Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՀՈՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԱԽ-19-Ո-25

2011 թ.

 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

    նախագահությամբ`                       Ա. Մկրտումյանի

 

    մասնակցությամբ ԱԽ անդամներ`           Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

                                          Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի,

                                          Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի,

                                          Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի,

                                          Մ. Մարտիրոսյանի, Հ. Փանոսյանի

                                                          

    մասնակցությամբ դատավոր`               Ա. Հովսեփյանի

 

    ՀՀ արդարադատության նախարար`           Հ. Թովմասյանի

 

    քարտուղարությամբ`                     Շ. Վարդանյանի

 

2011 թվականի սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Արամ Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

ՀՀ արդարադատության նախարարի 12.08.2011 թվականի թիվ 125-Ա հրամանով Դատարանի դատավոր Ա. Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Արտակ Խաչատրյանի դիմումը:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը.

Ըստ եզրակացության`

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 12.08.2011 թ. 125-Ա հրամանի համաձայն` Դատարանի դատավոր Ա. Հովսեփյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Արամ Լալայանի ներկայացուցիչ Արտակ Խաչատրյանի դիմումը: Նշված դիմումում վերջինս հայտնել է, որ Դատարանում (դատավոր Ա. Հովսեփյան) քննված թիվ ԱՐԴ/0188/02/2011 թ. քաղաքացիական գործով (ըստ հայցի Գայանե Հարությունյանի ընդդեմ Արամ Լալայանի` ալիմենտի պահանջի մասին) դատարանից չի ստացել ո՛չ հայցը վարույթ ընդունելու մասին որոշումը, ո՛չ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին որոշումը և ո՛չ էլ վճիռը, հետևապես դատարանի նման վարքագիծը մեկնաբանում է որպես դատական ակտը սահմանված ժամանակամիջոցում բողոքարկելու իրավունքից զրկելու միտում:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ. Մուրադյանին հասցեագրված Դատարանի դատավոր Ա. Հովսեփյանի բացատրագրի, ներկայացված թիվ ԱՐԴ/0188/02/2011 թ. քաղաքացիական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել են հետևյալ փաստական հանգամանքները.

2011 թ. մարտի 3-ին Գայանե Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան (դատավոր Ա. Հովսեփյան) ընդդեմ Արամ Լալայանի` ալիմենտի պահանջի մասին: Նույն օրը Դատարանը կայացրել է որոշում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:

2011 թ. ապրիլի 5-ին Դատարան է մուտքագրվել Ա. Լալայանի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխան:

2011 թ. ապրիլի 4-ին Ա. Լալայանի կողմից հարուցվել է հակընդդեմ հայց` երեխայի տեսակցության ժամերը որոշակիացնելու պահանջով:

2011 թ. ապրիլի 8-ին Դատարանը կայացրել է որոշում հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին:

2011 թ. ապրիլի 21-ին Դատարանը հրապարակել է վճիռը:

Դատավոր Արամ Հովսեփյանի բացատրագրի և թիվ ԱՐԴ/0188/02/2011 թ. քաղաքացիական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում գտնում ենք, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արամ Հովսեփյանի կողմից արդարադատություն իրականացնելիս թույլ է տրվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ հետևյալ պատճառաբանությամբ.

1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավորը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի ընդունումը չմերժելու կամ դիմումը չվերադարձնելու դեպքում կայացնում է դա ընդունելու մասին որոշում, որում նշվում են նաև գործի քննության ժամանակը և վայրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով:

Առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն.

1) դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու ամսաթիվը, վեճի առարկան.

2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը).

3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում.

4) շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.

5) եզրահանգումը քննարկվող հարցով.

6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված դատարանի որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց` որոշումը կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում:

Թիվ ԱՐԴ/0188/02/2011 թ. քաղաքացիական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գործում առկա է Ա. Լալայանին հասցեագրված պատվիրված նամակը փոստային ծառայության կողմից 2011 թ. մարտի 16-ին ընդունելու վերաբերյալ թիվ 040864614 անդորրագիրը (գ.թ. 7) և նամակը Ա. Լալայանին 2011 թ. մարտի 19-ին հանձնելու մասին ծանուցագիրը (գ.թ. 11): Սակայն նշված երկու փաստաթղթերի առկայությունը դեռևս չի ապացուցում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի 2011 թ. մարտի 3-ի որոշումը (գ.թ. 1) պատասխանողին ուղարկելու փաստը, քանի որ գործում առկա չէ այն գրության պատճենը, որը կհաստատեր հայցադիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի որոշումը կողմին ուղարկելու փաստը: Ավելին, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը Դատարանը կայացրել է 2011 թ. մարտի 3-ին, հետևապես, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի, այն պետք է կողմերին ուղարկեր կայացման պահից եռօրյա ժամկետում` մինչև 2011 թ. մարտի 8-ը:

