Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (11 ...

 

 

040.0955.180711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2011 թվականի N 955-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(11-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ

(11-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 10. ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ

 

10.1. ՄՇԱԿՈՒՅԹ

 

10.1.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10.1.1.1. Ոլորտի ընդհանուր նկարագիրը

 

Մշակույթի ոլորտում ընդգրկված պետական կառավարման մարմինները և կազմակերպությունները ՀՀ կառավարության վարած մշակութային քաղաքականությանը համապատասխան` իրականացնում են մշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, արվեստի ստեղծագործությունների ստեղծման և տարածման, մշակութային միջոցառումների իրականացման, ստեղծագործական ներուժի վերարտադրման պայմանների ապահովման և այլ ծառայություններ:

ՀՀ կառավարության մշակութային քաղաքականությունը մշակվում է ոլորտի պետական լիազոր (գլխադասային) մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության կողմից և իրականացվում է 74 պետական ոչ առևտրային կազմակերպությունների, 7 գերատեսչությունների, 10 մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կողմից և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: 2012-2014 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով կիրականացվի 29 մշակութային ծրագիր:

 

Պետական մշակութային քաղաքականության ուղղություններն են`

. մշակութային ժառանգության պահպանություն

- մշակութային շարժական ժառանգության հաշվառման, գիտական ուսումնասիրության, համալրման, հանրահռչակման, թանգարանների ցուցադրությունների և պահպանության պայմանները ժամանակակից տեխնիկական պահանջներին համապատասխանեցման գործառույթներն իրականացվում են 66 թանգարանների (9-ը` մարզպետարանների, 15 համայնքային, 11-ը այլ կազմակերպությունների ենթակայության), 16 գրադարանների (այդ թվում` 10-ը` մարզային), Հայաստանի ազգային արխիվի միջոցով.

- մշակութային անշարժ ժառանգության պահպանության, ուսումնասիրության, հաշվառման, վերականգնման, հանրահռչակման գործառույթներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության, նախարարության ենթակայությամբ գործող 2 ՊՈԱԿ-երի, 1 ՓԲԸ-ի, 1 Հ/Կ-ի և 4 ՍՊԸ-երի միջոցով.

. ժամանակակից արվեստի զարգացում և տարածում

ժամանակակից արվեստի զարգացման, մշակութային արտադրանքի ու մրցակցային դաշտի ձևավորման, մշակութային ազգային նկարագրով անհատների և երևույթների արժևորման, միջազգային ասպարեզում ներկայացման գործառույթներն իրականացվում են 40 թատերահամերգային կազմակերպությունների (12-ը` մարզային), ինչպես նաև այլ մշակութային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով.

. մշակույթի համաչափ զարգացում

միջմարզային համագործակցության զարգացման, մշակույթի ապակենտրոնացման քաղաքականության շարունակականության ապահովման, մարզերում մշակութային կյանքի աշխուժացման, միջմարզային կապերի ամրապնդման, մշակութային գործունեության իրականացման ապահովման գործառույթներն իրականացվում են նախարարության համակարգի 66 ՊՈԱԿ-երի, ինչպես նաև այլ մշակութային ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների միջոցով.

. միջազգային համագործակցության ընդլայնում

արտերկրի հետ մշակութային երկխոսության և բազմակողմանի հարաբերությունների ընդլայնման ու խորացման միջոցով մշակութային ժառանգության պահպանության և ժամանակակից արվեստի մատչելիության ապահովման, արտերկրում հայ մշակույթի հանրահռչակման գործառույթներն իրականացվում են Հայաստանում հավատարմագրված` Հայաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող 40 դեսպանությունների, արտերկրում գործող ՀՀ 32 դեսպանությունների և 5 գլխավոր հյուպատոսությունների, 9 միջազգային կառույցների և 12 միջազգային կազմակերպությունների միջոցով.

. ազգային փոքրամասնությունների մշակույթի զարգացում

ազգային փոքրամասնությունների համայնքների ինքնադրսևորման և ժամանակակից գործընթացների ներգրավվածության ապահովման գործառույթներն իրականացվում են 11 ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների միջոցով:

Ոլորտը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հետևյալ օրենքներով` «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին», «Արխիվային գործի մասին», «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին»:

 

10.1.1.2. Ոլորտի վերջին տարիների զարգացման միտումները

 

Մշակութային շարժական ժառանգություն

Թանգարանների ոլորտում պետության հիմնական գործառույթներն են` առկա մշակութային արժեքների և հավաքածուների հաշվառումը, գիտական ուսումնասիրությունը, համալրումը, պահպանությունը և պաշտպանությունը:

2010 թ.-ին նախարարության համակարգի 24 թանգարաններում իրականացվել է 900.000 միավոր թանգարանային արժեքների վերահաշվառում:

Թանգարանային գործունեության կարևորագույն ուղղություններից է թանգարանային ֆոնդերի գիտական ուսումնասիրությունները, որոնց արդյունքում իրականացվում է նոր ցուցադրությունների կազմակերպումը և եղած ցուցահանդեսների ընդլայնումը: Թանգարանների կողմից կազմակերպվող ցուցադրությունների և ցուցահանդեսների միջոցով 2010 թ. հանրությանը ներկայացվել է 52882 ցուցանմուշ` 2009 թվականի 50794-ի և 2008 թվականի 48067-ի համեմատ: Միևնույն ժամանակ, գիտական ուսումնասիրությունները հրատարակվել են բուկլետներով, կատալոգներով` 2010 թ. հրատարակվել է 49 բուկլետ, 30 ալբոմ, 73 հոդված:

Մշակութային ժառանգության պահպանության կարևոր երաշխիքներից է մշակութային արժեքների ձեռքբերմամբ թանգարանային ֆոնդերի համալրումը, ինչն իրականացվում է տարբեր եղանակներով` գնման, նվիրատվության, ինչպես նաև հնագիտական պեղումներից ձեռքբերված գտածոների թանգարաններին հանձնման միջոցով: 2009-2010 թթ. ՀՀ մշակույթի նախարարության համակարգի թանգարանները համալրվել են համապատասխանաբար` 9347 և 34797 թանգարանային առարկաներով: Ձեռք բերված մշակութային արժեքները ենթարկվում են փորձաքննության, գիտական նկարագրության և մեկնաբանման:

Ժամանակակից մշակութային կյանքում նոր մոտեցում է ոչ թանգարանային տարածքներում թանգարանային ցուցադրության կազմակերպումը: 2009 թ. նորություն էր Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում բացված թանգարանի ցուցադրությունը, ինչի արդյունքում թատրոնի արխիվային նյութերը ամբողջապես դարձան շրջանառվող:

Մշակութային ժառանգության պահպանման և սերունդներին փոխանցման նպատակով ոլորտում նոր մոտեցում է նաև պետական մարմինների և մասնավոր հատվածի համագործակցությունը: 2008 թ. սկսվեց համագործակցությունը «Սիլվա Կապուտիկյան», 2010 թ.` «Կալենց» հիմնադրամների հետ, ինչը ենթադրում է մշակութային ժառանգության պահպանման գործում մասնավոր հատվածի և պետության կողմից համալիր միջոցների միասնական ներդրում` հուշ-թանգարանների ստեղծմամբ:

Մշակութային արժեքների պահպանությանը և հանրությանը ներկայացնելուն մեծապես նպաստում է թանգարանների շենքային պայմանների և ցուցադրությունների արդիականացումը: 2008-2009 թթ. հիմնանորոգված թանգարաններում 2009 թ. բացվել են նոր ցուցադրություններ` Ռուսական արվեստի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու), Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մինաս Ավետիսյանի (Ջաջուռ) թանգարաններում, Ա. Խաչատրյանի, Պ. Պռոշյանի, Խ. Աբովյանի, Ավ. Իսահակյանի, իսկ 2010 թ. Խ. Աբովյանի և Օրբելի եղբայրների տուն-թանգարաններում:

2009-2010 թթ. շարունակվել են թանգարանային առարկաների վերականգնման և ամրակայման աշխատանքները, որոնց քանակը 2009 թվականի (4331) համեմատությամբ 2010 թ. (5605) ավելացել է 1274-ով:

Թանգարաններում ցուցադրության ընդլայնման հնարավորություն է տալիս տեղեկատվական սենսորային կրպակը, որը լրացուցիչ տեղեկատվություն է տրամադրում այցելուներին թանգարանի ֆոնդերում պահվող և չցուցադրվող մշակութային ժառանգության վերաբերյալ: Վերիրական ցուցադրության կազմակերպման առաջին փորձը իրականացվել է Հայաստանի պատմության թանգարանում: Այստեղ 2009 թ. տեղադրվել է տեղեկատվական սենսորային 2 կրպակ, որոնց միջոցով հանրությանը ներկայացվեց շուրջ 4200 հնագիտական ցուցանմուշներ: 2010 թ. ձեռք է բերվել ևս 5 սենսորային կրպակ:

Թանգարաններում պահվող ժառանգությունը հասանելի է դառնում հանրությանը ոչ միայն ցուցահանդեսների, այլև ժամանակակից տեխնիկական միջոցներով, որոնցից ամենաարդյունավետը թանգարանների կայքերն են: Նախարարության բոլոր թանգարանները 2010 թ. ընթացքում ստեղծել են իրենց համացանցային կայք էջերը կամ լրամշակել ունեցածները:

