Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                Վարչական գործ թիվ ՎԴ2/0286/05/10

    դատարանի որոշում                                               2011 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ2/0286/05/10

Նախագահող դատավոր` Լ. Սոսյան

    Դատավորներ`        Ա. Սարգսյան

                       Հ. Բեդևյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյան

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Սվերատեխսերվիս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.03.2011 թվականի որոշման դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սևանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) հայցի ընդդեմ Ընկերության` 150.000 ՀՀ դրամ հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Ընկերության հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության` 23.07.2007 թվականի թիվ 2309185 ստուգման ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Ընկերությունից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է առ ոչինչ ճանաչել Տեսչության 23.07.2007 թվականի թիվ 2309185 ստուգման ակտը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 15.10.2010 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.03.2011 թվականի որոշմամբ Տեսչության բողոքը բավարարվել է և Դատարանի 15.10.2010 թվականի վճիռը` Տեսչության հայցը մերժելու մասով բեկանվել և փոփոխվել է. Տեսչության հայցը բավարարվել է` Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 150.000 ՀՀ դրամ` որպես տուգանքի գումար, ինչպես նաև 7.500 ՀՀ դրամ` որպես հայց և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքերի գումար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ, 113-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման համար պարտավոր էր հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն այդ պահանջների պահպանման արդյունքում որոշեր բողոքը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Սույն գործով ակնհայտ է, որ ստուգում իրականացնող անձինք չեն կատարել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` ստուգման արդյունքում կազմված ակտը ստուգվող տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ներկայացնելու պարտավորությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ անձի` վարչական ակտին տեղեկանալու իրավունքը պաշտպանվում է (երաշխավորվում է) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածներով նախատեսված երաշխիքային նորմերով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով ապացուցվել է, որ Տեսչության կողմից ստուգման ակտն Ընկերությանը հանձնելու մասին դատարանին որևէ ապացույց չի ներկայացվել, հետևաբար ստուգման ակտն ուժի մեջ չի մտել, հետևաբար Տեսչության ուժի մեջ չմտած ակտը չէր կարող իրավական հետևանքներ առաջացնել, այսինքն` հիմք հանդիսանալ այդ ակտով առաջադրված տուգանքը բռնագանձելու համար:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով այդ հանգամանքը, եկել է սխալ եզրահանգման և գտել, որ Դատարանի կողմից վճարման կարգադրություն արձակելուց հետո Ընկերությունը, ներկայացնելով հակընդդեմ հայց, արդեն իսկ իրազեկվել է ստուգման ակտի ընդունման մասին, այդ ակտը ստացել և կցել է հակընդդեմ հայցադիմումին, իսկ Դատարանն այն քննել է ըստ էության:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` նույն հոդվածով սահմանված տուգանքը, խախտման փաստն արձանագրելուց հետո երկամսյա ժամկետում չմուծելու դեպքում կրկնապատկվում է: Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ ստուգման ակտի մասին Ընկերությունն իրազեկվել է Դատարանի կողմից, հանգել է այն հետևության, որ ստուգման ակտի մասին իրազեկվելուց հետո Ընկերության կողմից ակտը դատական կարգով վիճարկելու պարագայում դրանով Ընկերության նկատմամբ նշանակված տուգանքը ենթակա է կրկնապատկման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.03.2011 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 22.03.2007 թվականի թիվ 2309185 հանձնարարագրի հիման վրա Տեսչության գանձումների բաժնի հարկային տեսուչների կողմից Ընկերությունում կատարվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման և դրանց շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգում, որի արդյունքում 23.03.2007 թվականին կազմվել է թիվ 2309185 ակտը, որով արձանագրվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտում և Ընկերությանն առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն 75.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 3-5):

2) Ստուգում իրականացնող անձանց կողմից 23.03.2007 թվականին կազմվել են արձանագրություններ այն մասին, որ Ընկերության տնօրենը հրաժարվել է հանձնարարագիրը ստորագրելուց և ստանալուց, ստուգմանն առնչվող հարցերի վերաբերյալ հայտարարություն տալուց (գ.թ. 6-7):

3) Ակտով առաջադրված տուգանքի գումարը չի վճարվել և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի հիմքով այն կրկնապատկվել է:

4) Տեսչությունը չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհավաստվեր 23.03.2007 թվականին կազմված թիվ 2309185 ստուգման ակտն Ընկերությանը հանձնված լինելու հանգամանքը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` վարչական ակտերի ձևերի, դրանց ընդունման, հրապարակման կամ հրատարակման, ուժի մեջ մտնելու, փոփոխման, անվավեր ճանաչելու, գործողությունը դադարեցնելու, ինչպես նաև այդ ակտերի հասցեատերերին իրազեկելու հետ կապված հարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները սահմանվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով:

i

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կազմված ստուգման ակտն ստուգում իրականացնող անձինք երեք օրվա ընթացքում պետք է ներկայացնեն տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված ակտն ստորագրում են ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք և տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում կողմերի կարծիքներն արձանագրվում են ակտում: Ակտն ստորագրելուց հրաժարվելու դեպքում դրա մասին ակտում կատարվում է համապատասխան գրառում: Ակտի պատճենի մեկ օրինակը հանձնվում է տնտեսվարող սուբյեկտին:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ ստուգման ակտը ստորագրելուց հրաժարվելու դեպքում ստուգողները դրանում պետք է համապատասխան գրառում կատարեն: Մինչդեռ, ստուգման ակտում բացակայում է Ընկերության տնօրենի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրությունը, ինչպես նաև դրանում որևէ գրառում չկա ստորագրելուց հրաժարվելու մասին: Ստուգման ակտին կից արձանագրություններից մեկը վերաբերում է նրան, որ Ընկերության տնօրենը հրաժարվել է ստորագրել ստուգման հանձնարարագիրը: Մինչդեռ, ստուգման ակտը ստորագրելուց հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն չի կազմվել, ինչպես նաև դրա մասին ստուգման ակտում որևէ գրառում չի կատարվել:

Օրենքի վերոնշյալ դրույթից հետևում է նաև, որ ստուգման ակտի պատճենի մեկ օրինակը Տեսչությունը պարտավոր էր հանձնել Ընկերությանը: Մինչդեռ սույն գործի փաստերը վկայում են այն մասին, որ Տեսչությունը չի կատարել օրենքի այդ պահանջը և ստուգման ակտի պատճենի մեկ օրինակը չի հանձնել Ընկերությանը:

i

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ անձի` վարչական ակտին տեղեկանալու իրավունքը պաշտպանվում (երաշխավորվում) է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և 60-րդ հոդվածներով նախատեսված երաշխիքային նորմերով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի համաձայն` գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերությունների համաձայն` գրավոր վարչական ակտն ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև օրենքով սահմանված այլ եղանակներով:

Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:

Նույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ստուգման կազմակերպման և անցկացման վարույթն առանձին տեսակի վարչական վարույթ է, քանի որ դրա առանձնահատկությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով: Միաժամանակ հիշյալ օրենքը, ստուգում իրականացնող անձի վրա դնելով ստուգման ակտը երեք օրվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտին ներկայացնելու պարտականություն, չի կարգավորում ներկայացման եղանակը: Հետևաբար ստուգում իրականացնող անձը ստուգման ակտի մասին տնտեսվարող սուբյեկտին պետք է իրազեկի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Մասնավորապես` ստուգման ակտը պետք է հանձնվի ստորագրությամբ առձեռն ստանալու միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում` պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ (տե՛ս ըստ հայցի ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն ընդդեմ «Վագրա» ՍՊԸ-ի` 500.000 ՀՀ դրամ տուգանքի գումարը բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի թիվ 3-1714(ՏԴ) որոշումը):

Սույն գործով Դատարանը գումարի բռնագանձման պահանջը մերժելիս պատճառաբանել է, որ վարչական ակտն Ընկերությանը չհանձնելու հիմքով ուժի մեջ չի մտել:

Վերաքննիչ դատարանը որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերությունը, ներկայացնելով հակընդդեմ հայց, արդեն իսկ իրազեկվել էր ստուգման ակտի մասին և այդ ակտը կցել է հակընդդեմ հայցին, ուստի այդ ակտը մտել է ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Տեսչությունը չի ներկայացրել որևէ հիմնավոր ապացույց, որը կհավաստեր 23.03.2007 թվականին կազմված թիվ 2309185 ստուգման ակտն Ընկերությանը հանձնված լինելու հանգամանքը, որպիսի հիմքով և այդ ստուգման ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքը: Տեսչության ուժի մեջ չմտած ստուգման ակտը չի կարող իրավական հետևանքներ առաջացնել, այսինքն` հիմք հանդիսանալ առաջադրված տուգանքը բռնագանձելու համար:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Ընկերությունը, ներկայացնելով հակընդդեմ հայց, արդեն իսկ իրազեկվել էր ստուգման ակտի մասին և այդ ակտը կցել է հակընդդեմ հայցին, ուստի այդ ակտը մտել է ուժի մեջ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ տվյալ դեպքում հայցադիմումի հիմքում ընկած հանգամանքը` վարչական ակտի ուժի մեջ մտնելը, Տեսչության կողմից չի ապացուցվել, ավելին, ըստ գործի նյութերի` ստուգման ակտը վճարման կարգադրության հետ միասին Ընկերությանն է առաքել դատարանը: Իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքների համաձայն` վարչական ակտի հանձնման պարտականությունը կրում է Տեսչությունը, այլ ոչ թե դատարանը, և նման պարտականությունը Տեսչությունը պետք է իրականացներ մինչև դատարան դիմելը:

Նման դիրքորոշում է հայտնվել նաև Վճռաբեկ դատարանի կողմից և արձանագրվել է, որ հակառակ պարագայում անձը կզրկվի օրենքով սահմանված մի շարք իրավունքների իրականացման հնարավորությունից, մասնավորապես` վարչական ակտն օրենքով սահմանված ժամկետում բողոքարկելու իրավունքի հնարավորությունից, ինչպես նաև կծագի նրա դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման վտանգ (տե՛ս ըստ հայցի ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն ընդդեմ «Վագրա» ՍՊԸ-ի` 500.000 ՀՀ դրամ տուգանքի գումարը բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի թիվ 3-1714(ՏԴ) որոշումը):

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված` վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.03.2011 թվականի որոշումը և «Սֆերատեխսերվիս» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության 150.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սևանի տարածքային հարկային տեսչության հայցի մասով օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 15.10.2010 թվականի վճռին:

2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սևանի տարածքային հարկային տեսչությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 7.500 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և վերաքննիչ բողոքի, ինչպես նաև 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.07.2011
N ՎԴ2/0286/05/10
Որոշում