Միաժամանակ գործում առկա է Դատարանին վերադարձման ենթակա «Ստորագրություն» վերնագրված մի փաստաթուղթ (գ.թ. 6), որի բովանդակությունը վերաբերում է 2011 թ. ապրիլի 8-ի ժամը 14.30-ին նշանակված դատական նիստին Ա. Լալայանին որպես պատասխանող ներկայանալու վերաբերյալ ծանուցագիրը հանձնելու և այն ստանալու հետ: Նշված փաստաթուղթն ամբողջությամբ լրացված և ստորագրված չէ, և այն կարող է վկայել միայն Ա. Լալայանին դատական նիստին ներկայանալու վերաբերյալ դատական ծանուցագիր ուղարկելու մասին:

Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը չուղարկելու դեմ դատավոր Ա. Հովսեփյանը ներկայացրել է բացատրություն, այն է` «Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը 03.03.2011 թ. ստացել է Գայանե Հարությունյանի հայցադիմումը ալիմենտի բռնագանձման պահանջի մասին: Նույն օրը որոշում է կայացվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Հաջորդ օրը բոլոր դատավարական փաստաթղթերը ուղարկվել են կողմերին: Անհասկանալի է, թե ինչպես է, որ հայցվորը ստացել է ուղարկված բոլոր դատավարական փաստաթղթերը, իսկ պատասխանողը դրանց հետ չի ստացել միայն վարույթ ընդունելու մասին որոշումը: Առավել քան զարմանալի է այն պնդումը, թե իբր Ա. Լալայանը դատարանում խնդրել է իրեն տրամադրել գործը վարույթ ընդունելու մասին որոշումը, իսկ նրան տրամադրվել է գործի հետ առնչություն չունեցող ինչ-որ ուրիշ որոշում, իսկ նա տեղում չի ճշտել դա, այլ գնացել է տուն և այդ մասին բողոք գրել»:

Դատարանի վերոնշված հարցադրումները` հայցվորի կողմից բոլոր դատավարական փաստաթղթերը ստանալը կամ չստանալը, որևէ կապ չունի պատասխանողի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալու հետ և չի կարող վկայել նշված որոշումը պատասխանողին ուղարկելու փաստի հետ:

Գտնում ենք, որ Դատարանի կողմից չի ներկայացվել պատշաճ ապացույց վիճարկվող որոշումը պատասխանողին ուղարկելու մասին:

Իսկ ինչ վերաբերում է բոլոր դատավարական փաստաթղթերը` հայցադիմումը վարույթ ընդունելու մասին 2011 թ. մարտի 3-ի որոշման հաջորդ օրը կողմերին ուղարկելուն, ապա գործում առկա թիվ 040864614 և 039499454 (գ.թ. 9) անդորրագրերը (Ա. Լալայանին և Գ. Հարությունյանին հասցեագրված պատվիրված նամակները փոստային ծառայության կողմից ընդունելու մասին), որոնք փոստային ծառայության կողմից կնքված են 2011 թ. մարտի 16-ի ամսաթվով:

ՀՀ արդարադատության նախարարությունում կազմակերպված Ա. Լալայանի ներկայացուցիչ Ա. Խաչատրյանի ընդունելության ժամանակ վերջինս հայտնել է, որ Դատարանից ստացել է միայն հայցադիմումի պատճենը, նախազգուշացում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում` օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավական հետևանքների մասին և դատական ծանուցագիր:

Կարելի է ասել, որ Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն, պատասխանողին ուղարկել է միայն վերոնշյալ փաստաթղթերը:

Վերոշարադրյալից բխում է, որ պատասխանողին չի ուղարկվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, որով և խախտվել է քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի պահանջը:

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածը սահմանում է.

«1. Պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:

2. Հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով:

3. Հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե`

1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.

2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.

