Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

3 նոյեմբերի 2011 թվականի N 43

 

6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետությունում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թ. նոյեմբերի 3-ի նիստի

N 43 արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Նախաբան

 

    I.    Ընդհանուր դրույթներ

II.   Հիմնական նպատակը և խնդիրները

Ill. Գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթացը խոչընդոտող

գործոնները և դրանց հաղթահարման հնարավորությունները

IV.  Գյուղացիական տնտեսությունների խոշորացման ուղղությունները

    V.    Գյուղացիական տնտեսությունների խոշորացումը գյուղատնտեսական

          կոոպերացիայի և տնտեսավարման այլ կազմակերպաիրավական ձևերի

          խթանման միջոցով

    VI    Գյուղացիական տնտեսությունների խոշորացումը հողամասերի միավորման

          միջոցով

VII.  Գյուղացիական տնտեսությունների խոշորացման ռիսկերը և դրանց

մեղմման ուղղությունները

VIII. Եզրափակիչ դրույթներ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Գյուղատնտեսությունը հանրապետության տնտեսության առաջատար ոլորտներից է, որի տեսակարար կշիռն երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) վերջին հինգ տարիների տվյալներով (2005-2010 թթ.), միջինը կազմել է 17.2, իսկ գյուղատնտեսական մթերքի (հումքի) վերամշակող արդյունաբերության հետ միասին` 23.7 տոկոս: Գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության տեսակարար կշիռը կազմում է հանրապետությունում ընդհանուր զբաղվածների շուրջ 44 տոկոսը: Այդուհանդերձ, գյուղատնտեսության բնատնտեսական ներուժի օգտագործման մակարդակը դեռևս բավականին ցածր է, որի հիմնական պատճառներից մեկը` գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն են: Հետևաբար, գյուղի և գյուղատնտեսության ոլորտի կայուն ու համաչափ զարգացման բնագավառում ծառացած խնդիրների լուծման, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայման տեսանկյունից, առանձնահատուկ կարևորվում է գյուղացիական տնտեսությունների խոշորացումը և այդ ուղղությամբ պետական միասնական քաղաքականության մշակումն ու իրականացումը:

Գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը և մասնատված հողաբաժինները, որոնք ձևավորվել են հողի սեփականաշնորհման գործընթացի արդյունքում, սահմանափակում են ոլորտի կայուն զարգացումը և խոչընդոտում գյուղատնտեսության վարման ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրմանը և արդյունաբերականացմանը:

Գյուղացիական տնտեսությունների խոշորացման տեսլականը` մրցունակ ապրանքային տնտեսությունների ձևավորման ու զարգացման միջոցով, երկրի պարենային անվտանգության, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրությունում տնտեսավարողների բարձր կենսամակարդակի ապահովման հիմնախնդիրների աստիճանական լուծումն է:

Սույն հայեցակարգի ընդունմամբ կստեղծվեն իրավական հիմքեր գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ուղղված քաղաքականության հստակեցման, ինչպես նաև գործող փոքր չափերի գյուղացիական տնտեսություններին պետական աջակցության արդյունավետ մեխանիզմների ներդրման համար:

Սույն հայեցակարգը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության ծրագրից, Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունից և համահունչ է «Կայուն զարգացման ծրագրի» դրույթներին:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում 1990-ական թվականների սկզբին իրականացված հողի, անասնագլխաքանակի, գյուղտեխնիկայի և արտադրական այլ միջոցների սեփականաշնորհման (մասնավորեցման) արդյունքում ձևավորվել և ներկայումս գործում են շուրջ 340 հազար ընտանեկան գյուղացիական տնտեսություն: Դրանց, միջին հաշվով, բաժին է ընկնում շուրջ 1.4 հա գյուղատնտեսական հողատեսքեր, այդ թվում 1.1 հա` վարելահողեր: Գյուղացիական տնտեսությունների, առևտրային կազմակերպությունների քանակի և դրանց պատկանող հողատարածքների վերաբերյալ տվյալները ներկայացված են N 1 աղյուսակում, իսկ դրանց բաժին ընկնող գյուղատնտեսական հողատեսքերի և վարելահողերի միջին տարածքներն` ըստ ՀՀ մարզերի, N 2 աղյուսակում:

2. Գյուղատնտեսական արտադրությունը ներկայումս իրականացվում է ավելի քան 1200 հազար մասնատված հողակտորների վրա: Ընդ որում, գյուղացիական տնտեսությունների (ընտանեկան տնտեսությունների) կողմից արտադրվող գյուղատնտեսական մթերքի տեսակարար կշիռը գյուղատնտեսության համախառն արտադրանքում կազմում է 97.2 տոկոս, որը վկայում է կազմակերպաիրավական այլ ձևերով տնտեսավարողների համար գյուղատնտեսության ոլորտի դեռևս ոչ բավարար ներդրումային գրավչության մասին:

3. Գյուղատնտեսությունում դեռևս գերակշռում են ցածր մրցունակությամբ և արդյունավետությամբ գործող բնամթերային տնտեսությունները: Թերարտադրության պայմաններում անգամ բավարար չափով չեն լուծվում իրացման խնդիրները, որի հետևանքով չի կազմակերպվում ընդլայնված վերարտադրություն:

4. Գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման ցածր մակարդակի, ագրոտեխնիկական և զոոտեխնիկական կանոնների պահանջների թերի կատարման, փոխառու և հիմնական միջոցների սղության, գյուղատնտեսական արտադրությունում արդիական տեխնոլոգիաների ներդրման դանդաղ տեմպերի և մի շարք այլ գործոններով պայմանավորված` աշխատանքի արտադրողականությունն ոլորտում շարունակում է մնալ խիստ ցածր և տնտեսավարողների եկամուտները չեն ապահովում կյանքի բավարար որակ:

