ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
6 հոկտեմբերի 2011 թվականի N 39
i
26. ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԻՋՈՑՆԵՐ ՉՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻ (ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ) ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՂԵՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ապօրինի շինարարությունների բացահայտման, ինքնակամ կառույցների կասեցման և վերացման, ինչպես նաև այդ ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու և իրենց պարտականությունները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի, այդ թվում` կառուցապատողների (ապօրինի շինարարություն իրականացնողներ) և համապատասխան լիազոր մարմինների` օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ուղեցույցին` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին` առանց շինարարական թույլտվության ապօրինի շինարարություն իրականացրած և (կամ) իրականացնող կառուցապատողների (ապօրինի շինարարություն իրականացնող) նկատմամբ կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ` առաջնորդվելով սույն արձանագրային որոշման հավելվածի դրույթներով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թ. հոկտեմբերի 6-ի
նիստի N 39 արձանագրային
որոշման
ՈՒՂԵՑՈՒՅՑ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԻՋՈՑՆԵՐ ՉՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ` ԱՅԴ ԹՎՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻ (ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ) ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑ (ԻՆՔՆԱԿԱՄ` ԱՊՕՐԻՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ)
Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Այսինքն շինարարությունն ինքնակամ (ապօրինի) (այսուհետ` ապօրինի) է համարվում, եթե`
1) կառուցվում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում, կամ
2) կառուցվում է առանց թույլտվության, կամ
3) կառուցվում է թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով:
Նշված 3 պայմաններից մեկի առկայությունն արդեն իսկ բավարար է իրականացվող շինարարությունը կամ կառուցված շինությունն ինքնակամ (ապօրինի) համարելու համար:
II. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի` շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:
Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը:
Թույլտվության հիման վրա ցանկացած շինարարական աշխատանք կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության պահանջներին համապատասխան` տվյալ օբյեկտի համար տրամադրված հողամասի նպատակային և գործառնական նշանակություններին համապատասխան:
Շինարարության թույլտվությունը տրվում է` համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» 2002 թվականի փետրվարի 2-ի N 91 որոշման:
III. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՈԼՈՐՏՈՒՄ
Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածների` համայնքի ղեկավարը համայնքի տարածքում կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության (այսուհետ նաև` ապօրինի շինարարություն) դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համայնքի ղեկավարը ապօրինի իրականացվող շինարարության մասին տեղեկանալով` կարող է այդ մասին հաղորդել ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչություն, քանի որ վերջինս հանդիսանում է ոլորտի պետական վերահսկողության մարմին, իսկ տեսչության պետը համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1233-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության (այսուհետ նաև` կանոնադրություն) 12-րդ կետի` իր լիազորությունների սահմաններում պարտականություններ իրականացնելիս համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Այնուհետև համայնքի ղեկավարը միջոցներ է ձեռք առնում ապօրինի շինարարություն իրականացնողին վարչական պատասխանատվության ենթարկելու համար` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի:
Համայնքի ղեկավարը ապօրինի շինարարություն իրականացնողին վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո, վերջինիս առաջարկում է ողջամիտ ժամկետում (օրինակ մեկ ամիս) վերականգնել համայնքին հասցված վնասները (եթե շինարարությունը կատարվել է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա և սեփական միջոցներով վերացնել հետևանքները): Իսկ եթե ապօրինի շինարարությունը կատարվել անձին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա, ապա համայնքի ղեկավարը առաջարկում է վերը նշված ժամկետում վերացնել հետևանքները:
Եթե ապօրինի շինարարություն իրականացնողը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո չի դադարեցնում շինարարությունը և չի վերացնում հետևանքները, ապա համայնքի ղեկավարը պարտավոր է դիմել դատարան` դատական կարգով շինարարություն իրականացնողին պատասխանատվության ենթարկելու և համայնքին հասցված վնասները վերականգնելու համար (եթե շինարարությունը կատարվել է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա)` ապօրինի շինարարություն իրականացնողին պարտավորեցնելով սեփական միջոցներով վերացնել հետևանքները` համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, որով սահմանվում է, որ ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ` ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը և վերջինիս կրկին ենթարկել վարչական պատասխանատվության` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի:
Մեկ տարվա ընթացքում երկրորդ պատասխանատվության միջոցը կիրառելուց հետո, եթե շինարարությունը չի դադարեցվում, համայնքի ղեկավարը պարտավոր է անմիջապես օրենքով սահմանված կարգով հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններ` քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին` համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 315.1-ին հոդվածի: Ըստ վերը նշված հոդվածի` եթե քաղաքացիները կամ իրավաբանական անձինք պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չեն դադարեցնում և դրա հետևանքները չեն վերացնում, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով շենքի, շինության կառուցումը կամ վերակառուցումը չեն դադարեցնում և (կամ) անօրինական կառույցները չեն քանդում, որոնք կատարվում են նույն արարքի համար կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով:
IV. ՄԱՐԶՊԵՏԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՈԼՈՐՏՈՒՄ
«Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի` մարզի տարածքում մարզպետը վերահսկում է համայնքների ղեկավարների գործունեությունը քաղաքաշինության բնագավառում:»
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77.2-րդ հոդվածի համաձայն` համայնքի ղեկավարի` պետության պատվիրակված լիազորությունների նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության մարմին է հանդիսանում մարզպետը: Վերջինս իրավական և մասնագիտական հսկողություն է իրականացնում հսկողության բարձրագույն մարմնի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան, իսկ առանձին դեպքերում իրավական հսկողության բարձրագույն մարմնի գրավոր համաձայնությամբ կարող է իրականացնել ամենամյա աշխատանքային ծրագրում չընդգրկված միջոցառումներ:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77.4-րդ հոդվածը սահմանում է, որ մարզպետն իրավասու է ծանոթանալու տեղական ինքնակառավարման մարմիններում հսկողության ոլորտին առնչվող փաստաթղթերին, կարող է այցելել տեղական ինքնակառավարման մարմիններ, համայնքին պատկանող բոլոր հաստատությունները, ստուգել նրանց գործողությունների և անգործության իրավաչափությունը, ինչպես նաև պահանջել դրանց հետ կապված փաստաթղթեր:
Եթե համայնքի ղեկավարն իր լիազորությունները չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում, համաձայն 77.5-րդ հոդվածի` մարզպետն իրավունք ունի նրան առաջարկելու իր սահմանած ժամկետում վերացնել խախտումները, իսկ իր սահմանած խելամիտ ժամկետում խախտումները չվերացնելու դեպքում մարզպետն իրավունք ունի դիմելու դատարան` համայնքի ղեկավարի նկատմամբ օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, կամ համայնքին` պարտավորեցնելու համապատասխան գործողություն կատարելու համար:
Իր պարտականություններն իրականացնելիս մարզպետը կարող է ապօրինի իրականացվող շինարարության մասին տեղեկացնել պետական լիազոր մարմնին:
V. ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ (ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ) ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն)`
1) վերահսկում է քաղաքաշինական գործունեության բնագավառում իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը.
2) քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ տալիս է պարտադիր կատարման հրահանգներ և ցուցումներ, հետևում է դրանց իրականացմանը.
3) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1233-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության (այսուհետ նաև` կանոնադրություն) 7-րդ կետը սահմանում է, որ տեսչությունը պետական վերահսկողություն է իրականացնում`
1) քաղաքաշինական գործունեության սուբյեկտների, այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց կողմից քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների կատարման ապահովման նկատմամբ,
2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի պահանջների կատարման ապահովման նկատմամբ,
3) աշխատանքներ իրականացնող սուբյեկտների կողմից քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման ապահովման նկատմամբ:
4) բնակավայրերի հողերի օգտագործման, կառուցապատման համար նախատեսված այլ հողերի քաղաքաշինական սահմանափակումների և նորմերի պահպանման, ինչպես նաև ամրակայված գույքի նպատակային օգտագործման ապահովման նկատմամբ,
5) ինքնակամ շինարարության (քանդման) կանխարգելման ու կասեցման, դրա հետևանքների` սահմանված կարգով վերացման նկատմամբ:
Համաձայն կանոնադրության 8-րդ կետի` տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգումների միջոցով ուսումնասիրում է շինարարության թույլտվության առկայությունը և տրման կարգի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների պահանջներին, իրականացնում է ինքնակամ շինարարության կանխարգելմանը, կասեցմանը, քաղաքաշինական գործունեությանն առնչվող այլ գործընթացներ, իսկ համաձայն կանոնադրության 10-րդ կետի` տեսչության պետը պատասխանատու է քաղաքաշինության բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
Եթե տեսչության պետը պետական վերահսկողություն իրականացնելիս հայտնաբերում է ինքնակամ շինարարություն, նա պարտավոր է անմիջապես այդ մասին տեղյակ պահել համայնքի ղեկավարին, որպեսզի վերջինս վարչական պատասխանատվության ենթարկի ապօրինի շինարարություն իրականացնողին և շարունակում է վարչական վերահսկողություն իրականացնել համայնքի ղեկավարի այդ պարտականությունների կատարման նկատմամբ, որոնք պետք է ուղղված լինեն ինքնակամ շինարարության (քանդման) կանխարգելմանն ու կասեցմանը, դրա հետևանքների` սահմանված կարգով վերացմանը: Եթե համայնքի ղեկավարը չի կատարում օրենքով իր վրա դրված պարտականությունները, տեսչության պետը պարտավոր է անմիջապես օրենքով սահմանված կարգով հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններ` համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար: Բացի այս, տեսչության պետն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է ուսումնասիրություն` պարզելու համար, թե արդյոք տեղի ունեցել է նաև պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթում, ինչպես նաև արդյոք պահպանվել են ճարտարապետահատակագծային առաջադրանքների, ինչպես նաև շինարարության (քանդման) թույլտվության տրամադրման սահմանված կարգերի պահանջները: Եթե հայտնաբերվում են իրավախախտումներ ինքնակամ հողազավթման հետ կապված, տեսչության պետն անմիջապես այդ մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, որպեսզի վերջինս` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի, օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկի իրավախախտին և շարունակում է վարչական վերահսկողությունը:
Եթե տեսչության պետը հայտնաբերում է իրավախախտումներ` կապված ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինարարության (քանդման) թույլտվության տրամադրման սահմանված կարգերի պահանջների կատարման հետ, ապա համայնքի ղեկավարին Ենթարկում է վարչական պատասխանատվության` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157.2-րդ և 157.6-րդ հոդվածների` առաջարկելով վերջինիս վերացնել իրավախախտումն ու դրա հետևանքները:
Համաձայն կանոնադրության 12-րդ կետի` տեսչության պետը նաև առաջարկություններ է ներկայացնում քաղաքաշինական գործունեության լիցենզավորման իրավասու մարմին` իրավախախտում թույլ տված շինարարական աշխատանքներ իրականացնող սուբյեկտների լիցենզիաների գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հաղորդում է ներկայացնում իրավասու մարմիններ` քաղաքաշինության բնագավառում իրավախախտումներ թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին:
VI. ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՆՔՆԱԿԱՄ (ԱՊՕՐԻՆԻ) ԿԱՌՈՒՑԵԼԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի` սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով: Պատասխանատվություն սահմանող այս հոդվածի կիրառող է համարվում համայնքի ղեկավարը:
ՀՀ Քրեական օրենսգրքի 315.1-ին հոդվածը սահմանում է, որ քաղաքացիները կամ իրավաբանական անձինք եթե պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չեն դադարեցնում և դրա հետևանքները չեն վերացնում, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով շենքի, շինության կառուցումը կամ վերակառուցումը չեն դադարեցնում և (կամ) անօրինական կառույցները չեն քանդում, որոնք կատարվում են նույն արարքի համար կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով:
VII. ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՅ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ (ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ Քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածը պաշտոնատար անձանց համար սահմանում է պատասխանատվություն, համաձայն որի` այն պաշտոնատար անձինք, որոնց վրա իրավական ակտերով դրված է շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականություն, եթե ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ դիտավորությամբ չեն ձեռնարկում, ինչպես նաև ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չեն կիրառում, պատժվում են տուգանքով և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով, կամ ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով:
Սույն դրույթի վերլուծությամբ` համայնքի ղեկավարը, մարզպետը և տեսչության պետը դիտավորությամբ իրենց վրա դրված վերը նշված պարտականությունները չկատարելու դեպքում կատարում են ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսված քրեորեն պատժելի արարք և ենթակա են պատասխանատվության օրենքով սահմանված կարգով: