Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 347-ՐԴ, 348...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 347-ՐԴ, 348-ՐԴ ԵՎ 449-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ2/0035/02/08

    դատարանի որոշում                                             2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ2/0035/02/08

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Տ. Սահակյան     

                       Լ. Գրիգորյան     

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` Վարչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարչության ընդդեմ «Սպիտակի վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն), Ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներ Ատոմ Ղոչիկյանի, Լյովա Հովսեփյանի, Համլետ Կարապետյանի, Համլետ Պողոսյանի, Գևորգ Էհտիբարյանի, Ռոբերտ Սիմոնյանի, Էդիկ Պողոսյանի, Շոթա Չոբանյանի, Սվետլանա Հակոբյանի, Գրետա Սարգսյանի, Համլետ Այվազյանի, Ավետիք Միրզոյանի, Վոլոդյա Զաքարյանի, Յուրիկ Ոսկանյանի, Նիկողոս Լամբարյանի, Էդիկ Հակոբյանի, Սերժիկ Լամբարյանի, Արթուր Ֆիդանյանի, Հովհաննես Մկրտչյանի, Ռուբեն Գրիգորյանի, Հենրիկ Պողոսյանի և Անահիտ Լամբարյանի` 30.000 ԱՄՆ դոլար և 10.500.000 ՀՀ դրամ հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Հենրիկ Պողոսյանի ընդդեմ Վարչության` 51.000.000 ՀՀ դրամը` որպես պատճառված վնասի փոխհատուցման գումարը, բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարչությունը պահանջել է բռնագանձել Ընկերության աշխատավորական կոլեկտիվից 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 10.500.000 ՀՀ դրամ:

ՀՀ տնտեսական դատարանի 11.09.2007 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշմամբ բեկանվել է ՀՀ տնտեսական դատարանի 11.09.2007 թվականի վճիռը և գործն ուղարկվել նոր քննության:

16.12.2008 թվականին պատասխանող Հենրիկ Պողոսյանը ներկայացրել է հակընդդեմ հայց և խնդրել Վարչությունից բռնագանձել 51.000.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի փոխհատուցման գումար:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 26.03.2010 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.10.2010 թվականի որոշմամբ Վարչության և Հենրիկ Պողոսյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հենրիկ Պողոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է կիրառել և մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 2-րդ կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ և 132-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ և 348-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Կողմերի միջև կնքված Ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի առարկան բաժնետոմսերն են, որոնք ապանյութականացված արժեքներ են և հավաստում են սեփականատիրոջ իրավունքն իրավաբանական անձի նկատմամբ (քննարկվող դեպքում):

Բաժնետոմսերն ուշ հանձնելու հետևանքով աշխատանքային կոլեկտիվը որևէ կերպ կաշկանդված չի եղել կատարել պայմանագրային պարտավորությունները, քանի որ և Ընկերության գույքը, և Ընկերության բնականոն գործունեության համար անհրաժեշտ փաստաթղթերը (կնիքը, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը և այլն) գտնվել են Ընկերությունում: Այսինքն` վերջինս զրկված չի եղել պայմանագրային պարտավորությունների կատարման իրական հնարավորությունից, այն է` կատարել ներդրումներ և ստեղծել նոր աշխատատեղեր:

Բացի այդ նշված պարտավորությունների կատարման համար խոչընդոտ չէր կարող հանդիսանալ նաև դատարանի կողմից 18.05.2007 թվականի վճռով Ընկերության սնանկ ճանաչվելը, քանի որ պայմանագիրը կնքվել էր 02.08.2004 թվականին, իսկ պայմանագրային պարտավորությունները պետք է կատարվեին երկու տարվա ընթացքում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակի բեկանել Վերաքննիչ դատարանի 15.10.2010 թվականի որոշումը և այն փոփոխել, Վարչության հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, փաստարկները և պահանջը

Կողմերի միջև կնքված Ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չկա որևէ դրույթ բաժնետոմսերի ապանյութական արժեք լինելու վերաբերյալ, հակառակ դեպքում այն չէր կնքվի:

Վարչության պնդումը, որ բաժնետոմսերի ուշ հանձնելու հետևանքով Ընկերության աշխատավորական կոլեկտիվը որևէ կերպ կաշկանդված չի եղել իր պայմանագրային պարտավորությունների կատարման համար, անհիմն է, քանի որ Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի 92,3%-ի գնորդ Հենրիկ Պողոսյանը չի հանդիսացել սեփականատեր և չէր կարող, իրավասու չէր որևէ ներդրում կատարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Վարչության` ի դեմս Վարչության պետ Կ. Կիրակոսյանի և Ընկերության աշխատավորական կոլեկտիվի` ի դեմս Հ. Պողոսյանի միջև 02.08.2004 թվականին կնքվել է Ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի (մասնավորեցման) պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որի 5.7.2 և 5.7.3 կետերով գնորդը պարտավորվել է.

ա) երկու տարվա ընթացքում կատարել 450.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում. առաջին տարում` 200.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ երկրորդ տարում 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ.

բ) երկու տարվա ընթացքում ապահովել 270 նոր աշխատատեղ` 35.000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով. առաջին տարում ապահովել 100 աշխատատեղ, իսկ երկրորդ տարում` 170 աշխատատեղ:

2) Պայմանագրի 7.3 կետով սահմանվել է.

ա) պայմանագրի 5.7.2 կետով սահմանված ներդրումը չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում Գնորդը մեկ ամսվա ընթացքում պարտավոր է կատարել ներդրումն ամբողջությամբ` միաժամանակ պետական բյուջե վճարելով տուգանք` ներդրում չկատարած գումարի 15 տոկոսի չափով, իսկ նույն կետով սահմանված ներդրումը 50 և ավել տոկոսով կատարելու դեպքում` Գնորդը մեկ ամսվա ընթացքում պարտավոր է կատարել ներդրումն ամբողջությամբ` միաժամանակ պետական բյուջե վճարելով տուգանք` ներդրում չկատարած գումարի 10 տոկոսի չափով,

բ) պայմանագրի 5.7.3 կետով նախատեսված նոր աշխատատեղերից մինչև 50 տոկոս նախատեսված աշխատավարձի ֆոնդի պահպանմամբ ապահովելու դեպքում Գնորդը մեկ ամսվա ընթացքում պարտավոր է ապահովել աշխատատեղերն ամբողջությամբ` միաժամանակ պետական բյուջե վճարելով տուգանք` պայմանագրով նախատեսված և չվճարված աշխատավարձի 25 տոկոսի չափով, ամսվա համար նախատեսված աշխատատեղերի և աշխատավարձի հաշվարկով, իսկ նույն կետով սահմանված նոր աշխատատեղերից 50 և ավելի տոկոսով նախատեսված աշխատավարձի ֆոնդի պահպանմամբ ապահովելու դեպքում Գնորդը մեկ ամսվա ընթացքում պարտավոր է ապահովել աշխատատեղերն ամբողջությամբ` միաժամանակ պետական բյուջե վճարելով տուգանք` պայմանագրով նախատեսված և չվճարված աշխատավարձի 20 տոկոսի չափով (հ. 1, գ.թ. 7-11):

3. Գնորդը չի կատարել պայմանագրի 5.7.2, 5.7.3 և 5.7.4 կետերով նախատեսված իր պարտավորությունները, որի հետևանքով նրա կողմից առաջացած տուգանքի գումարը կազմում է 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 10.500.000 ՀՀ դրամ:

4. Պայմանագրի 4.1 կետով նախատեսված կարգի համաձայն` հայցվորը պարտավորվել է բաժնետոմսերը կամ դրանց հավաստագրերը գնորդին փոխանցել պայմանագրի կնքման պահից 20 աշխատանքային օրվա ընթացքում, որը պետք է իրականացվեր հանձնման-ընդունման ակտի ստորագրման ճանապարհով, ինչի վերաբերյալ համապատասխան գրառումը կատարվում է Ընկերության բաժնետոմսերի ռեեստրում: Իսկ 4.2 կետի համաձայն` «Կողմերը սույնով պայմանավորվեցին, որը Գնորդը ձեռք է բերում բաժնետոմսերի սեփականության իրավունքը, սույն Պայմանագրի ստորագրման պահից»:

5. Կողմերի միջև 12.06.2006 թվականին ստորագրվել է «Բաժնետոմսերի հանձնման-ընդունման ակտը», ըստ որի` Վաճառողը հանձնել է Գնորդին և Գնորդն ընդունել է Ընկերության 19.000 հատ, 1.000 ՀՀ դրան անվանական արժեքով, սովորական անվանական, ոչ փաստաթղթային բաժնետոմսերի հանդեպ սեփականության իրավունքը (հ.1, գ.թ. 68):

6. Դատարանի 18.05.2007 թվականի վճռով Ընկերությունը սնանկ է ճանաչվել (հ.1, գ.թ. 88):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան: Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Սույն գործի փաստական հանգամանքների համաձայն`

Վարչության և Ընկերության աշխատավորական կոլեկտիվի միջև 02.08.2004 թվականին կնքվել է Ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի (մասնավորեցման) պայմանագիր, որի 5.7.2 և 5.7.3 կետերով գնորդը պարտավորվել է.

ա) երկու տարվա ընթացքում կատարել 450.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում. առաջին տարում` 200.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ երկրորդ տարում` 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ.

բ) երկու տարվա ընթացքում ապահովել 270 նոր աշխատատեղ` 35.000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով. առաջին տարում ապահովել 100 աշխատատեղ, իսկ երկրորդ տարում` 170 աշխատատեղ:

Գնորդը չի կատարել պայմանագրի 5.7.2, 5.7.3 կետերով նախատեսված իր պարտավորությունները, որի հիմքով հաշվարկվել է պայմանագրային տուգանք` 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և 10.500.000 ՀՀ դրամի չափով: Պայմանագրի 4.1 կետով նախատեսված կարգի համաձայն` հայցվորը պարտավորվել է բաժնետոմսերը կամ դրանց հավաստագրերը գնորդին փոխանցել պայմանագրի կնքման պահից 20 աշխատանքային օրվա ընթացքում, որը պետք է իրականացվեր հանձնման-ընդունման ակտի ստորագրման ճանապարհով: Կողմերի միջև պայմանագիրը ստորագրվել է 02.08.2004 թվականին, իսկ բաժնետոմսերը հայցվորի կողմից հանձնման-ընդունման ակտով գնորդին են փոխանցվել 12.06.2006 թվականին:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, պատճառաբանել է, որ «Վարչությունը պարտավոր էր պատշաճ կատարել իր կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունները և բաժնետոմսերը գնորդին հանձնել պայմանագիրը կնքելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Վարչության կողմից պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով բաժնետոմսերը 12.06.2006 թ. փոխանցելու պայմաններում Ընկերությունը զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, ներդրումներ կատարելու համար համապատասխան կազմակերպությունների առջև որպես սեփականատեր հանդես գալու հնարավորություններից: Վերոհիշյալ փաստերի հիմքով Ընկերությունն օբյեկտիվ պատճառներով չի կարողացել կատարել իր պայմանագրային պարտավորությունները»:

i

Վերաքննիչ դատարանը, կիրառելով նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, արձանագրել է, որ բաժնետոմսերի մասնավորեցման թիվ 701-ՈՒ պայմանագիրը կնքված է համարվում բաժնետոմսը հանձնելու պահից` 12.06.2006 թվականից, իսկ 2006 թվականի ընթացքում Ընկերությունը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված հայցերով ներգրավված էր տարբեր դատավարություններում, մինչև մասնավորեցումը ծագած պարտավորությունների համար և 18.05.2007 թվականի ՀՀ տնտեսական դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ, ինչը ևս խոչընդոտ է հանդիսացել պայմանագրային պարտավորությունների կատարման համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Պայմանագրի 4.2 կետի համաձայն` «Գնորդը ձեռք է բերում բաժնետոմսերի սեփականության իրավունքը` սույն Պայմանագրի ստորագրման պահից»: Իսկ նույն Պայմանագրի 7.1 կետի համաձայն «Սույն պայմանագիրը կարող է անվավեր ճանաչվել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կարգով»:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաժնետոմսերի սեփականության իրավունքը պայմանագրի կնքման ուժով արդեն իսկ փոխանցվել էր գնորդին, ավելին, պայմանագրի նշված դրույթը չի վիճարկվել և անվավեր չի ճանաչվել:

Բացի այդ, Պայմանագրի 4.1 կետի բովանդակությունից հետևում է, որ գնորդն էր պարտավոր կատարելու համապատասխան գրառում Ընկերության բաժնետերերի ռեեստրում:

Այսինքն` Գնորդը որևէ կերպ կաշկանդված չէր կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, քանի որ և Ընկերության գույքը, և Ընկերության բնականոն գործունեության համար անհրաժեշտ փաստաթղթերը գտնվել են գնորդի մոտ: Այսինքն` գնորդը զրկված չէր կատարելու պայմանագրով ստանձնած ինչպես ներդրումային, այնպես էլ նոր աշխատատեղեր ստեղծելու պարտավորությունները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բավարարելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.10.2010 թվականի որոշման` հայցը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.07.2011
N ՀՅՔԴ2/0035/02/08
Որոշում