5. Գյուղացիական տնտեսությունների խոշորացումը բնորոշ է անցումային տնտեսության պայմաններում գտնվող գրեթե բոլոր երկրներին: Սակայն գյուղական աղքատության բարձր մակարդակը (պաշտոնական տվյալներով 2009 թվականին` 34.9%), գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական զբաղվածության ընդլայնման օբյեկտիվ բարդությունները, տնտեսությունների միավորմանը խոչընդոտող մի շարք գործոնները, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրության ներդրումային գրավչության ցածր մակարդակը և գյուղացիական տնտեսությունների շարունակական տրոհումը (մասնատումը)` երիտասարդ ընտանիքների առանձնացման կամ ժառանգության ստացման հետևանքով, վկայում են, որ գյուղացիական տնտեսությունների խոշորացումը ժամանակատար գործընթաց է: Այն կարող է իրականացվել աստիճանաբար, նպատակամետ պետական քաղաքականության իրականացման շնորհիվ:

6. Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գյուղացիական տնտեսությունների խոշորացումը կարող է իրականացվել ինչպես հողի շուկայի լիարժեք զարգացման և յուրաքանչյուր տնտեսության ընդլայնման (տնտեսավարող սուբյեկտների կողմից գյուղատնտեսական արտադրությունում նոր հողատեսքերի ներգրավման, անասնագլխաքանակի ավելացման, բարձր ավելացված արժեք ապահովող մթերքի արտադրության և էքստենսիվ ու ինտենսիվ զարգացման այլ եղանակներով), արդյունքում, այնպես էլ` գյուղացիական տնտեսությունների կոոպերացման, ընկերությունների, ընկերակցությունների, ասոցիացիաների և կամավոր հիմունքներով այլ միավորումների ձևավորման միջոցով: Նշվածի հետ մեկտեղ, սոցիալական լարվածությունը մեղմելու նպատակով պահանջվում է իրականացնել փոքր տնտեսություններին աջակցության քաղաքականություն:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Հայեցակարգի հիմնական նպատակն է կանոնակարգել գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթացը և գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչության բարձրացման միջոցով` նպաստավոր պայմաններ ստեղծել գյուղատնտեսական ապրանք արտադրողների, ինչպես նաև խոշոր ապրանքային-առևտրային կազմակերպությունների մրցունակության բարձրացման համար:

8. Գյուղացիական տնտեսությունների խոշորացման նպատակով անհրաժեշտ է լուծել հետևյալ հիմնական խնդիրները.

1) օրենսդրության կատարելագործման միջոցով անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել տնտեսությունների կամավոր միավորումների (մասնավորապես` կոոպերատիվների) ձևավորման, հոդի շուկայի լիարժեք կայացման, հողամասերի միավորման, ոլորտում մրցակցային բարենպաստ միջավայրի ձևավորման համար.

2) ապահովել պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցությունը, ընդլայնել փոքր գյուղացիական տնտեսությունների, առանձնացված երիտասարդ տնտեսավարողների պետական աջակցությունը և կատարելագործել դրա ձևերը, մեթոդներն ու մեխանիզմները.

3) օրենսդրորեն կարգավորել փոքր չափերի գյուղացիական տնտեսությունների գործունեությունը, նվազագույնի հասցնելով նրանց վրա արտադրության խոշորացման գործընթացի հնարավոր բացասական ազդեցությունը.

4) տարբերակված մոտեցումներ ցուցաբերել առանձին տարածաշրջաններում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգային և ծրագրային մոտեցումների կիրառման նկատմամբ, նախապատվություն տալով բարձրլեռնային և սահմանամերձ տարածքների առաջանցիկ զարգացմանը.

5) նպաստել գյուղական տարածքներում արտադրական (ֆիզիկական), սոցիալական և շուկայական (ֆինանսական) ենթակառուցվածքների ձևավորմանն ու զարգացմանը, նկատի ունենալով գյուղի և գյուղատնտեսության ոլորտի ներդաշնակ զարգացման փոխկապակցվածությունը.

6) աջակցել գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ընկերությունների և գյուղացիական տնտեսությունների միավորումների (միությունների) միջև պայմանագրային հարաբերությունների արմատավորմանը և ինստիտուցիոնալ կառույցների զարգացմանը.

7) խթանել սննդամթերք վերամշակող արդյունաբերությունում փոքր և միջին ձեռնարկատիրությունը, արտադրական ուժերի ապակենտրոնացումը և ռացիոնալ տեղաբաշխումը, ինչպես նաև գյուղատնտեսությանն այլընտրանքային աշխատատեղերի ստեղծումը (հանքարդյունաբերության, էներգետիկայի, զբոսաշրջության, առևտրի, ծառայությունների, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներում):

 

III. ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Հայաստանի Հանրապետությունում գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթացը սահմանափակող հիմնական գործոններն են`

1) ագրարային ոլորտի պետական կարգավորման ոչ լիարժեք իրավական դաշտը.

2) գյուղական բնակավայրերում փոքր և միջին ձեռնարկատիրությանը ոչ լիարժեք աջակցությունը` մատչելի պայմաններով (ցածր տոկոսադրույքով և երկարաժամկետ) վարկային ռեսուրսների սղությունը, միկրովարկավորման կազմակերպությունների թերզարգացվածությունը.

3) արդյունավետության ցածր մակարդակը և ձեռքի աշխատանքի բարձր տեսակարար կշիռը, ընդլայնված վերարտադրության կազմակերպման սահմանափակվածությունը.

4) հողի մշակման նկատմամբ գյուղական բնակչության «մենատիրական» հոգեկերտվածքը (մենտալիտետը) ձևավորվել է բազմադարյան պատմության ընթացքում, որի վկայությունն է թերևս այն փաստը, որ հողերի համատարած (համընդհանուր) սեփականաշնորհման գործընթացի սկզբում ձևավորված գյուղացիական կոլեկտիվ 8200 տնտեսություն կարճ ժամանակահատվածում լուծարվել և վերակազմավորվել են գյուղացիական ընտանեկան տնտեսությունների.

5) հանրապետության գյուղատնտեսական արտադրության բարձր ռիսկայնության և գյուղատնտեսության ապահովագրության բացակայությամբ պայմանավորված, ոլորտի ոչ գրավչությունը, օտարերկրյա և տեղական խոշոր ներդրողների համար.

6) սննդամթերքի ներքին շուկայի ոչ մեծ տարողությամբ և արտահանվող պարենային ապրանքների իրացման որոշ բարդություններով պայմանավորված գյուղատնտեսական մթերքի (հումքի) վերամշակման բնագավառում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը խոչընդոտող պայմանների առկայությունը.

7) Հայաստանում ինստիտուցիոնալ համապատասխան կառույցների (մեծածախ շուկաներ, բորսաներ, լոգիստիկ կենտրոններ և այլն), ինչպես նաև մասնագիտացված միջնորդ կառույցների դեռևս ոչ լիարժեք ձևավորումը, որոնց միջոցով կարող է իրականացվել գյուղատնտեսական մթերքի մեծածավալ խմբաքանակների գնումը U իրացումը ներքին ու արտաքին շուկաներում, որը նույնպես գյուղացիական տնտեսությունների խոշորացման նախադրյալներից է, քանի որ նշված կառույցները համագործակցելու են միայն միջին և խոշոր ապրանքային տնտեսությունների հետ.

8) գյուղատնտեսական արտադրության ցածր արդյունավետությունը, ձեռքի աշխատանքի բարձր տեսակարար կշիռը և ընդլայնված վերարտադրության կազմակերպման դեռևս սուղ հնարավորությունները:

10. Հայաստանի Հանրապետությունում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հնարավորություններն ու նպաստող գործոններն են`

1) երկրի տնտեսությունում մրցակցային բարենպաստ միջավայրի ձևավորումը, որը կհանգեցնի գյուղացիական տնտեսությունների խոշորացմանը: Վերջինիս մասին վկայում է նաև վերջին տասնամյակում հողերի առքուվաճառքի գործարքների և դրանց գների աճը: Գյուղատնտեսական հողատեսքերի առքուվաճառքի վերաբերյալ տվյալները` ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի, ներկայացված են N 3 աղյուսակում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության ծրագրով գյուղատնտեսության ոլորտը պետական ծախսային քաղաքականության առաջնահերթությունների շարքին դասվելու հանգամանքը, որը հնարավորություն կընձեռի առաջիկայում իրականացնել տարբեր նպատակային ծրագրեր ուղղված գյուղացիական տնտեսությունների խոշորացմանը, ենթակառուցվածքների գործունեության բարելավմանը, ագրովերամշակման ոլորտի խթանմանը, խոշոր գործարար նախագծերում պետական կապիտալի ներգրավմանը.

3) Եվրամիության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի հնարավոր ստորագրումը, տեղական արտադրության սննդամթերքի անվտանգության բնագավառում ներկայացվող պահանջները միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխանեցումը, տարածաշրջանային բարենպաստ զարգացումները, որոնք մեծապես կնպաստեն սննդամթերքի արտահանման ծավալների էական ընդլայնմանը և շղթայաբար կհանգեցնեն տնտեսությունների խոշորացմանը.

4) Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման ուղենիշային ռազմավարական ծրագրերով նախատեսված` է արդյունաբերության, էներգետիկայի, զբոսաշրջության, գիտելիքների վրա հիմնված այլ ոլորտների առաջանցիկ զարգացումը, որի արդյունքում կառաջանան նոր աշխատատեղեր, տնտեսական գլոբալ ճգնաժամի հետևանքները հաղթահարելուց հետո հնարավորություն կընձեռվի ավելացնել ոլորտին ուղղվող պետական տրանսֆերտները և բարձրացնել ոլորտի մրցունակությունը.

5) գլոբալացման անշրջելի գործընթացների, Եվրամիության արևելյան գործընկերության շրջանակներում աջակցության ծրագրերի իրականացումը և տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը, որոնք կհանգեցնեն գյուղատնտեսության ոլորտի մասնագիտացմանը, արտադրության կառուցվածքի բարեփոխմանը և դիվերսիֆիկացմանը.

6) գյուղացիական տնտեսությունների միջև հետսեփականաշնորհման ժամանակահատվածում մասնատված հողաբաժինների համարժեք փոխանակումը (հողերի կոնսոլիդացումը), արոտավայրերի ու խոտհարքների մասնավորեցման գործընթացի խթանումը, ապրանք արտադրողների սուբսիդավորման ծրագրերի շարունակականությունը, որոնք հնարավորություն կընձեռեն տնտեսությունների խոշորացման և գյուղատնտեսական արտադրությունում նոր հողատեսքերի ներգրավման համար.

7) հողի շուկան կարգավորող օրենսդրության առկայությունը (մասնավորապես` «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը», որը նախադրյալներ է ստեղծում առավել կենսունակ գյուղացիական տնտեսությունների հողերի կենտրոնացման (ձեռքբերման) և վարձակալման համար: Գյուղատնտեսական հողատեսքերի վարձակալության տվյալները` ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի, ներկայացված են N 4 աղյուսակում.

8) արտոնյալ պայմաններով խոշոր ներդրողներին համայնքային սեփականություն հանդիսացող հողերը վարձակալությամբ տրամադրումը.

9) գյուղացիական տնտեսությունների շրջանառու միջոցների համալրման հնարավորությունների ընդլայնումը, գյուղական բնակավայրերում բանկային և միկրովարկային ծառայությունների մատչելիության բարձրացումը.

10) հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական մթերքների և հումքի իրացման ինստիտուցիոնալ կառույցների ձևավորումը, մասնավորապես` խոշոր քաղաքներում մանրամեծածախ առևտրի և գնումների կազմակերպման կանոնակարգումը, որոնք կնպաստեն մասնագիտացված, օպտիմալ չափերի գյուղացիական տնտեսությունների ձևավորմանը:

 

IV. ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ուղղված քաղաքականությունը կիրականացվի այդ գործընթացը խոչընդոտող գործոնների բացասական ազդեցության վերացման (մեղմման), ինչպես նաև առկա հնարավորությունների արդյունավետ օգտագործման միջոցով: Այդ տեսանկյունից առանձնակի կարևորվում է գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության գերակայությունների և կիրառվող մեխանիզմների վերաբերյալ հայեցակարգային հստակ մոտեցումների սահմանումը, որոնք` ներառելով տնտեսական, սոցիալական, բնապահպանական, կազմակերպաիրավական բաղադրիչներ, հնարավորություն կընձեռեն ստեղծելու անհրաժեշտ նախադրյալներ ոլորտի կայուն ու համաչափ զարգացման համար:

12. Գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթացի խթանումը պահանջում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք ագրարային քաղաքականությունը նպատակաուղղել`

1) գյուղի և գյուղատնտեսության արդյունավետ զարգացմանը, ոլորտի գլոբալ մրցունակության ապահովմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների կենսամակարդակի բարձրացմանը.

2) ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացված հողերի միավորման (կոնսոլիդացման) փորձնական ծրագրի շարունակականության ապահովմանը.

3) տարածքային զարգացման ծրագրերում գյուղական համայնքների արտադրական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև գյուղական տարածքներում ոչ գյուղատնտեսական զբաղվածության ընդլայնմանը.

4) պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսության զարգացման ծրագրերը գյուղատնտեսական հողերի և բնական ռեսուրսների համատեղ օգտագործմանն ուղղորդմանը.

5) գյուղացիական տնտեսությունների միավորման և տնտեսությունների խոշորացման գործընթացի, ոչ առևտրային գյուղատնտեսական կազմակերպություն ների խթանմանն ուղղված` գյուղատնտեսությունում ապրանք արտադրողների արտոնյալ վարկավորմանը, նյութատեխնիկական ռեսուրսների տրամադրմանը և խրախուսման այլ ձևերի կիրառմանը.

6) գյուղատնտեսությունում տնտեսավարող սուբյեկտների կոոպերացման և տնտեսությունների խոշորացման արդյունքում տնտեսական արդյունավետության բարձրացման վերաբերյալ իրազեկվածության ապահովմանը.

7) գյուղական տարածքներում փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության նպատակային ծրագրերի իրականացմանը, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ձևավորման և գործունեության իրականացմանն աջակցությանը.

8) գիտահետազոտական նպատակային ծրագրերի իրականացմանը, խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների մատուցման բարելավմանը.

9) նորամուծություններին, տեխնիկական վերազինմանը և տեխնոլոգիական գործընթացների արդիականացմանն ուղղված աջակցության ընդլայնմանը.

10) ագրովերամշակման ոլորտում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցությանը.

11) միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան սննդամթերքի անվտանգության, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների իրականացմանը.

12) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում և հողային հարաբերությունները սահմանող այլ իրավական ակտերում համապատասխան փոփոխությունների (լրացումների) միջոցով գյուղատնտեսական հողատեսքերի ոչ նպատակային օգտագործման կամ ընդհանրապես չօգտագործման համար պատասխանատվությունը խստացնող դրույթների ամրագրմանը.

13) մասնավոր ներդրողների կողմից ոչ նպատակային օգտագործվող կամ չօգտագործվող գյուղատնտեսական հողատեսքերի պետական կարգավորման մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական արտադրության մեջ ներգրավմանը.

14) գյուղատնտեսության ոլորտին ծառայություններ մատուցող կառույցներին (ջրօգտագոծողների ընկերություններ, գյուղատնտեսության տեխնիկական սպասարկման կենտրոններ, վերամշակող կազմակերպություններ և այլն) ոչ նպատակային օգտագործվող կամ չօգտագործվող հողատարածքների գնման, կամ հատկացման մեխանիզմների մշակմանն ու կիրառմանը.

15) համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, մելիորացման կարիք ունեցող հողերը կադաստրային արժեքի 1/3-ով վաճառքին այն ներդրողներին, որոնք դրանք նպատակային օգտագործելու, մելիորացնելու և ռեկուլտիվացիայի ենթարկելու պատրաստականություն կհայտնեն` առանձնահատուկ կարևորելով աղակալված (ալկալիացված) հողերի արտոնյալ պայմաններով ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրման մեխանիզմների մշակումը և ներդրումը.

16) գյուղական բնակավայրերում տնտեսավարողների համար վարկային ռեսուրսների մատչելիության ապահովմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ընդլայնմանը.

13. Գյուղատնտեսության ոլորտում գյուղացիական տնտեսությունների խոշորացման նպատակով գյուղատնտեսական արտադրության գրավչության բարձրացմանն ուղղված պետական հովանավորչական քաղաքականության ուղղությունները, ձևերը, պայմանները, մեթոդները և մեխանիզմները կիրառվելու են երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը զուգընթաց և հստակեցվելու են (ճշգրտվելու են) իրավիճակի կտրուկ փոփոխման դեպքում:

14. Շուկայական տնտեսության պայմաններում, մրցակցային բարենպաստ միջավայրի ձևավորման դեպքում, գյուղատնտեսության ոլորտում տնտեսությունների խոշորացումն օբյեկտիվ գործընթաց է, քանի որ ելնելով գյուղատնտեսական արտադրության առանձնահատկություններից և գոտիական մասնագիտացումից, օպտիմալ չափերով տնտեսությունների ձևավորմամբ հնարավորություն է ընձեռվում ծախքերի կրճատման արդյունքում մեկ միավոր հողատարածությունից ստանալ ավելի բարձր բերք, կրճատել միավոր արտադրանքի վրա կատարվող ծախսումները, բարձրացնել մեքենայացված աշխատանքների տեսակարար կշիռը (մասշտաբի էֆեկտ), հետևաբար` բարձրացնել արտադրողականությունը և արտադրանքի մրցունակությունը: Սակայն, այդ գործընթացների խթանման և խրախուսման համար պահանջվում է վերը նշված հիմնական ուղղություններով պետական աջակցության աստիճանական ընդլայնում, ինչպես նաև վերջիններիս շարունակական կատարելագործում, ելնելով առկա ռիսկերի գնահատման ու վերլուծության արդյունքներից:

15. Գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ուղղված քաղաքականությունն իրականացվելու և համակարգվելու է գյուղատնտեսության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` այլ շահագրգիռ կողմերի (մարմինների, կառույցների, կազմակերպությունների) համագործակցությամբ: Գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթացն ուղղակիորեն կապված է հողի շուկայի կայացման, գյուղական բնակավայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության և տնտեսության մյուս ճյուղերի զարգացման տեմպերից, ենթակառուցվածքների գործունեության արդյունավետությունից, իրականացվող սոցիալական (ժողովրդագրական) քաղաքականությունից: Հետևաբար, գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ուղղված քաղաքականությունն իրականացվելու է գյուղատնտեսության ոլորտում պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` այլ շահագրգիռ կողմերի (մարմինների, կառույցների, կազմակերպությունների) հետ համագործակցությամբ:

 

V. ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՏՆՏԵՍԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

 

16. Գյուղացիական տնտեսությունների միջև համագործակցության, տնտեսավարման արդյունավետ ձևերի կիրառումն օբյեկտիվ պահանջ է: Այդ տեսանկյունից գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացումը ագրարային քաղաքականության և գյուղացիական տնտեսությունների խոշորացման հիմնական ուղղություններից է:

17. Գյուղատնտեսական կոոպերատիվները ստեղծվում են Հայաստանի Հանրապետության ագրոպարենային համակարգում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կամավոր անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային, դրամական և այլ տեսակի փայերի (փայավճարների) միավորման միջոցով` մասնակիցների նյութական և այլ կարիքներն առավել արդյունավետ բավարարման նպատակով:

18. Կոոպերատիվների կազմակերպման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ սկզբունքները.

1) կոոպերատիվում անդամության կամավորությունը.

2) կոոպերատիվի անդամների փոխօգնության և տնտեսական գործունեությանն արդյունավետ մասնակցությունը.

3) կոոպերատիվի կառավարմանը ժողովրդավարական հիմունքներով մասնակցությունը.

4) կոոպերատիվի անդամների տնտեսական ինքնուրույնության ապահովումը.

5) գյուղական բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման և համայնքների (բնակավայրերի) կայուն զարգացմանը նպաստելը:

19. Գյուղատնտեսական կոոպերացիան ներառում է կոոպերատիվների բազմաբնույթ ձևերը (տեսակները), որոնք կարող են դասակարգվել ըստ հիմնական գործունեության, մասնավորապես` սպառողական, արտադրական, վերամշակող, իրացնող, նյութատեխնիկական մատակարարման, սպասարկումներ իրականացնող, վարկային, այգեգործական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ մասնագիտացված գործունեություն իրականացնող կոոպերատիվներ:

20. Գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացումը մեծապես պայմանավորված է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման գործընթացի խթանմամբ: Ներկայումս այդ բնագավառում առկա են մի շարք լուծում պահանջող խնդիրներ, մասնավորապես.

1) գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման և այդ ուղղությամբ մրցունակ, մատչելի ծառայությունների ձևավորման ու զարգացման բնագավառում պետություն մասնավոր հատվածի ոչ լիարժեք համագործակցությունը.

2) ագրոպարենային համակարգում արդիական տեխնոլոգիաների, արտադրության կազմակերպման արդյունավետ ձևերի ներդրմանն ուղղված խորհրդատվական և տեղեկատվական համակարգերի անկատարությունը.

3) կոոպերատիվների ստեղծման համար բարենպաստ իրավաօրենսդրական և տնտեսական դաշտի ձևավորման դանդաղ ընթացքը.

4) գյուղատնտեսությունում ապահովագրական գործուն համակարգի ներդրման համար պետական աջակցության բացակայությունը.

5) պետական աջակցության ընդլայնման, ինչպես նաև կիրառվող մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը.

6) գյուղատնտեսական մթերքի իրացման, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության բնագավառներում ինստիտուցիոնալ կառույցների և արտադրական ենթակառուցվածքների թերզարգացվածությունը.

7) հողային, ջրային, աշխատանքային ռեսուրսների օգտագործման և կառավարման դեռևս ցածր արդյունավետությունը:

21. Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներում կոոպերացիան հանդիսանում է տնտեսավարման առավել տարածված կազմակերպական իրավական ձևերից մեկը: Եվրոպական մի շարք պետությունների կոոպերատիվներում միավորված են ֆերմերային տնտեսությունների 80-85, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում և Ավստրալիայում` 60-80 տոկոսը: Առանձնահատուկ ուսանելի է Ֆրանսիայում գյուղատնտեսական կոոպերացիայի ձևավորման ու զարգացման փորձը: Կոոպերացիան ունի ավելի քան 200 տարվա պատմություն և կոոպերատիվ շարժման մեջ ընդգրկված են ավելի քան 700 մլն անդամ:

22. Վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում ստեղծվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության Արարատի (16), Արմավիրի (18), Գեղարքունիքի (3), Սյունիքի (9), Վայոց Ձորի (28), Տավուշի (8), Լոռու (9), Կոտայքի (7), Շիրակի (1) և Արագածոտնի (7) մարզերում: Լավագույն արդյունքների է հասել գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիան (ԳԱՖ), որը միավորում է 21 կոոպերատիվ: Այդուհանդերձ գյուղատնտեսական կոոպերատիվների, հատկապես` սպառողական կոոպերատիվների ստեղծման տեմպերը շարունակում են մնալ անբավարար, ինչը սահմանափակում է գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթացը:

 

VI. ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄԸ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

 

23. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից հողամասերի միավորման (կոնսոլիդացման) սկզբունքների, մեթոդների, պայմանների և այդ բնագավառում քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ կատարված համալիր ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված եզրահանգումների և գործնական առաջարկությունների կիրառումը նույնպես գյուղացիական տնտեսությունների խոշորացման արդյունավետ մեխանիզմներից է: Հողամասերի միավորման ձևերից (մեթոդներից) են, մասնավորապես` համապարփակ միավորումը, միավորման պարզեցված մեթոդը:

24. Համապարփակ միավորում` հողամասերի միավորման արդյունքում վերաբաշխում և դրանց վերադասակարգում` համայնքների զարգացմանն ուղղված այլ միջոցառումների միաժամանակյա իրականացմամբ.

1) հողերի միավորման գործընթացը կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավարը սեփականատերերից հավաքագրում է միավորման վերաբերյալ գրավոր դիմումները, ճշգրտում է սեփականատերերի գրանցված իրավունքները, վերաբաշխման հարցերով անհամաձայնության դեպքում` հանդես է գալիս որպես հաշտարար և առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված համակարգող մարմնին` համապատասխան որոշում կայացնելու նպատակով.

2) համակարգող մարմինը մինչև հողամասերի միավորումն իրականացնելը, սահմանված կարգով, կազմում է հողամասերի միավորման և վերաբաշխման աշխատանքների տեխնիկական առաջադրանքը, որը համակարգող մարմնի համաձայնությամբ հաստատվում է համայնքի ղեկավարի կողմից.

3) համակարգող մարմինը կազմակերպում է լիցենզավորված և որակավորված անձանց միջոցով հողամասերի գնահատման, հողամասերի վերաբաշխման նախագծի կազմման, հողամասերի նվազագույն չափերի սահմանման, հողամասի օգտագործման սահմանափակումները, միավորմանը ներկայացվող բնապահպանական, քաղաքաշինական, պատմական և մշակութային արժեքների ու պատմական միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումները, պահանջները, հողամասերի արդյունավետ օգտագործման բարձրացմանն ուղղված առաջարկությունները, ցանքաշրջանառությանը և այլ աշխատանքներ.

4) միավորված հողամասերի նվազագույն չափերը չեն կարող պակաս լինել տվյալ համայնքում սահմանված հողամասերի նվազագույն չափից, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.

5) համակարգող մարմինն ապահովում է գործընթացի հրապարակայնությունը: Վերաբաշխման մեթոդները և դրանց նախագիծը հասարակությանն իրազեկելու նպատակով` 10-օրյա ժամկետով փակցվում է բոլորի համար տեսանելի վայրում: 10-օրյա ժամկետը լրանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում առարկություններ լինելու դեպքում դրանք գրավոր ներկայացվում են համակարգող մարմնին: Համակարգող մարմինը շահագրգիռ մարմինների հետ համատեղ 10-օրյա ժամկետում քննարկում և ընդունում է որոշում այն մերժելու կամ որոշում միավորման ենթակա հողամասերի միավորման գործընթացի և ձևի ավարտի մասին.

6) հողամասերի վերաբաշխումը միավորման նպատակով կատարվում է վիճակահանությամբ, ինչը հաստատվում է համապատասխան համայնքի ավագանու կողմից: Հողամասերի միավորման ձևի ընտրությունը և հողահատկացումը կատարվում է համայնքի ղեկավարի որոշման հիման վրա, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.

7) համայնքի ղեկավարի որոշման մեջ նշվում են`

ա. սեփականատերերի տվյալները,

բ. յուրաքանչյուր սեփականատիրոջ հողամասի մակերեսը,

գ. համապատասխան հողամասերի հողատեսքերը,

8) որոշմանը պարտադիր կցվում են միավորվող հողամասերի հատակագծերը, պայմանագրերը.

9) համայնքի ղեկավարն որոշումը ներկայացնում է սեփականատերերին, իսկ դրանցից ծագող իրավունքներն` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող պետական լիազորված մարմնին, ըստ հողամասերի գտնվելու վայրի տարածքային ստորաբաժանումների պետական գրանցման համար.

