Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 108 ...

 

 

020.0997.151111

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ, 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻՆ ԵՎ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 15 նոյեմբերի 2011թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներ Գ. Պետրոսյանի և Ն. Ադամյանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մխիթարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին և 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 13.10.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, օրենսդրության այլ ակտեր, վիճարկվող խնդրի իրավակարգավորման վերաբերյալ միջազգային արդարադատական և իրավական պրակտիկան, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի` սույն գործով վիճարկվող «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները» վերտառությամբ 1087.1-րդ հոդվածը սահմանում է.

«1. Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

2. Սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:

Սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

3. Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

4. Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`

1) դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում.

2) դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները.

3) այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից:

6. Անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):

7. Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.

2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.

3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

8. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

9. Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:

10. Անձը չի կարող օգտվել սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներից, եթե նա մինչև դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում և (կամ) իր պատասխանի հրապարակում, և լրատվական գործունեություն իրականացնողը կատարել է այդ պահանջը:

11. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`

1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը.

2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը:

Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը:

12. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներն իրականացնելու հետ անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը:

13. Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում»:

2. Դիմող կողմը գտնում է, որ վիճարկվող հոդվածի նորմերն առաջացնում են իրավական անորոշություն և պայմաններ ստեղծում վիճարկվող հոդվածի կամայական և տարածական մեկնաբանման ու կիրառման համար, չեն բացահայտում «զրպարտություն», «վիրավորանք», «հրապարակային», «գերակա հանրային շահ», «հավասարակշռված և բարեխղճորեն» և մի շարք այլ բառակապակցությունների բովանդակությունը, ինչն իր հերթին վտանգում է իրավունքների սահմանափակման սահմանադրական սկզբունքների իրացումը, հակասության մեջ է դնում այդ հոդվածը ՀՀ Սահմանադրության հետ` խախտելով ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի և 27-րդ հոդվածի (1-ին, 2-րդ և 3-րդ մասեր) նորմերը: Բացի դրանից, վիճարկվող նորմերից բխում է, որ որպեսզի կատարված արտահայտությունը համարվի «վիրավորանք», իսկ փաստացի տվյալները ներկայացնելը` «զրպարտություն», արտահայտությունը պետք է կատարվի հրապարակային, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները նույնպես պետք է ներկայացվեն հրապարակային: Այսինքն` անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող ոչ հրապարակային կատարված արտահայտությունը, ինչպես նաև անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող և նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող փաստացի տվյալները ոչ հրապարակային ներկայացնելը դիտվում են որպես որևէ հետևանք չառաջացնող արարքներ: Հետևաբար, ըստ դիմող կողմի` վիճարկվող հոդվածն անհավասար դրության մեջ է դնում այն անձանց, ում պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորվել են հրապարակային, և այն անձանց, ում պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորվել են ոչ հրապարակային` դրանով իսկ խտրականություն սահմանելով նրանց նկատմամբ իրավական վերաբերմունքի մեջ, ինչպես նաև զրկելով անձին իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ հրապարակային արատավորելու դեպքերում իրավական պաշտպանության հնարավորությունից, և այս հիմքերով խախտում է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի նորմերը:

Դիմող կողմը գտնում է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածում տրված վիրավորանքի և զրպարտության հասկացությունների հետ համակարգային առումով փոխկապակցված է նաև նույն հոդվածում ամրագրված` վիրավորանքի և զրպարտության դեպքերում, ի թիվս այլ միջոցների, անձի` դատական կարգով փոխհատուցում և վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները պահանջելու իրավունքը: Դիմող կողմը կարծում է, որ վիճարկվող հոդվածում բավարար հստակությամբ չեն բացահայտվում փոխհատուցման նպատակը և փոխհատուցում կիրառելու սկզբունքները: Փոխհատուցում պահանջելու նպատակը պետք է սահմանափակվի վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով անձի հեղինակությանը պատճառված վնասի հատուցման անհրաժեշտությամբ: Փոխհատուցումը, որը հետապնդում է ցանկացած այլ նպատակ, սահմանափակում է ազատորեն արտահայտվելու իրավունքը, ինչը չի կարող դիտարկվել անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում: Ըստ դիմողի` դատարանի կողմից սահմանվող փոխհատուցման գումարը պետք է համաչափ լինի անձի հեղինակությանը պատճառված վնասին, փոխհատուցման գումարի նկատմամբ դատական հսկողության շրջանակները համարժեք և արդյունավետ երաշխիքներ պետք է նախատեսեն անհամաչափորեն մեծ գումարների դեմ, և փոխհատուցում վճարելու պահանջը, անկախ դրա չափերից, հանդիսանում է միջամտություն խոսքի ազատության իրավունքի նկատմամբ: Այն պետք է կիրառվի միայն այն դեպքերում, երբ պաշտպանության մյուս միջոցներով հնարավոր չէ վերականգնել անձի հեղինակությանը պատճառված վնասը: Փոխհատուցումը պետք է համաչափ լինի անձի հեղինակությանը պատճառված վնասին: Այն չպետք է օգտագործվի որպես ազատ խոսքը կաշկանդելու դատական լծակ: Միայն այս սկզբունքները հստակորեն ամրագրելով` հնարավոր է վերացնել վիճարկվող հոդվածի դրույթների հնարավոր կամայական մեկնաբանությունը և ապահովել դրանց համաչափ ու միատեսակ կիրառությունը:

3. Պատասխանողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածը նորմատիվ տեսանկյունից չի հավակնում հակասահմանադրական բնորոշմանը: Այն բավարարում է միջազգային, եվրոպական չափանիշները, մասնավորապես` «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածը ֆիզիկական անձանց հնարավորություն է տալիս քաղաքացիական դատավարության ընթացակարգերով հասնել իրենց պատվի և արժանապատվության, խախտված իրավունքի վերականգնման և (կամ) իր պատասխանի հրապարակման, ինչպես նաև դրամական հատուցման եղանակով»: Նմանապես իրավաբանական անձինք` նշված ընթացակարգերով և եղանակներով կկարողանան պաշտպանել իրենց գործարար համբավը զրպարտչական արտահայտություններից: Անձի արժանապատվությունը կամ գործարար համբավը պաշտպանվում է ոչ միայն ֆիզիկական անձի, այլև զանգվածային լրատվական միջոցների կեղծ կամ վիրավորական արտահայտություններից: Ըստ պատասխանող կողմի` վիճարկվող հոդվածը, սահմանելով քաղաքացիաիրավական պատասխանատվություն զրպարտության և վիրավորանքի համար, ուղղված չէ ՀՀ-ում զուտ կարծիքն ազատ արտահայտելու կամ խոսքի ազատության սահմանափակմանը, այն առաջնահերթ ուղղված է յուրաքանչյուր անձի արժանապատվությունը պաշտպանելուն, որն իբրև բացարձակ արժեք պահանջում է ոչ միայն արտաքին ազատություն ցանկացած տեսակի ֆիզիկական բռնությունից, այլ նաև որպես յուրաքանչյուրի եզակի ներքին էություն` նաև ազատություն բարոյական բռնությունից, որը չի կարող երաշխավորվել ամենաթողության պարագայում:

Պատասխանող կողմը նաև գտնում է, որ վիճարկվող հոդվածի վերը ներկայացված նպատակի մասին է վկայում այն փաստը, որ քաղաքացիաիրավական պատասխանատվություն է նախատեսվում միայն այնպիսի հրապարակային արտահայտությունների համար, որոնք նպատակաուղղված են արատավորելու անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը վիրավորանքի դեպքում և այնպիսի փաստացի տվյալներ հրապարակայնորեն ներկայացնելու համար, որոնք չեն համապատասխանում իրականությանը և միաժամանակ արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Ըստ պատասխանող կողմի` օրենսդիրը հիմք ընդունելով լրագրողական աշխատանքների առանձնահատկությունը` հանրային հնչեղություն ունեցող դեպքերի վերաբերյալ հայտարարություններ կատարելու ազատությունը, լուրեր հրապարակելու հրատապությունը, եթե հակառակ դեպքում դա կարող է նվազեցնել ներկայացվող տեղեկատվության հրատապությունը, հնարավորություն է տալիս ազատել պատասխանատվությունից, անգամ ոչ ճշմարիտ տեղեկատվության համար, եթե դա չի հետապնդել ակնհայտորեն չարամիտ նպատակ, անձը ձեռնարկել է բոլոր միջոցները այդ տեղեկությունների ճշմարտությունը և հիմնավորվածությունը պարզելու համար: Պատասխանող կողմի կարծիքով, վիճարկվող հոդվածը` ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի համատեքստում, չի նախատեսում խտրականություն:

Պատասխանող կողմը նաև գտնում է, որ վիճարկվող հոդվածով նախատեսված իրավակարգավորումը բացառում է փոխհատուցում պահանջել այլ նպատակներով: Դրամական փոխհատուցումը պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանության գլխավոր ձևը չէ: Այդ եղանակով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը պաշտպանելու անհնարինության դեպքում է միայն դատարանն իրավասու կիրառելու օրենքով նախատեսված պաշտպանության մյուս միջոցները: Ընդ որում, դատարանին իրավունք է վերապահված, հաշվի առնելով կոնկրետ և հստակ հանգամանքները, առավել մեղմ պատասխանատվություն նախատեսել հրապարակային արտահայտություններ կամ ոչ ճշմարիտ փաստացի տեղեկություններ տարածող անձանց նկատմամբ:

Անդրադառնալով վիճարկվող հոդվածում «հրապարակային», «գերակա հանրային շահ», «հավասարակշռված» և «բարեխղճորեն» բառակապակցությունների բովանդակությանը, պատասխանող կողմը գտնում է, որ այդ հասկացությունները հանրածանոթ են և չեն կարող տարատեսակ ընկալվել դատարանի կողմից: Տվյալ հասկացությունների բովանդակությունը պետք է դիտարկել տվյալ նորմի համատեքստում:

4. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել.

- խոսքի ազատության և կարծիքի ազատ արտահայտման իրավունքի` որպես ժողովրդավարության կարևոր նախապայմանի իրացման երաշխավորումը` ՀՀ Սահմանադրության 14 և 27-րդ հոդվածների իրավակարգավորման, ինչպես նաև 43-րդ և 47-րդ (1-ին մաս) հոդվածների համատեքստում այդ իրավունքի հնարավոր ու իրավաչափ սահմանափակումների շրջանակներում, ելնելով նաև միջազգային իրավական համընդհանուր սկզբունքներից ու նորմերից,

- անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող գործողությունների (վիրավորանքի կամ զրպարտության) սահմանադրաիրավական բովանդակությունը, ելնելով վեճի առարկա հոդվածի դրույթների իրավական տրամաբանությունից, ինչպես նաև միջազգային իրավական պրակտիկայում առկա դրանց ընկալումներից,

- վիճարկվող նորմերի իրավակարգավորման շրջանակներում անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող գործողությունների արդյունքում պատճառված անմիջական վնասի դիմաց դատական կարգով համաչափ փոխհատուցում ստանալու իրավունքի երաշխավորման սահմանադրաիրավական բովանդակությունը:

Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ սույն գործով վեճի առարկա հոդվածի դրույթների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման և սահմանադրականության գնահատման համար սկզբունքային նշանակություն ունեն նաև.

- ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում օրենսդրական զարգացումների հիմնական միտումների բացահայտումը,

- քննվող իրավակարգավորման բնույթի ու իրավական բովանդակության հստակեցումը` ՀՀ Սահմանադրության արժեբանական մոտեցումների տեսանկյունից,

- իրավակարգավորման նպատակի, միջոցի ու իրավանորմի կիրառման հետևանքների իրավաչափ հավասարակշռվածության բացահայտումը:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2007թ. հոկտեմբերի 4-ին ընդունեց թիվ 1577 (2007) բանաձևը զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ: Շեշտելով, որ զրպարտությանն առնչվող օրենքներն այլ անձանց իրավունքների և բարի համբավի պաշտպանության իրավաչափ նպատակ են հետապնդում` Վեհաժողովը, այնուամենայնիվ, պետություններին առաջարկեց այս օրենքները կիրառել մեծագույն զսպվածությամբ, քանի որ դրանք կարող են լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունը:

Վեհաժողովը նաև հստակ մոտեցում որդեգրեց, այն է` զրպարտության համար ազատազրկումը պետք է անհապաղ չեղյալ հայտարարվի: Կոչ արվեց անդամ պետություններին`

- անհապաղ վերացնել զրպարտության համար որպես պատժատեսակ սահմանված ազատազրկումը,

- սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով, այնպես, որպեսզի պատասխանատու մամուլի կենսունակությունը չվտանգվի.

- ապահովել համապատասխան իրավական երաշխիքներ իրական վնասին ոչ համաչափ փոխհատուցում սահմանելու դեմ:

Հիշյալ բանաձևում ընդգծվեց նաև, որ հանրային շահից բխող հայտարարությունները, եթե նույնիսկ ապացուցվում է դրանց ոչ ճշմարիտ լինելը, չպետք է լինեն պատժելի, եթե դրանք կատարվել են առանց դրանց ոչ հավաստի լինելու փաստի իմացության, առանց վնաս պատճառելու դիտավորության և դրանց ճշմարտացիության ստուգման համար համապատասխան ջանքեր են գործադրվել:

Այս բանաձևի ընդունումից հետո Եվրախորհրդի անդամ շուրջ մեկ տասնյակ երկրներ, այդ թվում` Հայաստանը, նախաձեռնեցին համապատասխան օրենսդրական փոփոխություններ` վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման ուղղությամբ (2010թ. մայիսի 18-ի ՀՕ-98-Ն օրենքով ուժը կորցրած ճանաչվեցին ՀՀ քր. օրենսգրքի 135-րդ և 136-րդ հոդվածները, իսկ նույն օրն ընդունված ՀՕ-97-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը լրացվեց նաև վեճի առարկա 1087.1-րդ հոդվածով):

Իր հերթին Եվրախորհրդի նախարարների կոմիտեն մի շարք հանձնարարականներ է ընդունել խնդրո առարկա հիմնախնդրի իրավական կարգավորման և շահերի ու իրավունքների ողջամիտ հավասարակշռման վերաբերյալ: Մասնավորապես, ԵԽ Նախարարների կոմիտեի Rec (2003) 13 հանձնարարականում ճանաչվում է ուղղման կամ պատասխան ներկայացնելու իրավունքը` հաշվի առնելով, որ ոչ ճիշտ տեղեկատվությունը կարող է, օրինակ, վնաս հասցնել անմեղության կանխավարկածին:

ԵԽ Նախարարների կոմիտեն, մի կողմից, հաշվի է առել, որ արտահայտվելու ազատության իրավունքը ներառում է տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքը` առանց հանրային իշխանությունների միջամտության և անկախ սահմաններից, ինչպես դա սահմանված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, մյուս կողմից` նկատի է ունեցել, որ այդ ազատության իրականացումը ներառում է պարտականություն և պատասխանատվություն, մասնավորապես` կապված այլ անձանց իրավունքների կամ բարի համբավի հետ: ՈՒստի ԵԽ Նախարարների կոմիտեն գտնում է, որ ցանկալի է ապահովել անհատին պաշտպանության համապատասխան միջոցներով.

- ընդդեմ նրա վերաբերյալ ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող հրապարակման,

- ընդդեմ նրա մասնավոր կյանքին միջամտող կամ նրա պատիվը, արժանապատվությունը կամ բարի համբավն արատավորող տեղեկատվության` ներառյալ փաստերը և կարծիքները, անկախ այն հանգամանքից` այդպիսի տեղեկատվության տարածումը տեղի է ունեցել տպագիր մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության կամ պարբերական բնույթ ունեցող զանգվածային լրատվության այլ միջոցներով:

Բացի դրանից, ԵԽ Նախարարների կոմիտեի` «Մամուլի առնչությամբ անհատի պատասխանի իրավունքի մասին» դեռևս 1974թ. հուլիսի 2-ին ընդունված թիվ (74) 26 բանաձևով անդամ պետություններին առաջարկվել է, որ անձի` մամուլի հետ կապված կարգավիճակը պետք է նվազագույնը համապատասխանի հետևյալ սկզբունքներին.

- անձի վերաբերյալ զանգվածային լրատվության որևէ միջոցում հրապարակված տեղեկատվության առնչությամբ համապատասխան անհատը պետք է ունենա իր հետ կապված ոչ ճշմարիտ փաստերի ուղղման արդյունավետ հնարավորություն, առանց անհարկի ձգձգումների, որոնց ուղղման հարցում նա ունի իրավաչափ շահ, և այսպիսի ուղղումները պետք է հնարավորության դեպքում կատարվեն նույն միջոցով,

- անհատը պետք է ունենա արդյունավետ պաշտպանության իրավունք` իր հետ կապված այն փաստերի և կարծիքների դեմ, որոնք.

ա) միջամտություն են նրա մասնավոր կյանքին, բացառությամբ, երբ դա արդարացված է գերակա հանրային շահով, երբ անձը հստակորեն կամ լռելյայն համաձայնել է հրապարակմանը կամ երբ հրապարակումը տեղի է ունեցել ընդհանուր առմամբ ընդունված պրակտիկայի պայմաններում և չի հակասում օրենքին,

բ) արատավորվել է նրա պատիվը, արժանապատվությունը կամ բարի համբավը, եթե տեղեկատվությունը չի հրապարակվել տվյալ անձի հստակորեն արտահայտված կամ լռելյայն համաձայնությամբ կամ արդարացված չէ գերակա հանրային շահով և հանդիսանում է արդար քննադատություն` հիմնված ճշմարիտ փաստերի վրա:

Իրենց հերթին, Եվրախորհրդի տարբեր կառույցներ բազմիցս են շեշտել քննության առարկա խնդրի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին հետևելու անհրաժեշտությունը: Այդ դատարանը «վիրավորանքին» և «զրպարտությանն» առնչվող գործերով հստակ իրավական դիրքորոշումներ է արտահայտել, մասնավորապես, «զրպարտության» մասին օրենքների որոշակիության, «զրպարտության» համար պատասխանատվության համաչափության, փաստերի ճշմարտացիության ապացուցման պարտականությունից ազատելու հիմքերի կամ «ողջամիտ հրատարակման» պաշտպանության հայեցակարգային մոտեցման, կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահանջների կատարումը երաշխավորելու վերաբերյալ:

2004թ. դեկտեմբերի 21-ի` Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի (Busuioc v. Moldova) վճռում, մասնավորապես, Եվրոպական դատարանը գտավ, որ «օրենքով նախատեսված» արտահայտության պահանջներից մեկն այն է, որ համապատասխան միջոցը պետք է լինի կանխատեսելի: Նորմը չի կարող համարվել «օրենք», քանի դեռ ձևակերպված չէ բավարար հստակությամբ, որպեսզի անձին հնարավորություն տա կարգավորելու իր վարքագիծը. անձը պետք է կարողանա տվյալ հանգամանքներում ողջամիտ կերպով կանխատեսել իր տվյալ գործողության հետևանքները: Այդ հետևանքները չեն կարող կանխատեսելի լինել բացարձակ որոշակիությամբ: Թեև օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին: Հետևաբար, շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է: Միաժամանակ, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ զրպարտությանն առնչվող օրենքները` պատվի և արժանապատվության իրենց շեշտադրմամբ, անխուսափելիորեն ներառում են անորոշության որոշակի աստիճան: Այնուամենայնիվ, դա չի զրկում նրանց իրենց «իրավական բնույթից»` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի նպատակների համար: Ներպետական մարմինների խնդիրն է կիրառել և մեկնաբանել ներպետական օրենքները:

Գնահատողական դատողությունների և փաստերի տարանջատման անհրաժեշտության առնչությամբ Եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում առաջադրել է այն պահանջը, որ հստակ տարբերակում պետք է կատարել փաստական տվյալների և գնահատողական դատողությունների միջև: Այս հանգամանքը հատուկ կարևորվել է նաև Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից` այս հարցի առնչությամբ մի շարք երկրների օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ ներկայացնելիս: Մասնավորապես, քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի նախագիծը` հանձնաժողովն իր` 2009թ. հունիսի 23-ի CDL-AD (2009) 037 միջանկյալ զեկույցում կարծիք է հայտնել, որ հոդվածում օգտագործված «վիրավորանք» և «զրպարտություն» եզրույթները հայաստանյան դատարանները պրակտիկայում կիրառելիս պետք է հաշվի առնեն Եվրոպական դատարանի` արտահայտվելու ազատությանը վերաբերող նախադեպային իրավունքը, մասնավորապես, դրանում ձևակերպված այն պահանջը, որ պետք է տարբերակում կատարվի գնահատողական դատողությունների և փաստերի միջև:

Նշված նկատառումից ելնելով էր, որ հանձնաժողովն առաջարկեց հոդվածի նախագծում, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին համապատասխան, ավելի հստակ և ճշգրիտ տարանջատել խնդրո առարկա երկու եզրույթները` վիրավորանքը և զրպարտությունը, ինչպես նաև հստակեցնել դրանցից բխող ապացուցման բեռը: Այս առաջարկության հիման վրա հոդվածի նախագծում կատարվեցին որոշ փոփոխություններ:

Այսպիսով, ՀՀ սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում ձևավորված վերոհիշյալ մոտեցումներից է նաև ելնում` գնահատելու համար դիմող կողմի փաստարկները վիճարկվող նորմերի իրավական անորոշության առնչությամբ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ նորմերով կարգավորվող իրավահարաբերությունների առանձնահատկություններով (գնահատման ենթակա հանգամանքների բազմազանությամբ) է պայմանավորված հայեցողական որոշակի այն ազատությունը, որն օրենսդիրը տրամադրել է դատարաններին` վիճարկվող հոդվածի նորմերի կիրառմամբ որոշումներ կայացնելիս: Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ դատական հայեցողությունը` մանավանդ այնպիսի դեպքերում, երբ քննության առարկա է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված խոսքի ազատության սահմանափակման հարցը, պետք է առաջնորդվի ոչ միայն օրենքի նորմերն իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան մեկնաբանությամբ կիրառելու պահանջով, այլև միջազգային պրակտիկայով, և հատկապես` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով:

Քննության առարկա հիմնախնդրի վերաբերյալ հիշյալ և մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերի (այդ թվում նաև` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի կողմից 2011թ. հուլիսի 11-29-ին Ժնևում ընդունված թիվ 34 ընդհանուր մեկնաբանությունը, «ARTICLE 19» կազմակերպության կողմից մշակված մոտեցումները և այլն) վերլուծությունը վկայում է, որ, մասնավորապես, համաձայն եվրոպական իրավական ներկա զարգացումների`

- մամուլի դեմ անձի պատվի և արժանապատվության պաշտպանության նպատակով հարուցված հայցերի դեպքում առկա է արտահայտվելու ազատության իրավունքի և անձի արժանապատվության բախում, և լուծումները պետք է գտնվեն դրանց հավասարակշռման տիրույթում,

- մամուլի միջոցներով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելը համարվում է իրավախախտում, սակայն ոչ քրեորեն պատժելի արարք,

- այդ իրավախախտումը ենթադրում է համարժեք փոխհատուցում, որն անհրաժեշտ է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը վերականգնելու համար,

- այդ փոխհատուցումը չպետք է շփոթել պատճառած գույքային վնասի հետ,

- այդ փոխհատուցումը չպետք է դիտել որպես լրատվամիջոցի դեմ կիրառվող տույժ կամ տուգանք, հակառակ դեպքում կիմաստազրկվի զրպարտություն երևույթի ապաքրեականացումը,

- զրպարտության վերաբերյալ գործերով պատասխանողը պետք է կրի միայն իր հրապարակած փաստերի ճշմարտացիության ապացուցման պարտականությունը,

- պետք է ապահովվի ու երաշխավորվի «ողջամիտ հրապարակման» պաշտպանությունը,

- հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հարցում մամուլի առանցքային դերը` առավել լայն պաշտպանություն պետք է ապահովվի այն հրապարակումների համար, որոնք մաս են կազմում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցի շուրջ ծավալվող բանավեճի:

Վերոհիշյալի հիման վրա սահմանադրական դատարանն արձանագրում է, որ զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ թե՛ մեր երկրում և թե՛ եվրոպական մի շարք այլ երկրներում վերջին տարիներին կատարված օրենսդրական փոփոխությունների ու նոր իրավակարգավորման հիմնական տրամաբանությունը հենվում է ոչ թե մեղավորության կանխավարկածի վրա (նախատեսել պատիժ` արարքի համար), այլ անմեղության կանխավարկածի վրա (երաշխավորել անձի անմեղությունը` վերականգնելով նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը): Երբ անձի պատվի և արժանապատվության արատավորումը հետևանք է դիտավորության, չարամտորեն իրականացված գործողության, ունի շարունակական բնույթ ու առնչվում է լրատվամիջոցին, ապա խնդիրը տեղափոխվում է նաև իրավահարաբերությունների կարգավորման այլ հարթություն, և հարցը կարող է քննության առարկա դառնալ ընդհուպ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման տեսանկյունից: Միջազգային իրավական մոտեցումները ելնում են այն կանխավարկածից, որ լրատվության կարևորագույն առաքելություններից են` ասել միայն ճշմարտությունը և բարեխղճորեն ստուգել փաստերը: Անհավատարմությունն այս առաքելությանը, կեղծ փաստերով շահադիտական կամ կանխամտածված այլ նպատակներով անձին անվանարկելը, նրա` անմեղության կանխավարկածին վնաս հասցնելը կամ անձնական կյանքին միջամտելը պետք է համարժեք իրավական գնահատական ստանան: Իր հերթին, երաշխավորված ու պաշտպանված պետք է լինի խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը, և պատասխանատու մամուլի կենսունակությունը չպետք է վտանգվի:

6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ, մի կողմից, տեղեկատվություն տարածելու և խոսքի ազատության, մյուս կողմից` անձի` իր հեղինակության նկատմամբ հարգանքի իրավունքի միջև փոխհարաբերությունը պետք է քննության առնվի ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածով սահմանված` մարդու արժանապատվության հարգման ու պաշտպանության և Սահմանադրության 27-րդ հոդվածով սահմանված` ժողովրդավարական պետությունում քաղաքական բազմակարծության անքակտելի տարր հանդիսացող` խոսքի և տեղեկատվության ազատության իրավունքի հետ հարաբերակցության լույսի ներքո:

Բացի դրանից, քննության առարկա հոդվածի իրավակարգավորման շրջանակներում անհրաժեշտ է հաշվի առնել նաև սահմանադրական մի շարք այլ հիմնարար սկզբունքների երաշխավորման անհրաժեշտությունը: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է.

«Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:

Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»:

Համաձայն Սահմանադրության 14-րդ հոդվածի` «Մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից»: Իսկ Սահմանադրության 23-րդ հոդվածը սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը»:

Միաժամանակ, Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից:

Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»:

ՀՀ Սահմանադրության հիշյալ հոդվածների, ինչպես նաև 43-րդ և 47-րդ (1-ին մաս) հոդվածների համադրված վերլուծությունից հետևում է, որ մարդու արժանապատվությունից` ներառյալ պատիվը, բարի համբավը և մասնավոր կյանքը, բխող իրավունքները և ազատությունները, որպես բացարձակ իրավունք գործնականում կարող են արդարացնել արտահայտվելու ազատության սահմանափակումը միայն իրավաչափ շրջանակներում: Այդ մոտեցումն է դրված նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10.2-րդ, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 17 և 19.3-րդ, Մարդու իրավունքների հանընդհանուր հռչակագրի 12-րդ հոդվածների հիմքում:

Այս հիմնախնդրին լայնորեն անդրադարձել է նաև սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկան: Օրինակ` Լեհաստանի սահմանադրական տրիբունալն իր` 30.10.2006թ. որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Լրատվամիջոցների և սոցիալական հաղորդակցության այլ միջոցների ազատությունը չի կարող ըստ էության պատճառ հանդիսանալ սահմանադրական այլ իրավունքները և ազատությունները սահմանափակելու համար: Իրավունքների և ազատությունների սահմանափակումները, որոնք կարող են հանգեցնել մարդու արժանապատվության նսեմացմանը, անթույլատրելի են: Որքան մոտ է կոնկրետ իրավունքը կամ ազատությունը մարդու արժանապատվության էությանը, այնքան այն ավելի խիստ պետք է պաշտպանվի հանրային իշխանությունների կողմից: Միևնույն ժամանակ, պետության սահմանադրական համակարգի սկզբունքները պետք է այնպես իրացվեն, որ խուսափեն մարդու արժանապատվությունը վիրավորելուց»:

ՈՒշադրության է արժանի նաև այս հիմնախնդրի առնչությամբ Սլովենիայի սահմանադրական դատարանի 10.09.2009թ. որոշման մեջ արտահայտված հետևյալ իրավական դիրքորոշումը. «Համեմատելով արտահայտվելու ազատությունը` մի կողմից, և անձնական արժանապատվության իրավունքը` մյուս կողմից, դատարանները նշված իրավունքների միջև հարաբերությունները չեն կարգավորել այնպես, որ արտահայտվելու իրավունքն անհամաչափորեն սահմանափակվի: Իրենց աշխատանքն իրականացնելիս լրագրողներն օգտվում են արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանության լայն շրջանակից, ինչը պայմանավորված է հասարակության մեջ նրանց ունեցած դերով: Եթե, այնուամենայնիվ, լրագրողները դուրս գան իրենց կողմից ներկայացվող բանավեճի կամ խնդրի շրջանակներից այնպիսի հայտարարությունների միջոցով, որոնք ներխուժում են տուժող կողմի անձնական իրավունքների մեջ այն ծավալով, որ էլ հնարավոր չէ փաստարկել, որ իրենք իրենց ներդրումն են կատարում հասարակության համար կարևոր հարցերի բաց հանրային քննարկմանը, նրանք չեն կարող պնդել, որ հասարակության մեջ իրենց ունեցած դերը նշանակում է, որ արտահայտվելու իրենց իրավունքը գերակայում է տուժող կողմի անձնական իրավունքներին միջամտելու նկատմամբ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ լրագրողների արտահայտվելու ազատությունը պաշտպանվում է, եթե նրանք գործում են իրենց «առաքելության» շրջանակներում»:

i

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով նույնպես անդրադարձել է մարդու արժանապատվության` որպես բարձրագույն արժեք ընկալելու սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման խնդրին (ՍԴՈ-834, ՍԴՈ-913 և այլն), ընդգծելով, որ այդ իրավունքն առաջնային նշանակություն ունի մարդու և քաղաքացու հիմնական բոլոր իրավունքների ու ազատությունների ազատ, անարգել և երաշխավորված իրականացման համար, որը նաև ենթադրում է ինչպես սահմանադրորեն թույլատրելի շրջանակներում անձի կողմից որոշակի գործողությունների կատարում և կամաարտահայտության դրսևորում, այնպես էլ դրանք պաշտպանելու` պետության համարժեք պարտականություն: Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը դեռևս իր ՍԴՈ-278 որոշման մեջ փաստելով, որ Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի կոնվենցիան, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966 թվականի միջազգային դաշնագիրը և միջազգային մյուս համապատասխան փաստաթղթերը, յուրաքանչյուրի` ազատորեն արտահայտվելու, այդ թվում սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունն ամրագրելով, դրա իրականացման կարևոր երաշխիք են դիտում պետական մարմինների միջամտության բացառումը, արձանագրել է, որ օրենքով նախատեսվող հնարավոր սահմանափակումները պետք է լինեն համաչափ և բխեն ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ ազգային օրենսդրության ժողովրդավարական սկզբունքների էությունից, չպետք է լինեն այնպիսին, որոնք վտանգեն մարդու իրավունքների հիմնական բովանդակությունը:

Բերված մոտեցումների, ինչպես նաև եվրոպական երկրների տարբեր այլ դատարանների իրավական դիրքորոշումների համեմատական վերլուծությունը վկայում է, որ.

ա) սահմանադրական դատարանները խնդրին առաջին հերթին մոտենում են իրավունքների սահմանափակման թույլատրելիության տեսանկյունից: Այս առումով ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը, ի տարբերություն 27-րդ հոդվածի, Սահմանադրության 43-րդ հոդվածի հիմքով ենթակա չէ սահմանափակման,

բ) կարևորելով խոսքի ու արտահայտվելու ազատության իրավունքի երաշխավորումը ժողովրդավարական հասարակության համար, այն չի կարող անհամաչափորեն սահմանափակվել` վտանգելով սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ ու գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը,

գ) արտահայտվելու ազատության իրավունքը` այնքանով, որքանով կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածի իմաստով, կարող է պայմանավորվել օրենքով նախատեսված սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք, ի մասնավորի, անհրաժեշտ են այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու համար,

դ) գործնական խնդիրն առավելապես ոչ թե օրենքով իրավաչափ սահմանափակումների կամ պատասխանատվության միջոցների նախատեսման մեջ է, այլ վերաբերում է դրանց համաչափության ապահովմանն ու դատական պրակտիկայում դրա երաշխավորմանը` որպես պետության անմիջական պարտականություն: Վերջինս պետք է հենվի այն ելակետային սկզբունքի վրա, որ հանրային շահի գերակայության տեսանկյունից լրատվամիջոցի կանխարգելիչ ու հակակշռող նշանակությունն ավելին է, քան նյութական միջոցներով սխալն ուղղելու անհրաժեշտությունը: Այս հանգամանքը կոնկրետ իր արտացոլումն է գտել վեճի առարկա հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության և 5-րդ մասի 2-րդ կետի իրավակարգավորման շրջանակներում և պետք է համարժեք ձևով հաշվի առնվի դատական պրակտիկայում:

Սահմանադրաիրավական այս հիմնարար դրույթները քննության առարկա իրավահարաբերությունների շրջանակներում ունեն ելակետային ու բացարձակ նշանակություն ոչ միայն օրինաստեղծի, այլև իրավակիրառողի ու այդ հարաբերությունների մասնակիցների համար: Այդ դրույթների համադրված վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իրավակարգավորման շրջանակներում դրանք հիմնականում արտացոլված են համակարգային օրգանական կապի մեջ և ապահովում են իրավաչափ հավասարակշռություն իրավունքի ու դրա պաշտպանության երաշխիքների, հանրային ու անհատական շահերի, իրավական ու բարոյական չափորոշիչների միջև: Օրենքը սահմանադրական ճիշտ չափորոշիչներ է դրել տվյալ հիմնախնդրի իրավական կանոնակարգման հիմքում: Դրանց համարժեք ընկալումը, իրավաչափ կիրառումը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավական ճշմարտության համակարգային բացահայտումը դատական պրակտիկայի խնդիրն է:

Սույն գործով վիճարկվող նորմերի սահմանադրականությունը գնահատելիս սահմանադրական դատարանը ելնում է նաև այն իրողությունից, որ Հայաստանի Հանրապետությունում անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն այլ անձանց արատավորող գործողություններից պաշտպանվում է բացառապես քաղաքացիաիրավական կարգավորման միջոցով: Այդ բնագավառի հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` սույն գործով վիճարկվող հոդվածով, այլև տեղեկատվության ազատության, զանգվածային լրատվության իրավակարգավորման բնագավառի օրենսդրության ակտերով («Տեղեկատվության ազատության մասին» 2003թ. սեպտեմբերի 23-ին, «Զանգվածային լրատվության մասին» 2003թ. դեկտեմբերի 13-ին ընդունված օրենքներով և այլն):

Միաժամանակ, քննության առարկա դարձնելով վերոհիշյալ ազատությունների և օրենքով պաշտպանվող այլ շահերի միջև հավասարակշռության խնդիրը` սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ ազատությունները միշտ պետք է գերակայեն այն դեպքում, երբ տեղեկատվության բացահայտումն անհիմն չի եղել, հետապնդել է իրավաչափ նպատակ և տվյալ տեղեկատվությունը վերաբերում է հասարակական հետաքրքրություն ներկայացնող պետական գործերի և անձանց:

7. Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի քննության համար ելակետային նշանակություն ունի «զրպարտություն» և «վիրավորանք» հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտումը:

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը դեռևս 2005 թվականին անդրադառնալով այդ հասկացությունների մեկնաբանմանը, առանձնացրել է երեք արտահայտություն` անվանարկում (defamation), գրավոր արտահայտություն, որը վնասում է անձին (libel), ինչպես նաև հայտարարություն կամ գործողություն, որ ասվել կամ արվել է այլ անձի վիրավորելու նպատակով (insult): Անվանարկումը լինելով երևույթի ընդհանրական բնութագրում` իրավական հստակության տեսանկյունից պահանջում է որոշակիացնել դրա դրսևորումները` անցողիկ կամ մնայուն բնույթը, արտահայտման ձևը, դիտավորության ու կեղծ փաստի առկայությունը և այլն, ինչը կարևոր է փոխհատուցման կանոնակարգման առումով:

Միջազգային իրավական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ այս հարցում ՀՀ օրենսդրական փոփոխություններն ընթացել են գոյություն ունեցող հնարավոր ամբողջական ձևակերպումներ ամրագրելու տրամաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասից հետևում է, որ «զրպարտությունն» անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Այս ձևակերպումից բխում է, որ զրպարտությանը բնորոշ հատկանիշներն են.