3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում` հայցադիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկելով հայցվորին:

Վերոնշյալից հետևում է, որ հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով: Հակընդդեմ հայցը հանդիսանում է լրիվ ինքնուրույն հայց և դրանով պատասխանողը դառնում է հայցվոր: Հետևապես, հակընդդեմ հայցի ընդունումը ևս կարող է մերժվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածով նախատեսված հիմքերով, ինչպես նաև 96-րդ հոդվածով նախատեսված պայմանների բացակայությամբ` առանձին որոշում կայացնելու ձևով:

Օրենքը դատարանի համար սահմանում է իմպերատիվ պահանջ` հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին որոշումը հայցադիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի հետ պետք է պատշաճ ձևով ուղարկվի հայցվորին (գործով սկզբնական պատասխանողին): Իսկ դատարանի այն գործողությունները, որոնք ապահովում են «Պատշաճ ձևով» ուղարկումը, սահմանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով: Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:

Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով):

Տվյալ գործով Դատարանը 2011 թ. ապրիլի 8-ին կայացրել է հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հակընդդեմ հայց հարուցելու պայմանների բացակայության պատճառաբանությամբ: Ըստ դատավորի ներկայացրած բացատրության` «Դատարանը 2011 թ. ապրիլի 7-ին ստացել է Ա. Լալայանի հակընդդեմ հայցը, որի ընդունումը մերժելու մասին որոշումը հաջորդ օրը դատական նիստի սկզբում հրապարակվել է (եզրափակիչ մասը), որտեղ անմիջապես ես Ա. Լալայանին ասել եմ, որ որոշման օրինակը և կից փաստաթղթերը կարող է ստանալ նիստից դուրս գալիս դատավորի օգնականից (այս ամենը ձայնագրված է և պարզ լսվում է): Ա. Լալայանը հակընդդեմ հայցը` կից փաստաթղթերով օգնականից ստացել է, բայց որոշումը, իբր չի ստացել»: Սակայն այն հանգամանքը, որ Դատարանի կողմից Ա. Լալայանին առաջարկվել է նիստից հետո ստանալ որոշման օրինակը, Դատարանին չի ազատում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով հայցվորին ուղարկելու պարտականությունից: Բացի այդ, Դատարանը նշում է, որ Ա. Լալայանը ստացել է հակընդդեմ հայցը` կից փաստաթղթերով, սակայն թիվ ԱՐԴ 0188/02/2011 թ. քաղաքացիական գործով չի ներկայացվել այդ փաստը հաստատող որևէ ապացույց, որը սույն պարագայում կարող էր լինել հանձնման մասին ստացականը:

Տվյալ գործով պատասխանողին պատշաճ ձևով չի ուղարկվել հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին որոշումը, որով խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

3) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածը սահմանում է. «Բոլոր ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը գործին մասնակցող անձանց հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում ներկայացնել լրացուցիչ նյութեր` դրանք հետազոտելու միջնորդությամբ: Նման միջնորդությունների բացակայության դեպքում նախագահողը գործի քննությունը հայտարարում է ավարտված, և դատարանը հայտարարում է վճռի հրապարակման վայրն ու ժամանակը:

Վճիռը կազմում և ստորագրում է դատական նիստը նախագահողը: Դատարանի վճիռը հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում:

Դատարանի վճիռը հրապարակելիս նիստը նախագահողը պարզաբանում է վճիռը բողոքարկելու կարգը:

Հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք են` կողմերը, երրորդ անձինք և դիմողները` սույն օրենսգրքի երրորդ բաժնով նախատեսված գործերով:

Տվյալ գործով վճիռը հրապարակվել է 2011 թ. ապրիլի 21-ին: Գործով ներկայացված դատական նիստի արձանագրության ձայնային կրիչի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վճռի հրապարակմանը ներկա են եղել հայցվորը, նրա ներկայացուցիչը և պատասխանող Ա. Լալայանի ներկայացուցիչ Ա. Խաչատրյանը: Նույն օրը հայցվորը ստացել է վճռի օրինակը: Վճռի օրինակը պատվիրված նամակով ուղարկվել է Ա. Խաչատրյանին` գործում առկա է պատվիրված նամակը փոստային ծառայության կողմից ընդունելու վերաբերյալ 2011 թ. ապրիլի 23-ին տրված թիվ 042991037 անդորրագիրը (գ.թ. 37): Ծրարը 2011 թ. ապրիլի 29-ին վերադարձվել է «Բացակայում է» գրառմամբ (գ.թ. 38):

