ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 մայիսի 2011 թվականի N 1653-Ն
i
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՍՏՈՐԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան.
1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցման գրքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցման գրքի վարման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
4. Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման ընթացակարգերը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:
Հավելված N 1
Երևանի քաղաքապետի
2011 թվականի մայիսի 5-ի
N 1653-Ն որոշման
ԿԱՐԳ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՍՏՈՐԱԳՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Սույն կարգով սահմանվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում (այսուհետ` Քաղաքապետարան), այդ թվում` Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում (այսուհետ` Վարչական շրջան) պայմանագրերի նախագծերի մշակման, ստորագրման, ինչպես նաև կնքված պայմանագրերի բնօրինակների հաշվառման և պահպանման ընթացակարգը:
Սույն կարգը տարածվում է նաև նախնական պայմանագրերի նախագծերի մշակման, ստորագրման, ինչպես նաև կնքված նախնական պայմանագրերի բնօրինակների հաշվառման և պահպանման հետ կապված հարաբերությունների վրա:
(1-ին կետը փոփ. 16.12.11 թիվ 3585-Ն որոշում)
2. Քաղաքապետարանում գնումների պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման գործընթացն իրականացնելիս` սույն կարգի դրույթները գործում են այն դեպքում, եթե չեն հակասում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ու դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերի դրույթներին:
3. Սույն կարգը չի տարածվում օրենքով սահմանված պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող պայմանագրերի, աշխատանքային, ինչպես նաև միջազգային պայմանագրերի հետ կապված հարաբերությունների վրա:
4. Սույն կարգի իմաստով պայմանագիր են համարվում օրենքներով և այլ իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին Երևանի քաղաքապետի պատշաճ մասնակցության ապահովմանն ուղղված գործարքները:
II. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ
5. Պայմանագրի նախագիծը մշակելու պարտականությունը կրում է Քաղաքապետարանի կառուցվածքային այն ստորաբաժանումը, ում գործառույթների մեջ է մտնում տվյալ պայմանագրի մշակումը, կամ ում համապատասխան իրավասու պաշտոնատար անձի կողմից տրվել է պայմանագիր մշակելու հանձնարարական (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում):
i
6. Պայմանագրի նախագիծը կազմելուց հետո, բացառությամբ գնման պայմանագրի նախագծի, պատասխանատու ստորաբաժանումն այն ներկայացնում է Քաղաքապետարանի իրավաբանական ստորաբաժանմանը` փորձաքննության: Եթե պայմանագրի նախագիծը նախատեսում է ֆինանսական բնույթի պարտավորություններ կամ իրավունքներ, ապա այն ներկայացնում է նաև Քաղաքապետարանի ֆինանսական և եկամուտների հաշվառման և գանձման ստորաբաժանումներին, անհրաժեշտության դեպքում` պայմանագրին առնչվող Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին` համաձայնեցման:
Պատասխանատու ստորաբաժանումը նախագծին կից տրամադրում է նաև պայմանագրին առնչվող, այդ թվում` նաև պայմանագրի մշակման անհրաժեշտության ու հիմնավորվածության վերաբերյալ ամբողջ տեղեկույթը և փաստաթղթերը: Դրանք ստանալուց հետո, մեկ աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան ստորաբաժանումներն իրենց առաջարկությունները և դիտողությունները ներկայացնում են պատասխանատու ստորաբաժանմանը:
Փորձաքննության չեն ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական այլ մարմինների, Երևան քաղաքի ավագանու և Երևանի քաղաքապետի նորմատիվ իրավական ակտերով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին ամբողջությամբ համապատասխանող պայմանագրերի նախագծերը, ինչպես նաև այն պայմանագրերի /համաձայնագրերի/ նախագծերը, որոնց պայմանները սահմանված են Երևան քաղաքի ավագանու և Երևանի քաղաքապետի որոշումներով:
(6-րդ կետը փոփ. 13.10.11 թիվ 4801-Ն, 20.07.12 թիվ 5349-Ն, 19.07.14 թիվ 2767-Ն որոշումներ)
7. Պատասխանատու ստորաբաժանումը պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունները և դիտողությունները ստանալուց հետո, երկու աշխատանքային օրվա ընթացքում, լրամշակում է պայմանագրի նախագիծը` անհրաժեշտության դեպքում առաջարկությունների հեղինակների հետ կազմակերպելով աշխատանքային քննարկումներ:
8. Պայմանագրի լրամշակված տարբերակը, բացառությամբ գնման պայմանագրի, կրկին ներկայացվում է իրավաբանական, իսկ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքերում նաև ֆինանսական ստորաբաժանման համաձայնությանը: Վերջիններս նախագիծն ստանալուց մեկ աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում են պատասխանատու ստորաբաժանմանը`
1) դրական եզրակացությամբ, եթե չկան այլ առաջարկություններ կամ դիտողություններ.
2) բացասական եզրակացությամբ, եթե կան չընդունված կամ չհամաձայնեցված առաջարկություններ ու դիտողություններ:
9. Պատասխանատու ստորաբաժանումը պայմանագիրն իրավասու պաշտոնատար անձին ստորագրման է ներկայացնում սույն կարգի 8-րդ կետում նշված դրական կամ բացասական եզրակացության հետ միասին:
10. Պայմանագիրն ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, նախագծի վերաբերյալ բացասական եզրակացության առկայության դեպքում, իրավասու է այն ստորագրել կամ վերադարձնել պատասխանատու ստորաբաժանմանը` հանձնարարելով ներկայացված եզրակացության հիման վրա կատարել փոփոխություններ և մեկ աշխատանքային օրվա ընթացքում` նախագծի լրամշակված տարբերակը ներկայացնել ստորագրման:
i
10.1. Ստորագրված պայմանագրի մեկ օրինակը պատասխանատու ստորաբաժանումն առձեռն հանձնում է պայմանագրի մյուս կողմին կամ ուղարկում է Քաղաքապետարանի քարտուղարությանը` պայմանագրի մյուս կողմին պատշաճ կարգով ուղարկելու կամ առձեռն հանձնելու համար:
(10.1-ին կետը լրաց. 19.07.14 թիվ 2767-Ն որոշում)
10.2. Պատասխանատու ստորաբաժանումը պետական գրանցման ենթակա պայմանագրերը Հայաստանի Հանրապետության օրենքով գրանցման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո 5-օրյա ժամկետում դիմում է համապատասխան մարմիններին` անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով:
(10.2-րդ կետը լրաց. 19.07.14 թիվ 2767-Ն որոշում)
III. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
11. Ստորագրված պայմանագրերի բնօրինակները պահվում են իրավաբանական ստորաբաժանումում: Հաստատված պայմանագրերը հաշվառվում և գրանցվում են պայմանագրերի հաշվառման գրքում:
i
11.1. Ստորագրված պայմանագրերի բնօրինակները ստորագրման պահից, իսկ այն պայմանագրերը, որոնցից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, Քաղաքապետարանում պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու պահից հետո 10-օրյա ժամկետում, հաշվառման և պահպանման նպատակով ներկայացվում են իրավաբանական ստորաբաժանմանը:
Պայմանագրերի բնօրինակների հետ իրավաբանական ստորաբաժանմանն են ներկայացվում պայմանագրերի տեսաներածված տարբերակները և պետական գրանցման ենթարկելու հանգամանքը հաստատող փաստաթղթերը:
(11.1-ին կետը լրաց. 19.07.14 թիվ 2767-Ն որոշում)
12. Պայմանագրի պատճենները տրամադրվում են Քաղաքապետարանի պատասխանատու, եկամուտների հաշվառման և գանձման ստորաբաժանումներին և այն ստորաբաժանումներին, որոնց աշխատանքին կարող է առնչվել պայմանագիրը:
Յուրաքանչյուր ստորաբաժանում, որին տրամադրվում են պայմանագրերի պատճենները, պարտավոր է վարել պայմանագրերի իր ներքին հաշվառումը և պահպանումը:
13. Եթե Քաղաքապետարանի ստորաբաժանմանը կամ աշխատողին անհրաժեշտ է ստանալ պայմանագրի պատճենը կամ ծանոթանալ դրա հետ, ապա վերջինս դիմում է իրավաբանական ստորաբաժանում և մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստանում համապատասխան փաստաթղթերը:
14. (14-րդ կետն ուժը կորցրել է 19.07.14 թիվ 2767-Ն որոշում)
i
15. Քաղաքապետարանում պետք է ներդրվի և օգտագործվի պայմանագրերի հաշվառման և պահպանման համապատասխան համակարգչային ծրագիր, որում պարտադիր պետք է մուտքագրվեն Քաղաքապետարանի կողմից կնքված բոլոր պայմանագրերը` նշելով պայմանագրի կնքման ամսաթիվը, առարկան և պարտավորությունների կատարման ժամկետները, անհրաժեշտության դեպքում` պարտավորությունների կատարման վերաբերյալ այլ դրույթներ: Ծրագիրը վարելու պարտականությունը և օգտագործման պատասխանատվությունը կրում է իրավաբանական ստորաբաժանումը:
IV. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
16. Պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ մոնիթորինգն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումը: Այդ նպատակով պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է պայմանագրերի կատարման ընթացքում, գործողության ավարտին և դրանից հետո պայմանագրերով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման մասին` գրավոր տեղեկացնել իրավաբանական ստորաբաժանմանը:
17. Պայմանագրերով նախատեսված ֆինանսական պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է եկամուտների հաշվառման և գանձման ստորաբաժանումը: Պայմանագրերի կատարման ընթացքում` դրանց գործողության ավարտից հետո Քաղաքապետարանի հանդեպ ստանձնված ֆինանսական պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, կամ Քաղաքապետարանի ստանձնած ֆինանսական պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում` դրա հայտնաբերման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում եկամուտների հաշվառման և գանձման ստորաբաժանումը դրա մասին գրավոր տեղեկացնում է իրավաբանական ստորաբաժանմանը:
18. Պայմանագրերով նախատեսված ժամկետների նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու նպատակով իրավաբանական ստորաբաժանումն իրավասու է`
1) պատասխանատու ստորաբաժանումից պահանջելու և ուսումնասիրելու անհրաժեշտ փաստաթղթեր.
2) հարցում կատարելու պատասխանատու ստորաբաժանմանը պայմանագրերի կատարման ընթացքի վերաբերյալ և ստացված տեղեկությունները համեմատելու իրավաբանական ստորաբաժանումում եղած տվյալների հետ.
3) պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրով նախատեսված պարտավորության (պարտավորությունների) չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում` պատասխանատու ստորաբաժանումից պահանջելու գրավոր կամ բանավոր տեղեկություններ.
4) անհրաժեշտության դեպքում վարելու բանակցություններ պայմանագրի մյուս կողմի հետ:
19. Սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերում նախատեսված դեպքերում իրավաբանական ստորաբաժանումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` պայմանագրերի պատշաճ կատարումն ապահովելու համար և վերջիններիս մասին զեկուցագիր է ներկայացնում Երևանի քաղաքապետին:
V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
20. Գնման պայմանագրերի մշակման, հաշվառման, պահպանման և դրանցով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ մոնիթորինգն իրականացնում է Քաղաքապետարանի գնումների ստորաբաժանումը:
21. Սույն կարգով սահմանված Քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանման, իրավաբանական, ֆինանսական, գնումների, եկամուտների հաշվառման և գանձման ստորաբաժանումների լիազորություններն իրականացնում են Վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումները, եթե Երևանի քաղաքապետի որոշմամբ Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարը լիազորվել է կնքել պայմանագիրը: Ընդ որում`
1) Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարի կողմից պայմանագրերը ստորագրվում են մեկ հատ ավելի բնօրինակից, որի հաստատված մեկական օրինակները Վարչական շրջանի իրավաբանական ստորաբաժանումը, ոչ ուշ քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է Քաղաքապետարանի իրավաբանական ստորաբաժանմանը,
2) սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերով սահմանված դեպքերում` Վարչական շրջանի իրավաբանական ստորաբաժանումը, երեք աշխատանքային օրվա ընթացքում, պայմանագրերով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման մասին` գրավոր տեղեկացնում է Քաղաքապետարանի իրավաբանական ստորաբաժանմանը:
Հավելված N 2
Երևանի քաղաքապետի
2011 թվականի մայիսի 5-ի
N 1653-Ն որոշման
ՁԵՎ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ
.____________________________________________________________________.