10) համապարփակ միավորման գործընթացում ընդգրկված հողամասերի սեփականատերերը մինչև միավորման ավարտը չեն կարող օտարել կամ գրավ դնել այդ հողամասերը, ինչպես նաև հողամասի նկատմամբ կատարել այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն դրա արժեքի փոփոխման կամ հողամասի ֆիզիկական և որակական վիճակի վատթարացման.

11) հողամասերի միավորմանն ուղղված գործառույթների գծով համայնքների ավագանիները` օրենքով սահմանված արտոնությունների շրջանակներում, կարող են սահմանել տեղական հարկերի և տուրքերի մասով արտոնություններ.

12) համակարգող մարմնի կողմից հողերի միավորմանն ուղղված ծրագիր իրականացնելու հայտը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու և հավանության արժանանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է քննարկել տվյալ համայնքին պետական աջակցություն ցուցաբերելու հարցը.

13) համապարփակ միավորման համար համայնքի ընտրության ժամանակ համակարգող մարմինը հաշվի է առնում հետևյալ հանգամանքները`

ա. նախնական հարցման արդյունքում միավորմանը համաձայն սեփականատերերի քանակը,

բ. միավորվող հողամասերի չափը,

գ. միավորվող հողամասերի աշխարհագրական դիրքը,

դ. միավորվող հողամասերի ընդհանուր մակերեսը,

ե. պետական ծրագրերի աջակցության արդյունավետությունը,

զ. համայնքի սոցիալական խոցելիության աստիճանը,

է. միավորվող հողամասից ստացվող համախառն արտադրանքը,

ը. համայնքի սահմանամերձ, բարձրլեռնային կամ լեռնային լինելու հանգամանքը և այլն:

25. Միավորման պարզեցված մեթոդ` սեփականատերերի փոխադարձ համաձայնության հիման վրա հողամասերի միավորում, առուվաճառքի, փոխանակության, վարձակալության և այլ ձևերով, որոնց դեպքում հասարակական զանգվածային աշխատանքներ չեն իրականացվում, թեև երբեմն դրանք համատեղվում են նաև գյուղական ենթակառուցվածքների վերականգնմանը կամ միավորմանը նպաստող լրացուցիչ միջոցառումների իրականացման հետ:

26. Այն դեպքում, երբ միավորման ներկայացրած հողամասերը կազմում եմ միմյանց սահմանակից հողամասեր, ինչպես նաև կամավոր կամ անհատական մեթոդներով միավորման դեպքերում, հողամասերի սեփականատերերի համաձայնությամբ միավորման աշխատանքների գործընթացը կարող է իրականացվել առանց միավորման նախագիծ կազմելու:

27. Սահմանել հողերի միավորման մեթոդների և ձևերի կիրառման գերակայությունների որոշման մեխանիզմները` ելնելով տարածաշրջանների և բնակավայրերի առանձնահատկություններից (մասնատվածության մակարդակ, հողօգտագործման փաստացի վիճակ, համայնքային հողերի առկայություն և այլն):

28. Օրենսդրությամբ` ըստ հողերի միավորման ձևերի, սահմանել դրանց իրականացման հնարավոր մեխանիզմները, նախատեսելով հողամասի նկատմամբ և սեփականության իրավունքի փոփոխությամբ և առանց փոփոխության մոտեցումները, ինչպես նաև կամավորության և քաղաքացիաիրավական նորմերով սահմանված սկզբունքների համադրում (տարբեր քաղաքացիաիրավական գործարքներ` առուվաճառք, փոխանակում, նվիրատվություն, վարձակալություն, ռենտա և այլն, կամ իրավաբանական անձի կազմավորում):

29. Սահմանել հողերի միավորման գործընթացի արդյունավետության գնահատման չափորոշիչները և դրանց համապատասխան համակարգող մարմնի կողմից մշակել և ներդնել մոնիթորինգի համակարգը:

30. Սահմանել տարածաշրջանների առանձնահատկություններին համապատասխան լեռնային, նախալեռնային, սահմանամերձ և դաշտավայրային տարածաշրջաններում հողերի միավորման համապատասխան մոտեցումները:

31. Համայնքների համար մշակվող հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներում նախատեսել հողերի միավորմանը վերաբերող նորմեր:

32. Սահմանել հողերի գոտիավորման և օգտագործման սահմանափակում ների չափորոշիչներ:

33. Հողամասերի սեփականատերերի իրազեկվածության ապահովում: Այս ուղղությունն ենթադրում է հետևյալը`

1) կազմակերպել հողերի միավորման վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ` զանգվածային լրատվության միջոցառումների, հատուկ ձեռնարկների, ինչպես նաև գյուղական համայնքների բնակիչների հետ հանդիպումների, բացատրական աշխատանքների անցկացման միջոցով և այլն.

2) իրականացնել հողերի միավորման գործընթացին առնչություն ունեցող պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև նոր մասնագիտական կադրերի ուսուցում և վերապատրաստում.

3) գործընթացի շահագրգիռ կողմերին` պետությանը, համայնքին, իրավաբանական և ֆիզիկական անձանց, համայնքի բնակիչներին առավելագույնս ներգրավել հայեցակարգի իրականացման գործընթացին, ինչպես նաև համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակման աշխատանքներին:

34. Հողերի միավորման գործընթացի իրականացմանը սեփականատերերի մասնակցության խթանում և պետական աջակցության մեխանիզմների ներդրում: Այս ուղղությունը ենթադրում է հետևյալը`

1) հողերի միավորման ժամանակ չափագրման, պետական գրանցման և նոտարական վավերացման նպատակով պետական օժանդակության մեխանիզմների ներդրում.

2) պետական աջակցության առաջնահերթությունների սահմանում, ելնելով տարածքային և տնտեսական գերակայություններից.

