Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0009/02/10  

    դատարանի որոշում                                             2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0009/02/10

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան    

                       Ա. Թումանյան     

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.12.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 699.436 ՀՀ դրամ` որպես մատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումար:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 15.09.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.12.2010 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.09.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի և 53-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կազմակերպության կողմից ներկայացված շրջանառու տեղեկանքը, վերծանումները և մյուս փաստաթղթերը բավարար չեն հայցվող գումարի չափը հիմնավորելու համար, իսկ այդ գումարի գոյացման հիմքը հիմնավորող որևէ ապացույց դատարան չի ներկայացվել: Ավելին, կողմերի միջև 30.05.2007 թվականին կնքված պատվեր-դիմումի (պայմանագրի) 5-րդ կետը վերաբերում է հաշվարկներին, հաշիվ ներկայացնելուն և վճարելուն, մասնավորապես` 5.2-րդ կետի համաձայն` փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է օպերատորի բիլինգային համակարգի գրանցումների հիման վրա և նշվում է բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշվում: Ծառայությունների մատուցման հաշիվը բաժանորդին` ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ ապացույց է: Մինչդեռ, Կազմակերպությունը Ընկերության պարտքի վերաբերյալ որևէ հաշիվ չի ներկայացրել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.12.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Կազմակերպության և Ընկերության միջև 30.05.2007 թվականին կնքված թիվ 96123-38 և 12.06.2007 թվականին կնքված թիվ 96208-210 պատվեր-դիմումների (պայմանագրերի) համաձայն` Ընկերությանը հատկացվել են թվով 19 հեռախոսահամարներ: Նշված պայմանագրերի ծառայությունների մատուցման պայմանների 5.1-ին կետի համաձայն` վճարումները բաժանորդի կողմից կատարվում են հաշվետու ժամանակաշրջանում իրեն մատուցված ծառայությունների դիմաց` համաձայն նույն պայմաններում սահմանված պայմանների, բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանի, օգտագործած ծառայությունների ցանկի և ծավալների: Պայմանների 5.2-րդ կետի համաձայն` փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է օպերատորի բիլինգային համակարգի գրանցումների հիման վրա և նշվում է բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշվում: Ծառայությունների մատուցման հաշիվը հանդիսանում է բաժանորդին` ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ ապացույց (հատոր 1-ին, գ.թ. 5, հատոր 2-րդ, գ.թ. 20):

2) Կազմակերպության կողմից ներկայացված շրջանառու տեղեկանքի համաձայն` Ընկերության պարտքը կազմում է 699.436 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 34-48):

3) Կազմակերպության կողմից ներկայացվել են Ընկերությանը տրամադրված հեռախոսահամարներից իրականացված խոսակցությունների վերծանումները (հատոր 2-րդ, գ.թ. 44-110, հատոր 3-րդ, գ.թ. 1-98):

4) Սույն գործում առկա չէ Կազմակերպության կողմից Ընկերությանը ներկայացված ծառայություններ մատուցելու փաստի և ծավալների վերաբերյալ հաշիվը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է կողմերի միջև ապացուցման դատավարական բեռի բաշխման հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս ըստ հայցի Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի ընդդեմ Սեդա Սարգսյանի` գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ Դատարանը հետազոտել և պատշաճ գնահատել է գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես, Կազմակերպության կողմից ներկայացված շրջանառու տեղեկանքը, որում առանձին-առանձին ամրագրված են պարտքի մնացորդը ժամանակահատվածի սկզբին, ամսական վարձը, խոսակցությունների, միանվագ ծառայությունների վարձերը, ավելացված արժեքի հարկը, վճարումները հաշվետու ժամանակահատվածի վերջում, ինչպես նաև բացվածքը, ըստ որի` յուրաքանչյուր հեռախոսահամարի համար նշված է մատուցված ծառայությունների ծավալը, տեսակը, զանգերի ուղղությունները և արժեքը, հայցվորի կողմից դատարան ներկայացված պատասխանողի հեռախոսահամարների ելքային զանգերի վերծանումները և կոնկրետ ժամանակահատվածների համար վճարումներ չկատարելու հանգամանքը հավաստող փաստաթղթերը:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է «շրջանառու-տեղեկանք»-ի` որպես Կազմակերպության հայցը հիմնավորող ապացույցի վերաբերելիության հարցին և արձանագրել, որ այն բավարար չէ հայցվող գումարի չափը հիմնավորելու համար (տե՛ս ըստ հայցի «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ընդդեմ Սվետլանա Շահազիզյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2009 թվականի թիվ ԵԿԴ/3065/02/08 որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Կազմակերպության և Ընկերության միջև 30.05.2007 թվականին կնքված թիվ 96123-38 և 12.06.2007 թվականին կնքված թիվ 96208-210 պատվեր-դիմումներով (պայմանագրերով) Ընկերությանը հատկացվել են թվով 19 հեռախոսահամարներ: Նշված պայմանագրերի ծառայությունների մատուցման պայմանների 5.1-ին կետի համաձայն`վճարումները բաժանորդի կողմից կատարվում են հաշվետու ժամանակաշրջանում իրեն մատուցված ծառայությունների դիմաց` համաձայն նույն պայմաններում սահմանված պայմանների, բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանի, օգտագործած ծառայությունների ցանկի և ծավալների: Պայմանների 5.2-րդ կետի համաձայն` փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է օպերատորի բիլինգային համակարգի գրանցումների հիման վրա և նշվում է բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշվում: Ծառայությունների մատուցման հաշիվը հանդիսանում է բաժանորդին` ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ ապացույց:

Հիմք ընդունելով վերոգրյալը և վերլուծելով կողմերի միջև կնքված պատվեր-դիմումների (պայմանագրերի) ծառայությունների մատուցման պայմանները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցը հիմնավորող միակ թույլատրելի ապացույցը Կազմակերպության կողմից Ընկերությանը ներկայացված ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ հաշիվն է, որը սույն գործում բացակայում է:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն Կազմակերպությունը չի ապացուցել Ընկերության կողմից իր հանդեպ պարտավորություն ունենալու հանգամանքը, որի բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը` Կազմակերպությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.12.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հայցը մերժել:

2.»ԱրմենՏել» ՓԲԸ-ից հօգուտ «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊԸ-ի բռնագանձել 14.500 (տասնչորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.983 (քսան հազար ինը հարյուր ութսուներեք) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.07.2011
N ԱՎԴ1/0009/02/10
Որոշում