Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

31 մարտի 2011 թվականի N 12

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(2-րդ մաս)

 

1.11. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

ՀՀ Արագածոտնի մարզում օգտակար հանածոները ներկայացված են հիմնականում տուֆերով, անդեզիտաբազալտներով, պեռլիտային ավազներով և խարամներով, իսկ մետաղական հանածոները` ոսկի-բազմամետաղով (Թուխմանուկի ոսկու հանքավայրը): Արագածոտնի մարզի հանքավայրերը շահագործում են 93 կազմակերպություններ, որոնցից ներկայիս դրությամբ գործում է 50-ը: Լուծարված է 1-ը և չեղյալ է համարվել 1 ձեռնարկության հանքային իրավունքը: Գործով հանքարդյունաբերությանը զուգահեռ իրականացվում է նաև հանքային պաշարների հետազոտություն և գնահատում:

Մարզում բնապահպանական առումով լուրջ խնդիր է մնում թափոնների տարերայնորեն տեղադրման, անկանոն աղբահանության և աղբավայրերի ոչ կանոնակարգված ձևով օգտագործման խնդիրը: Մարզում կան պաշտոնական 4 աղբավայրեր, որոնք շահագործվում են Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքապետարանների և Ծաղկահովտի գյուղապետարանի կողմից: Կոշտ կենցաղային և արտադրական թափոնների հավաքման, տեղադրման և աղբավայրերի կառավարման խնդիրը բացասական ազդեցություն է թողնում ինչպես բնակավայրերի էկոլոգիական վիճակի, այնպես էլ մարզի ռեկրեացիոն գրավչության վրա: Այն պահանջում է աշխատանքների իրականացում մի քանի ուղղություններով` խոշոր բնակավայրերի հատակագծերով նախատեսված աղբավայրերի կառավարման պլանների մշակում, միջհամայնքային աղբավայրերի նախագծում և դրանց շահագործման համար տեխնիկական միջոցների տրամադրում, աղբահանության աշխատանքների բարելավում: Միաժամանակ, անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը համայնքների տարածքների սանիտարական վիճակի նկատմամբ:

«Հայանտառ» ՊՈԱԿ «Արագածոտնի Անտառտնտեսություն» մասնաճյուղի հաշվեկշռում առկա է 11110 հա հողատարածք, որից անտառածածկ է 5215 հա-ը: Մասնաճյուղի 2010 թ. կատարել է 25 հեկտարի տնկում, 70 խոր.մ. նոսրացում, 50 խոր.մ. սանիտարական հատում և 2 կմ. փշալարի անցկացում:

Մարզում աշխատանքներ են տարվում անտառտնտեսությունների կառավարման պլանների մշակման ուղղությամբ, որի համար կատարվում են համայնքների վարչական տարածքներում գտնվող անտառների գույքագրման, քարտեզագրման և սահմանների ճշտման աշխատանքներ: ՀՀ պետական բյուջեով մարզում համայնքների միջոցով ամեն տարի հիմնվել են 30-40 հա նոր անտառներ (մոտ 28 միլիոն դրամի շրջանակներում), ինչը չի կարող ապահովել անտառահատված տարածքների լիարժեք վերականգնումը:

Մարզում անտառային ռեսուրսների պահպանության հարցը փոխկապակցված է հողերի, կենսաբազմազանության, ինչպես նաև ջրային ռեսուրսների պահպանության հետ: Ապօրինի անտառհատումների հետևանքով ակտիվացել են հողերի էռոզիոն երևույթները և սողանքները: Բուսածածկի վերացումը նպաստել է մակերևութային հոսքի կարգավորման թուլացմանը, որի արդյունքում ավելացել են հեղեղների պատճառած վնասները, իսկ բնական աղբյուրների զգալի մասը սակավաջուր է դարձել: Հաշվի առնելով, որ մարզի 3 համայնքներում առկա են սողանքային գոտիներ, որոշակի աշխատանքներ են կատարվել բնակավայրերի և ինժեներական ենթակառուցվածքների պահպանության համար: Սողանքների, սելավների և ջրհեղեղների հետևանքով հասցվող վնասի նվազեցման համար պետք է ուսումնասիրվեն առավել խոցելի տարածքները: Հաշվի առնելով, որ արտակարգ իրավիճակների և հողերի դեգրադացիայի կանխարգելման համար զգալի ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ վտանգավոր տարածքների կառուցապատման ինժեներապաշտպանական միջոցառումների կազմակերպման համար, պետք է մշակվի և իրագործվի մարզային և համայնքային իշխանությունների միջոցառումների համաձայնեցված պլան:

Մարզի ռեկրեացիոն գրավչությունը բարձրացնելու համար պետք է հաշվի առնել նաև, գյուղական բնակավայրերում ամբողջությամբ բացակայում է կոյուղու համակարգը, իսկ Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքների և Ծաղկահովիտի կոյուղու համակարգերը լուրջ հիմնական նորոգման և վերակառուցման կարիք ունեն: Քասախ գետի հարևանությամբ գտնվող բնակավայրերի կեղտաջրերն անարգել թափանցում են գետի ավազան:

Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա խնդիրներն են`

. ջրառի կետերում գլխամասային կառույցների մասնավորապես ջրաչափական կառույցների և սարքերի բացակայություն,

. ջրառի կետերում և ջրագծերում մեծ ծավալների ջրակորուստներ,

. կեղտաջրերի նախնական և կենսաբանական մաքրման կայանների բացակայություն` մասնավորապես Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքներում և Ծաղկահովիտ, Օշական, Արտենի գյուղերում:

Հաշվի առնելով, որ մարզի ջրային ավազանների աղտոտվածության հիմնական աղբյուրը կենցաղային և գյուղատնտեսական գործունեության հետևանքով առաջացող կեղտաջրերն են, անհրաժեշտ է ուսումնասիրել գոյություն ունեցող կեղտաջրերի մաքրման ոչ ծախսատար տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները: Տուրիզմի զարգացմանը զուգընթաց պետք է ապահովել կեղտաջրերի մաքրման կենսաբանական ինքնավար համակարգերի կիրառումը և մարզի ու համայնքների զարգացման պլաններում այդ ենթակառուցվածքների վերականգնման համար համապատասխան միջոցներ:

2004-2008 թթ. «Բնական պաշարների կառավարում և չքավորության նվազեցում» Ծրագրի Ջրահավաք ավազանների համայնքահեն կառավարման բաղադրիչի շրջանակներում ՀՀ Արագածոտնի մարզի 114 համայնքներում իրականացվել են արոտների, խոտհարքների պարարտացում, բակլազգիների և ցորենի ցանք, դաշտամիջյան ճանապարհների վերանորոգում, ջրարբիացում կետերի և դաշտամիջյան ճանապարհների կառուցում և այլն: Մի շարք համայնքների արոտավայրերի համար մշակվել են կառավարման պլաններ: Անհրաժեշտ է ապահովել այդ աշխատանքների շարունակականությունը, քանի որ անասնապահության ծավալների աճի հետ մեկտեղ ճնշումն արոտավայրերի վրա կբարձրանա:

 

1.12. ԱՌԵՎՏՈՒՐ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐ

 

Ներկայում Արագածոտնի մարզում գործում են 78 արտադրական ձեռնարկություններ: Դրանցից մարզի տնտեսության մեջ էական կշիռ ունեն «Աշտարակ կաթ», «Դայմոթեք», «Թամարա Ֆրութ», «Իշխան», Օշականի «Խերես», «Արմենիա վայն» ընկերությունները, հանքարդյունաբերական ձեռնարկությունները:

Մարզում մանրածախ առևտրի շրջանառությունը 2010 թ. կազմել է 8.0 միլիարդ դրամ, որն իրականացվել է 368 օբյեկտների կողմից: 2009 թ.-ին մարզում գործել է 295 առևտրի օբյեկտ: Սպառողական ապրանքների շուկաների ապրանքաշրջանառությունը կազմել է 130.1 մլն. դրամ, գյուղարտադրանքի շուկաներինը` 141.6 մլն. դրամ, կրպակներինը` 354.5 մլն. դրամ և առևտրի այլ օբյեկտների շրջանառությունը` 4.2 միլիարդ դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ ապրանքաշրջանառությունն ավելացել է շուրջ 100.0 միլիոն դրամով:

Առևտրի օբյեկտներից 1-ը սպառողական ապրանքների և 3-ը` գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ են: Գործում են 110 խանութներ, 201 կրպակներ և 53 այլ օբյեկտներ: Մարզում սպառողական շուկան կայուն է և ապրանքաշրջանառության ծավալը 2010 թ. կազմել է մոտ 6.3 մլրդ դրամ:

2010 թ. տվյալներով գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների թիվը կազմում է 48500 մարդ, արդյունաբերությունում` 2600 մարդ, իսկ ծառայություններում` 11900 մարդ:

Ծառայությունների ծավալը 2010 թ. կազմել է 6402.4 միլիոն դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ բացարձակ աճը կազմել է շուրջ 3000.0 միլիոն դրամ: Անհատական ծառայությունների ծավալը կազմել է 120.2 միլիոն դրամ:

ՀՀ Արագածոտնի մարզի տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմում է 67.0 հազար մարդ: Զբաղվածության կենտրոններում 2010 թ. հաշվառված աշխատանք փնտրողները կազմում են 2.5 հազ. մարդ, գործազուրկների թիվը կազմում է 1.4 հազ. մարդ:

Մարզի խոշոր և միջին արդյունաբերական կազմակերպություններում, առևտրի և սպասարկման ոլորտի ձեռնարկություններում աշխատում է 14500 մարդ:

 

2. ՏԻՄ ԲՆԱԳԱՎԱՌ

 

2010 թ. մարզի համայնքներից ստացվել են ավագանու 1540 որոշումներ, որոնք ուսումնասիրվել են, ստուգվել է դրանց համապատասխանությունը ՀՀ օրենքներին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքին: Ավագանու որոշումներից 215-ը չեն համապատասխանել ՀՀ օրենքների պահանջներին և հետ են ուղարկվել համայնքներ` ճշտումներ կատարելու:

2010 թ. ընթացքում, Արագածոտնի մարզի համայնքներում վարչական վերահսկողություն իրականացնելու պլանի համաձայն, ուսումնասիրություններ են կատարվել մարզի 26 համայնքներում, կազմվել են համապատասխան ակտեր, որոնք ներկայացվել են մարզպետին և տարածքային կառավարման նախարարություն:

2010 թվականի ընթացքում Արագածոտնի մարզում հայտարարվել է համայնքային ծառայության 81 թափուր պաշտոնների համար մրցույթներ: Կայացած մրցույթների համար դիմել են 85 քաղաքացիներ, որոնցից 56-ը ճանաչվել են հաղթող և նշանակվել համայնքային ծառայության պաշտոնում: (Տեղեկանքը կցվում է):

2010 թ. ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզի համայնքներում վերապատրաստում անցած և համապատասխան վկայական ստացած 142 համայնքային ծառայողներն անցել են ատեստավորում: 9 համայնքային ծառայողներ չեն համապատասխանել զբաղեցրած պաշտոնին և ազատվել են:

Տարվա ընթացքում կայացել է մարզխորհրդի 7 նիստ:

Մարզային զինկոմիսարիատի և մարզի համայնքի ղեկավարների հետ համատեղ անց է կացվել զորակոչային տարիքի պատանիների հաշվառումը, ինչպես նաև կազմակերպվել է գարնանային և աշնանային զորակոչը:

 

3. ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

Ընդհանուր առմամբ, 2010 թ. մարզպետարանի կողմից տպագրության են պատրաստվել շուրջ 180 լուր, վերլուծական հոդվածներ, հարցազրույցներ: Դրանք տպագրվել են հանրապետական և մարզային զանգվածային լրատվամիջոցներում, տեղադրվել են մարզպետարանի ինտերնետային էջում: Համագործակցություն է եղել նաև հանրային հեռուստատեսության տարբեր ծրագրերի հետ:

Մարզային լրատվամիջոցների գործունեության մասին պարբերաբար տեղեկատվություն է հաղորդվել ՀՀ կառավարություն, մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի գործակալություն, Ազգային գրապալատ և Ազգային գրադարան: Լույս են տեսել հետևյալ թերթերը` «Կանթեղն Արագածի»-9 համար, «Արագած աշխարհ»-16 «Թալին աշխարհ»-14 համար:

Պատրաստվել են պարտադիր հրապարակման ենթակա նյութեր, որոնք տեղադրված են մարզպետարանի տեղեկատվական տախտակում, ինչպես նաև ինտերնետային կայքում:

Մարզի բոլոր համայնքներում կան տեղեկատվական ցուցատախտակներ, ուր հիմնականում համայնքապետարանի գործունեությանը վերաբերող հայտարարություններից բացի տեղադրվում են ավագանիների և համայնքապետի որոշումները:

 

2. ՄԱՐԶԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Գյուղատնտեսության և բնապահպանության բնագավառներում առկա հիմնախնդիրներ.

 

1. Ինտենսիվ գյուղատնտեսական հողատեսքերը հակակարկտային կայանքներով պաշտպանելը,

2009 թ. մարզի տարածքում տեղացած կարկտահարությունից 38 համայնքի գյուղացիական տնտեսությունների ցանքատարածություններին, բազմամյա տնկարկներին հասցվեց շուրջ 1.1 մլրդ. դրամի վնաս: Մարզում կարկտային ռիսկի նվազեցման նպատակով նախատեսված է տեղադրել 72 հակակարկտային կայանք, որից 2005-09 թ. տեղադրվել է 15-ը (Կարբիում` 3, Օհանավանում` 3, Արտաշավանում` 1, Սաղմոսավանում` 1, Ագարակում` 2, Աղձքում` 1, Ոսկեհատում` 1, Փարպիում` 1, Ոսկեվազում` 1, Ղազարավանում` 1): *1) Մինչև 2013 թ. մարզում տեղադրվելու են ևս 47 հակակարկտային կայաններ, որոնցից` 34-ը` գազագեներատորային և 13-ը` ռեագենտային: Այդ սարքավորումների տեղադրման համար կպահանջվի մոտ 400 միլիոն դրամ:

__________________

*1) 2008-09 թթ. «Բարվա» ՍՊԸ կողմից ք. Թալինում տեղադրվել է 2 հակակարկտային կայան:

 

2. Ոռոգման արդյունավետության բարձրացումը.

Մարզում գործող 29 ջրամբարները սարքին են (բացի Ն. Սասնաշենի ջրամբարից), սակայն լուրջ նորոգման կարիք ունեն ոռոգման արտաքին ու ներքին ցանցերը: Անհրաժեշտ է` Վ. Սասնաշենում կառուցել 1.5 մլն խ.մ. կարողությամբ ջրամբար, որով կբարելավվի Վ. Սասնաշեն, Դավիթաշեն և Ն. Սասնաշեն համայնքների ոռոգման խնդիրը: Աշխատանքների իրականացման համար ՀՀ Արագածոտնի մարզի 2011-2014 թթ. զարգացման ծրագրով նախատեսված է շուրջ 1.6 մլրդ դրամ գումար:

 

3. Մարզի վերամշակող արդյունաբերության զարգացումը.

Մարզի բոլոր տարածաշրջաններում անհրաժեշտ է ստեղծել կամ վերագործարկել կաթի և մսի մթերման, և վերամշակման կառույցներ, կազմակերպել պտղի, բանջարեղենի չորացման փոքր արտադրամասեր, բրդի ընդունման և լվացման կետեր: Մարզում ՓՄՁ-ների գործունեության ակտիվացումը կնպաստի համապատասխան ենթաճյուղերի վերականգնմանը: Անհրաժեշտ է նաև խաղողագործության և պտղաբուծության զարգացման հետ մեկտեղ պայմաններ ստեղծել գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, պահպանության և իրացման համար: Այս առումով կարևորվում է մարզում սառնարանային նոր տնտեսությունների ստեղծման հիմնահարցը:

 

4. Մարզում թափոնների տարերայնորեն տեղադրման, անկանոն աղբահանության և աղբավայրերի ոչ կանոնակարգված ձևով օգտագործման խնդիրը.

Մարզում կան 4 աղբավայրեր, որոնք շահագործվում են Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքների և Ծաղկահովիտի գյուղապետարանի կողմից: Աղբահավաքման եղանակները և կիրառվող ենթակառուցվածքները թերի են, որի արդյունքում տեղի են ունենում աղբի մեծ կուտակումներ, աղբը հաճախ չի հեռացվում, առաջանում են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ: Կոշտ կենցաղային և արտադրական թափոնների հավաքման և աղբավայրերի կառավարման խնդրի լուծումը պահանջում է աշխատանքների իրականացում մի քանի ուղղություններով` խոշոր բնակավայրերի հատակագծերով նախատեսված աղբավայրերի կառավարման պլանների մշակում, միջհամայնքային աղբավայրերի նախագծում և դրանց շահագործման համար տեխնիկական միջոցների տրամադրում, աղբահանության աշխատանքների բարելավում, համայնքների տարածքների սանիտարական վիճակի նկատմամբ հսկողության ուժեղացում:

 

Քաղաքաշինության և բնակ-կոմունալ բնագավառներում` առկա

հիմնախնդիրներ.

 

1. Մարզի կրթական, մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն.

Հիմնանորոգման կարիք ունեն 67 կրթական և 20 մշակութային օբյեկտներ: Մարզի 127 դպրոցներից միայն 73-ում են գործում լոկալ ջեռուցման համակարգեր: Աշխատանքների ամբողջական իրականացման համար 2011-2014 թթ. մարզի զարգացման ծրագրով նախատեսված է շուրջ 10.3 մլրդ դրամ:

2. Մարզում հաշվառված փախստական ընտանիքների բնակարանային խնդիրների լուծում. Մարզի բնակավայրերում 2010 թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ հաշվառված, 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած 635 փախստական ընտանիքներ են բնակություն հաստատել:

2005-09 թթ.-ին պետական աջակցությամբ իրականացված փախստական ընտանիքների բնակապահովմանն ուղղված ծրագրերի շրջանակներում լուծվել է 192 փախստական ընտանիքների բնակարանային խնդիրները: Արդյունքում` ըստ ճշտված տվյալների ՀՀ կառավարության 20.05.2004 թ.-ի N 747-Ն որոշմամբ հաստատված 1988-1992 թթ.-ին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովման առաջնահերթ ծրագրի դրույթների համաձայն, դեռևս կարիք ունի մարզի բնակավայրերի 197 փախստական ընտանիքների բնակարանային խնդիրը: Այդ խնդիրն առաջարկվում է լուծել անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով` շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար: Ըստ խոշորացված հաշվարկների` կպահանջվի 746.0 մլն. դրամ:

3. Մարզի բնակավայրերում 4-րդ աստիճանի վնասվածության 2 բազմաբնակարան շենքերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծում. Ապարան քաղաքի Բաղրամյան 43 հասցեում գտնվող 32-բնակարանանոց և Նժդեհի 7 հասցեի 7-բնակարանանոց շենքերի բնակիչների բնակարանային խնդիրների լուծում: Նշված 2 շենքերի 39 բնակիչների բնակարանային խնդիրները ժամանակին առաջարկվել է լուծել անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով` շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար: Ըստ խոշորացված հաշվարկների` կպահանջվեր 96 մլն. դրամ: Սակայն, ինչպես ցույց են տալիս շուկայի ուսումնասիրությունները, այդքան պատրաստի բնակելի տուն ձեռք բերել հնարավոր չէ: Անհրաժեշտ է քանդել այդ երկու շենքերը և դրանց փոխարեն կառուցել նոր շենք: Դրա համար կպահանջվի մոտ 350.0 միլիոն դրամ:

4. Մարզի գյուղական համայնքներում առկա երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ՀՀ կառավարության 13.11.2008 թ. N 1337 որոշման պահանջների համաձայն հաշվառված 112 ընտանիքների բնակարանային խնդրի լուծում. Նշված ընտանիքների բնակարանային խնդիրները առաջարկվում է լուծել անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով` շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար: Ըստ խոշորացված հաշվարկների` կպահանջվի 510 մլն. դրամ:

5. Գյուղական բժշկական ամբուլատորիաների հիմնանորոգման անհրաժեշտություն, Ներկայում մարզի 55 բուժ. հիմնարկներ հիմնանորոգման կարիք ունեն: 2011-14 թթ. մարզի զարգացման ծրագրով 35 բուժհիմնարկների հիմնանորոգման համար նախատեսված է 380 մլն դր:

6. Մարզում բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում. Ըստ փորձագիտական գնահատականների, մարզի 3 քաղաքներում առկա 77 բազմաբնակարան շենքերի տանիքները վերանորոգման կարիք ունեն, որի համար խոշորացված հաշվարկներով կպահանջվի 656 միլիոն դրամ:

7. Մարզում բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ստեղծում. ՀՀ պետական ռեգիստրի տվյալներով 2009 թ. հունիսի 1-ի դրությամբ մարզում գրանցված է 1 համատիրություն` Ապարան քաղաքում, որը կառավարում է 2 բազմաբնակարան շենքեր, 110 բնակարաններով: Մնացած բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման լիազորությունները իրականացնում են համայնքները: Խնդիր է բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգի կայացումը:

 

Առողջապահության բնագավառում առկա խնդիրները

 

Անբավարար է մարզի առողջապահական հիմնարկների նյութատեխնիկական բազան` կարիք կա բուժական և ախտորոշիչ նորագույն սարքավորումների, կոշտ և փափուկ գույքի, շտապ օգնության մեքենաների: Համակարգի արդիականացման համար անհրաժեշտ նոր սարքավորումների ձեռքբերման և գործարկման համար կպահանջվի շուրջ 2.5 միլիարդ դրամ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2011
N 12
Արձանագրային որոշում