Թանգարանների գործունեության զարգացման կարևոր ցուցանիշներից է այցելուների թվաքանակը, որը տարեցտարի ավելանում է` 2010թ. այցելուների թվաքանակը կազմել է 399427, որը 25943-ով ավելի է 2009 թվականի ցուցանիշից: Այցելուների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել արդեն ավանդական դարձած «Թանգարանների գիշեր» միջոցառումը, որին մասնակցում են հանրապետության թանգարանների մեծ մասը. 2010 թ. մասնակցել է 34 թանգարան, 29824 այցելու, 2009 թ.` 33 թանգարանի և 24335 այցելուի համեմատ:

Մշակութային ժառանգության հանրահռչակմանն են նպատակաուղղված եղել արտերկրում կազմակերպված 2009 թ. 2 ցուցահանդեսներ` Իտալիայում ու Հունաստանում և 2010 թ. 6 խոշոր ցուցահանդեսներ` Սլովենիայում, ՌԴ-ում, Լիբանանում, Սիրիայում, Հոլանդիայում:

Վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում թանգարանային առարկաների պահպանությանը, ինչի համար 2010 թ. ահազանգման և հակահրդեհային համակարգերի տեղադրման համար ֆինանսական միջոցներ են ուղղվել Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերում` Ա. Սարգսյանի ու Հ. Կոջոյանի և Մ. Աբեղյանի տուն-թանգարաններին, ջեռուցման համակարգերի տեղադրման համար` Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանին, Մ. Սարյանի տուն-թանգարանին, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերում` Ա. Սարգսյանի ու Հ. Կոջոյանի և Մ. Աբեղյանի տուն-թանգարաններին:

Թանգարանների մասնագետները ակտիվորեն մասնակցում են միջազգային դասընթաց-վարժանքներին: ՀՀ կառավարության կողմից հաստատված «Մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման համալիր ծրագրի» շրջանակներում 2010 թ. վերապատրաստվել են 50 ֆոնդապահներ, 25 էքսկուրսավարներ, համաժողովների և միջազգային խորհրդակցությունների մասնակցել են շուրջ 25 թանգարանային աշխատողներ:

Թանգարանային ոլորտին 2009-2010 թթ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է համապատասխանաբար` 1493.3 և 1575.8 մլն դրամ, 2011 թ. նախատեսվում է հատկացնել 1923.3 մլն դրամ, որից թանգարանների վերանորոգման համար` 278.8 մլն դրամ:

Գրադարանների ոլորտում հիմնական գործառույթներն են` գրադարանային հավաքածուների պահպանության, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման գործընթացի` մշակութային ժառանգության թվայնշանացումը, տեղեկատվական շտեմարանների և միացյալ ավտոմատացված համակարգերի շարունակական զարգացումը, համալրման անընդհատության ու օգտագործման մատչելիության ապահովումը, տպագիր նյութերի, ազգային անձեռնմխելի ֆոնդերի վերաբերյալ մատենագիտության, կենսամատենագիտության, վիճակագրական տվյալների, տեղեկատվական ցանկերի կազմումն ու հրապարակումը:

Գրադարանային գործի զարգացումն ապահովելու նպատակով ՀՀ գրադարանների շենքերի հիմնանորոգման համալիր ծրագրի շրջանակներում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 2009 թ. Սյունիքի մարզային գրադարանում, 2010 թ.` Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: 2011 թ. կշարունակվեն Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում ընթացող աշխատանքները, ինչպես նաև կիրականացվեն հիմնանորոգման աշխատանքներ ևս 6 մարզային գրադարաններում:

Վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում գրադարանային առարկաների պահպանությանը, ինչի համար 2010թ. հակահրդեհային և ազդանշանային համակարգերի տեղադրման համար ֆինանսական միջոցներ են ուղղվել Վ. Պետրոսյանի անվ. Արագածոտնի, Օ. Չուբարյանի անվ. Արարատի, Տավուշի և Լոռու մարզային գրադարաններին, իսկ 2011 թ. Երաժշտագիտական և ևս 6 մարզային գրադարաններին:

Մշակութային նշանակության գրքերի պահպանվածության ապահովման ուղղությամբ` 2009 թ. Հայաստանի ազգային գրադարանի կողմից շարունակվել են գրադարանային հավաքածուների կազմում ընդգրկված հնատիպ գրքերի հավաքածուից 77 և մշակութային նշանակության հավաքածուից 59 գրքերի վերականգնումը, ինչպես նաև 21600 միավորի ախտահանումն ու մանրէազերծումը: Կազմակերպվել են նաև գրադարանային հավաքածուից մշակութային նշանակության պարբերական մամուլի 2120 թերթ միավորի նորոգման գործընթացները: 2010 թ. վերականգնվել է 80 միավոր, 2011 թ. նախատեսվում է իրականացնել հնատիպ գրքերի հավաքածուից 5 գրքի և մշակութային նշանակության հավաքածուից 70 գրքի կազմի և էջերի վերականգնում, մամուլի կազմում, երկարակեցության ապահովում:

Զարգացման միտում է արձանագրվել պետական համակարգի գրադարաններում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

2010 թ. ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարանների էլեկտրոնային սպասարկումների թիվը կազմել է 181043 միավոր, որը 2009 թվականի համեմատությամբ աճել է 10305-ով (6%-ով): Ցուցանիշների աճը պայմանավորված է հանրության կողմից էլեկտրոնային տեղեկատվության ստացման հետաքրքրության բարձրացմամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»-ի կողմից «Ազգային գիտատեխնիկական տեղեկատվական ցանց» վեբ պորտալից 2007-2008 թթ. օգտվող կազմակերպությունների համար կատարվել է 12500 փաստաթղթի էլեկտրոնային առաքում, իսկ 2009-2010 թթ.` 16089 առաքում, ցուցանիշը աճել է 3589-ով (28.7%):

ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական գիտաբժշկական գրադարանի կողմից մատուցած էլեկտրոնային սպասարկումների թիվը 2010 թ. կազմել է 70829 միավոր, ինչը 2009 թվականի համեմատությամբ աճել է 15399-ով (27.8%):

ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանը 2010 թ. իրականացրել է էլեկտրոնային փաստաթղթերի` գիտական հոդվածների մոտ 350 սպասարկում, որը 2009 թ. համեմատությամբ աճել է 26-ով (0.8%):

Գրադարանային հավաքածուների համալրման ցուցանիշներում արձանագրվել է թվաքանակի աճ, ինչը պայմանավորված է գրադարաններին նվիրաբերված գրականությամբ:

ՀՀ մշակույթի նախարարության համակարգի գրադարանների գրադարանային հավաքածուների թիվը 2010 թ. կազմել է 8674822 միավոր, ինչը 2009 թ. համեմատ աճել է 61325-ով, սպասարկված միավորների թիվը 2010 թ. կազմել է 3659387, ինչը 2009 թ. համեմատ աճել է 216765-ով, ընթերցողների թիվը 2010 թ. կազմել է 109872, ինչը 2009 թ. համեմատ աճել է 2863-ով:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանում սպասարկված միավորների թիվը 2010 թ. կազմել է 760000, ինչը 2009 թ. համեմատ աճել է 10000-ով, իսկ ընթերցողների թիվը 2010 թ. կազմել է 18810, ինչը 2009 թ. համեմատ աճել է 850-ով:

ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական գիտաբժշկական գրադարանում` սպասարկված միավորների թիվը 2010թ. կազմել է 90011, ինչը 2009 թ. համեմատ աճել է 4361-ով, իսկ ընթերցողների թիվը 2010 թ. կազմել է 6003, ինչը 2009 թ. համեմատ աճել է 293-ով:

ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական գիտաբժշկական գրադարանի կողմից 2010 թ. ձեռք է բերվել` 419 միավոր նյութական կրիչ, ինչը 2009 թ. համեմատ նվազել է 51-ով, ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանի կողմից 2010թ. ձեռք է բերվել` 11162 միավոր, որը 2009թ. համեմատ աճել է 3193-ով, ՀՀ էկոնոմիկայի նախարարության հանրապետական գիտատեխնիկական գրադարանի կողմից 2010թ. ձեռք է բերվել 548 միավոր, որը 2009թ. համեմատությամբ նվազել է 375-ով (ցուցանիշների նվազումը պայմանավորված է տպագիր արտադրանքի գների բարձրացմամբ):

Վերջին տարիներին զարգացման միտում է արձանագրվել գրադարանային հավաքածուների ավտոմատացման գործընթացում: Հայաստանի ազգային գրապալատի կողմից համահավաք տվյալների շտեմարան մուտքագրված միավորների թիվը կազմում է 3.000.000 (778700 անուն), որից 2010թ.` 91521 անուն, ինչը 8696-ով ավելի է 2009թ. ցուցանիշից: 2011թ. նախատեսվում է մուտքագրել 98500 անուն:

2008-2009թթ. իրականացվեցին «Գրանշան» տառատեսակների երկու միջազգային մրցույթներ, որոնց մասնակցել են մոտ 50 տառաստեղծներ Հայաստանից և արտերկրից: Վերոնշյալ մրցույթներում մրցանակ ստացած աշխատանքները 2009թ. ցուցադրվեցին Սանկտ Պետերբուրգում կայացած ATypi-ի (Տառաստեղծների համաշխարհային ասոցիացիա) տարեկան համաժողովի շրջանակներում կազմակերպված տառարվեստի միջազգային ցուցահանդեսում: Մշակվել և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2009 թ. հուլիսի 6-ի N 652-Ա հրամանով հաստատվել է ՀՍՏ 311-2009 «Հայկական համակարգչային տառատեսակների» ՀՍՏ 311-2009 ստանդարտը: Ստանդարտի ընդունումը նպաստել է Յունիկոդ (Unicode) կոդավորման համակարգին համապատասխան համակարգչային տառատեսակների անհրաժեշտ լրակազմի, կիրառման ոլորտների, հեղինակային իրավունքների հետ կապված խնդիրների կանոնակարգմանը, ինչպես նաև գրահրատարակչության և պետական պաշտոնական պարտադիր կիրառման ոլորտներում համակարգչային տառատեսակների վերաբերյալ ազգային ստանդարտների հետագա մշակմանը և կիրառմանը: 2009-2010թթ. Հայաստանի ազգային գրապալատի կողմից մշակվեցին 3 նոր հայկական համակարգչային տառատեսակների լրակազմեր:

Գրադարանային ոլորտին 2009-2010թթ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է համապատասխանաբար` 1321.6 և 1413.3 մլն դրամ, 2011թ. նախատեսվում է հատկացնել 1440.2 մլն դրամ, որից գրադարանների հիմնանորոգման նպատակով 274.1 մլն դրամ:

Արխիվային գործի ոլորտի բոլոր ծառայությունների մատուցումն իրականացվում է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից, որն ուղղված է արխիվային փաստաթղթերի պահպանության ապահովմանը, համալրմանը, օգտագործմանը և տեղեկատու-որոնողական ինքնաշխատ համակարգի ստեղծմանը:

2008թ. ձեռք բերվեց և շահագործման հանձնվեց կինոփաստաթղթերի թվայնացման սարքավորում, որով 2009-2010թթ. թվայնացվեց շուրջ 400 փաստավավերագրական ֆիլմ (2000 պահպանման միավոր): Աճեցին ՀՀ ազգային հավաքածուի թվայնացմանը նպատակաուղղված ծախսերը` ապահովելով մինչ վերջին տարիները հանրության օգտագործման համար խիստ սահմանափակ համարվող արխիվային փաստաթղթերի մատչելիությունը: 2010թ. վերականգնվել-վերանորոգվել է 323.2 հազար թերթ փաստաթուղթ, կարվել-կազմապատվել մոտ 30.5 հազար գործ, արկղավորվել` 140.2 հազար գործ: Արխիվը համալրվել է 41.7 հազար գործավարական և 32.1 հազար անձնակազմի վերաբերյալ գործերով: 2010 թվականի ընթացքում արխիվ է դիմել 25186 ֆիզիկական և իրավաբանական անձ, արխիվի ընթերցասրահներում աշխատել է 418 հետազոտող, պատրաստվել է 42 ռադիոհեռուստատեսային հաղորդում և փաստաթղթերի 7 ցուցադրություն: Տեղեկատու որոնողական համակարգի ստեղծման նպատակով էլեկտրոնային շտեմարան է մուտքագրվել ավելի քան 65.5 հազար արխիվային տեղեկություն:

2009թ. ընթացքում կազմակերպության գլխավոր մասնաշենքին կից առաջին և երկրորդ արխիվապահոցային մասնաշենքերում անցկացվել է ժամանակակից օդափոխության, օդորակման, ջեռուցման և սառնամատակարարման համակարգ: Ընթացիկ նորոգման աշխատանքներ են իրականացվել արխիվի N 2 մասնաշենքում, կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղում: Առկա օգտագործվող շինություններից որպես արխիվապահոց է վերակառուցվել նաև նախկին տնտեսական մասնաշենքը: Նշված տարածքների վերակառուցման արդյունքում կահավորվել է 550 քմ ընդհանուր տարածքով արխիվապահոցներ, որտեղ հնարավոր է պահպանել 430 հազար գործ (1քմ 780 պահպանման միավոր հաշվարկով), որը հնարավորություն կտա լուծել արխիվի համալրման խնդիրները, առաջիկա 10-15 տարիների ընթացքում:

Արխիվային հավաքածուների պահպանության համար պետական բյուջեից 2009-2010թթ. հատկացվել է համապատասխանաբար 308.1 և 333.1 մլն դրամ, 2011թ. նախատեսվում է հատկացնել 380.9 մլն դրամ:

 

Պատմության և մշակույթի անշարժ ժառանգություն

Հուշարձանների պահպանության բնագավառում իրականացվող գործընթացները նպատակաուղղվում են պատմամշակութային հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, վերականգնման և օգտագործման գործում առկա հիմնախնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանը:

Հանրապետության տարածքում ներկայումս հաշվառված են ավելի քան 24250 հուշարձան` խմբավորված մոտ 7327 տարածքային պահպանական միավորներում: Դրանցից 1809-ը հնագույն, հին և միջնադարյան բնակատեղիներ, ամրոցներ ու ամրապաշտպանական կառույցներ են, 2339-ը` վանական համալիրներ, եկեղեցիներ և մատուռներ: Կան հարյուրավոր դամբարանադաշտեր, պատմական գերեզմանոցներ, տարաբնույթ աշխարհիկ կառույցներ, հուշային և մոնումենտալ արվեստի նմուշներ:

Շարունակվում է ուսումնասիրման արդյունքում նորահայտ հուշարձանների հայտնաբերման և սահմանված կարգով դրանք հուշարձանների ցանկում ընդգրկման գործընթացը` 2010թ. կազմվել է 534 պատմամշակութային նորահայտ օբյեկտի անվանացանկ:

2009-2010թթ. պեղումներ իրականացվեցին հրատապ ուսումնասիրման կարիք ունեցող 5 և 7 հուշարձաններում, ըստ որում 2009թ. պեղված հուշարձաններից 2-ում, իսկ 2010թ.` 3-ում կատարված աշխատանքներն արդեն իրականացվեցին որպես վերականգնման համար պարտադիր նախնական փուլ:

Ելնելով վերականգնման կարիք ունեցող հուշարձանների մեծ քանակից` առաջնահերթ վերականգնվող հուշարձանների ճիշտ ընտրության համար 2009թ. մեկնարկեց առավել վտանգված հուշարձանների տեխնիկական վիճակի դիտանցման ծրագիրը, որի արդյունքում կազմվեց 26 հուշարձանի ամբողջական փաթեթ, 2010թ.` ևս 26:

2010թ. որպես նոր նախաձեռնություն մեկնարկել է «Աջակցություն հայկական պատմամշակութային հուշարձանների վավերագրմանը» ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության պատվերով իրականացվել են նաև արտերկրում գտնվող հայկական ծագում ունեցող հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, վավերագրման, վկայագրման աշխատանքները. հաշվառվել, ուսումնասիրվել, վավերագրվել ու վկայագրվել է թվով 450 հուշարձան, որոնք ներկայացված են 2010 թ. ընթացքում տպագրված 9 պրակներում:

Մեծ ծավալի աշխատանքներ են տարվել և այժմ էլ շարունակվում են հուշարձանների պահպանական գոտիների կազմման ուղղությամբ` նոր ձևաչափով կազմվել և թողարկվել են ավելի քան 2462 պահպանական գոտու նախագծեր, որոնցից սահմանված կարգով հաստատվել է 1387-ը:

Հուշարձանների վերականգնման ծրագրով 2008թ. իրականացվել են 12 նախագծային և 15 վերականգնման (որից 3-ը` ավարտական) աշխատանքներ, 2009թ.` համապատասխանաբար` 2 նախագծային և 13 վերականգնման (որից 1-ը` ավարտական): 2010թ. համապատասխանաբար` 5 նախագծային և 11 վերականգնման (որից 4-ը` ավարտական): Նախորդ տարիների համեմատ ընդլայնվել է վերականգնվող հուշարձանների աշխարհագրությունը, վերականգնողական աշխատանքներում գերիշխող է դարձել մարզային համաչափության սկզբունքը (9 մարզ) և ավելացել աշխարհիկ կառույցների (7 հուշարձան) ընդգրկվածությունը:

Այս բնագավառում 2009թ. կարևոր իրադարձություն էր իտալացի մասնագետների օժանդակությամբ Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի տեղափոխումը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մինաս Ավետիսյանի թանգարան (Ջաջուռ) և դրա վերականգնումը: 2010թ. Գյումրի քաղաքից ՀՀ կառավարության շենք տեղափոխվեցին և վերականգնվեցին նաև Մինաս Ավետիսյանի «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարները: Կարևորելով հուշարձանների այս տեսակի պահպանության և վերականգնման առանձնահատկությունները 2010թ. սկսվել և 2011թ. իրականացվում է նաև «Թել են մանում» և «Երկանք» որմնանկարների տեղափոխման աշխատանքները

2009թ. ՀՀ կառավարության կողմից ընդունված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրի վարման կարգ»-ի համաձայն ներկայումս շարունակվում է հայկական հուշարձանների համահավաք տեղեկատվական շտեմարանում ներառված 24250 գիտական քարտերի տվյալների համալրման աշխատանքները:

Հուշարձանների պահպանության ոլորտին 2009-2010թթ. հատկացվել է համապատասխանաբար` 399.9 և 335.1 մլն դրամ, այդ թվում` հուշարձանների վերականգնման համար` 331.1, 206.2 մլն դրամ, 2011թ. նախատեսվում է հատկացնել 351.2 մլն դրամ, այդ թվում` հուշարձանների վերականգնման համար` 215.0 մլն դրամ:

Ոչ նյութական մշակութային ժառանգություն

Ոչ նյութական (հոգևոր) մշակութային ժառանգության պահպանությունը մշակութային պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է, որն ազգային դիմագծի, ինքնության կարևոր բաղկացուցիչ է: Վերջին տարիներին իրականացված միջոցառումները միտված են եղել ոչ միայն ոլորտի վերազարթոնքին, այլև մեծ արձագանք ունեցան հասարակության մեջ` ձևավորելով ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի ու արժևորման մթնոլորտ:

Ոլորտի համար նախատեսված հատկացումներն ուղղվում են պահպանության (գիտարշավների կազմակերպում, ուսումնասիրում, նույնականացում, փաստաթղթավորում, արխիվների թվայնացում, գիտական անտիպ նյութերի տպագրում), պաշտպանության (ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացում, կրողներից սերունդներին փոխանցման համար նպաստավոր պայմանների ստեղծում), հանրահռչակման (գիտաճանաչողական ֆիլմերի, հեռուստառադիոհաղորդումների պատրաստում և հեռարձակում, կայքերի ստեղծում, փառատոների, համերգների, ծիսակարգերի, գիտաժողովների, հանդիսությունների, մրցույթների կազմակերպում) խնդիրների լուծմանը:

Վերջին երկու տարիներին աշխատանքներ են տարվել ոլորտի իրավական դաշտի կարգավորման ուղղությամբ, մասնավորապես. 2009թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին» ՀՀ օրենքը: Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի 2010 թվականի հունվարի 15-ի N 8-Ա որոշմամբ հաստատվել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»:

2010թ. ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ կատարվեցին գիտական ուսումնասիրություններ, մասնավորապես` հրատարակվել են Ս. Մկրտչյանի «Տոներ. Հայկական ժողովրդական ծեսեր, սովորույթներ, հավատալիքներ (ավանդույթ և արդիականություն)» գիրքը, «Գոբելեն, գեղանկար, խճանկար» ալբոմը, Լուսիկ Ագուլեցու «Անցյալի մասունքները» աշխատությունը:

2009-2010թթ. մեկնարկեցին ՀՀ ԳԱԱ արվեստի, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտների արխիվներում առկա բանահյուսական նյութերի թվայնացման աշխատանքները: 2009թ. ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը կազմակերպեց երթուղային գիտարշավ Գեղարքունիքի մարզում` երաժշտաբանաստեղծական բանահյուսական նյութերի հավաքման նպատակով: 2011թ. նախատեսվում է կազմակերպել նմանատիպ գիտարշավ ՀՀ Արագածոտնի մարզում:

Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված միջոցառումների շրջանակներում`

. 2010թ. նկարահանվել է 2 ֆիլմ («Դաշտադեմի ամրոցը», «Գորգի սիմվոլիկան և աղի պաշտամունքը Հայաստանում») և պատրաստվել են 12 հեռուստահաղորդաշար (»Հայաստանի ճամփեքով»), 2009թ. նկարահանված 3 ֆիլմի, 1 տեսահոլովակի, 1 ռադիոհաղորդաշարի և 1 հեռուստահաղորդման փոխարեն:

. 2010թ. իրականացվել է «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության փառատոնը, որը նոր ձեռքբերում էր ոլորտում` ուղղված ժողովրդական բանահյուսության, մասնավորապես, հեքիաթասացության և բարբառների պաշտպանությանը ու հանրահռչակմանը:

. 2010թ. կազմակերպվել է «Ազգային տարրերով ժամանակակից պարային հագուստների էսքիզների» մրցույթը:

. 2009թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության շրջանակներում` «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում» ներառելու նպատակով ներկայացվել էր «Խաչքարի արվեստը. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» ազգային հայտը, որն ընդունվեց 2010թ. նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի որոշմամբ:

. 2011թ. կհրատարակվի երկլեզու (անգլերեն-հայերեն) «Խաչքար» պատկերագիրքը, Փարիզում կկազմակերպվի «Խաչքարի արվեստ» ցուցահանդեսը:

Ոլորտին 2009-2010թթ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է համապատասխանաբար` 27.1 և 38.5 մլն դրամ, 2011թ. նախատեսվում է հատկացնել 38.5 մլն դրամ:

Ժամանակակից արվեստի (թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ) զարգացում

Ժամանակակից արվեստի ոլորտում պետական բյուջեի միջոցներն առաջին հերթին ուղղվում են ստեղծագործական ՊՈԱԿ-ների սուբսիդիաների տրամադրմանը, մշակութային արտադրանքի ձևավորմանը և դրա ձեռքբերմանը, մրցակցային դաշտի ձևավորմանը, միջազգային ասպարեզում ներկայացմանը, միջմարզային համագործակցության զարգացմանը, մշակութային ազգային նկարագրով անհատների և երևույթների արժեքավորմանը և հանրայնացմանը:

Ժամանակակից արվեստի զարգացման գործում ներկա փուլում առաջնահերթ է երիտասարդ ստեղծագործական ներուժի և սփյուռքահայ արվեստագետների ներգրավումը Հայաստանի մշակութային դաշտ:

Կարևոր ձեռքբերումներից է դեբյուտային ծրագրերի իրականացումը, որի շարունակականությունը հնարավորություն է տալիս ոլորտը համալրել նոր ստեղծագործական ուժերով, ինչպես նաև ապահովել ոլորտի սահուն սերնդափոխության իրականացումը: 2009-2010թթ. արվեստի տարբեր ոլորտներում իրականացվել են դեբյուտային և երիտասարդական ծրագրեր, այդ թվում` թատերարվեստի ոլորտում` աջակցություն է ցուցաբերվել, համապատասխանաբար, թատերական 4 և 7 երիտասարդ բեմադրիչների և ռեժիսորների ծրագրերի, իրենց դեբյուտն են նշել 40 երիտասարդ դերասաններ;

երաժշտարվեստի ոլորտում` դեբյուտային ծրագրերով ձեռք է բերվել 1, կատարվել են 18 երիտասարդ կոմպոզիտորների լավագույն դասական ստեղծագործություններ, միջազգային մրցույթներին մասնակցության աջակցություն են ստացել 22 երիտասարդ կատարողներ, անց է կացվել 5 երիտասարդական, այդ թվում` 2-ը միջազգային մրցույթ-փառատոներ, ստեղծագործական գործունեության խթանման նպատակով աջակցություն է ցուցաբերվել հանրապետությունում գործող երիտասարդական 7 կոլեկտիվների;

կինոարվեստի ոլորտում` շուրջ 15 միջազգային կինոփառատոններում Հայաստանը ներկայացվել է, համապատասխանաբար, 8 և 10 դեբյուտային ֆիլմերով:

Թատերարվեստի ոլորտում ստեղծագործական պատվերների միջոցով ավելացել է հայ և համաշխարհային դասական ու ժամանակակից դրամատուրգների պիեսների բեմադրությունների քանակը: Վերջին երկու տարիներին բեմադրվել է, համապատասխանաբար, 55 և 53 նոր ներկայացումներ` նախատեսված 50-ի և 51-ի փոխարեն, որոնցից 12 և 17` պետական աջակցությամբ:

2009թ. համեմատ 2010թ. թատրոններում խաղացած ներկայացումների քանակը ավելացել է 3.1%-ով, կամ աճել է 54-ով (2009թ.` 1680, 2010թ.` 1734), հանդիսատեսի թվաքանակը նվազել է 0.3 %-ով, կամ 903-ով (2009 թ.` 279019, 2010թ.` 278116), ինչը պայմանավորված է որոշ թատրոններում ընթացող վերանորոգման աշխատանքներով, ինչպես նաև ծավալուն բեմադրական աշխատանքների իրականացմամբ:

2009-2010թթ. իրենց որակով առանձնացան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրված «Սպարտակ» բալետը և «Աիդա» օպերան, որոնք վերջին տարիներին դրսևորված ազգային օպերայի և բալետի լավագույն ավանդույթների նոր վերելքի վկայությունն են:

2010թ. պետական աջակցությամբ իրականացվել են 5 հանրապետական թատերական փառատոներ («Թատրոն X», «Թատերական Լոռի» համայնքային, «Նռան հատիկ» մանկապատանեկան, Երիտասարդ ռեժիսուրայի, «Հայ հայը» այվազյանական, հանրապետական թատերական փառատոներ), 6 միջազգային փառատոներ (»Արմմոնո», «Հայֆեստ», «Թումանյանական հեքիաթի օր», Վ. Փափազյանի անվան շեքսպիրյան, Մնջախաղի թատրոնների և «Ներկայի վերականգնումը» (Reading Fest) դրամատուրգիական) և Թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի համաշխարհային համաժողով (ՅՈՒՆԵՍԿՕ):

2010թ. 1-ին անգամ իրականացվեց նաև «Հայ հայը» այվազյանական թատերական փառատոնը, որի արդյունքում թատրոնների ու թատերախմբերի խաղացանկերը համալրվեցին ևս 11 նոր ներկայացումներով:

Միջազգային ասպարեզում ժամանակակից թատերարվեստի ձեռքբերումների հանրահռչակման նպատակով 2009թ. հայաստանյան թվով 9 թատերախումբ և 18 գործիչ մասնակցել են միջազգային տարբեր ծրագրերի, իսկ 2010թ. 5 թատերախումբ և 19 թատերական գործիչ Հայաստանը ներկայացրել են 15 միջազգային փառատոներում, գիտաժողովներում ու թատերական այլ ծրագրերում` շուրջ 15 երկրներում:

Թատերարվեստի ոլորտին պետական բյուջեից 2009-2010թթ. հատկացվել է համապատասխանաբար` 2240.9 և 1810.7 մլն դրամ, 2011թ. նախատեսվում է հատկացնել 2068.5 մլն դրամ:

Ժամանակակից երաժշտարվեստի ոլորտին վերջին երկու տարիներին ՀՀ պետական

բյուջեից ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների ավելացումները նպաստեցին համերգային կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը, ժանրային տարբեր ոլորտների համաչափ զարգացմանը, ստեղծագործական նոր ծրագրերի իրականացմանը, երաժշտարվեստի ասպարեզի ստեղծագործական ներուժի բացահայտմանը, մշակութային բարձրարժեք արտադրանքի արտադրանքի ստեղծմանը և այն համաշխարհային հանրությանը ներկայացնելուն:

Ազգային երաժշտարվեստի` ժողովրդական և կամերային ժանրերի զարգացման, ստեղծագործական խմբերի բնականոն գործունեության ապահովման և պետական ներդրումների առավել արդյունավետ օգտագործման նպատակով 2010թ. ստեղծվեցին կամերային և ժողովրդական երաժշտության ազգային կենտրոններ, ինչի շնորհիվ 2011թ. արձանագրվեցին շոշափելի հաջողություններ:

Երգչախմբային արվեստի զարգացմանն ուղղված ֆինանսական հատկացումները նպաստեցին ոլորտի զգալի զարգացմանը: Ավանդույթ դարձած «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթը տարեցտարի համալրվում է նոր մասնակիցներով` միևնույն ժամանակ կատարելագործելով որակական ցուցանիշները (2008թ.` 110, 2009թ.` 110, որոնց 80 % ՀՀ մարզերից և ԼՂՀ-ից): Երգչախմբային արվեստի զարգացմանը զուգընթաց զգալի վերելք ապրեց նաև հայ կոմպոզիտորական դպրոցը, գրվեցին և կատարվեցին հայ ժամանակակից կոմպոզիտորների շուրջ 100-ից ավելի խմբերգային ստեղծագործություններ:

Հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների շարունակականությունը ապահովելու նպատակով վերջին 2 տարիներին ձեռք է բերվել և կատարվել 27 հայ ժամանակակից կոմպոզիտորի 37 ստեղծագործություններ: Ծրագրային զգալի փոփոխություններ են կատարվել պետական երաժշտական կոլեկտիվների երգացանկերում` 2 տարիների ընթացքում կատարվել է շուրջ 80 հայ կոմպոզիտորի (որից 13 երիտասարդ, 15 սփյուռքահայ) 200 ստեղծագործություն:

«Երաժշտարվեստի աջակցում և խթանում` ստեղծագործական պատվերների միջոցով» ենթածրագրով 2009-2010թթ. իրականացվել է 6 նախագիծ և շուրջ 40 նոր համերգային ծրագիր:

Առավել կարևոր է ժանրային բոլոր ուղղություններով իրականացված միջազգային և հանրապետական մրցույթ-փառատոները, որոնք նպատակային միտված են ոլորտի բոլոր ժանրերի համաչափ զարգացմանը (փառատոներ` 11 դասական, այդ թվում` 5-ը միջազգային, 1 ազգագրական-ժողովրդական, 1 հոգևոր, 1 ռոք-երաժշտության, 1 ռազմահայրենասիրական երգի, մրցույթներ` գործիքային ժանրում` դաշնամուրային (1 միջազգային, 3 հանրապետական), լարային (1 միջազգային, 1 հանրապետական), փողային (1 հանրապետական), ժողովրդական (1 հանրապետական), երգչախմբային (1 հանրապետական), ստեղծագործողների (2 հանրապետական), այդ թվում 7 մանկապատանեկան (2 միջազգային), 5 երիտասարդական (2 միջազգային):

Պետական աջակցությամբ 38 միջազգային և հանրապետական փառատոներից ու

մրցույթներից 13-ը (8 փառատոն և 5 մրցույթ) իրականացվել են առաջին անգամ, որոնցից 7-ը` սկզբնավորվել են 2009թ., 6-ը` 2010թ.:

Ամենամյա մի շարք մրցույթ-փառատոներ ընդլայնվեցին և ստացան նոր նպատակային ուղղվածություն, մասնավորապես`

. լարային գործիքների կիրառման և զարգացման կենսունակությունը ապահովելու նպատակով Գ.Թալալյանի անվան հանրապետական փառատոնում ընդգրկվեց «ալտ» նվագարանը և փառատոնը վերանվանվեց «Հենրիկ և Գերոնտի Թալալյան եղբայրների անվան ալտի և թավջութակի փառատոն»:

Իր գործունեության շրջանակներն ընդլայնեց նաև ռազմահայրենասիրական երգերի ուսուցման ծրագիրը, որն առաջին անգամ անցկացվեց Ազգային բանակի զորամասերում` ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ,

. Գյումրու «Վերածնունդ» երաժիշտ-կատարողների մրցույթ-փառատոնը հանրապետականից դարձավ միջազգային:

2009-2010թթ. թողարկվել է 33 խտասալիկ, 2 վավերագրական, 1 երաժշտական տեսաֆիլմ և 1 էլեկտրոնային գիրք (մուլտիմեդիա ձայնասկավառակ):

Փառատոներով և տարաբնույթ միջոցառումներով նշանավորվեցին հիշարժան տարեթվերը ու հոբելյանները: 2009թ. նշանավորվեց Կոմիտասի 140-ամյակին նվիրված միջոցառումներով, որի շրջանակներում իրականացվել է 3 մրցույթ-փառատոն, 2 տասնյակից ավելի կոմիտասյան համերգային ծրագիր, այդ թվում` հյուրախաղեր Ֆրանսիայում, Գերմանիայում, Սան-Ֆրանցիսկոյում:

Ժամանակակից արվեստի, համերգային դահլիճների և շենքերի հիմնանորոգման և նյութատեխնիկական բազայի ապահովման ծրագրով 2009թ. շարունակվել է մշակութային օբյեկտների հիմնանորոգման, սարքավորումներով հագեցման գործընթացը, որը հնարավորություն ընձեռեց լուծել մի շարք խնդիրներ և նպաստեց համերգային կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովման բարելավմանը: Պետական ենթակայության 3 համերգասրահների և Երգի պետական թատրոնի համար սահմանվեց երաժշտական ժանրային հստակ ուղղվածություններ, որի արդյունքում`

. «Արամ Խաչատրյան» համերգասրահում լիարժեք համերգային գործունեություն ապահովվեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ և երիտասարդական նվագախմբերի կոլեկտիվների համար` խթանելով սիմֆոնիկ ժանրի զարգացումը.

. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բազայի հիման վրա 2011թ. մեկ միասնական կառույցում սկսեց գործել «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը ներառում է կամերային ժանրի 6 ստեղծագործական կոլեկտիվներ (3 նվագախումբ և 3 երգչախումբ):

. «Առնո Բաբաջանյան» համերգասրահը 2009թ. մշտական բազայով ապահովեց «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիրը և նույն բազայի վրա 2011թ. 2 ժողովրդական կոլեկտիվներով (Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ, Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթ) միավորված սկսեց գործել «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը,

. Երգի պետական թատրոնն իր բազայի վրա 2010թ. վերսկսեց իր աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբը ապահովվեց ստացիոնար բեմով և փորձասենյակով:

Երաժտարվեստի ոլորտին պետական բյուջեից 2009-2010թթ. հատկացվել է համապատասխանաբար` 906,1 և 754.7 մլն դրամ, 2011թ. նախատեսվում է հատկացնել 847.0 մլն դրամ:

Կինոարվեստի ոլորտում պետական քաղաքականությունն ուղղվել է երիտասարդ կինոգործիչների կողմից իրականացվող կինոնախագծերի իրականացման և արվեստի, մշակույթի գործիչների հոբելյաններին նվիրված ֆիլմերի նկարահանման, միջազգային ասպարեզներում հայկական կինոարտադրության ներկայացման ապահովմանը, մարզերում կինոցուցադրությունների կազմակերպման ընդլայնմանը:

2009-2010թթ. պետական աջակցությամբ նկարահանվել է, համապատասխանաբար, 22 և 20 խաղարկային, 5 և 6 մուլտիպլիկացիոն, 15 և 17 վավերագրական (որից 2 և 3-ը` շարունակվող) ֆիլմ:

2009թ. ձևավորված նոր ավանդույթը` «Մոսկվա» կինոթատրոնում հայրենական արտադրության ֆիլմերի պարբերական ցուցադրությունը, հնարավորություն ընձեռեց հայ հանդիսատեսին անմիջականորեն հաղորդակցվելու ազգային կինոարվեստին: 2010թ. կայացավ «Սասունցի Դավիթ» լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմի շնորհանդեսը, իսկ տարվա ընթացքում` բազմաթիվ ցուցադրություններ: Կինոարվեստի տարածման, մասնավորապես` հանրապետության մարզերի բնակչությանը կինոարվեստին հաղորդակից դարձնելու նպատակով, արտադրական պրոցեսներին զուգընթաց` վերջին տարիներին իրականացվում են կինոցուցադրումներ հանրապետության տարբեր մարզերում, ԼՂՀ-ում և Ջավախքում, որոնք ուղեկցվում են անվանի կինոգործիչների հետ հանդիպումներով:

Հայաստանում իրենց բնականոն գործունեությունն են շարունակում արդեն ավանդական դարձած «Ոսկե ծիրան», «Ես եմ», «Կին», Մանկապատանեկան ֆիլմերի, «Մեկ կադր» միջազգային կինոփառատոնները: Այդ շարքում իր ուրույն տեղն է հաստատում 2009թ. հաջողությամբ մեկնարկած «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի երևանյան միջազգային կինոփառատոնը: 2010թ. Հայաստանի ազգային կինոկենտրոնը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ. իրականացվեց «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվեցին կինոցուցադրություններ մայրաքաղաքի տարբեր վայրերում, հանրապետության մի շարք մարզերում, ինչպես նաև կլոր-սեղաններ, գրախոսականների մրցույթ, հոբելյանների նշում:

Կինոարվեստի ասպարեզում 2007-2008թթ. համեմատությամբ 2009-2010թթ. ընդլայնվել է հայկական կինոարտադրության մասնակցությունը միջազգային փառատոներին և կինոշուկաներին: 2009թ. Հայաստանի ազգային կինոկենտրոնը Կաննի միջազգային հեղինակավոր կինոփառատոնում ներկայանում է առանձին տաղավարով, կազմակերպվում են հանդիպումներ և արդյունավետ բանակցություններ իրականացվում տարբեր երկրների կինոընկերությունների հետ: 2009-2010թթ. ապահովվել է հայրենական արտադրության ֆիլմերի մասնակցությունը միջազգային շուրջ 50 կինոփառատոնների` 2007-2008թթ. 40 փառատոների համեմատությամբ: Միջազգային կինոփառատոններում առավել թվով մրցանակներ ստացած ֆիլմերի շարքում են «Սահման» և «Խճճված զուգահեռներ» ֆիլմերը:

Կինոարվեստի ոլորտին պետական բյուջեից 2009-2010թթ. հատկացվել է համապատասխանաբար` 706.6 և 699.4 մլն դրամ, իսկ 2011թ. նախատեսվում է հատկացնել 718.4 մլն դրամ:

Կերպարվեստի ոլորտում վերջին երկու տարիներին աջակցություն է ցուցաբերվել փառատոնային ծրագրերի և ցուցահանդեսների կազմակերպմանը` Գյումրու միջազգային բիենալե, հոբելյանական և այլ բնույթի տասնյակ ցուցահանդեսներ (2009թ.` 10, 2010թ.` 12): Ապահովվել է կերպարվեստի գործիչների մասնակցությունը միջազգային բիենալեներին (Հայ կերպարվեստի ներկայացումը Վենետիկի բիենալեում), որն անշուշտ նպաստել է արտերկրում հայկական կերպարվեստի հանրահռչակմանը, ոլորտի զարգացմանը ու ժամանակակից մշակութային արտադրանքի ձևավորմանը: Աջակցություն է ցուցաբերվել երիտասարդական 8 ծրագրերի` Իտալիայի Բոդիո Լոմնագո, Ֆլորենցիա քաղաքներում, Մոսկվայում, Փարիզում, Վիենայում, Երևանում: Կերպարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականության լիարժեք իրականացման համար անհրաժեշտ են կերպարվեստի գործիչների ստեղծագործական գործունեության զարգացմանը խթանող նոր միջոցառումներ:

Կերպարվեստի ոլորտին պետական բյուջեից 2009-2010թթ. հատկացվել է համապատասխանաբար` 6.6 և 10.5 մլն դրամ, 2011թ. նախատեսվում է հատկացնել 17.5 մլն դրամ:

Պարարվեստի ոլորտում 2009-2010թթ. պետական աջակցությունը հիմնականում նպատակաուղղվել է 3 պետական համույթների 10 ստեղծագործական ծրագրերի իրականացմանը, 9 պարային բեմադրությունների վերականգնմանը: Դրամաշնորհների հատկացման միջոցով 3 ազգագրական համույթներ` «Կարին», «Մարաթուկ» և Վարդենիսի քաղաքային մշակույթի պալատում գործող պարային համույթը իրականացրել են ազգագրական, ժողովրդական պարերի նոր բեմադրություններ և ձայնագրություններ, ձեռք են բերել նոր ազգագրական տարազներ և անցկացրել պարերի ուսուցման դասընթացներ:

Պարի միջազգայի փառատոներին մասնակցության համար պետական աջակցություն է ցուցաբերվել «Բերդ» և «Գեղարդ» պարային անսամբլներին` Իտալիայում և Ֆրանսիայում պարի փառատոներին նրանց մասնակցությունն ապահովելու համար, ինչպես նաև ՌԴ-ում կայացած Յու. Գրիգորովիչի անվան «Աշխարհի երիտասարդ բալետ» 3-րդ միջազգային մրցույթին մենապարողների մասնակցության ապահովման համար:

2011թ. արդեն իսկ աջակցություն է ցուցաբերվել «Պոլովեցյան պարեր» խորեոգրաֆիկ պատկերի բեմադրությանը, ազգագրական երգի-պարի թատերականացված «Հայրենյաց ակունք» խորագրով համերգի իրականացմանը: Պարի միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցության համար պետական աջակցություն է ցուցաբերվել Իսպանիայում կայացած ժողովրդական պարի 14-րդ միջազգային մրցույթ-փառատոնին «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի մասնակցության ապահովմանը:

Պարարվեստի ոլորտին պետական բյուջեից 2009-2010թթ. հատկացվել է համապատասխանաբար` 150.8 և 138.1 մլն դրամ, 2011թ. նախատեսվում է հատկացնել 162.4 մլն դրամ:

Հոբելյանական ծրագրերի և միջոցառումների շրջանակներում 2009-2010թթ. նշվել է մշակույթի, կրթության, քաղաքական-հասարակական գործիչների և իրադարձությունների 7 տասնյակից ավելի հոբելյան, որոնցից 40-ի վերաբերյալ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել են պետական հոբելյանական հանձնաժողովներ, մշակվել և ամբողջ տարվա ընթացքում իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում` գիտաժողովներ, գրքերի, ալբոմների հրատարակում, ձայնա և տեսասկավառակների թողարկում, ասմունքի, երաժշտական և թատերական փառատոներ (թվով 10), ցուցահանդեսներ, բաց դասեր հանրակրթական դպրոցներում, նամականիշերի և փոստային բացիկների թողարկում, 14 հոբելյանական հանդիսություն, հոբելյարների կյանքի և ստեղծագործական գործունեության լուսաբանում լրատվամիջոցներով` 12 և այլն: Հոբելյանների առիթներով բեմադրվել է շուրջ 16 ներկայացում, իրականացվել է 30 համերգային ծրագիր, տպագրվել է 53 անուն գիրք և ալբոմ (միայն 2010թ.` 31 անուն գիրք և ալբոմ, որը 2009թ. համեմատ ավելի է 9-ով), 1 էլեկտրոնային գիրք (մուլտիմեդիա լազերային սկավառակ) և 19 լազերային ձայնասկավառակ, որոնք ներառված են թատերահամերգային կազմակերպությունների երգացանկերում և խաղացանկերում: 2009-2010թթ. նշված հոբելյանների կապակցությամբ ստեղծվել է 2 կայք-էջ, ինչպես նաև նկարահանվել է 10 վավերագրական ֆիլմ և 9 DVD սկավառակ, կազմակերպվել շուրջ 12 ցուցահանդես:

2009թ. սկսված հայ մշակույթի և արվեստի գործիչների հոբելյանների կապակցությամբ Հանրային ռադիոյում պահպանվող նրանց ստեղծագործությունների ձայնագրությունների ձայնասկավառակների թողարկման ծրագիրը շարունակվեց 2010թ., որի արդյունքում ընդհանուր առմամբ թողարկվեց 25 ձայնագրությունների ձայնասկավառակ (2009թ. թողարկվեց 15 ձայնասկավառակ, իսկ 2010թ.` 10): 2011թ. ևս նախատեսված է ծրագրի շրջանակներում թողարկել 12 հոբելյանական ձայնասկավառակ:

Հոբելյանական միջոցառումներին պետական բյուջեից 2009-2010թթ. հատկացվել է համապատասխանաբար` 75.3 և 74.5 մլն դրամ, 2011թ. նախատեսվում է հատկացնել 54.1 մլն դրամ:

Մշակույթի համաչափ զարգացում

ՀՀ մարզերում մշակույթի համաչափ զարգացման իրականացման հիմք են հանդիսանում ՀՀ Կառավարության «ՀՀ մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» 2007 թ. ապրիլի 5-ի N 589-Ն, «ՀՀ Կառավարության 2008-2012թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 2008թ. հուլիսի 24-ի 878-Ն որոշումները, ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը:

Մշակույթի ոլորտում ազգային անվտանգության ռազմավարության հիմնական նպատակներից է մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիության ապահովումը, որը նախատեսում է.

. հասարակության անապահով և խոցելի խմբերի համար վճարովի մշակութային ծառայություններից օգտվելու զեղչերի համակարգի մշակում և ներդրում.

. միջմարզային մշակութային փոխադարձ ճանաչողության ապահովման ծրագրերի իրականացում.

. մշակութային խոշոր միջոցառումների ապակենտրոնացման (դեպի մարզեր) քաղաքականության շարունակականության ապահովում:

ՀՀ մարզերում մշակույթի համաչափ զարգացման, մշակութային կյանքի աշխուժացման, միջմարզային մշակութային համագործակցության խթանման, մշակույթի (դեպի մարզերը) ապակենտրոնացման քաղաքականության շարունակականության ապահովման ուղղությամբ 2009-2010թթ. իրականացվել է «Մշակութային մարզ» ծրագիրը, որն իրականացվում է 2007 թվականից: Ծրագրի շրջանակներում մարզերում կազմակերպվել են թատերական և համերգային կազմակերպությունների հյուրախաղեր, հայկական արտադրության ֆիլմերի ցուցադրություններ, ինչպես նաև մարզերում գործող ստեղծագործական խմբերի ելույթներ Երևանում (2009թ.` 40-ից ավել միջոցառումներ, 2010թ.` 80 միջոցառում, իսկ 2011թ. նախատեսվում է 58 միջոցառում):

Գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների մատուցման մատչելիությունը կույր և թույլ տեսնող անձանց համար ապահովվել է «Արև» տեղեկատվական հաղորդակցման ծրագրի միջոցով: Ծրագիրը տեղակայվել է ՀՀ մշակույթի նախարարության համակարգի 11 գրադարաններում:

Սահմանամերձ և հեռավոր մարզերի բնակավայրերում գրադարանային ծառայությունների մատչելիության ապահովման և ՀՀ համայնքային գրադարանների հավաքածուները համալրելու նպատակով Հայաստանի ազգային գրադարանի «Շարժական գրադարանի» (բիբլիոբուս) միջոցով 2010թ. ՀՀ Լոռու, Արագածոտնի, Արմավիրի մարզերում Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուից նվիրատվության կարգով տրամադրվել է ավելի քան 2509, իսկ ԼՂՀ-ի 6 գրադարաններին` 210 միավոր գրականություն: 2011թ. նախատեսվում է ուղևորվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ՀՀ Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի մարզերի և տարածաշրջանների համայնքային գրադարաններ:

Սակավ շարժունակ դարձած անձանց գրադարանային սպասարկման նպատակով Լոռու և Շիրակի մարզերում սկսել է իրականացվել «Ընտանեկան գրադարանավար» ծրագիրը, որի արդյունքում 2009թ. տրամադրվել է 1365 միավոր տեղեկատվություն, 2010թ.` 5115 միավոր տեղեկատվություն: Ծրագրի իրականացումը կրում է շարունակական բնույթ:

Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը թանգարանային հավաքածուների մատչելիությունն ապահովելու նպատակով իրականացվում է «Թանգարան անիվների վրա» ծրագիրը, որի շրջանակներում 2009-2010թթ. հանրապետության 25 բնակավայրերում կազմակերպվել է 20 թանգարանային ցուցահանդես:

Իր գործունեությունն է շարունակել «Դպրոցականի ֆիլհարմոնիան», որի կողմից կազմակերպվել է 156 դաս-համերգ, դրանցից 60-ը` մարզերում: 2009-2010թթ. հաջողությամբ իրականացվել է «Հեքիաթին հյուր» գյուղական մանկական բնակչության համար ծրագիրը ՀՀ Լոռու և Գեղարքունիքի մարզերում: Ծրագրի շրջանակներում 2009թ. սպասարկվել են ՀՀ Լոռու մարզի 7 համայնքների 2200 երեխաներ, 2010թ.` ՀՀ Գեղարքունիքի մարզի 15 համայնքների 4000 երեխաներ, ներգրավելով մանկատների ու հատուկ դպրոցների սաներին: 2011թ. ծրագրի իրականացումը նախատեսված է ՀՀ Շիրակի մարզում:

Ամառային հանգիստը բազմաբովանդակ կազմակերպելու նպատակով ՀՀ 10 մարզերի, Երևանի, Արցախի և Ջավախքի շնորհալի երեխաների համար իրականացվում է «Արտուտիկ» մանկապատանեկան ստեղծագործական ամառային ճամբարը, և տարեցտարի ավելանում է շնորհալի երեխաների մասնակցության թիվը (2009-2010թթ.` 70 երեխա):

«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթին մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերի, Արցախի և Ջավախքի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 120 մանկապատանեկան երգչախմբեր:

Կարևորելով ՀՀ մարզերում միջազգային մրցույթ-փառատոների անցկացումը` 2010թ. կազմակերպվեց «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն` նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Մրցույթ-փառատոնին մասնակցեցին 1100 երաժիշտ-կատարողներ 14 երկրներից: Մարզային փառատոների շարքում իր ուրույն տեղն ունի «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը, որն այս տարի անցկացվում էր 10-րդ անգամ և կարևոր է նոր, երիտասարդ ստեղծագործական ուժերի բացահայտման համար: Այս անգամ փառատոնին մասնակցել է 31 թատերախումբ (34 ներկայացում), որից 11-ը` ՀՀ մարզերից, 16-ը` Երևանից, 1-ը` Իրանի Թեհրան քաղաքից, 2-ը` ԼՂՀ-ից, 1-ը` Վրաստանի Ախալքալաք քաղաքից:

2009-2010թթ. մշակութային տների, ակումբների, կենտրոնների վերանորոգման, դրանց նյութատեխնիկական բազայի մասնակի կամ ամբողջական վերազինման ուղղությամբ վերանորոգվել է 22 մշակույթի տուն, որոնց առաջնային խնդիրներից է` նյութատեխնիկական բազայի համալրումը, գործիքների և սարքավորումների ձեռքբերումը:

ՀՀ մարզերում մշակույթի համաչափ զարգացման նպատակով պետական բյուջեից 2009-2010թթ. հատկացվել է համապատասխանաբար` 79.2 և 82.6 մլն դրամ, 2011թ. նախատեսվում է հատկացնել 112.9 մլն դրամ:

Միջազգային մշակութային համագործակցություն

Մշակույթի ոլորտում միջազգային համագործակցությունը միտված է արտերկրի հետ մշակութային երկխոսության և բազմակողմանի հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը, դրանց ներդաշնակ համադրմանը, արտերկրում մշակույթի նպատակաուղղված քարոզչության իրագործմանը:

2009-2010թթ. ընթացքում ստորագրվել է 6 միջկառավարական և 7 միջգերատեսչական համաձայնագիր և ծրագիր: Գործող և ստորագրված միջազգային պայմանագրերի շրջանակներում Հայաստանում և արտերկրում իրականացվել է 55 ծրագրային միջոցառում: Հատուկ ուշադրություն է դարձվել նեղոլորտային (կինո, գրահրատարակչություն, հուշարձանների պահպանություն), ինչպես նաև ընդհանրական (հումանիտար դաշտ) փաստաթղթերի ստորագրմանն ու վավերացմանը: Այսպես` 2009-2010 թթ. ընթացքում ապահովվել է «ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ ֆիլմարտադրության մասին» համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրելու, ապա նաև հաստատելու գործընթացը:

Շարունակվել են աշխատանքները միջազգային կառույցներին և կազմակերպություններին ինտեգրվելու ուղղությամբ: Ակտիվ համագործակցություն է ծավալվել Եվրամիության, Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԱՊՀ և ՀՀՄՀ-ի, ՍԾՏՀ կազմակերպության հետ, նախադրյալներ են ստեղծվել ոլորտի մասնագիտական և հասարակական կառույցների, այդ թվում ԻԿՌՕՄ-ի հետ համագործակցությունը ակտիվացնելու ուղղությամբ:

Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում առանցքային է Հայաստանը տարածաշրջանային մշակութային կենտրոնի վերածելու խնդիրը: Այս ուղղությամբ արդեն իսկ որոշակի քայլեր են ձեռնարկվել: Մասնավորապես.

- 2009թ. «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կինոդպրոցը վերածվեց տարածաշրջանային կենտրոնի (դպրոցում աշխարհահռչակ կինոգործիչների դասավանդմամբ վարպետության դասընթացներ են անցնում Թուրքիայից, Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից):

- Հայաստան-Եվրամիություն մշակութային համագործակցության շրջանակներում 2009թ. մեկնարկեց «Արևելյան գործընկերության» ծրագիրը, որի գործնական կիրառումը առավել կընդլայնվի 2011-2013թթ. ընթացքում: Ծրագրի բաղկացուցիչ մասն է կազմում «Մարդկանց միջև շփումներ» պլատֆորմը, որի շրջանակներում Հայաստանը ծրագրում է իրականացնել երկու նախագիծ. «Մշակութային բազմազանությունը որպես ազգային հարստություն և համաեվրոպական ժառանգություն» պանելային քննարկումը և «Գրական տապան. 10 տարի անց» Հայաստան-Եվրամիություն գրական նախագիծը:

Շարունակվում է համագործակցությունը Եվրախորհրդի հետ, որը հիմնված է «Սպիտակ գիրք» և «Կիևյան նախաձեռնություն» ծրագրերի վրա:

Մշտական մասնակցություն է ապահովվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում իրականացվող

միջոցառումներին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպվող ամենամյա միջազգային սեմինարներին ու գիտաժողովներին: Մասնավորապես` 2009-2010թթ. մասնակցություն է ապահովվել դուդուկին նվիրված «Ոչ նյութական մշակութային ժառանգության հաշվառման» թեմայով Կենտրոնական Ասիայի և ԱՊՀ ենթատարածաշրջանային դասընթացներին (Բիշկեկ), ԱՊՀ երկրների թանգարանային ոլորտի մասնագետների վերապատրաստման դասընթացներին և այլն:

2009թ. նախարարությունը նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակներում հայկական ավանդական մշակույթի տարրերի ներկայացման գործընթացը: Արդյունքում` 2010թ. նոյեմբերին Նայրոբիում «Հայկական խաչքարի արվեստը և խաչքարագործությունը» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակներում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության շրջանակներում արդեն երրորդ տարին է ինչ իրականացվում են համաֆինանսավորվող ծրագրեր. եթե 2008թ. անցկացվել է միայն Վ. Սարոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովը, ապա 2009թ. իրականացվել է 3-ը`»Դուդուկի երաժշտության կայքի բացում», «Թանգարանային ոլորտի մասնագետների սեմինար-վերապատրաստում», «Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար. մշակութային քաղաքականության նոր ուղիները» ԱՊՀ երկրների տարածաշրջանային կոնֆերանսը` միջազգային փորձագետների մասնակցությամբ: 2010թ. իրականացվել են ևս 3 ծրագիր («Գեղարվեստական կրթությունը Հայաստանում. Ստեղծագործական ներուժի զարգացման հեռանկարները 21-րդ դարում» նախագիծը, «Թատերական գործիչների համաշխարհային համաժողովը», ՀՀՄՀ ծրագրային միջոցառումների շրջանակներում իրականացվող «ԱՊՀ երկրների գրողների, թարգմանիչների և գրահրատարակիչների» հայաստանյան ամենամյա համաժողովը):

Շարունակվում է ակտիվ համագործակցությունը ԱՊՀ կառույցների հետ: ԱՊՀ երկրների հետ հումանիտար համագործակցության շրջանակներում առանձնանում են ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովները և ԱՊՀ երկրների կողմից կազմակերպվող Դելփյան խաղերը: 2010թ. ԱՊՀ երկրների երիտասարդական Դելփյան խաղերը անցկացվեցին Հայաստանում` բաց ձևաչափով, ինչը հնարավորություն ընձեռեց, որպեսզի խաղերին մասնակցեն նաև բալթյան երկրները, Վրաստանը, ինչպես նաև Բուլղարիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչները: Մասնակիցների ընդհանուր թիվը կազմեց շուրջ 650 մարդ: ՀՀՄՀ շրջանակներում Հայաստանի մասնակցությամբ և նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերի թիվը տարեց տարի ավելանում է: Եթե 2009թ. ՀՀՄՀ-ի հետ իրականացվել է 19 ծրագիր, ապա 2010թ.` 39, որից 9-ը` Հայաստանում:

2009թ. Հայաստանը, իբրև Ֆրանկոֆոնիայի կազմակերպության ասոցիացված անդամ, առաջին անգամ մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ Լիբանանում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի 6-րդ միջազգային մշակութային խաղերին: Միաժամանակ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ Հայաստանում ամեն տարի կազմակերպվում են միջոցառումներ, որոնք անցկացվում են «Ֆրանկոֆոնիայի օրեր» խորագրի ներքո:

Շարունակվել է համագործակցությունը ICROM-ի, ICOM-ի, Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի, APBDA պատկերապատումի միջազգային կազմակերպության և Բրիտանական խորհրդի հետ: Վերջինս իրականացնում է ոլորտի մասնագետների վերապատրաստմանն ուղղված դասընթացներ, կոնֆերանսներ, հանդիպումներ:

Վերջին երկու տարիներին Հայաստանն ակտիվորեն մասնակցում է միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող միջազգային ակցիաներին: Մասնավորապես մեծ հաջողությամբ իրականացվում են «Երաժշտության տոնը», «Թանգարանային գիշերը», «Գրքի և հեղինակային իրավունքի օրը»,»Եվրոպական ժառանգության օրերը»: 2009-2010թթ. միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ իրականացվել է 30 համաֆինանսավորվող և համատեղ ծրագրեր, որոնք ունենք շարունակական բնույթ և զարգացման միտում:

Երկկողմ համագործակցությունը խթանելու նպատակով ստորագրված միջազգային պայմանագրերի շրջանակներում Հայաստանում և արտերկրում 2009թ. իրականացվել է 30, իսկ 2010թ.` 40 ծրագրային միջոցառում, կազմակերպվել են թվով 12 փոխադարձ մշակույթի տարիներ, սեզոններ, օրեր` 2009թ. 10-ի փոխարեն: Կայացել է ծրագրով նախատեսված պաշտոնական պատվիրակությունների 25 փոխայցելություն` 2009թ. 15-ի փոխարեն: Միջազգային մշակութային համագործակցությունը խթանելու նպատակով կազմակերպվել են ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ շուրջ 60 հանդիպում` 2009թ. 50-ի փոխարեն: Միջազգային մշակութային համագործակցության նշանակալի իրադարձություններից էին Հայ մշակույթի օրեր Եգիպտոսում, Սիրիայում և Սերբիայում, Հայ-իտալական մշակութային, «Շոպեն 200» հայ-լեհական ծրագրերը, հայ-ավստրիական համատեղ երաժշտական նախագիծը:

Նախարարությունը շարունակել է աջակցություն ցուցաբերել հայ արվեստագետների մասնակցությանը միջազգային մրցույթներին, ցուցահանդեսներին, տոնավաճառներին, փառատոներին: 2010թ. մասնակցություն է ապահովվել 20 երկրում կայացած 58 միջազգային մրցույթների, ցուցահանդեսների, տոնավաճառների, փառատոների:

Սփյուռքահայ արվեստագետներին հայաստանյան մշակութային դաշտ ներգրավելու նպատակով 2009թ. ընթացքում պետական պատվերի շրջանակում կայացավ բելգիահայ դրամատուրգ Կ. Սաֆարյանի «Առանց վերադարձի հնարավորության» պիեսի բեմադրությունը, նախապատրաստվեց «Արդի հայ քնարերգությունը» երկհատորյակը, արտերկրի հայազգի կինոգործիչների հետ համատեղ մշակվեցին մեկական խաղարկային և մեկ վավերագրական ֆիլմերի նախագծեր:

Սփյուռքահայ համայնքներում գործող մշակութային կենտրոններին մշտապես տրամադրվել է հայ մշակույթը ներկայացնող հայալեզու և ռուսալեզու գրականություն, ֆիլմեր, ալբոմներ, դիդակտիկ նյութեր: 2010թ. տրամադրվել է 2000 միավոր` 2009թ. 500-ի համեմատ: Այս գործընթացը շարունակական է:

Միջազգային մշակութային համագործակցության ապահովման նպատակով պետական բյուջեից 2009-2010թթ. հատկացվել է համապատասխանաբար` 214.3 և 158.3 մլն դրամ, 2011թ. նախատեսվում է հատկացնել 153.0 մլն դրամ:

Ազգային փոքրամասնությունների ինքնության պաշտպանություն

Վերջին տարիներին պետական ծրագրերում կարևոր տեղ են զբաղեցնում ՀՀ տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանումն ու զարգացումը: Այդ նպատակով կազմակերպվում են նրանց ազգագրությունն ու ժամանակակից արվեստը ներկայացնող ցուցահանդեսներ, համերգներ, փառատոներ: Մասնավորապես` 2009-2010թթ. կազմակերպված «Հայաստանն իմ տունն է» խորագրով երթը և երաժշտական փառատոնի մասին նկարահանված տեսաֆիլմի անգլերեն թարգմանությունը, «Ասորիները Հայաստանում» ֆիլմի նկարահանումը, Հայոց ցեղասպանությանը և Հրեական հոլոքոստին նվիրված միջոցառումը: Մեծ հանդիսավորությամբ նշվեց ՀՀ ազգային փոքրամասնությունների մշակութային միությունների գործունեությունը համակարգող խորհրդի 10-ամյակին նվիրված հոբելյանը: 2009-2010թթ. աջակցություն է ցուցաբերվել ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների` 12-ական անուն թերթերի և ամսագրերի հրատարակմանը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով հրատարակվել է 2-ական անուն գիրք:

Ոլորտին պետական բյուջեից 2009-2010թթ. հատկացվել է համապատասխանաբար 15.0 և 16.0 մլն դրամ, 2011թ. նախատեսվում է հատկացնել 17.0 մլն դրամ:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2011
N 955-Ն
Որոշում