Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (2- ...

 

 

040.0955.180711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2011 թվականի N 955-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ

(2-րդ մաս)

 

Համախառն պահանջարկ

 

Համախառն պահանջարկը հիմնականում պատկերացում է տալիս տնտեսությունում ստեղծված եկամուտների ծախսման ուղղությունների վերաբերյալ: Համախառն պահանջարկը կազմված է ներքին և արտաքին պահանջարկներից: Ներքին պահանջարկը տեղեկատվություն է տալիս, թե ձևավորված եկամուտներն ուղղակի սպառման են ուղղվելու, թե ներդրվելու են տնտեսության մեջ: Նշվածը հիմնականում բնութագրվում է պետական և մասնավոր հատվածների կողմից ստեղծված ընդհանուր եկամտում սպառման բաղադրիչներով, սպառում/ՀՆԱ, ներդրում/ՀՆԱ: Իսկ արտաքին պահանջարկը տեղեկատվություն է տալիս գործընկեր երկրների կողմից մեր ապրանքների և ծառայությունների վրա կատարված ծախսումների մասին:

Վերջին տարիների միտումները, ընթացիկ իրավիճակը և կանխատեսումները Համախառն սպառում: 2006-2008 թվականների ընթացքում սպառումը միջին հաշվով աճել է 8.6 տոկոսով, իսկ իրական ՀՆԱ-ն` 11.3 տոկոսով: Ընդ որում, պետական սպառումը միջին հաշվով աճել է 5.8 տոկոսով, իսկ մասնավոր սպառումը` 9.0 տոկոսով: 2009 թվականին` տնտեսական ճգնաժամի (ինչպես նաև դրան հաջորդող տարում) սպառման անկումը բարձր չի եղել, մասնավորապես իրական արտահայտությամբ նվազել է 4 տոկոսով` 14.1 տոկոս տնտեսական անկման պայմաններում, ինչը պայմանավորված է հարստության էֆֆեկտով.8: Միաժամանակ, վերջնական սպառման կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն: 2006-2008 թվականներին պետական և մասնավոր սպառման տեսակարար կշիռները միջինում կազմել են համապատասխանաբար` 12.4 և 87.6 տոկոս, իսկ 2009 թվականին կազմել են` 14.2 և 85.8 տոկոս:

 

________________________________

8. Տնօրինվող եկամտի նվազման դեպքում սպառման վարքագիծը եկամուտներին համարժեք չի փոխվում, այլ շարունակվում է իրականացվել սպառման նույն մակարդակը` ի հաշիվ խնայողությունների:

 

2010 թվականին վերջնական սպառումը իրական արտահայտությամբ աճել է 4 տոկոսով` ՀՆԱ-ի 2.1 տոկոս աճի պայմաններում: Ընդ որում, սպառման կառուցվածքում պետական և մասնավոր սպառման տեսակարար կշիռները մնացել են 2009 թվականի մակարդակին (համապատասխանաբար` շուրջ 14 և 86 տոկոս):

Կանխատեսում: Մինչև տարեվերջ ՀՆԱ-ի կանխատեսված 4.6 տոկոս աճի պարագայում կունենանք սպառման աճ ընդամենը 1.0 տոկոսի չափով, որը 3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից, վերջինս պայմանավորված է սպառողական գների բարձր մակարդակով: 2012-2014 թվականներին, կապված տնտեսության վերականգնման և արտաքին աշխարհից ներհոսող մասնավոր տրանսֆերտների ակնկալվող աճի հետ կանխատեսվում է սպառման աճ միջինում 3.2 տոկոսի չափով:

Համախառն ներդրումներ: Կապիտալ ներդրումների մասով նշենք, որ 2006-2008 թվականների ընթացքում կապիտալ ներդրումները միջին հաշվով աճել են 21.5 տոկոսով: Սակայն, 2009 թվականին իրական կապիտալ ներդրումները կրճատվել են 30.9 տոկոսով, ի հաշիվ մասնավոր ներդրումների 37.4 տոկոս իրական նվազման, որը մեծամասամբ պայմանավորված էր շինարարության ճյուղի աճի տեմպերի զգալի նվազմամբ, իսկ վերջինիս վրա մեծ է եղել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը: Պետական կապիտալ ներդրումները նույն ժամանակահատվածում աճել են շուրջ 11.5 տոկոսով, պայմանավորված պետության ընդլայնող տնտեսական քաղաքականությամբ: 2010 թվականին իրական կապիտալ ներդրումները աճել են 2.9 տոկոսով, ի հաշիվ մասնավոր ներդրումների 8.3 տոկոս աճի, սակայն պետական ներդրումները նվազել են 16.8 տոկոսով:

Կանխատեսում: 2011 թվականին կանխատեսվում է կապիտալ ներդրումների 0.6 տոկոս աննշան նվազում` պայմանավորված պետական ներդրումների 16.7 տոկոս կրճատմամբ: Սակայն, միջնաժամկետում ներդրումները կդրսևորեն աճի միտում` միջինում 4.3 տոկոս, որը հիմնականում կպայմանավորվի արտադրողական բնույթի ներդրումներով, որն էլ հիմքեր կստեղծի ապագա կայուն աճի համար:

Զուտ արտահանում: Արտաքին առևտրի ցուցանիշների մասով նշենք, որ 2006-2008 թվականներին ներմուծումը միջին հաշվով աճել է 8 տոկոսով, իսկ արտահանումը կրճատվել է 8 տոկոսով, սա պայմանավորված է այդ ժամանակահատվածում դրամի իրական արտահայտությամբ արժևորմամբ և բնակչության եկամուտների շարունակական աճով: 2009 թվականին արտահանման իրական ծավալները կրճատվել են 10.4 տոկոսով, իսկ ներմուծումը` 19.5 տոկոսով: Չնայած ազգային արժույթի արժեզրկմանը, այս ցուցանիշները պայմանավորված են արտահանվող ապրանքների նկատմամբ համաշխարհային պահանջարկի նվազմամբ և փոխարժեքի ազդեցության դրսևորման ժամանակային խզմամբ: 2010 թվականին արտահանման իրական ծավալները ավելացել են 21.7 տոկոսով, իսկ ներմուծմանը 13.8 տոկոսով, որը պայմանավորված է համաշխարհային տնտեսությունում պահանջարկի աստիճանական վերականգնմամբ, ինչպես նաև նախորդ տարիներին կառավարության հակաճգնաժամային գործողությունների շրջանակներում արտահանողներին ցուցաբերված օժանդակությամբ:

Կանխատեսում: 2011 թվականի վերջին իրական արտահայտությամբ կունենանք ներմուծման 6.1 և արտահանման 9.0 տոկոս աճ: 2012-2014 թվականներին` պայմանավորված համաշխարհային տնտեսության վերականգնմամբ, որը կարտահայտվի մեր տնտեսության արտադրանքի նկատմամբ արտաքին պահանջարկի մեծացմամբ, կանխատեսվում է արտահանման ծավալների միջին աճ 6.5 տոկոսի չափով և ներմուծման ծավալների աճ 1.6 տոկոսի չափով:

 

Աղյուսակ 3. ՀՆԱ-ի ծախսային բաղադիրչների իրական աճերը, %

 

.______________________________________________________________.

|               |2006|2007| 2008| 2009|2010|2011|2012|2013|2014|

|_______________|____|____|_____|_____|____|____|____|____|____|

|Սպառում        | 9.0|12.3|  4.5|   -4| 4.0| 1.0| 2.9| 3.0| 3.6|

|_______________|____|____|_____|_____|____|____|____|____|____|

|Ներդրում       |32.2|19.7| 12.6|-30.9| 2.9|-0.6| 5.0| 4.7| 3.2|

|_______________|____|____|_____|_____|____|____|____|____|____|

|Արտահանում     |-7.3|-3.5|-13.1|-10.4|21.7| 9.0| 7.9| 6.5| 5.1|

|_______________|____|____|_____|_____|____|____|____|____|____|

|Ներմուծում     | 3.8|13.0|  7.3|-19.5|13.8| 6.1| 0.8| 2.3| 1.5|

|_______________|____|____|_____|_____|____|____|____|____|____|

|Ընդամենը ՀՆԱ   |13.2|13.7|  6.9|-14.1| 2.1| 4.6| 4.2| 4.5| 4.8|

.______________________________________________________________.

 

Աղյուսակ 4. Ծախսային բաղադրիչների տեսակարար կշիռը ՀՆԱ-ի կազմում

 

._____________________________________________________________________.

|               | 2006| 2007| 2008| 2009| 2010| 2011| 2012| 2013| 2014|

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Սպառում        | 82.3| 81.8| 81.8| 93.7| 94.0| 93.3| 92.4| 91.3| 90.3|

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ներդրումներ    | 35.9| 37.8| 40.9| 34.7| 33.4| 31.0| 31.0| 30.8| 30.3|

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Զուտ արտահանում|-15.9|-20.0|-25.6|-27.5|-25.4|-24.1|-22.7|-21.1|-19.5|

|այդ թվում      |     |     |     |     |     |     |     |     |     |

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Արտահանում     | 23.4| 19.2| 15.0| 15.5| 19.8| 22.3| 24.1| 24.5| 24.4|

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ներմուծում     | 39.3| 39.2| 40.7| 43.0| 45.2| 46.4| 46.9| 45.6| 43.9|

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Վիճ. շեղում    | -2.4|  0.4|  2.9| -0.8| -2.1| -0.2| -0.7| -1.0| -1.1|

|_______________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ընդամենը ՀՆԱ   |  100|  100|  100|  100|  100|  100|  100|  100|  100|

._____________________________________________________________________.

 

Ընդ որում, ՀՆԱ-ի ծախսային կառուցվածքում ներդրումների կշիռը շարունակական անկում է ապրելու` պայմանավորված կապիտալ շինարարության ծավալների նվազմամբ, ընդ որում բնակարանային շինարարությունը նվազելու է, իսկ արտադրական ոլորտում իրականացվող շինարարությունը աճելու է: Միաժամանակ, արտահանման կշիռը ունենալու է շարունակական աճի միտում:

 

Գնային փոփոխականներ

 

Տնտեսությունում գների մակարդակը բնութագրվում է սպառողական գների ինդեքսով (ՍԳԻ) կամ ՀՆԱ դեֆլյատորով: Իսկ դրանց փոփոխությունները ցույց են տալիս տնտեսությունում նկատվող գնաճի կամ գնանկման միտումները: ՍԳԻ-ն ցույց է տալիս որոշակի սպառողական ապրանքների զամբյուղի գների վարքագիծը, իսկ ՀՆԱ դեֆլյատորը` միայն մեր տնտեսությունում ստեղծված ապրանքների և ծառայությունների գների վարքագիծը:

 

Վերջին տարիների միտումները, ընթացիկ իրավիճակը և կանխատեսումները

 

ՍԳԻ. Վերջին տարիների ընթացքում սպառողական գները հիմնականում կայուն են եղել` չգերազանցելով 4+/-1.5 տոկոս նպատակային միջակայքը: Բացառություն են կազմել 2007 և 2009 թվականները, երբ 2007 թվականին սպառողական գների մակարդակը տարեվերջին կազմել է 6.6 տոկոս` պայմանավորված արտաքին շոկերով, մասնավորապես, նավթի և ցորենի միջազգային գների բարձրացմամբ: 2009 թվականի տարեվերջին 12-ամսյա գնաճը կազմել է 6.5 տոկոս, որին հիմնականում նպաստել են որոշ ներմուծվող սպառողական ապրանքների համաշխարհային գների աճը, մարտի սկզբին դրամի կտրուկ արժեզրկմամբ պայմանավորված ներմուծված ապրանքների գների ճշգրտումը և ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների սակագների բարձրացումը: Սակայն նշենք, որ 2009 թվականի 12-ամսյա գնաճը մինչև նոյեմբեր պահպանվել է նպատակային թիրախի սահմաններում և գնաճի տեմպի կտրուկ ավելացում է արձանագրվել դեկտեմբերին` պայմանավորված գյուղատնտեսական ապրանքների գների առավել ցայտուն սեզոնային աճով: 2010 թվականի տարեվերջին 12-ամսյա գնաճը կազմել է 9.4%: Բարձր գնաճային միջավայրը հիմնականում պայմանավորվել է առաջարկի գործոններով` առավելապես գյուղատնտեսության ճյուղի խորը անկմամբ, ինչի հետևանքով արձանագրվեց գյուղատնտեսական ապրանքների աննախադեպ բարձր գնաճ: Բարձր գնաճին նպաստել են նաև որոշ պարենային և հումքային ապրանքների (ցորեն, շաքար, նավթ) միջազգային գների զգալի բարձրացումը (ցորեն, շաքար, նավթ) և 2010 թվականի ապրիլի 1-ից գազի և ջրի սակագների բարձրացումը: Ընդ որում հատկանշական է, որ 9.4% տոկոս գնաճի միայն 7.5 տոկոսային կետը պայմանավորվել է պարենային ապրանքների գների աճով, որից 2 տոկոսային կետը նպաստել է հացամթերքը, 5 տոկոսային կետը` գյուղատնտեսական պարենային ապրանքների գների աճը:

2011 թվականի ապրիլին նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 5 տոկոս գնաճ, որը հիմնականում պայմանավորված է եղել պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 7.3 տոկոս, ոչ պարենային ապրանքների գների 1.5 տոկոս և ծառայությունների սակագների 2.4 տոկոս աճով:

Կանխատեսում: 2011 թվականի առաջին կեսում դեռևս կպահպանվի նախորդ տարվա վերջից ձևավորված բարձր գնաճային ֆոնը, սակայն տարվա երկրորդ կեսից գնաճային ճնշումները աստիճանաբար կթուլանան` պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի վերականգնմամբ և տարեսկզբից ԿԲ-ի դրամավարկային պայմանների խստացմամբ: Որոշակի ռիսկեր կարող են առաջանալ միջազգային շուկաներում պարենային և ոչ պարենային ապրանքների գների աճի պարագայում: 2011 թվականին ակնկալվում է, որ 12-ամսյա գնաճը կկազմի շուրջ 5.4 տոկոս: 2012-2014 թվականներին կանխատեսվող 12-ամսյա գնաճը կվերականգնի նպատակային թիրախի 4 (+/-1.5) տոկոս տատանման թույլատրելի միջակայքով մակարդակը:

 

Գծապատկեր 4. 2000-2014 թվականների գնաճի (ՍԳԻ) դինամիկան

 

_______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Դեֆլյատոր: ՀՆԱ դեֆլյատորը 2006-2008 թվականների ընթացքում եղել է կայուն և կանխատեսելի` միջին հաշվով կազմելով 104.9 տոկոս: 2009 թվականի տնտեսական զարգացումներով պայմանավորված դեֆլյատորի մեծությունը վերջին տարիներին արձանագրված ցուցանիշի միջինից զգալիորեն ցածր էր` 102.6 տոկոս: 2010 թվականին միտումը կտրուկ փոխվել է. դեֆլյատորը կազմել է 109.2 տոկոս` պայմանավորված գյուղատնտեսության բարձր գների ինդեքսով, որը կրում է գյուղատնտեսության տեղական արտադրության խոշոր կրճատման, ինչպես նաև պարենի միջազգային շուկայում գյուղմթերքների առաջարկի կրճատման կնիքը: Հաջորդ խոշոր նպաստումն ունեցել է արդյունաբերության գների ինդեքսը. որը նույնպես կրում է միջազգային շուկաների ազդեցությունը (պղնձի և մոլիբդենի մասով):

Կանխատեսում: Մինչև տարեվերջ կանխատեսում ենք ՀՆԱ-ի դեֆլյատորի աճի տեմպի նվազում` նախորդ տարվա համեմատությամբ այն կկազմի 105.7 տոկոս, իսկ 2012-2014 թվականներին միջին դեֆլյատորը կկայունանա 104 տոկոսի շուրջ:

 

Ֆինանսական շուկա

 

Ֆինանսական շուկաները բնութագրվում են մի շարք ցուցանիշների համախմբով: Սակայն, այս բաժնում մենք կուսումնասիրենք հիմնականում երկու ցուցանիշ` առաջինը ֆինանսական միջնորդության խորությունն է և երկրորդը` ֆինանսական շուկայում ձևավորված տոկոսադրույքները:

Ֆինանսական միջնորդության խորության ցուցանիշը բնութագրում է թե ֆինանսական ինստիտուտները (բանկեր, վարկային կազմակերպություններ, ներդրումային ընկերություններ և այլն) ինչ չափով են ներգրավված տնտեսություն մեջ:

Ֆինանսական շուկայում ձևավորված տոկոսադրույքներն ազատ մրցակցության պայմաններում ցույց են տալիս, թե ինչքան է փողի գինը` հաշվի առած ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից գնահատվող տարբեր ռիսկերի աստիճանը: Գնաճի տրված մակարդակի պայմաններում եթե տոկոսադրույքները բարձր են, ապա ռիսկայնության աստիճանը բարձր է, կամ հակառակը:

Այսինքն, ֆինանսական շուկայի միջոցով կարգավորվում է փողի նկատմամբ առաջարկը և պահանջարկը (փողի զանգված, փողի բազա) և դրա գինը (բանկային տոկոսադրույք) տնտեսական գործունեություն ծավալողների համար: Այդ տեսանկյունից, ֆինանսական կայունությունը մակրոտնտեսական կայունության պահպանման տեսանկյունից ունի կարևոր նշանակություն:

 

Վերջին տարիների միտումները, ընթացիկ իրավիճակը և կանխատեսումները

 

Վերջին տարիներին տնտեսական աճի բարձր տեմպերով պայմանավորված փողի զանգվածը շարունակական աճել է. 2006 և 2007 թվականներին աճերը կազմել են համապատասխանաբար 32.9 տոկոս և 42.5 տոկոս: Սակայն, 2008 թվականի վերջին եռամսյակում, տնտեսության աճի տեմպերի դանդաղման և 2009 թվականին արձանագրված 14.1 տոկոս տնտեսական անկման պարագայում, նկատելի եղավ նաև փողի նկատմամբ պահանջարկի նվազումը: Արդյունքում փողի զանգվածի աճը 2008 և 2009 թվականներին կազմել է համապատասխանաբար 2.3 և 15.1 տոկոս: 2010 թվականին փողի զանգվածի աճը կազմել է 11.8 տոկոս: Արդեն, 2011 թվականի ապրիլին փողի զանգվածն աճել է 16 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, ընդ որում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամի և դրամային ավանդների նպաստումը եղել է 4.1 և 8.2 տոկոսային կետ, իսկ արտարժութային ավանդներինը` ընդամենը 3.7 տոկոսային կետ:

2006 և 2007 թվականներին փողի բազան ևս աճել էր և կազմել` համապատասխանաբար 41.1 և 50.9 տոկոս: 2008 և 2009 թվականների տարեկան արդյունքներով փողի բազայի առավել զուսպ աճի տեմպեր են արձանագրվել համապատասխանաբար 5.3 և 13.8 տոկոս: 2010 թվականին փողի բազան նվազել է 0.8 տոկոսով պայմանավորված գնաճի զսպան նպատակով ՀՀ ԿԲ-ի կողմից դրամավարկային պայմանների խստացմամբ ու պարտադիր պահուստավորման մեխանիզմի փոփոխությամբ:

2011 թվականի ապրիլին փողի բազան աճել է 5.9 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, ընդ որում ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի նպաստումը եղել է դրական` 8.4 տոկոսային կետ, իսկ ԿԲ-ում առևտրային բանկերի թղթակցային հաշիվներում ավելցուկային միջոցների և պարտադիր պահուստների նպաստումը բացասական` 4.4 տոկոսային կետ: Կանխիկի տեսակարար կշիռը փողի բազայում աճել է 4.7 տոկոսային կետով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` կազմելով 64.0 տոկոս:

Վերջին 5 տարիների ընթացքում առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի կշիռը ՀՆԱ-ի մեջ զգալի ավելացել է: Հատկանշական է, որ նույնիսկ ճգնաժամի ժամանակ նշված ցուցանիշի նվազում չի արձանագրվել, ինչում կարևոր դերակատարություն է ունեցել կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում համակարգաստեղծ ձեռնարկություններին, ինչպես նաև արտահանման և ներմուծման փոխարինման ուղղվածություն ունեցող ՓՄՁ սուբյեկտներին կառավարության կողմից տրամադրված ֆինանսական օժանդակությունը:

Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին տրված վարկերը 2010 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ նախորդ տարվա համեմատ ավելացել են 214.6 մլրդ դրամով կամ 29.2%-ով.9 և ՀՆԱ-ի մեջ կազմել 27.1 տոկոս, ինչը 3.7 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: Արդեն 2011 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ վարկերը ավելացել են 299.1 մլրդ դրամով (38.9%-ով):

 

__________________________

9. Ընդգրկված չեն կուտակված տոկոսները: Վարկերի մեջ ներառված են նաև ֆակտորինգային, լիզինգային գործառնությունները և ռեպո

համաձայնագրերը:

 

Նշենք նաև, որ 2006 թվականից զգալի ոլորտային փոփոխություններ են արձանագրվել առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի կշիռներում: 2010 թվականի վերջի դրությամբ արդյունաբերության ոլորտին տրված վարկերի կշիռն ընդհանուր վարկերի մեջ կազմել է 23.01 տոկոս և 2006 թվականի համեմատ աճել է 5.8 տոկոսային կետով, սպառողական վարկերի կշիռը 2006 թվականի նկատմամբ նվազել է 11.5 տոկոսային կետով կազմելով` 18.5 տոկոս, շինարարության ոլորտին տրված վարկերի կշիռը 2006 թվականի նկատմամբ աճել է 3.4 տոկոսով` կազմելով 8.44 տոկոս (մյուս ոլորտներում զգալի փոփոխություններ չեն արձանագրվել):

Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդները 2009 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ նախորդ տարվա համեմատ ավելացել են 191.1 մլրդ դրամով և ՀՆԱ-ի մեջ կազմել 20.9 տոկոս: Հատկանշական է նաև, որ ճգնաժամի պայմաններում ֆինանսական շուկաների նկատմամբ վստահության անկում` ի դեմս բանկերից ավանդների փախուստի և ֆինանսական շուկաների անկայություն չի նկատվել: Նշվածը պայմանավորվել է ճգնաժամի ժամանակ կառավարության և կենտրոնական բանկի միջև քաղաքականությունների արդյունավետ կոորդինացմամբ, ինչպես նաև նախորդ տարիներից եկող ֆինանսական համակարգի բարձր կապիտալացմամբ: 2010 թվականի վերջի դրությամբ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդները նախորդ տարվա համեմատ ավելացել են 45.3 մլրդ դրամով կամ 6.9 տոկոսով.10 և ՀՆԱ-ի մեջ կազմել 20.1 տոկոս: Նշենք, որ 2010 թվականի ընթացքում նկատվել է դոլարայնացման մակարդակի նվազում ներգրավված ավանդների 69.0 տոկոսն են կազմել արտարժույթով ավանդները` նախորդ տարվա 73.4 տոկոսի փոխարեն: Նշվածը պայմանավորվել է ԿԲ-ի և Կառավարության կողմից ապադոլարայնացման միջոցառումների իրականացմամբ: Արդեն 2011 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավանդները ավելացել են 84.7 մլրդ դրամով (12.8%-ով), իսկ դոլարայնացման մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 4.7 տոկոսային կետով կազմելով 70.8 տոկոս:

 

________________________________________

10. Ընդգրկված չեն կուտակված տոկոսները: Վարկերի մեջ ներառված են նաև ֆակտորինգային, լիզինգային գործառնությունները և ռեպո համաձայնագրերը:

 

Աղյուսակ 5. Բանկային ակտիվներ/ՀՆԱ 2006 թվականից 2011 թվականի ապրիլ ամիսը (մլրդ դրամով)

 

.______________________________________________________

|                  | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 |

|                  |      |      |      |      |      |

|                  |      |      |      |      |      |

|                  |      |      |      |      |      |

|__________________|______|______|______|______|______|

|ՀՆԱ անվանական     |2656.2|3149.3|3568.2|3141.7|3501.6|

|__________________|______|______|______|______|______|

|Վարկեր            | 243.6| 426.2| 634.5| 735.2| 949.8|

|__________________|______|______|______|______|______|

|Վարկերի կշիռ      |   9.2|  13.5|  17.8|  23.4|  27.1|

|ՀՆԱ-ում %.11      |      |      |      |      |      |

|__________________|______|______|______|______|______|

|Ավանդների կշիռ ՀՆԱ| 306.8| 413.2| 465.9|   657| 702.3|

|__________________|______|______|______|______|______|

|Ավանդների կշիռ ՀՆԱ|  11.6|  13.1|  13.1|  20.9|  20.1|

.______________________________________________________

 

.___________________ __________________________.

|                  | |          2011           |

|                  | |_________________________|

|                  | |հուն-|փետր-| մարտ |ապրիլ |

|                  | |վար  |վար  |      |      |

|__________________| |_____|_____|______|______|

|ՀՆԱ անվանական     | |     |     |      |      |

|__________________| |_____|_____|______|______|

|Վարկեր            | |960.8|996.2|1039.3|1067.4|

|__________________| |_____|_____|______|______|

|Վարկերի կշիռ      | |  -  |  -  |  -   |   -  |

|ՀՆԱ-ում %.11      | |     |     |      |      |

|__________________| |_____|_____|______|______|

|Ավանդների կշիռ ՀՆԱ| |697.6|718.9| 754.9| 746.7|

|__________________| |_____|_____|______|______|

|Ավանդների կշիռ ՀՆԱ| |  -  |  -  |  -   |   -  |

.___________________ __________________________.

