Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2519/02/09  

    դատարանի որոշում                                             2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԵԱՔԴ/2519/02/09

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան     

                       Տ. Նազարյան      

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վիգեն Ղահրեմանու վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գագիկ Սուքիասյանի, Հարություն Սուքիասյանի ընդդեմ Վիգեն Ղահրեմանու` սեփականատիրոջ խախտված իրավունքները վերականգնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գագիկ և Հարություն Սուքիասյանները պահանջել են պարտավորեցնել Վիգեն Ղահրեմանուն ապամոնտաժել Երևանի Ն. Զարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 տան տանիքի կառուցվածքն այնպես, որ այն վտանգ չհանդիսանա իրենց սեփականությունը հանդիսացող` Երևանի Ն. Զարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7 տան համար:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 01.12.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.03.2011 թվականի որոշմամբ Դատարանի 01.12.2010 թվականի վճռի դեմ Վիգեն Ղահրեմանու բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վիգեն Ղահրեմանին:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 277-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, որպես գործի համար էական նշանակություն ունեցող ապացույց հաշվի է առել միայն «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն) 21.07.2010 թվականի թիվ 10-0769 եզրակացությունը:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, և անտեսել է «ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի 15.09.2010 թվականի թիվ 36-4/573 գրությունը, որի համաձայն` Երևանի Արաբկիր համայնքում ձյան շերտի առավելագույն բարձրությունը կազմում է 16 սմ, իսկ տեղումների միջին ինտենսիվությունը` 0,23 մմ րոպե: Այսինքն` Ծառայության մասնագետների տրամադրած տեղեկատվությունը փաստում է, որ Արաբկիր համայնքում այնպիսի տեղումներ չեն գրանցվում, որոնք կարող են վտանգ ստեղծել Երևանի Ն. Զարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7 տան համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի Ն. Զարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7 տունը սեփականության իրավունքով պատկանում է Գագիկ և Հարություն Սուքիասյաններին (հատոր 1-ին, գ.թ. 18-20):

2) Երևանի Ն. Զարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 տունը սեփականության իրավունքով պատկանում է Վիգեն Ղահրեմանուն (հատոր 1-ին, գ.թ. 34-36):

3) Երևանի քաղաքապետարանի 02.12.2005 թվականի թիվ 218 շինարարության թույլտվության համաձայն` Երևանի Ն. Զարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեում թույլատրվել է իրականացնել 4 հարկանի, նկուղով և մանսարդային հարկով բնակելի տան շինարարական աշխատանքներ (ՃՀԱ 14.04.2005 թվականի թիվ 18-08/1-Ա-82, նախագիծ 06.09.05 թվական, հ.18-05/Ա-269/1-186) (հատոր 1-ին, գ.թ. 72-73):

4) Կազմակերպության 21.07.2010 թվականի թիվ 10-0769 փորձագիտական եզրակացության հետազոտական մասի համաձայն`

- Երևանի Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեում կառուցված շինությունը հինգ վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկով շինություն է, որը կառուցված է թեք տեղանքում և Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեին հարակից հատվածում այն ունի 21,1 մ բարձրություն:

- Երևանի Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեում կառուցված շինության տանիքի և Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեի հողաշեն տան տանիքների նիշերի տարբերությունը կազմում է 14,2 մ:

- Երևանի Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեում կառուցված շինության տանիքի ջրահեռացումն իրականացվում է Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում առկա շինությանը հարող պատի ուղղությամբ տեղակայված 0,32 մ խորությամբ մետաղե ջրհորդանի և շինության երկու անկյուններում տեղակայված 0,15 մ տրամագծով մետաղական խողովակների միջոցով:

- Հորդառատ անձրևների (մեկ ժամում 0,25 մ-ից ավել) ժամանակ, չափագրմամբ Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեում կառուցված շինության տանիքի ջրահեռացման իրականացման վերաբերյալ ձեռք բերած տվյալների հիման վրա կատարված շինարարատեխնիկական և հիդրավլիկ հաշվարկների արդյունքում պարզվել է, որ կարող է առաջանալ անձրևաջրերի արտահոսք Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 շենքի տանիքից դեպի Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում առկա շինություն:

- 0,32 մ-ից ավել ձյան շերտի առկայության պայմաններում, չափագրմամբ Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեում կառուցված շինության տանիքի ջրահեռացման իրականացման վերաբերյալ ձեռք բերած տվյալների հիման վրա կատարված շինարարատեխնիկական և հիդրավլիկ հաշվարկների արդյունքում պարզվել է, որ կառաջանա ձյան շերտի սահք Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 շենքի տանիքից դեպի Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում առկա շինություն:

Նույն եզրակացության հետևություններ մասի համաձայն` երկու շինությունների իրար հարակից լինելու և երկու շինությունների տանիքների նիշերի տարբերությունը (ազատ անկման արագացման հաշվառմամբ) հաշվի առնելով և վերը` սույն եզրակացության հետազոտական մասում, թվարկված պայմաններում ջրերի արտահոսքը և ձյան շերտի սահքը կարող են վտանգ սպառնալ Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում առկա շինության տանիքին (հատոր 2-րդ, գ.թ. 4-8):