Նախ անհրաժեշտ է նշել, որ վճռի օրինակը վճիռը հրապարակելուց անմիջապես հետո չի տրամադրվել պատասխանողի ներկայացուցչին, որը ներկա է եղել դատական նիստին, բացի այդ, գործին մասնակցող անձինք են կողմերը` հայցվորը և պատասխանողը, հետևապես վճռի օրինակը Դատարանը պետք է պատշաճ ձևով ուղարկեր նաև պատասխանողին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն` (...) բողոքարկել դատական ակտերը (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` 1) գործին մասնակցող անձինք (...):

Դատարանի կողմից դրսևորված անգործությունը, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դատարանի` իր կայացրած դատական ակտերը սահմանված ժամկետում գործին մասնակցող անձանց ուղարկելու կոնկրետ պահանջ, հանգեցնում է վերջիններիս իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման ոչ արդյունավետությանը, զրկում է դատական ակտերը (սույն գործով դատարանի վճիռը) բողոքարկելու` օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքից:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Հետևաբար` Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի, 91-րդ հոդվածի 2-րդ մասի, 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության խախտումները միաժամանակ հանգեցնում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի ոտնահարման:

Այսպիսով, ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Հովսեփյանի կողմից իր վարույթում քննված թիվ ԱՐԴ 0188/02/2011 թ. քաղաքացիական գործով թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի, 91-րդ հոդվածի 2-րդ մասի, 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության պահանջների ակնհայտ և կոպիտ խախտումներ բովանդակող արարք, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմք է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար»:

 

3. Դատավորի բացատրագրում բերված փաստարկները ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

«Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը 03.03.2011 թ. ստացել է Գայանե Հարությունյանի հայցադիմումը ալիմենտի բռնագանձման պահանջի մասին: Նույն օրը որոշում է կայացվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Հաջորդ օրը բոլոր դատավարական փաստաթղթերը ուղարկվել են կողմերին: Անհասկանալի է, թե ինչպես է, որ հայցվորը ստացել է ուղարկված բոլոր դատավարական փաստաթղթերը, իսկ պատասխանողը դրանց հետ չի ստացել միայն վարույթ ընդունելու մասին որոշումը: Առավել քան զարմանալի է այն պնդումը, թե իբր Ա. Լալայանը դատարանում խնդրել է իրեն տրամադրել գործը վարույթ ընդունելու մասին որոշումը, իսկ նրան տրամադրվել է գործի հետ առնչություն չունեցող ինչ-որ ուրիշ որոշում, իսկ նա տեղում չի ճշտել դա, այլ գնացել է տուն և այդ մասին բողոք գրել:

Դատարանը 2011 թ. ապրիլի 7-ին ստացել է Ա. Լալայանի հակընդդեմ հայցը, որի ընդունումը մերժելու մասին որոշումը հաջորդ օրը դատական նիստի սկզբում հրապարակվել է (եզրափակիչ մասը), որտեղ անմիջապես ես Ա. Լալայանին ասել եմ, որ որոշման օրինակը և կից փաստաթղթերը կարող է ստանալ նիստից դուրս գալիս դատավորի օգնականից (այս ամենը ձայնագրված է և պարզ լսվում է): Ա. Լալայանը հակընդդեմ հայցը` կից փաստաթղթերով օգնականից ստացել է, բայց որոշումը, իբր չի ստացել:

Վճռի հրապարակման օր է նշանակվել ապրիլի 20-ը, սակայն տեխնիկական պատճառներով չի հրապարակվել: Հայտարարվել է, որ վճիռը կհրապարակվի հաջորդ օրը` ապրիլի 21-ին, և եթե կողմերը ներկա չլինեն, այն կուղարկվի նրանց փոստով:

21.04.2011 թ. վճիռը հրապարակվել է: Հայցվորը ներկա է եղել և անմիջապես ստացել է այն: Նույն օրը փոստով վճիռը ուղարկվել է պատասխանողի լիազոր ներկայացուցչին, ինչպես որ ուղարկվել էր մյուս դատավարական փաստաթղթերը: Ծրարը ապրիլի 29-ին ետ է վերադարձվել «բացակայում է» գրառմամբ և գտնվում է գործում:

Պատասխանողը դատաքննության ընթացքում վիրավորվել է այն բանի համար, որ հակընդդեմ հայցի ընդունումը մերժվել է, քանի որ չկարողացավ ընկալել, որ ալիմենտի պահանջին հակընդդեմ հայց չի լինում և պնդում էր իրենը: Ա. Լալայանի բողոքի իսկությունը և ուղղվածությունը պարզելու համար արժե մի փոքր ներկայացնել նրա նկարագիրը: Դա այն անձնավորությունն է, որ չի ընդունում օրենքի այն պահանջը, որ մեկ երեխայի համար նրանից պետք է բռնագանձել ալիմենտ վաստակի և այլ եկամուտների 1/4 մասը և պահանջում է, որ սահմանվի 1/8 մաս, քանի որ հետագայում երեխա պիտի ունենա նոր ամուսնությունից: Չի ընդունում նաև կայուն դրամական գումարով որոշված ալիմենտի չափը` պահանջելով այն սահմանել 3000 դրամ այն դեպքում, երբ օրենքով այն չի կարող պակաս լինել 10.000 ՀՀ դրամից:

Դիմողի իրավունքները չեն խախտվել, քանի որ նա ցանկացած պահի կարող է դիմել դատարան նշանակված ալիմենտի չափը պակասեցնելու հայցով, եթե նման հիմքեր հետագայում կունենա:

Այսպիսով, դատարանի կողմից չեն խախտվել քաղաքացիական գործով պատասխանող, դիմումատու Արամ Լալայանի իրավունքները, դրանք մտացածին են և ակնհայտ անհիմն: Սույն գործով չկան դատավարական, առավել ևս նյութաիրավական նորմերի խախտումներ»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) 2011 թ. մարտի 3-ին Գայանե Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան (դատավոր Ա. Հովսեփյան) ընդդեմ Արամ Լալայանի` ալիմենտի պահանջի մասին: Նույն օրը Դատարանը կայացրել է որոշում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:

2) 2011 թ. ապրիլի 5-ին Դատարան է մուտքագրվել Ա. Լալայանի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխան:

3) 2011 թ. ապրիլի 6-ին Ա. Լալայանի կողմից ներկայացվել է հակընդդեմ հայց` երեխայի տեսակցության ժամերը որոշակիացնելու պահանջով:

4) 2011 թ. ապրիլի 8-ին Դատարանը կայացրել է որոշում հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին:

5) Թիվ ԱՐԴ/0188/02/2011 թ. քաղաքացիական գործի նյութերում առկա չէ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը պատասխանողին հանձնելու մասին ապացույցը:

6) Գործում բացակայում է հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին որոշումը Ա. Լալայանին ուղարկելու փաստը հաստատող ապացույցը:

7) Գործում առկա է 21.04.2011 թվականին կայացված դատական ակտը Ա. Լալայանի ներկայացուցիչ Ա. Խաչատրյանին ուղարկված պատվիրված նամակը, որը փոստային ծառայության կողմից ընդունվել է 2011 թ. ապրիլի 23-ին (թիվ 042991037 անդորրագիրը): Ծրարը 2011 թ. ապրիլի 29-ին վերադարձվել է «Բացակայում է» գրառմամբ:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Դատարանի դատավոր Արամ Հովսեփյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավորը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի ընդունումը չմերժելու կամ դիմումը չվերադարձնելու դեպքում կայացնում է դա ընդունելու մասին որոշում, որում նշվում են նաև գործի քննության ժամանակը և վայրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված դատարանի որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց` որոշումը կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում:

Խորհուրդը, ուսումնասիրելով գործի նյութերը, պարզեց, որ գործի նյութերում բացակայում է ապացույց այն մասին, որ պատասխանող Ա. Լալայանին ուղարկվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավոր Ա. Հովսեփյանը թույլ է տվել դատավարական օրենքի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի խախտում, սակայն նշված խախտման համար դատավոր Ա. Հովսեփյանը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հիմքով հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը: Տվյալ դեպքում դատավոր Ա. Հովսեփյանի կողմից թույլ տրված դատավարական օրենքի նորմի խախտումը ակնհայտ և կոպիտ չէ, քանի որ Խորհուրդը որպես այդպիսին դիտում է արդարադատություն իրականացնելիս ՀՀ Սահմանադրության, օրենքների նորմերի այնպիսի էական խախտումները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել անձանց` վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների կոպիտ սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը: Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն, Ա. Լալայանին է ուղարկվել հայցադիմումի օրինակը, իսկ վերջինս էլ դրա վերաբերյալ սահմանված ժամկետում ներկայացրել է պատասխան` դրանով իրացնելով դատական պաշտպանության իր իրավունքը, որի հետևանքով ապահովվել է նաև կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքը:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի խախտման հիմքով դատավոր Ա. Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, անհիմն է և ենթակա է մերժման:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն.

«1. Պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:

2. Հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով:

3. Հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե`

ա) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.

բ) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.

գ) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում` հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկելով հայցվորին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն.

«... Հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք են` կողմերը, երրորդ անձինք և դիմողները` սույն օրենսգրքի երրորդ բաժնով նախատեսված գործերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն` բողոքարկել դատական ակտերը:

Պատասխանող Ա. Լալայանը, օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածով իրեն վերապահված իրավունքից, 06.04.2011 թ. հակընդդեմ հայց է ներկայացրել Դատարան: Դատարանը, ուսումնասիրելով նշված հակընդդեմ հայցը, 08.04.2011 թ. որոշում է կայացրել հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին:

Խորհուրդը, ուսումնասիրելով գործի նյութերը, պարզեց, որ գործում բացակայում է հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգին համապատասխան Ա. Լալայանին հանձնելու փաստը հաստատող ապացույցը:

Միևնույն ժամանակ Խորհուրդը պարզեց նաև, որ պատասխանող Ա. Լալայանը և նրա ներկայացուցիչը վճռի հրապարակմանը ներկա չեն եղել: Նման պայմաններում դատավոր Ա. Հովսեփյանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածը, պարտավոր էր վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել պատասխանող Ա. Լալայանին: Մինչդեռ Դատարանի կողմից Ա. Լալայանին այն չի ուղարկվել: Գործում առկա է ապացույց այն մասին, որ վճիռը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկվել է Ա. Լալայանի ներկայացուցիչ Ա. Խաչատրյանին, սակայն վճիռը նրան չի հանձնվել` հանրապետությունից վերջինիս բացակայելու պատճառաբանությամբ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքը արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (Տես` Կրեուզն ընդդեմ Լեհաստանի (Kreuz v. Poland), թիվ 28249/95, 2001 թվականի հունիսի 19, կետ 52,Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (Z. and Otհers v. Tհe United Kingdom), թիվ 29392/95, 91-93-րդ կետեր): Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ բողոքարկման ընթացակարգեր են նախատեսված, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից օգտվելը վերաքննիչ դատարաններում, ինչպիսիք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում (տե՛ս Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի, թիվ 26737/95, 1997 թվականի դեկտեմբերի 19, կետ 33, Թինելի էնդ Սանզ ՍՊԸ-ն ու այլոք և ՄաքԷլդաֆն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 20390/92, 21322/92, 1998 թ. հուլիսի 10, կետ 72 և Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 34791/97, 37):

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ դատավոր Ա. Հովսեփյանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի և 124-րդ հոդվածի խախտումներ: Նշված խախտումները Խորհուրդը որակում է որպես դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումներ, քանի որ Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի և 124-րդ հոդվածի վերը նշված պահանջները չպահպանելը հանգեցրել է Ա. Լալայանի` ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված անձի արդար դատաքննության տարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքի խախտմանը:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի և 124-րդ հոդվածի խախտումների հիմքով դատավոր Ա. Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, հիմնավոր է և ենթակա է բավարարման:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը արձանագրում է, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Հովսեփյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարել: ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Հովսեփյանին հայտարարել նախազգուշացում:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

    Արդարադատության խորհրդի անդամներ`        Վ. Աբելյան

                                             Գ. Բադիրյան

                                             Ռ. Բարսեղյան

                                             Կ. Բաղդասարյան

                                             Ա. Թումանյան

                                             Գ. Խանդանյան

                                             Ա. Խաչատրյան

                                             Մ. Մակյան

                                             Մ. Մարտիրոսյան

                                             Հ. Փանոսյան

 

 

pin
Արդարադատության խորհուրդ
30.09.2011
N ԱԽ-19-Ո-25
Որոշում