 

___________________________________

11. Ցուցանիշների համադրելիությունը ապահովելու տեսանկյունից վարկերը պետք է դիտարկել տարեկան ՀՆԱ-ի մեջ:

 

Առևտրային բանկերի` մինչև մեկ տարի ժամկետով դրամով տրամադրված վարկերի և ներգրավված ավանդների տոկոսադրույքները 2006-2008 թվականներին միջինում ավելի ցածր են եղել (համապատասխանաբար 17.3 և 6.21 տոկոս) քան 2009, 2010 թվականներին (համապատասխանաբար 18.98 և 8.8 տոկոս): Արդեն 2011 թվականի ապրիլին առևտրային բանկերի դրամով տրամադրված վարկերի տոկոսադրույքները կազմել են 17.01 տոկոս` 2010 թվականի ապրիլի 19.94 տոկոսի համեմատ: Նույն ժամանակահատվածում առևտրային բանկերի դրամով ներգրավված ավանդների տոկոսադրույքների աճ է գրանցվել: Այսպես, եթե 2010 թվականի ապրիլին ավանդների տոկոսադրույքը կազմել է 9.08 տոկոս, ապա 2011 ապրիլին այն աճել է 0.29 տոկոսային կետով (9.371 0 տոկոս): Նշենք նաև, որ 2011 թվականի ապրիլին առևտրային բանկերի մինչև մեկ տարի ժամկետով դրամով ներգրավված ավանդների և վարկերի տոկոսադրույքների միջև սպրեդը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 3.22 տոկոսային կետով կազմելով 7.64 տոկոսային կետ:

 

Աղյուսակ 6. Ֆինանսական շուկայի 2008-2011 թթ. առանձին ամիսների միջին տոկոսադրույքները

 

.________________________________________________________________________.

|     %   |   2008     |   2009     |  2010      |          2011         |

|         |____________|____________|____________|_______________________|

|         |ապրիլ|դեկտեմ|ապրիլ|դեկտեմ|ապրիլ|դեկտեմ|հուն-|փետր-|մարտ |ապրիլ|

|         |     |բեր   |     |բեր   |     |բեր   |վար  |վար  |     |     |

|_________|_____|______|_____|______|_____|______|_____|_____|_____|_____|

|Վարկեր.12|17.29|  16.5|18.77| 18.79|19.94|  18.9|18.25|18.66|18.29|17.01|

|_________|_____|______|_____|______|_____|______|_____|_____|_____|_____|

|Ավանդներ | 6.14|  7.71| 8.18|  8.10| 9.08|  8.76| 8.74| 9.23| 9.05| 9.37|

.________________________________________________________________________.

 

___________________________

12. Հաշվարկված է 16 օրից մինչև մեկ տարի ժամկետով, միայն դրամով տրամադրված վարկերի և ներգրավված ավանդների համար (առանց միջբանկային շուկայի):

 

Կանխատեսում: Հաշվի առնելով, որ 2011 թվականի տարեսկզբից իրականացվում է կոշտ դրամավարկային քաղաքականություն ակնկալվում է, որ դրամավարկային ցուցանիշներն կունենան առավել զուսպ աճի տեմպեր քան արձանագրվում էր մինչ ճգնաժամը: 2011 թվականին փողի բազայի աճը կկազմի մոտ 12.3 տոկոս, իսկ փողի զանգվածի աճը` 15.3 տոկոս: Միջնաժամկետ հատվածում, արդեն տնտեսական զարգացումներին համահունչ, 2012-2014 թվականների համար փողի բազայի և փողի զանգվածի միջին աճերը կկազմեն համապատասխանաբար 8.8 և 9.7 տոկոս:

 

Վճարային հաշվեկշիռ

 

Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության արդյունքում տեղի են ունենում տնտեսական հոսքեր դեպի հանրապետություն և հակառակ ուղղությամբ: Այդ հոսքերը արտացոլվում են երկրի վճարային հաշվեկշռում: Վճարային հաշվեկշիռը բաղկացած է երկու հիմնական բաժիններից

. ընթացիկ հաշիվ (հիմնականում ցույց է տալիս արտահանման և ներմուծման հետ կապված հոսքերը),

. կապիտալի և ֆինանսական հաշիվ (ցույց է տալիս կապիտալի ներհոսքն ու արտահոսքը):

Տնտեսության արտաքին կայունության տեսանկյունից կարևոր ցուցանիշ է ընթացիկ հաշվի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ: Միաժամանակ պետք է նշել, որ արտաքին աշխարհի հետ հարաբերություններում Հայաստանը համարվում է փոքր և բաց տնտեսություն ունեցող երկիր, ինչը նշանակում է, որ տնտեսական հոսքերի շարժը դեպի երկիր և երկրից դուրս հնարավորինս ազատականացված է:

 

Վերջին տարիների միտումները, ընթացիկ իրավիճակը և կանխատեսումները

 

Ընթացիկ հաշիվ: Վերջին տարիներին իրականացված տնտեսական և արժութային քաղաքականությունների արդյունքում ընթացիկ հաշվի հիմնական ցուցանիշների մասով տեղի է ունեցել զգալի բարելավում, եթե 2000 թվականին ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել էր ՀՆԱ-ի 14.6 տոկոսը, ապա 2007 թվականին այն հասել է 6.4 տոկոսի: Սակայն, սկսած 2008 թվականի 4-րդ եռամսյակից, տնտեսությունը կրեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամի անբարենպաստ դրսևորումները` կրճատվեցին Հայաստան ներհոսող տրանսֆերտները և գործոնային եկամուտները, ինչպես նաև հայաստանյան ապրանքների նկատմամբ արտաքին պահանջարկը: Արդյունքում, 2009 թվականին ընթացիկ հաշվի պակասուրդը կազմեց ՀՆԱ-ի 15.8 տոկոսը` գերազանցելով 2000 թվականի առավելագույն մակարդակը: Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում ՀՀ կառավարության քաղաքականությունը արտահանման խթանման ուղղությամբ 2010 թվականին տվեց իր դրական արդյունքները` տնտեսության արտաքին հատվածի բարելավումը ձևավորվել է ավելի արագ, քան սպասվում էր: Արտաքին պահանջարկի աճի հետ մեկտեղ տարվա ընթացքում ավելացել են նաև Հայաստան ներհոսող տրանֆերտները և գործոնային եկամուտները` նպաստելով ընթացիկ հաշվի պակասուրդի կրճատմանը մինչև ՀՆԱ-ի 13.9 տոկոսը: Աղյուսակ 8-ում ներկայացված են արտաքին հատվածի հիմնական ցուցանիշների միտումները և սպասումները (տես Գծապատկեր 7-ը):

Արտաքին առևտուր: ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը 2010 թվականին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 18.9 տոկոսով, ընդ որում տեղի է ունեցել ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման դոլարային արտահայտությամբ ծավալների աճ. արտահանումն աճել է 42.4 տոկոսով` կազմելով 1011.4 մլն դոլար, իսկ ներմուծումը կազմել է 3782.9 մլն դոլար` աճելով 13.9 տոկոսով:

2011 թվականի առաջին չորս ամիսներին տնտեսության արտաքին հատվածում շարունակվել են նախորդ տարվա ընթացքում ձևավորված դրական զարգացումները: 2011 թվականի հունվար-ապրիլին ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 14.6 տոկոսով: Արտաքին պահանջարկի աճի հետ մեկտեղ տարվա առաջին չորս ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ բանկային համակարգի միջոցով Հայաստան ներհոսող փոխանցումները ավելացել են մոտ 24 տոկոսով` դրական նպաստում ցուցաբերելով ընթացիկ հաշվի զարգացումներին:

Ներմուծում: Ներմուծման աճը հիմնականում պայմանավորված էր բնակչության տնօրինվող եկամուտների աճով և տնտեսության վերականգնմամբ: Ներմուծման աճ է արձանագրվել կառուցվածքում մեծ կշիռ ունեցող գրեթե բոլոր, այդ թվում նաև ներդրումային բնույթի ապրանքների գծով. ընդհանուր ներմուծման մեջ «Մեքենաներ, սարքավորումներ, մեխանիզմներ», «Սարքեր և ապարատներ» և «Տարբեր արդյունաբերական ապրանքներ» ապրանքախմբերի տեսակարար կշիռը կազմել է 21.0 տոկոս, որոնց աճը 1.5 տոկոսային կետով նպաստել է ներմուծման աճին: Ներմուծման ամենաբարձր` 4.2 տոկոսային կետը պայմանավորվել է «Հանքահումքային արտադրանք», 2.0 տոկոսային կետը` «Վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ», 1.6 տոկոսային կետը` «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» և 1.4 տոկոսային կետը` «Պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախմբերի ներմուծման աճով, որոնք համապատասխանաբար կազմել են 25.6, 28.1, 48.0 և 17.0 տոկոս: 2011 թվականի հունվար-ապրիլին ՀՀ ներմուծումն աճել է 10.9 տոկոսով` կազմելով 1209.6 մլն դոլար:

Կանխատեսում: 2011 թվականին կանխատեսվում է 6.1 տոկոս ապրանքների ներմուծման աճ, որը բավականին պահպանողական է հաշվի առնելով բնակչության կողմից արտերկրներից ստացվող փոխանցումների և վերջնական սպառման աճի համանման կանխատեսման մոտեցումը: 2012-2014 թվականներին ներմուծման աճի միտումները կպահպանվեն, միջին տարեկան աճը (դոլարային արտահայտությամբ) կկազմի 5.4 տոկոս` պայմանավորված հիմնականում ներքին տնտեսության եկամուտների աճով, իսկ ապրանքների և ծառայությունների համար` 4.9 տոկոս:

Արտահանում: Տնտեսության արտահանման ոլորտում ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունքները` զուգորդվելով հումքային բնույթի ապրանքատեսակների արտահանման շուկաների վիճակի բարելավման հետ, արդեն իսկ 2009 թվականի երրորդ եռամսյակից արտահայտվեցին արտահանման որոշակի աշխուժացման և ծավալների աստիճանական վերականգնման տեսքով, իսկ 2010 թվականին ամրապնդեցին արտահանման նշված ձեռքբերումները: 2010 թվականի արդյունքներով արտահանման աճի ամենաբարձր` 18.4 տոկոսային կետը պայմանավորվել է «Հանքահումքային արտադրանք» ապրանքախմբի արտահանման 89.9 տոկոս ավելացմամբ: Արտահանման աճի 14.3 տոկոսային կետը պայմանավորվել է «Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր», 4.5 տոկոսային կետը` «Պատրաստի սննդի արտադրանք» և 4.1 տոկոսային կետը` «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբերի ծավալների աճով, որոնք կազմել են համապատասխանաբար` 43.8, 31.7 և 27.6 տոկոս: 2011 թվականի հունվար-ապրիլին ՀՀ արտահանումն աճել է 28.3 տոկոսով` կազմելով 373.4 մլն դոլար:

Կանխատեսում: 2011 թվականին կանխատեսվում է առնվազն 20 տոկոս արտահանման աճ, քանի որ պահպանվում է գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը և բարենպաստ է մետաղների գների միջավայրը: Սակայն առկա են որոշ ռիսկեր` հատկապես կապված նավթի առաջարկով պայմանավորված տնտեսական աճի տեմպերի հետ (նշված ռիսկը նկարագրված է ռիսկերի մասում): Միջնաժամկետ հատվածում համաշխարհային տնտեսական աճին և կառավարության կողմից տնտեսության արտահանելի ոլորտում տարվող քաղաքականության ուղղությանը համահունչ ակնկալվում է, որ արտահանման աճը կշարունակվի և ապրանքների արտահանման ծավալները կկազմեն շուրջ 1673 մլն ԱՄՆ դոլարի (ՖՕԲ) միջին տարեկան մակարդակ և միջին տարեկան 11.0 տոկոս աճ (դոլարային արտահայտությամբ): Նույն ցուցանիշը ապրանքների և ծառայությունների համար կկազմի շուրջ 10.1 տոկոս (2657 մլն ԱՄՆ դոլար):

Գործընկեր երկրներ: Հայաստանը լինելով փոքր և բաց տնտեսություն արագ է արձագանքում գործընկեր երկրների տնտեսական զարգացումներին: 2006-2008 թվականներին հիմնական գործընկեր երկրների տնտեսական բարձր աճը նպաստեց այդ տարիներին դրամական փոխանցումների ներհոսքի կրկնապատկմանը` նպաստելով նաև տնօրինվող եկամուտների և ՀՀ տնտեսական աճին: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով 2009 թվականին Հայաստանի արտաքին անհավասարակշռության և արտարժույթի ներհոսքի կրճատման հիմնական պատճառ դարձան տրանսֆերտների, գործոնային եկամուտների և արտահանման ծավալների նվազումը, ինչն էլ հիմնական գործընկեր երկրների տնտեսական զարգացումների և հայաստանյան ապրանքների նկատմամբ արտաքին պահանջարկի անկման հետևանք էր: 2010 թվականին համաշխարհային տնտեսության և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական վերելքով պայմանավորված կապիտալի ներհոսքը դեպի հանրապետություն վերականգնվեց:

Արտաքին առևտուր: 2010 թվականին արտարժույթի ներհոսքը արտահանման հաշվին վերջինիս սպասվածից բարձր աճով պայմանավորված արագ վերականգնվեց. արտահանման դոլարային ծավալները նույնիսկ գերազանցեցին 2008 թվականի մակարդակը` 0.1 տոկոսային կետով: Հայաստանյան ապրանքների նկատմամբ ներկայացնելով հիմնական պահանջարկը, 2010 թվականի ՀՀ արտահանման 42.4 տոկոս աճի 39.4 տոկոսային կետը ապահովել են հետևյալ 7 երկրները. Բուլղարիան` 13.8, Ռուսաստանը` 7.7, Նիդերլանդները` 6.6, Բելգիան` 3.7, Իրանը` 2.8, Գերմանիան` 2.5 և ԱՄՆ-ն` 2.3 տոկոսային կետերով: Տարվա ընթացքում նշված երկրներ արտահանվող հիմնական ապրանքատեսակներն էին. ոչ թանկարժեք քարերը և մետաղները (հանքաքար, պղինձ, խարամ), ոգելից խմիչքները (կոնյակ), ադամանդը և այլ ապրանքներ (տես ստորև ներկայացված աղյուսակը):

 

Աղյուսակ 7. Գործընկեր երկրների նպաստումը ընդհանուր արտահանման աճին և ընդհանուր արտահանման մեջ հիմնական գործընկեր երկրների կշիռները, %

 

._____________________________________________________________________.

|Նպաստումը    |2006 |2007 |2008 |2009 |2010 |Պահանջարկ ունեցող        |

|ընդհանուր    |     |     |     |     |     |հայաստանյան հիմնական     |

|արտահանման   |     |     |     |     |     |ապրանքատեսակները (2010   |

|աճին, %      |     |     |     |     |     |թվականի փաստացի          |

|             |     |     |     |     |     |տվյալներով)              |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_________________________|

|Ընդամենը     |  1.1| 17.0| -8.3|-32.8| 42.4|                         |

|արտահանման աճ|     |     |     |     |     |                         |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_________________________|

|Բուլղարիա    |  0.1|  4.6|  1.1|  0.0| 13.8|Պղնձի հանքաքար           |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_________________________|

|      կշիռ, %|  0.1|  4.1|  5.6|  8.6| 15.5|                         |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_________________________|

|Ռուսաստան    |  0.2|  8.2|  0.6| -9.5|  7.7|Ալկոհոլ, ադամանդ         |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_________________________|

|      կշիռ, %| 12.3| 17.5| 19.7| 15.4| 15.9|                         |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_________________________|

|Նիդերլանդներ | -0.6|  3.0| -2.2| -7.4|  6.6|Ոչ թանկարժեք մետաղներ    |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_________________________|

|     կշիռը, %| 12.9| 13.5| 12.4|  7.5|  9.7|                         |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_________________________|

|Բելգիա       | -1.6| -0.9| -0.9| -4.0|  3.7|Ադամանդ                  |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_________________________|

|     կշիռը, %| 11.0|  8.7|  8.5|  6.7|  7.2|                         |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_________________________|

|Իրան         |  0.1|  0.9| -1.2|  0.8|  2.8|Կենդանիներ, էլ.էներգիա   |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_________________________|

|     կշիռը, %|  3.0|  3.3|  2.4|  4.7|  5.2|                         |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_________________________|

|Գերմանիա     | -0.4|  2.2|  1.2| -6.5|  2.5|Մետաղներ, պղինձ          |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_________________________|

|     կշիռը, %| 15.0| 14.7| 17.4| 16.5| 11.4|                         |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_________________________|

|ԱՄՆ          |  0.3| -1.4|  0.1|  1.3|  2.3|Ալյումին                 |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_________________________|

|     կշիռը, %|  6.6|  4.5|  5.0|  9.6|  8.2|                         |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_________________________|

|Չինաստան     | -0.9|  0.7| -0.5|  1.5|  1.9|Պղինձ, խարամ             |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_________________________|

|     կշիռը, %|  0.1|  0.7|  0.2|  2.6|  3.1|                         |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_________________________|

|Վրաստան      |  0.8|  3.4| -0.5| -2.7| -0.3|Շշեր, գազ, սուրճ, ցեմենտ |

|_____________|_____|_____|_____|_____|_____|_________________________|

|     կշիռը, %|  5.5|  7.6|  7.7|  7.6|  5.0|                         |

._____________________________________________________________________.

 

Հարկ է նշել, որ ՀՀ արտահանման մեջ համեմատաբար մեծ կշիռ ունեցող Վրաստան արտահանման ծավալները վերջին տարիներին բացասական են նպաստում արտահանման ընդհանուր աճին, իսկ կշիռն ընդհանուր արտահանման մեջ վերջին տարիներին նվազում է: Գործընկեր երկրներից ամենաարագը վերջին տարիներին աճել է արտահանումը դեպի Բուլղարիա, որի կշիռը ընդհանուր արտահանման մեջ 2008 թվականի 5.6 տոկոսից հասել է մինչև 15.5 տոկոս 2010 թվականին և պայմանավորված է մետաղների միջազգային գների բարենպաստ զարգացումներով:

Երկրի ավելցուկային սպառողական պահանջարկը 2010 թվականին բավարարվել է հիմնականում հետևյալ գործընկեր երկրներից ներմուծման հաշվին` Չինաստան (նպաստումը` 3.6 տոկոսային կետ, հիմնականում ներմուծվում են էլեկտրոնային և էլեկտրական սարքավորումներ), Ռուսաստան (1.3, ներմուծվում է` նավթ, գազ, հացահատիկ), Իրանը (1.6, նավթամթերք), Գերմանիա (1.1, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ), Թուրքիա (1.0, սև մետաղներից ապրանքներ, պլաստմասսա), Բուլղարիա (0.8, նավթամթերք) և ՈՒկրաինա (0.8, ոչ թանկարժեք մետաղներից արտադրանք), որոնք ապահովել են 2010 թվականի ընդհանուր ներմուծման 13.9 տոկոս աճի 9.4 տոկոսային կետը:

Արդյունքում 2010 թվականին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 28.0 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ և 32.0 տոկոսը` ԵՄ երկրներին (2009 թվականին ԱՊՀ-ն` 29.3 և ԵՄ` 30.0 տոկոս): ԵՄ երկրների ՀՀ ապրանքաշրջանառության աճը ԱՊՀ երկրների համեմատ առաջանցիկ էր և նախորդ տարվա համեմատ կազմել է 27 տոկոս (ԱՊՀ երկրների աճը` 13.7 տոկոս): ՀՀ խոշոր առևտրային գործընկեր երկրների շրջանակում ընդգրկված են Չինաստանը (առևտրաշրջանառության 9.1%), Գերմանիան (7.2%), Բուլղարիան (5.6%), Իրանը (5.6%), Թուրքիան (4.4%), ԱՄՆ-ն (4.1%), ինչպես նաև ԱՊՀ երկրներից Ռուսաստանը (20.8%) և ՈՒկրաինան (5%):

2011 թվականի հունվար-ապրիլին ՀՀ ապրանքների արտահանման 28.3 տոկոս աճին հիմնականում նպաստել են Ռուսաստանը` 5.6, Նիդերլանդները` 5.6, Իրանը` 5.5, Գերմանիան` 3.7, Բուլղարիան` 3.6 տոկոսային կետերով: Նույն ժամանակահատվածում արտասահմանյան ապրանքների ներմուծման 10.9 տոկոս աճին հիմնականում նպաստել են Գերմանիան` 2.3, Ռուսաստանը` 2.1, Իսրայելը` 1.0, Իտալիան` 1.0, և ՈՒկրաինան` 0.9 տոկոսային կետերով:

Դրամական փոխանցումներ: 2006-2008 թվականներին դրամական փոխանցումների հիմնական աղբյուր հանդիսացող գործընկեր երկրների տնտեսական բարձր աճը (Ռուսաստանի միջին աճը կազմել է 7.3, ԱՄՆ` 1.6 տոկոս) նպաստեց մասնավոր տրանսֆերտների ու զինծառայողների և սեզոնային մյուս աշխատողների դրամական փոխանցումների զգալի աճի, որոնց ընդհանուր ծավալը այդ տարիներին միջին հաշվով կազմել են 1437 մլն. դոլար և կրկնապատկվել 2005 թվականի նկատմամբ` նպաստելով բնակչության տնօրինվող եկամուտների և սպառման աճի, տնտեսական ակտիվության և տնտեսական աճի հիմնական շարժիչի` շինարարության աշխուժացմանը: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով այդ երկրներում եկամուտների նվազմամբ (Ռուսաստանում 7.8, ԱՄՆ-ում` 2.6 տոկոս տնտեսական անկում) պայմանավորված 2009 թվականին զուտ մասնավոր տրանսֆերտներն ու աշխատողների դրամական փոխանցումները 30 տոկոսով կրճատվեցին: 2010 թվականին 2009 թվականի համեմատ դրամական փոխանցումների զուտ ներհոսքը աճել է ավելի քան 12.0 տոկոսով (1437 մլն. դոլար), ընդ որում, մասնավոր տրանսֆերտները տարվա ընթացքում ավելացել են 15.1, իսկ զինծառայողների և սեզոնային մյուս աշխատողների դրամական փոխանցումները` 8.3 տոկոսով:

ՀՀ ներհոսող մասնավոր տրանսֆերտների և աշխատողների դրամական փոխանցումների հիմնական աղբյուր են հանդիսանում Ռուսաստանը և ԱՄՆ: 2010 թվականին այդ երկրների կշիռը բանկային համակարգով ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների կառուցվածքում համապատասխանաբար կազմել են 82.1 և 5.2 տոկոս` վկայելով հատկապես Ռուսաստանի տնտեսության զարգացումներից Հայաստանի մեծ կախվածության մասին: 2011 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ բանկային համակարգով ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների ներհոսքը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 23.8 տոկոսով, կազմելով 357 մլն. դոլար, Ռուսաստանից փոխանցումների կշիռը կազմել է 79 տոկոս, իսկ ԱՄՆ-ից` 6.4 տոկոս:

Փոխարժեք: 2009 թվականին և 2010 թվականի տարեսկզբի ընթացքում ձևավորված ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկման միտումները 2010 թվականի երկրորդ եռամսյակից փոփոխվել են և դրսևորվել է ամսական միջին փոխարժեքների դանդաղ արժևորման միտում: 2010 թվականի ընթացքում արժեզրկման առավելագույն ցուցանիշը տեղի է ունեցել փետրվար ամսին, երբ ամսական միջին փոխարժեքը կազմել է 380.49 (2009-ին` 305.47) ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց և նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատ արժեզրկվել է 19.7 տոկոսով, իսկ դեկտեմբերի միջին փոխարժեքը կազմել է 360.5 դրամ (2009-ին` 380.47)` նախորդ տարվա համեմատ գրանցելով դրամի անվանական փոխարժեքի 5.5 տոկոս արժևորում: Ինչ վերաբերում է դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ տարեկան միջին փոխարժեքին, ապա վերջինս 2010 թվականին կազմել է 373.66 դրամ նախորդ տարվա 363.28 դրամի փոխարեն` արժեզրկվելով 2.8 տոկոսով:

2011 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքը կազմել է 368.02 դրամ, ինչը ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի միջինից 5.1 տոկոսով (2010-ին` 386.69): Նշված իրավիճակին նպաստել են նաև դեռևս նախորդ տարվա երկրորդ եռամսյակից սկսված դրամի ամրապնդման միտումը կապիտալի ներհոսքի աճը (հիմնականում տրանսֆերտների և գործոնային եկամուտների տեսքով), ինչպես նաև 2011 թվականի տարեսկզբից իրականացվող կոշտ դրամավարկային քաղաքականության հետևանքով ավելի բարձր տոկոսադրույքների հաստատման:

Կանխատեսում: Հայաստանի տնտեսության արտաքին հատվածում տեղի ունեցող դրական փոփոխությունները 2011 թվականին կշարունակվեն, ինչը հիմնականում պայմանավորված կլինի Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվությամբ, համաշխարհային տնտեսության վերականգնմամբ և կառավարության կողմից տնտեսության արտահանելի հատվածին ցուցաբերված օժանդակությամբ: 2011 թվականին ակնկալվում է ՀՆԱ-ի նկատմամբ առանց պաշտոնական տրանսֆերտների ընթացիկ հաշվի պակասուրդի 12.5 տոկոս մակարդակ, իսկ 2012-2014 թվականներին այն կկազմի միջինը 9.1 տոկոս (ներառյալ պաշտոնական տրանսֆերտները համապատասխանաբար` 11.1 և 8.9 տոկոս): Ընթացիկ հաշվի բարելավմանը էապես կնպաստի նաև կառավարության հարկաբյուջետային քաղաքականության աստիճանական խստացումը` ի դեմս պետական հատվածի պակասուրդի աստիճանական կրճատման:

 

Աղյուսակ 8. Վճարային հաշվեկշիռ (ՀՆԱ-ի նկատմամբ %)

 

._____________________________________________________________________.

|                   |2006|2007|2008 |2009 |2010 |2011 |2012 |2013|2014|

|___________________|____|____|_____|_____|_____|_____|_____|____|____|

|Ընթացիկ հաշիվ/ ՀՆԱ |-1.8|-6.4|-11.8|-15.8|-13.9|-11.1|-10.2|-8.9|-7.5|

|___________________|____|____|_____|_____|_____|_____|_____|____|____|

|Ընթացիկ հաշիվ      |-3.1|-7.4|-12.5|-16.8|-14.7|-12.5|-10.6|-9.1|-7.6|

|(առանց պաշտ.       |    |    |     |     |     |     |     |    |    |

|տրանսֆերտ)/ ՀՆԱ    |    |    |     |     |     |     |     |    |    |

|___________________|____|____|_____|_____|_____|_____|_____|____|____|

|Այդ թվում`         |-3.8|-3.6| -2.4| -3.9| -3.9| -2.4| -2.4|-2.4|-2.4|

|եկամուտներ ուղղակի |    |    |     |     |     |     |     |    |    |

|ներդրումներից/ՀՆԱ  |    |    |     |     |     |     |     |    |    |

|___________________|____|____|_____|_____|_____|_____|_____|____|____|

|ՈՒղղակի ներդրումներ| 7.0| 7.6|  7.9|  8.5|  6.1|  6.2|  6.3| 6.1| 5.8|

|/ՀՆԱ               |    |    |     |     |     |     |     |    |    |

._____________________________________________________________________.

 

Գծապատկեր 7. Ընթացիկ հաշվի պակասուրդը/ՀՆԱ %

 

_______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

Պետական հատված

 

2006-2008 թվականներին պետական բյուջեի եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ կազմել են միջինում 20.4 տոկոսը` դրսևորելով շարունակական աճի միտումներ: 2009 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 22 տոկոսը, պահպանվելով նախորդ տարվա նույն մակարդակի վրա, իսկ հարկային եկամուտները` ներառյալ պարտադիր սոցիալական ապահովության վճարները, կազմել են ՀՆԱ-ի 19.9 տոկոսը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20.3 տոկոսի դիմաց:

2010 թվականին պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 22.3 տոկոսը, նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0.3 տոկոսային կետով, իսկ հարկային եկամուտները` ներառյալ պարտադիր սոցիալական ապահովության վճարները, կազմել են ՀՆԱ-ի 20 տոկոսը, նախորդ տարվա համեմատ բարելավվելով 0.1 տոկոսային կետով: Նախորդ տարվա նկատմամբ պետական բյուջեի եկամուտների անվանական աճը կազմել է 13.1 տոկոս, իսկ հարկային եկամուտներինը` ներառյալ սոցիալական ապահովության վճարները` 11.9 տոկոս:

ՀՀ պետական բյուջեի ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը 2010 թվականի արդյունքներով նախորդ տարվա նկատմամբ դրսևորել է նվազման միտում` 2.3 տոկոսային կետի չափով և կազմել 27.3 տոկոս: ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը 2010 թվականին կազմել է ՀՆԱ-ի 5 տոկոսը, նախորդ տարվա 7.6 տոկոսի դիմաց:

2011 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների գծով արձանագրվել է 9 տոկոս, իսկ հարկային եկամուտների մասով (ներառյալ պարտադիր սոցիալական ապահովության վճարները)` 10.5 տոկոս աճ:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը 2011 թվականի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել են 5.8 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը` 8.3 տոկոսով:

2010 թվականին պետական հատվածի քաղաքականության հիմնական ուղղությունը եղել է արդյունավետ պարտքի կառավարման և պետական բյուջեի պակասուրդի աստիճանական կրճատման ապահովումը: 2009 թվականին իրականացված հնարավորինս ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականության դիմաց 2010 թվականին իրականացվել է զսպող հարկաբյուջետային քաղաքականություն:

 

Գծապատկեր 8. Հարկաբյուջետային ազդակը.13 2008-2014 թվականներին

 

_______________________________

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

13. Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունն ամբողջական պահանջարկի վրա գնահատելու համար օգտագործվել է հարկաբյուջետային ազդակի ցուցանիշը, որը բյուջեի եկամուտների ազդակի և ծախսերի ազդակի հանրագումարն է:

 

Կանխատեսում: 2011 և հետագա տարիների համար, հաշվի առնելով ընթացիկ հաշիվ/ՀՆԱ ցուցանիշի բարձր մակարդակը և պետական բյուջեի պակասուրդի աստիճանական կրճատման անհրաժեշտությունը, հարկաբյուջետային քաղաքականությունը նպատակաուղղված կլինի ամբողջական պահանջարկի վրա ազդեցության տեսանկյունից չեզոքության ապահովմանը, որի պայմաններում տնտեսությանը հնարավորություն կտրվի սահուն վերադառնալ հավասարակշռված մակարդակի: Միջնաժամկետ հատվածում վերոհիշյալ նպատակադրումների ապահովման նպատակով 2011 թվականի համար նախատեսվում է ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների (ներառյալ պարտադիր սոցիալական ապահովության վճարները) 20 տոկոս և պետական բյուջեի պակասուրդի 3.8 տոկոս ցուցանիշների ապահովում: Իսկ 2012-2014 թվականներն ընդգրկող հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումները հիմնված են հետևյալ սկզբունքների վրա` ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների (ներառյալ պարտադիր սոցիալական ապահովության վճարները) տարեկան բարելավում 0.4 տոկոսային կետով` ժամանակահատվածի վերջում ապահովելով 21.3 տոկոս մակարդակ և 2013-2014 թվականներին պետական բյուջեի պակասուդի մակարդակի կայունացում 2.4 տոկոսի սահմաններում:

 

2.2 ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՌԻՍԿԵՐ

 

Ենթադրությունները, որոնք ընկած են տնտեսական կանխատեսումների հիմքում

. Հայաստանը, համարվելով փոքր և բաց տնտեսություն ունեցող երկիր, շատ արագ արձագանքեց համաշխարհային տնտեսական զարգացումներին: Դրանով էլ պայմանավորված ենթադրվում է, որ համաշխարհային տնտեսական զարգացումներին համապատասխան (ԱՄՀ-ի Համաշխարհային Տնտեսական Հեռանկարներ պարբերականով Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում` Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա, միջնաժամկետ հատվածում գրանցվելու է տնտեսությունների հետագա զարգացում) 2011 թվականին կշարունակվի տնտեսության գլոբալ աճը, և տնտեսական զարգացումները կպահպանվեն միջնաժամկետ հատվածում:

. Գործընկեր երկրներում տնտեսական աճի տեմպերի աստիճանական վերականգնումը, հետևաբար և եկամուտների աճը, կուղեկցվի դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների վերականգնմամբ, որն էլ մեր տնտեսությունում կբարձրացնի հասարակության գնողունակությունը և կընդլայնի պահանջարկը: Մյուս կողմից ակնկալվում է տրանսֆերտների աճի տեմպի որոշակի նվազում` հիմնականում պայմանավորված ընդունող երկրներում (հիմնականում` Ռուսաստան) սեզոնային աշխատանքների պայմանների խստացմամբ և զարգացած երկրներում տնտեսական աճի տեմպերի դեպի նվազում վերանայմամբ (հիմնականում` ԱՄՆ):

. Համաշխարհային շուկաներում ակնկալվում է, որ հումքային ապրանքների գները կշարունակեն ունենալ աճի միտումներ:

. Ներքին տնտեսությունում, կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ներքո տնտեսություն ներարկված մեծածավալ միջոցները և տնտեսական դաշտում տնտեսվարող սուբյեկտների գործունեության հեշտացմանն ու պարզեցմանն ուղղված բազմաթիվ հետճգնաժամային միջոցառումները լագավորված (որոշ ժամանակ հետո) դրական ազդեցություն կունենան տնտեսական դաշտի աշխուժացման վրա: Ակնկալվում է, որ 2012-2014 թվականներին տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժ են լինելու արդյունաբերությունը և ծառայությունների ոլորտը:

. Արտաքին միջավայրով, մասնավորապես` Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական ակտիվության տեմպերով և ներքին պահանջարկի ցածր մակարդակով պայմանավորված արտահանումը կլինի առաջանցիկ ներմուծման նկատմամբ, որով էլ կպայմանավորվի 2012-2014 թվականների արտաքին առևտրի զարգացումները` բարելավելով ընթացիկ հաշիվ/ՀՆԱ ցուցանիշը:

. Հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է լինելու առանց հարկային բեռի բարձրացման հարկային մուտքերի ավելացմանը (վարչարարության հաշվին), իսկ ծախսային մասով` նախորդ տարիների ծախսային գերակայությունների պահպանմանը:

 

Կանխատեսումներում առկա ռիսկերը

Կանխատեսման առկա ռիսկերը պայմանավորվում են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին տնտեսական գործոններով, որոնք կարող են ուղղված լինել ինչպես տնտեսական աճի բարձրացմանը, այնպես էլ` անկմանը:

Միաժամանակ, Հայաստանը լինելով փոքր և բաց տնտեսություն, արագ է արձագանքում գործընկեր երկրների տնտեսական զարգացումներին: Այդ կապակցությամբ հիմնական կանխատեսումների ռիսկերը մեծապես պայմանավորված կլինեն համաշխարհային տնտեսության մակրոտնտեսական փոփոխություններով:

 

ՀՆԱ-ի աճի ուղղությամբ նպաստող ռիսկեր.

 

Արտաքին միջավայր

. Եթե համաշխարհային տնտեսության վերականգնումը լինի ավելի արագ, քան կանխատեսումներում դրված ենթադրություններն են, ապա կանխատեսված աճը կլինի ավելի բարձր: Այս իրավիճակի դրսևորումն ավելի հավանական կլինի, եթե Ռուսաստանի տնտեսությունը վերականգնվի ավելի արագ տեմպերով, քան ակնկալվում է:

. Միջազգային գների` ակնկալվածից ավելի արագ աճի դրսևորման պարագայում այն մեր երկրի ՀՆԱ-ի աճի` կանխատեսվածից ավելի բարձր ցուցանիշի գրանցմանը կնպաստի հիմնականում հետևյալ երկու ճանապարհներով. ուղղակի` հումքի արտահանմամբ պայմանավորված արտադրության ծավալների աճի միջոցով (մետաղների գների աճի դեպքում) և անուղղակի` Ռուսաստանից ստացվելիք մասնավոր տրանսֆերտների աճի միջոցով (վառելիքի գների աճի դեպքում):

 

Ներքին միջավայր.

.Կանխատեսումների սցենարում ենթադրություն է դրված, որ կառավարությունը իրականացնելու է տնտեսական բարեփոխումներ` հատկապես գործարար միջավայրի և հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ, սակայն եթե կառավարության բարեփոխումների ազդեցությունը լինի ավելի արագ, քան ակնկալվում է, ապա տնտեսական աճի մակարդակը կլինի կանխատեսվածից ավելի բարձր:

 

ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նվազեցնող ռիսկեր

 

Արտաքին միջավայր

. Եթե իրականանա առաջարկի գործոններով պայմանավորված նավթի միջազգային գների աճի նախանշված միտումը.14 և արդարացվի դրա հետ կապված միջազգային կառույցների գլոբալ տնտեսական աճի նվազման ուղղությամբ կանխատեսումների հնարավոր սցենարի զարգացման անհանգստությունը, ապա գլոբալ պահանջարկի աճը կլինի ավելի դանդաղ, քան ակնկալվում է, որն էլ իր բացասական ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսական աճի վրա:

 

__________________________

14. ԱՄՀ-ի գնահատականներով հնարավոր է, որ նավթի միջազգային շուկան մուտք է գործել բարձր դեֆիցիտի փուլ:

 

. Եթե Եվրոպական որոշ երկրներում ցածր տնտեսական աճի, բյուջետային դժվարությունների և ֆինանսական ճնշումների հետ կապված խնդիրները խորանան, այն կարող է հանգեցնել ֆինանսական անկայունության եվրոպական շուկաներում, ինչը կարող է նորից վարակի էֆեկտով անդրադառնալ այլ տարածաշրջանների շուկաների վրա, որն էլ իր բացասական ազդեցությունը կունենա Հայաստանի արտաքին պահանջարկի վրա:

. Միջազգային կառույցներում տնտեսագետներին անհանգստացնում են նաև համաշխարհային տնտեսության առկա խնդիրները` կապված գործազրկության բարձր մակարդակի հետ: Միջնաժամկետում, եթե գործազրկության բարձր մակարդակի հետագա նվազեցում տեղի չունենա, կապված վերոնշյալ ռիսկերի դրսևորման հետ, ապա վերականգնման համար անհրաժեշտ տնտեսական աճի տեմպի պակասը բացասաբար կանդրադառնա գլոբալ տնտեսության հետագա աշխուժացման վրա: Արդյունքում, գլոբալ պահանջարկի աճը կլինի ավելի դանդաղ, քան ակնկալվում է, որն էլ իր բացասական ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսական աճի վրա:

. Արտաքին ցնցումներով պայմանավորված պարենային և ոչ պարենային ապրանքների բարձր գնային միջավայրի պահպանումը կարող է խոչընդոտել տեղական արտադրության աճին` արտադրության բարձր ծախսերի առաջացման պատճառով: Բացի դրանից, բարձր գնաճային միջավայրը կարող է էականորեն կլանել սպառմանն ուղղված մասնավոր հատվածի դրամական եկամուտները, կրճատելով ներդրումային ծախսերը, ինչը բազմարկիչի արդյունք կունենա հետագա տնտեսական աճի դանդաղեցման ուղղությամբ:

 

Ներքին միջավայր.

. Կանխատեսումների սցենարում ենթադրություն է դրված, որ կառավարության կողմից գյուղատնտեսության օժանդակությանն ուղղված միջոցառումները դրական ազդեցություն են ունենալու 2011 թվականի գյուղատնտեսության վերականգնման վրա, սակայն եթե բնակլիմայական անբարենպաստ պայմանների դրսևորումները շարունակական լինեն, ինչը կդանդաղեցնի կառավարության բարեփոխումները.15, քան ակնկալվում է, ապա տնտեսական աճի մակարդակը կլինի կանխատեսվածից ավելի ցածր:

 

_____________________________

15. Սա հիմնականում աշխատում է այն տրամաբանությամբ, որ անբարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունքում սոցիալական և տնտեսական բացասական հետևանքները վերացնելու համար, կառավարությունը պարտադրված է լինելու ռեսուրսների սահմանափակվածության պայմաններում այլ ծրագրից միջոցները վերաուղղել վերոնշյալ խնդիրների լուծմանը, ինչի արդյունքում կարտամղվեն բարեփոխումների ծրագրերի համար հատկացված միջոցները:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2011
N 955-Ն
Որոշում