|Պայմա- |Պայմանագրի|Պայմանագրի կողմ |Պայմա- |Պայմանագրի |Ծանո- |
|նագրի |կնքման |հանդիսացող |նագրի |ուժի մեջ |թագրու-|
|հաշվառման|ամսաթիվը, |ֆիզիկական անձի |առարկան|մտնելու և |թյուն |
|համարը |ամիսը, |անունը, ազգանունը,| |պայմանագրի | |
| |տարեթիվը |բնակության վայրը, | |գործողության| |
| |և |անձնագրի սերիան ու| |ժամկետը | |
| |գրանցման |համարը | |լրանալու | |
| |համարը |(իրավաբանական անձի| |ամսաթիվը, | |
| | |դեպքում | |ամիսը և | |
| | |իրավաբանական անձի | |տարեթիվը | |
| | |անվանումը, | | | |
| | |կազմակերպաիրավական| | | |
| | |ձևը, | | | |
| | |գործունեության | | | |
| | |իրականացման վայրը)| | | |
|_________|__________|__________________|_______|____________|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_________|__________|__________________|_______|____________|_______|
|_________|__________|__________________|_______|____________|_______|
|_________|__________|__________________|_______|____________|_______|
|_________|__________|__________________|_______|____________|_______|
.____________________________________________________________________.
Հավելված N 3
Երևանի քաղաքապետի
2011 թվականի մայիսի 5-ի
N 1653-Ն որոշման
ԿԱՐԳ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում, այդ թվում` Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում (այսուհետ` Աշխատակազմ) պայմանագրերի (այսուհետ` պայմանագրեր) հաշվառման և գրանցման գրքի (այսուհետ` հաշվառման և գրանցման գիրք) վարման հետ կապված հարաբերությունները:
2. Պայմանագրերի հաշվառումը և գրանցումն իրականացվում են հաշվառման և գրանցման գրքում համապատասխան գրառում կատարելու միջոցով:
3. Հաշվառման և գրանցման գիրքն ըստ սյունակների լրացվում է հետևյալ ձևով`
1) 1-ին սյունակում նշվում է պայմանագրի հաշվառման համարը.
2) 2-րդ սյունակում նշվում են պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և գրանցման համարը, որը յուրաքանչյուր տարի սկսվում է հունվարի 1-ից և շարունակվում մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ կնքված պայմանագրերի համար: Աշխատակազմի` հաշվառման և գրանցման գիրքը վարող համապատասխան ստորաբաժանումը կարող է սույն կարգով գրառված պայմանագրի գրանցման յուրաքանչյուր համարի ցանկացած կողմից որոշակի սկզբունքով լրացնել տարբերակող տառեր կամ թվեր` դրանք առանձնացնելով գծիկներով (օրինակ` Ա-1, 1-Ա, Ա-1-Բ, ԱԳ-1).
3) 3-րդ սյունակում նշվում են պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը և գործունեության իրականացման վայրը.
4) 4-րդ սյունակում նշվում է պայմանագրի առարկան.
5) 5-րդ սյունակում նշվում են պայմանագրի ուժի մեջ մտնելու և պայմանագրի գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը (օրինակ` 01.06.2011թ.-22.08.2011թ.).
6) 6-րդ սյունակում նշվում են հաշվառման գրքի մյուս սյունակների գրանցումները բացահայտելու կամ լրացնելու համար անհրաժեշտ գրառումներ և տեղեկություններ, ինչպես նաև պայմանագրի պայմանները փոփոխելու, պայմանագիրը դադարեցնելու և այլ տեղեկություններ: