Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 65-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ Վարչական դատարանի վճիռ              Վարչական գործ թիվ ՎԴ/0275/05/10

    Վարչական գործ թիվ ՎԴ/0275/05/10                                2011 թ.

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արայիկ Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 19.07.2010 թվականի վճռի դեմ` ըստ Ռուզաննա Վահանյանի հայցի ընդդեմ ՀՀ Կառավարության, Արայիկ Դավթյանի, երրորդ անձինք Սևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սևանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` Սևանի լուծարված քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի (այսուհետ` Գործկոմ) 11.04.1994 թվականի թիվ 4-Ն որոշումը մասնակի` Արայիկ Դավթյանի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռուզաննա Վահանյանը պահանջել է մասնակի` Արայիկ Դավթյանի մասով, անվավեր ճանաչել Գործկոմի 11.04.1994 թվականի թիվ 4-Ն որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 19.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արայիկ Դավթյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռուզաննա Վահանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասը, 26-րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ հոդվածի 2-րդ մասը, 104-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 122-րդ, 123-րդ, 124-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ ՀՀ վարչական դատարանի` 23.10.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է համարվել, որ Սևանի Խաղաղության փողոցի 8-րդ շենքի թիվ 9 բնակարանի սեփականաշնորհումը կատարվել է «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան: Մինչդեռ, Դատարանը նշվածը չի դիտել որպես ապացուցման կարիք չունեցող փաստ և դրա փոխարեն հիմք է ընդունել ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 29.07.2005 թվականի վճիռը` հաշվի չառնելով, որ այդ վճռով մերժվել է Արայիկ Դավթյանին սեփականության իրավունքից զրկելու պահանջը:

Արայիկ Դավթյանը մինչև գործի դատաքննությունը Դատարան է ներկայացրել գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն` հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 29.07.2005 թվականի վճիռը: Նշված գործով կողմերն են եղել Արայիկ Դավթյանը և նրա մայրը (Ռուզաննա Վահանյանը վերջինիս իրավահաջորդն է), հայցի հիմքը` Գործկոմի 11.04.1994 թվականի թիվ 4-Ն որոշումը, իսկ վեճի առարկան` Սևանի Խաղաղության փողոցի 8-րդ շենքի թիվ 9 բնակարանի 1/3 մասի նկատմամբ Արայիկ Դավթյանի սեփականության իրավունքը: Մինչդեռ, Դատարանը որևէ կերպ չի անդրադարձել նշված միջնորդությանը և այն մերժելու կամ բավարարելու մասին որոշում չի կայացրել:

Դատարանն անտեսել է նաև, որ վարչական ակտը դառնում է անվիճարկելի, եթե դրա ընդունման օրվանից անցել է 10 տարի, իսկ տվյալ դեպքում վիճարկվող որոշման ընդունման պահից անցել է ավելի քան 16 տարի:

Միաժամանակ, եթե Դատարանը գտել է, որ վիճարկվող որոշումն Արայիկ Դավթյանի մասով ոչ իրավաչափ է, ապա այն ոչ իրավաչափ է նաև վերջինիս մոր և հոր մասերով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 19.07.2010 թվականի վճիռը և կարճել գործի վարույթը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Գործկոմի 11.04.1994 թվականի թիվ 4-Ն որոշումը կայացվել է «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, քանի որ Արայիկ Դավթյանը, փաստացի բացակայելով Հայաստանի Հանրապետությունից, օգտվել է Սևան քաղաքի Խաղաղության փողոցի 8-րդ շենքի թիվ 9 բնակարանի սեփականաշնորհումից, որի վերաբերյալ վերջինիս տված համաձայնության կեղծ լինելն ապացուցվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի` թիվ 15052-140 քաղաքացիական գործով 29.07.2005 թվականի վճռով:

Բացի այդ, անհիմն է գործի վարույթը կարճելու վերաբերյալ բողոք բերած անձի հիմնավորումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Հայաստանի Ազգային արխիվի Սևանի տարածքային ներկայացուցչության 25.01.2010 թվականի թիվ 06-22-06 արխիվային տեղեկանքի համաձայն` Գործկոմի 11.04.1994 թվականի թիվ 4 նիստի արձանագրությամբ որոշվել է թույլատրել Էլիչկա Դավթյանին սեփականաշնորհել իր կողմից զբաղեցված Սևանի Խաղաղության փողոցի 8-րդ շենքի թիվ 9 բնակարանը (գ.թ. 13):

2) Քաղաքապետարանի 25.06.2004 թվականի տեղեկանքի համաձայն` Սևանի Խաղաղության փողոցի 8-րդ շենքի թիվ 9 բնակարանի սեփականաշնորհման պահին

(11.04.1994 թվականի թիվ 4 նիստ) Էլիչկա Դավթյանի ընտանիքը բաղկացած է եղել երեք շնչից` ինքը, ամուսինը` Սերյոժա Դավթյանը, տղան` Արայիկ Դավթյանը (գ.թ. 17):

3) Կադաստրի 13.06.2005 թվականի տեղեկանքի համաձայն` Սևանի Խաղաղության փողոցի 8-րդ շենքի թիվ 9 բնակարանը սեփականաշնորհվել է Էլիչկա Դավթյանի անունով 11.04.1994 թվականի թիվ 4 նիստով, և նշված բնակարանի համասեփականատերերն են Սերյոժա և Արայիկ Դավթյանները (գ.թ. 16):

4) ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը, քննելով թիվ 15052-140 քաղաքացիական գործն ըստ հայցի Էլիչկա Դավթյանի ընդդեմ Արայիկ Դավթյանի` Սևանի Խաղաղության փողոցի 8-րդ շենքի թիվ 9 բնակարանի հաշվառումից հանելու և նշված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման պահանջների մասին, 29.07.2005 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն` Սևանի Խաղաղության փողոցի 8-րդ շենքի թիվ 9 բնակարանի հաշվառումից հանելու պահանջի մասով, իսկ նշված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման պահանջի մասով հայցը մերժել է այն հիմնավորմամբ, որ հայցապահանջն առարկայազուրկ է, քանի որ պատասխանողն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք չի բերել (գ.թ. 26-27):

5) Էլիչկա Դավթյանը 12.12.2005 թվականի կտակով սեփականության իրավունքով իրեն պատկանող Սևանի Խաղաղության փողոցի 8-րդ շենքի թիվ 9 բնակարանը և ամբողջ ունեցվածքը կտակել է Ռուզաննա Վահանյանին (գ.թ. 28):

6) 10.02.2009 թվականի «Ըստ կտակի ժառանգության իրավունքի» վկայագրի համաձայն` Էլիչկա Դավթյանի` մահացած 04.07.2008 թվականին, կտակում ցույց տրված ամբողջ գույքի ժառանգն է Ռուզաննա Վահանյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է նույն վկայագիրը, բաղկացած է Սևանի Խաղաղության փողոցի 8-րդ շենքի թիվ 9 բնակարանից ամբողջությամբ (գ.թ. 29):

7) ՀՀ վարչական դատարանը, քննելով վարչական գործն ըստ հայցի Արայիկ Դավթյանի ընդդեմ Կադաստրի, երրորդ անձինք Սևանի նոտարական տարածքի նոտար Ա. Հարությունյանի, Քաղաքապետարանի, Ռուզաննա Վահանյանի` 30.09.2004 թվականի թիվ 1256864 սեփականության իրավունքի վկայականում կատարված ուղղումը` Արայիկ Դավթյանի մասով, անվավեր ճանաչելու և որպես հետևանքների վերացում` 12.12.2005 թվականի կտակը և դրա հիման վրա տրված 10.02.2009 թվականի ժառանգության իրավունքի վկայագիրը, ինչպես նաև Ռուզաննա Վահանյանի անվամբ Սևանի Խաղաղության փողոցի 8-րդ շենքի թիվ 9 բնակարանի նկատմամբ իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցումը և դրա հիման վրա տրված 15.03.2009 թվականի թիվ 2388338 սեփականության իրավունքի վկայականը մասնակի` 1/3 մասով, անվավեր ճանաչելու և նշված բնակարանի նկատմամբ Արայիկ Դավթյանի սեփականության իրավունքի պետական գրանցմանը Կադաստրին պարտավորեցնելու պահանջների մասին, 23.10.2009 թվականի վճռով հայցը բավարարել է:

Նույն վճռով հաստատված է համարվել այն հանգամանքը, որ Սևանի Խաղաղության փողոցի 8-րդ շենքի թիվ 9 բնակարանի սեփականաշնորհումը կատարվել է «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան` որպես Էլիչկա Դավթյանի ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր սեփականություն (գ.թ. 34-40):

8) ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 09.12.2009 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ ՀՀ վարչական դատարանի նշված վճռի դեմ Ռուզաննա Վահանյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձրել է (գ.թ. 42-44):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ նույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է սեփականաշնորհման պահին Արայիկ Դավթյանի` Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվելու և նրա անունից տրված համաձայնության կեղծ լինելու փաստերը: Դատարանն արձանագրել է, որ նշված փաստերն արդեն իսկ քննարկման առարկա են դարձել ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի թիվ 15052-140 քաղաքացիական գործով, որով 29.07.2005 թվականի վճռով հաստատված է համարվել, որ Արայիկ Դավթյանը «ձեռք չի բերել օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ սեփականության իրավունք»:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ գործով հաստատված փաստը սույն գործի համար չի կարող նախադատելի լինել, քանի որ նշված երկու գործերում կողմերը նույնը չեն: Այսպես, սույն վարչական գործով կողմերն են Ռուզաննա Վահանյանը, ՀՀ Կառավարությունը, Արայիկ Դավթյանը, Քաղաքապետարանը, Կադաստրը, իսկ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի թիվ 15052-140 քաղաքացիական գործով կողմերն են Էլիչկա Դավթյանը և Արայիկ Դավթյանը:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արդեն իսկ անդրադարձել է դատական ակտի նախադատելիության իրավական խնդրին` նշելով, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին:

Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե' գործին մասնակցող անձանց, թե' դատարանի վրա: Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն:

Սակայն դատական ակտի նախադատելիության օբյեկտիվ սահմանները և դրանցից դուրս գալու հնարավորությունը ստեղծում է որոշակի իրավիճակներ, երբ պրեյուդիցիալ կապը դառնում է չկանխորոշող և կախված է լինում գործին մասնակցող անձանց կամքից և դատական հայեցողությունից:

Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս:

Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորություն է տալիս ապացուցման առարկայի` վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ճիշտ որոշման հարցին, քանզի դատարանի կողմից ապացուցման առարկայի սահմանների կամայական (առանց դատավարական նախադրյալի` հայցվորի կամահայտնության) ընդլայնումը բերում է այդ գործով կայացված դատական ակտով հաստատված որոշակի հանգամանքների նախադատելիության բացառման (տե'ս` «Սաթնէ» ՍՊԸ ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների` հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագիրը լուծելու, Ընկերությանը պատկանող և 17.02.2003 թվականին կնքված հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում 0,04 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին թիվ 3-93(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 29.07.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը սույն գործի քննության համար չի կարող ունենալ նախադատելի նշանակություն, քանի որ նշված գործով դատարանի վճռում հաստատված փաստը դուրս է տվյալ գործով ապացուցման առարկայից: Այսպես, նշված գործով ներկայացված էր Սևանի Խաղաղության փողոցի 8-րդ շենքի թիվ 9 բնակարանի հաշվառումից հանելու և նշված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման պահանջ: Հետևաբար, վճռում դատարանը, հաստատելով փաստ այն մասին, որ «պատասխանողը ձեռք չի բերել օրենքով սահմանված կարգով գույքի սեփականության իրավունքը, այն է` բացակայում է վերջինիս գրավոր դիմումը` հասցեագրված համայնքի ղեկավարին և սեփականաշնորհման ընթացքում Ա. Դավթյանը բացակայել է հանրապետությունից», ըստ էության կատարել է վարչական ակտի` Գործկոմի 11.04.1994 թվականի թիվ 4-Ն որոշման իրավաչափության վերաբերյալ եզրահանգումներ, ինչը տվյալ գործով ապացուցման առարկայից դուրս էր: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված փաստը չի կարող սույն գործով նախադատելի լինել, քանի որ այն հաստատվել է տվյալ գործով ապացուցման առարկայից դուրս:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը կարճելու վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի թիվ 15052-140 քաղաքացիական գործը քննվել է ըստ հայցի Էլիչկա Դավթյանի ընդդեմ Արայիկ Դավթյանի, և ներկայացվել էր Սևան քաղաքի Խաղաղության 8/9 բնակարանի հաշվառումից հանելու և նշված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման պահանջներ, իսկ սույն գործը քննվում է ըստ Ռուզաննա Վահանյանի հայցի ընդդեմ ՀՀ Կառավարության, Արայիկ Դավթյանի, երրորդ անձինք Քաղաքապետարանի, Կադաստրի` Գործկոմի 11.04.1994 թվականի թիվ 4-Ն որոշումը մասնակի` Արայիկ Դավթյանի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ գործերը նույն անձանց միջև և նույն առարկայի վերաբերյալ չեն:

Հիմք ընդունելով վերոգրյալը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանն ըստ էության չի քննել բողոքարկվող վարչական ակտի օրինաչափության հարցը` բավարարվելով միայն ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի` 29.07.2005 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված փաստը գնահատելով որպես նախադատելի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկել նոր քննության` Գործկոմի 11.04.1994 թվականի թիվ 4-Ն որոշման իրավաչափությունը պարզելու համար: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 19.07.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.07.2011
N ՎԴ/0275/05/10
Որոշում