն
Որոշում