5) Վիգեն Ղահրեմանու ներկայացուցչին հասցեագրված «ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի (այսուհետ` Ծառայություն) 15.09.2010 թվականի թիվ 36-4/573 գրության համաձայն` Երևանի Արաբկիր համայնքի տարածքում ձյան շերտի տասնօրյակային միջին բարձրությունը կազմում է 7-10 սմ, միջին առավելագույնը` 16 սմ, տեղումների միջին ինտենսիվությունը` 0.23 մմ/րոպե (հատոր 2-րդ, գ.թ. 25):

5) Հարություն Սուքիասյանի ներկայացուցչին հասցեագրված Ծառայության 01.11.2010 թվականի թիվ 36-4/725 գրության համաձայն` ըստ Երևանի Արաբկիր օդերևութաբանական կայանի տվյալների` 2010 թվականի հոկտեմբեր ամսվա տեղումների քանակը 77.8 մմ է, որը կազմում է նորմայի 243% (հատոր 2-րդ, գ.թ. 30):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` 1. գրավոր և իրեղեն ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով ապացույցի հասկացությունը, սպառիչ սահմանել է դրանց տեսակները, այն է` գրավոր և իրեղեն ապացույցները, փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները, գործին մասնակցող անձանց ցուցմունքները: Ընդ որում, դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին:

Սույն գործով վերաքննիչ բողոքը մերժելիս Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հարցի պարզաբանման համար թույլատրելի և վերաբերելի ապացույց, այն է` Կազմակերպության 21.07.2010 թվականի թիվ 10-0769 եզրակացությունը և արձանագրել է, որ Դատարանի դիրքորոշումը հայցի բավարարման առումով իրավաչափ է և դատական ակտը բեկանելու բավարար հիմքեր առկա չեն:

Սույն գործի փաստերի համաձայն` Կազմակերպության 21.07.2010 թվականի թիվ 10-0769 փորձագիտական եզրակացության հետազոտական մասի համաձայն` հորդառատ անձրևների (մեկ ժամում 0,25 մետրից ավել) ժամանակ, չափագրմամբ Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեում կառուցված շինության տանիքի ջրահեռացման իրականացման վերաբերյալ ձեռք բերած տվյալների հիման վրա կատարված շինարարատեխնիկական և հիդրավլիկ հաշվարկների արդյունքում պարզվել է, որ կարող է առաջանալ անձրևաջրերի արտահոսք Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 շենքի տանիքից դեպի Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում առկա շինություն: 0,32 մետրից ավել ձյան շերտի առկայության պայմաններում, չափագրմամբ Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեում կառուցված շինության տանիքի ջրահեռացման իրականացման վերաբերյալ ձեռք բերած տվյալների հիման վրա կատարված շինարարատեխնիկական և հիդրավլիկ հաշվարկների արդյունքում պարզվել է, որ կառաջանա ձյան շերտի սահք Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 շենքի տանիքից դեպի Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում առկա շինություն: Նույն եզրակացության հետևություններ մասի համաձայն` երկու շինությունների իրար հարակից լինելու և երկու շինությունների տանիքների նիշերի տարբերությունը (ազատ անկման արագացման հաշվառմամբ) հաշվի առնելով և վերը` սույն եզրակացության հետազոտական մասում թվարկված պայմաններում ջրերի արտահոսքը և ձյան շերտի սահքը կարող են վտանգ սպառնալ Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում առկա շինության տանիքին:

Ծառայության 15.09.2010 թվականի թիվ 36-4/573 գրության համաձայն` Երևանի Արաբկիր համայնքի տարածքում ձյան շերտի տասնօրյակային միջին բարձրությունը կազմում է 7-10 սմ, միջին առավելագույնը` 16 սմ, տեղումների միջին ինտենսիվությունը` 0.23 մմ/րոպե: Նույն Ծառայության մեկ այլ` 01.11.2010 թվականի թիվ 36-4/725 գրության համաձայն` ըստ Երևանի Արաբկիր օդերևութաբանական կայանի տվյալների` 2010 թվականի հոկտեմբեր ամսվա տեղումների քանակը 77.8 մմ է, որը կազմում է նորմայի 243%-ը:

Վերոգրյալներից ելնելով և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, այն է` Ծառայության 15.09.2010 թվականի թիվ 36-4/573 և 01.11.2010 թվականի թիվ 36-4/725 գրությունները, ինչպես նաև չի պատճառաբանել, թե ինչու է այդ ապացույցները մերժում: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը համոզիչ և հիմնավոր չէ:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ նշված գրություններով արձանագրված ելակետային տվյալները տարբերվում են 21.07.2010 թվականի թիվ 10-0769 եզրակացությունում նշված տվյալներից և չեն գերազանցում եզրակացության հետազոտական մասի տվյալները, որոնց առկայության պայմաններում միայն կարող է ջրերի արտահոսքը և ձյան շերտի սահքը վտանգ սպառնալ Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում առկա շինության տանիքին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.07.2011
N ԵԱՔԴ/2519/02/09
Որոշում