ա) խոսքը վերաբերում է փաստացի տվյալներին,

բ) դրանք չեն համապատասխանում իրականությանը,

գ) ներկայացվել են հրապարակայնորեն,

դ) արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը,

ե) դրանք չեն վերաբերում միայն լրատվամիջոցներով ներկայացված փաստացի տվյալներին:

Հստակ է, որ խոսքը վերաբերում է փաստի, որոշակի կոնկրետ տվյալների, որոնք չեն կարող լինել վերացական, ենթադրական, այլ ունեն կոնկրետ առարկայական դրսևորում: Նման փաստացի տվյալների բացակայության դեպքում քննության առարկա հոդվածի իմաստով «զրպարտությունը»` որպես այդպիսին, գոյություն չունի:

Տարբեր երկրների իրավական պրակտիկայի վերլուծությունը վկայում է, որ այդ հասկացության բնորոշ գծերից է նաև դիտավորությամբ, գիտակցաբար ոչ հավաստի ու անձի արժանապատվությունը վիրավորող փաստի (կամ փաստական տվյալների) տարածումը: Սա ավելի է որոշակիացնում տվյալ հասկացությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի դրույթների համակարգային վերլուծությունը վկայում է, որ նման տրամաբանություն դրված է նաև այս հոդվածի իրավակարգավորման հիմքում: Մասնավորապես, վիճարկվող հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված է, որ այդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված ու բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները: Այլ կերպ` առկա չէ դիտավորության կանխավարկածը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա հոդվածի նշված դրույթն արտացոլում է միջազգային պրակտիկայում ձևավորված` «ողջամիտ հրապարակումների» պաշտպանության սկզբունքը, որի համաձայն` անձն ազատվում է զրպարտություն համարվող տեղեկատվություն տարածելու համար պատասխանատվությունից, եթե գործել է բարեխղճորեն` առանց տուժողի հեղինակությանն ու պատվին վնաս պատճառելու դիտավորության:

Նույն տրամաբանության վրա է կառուցված նաև 1087.1-րդ հոդվածի 10-րդ մասը, որն անձին ընդհուպ զրկում է նյութական փոխհատուցում պահանջելու հնարավորությունից, եթե նա մինչև դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում և (կամ) իր պատասխանի հրապարակում, և լրատվական գործունեություն իրականացնողը կատարել է այդ պահանջը:

Քննության առարկա հոդվածի 2-րդ մասում վիրավորանքը բնորոշվում է որպես «... խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտություն»:

Միջազգային իրավական պրակտիկայում «վիրավորանք» և «զրպարտություն» որակումների հիմնական տարբերությունն այն է, որ զրպարտության պարագայում խոսքը վերաբերում է դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստերի, փաստացի տվյալների տարածման միջոցով անձի արժանապատվությունն արատավորելուն, նրան հանցանքի կամ զանցանքի մեջ իրականությանը չհամապատասխանող փաստերի հիման վրա մեղադրելուն, իսկ վիրավորանքը ենթադրում է անձի` դիտավորությամբ, կանխամտածված նվաստացում: Այս տրամաբանությունն է դրված նաև քննության առարկա հոդվածում հասկացությունների բնորոշման հիմքում:

Վիրավորանքի առկա սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով: Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի արտահայտումը` այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա և արված է արդար մտադրություններով: Ընդ որում, գնահատող դատողություն արտահայտելու համար ապացույցներ չեն պահանջվում: Քննադատությունը, որն ուղղված է անձի գործունեությանը քաղաքականության, բիզնեսի, գիտության, արվեստի կամ այլ հանրային բնագավառներում, ինչպես նաև հանրային պաշտոնի, հասարակական դիրքի առնչությամբ և ակնհայտորեն չի գերազանցում իրավաչափության սահմանները, չի կարող համարվել վիրավորանք վեճի առարկա հոդվածի իմաստով:

Քննության առարկա հոդվածի 2-րդ մասի իրավական բովանդակությունից բխում է, որ արտահայտությունը չի կարող որպես վիրավորանք որակվել, եթե այն ունի որոշակի փաստական հիմք: Այսինքն, ոչ թե պետք է վիրավորանք համարել գնահատողական դատողությունը, այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը: Այստեղ կարևոր է նաև «արատավորելու նպատակով» արտահայտության իրավական իմաստի ճիշտ ընկալումը: Տվյալ համատեքստում այն ենթադրում է դիտավորություն, կանխամտածված գործողություն, ոտնձգություն անձի արժանապատվության նկատմամբ: Մինչդեռ գնահատողական դատողությունը փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում արվող հետևություն է, ինչը լրագրողի ոչ միայն իրավունքը, այլև` պարտականությունն է:

8. Ըստ դիմող կողմի` վիճարկվող նորմերում բացահայտված չէ «հրապարակային» եզրույթի բովանդակությունը, և որոշված չեն «ոչ հրապարակային» ձևով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող գործողություններից բխող հնարավոր իրավական հետևանքները:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործով արարքի հրապարակայնության փաստի, հանգամանքների պարզումն իրավակիրառական պրակտիկայի խնդիր է: Այն չի կարող ընկալվել խիստ տարածական, քանի որ վիճարկվող հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում օրենսդիրը հստակեցրել է անձին «վիրավորանք» հասցնելու և (կամ) «զրպարտելու», այսինքն` որոշակի նպատակային գործողություններ կատարելու նորմատիվ-նկարագրական հատկանիշները, որոնցից միանշանակ բխում է, որ այդ գործողությունները պետք է կատարվեն իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները, կամ «խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու» նպատակ հետապնդող արտահայտությունը հրապարակայնորեն, այդ թվում` նաև լրատվության միջոցով ներկայացնելով: Ակնհայտ է, որ վեճի առարկա հոդվածի իրավակարգավորումը վերաբերում է միայն հանրության առջև, առնվազն երրորդ անձի ներկայությամբ անձին հանիրավի անվանարկելու հետևանքների հաղթահարմանը: Իր կարևորությամբ հանդերձ, վիճարկվող հոդվածի իրավակարգավորման շրջանակներից դուրս է մասնավոր-իրավական բնույթի հարաբերությունների կարգավորումը: Այդուհանդերձ, սահմանադրական դատարանը գտնում է, որ դա ոչ թե օրենսգրքի տվյալ հոդվածի, այլ ընդհանուր իրավակարգավորման բաց է, և այն հաղթահարելու համար ՀՀ Ազգային ժողովն իր իրավազորության շրջանակներում առանձին քննարկման առարկա պետք է դարձնի ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության իրավական կանոնակարգման խնդիրը:

Այսպիսով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածի վերոհիշյալ նորմերի սահմանադրականության գնահատման տեսանկյունից, դրանք իրենց ընդհանուր իրավակարգավորիչ բովանդակությանն ու նշանակությանը համապատասխան հետապնդում են ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածում երաշխավորված` ազատ խոսքի իրավունքի իրացման ողջամիտ սահմանափակման նպատակ` այն շրջանակներում, որոնք բխում են ՀՀ Սահմանադրության 43 և 47-րդ հոդվածների պահանջներից: Սակայն իրավակիրառման խնդիրն է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այս կամ այն գործողությունը որպես «զրպարտություն» կամ «վիրավորանք» որակել նորմատիվ-նկարագրական այն հատկանիշների շրջանակներում, որոնք սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի վերոհիշյալ նորմերում և բխում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջներից:

Վեճի առարկա հոդվածի նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման և իրավակիրառական պրակտիկայում դրանց միատեսակ ընկալման անհրաժեշտությունից ելնելով` սահմանադրական դատարանը կարևորում է ոչ միայն «զրպարտությունը» և (կամ) «վիրավորանքը» իրենց նորմատիվ նկարագրությանը համապատասխան մեկնաբանելը, այլև այդպիսի գործողությունների կատարման միջոցների և ձևերի ճշմարտացի` իրենց իրավական դրսևորմանը համապատասխանող գնահատումը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերի համաձայն` փաստական (կամ` փաստացի) տվյալները, դրանք ներկայացնելու ձևերը (հրապարակային կամ ոչ հրապարակային) և դրանց հիմնավորվածությունը գնահատելն անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանության յուրաքանչյուր գործով ունի իրավական առանձնահատուկ կարևորություն` որոշելու համար, թե որոշակի գործողությունների արդյունքում խախտվե՞լ են, արդյոք, ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, և անհրաժե՞շտ է, արդյոք, ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի իրավակարգավորման շրջանակներում կիրառել վիճարկվող հոդվածում պատասխանատվություն նախատեսող նորմերը:

Այս առումով, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում կրկին ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր պրակտիկայում հստակ տարբերակում է կատարել փաստական տվյալների և գնահատողական դատողությունների միջև: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որ զրպարտությանն առնչվող իրավակարգավորումը պետք է հստակ տարանջատում կատարի գնահատողական դատողության և փաստերի միջև, որպեսզի բացառվի Կոնվենցիայի 10-րդ հոդվածին հակասող որոշումների ընդունումը:

Ելնելով վիճարկվող նորմերում արարքի, որպես «զրպարտություն» և (կամ) «վիրավորանք» որակելու (գնահատելու) վերաբերյալ վերոհիշյալ միջազգային իրավական չափորոշիչների բովանդակությունից և դրանց ճշգրիտ կիրառման անհրաժեշտությունից, սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառական պրակտիկայում դատարաններն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող գործողությունների փաստը քննելու յուրաքանչյուր գործով չպետք է կիրառեն նորմատիվ մեկնաբանության հայեցողական այնպիսի ազատություն, որի արդյունքում միակերպ չտարանջատվի փաստը (փաստացի տվյալը) և գնահատողական դատողությունը, հակառակ դեպքում չի կարող արդար, հիմնավոր և սահմանադրականության տեսանկյունից իրավական համարվել վիճարկվող հոդվածի նորմերի կիրառմամբ ազատ խոսքի ամեն մի սահմանափակում:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ չնայած ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 1-ին մասի նորմատիվ պահանջից բխող պաշտպանության իրավունքն անվերապահ կիրառելի է բոլոր, այդ թվում հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ, այնուամենայնիվ, այդ անձինք, ինչպես նաև ՀՀ դատարանները պետք է ընդունեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն դիրքորոշումը, համաձայն որի` հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց անձնական իրավունքներն օբյեկտիվորեն ենթարկվում են խախտվելու ավելի մեծ ռիսկի, քան մասնավոր անձանց իրավունքները: Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը նվազ սահմանափակումներ է նախատեսում քաղաքական խոսքի և հանրային հետաքրքրության հարցերի շուրջ բանավեճի առնչությամբ: Հասարակական և քաղաքական (հանրային) գործիչների դեմ ուղղված քննադատության սահմաններն առավել լայն են, քան մասնավոր անձանց դեպքում: Ի տարբերություն վերջինների` հասարակական և քաղաքական գործիչների գործունեությունն ավելի հրապարակային է, ուստի ավելի մեծ հանդուրժողականություն է պահանջում: Դա բխում է նաև ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ և 5-րդ հոդվածների սահմանադրաիրավական ընդհանուր բովանդակությունից, քանի որ ժողովրդաիշխանությունն իրականացվում է նաև հանրային ծառայության միջոցով, և այդ ծառայությունը կրող անձանց հանրային և մասնավոր վարքագիծն օբյեկտիվորեն կարող է հասարակական քննարկման առարկա դառնալ:

Սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկայի ուսումնասիրությունը նույնպես վկայում է, որ հանրային գործիչների առնչությամբ «զրպարտություն» պարունակող նյութի հրապարակումը չի կարող դիտարկվել որպես ողջամիտ կամ իրավաչափ, բացառությամբ այն դեպքերի, երբ.

1. ապացուցվում է, որ առկա էին ողջամիտ հիմքեր` վստահելու տեղեկատվության իսկությանը,

2. ապացուցվում է, որ ձեռնարկվել են տեղեկատվության իսկությունն ստուգելուն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները, ներկայացվել են տեղեկատվության ստուգման հնարավորության ամբողջական սահմանները,

3. զրպարտություն պարունակող նյութը հրապարակող անձը հիմք ուներ վստահելու տեղեկատվության իսկությանը:

Նման նյութի հրապարակումը չի կարող որակվել որպես ողջամիտ կամ իրավաչափ, եթե նման տեղեկատվություն տարածողը չի ստուգել դրա իսկությունը` շահագրգիռ անձին հարցում կատարելու միջոցով, և խուսափել է հրապարակել այդ անձի դիրքորոշումը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհնարին է եղել կամ ակնհայտ է, որ դրա անհրաժեշտությունը չկա:

Հետևաբար, սահմանադրական դատարանը գտնում է, որ տեղեկատվության հրապարակման դրդապատճառների ուսումնասիրությունը մեծ կարևորություն ունի յուրաքանչյուր կոնկրետ գործով տեղեկատվության հրապարակման իրավաչափության և համապատասխան արարքի (գործողության) իրավաբանական որակման հարցը գնահատելիս: Չի կարող իրավաչափ համարվել այն գործողությունը, որն ի սկզբանե նպատակ է հետապնդել վնաս պատճառել անձին, կամ երբ տեղեկություններ տարածողն անփութություն է դրսևորել` չստուգելով դրանց իսկությունը:

Վիճարկվող հոդվածի սահմանադրականության գնահատման տեսանկյունից կարևոր է նաև դրանում կարգավորվող հարաբերությունների շրջանակներում բացահայտել անձի իրավական պատասխանատվությունը բացառող հանգամանքների, ինչպես նաև այդպիսի պայմանների բացակայության դեպքում` հնարավոր իրավական հետևանքների որոշակիությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում սահմանված են այդ հոդվածի իրավակարգավորման շրջանակներում քաղաքացիաիրավական պատասխանատվությունը բացառող հանգամանքները: Դրանց իրավական բովանդակության վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը «զրպարտություն» կամ «վիրավորանք» չի համարում այն փաստացի տվյալները, որոնք.

- տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտություններում կամ ապացույցներում,

- պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները,

- այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից:

Միաժամանակ, վերոհիշյալ հոդվածի 6-րդ մասի համաձայն` անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվամիջոցով տարածած տեղեկատվության, այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթի, հեղինակային որևէ այլ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են:

Վերոհիշյալ իրավապայմանների բովանդակային վերլուծությունը վկայում է, որ անձին զրպարտելու և (կամ) վիրավորելու հիմքով պատասխանատվությունը բացառվում է` ելնելով տվյալ գործի և փաստերի ներկայացման հանգամանքներից: Դրանք իրենց բնույթով սահմանադրականության խնդիր չեն հարուցում, սակայն իրավակիրառական պրակտիկայում ենթակա են հանգամանալի ուսումնասիրման և որպես այդպիսիք` գնահատման:

Անդրադառնալով «գերակա հանրային շահ», ինչպես նաև տվյալների «հավասարակշռված և բարեխղճորեն ներկայացում» եզրույթների իրավական որոշակիության խնդրին` սահմանադրական դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, կախված գործի հանգամանքներից, պետք է որոշվի, թե արդյոք հասարակության տեղեկացված լինելու շահը գերակա է եղել տեղեկություն հայտնած անձի վրա դրված պարտականության ու պատասխանատվության համեմատ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն` այսպիսի դեպքերում ազգային իշխանությունների հայեցողության շրջանակը սահմանափակված է ժողովրդավարական հասարակության շահով, որը կայանում է նրանում, որ մամուլին թույլատրվի կատարել «հասարակական վերահսկող օղակի» («watchdog») իր գործառույթը և տեղեկատվություն տարածել հասարակական հետաքրքրություն ներկայացնող լուրջ հարցերի վերաբերյալ: Ըստ այդ դատարանի դիրքորոշման` իրավակիրառական պրակտիկայում առաջին հերթին պետք է գնահատվի այնպիսի «անհետաձգելի հասարակական պահանջի» առկայության փաստը, որն ունակ է արդարացնել այդ միջամտությունը հավասարակշռված և բարեխղճորեն` առանց չարամիտ, անձին անվանարկող դիտավորության:

9. Վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունը` անկախ դրա բնույթից ու չափից, հանդիսանում է միջամտություն անձի արտահայտվելու ազատությանը: Նման ձևով արտահայտվելու ազատությանը միջամտության և այդ միջամտությամբ հետապնդվող իրավաչափ նպատակի (տվյալ դեպքում` անձի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակի) միջև արդարացի հավասարակշռությունը պայմանավորող գործոն է, ի թիվս այլնի, վիրավորանքի կամ զրպարտության համար սահմանվող պատասխանատվության համաչափությունն անձի պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասին: Այս առնչությամբ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը պահանջում է, որպեսզի վիրավորանքի կամ զրպարտության համար սահմանվող փոխհատուցումը համաչափության ողջամիտ հարաբերակցություն ունենա անձի հեղինակությանը պատճառված վնասի հետ: Արատավորող արտահայտության համար նյութական փոխհատուցումը պետք է սահմանափակվի զրպարտության ենթարկված անձին պատճառված գույքային վնասից: Ցանկացած այլ նպատակով վնասի փոխհատուցումն օգտագործելն անթույլատրելիորեն սահմանափակող ազդեցություն կունենա ազատորեն արտահայտվելու իրավունքի վրա, ինչը չի կարող գնահատվել որպես հիմնավորված անհրաժեշտություն ժողովրդավարական հասարակությունում:

Վիրավորանքի կամ զրպարտության համար սահմանվող փոխհատուցման չափի և անձի համբավին ու արժանապատվությանը պատճառված վնասի միջև համաչափության պահանջը հավասարապես ուղղված է և' օրենսդրին, և' իրավակիրառողին: Օրենսդրին այս պահանջն առաջադրում է համաչափության ապահովմանն ուղղված համապատասխան օրենսդրական երաշխիքներ սահմանելու խնդիր: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող հոդվածում նշված խնդրի լուծմանն են ուղղված առանձին դրույթներ: Մասնավորապես, օրենսդիրը բոլորովին այլ իրավահարաբերության հարթություն է տեղափոխել զրպարտության կամ վիրավորանքի հետևանքով պատճառված գույքային վնասի խնդիրը և դատարաններին իմպերատիվ պահանջ է ներկայացնում` այն հաշվի չառնել վիճարկվող հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված դեպքերում փոխհատուցման չափը սահմանելիս (մաս 11): Իրավակարգավորման հստակ տրամաբանությունն է, որ, մի կողմից, մարդու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու դիմաց փոխհատուցումն իրավակիրառական պրակտիկայում չպետք է շփոթել գույքային վնասի հետ, մյուս կողմից` այդ փոխհատուցումը չպետք է դիտել որպես տույժի կամ տուգանքի ձևով սահմանվող պատիժ: Հակառակ պարագայում, ինչպես նշվեց, կիմաստազրկվի զրպարտության ապաքրեականացման ամբողջ գաղափարը:

Օրենսդիրը վիճարկվող հոդվածի 11-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով իրավակիրառողից պահանջում է նաև փոխհատուցման չափը սահմանելիս հաշվի առնել վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը, ինչպես նաև վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը: Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գույքային դրությունը հաշվի առնելու պահանջը, մասնավորապես, ենթադրում է.

- հաշվի առնել պատասխանողի եկամուտների չափը,

- թույլ չտալ պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար:

Այդ նպատակով է, որ օրենսդրի կողմից ոչ թե փոխհատուցման որևէ որոշակի չափ է սահմանվել, այլ նախատեսվել է մինչև որոշակի մեծություն, որպեսզի գործի հանգամանքներից ելնելով դատարանը կոնկրետացնի փոխհատուցում կիրառելու ենթակա չափը:

Այսպիսով, անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի դիմաց քաղաքացիաիրավական պատասխանատվություն նախատեսելիս օրենսդիրը հստակ տարանջատել է «փոխհատուցման» և «գույքային վնասի» ինստիտուտները: Այն ունի սկզբունքային նշանակություն վիճարկվող իրավակարգավորման սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման տեսանկյունից` ելնելով նաև դիմող կողմի համապատասխան փաստարկներից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող 1087.1-րդ հոդվածում փոխհատուցման և գույքային վնասի հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ

- փոխհատուցման պահանջն անձի` իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող գործողություններից դատական կարգով պաշտպանվելու` օրենքով նախատեսված միջոց է,

- գույքային վնասը` վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով անձի կրած նյութական բնույթի զրկանքներն են, կորուստը, այդ թվում` դատական ծախսերը, խախտված իրավունքների վերականգնման համար կատարված ողջամիտ ծախսերը, որոնք համապատասխան փաստերով դատարանում ենթակա են հիմնավորման և վերականգնման,

- փոխհատուցման չափը որոշում է դատարանը` ելնելով կոնկրետ գործի առանձնահատկություններից, այդ թվում` վիրավորանքի կամ զրպարտության եղանակից և տարածման շրջանակից, ինչպես նաև վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունից,

- փոխհատուցման, ինչպես և` գույքային վնասի հատուցման հարց դատարանը քննում է բացառապես այն անձի պահանջով, ում պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորվել է,

- փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի չի առնում վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով անձին պատճառված գույքային վնասը:

Այսպիսով, տարբեր են փոխհատուցման և գույքային վնասի հետ կապված հարաբերությունների իրավակարգավորման առարկան, սկզբունքներն ու նպատակները: Դրանք որոշակի են և իրենց իրավական բովանդակությամբ հետապնդում են իրավաչափ և սահմանադրորեն արդարացի նպատակներ` պաշտպանելու ՀՀ Սահմանադրության 14-րդ, 27-րդ և 47-րդ հոդվածներով երաշխավորված` անձի իրավունքներն ու ազատությունները ոչ իրավաչափ ոտնձգություններից և վերականգնելու դրանք:

Սահմանադրական դատարանը փոխհատուցման չափի համաչափությունն ապահովելու կարևոր երաշխիք է համարում նաև վիճարկվող հոդվածում փոխհատուցման նվազագույն չափի օրենսդրական ամրագրման բացակայության և առավելագույն չափի ամրագրման առկայության հանգամանքը: Առանձնապես կարևորվում է նաև այն հանգամանքը, որ վիճարկվող հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը, ի լրումն փոխհատուցման նյութական ձևի, նախատեսում են նաև փոխհատուցման ոչ նյութական ձևեր:

Ինչ վերաբերում է փոխհատուցման` վիճարկվող հոդվածով սահմանված առավելագույն չափին, ապա սահմանադրական դատարանն ընդգծելով, որ կոնկրետ չափի սահմանումն օրենսդրի հայեցողության շրջանակներում է, միաժամանակ հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ 2007թ. հոկտեմբերի 4-ի թիվ 1577 (2007) բանաձևի առաջարկը` սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով, այնպես, որպեսզի չվտանգվի պատասխանատու մամուլի կենսունակությունը, նպատակահարմար է համարում օրենսդրի կողմից քննարկելու առավելագույն սահմանի վերանայումը` նվազեցման միտումով, որպեսզի այն գործնականում բացառի արտահայտվելու ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակումը: Նման եզրահանգումը պայմանավորված է ոչ միայն իրավակիրառական պրակտիկայում տեղ գտած միտումներով, այլև այն իրողությամբ, որ Հայաստանում փոխհատուցման վերին սահմանի և բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունն ավելի մեծ է, քան Եվրախորհրդի անդամ որոշ երկրներում, որոնք որդեգրեցին վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման մոտեցումը: Ի դեպ, այդ երկրներում նույնպես, պրակտիկ փորձից ելնելով, օրենսդրական նոր հստակեցումներն օրակարգի հարց են դարձել: Մասնավորապես, Բուլղարիայում փորձ է արվում փոխհատուցման չափը հարաբերակցության մեջ դնել եկամուտների որոշակի սանդղակի հետ: Օրենսգրքի վեճի առարկա հոդվածի հետագա բարելավումները պետք է կարևորեն նաև դատական հայեցողության շրջանակներում փոխհատուցման չափը որոշող չափանիշների հնարավոր առավել հստակեցման անհրաժեշտությունը, նորմատիվ պահանջ առաջադրեն ոչ գույքային վնասի համար փոխհատուցման պահանջի չափը հիմնավորող փաստարկներ ներկայացնելուն, հաշվի առնեն այս հիմնահարցի իրավակարգավորման վերաբերյալ միջազգային զարգացումների արդի միտումները:

Անդրադառնալով վիճարկվող հոդվածով կարգավորվող հարաբերությունների շրջանակներում անձին իրավական պատասխանատվության ենթարկելու և դրա իրավական հետևանքների սահմանադրաիրավական որոշակիությանը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոթվարկյալ հանգամանքներն իրենց բնույթով հետապնդում են ողջամիտ և սահմանադրաիրավական նպատակ, քանի որ կոչված են երաշխավորելու.

- պատասխանատվության անխուսափելիությունը խոսքի ազատության անիրավաչափ չարաշահման դրսևորումների դեպքում,

- դատական քննության շրջանակներում պարտավորեցնում են հաշվի առնել իրավաբանորեն գնահատման ենթակա արարքի կատարման հանգամանքները, եղանակը, մեղավոր անձի գույքային դրությունը, ինչպես նաև այդ արարքի արդյունքում հասցված վնասի բնույթն ու չափը:

Միաժամանակ, սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող հոդվածի 11-րդ մասի դրույթների կիրառման խնդրում գործը քննող դատարանի հայեցողության շրջանակները բացարձակ չեն և սահմանափակված են հետևյալ նախապայմաններով.

- եթե անձը զրպարտվել կամ նրան վիրավորանք է հասցվել զանգվածային լրատվության միջոցի օգտագործմամբ, ապա խնդրի իրավական լուծումը պետք է երաշխավորվի խոսքի ազատության իրավունքի իրավաչափ իրացման սահմաններում,

- զրպարտության կամ վիրավորանքի համար սահմանված վնասի փոխհատուցումը պետք է լինի ողջամտորեն համաչափ` անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի համեմատ,

- կոնկրետ վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունից ելնելով դատական կարգով նյութական փոխհատուցման չափի սահմանման դեպքում պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ իր մեծությամբ այն չհանգեցնի մեղավոր անձի սնանկության կամ էականորեն չխաթարի նրա բնականոն գործունեությունը:

10. ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առարկա հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության ճիշտ ընկալման ու դրանում ամրագրված նորմերի` իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ կիրառումն ապահովելու նպատակով ՀՀ դատական պրակտիկայում պետք է առաջնորդվել նաև ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով, համաձայն որի` «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:

Այս հարցում սկզբունքային նշանակություն ունեն նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 46-րդ հոդվածի պահանջներից բխող ՀՀ միջազգային պարտավորությունները` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորության ճանաչման վերաբերյալ:

Նկատի ունենալով վերոնշյալը և կրկին կարևորելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ծանրակշիռ պրակտիկան քննության առարկա հիմնախնդրի առնչությամբ` ՀՀ սահմանադրական դատարանն սկզբունքային է համարում այդ դատարանի, մասնավորապես, ներքոհիշյալ նախադեպային դիրքորոշումները, որոնք իրավակիրառական պրակտիկայում հետևողականորեն հաշվի առնելու դեպքում կապահովվի վեճի առարկա հոդվածի դրույթների կիրառումը` իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան: Դրանք են.

- «Արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության էական հիմքն է. համաձայն 10-րդ հոդվածի 2-րդ մասի` այն կիրառելի է ոչ միայն այն «տեղեկատվության» կամ «գաղափարների» նկատմամբ, որոնք ընդունվում են բարեհաճությամբ կամ համարվում են անվտանգ և չեզոք, այլ նաև նրանց, որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստություն պատճառում: Արտահայտվելու ազատությունը ենթակա է որոշակի բացառությունների, որոնք, սակայն, պետք է նեղ մեկնաբանություն ստանան, և ցանկացած սահմանափակման անհրաժեշտություն պետք է համոզիչ կերպով հիմնավորվի» (Thorgier Thorgeirson v. Icland, 1992թ. մայիսի 28-ի վճիռ, կետ 63):

- «...թեև զանգվածային լրատվամիջոցները չպետք է անցնեն այն սահմանները, որոնք դրվում են ի շահ մասնավոր անձանց հեղինակության պաշտպանության, նրանց վրա է դրված հասարակական հետաքրքրության հարցերի վերաբերյալ տեղեկատվություն և գաղափարներ տարածելու պարտականությունը: Մամուլը ոչ միայն ունի տեղեկատվություն և գաղափարներ տարածելու խնդիր, այլ նաև հասարակությունն ունի դրանք ստանալու իրավունք: Հետևաբար, որոշելու համար, թե արդյոք միջամտությունը հիմնվել է այնպիսի բավարար հիմքերի վրա, որոնք միջամտությունը դարձրել են «անհրաժեշտ», հարկ է հաշվի առնել գործի հանրային նշանակության հանգամանքը» /Bladet Tromso and Stensaas v. Norway, 1999թ. մայիսի 20-ի վճիռ, կետ 62/:

- «Կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այնուամենայնիվ, չի երաշխավորում ամբողջովին անսահմանափակ արտահայտվելու ազատություն նույնիսկ մամուլի այն հրապարակումների առնչությամբ, որոնք վերաբերում են լուրջ հանրային հետաքրքրության խնդրի: Ըստ 10-րդ հոդվածի 2-րդ մասի` այս իրավունքի իրացումը ենթադրում է «պարտավորություններ և պատասխանատվություն», որոնք կիրառելի են նաև մամուլի նկատմամբ: Արտահայտվելու ազատությունն իրացնելիս «պարտավորությունները և պատասխանատվությունը» ենթադրում են, որ ընդհանուր հետաքրքրության խնդիրների մասին տեղեկություններ հայտնելու կապակցությամբ լրագրողներին 10-րդ հոդվածով տրամադրվող պաշտպանությունը ենթակա է այն նախապայմանին, որ լրագրողները գործում են բարեխղճորեն` տրամադրելու համար ճշգրիտ և վստահելի տեղեկատվություն` լրագրողական էթիկայի նորմերին համապատասխան» (նույն գործով, կետ 65):

- Անհրաժեշտ է ուշադիր տարբերակում կատարել փաստերի և գնահատողական դատողությունների միջև: Փաստերի գոյությունը կարող է հիմնավորվել, ապացուցվել, մինչդեռ գնահատողական դատողությունների ճշմարտացիությունը ենթակա չէ ապացուցման (Lingens v. Austria, 1986թ. հուլիսի 8-ի վճիռ, կետ 46): Անհնարին է իրականացնել գնահատողական դատողությունն ապացուցելու պահանջը, և վերջինս ինքնին խախտում է արտահայտվելու ազատությունը: Այնուամենայնիվ, նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ հայտարարությունը հանդիսանում է գնահատողական դատողություն, միջամտության համաչափությունը կարող է կախված լինել նրանից, թե արդյոք առկա է բավարար փաստական հիմք տվյալ հայտարարության համար, քանզի նույնիսկ գնահատողական դատողությունն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված լինել (Busuioc v. Moldova, 2004թ. դեկտեմբերի 21-ի վճիռ, կետ 61):

- Փաստերի քննադատական գնահատականը... չի կարող բարոյական վնասի փոխհատուցման պահանջի բավարարման հիմք հանդիսանալ: Սակայն, եթե անձի բարի համբավը ոտնահարվում է, եթե նույնիսկ արատավորող հայտարարությունը գնահատողական դատողություն է, դատարանը կարող է սահմանել ոչ նյութական վնասի փոխհատուցում (Ukrainian Media Group v. Ukarine, 2005թ. մարտի 29-ի վճիռ, կետ 61):

- «...Համաձայն Կոնվենցիայի` զրպարտության համար սահմանված փոխհատուցումը պետք է համամասնության ողջամիտ հարաբերակցություն ունենա անձի հեղինակությանը պատճառված վնասի հետ (Steel and Morris v. United Kingdom, 2005թ. փետրվարի 15-ի վճիռ, կետ 96):

- «Զրպարտչական արտահայտությունների ճշմարտացիությունն ապացուցելու բեռը պատասխանողի վրա դնելն սկզբունքորեն անհամատեղելի չէ 10-րդ հոդվածի հետ: ...հատուկ հիմքեր են անհրաժեշտ լրատվամիջոցին, որպեսզի նա ազատվի փաստական տվյալների ստուգման պարտականությունից» (Steel and Morris v. United Kingdom, 2005թ. փետրվարի 15-ի վճիռ, կետ 93):

11. ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 14, 27, 43 և 47-րդ (1-ին մաս) հոդվածների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիշյալ և մի շարք այլ վճիռների հիման վրա ձևավորված նախադեպային իրավունքի, այս ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1-րդ հոդվածների, «Զանգվածային լրատվության մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների նորմերի համադրված վերլուծությունից հետևում է. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19 և 1087.1-րդ հոդվածների դրույթների` իրենց սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան կիրառումը երաշխավորելու համար անհրաժեշտ է իրավակիրառական պրակտիկայում հաշվի առնել միջազգային իրավական հետևյալ սկզբունքային մոտեցումները.

- նկատի ունենալով, որ զրպարտությանն առնչվող գործերով առաջանում է արտահայտվելու ազատության իրավունքի նկատմամբ սահմանափակում կիրառելը գնահատելու խնդիր, իրավակիրառողները պարտավոր են հաշվի առնել, որ արտահայտվելու ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է սահմանված լինի օրենքով, ծառայի իրավաչափ շահ պաշտպանելու նպատակին և լինի անհրաժեշտ տվյալ շահն ապահովելու համար,

- վեճի առարկա հոդվածի իմաստով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն այլ անձանց արատավորող գործողություններից պաշտպանվում է բացառապես քաղաքացիաիրավական կարգավորման միջոցով, և «անձ» արտահայտությունը վերաբերելի չէ իշխանության մարմիններին որպես իրավաբանական անձ,

- «զրպարտություն» և «վիրավորանք» եզրույթները պետք է դիտարկել դիտավորության, անձին անվանարկելու մտադրության առկայության համատեքստում,

- չի կարող նյութական փոխհատուցում սահմանվել գնահատողական կարծիքների համար, ինչը ոչ անհրաժեշտ, անհամաչափ կերպով կսահմանափակի խոսքի ազատության հիմնարար իրավունքը, քանզի մամուլի դերն ավելին է, քան զուտ փաստեր հաղորդելը. այն պարտավոր է մեկնաբանել փաստերն ու իրադարձությունները հասարակությանը տեղեկացնելու համար և նպաստել հասարակության համար կարևոր հարցերի շուրջ քննարկումներին,

- մամուլի ներկայացուցիչների` պատասխանողի դերում հանդես գալու հանգամանքը չի կարող դիտվել որպես գործոն` առավել խիստ պատասխանատվություն սահմանելու համար,

- ներպետական մարմինների որոշումը պետք է հիմնված լինի գործի համար նշանակություն ունեցող փաստերի ընդունելի գնահատման վրա,

- պետք է առանձնակի վերապահումներով մոտենալ վիրավորանքի համար նյութական փոխհատուցման միջոցների կիրառմանը` նկատի ունենալով, որ Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ հանդուրժողականությունն ու լայն հայացքները ժողովրդավարության հիմքում են, և արտահայտվելու ազատության իրավունքը պաշտպանում է ոչ միայն ընդհանուր առմամբ ընդունելի համարվող խոսքը, այլ նաև հենց այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող, վիրավորական կամ վրդովեցուցիչ համարվել ոմանց կողմից,

- նյութական փոխհատուցում նշանակելիս պետք է ըստ պատշաճի հաշվի առնվի արտահայտվելու ազատության վրա դրանց հնարավոր սահմանափակող ազդեցությունը, ինչպես նաև մատչելի այլ միջոցներով հեղինակության իրավաչափ պաշտպանության հնարավորությունը,

- արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը: Նյութական փոխհատուցումը պետք է սահմանափակվի զրպարտության ենթարկված անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված անմիջական վնասը հատուցելով, և նշանակվի միայն այն դեպքերում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար,

- վնասի փոխհատուցման իրավաչափությունը որոշելիս պատասխանողի սահմանափակ միջոցները պետք է դիտվեն որպես գործոն, հաշվի առնվի պատասխանողի եկամուտների չափը, չսահմանվի պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար,

- ոչ նյութական վնասի համար նյութական փոխհատուցում պահանջող հայցվորը պետք է ապացուցի այդ վնասի առկայության փաստը,

- փոխհատուցման` օրենքով սահմանված առավելագույն չափը կիրառելի է միայն առավել լուրջ ու ծանրակշիռ հիմքերի առկայության դեպքերում,

- լոկ փաստերի քննադատական գնահատականը, որը չի պարունակում փաստական ենթատեքստ, որի կեղծ լինելը հնարավոր է ապացուցել, չի կարող փոխհատուցման պահանջի հիմք հանդիսանալ: Սակայն, եթե անձի բարի համբավը ոտնահարվում է, եթե նույնիսկ ոչ ստույգ տեղեկատվությունը եղել է գնահատողական դատողություն, կարող է սահմանվել ոչ նյութական վնասի փոխհատուցում,

- փոխհատուցում սահմանելիս պետք է հաշվի առնվեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են զգացմունքներին հասցված վնասը, ներողություն հայցելու պատրաստակամության բացակայությունը,

- լրագրողի` հանրային նշանակություն ունեցող տեղեկատվության գաղտնի աղբյուրները չբացահայտելու իրավունքից օգտվելու հանգամանքը չի կարող մեկնաբանվել ի վնաս պատասխանողի` փոխհատուցման չափը որոշելիս,

- հաշվի առնելով, որ հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց կամ քաղաքական գործիչների պարագայում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հրապարակումներն օգտվում են առավելագույն պաշտպանությունից` հայցվորի նման կարգավիճակը չի կարող մեկնաբանվել ի վնաս պատասխանողի` փոխհատուցման չափը որոշելիս,

- անհրաժեշտ է հաշվի առնել, թե հայցվորի համբավին ու պատվին հասցրած վնասը մեղմելու համար արդյո՞ք հայցվել և օգտագործվել են արտադատական հատուցման ձևերը, այդ թվում` կամավոր կամ ինքնակարգավորման մեխանիզմները,

- պետք է պարտադիր կերպով կողմերին առաջարկվի հաշտության գալ և աջակցություն ցուցաբերվի այդ հարցում: Վնասը գնահատելիս հաշտեցման առաջարկը պետք է դիտվի որպես մեղմացուցիչ հանգամանք,

- պետք է բացահայտ կերպով ճանաչվեն ճշմարտությունը պաշտպանելու իրավունքը, կարծիքը պաշտպանելու իրավունքը և այլ անձանց խոսքը փոխանցելու իրավունքը:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունից են բխում այս մոտեցումները, որոնք պետք է հետևողական ու համակարգային ընդգրկմամբ հաշվի առնվեն իրավակիրառական պրակտիկայում, ինչպես նաև դրվեն օրենսդրական հետագա զարգացումների հիմքում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներից բխող սահմանադրաիրավական բովանդակության և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

15 նոյեմբերի 2011 թվականի

ՍԴՈ- 997

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
15.11.2011
N ՍԴՈ-997
Որոշում