3) հողերի միավորման արդյունքում միավորված հողամասերում գյուղատնտեսական գործունեության իրականացման համար մատչելի ֆինանսական ռեսուրսների ներգրավման հնարավորությունների ապահովմանն ուղղված մեխանիզմների ներդրում.

4) պետական բյուջեի կամ դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող գյուղատնտեսական ենթակառուցվածքների (մեքենա տրակտորային հավաքակազմի ձևավորում, ոռոգման ցանցերի կառուցում, գյուղատնտեսական մթերքների մեծածախ շուկաների հիմնում և այլն) զարգացման ծրագրերի առաջնահերթ ուղղորդում հողերի միավորման լայնամասշտաբ գործընթաց իրականացնող համայնքներում, մասնավորապես`

ա. խորհրդատվական ծառայություններ,

բ. գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների բարելավում,

գ. հակակարկտային կայանքների տեղակայում,

դ. ոռոգման համակարգերի հիմնանորոգում,

ե. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի իրականացում և այլն.

5) համայնքային և պետական հողերի կառավարման արդյունավետության տեսանկյունից միավորման դեպքերում տարաժամկետ վճարումներով հողամասերի օտարման մեխանիզմների ներդրում.

6) սահմանակից հողամասերի վարձակալության տրամադրման դեպքում հողամաս գնելու իրավունքի պարտադիր վերապահում և վարձակալած հողամասը գնելու դեպքում վարձակալության տրամադրելու պահի դրությամբ կադաստրային արժեքով գնելու հնարավորության ընձեռում:

 

VII. ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԵՂՄՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

35. Գյուղացիական տնտեսությունների խոշորացման ռիսկերն են`

1) արտադրողականության բարձրացման արդյունքում` գյուղատնտեսությունում զբաղվածների թվի հնարավոր կրճատումը.

2) տնտեսությունների խոշորացման պայմաններում ներկայումս գործող և իրենց սոցիալ տնտեսական կարիքները չբավարարող մի շարք տնտեսավարողների վարձու աշխատողների դասին անցումը.

3) ավելացված արժեքի հարկման դաշտում գտնվելու հավանականությունը:

36. Ռիսկերի մեղմման ուղղություններն են.

1) գյուղական բնակավայրերում գյուղատնտեսական մթերքների վերամշակման կարողությունների հզորացման, ոչ գյուղատնտեսական գործունեության խթանման միջոցով զբաղվածության ընդլայնումը.

2) հողի սեփականատեր թոշակառուների համար, կամավորության սկզբունքով, հողի օտարման դիմաց հողից ստացվող եկամուտին համարժեք չափով ամսական վճարների սահմանման մեխանիզմների մշակումը և կիրառումը.

3) հանրապետությունում կոոպերացման գործընթացի խթանումը:

 

VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

37. Սույն հայեցակարգով սահմանված գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ուղղված քաղաքականության հիմնական ուղղությունները բխում են իրավիճակի համալիր ուսումնասիրություններից, ինչպես նաև խոչընդոտող գործոն ների և ընձեռվող հնարավորությունների գնահատման արդյունքներից:

38. Հաշվի առնելով, որ գյուղացիական տնտեսությունների խոշորացումը բարդ և ժամանակատար գործընթաց է, որի ընթացքում անհրաժեշտ է լուծում տալ հայեցակարգում նշված հիմնահարցերին և հնարավորինս արդյունավետ օգտագործել այդ բնագավառում ընձեռված հնարավորությունները, այդ գործընթացը պետք է իրականացվի բացառապես ոլորտի պետական կարգավորման տնտեսական լծակներով` փողային եղանակով:

1) առաջին փուլում` հաշվի առնելով հանրապետությունում գյուղատնտեսական արտադրության բարձր ռիսկայնությունը, ինչպես նաև ոլորտում 2009-2010 թվականներին արձանագրված անկումային գործընթացները, կստեղծվեն իրավական հիմքեր և նախադրյալներ գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթացի խթանման ուղղությամբ (ներառյալ` փորձնական ծրագրերի իրականացումը հանրության իրազեկմամբ), որը հնարավորություն կընձեռի բարձրացնելու ոլորտի մրցունակությունը, ներդրումային գրավչությունը և արդյունավետությունը.

2) երկրորդ փուլում` նյութապես կխրախուսվեն կամավոր հիմունքներով ձևավորվող կոոպերատիվներն ու այլ միավորումները: Գյուղատնտեսությունում իրականացվող բարեփոխումների շնորհիվ կբարձրանա ոլորտի մրցունակությունը, զգալիորեն կաճի ապրանքային տնտեսությունների տեսակարար կշիռը, կբարձրանա ագրովերամշակող ընկերությունների հզորությունների օգտագործման մակարդակը, կբարելավվի գյուղատնտեսությունում վարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, ինչը շղթայաբար կհանգեցնի ոլորտի արդյունավետության և արտադրողականության բարձրացմանը, ինչպես նաև արդյունաբերականացմանը: Կմշակվեն և գործողության մեջ կդրվեն փոքր չափերի գյուղացիական տնտեսություններին պետական աջակցության մեխանիզմները: Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորմանը զուգընթաց կաճեն նաև համայնքային բյուջեներից հատկացումները գյուղական ենթակառռւցվածքների զարգացման և մասնավոր հատվածին աջակցության ուղղությամբ: Կընդլայնվի պետություն-մասնավոր հատված համագործակցությունը.

3) երրորդ փուլում` գյուղական տարածքների համաչափ զարգացման, գյուղական աղքատության աստիճանական հաղթահարման, գյուղատնտեսությանն այլընտրանքային աշխատատեղերի ստեղծմանն զուգընթաց տեղի կունենա հողերի կենտրոնացում` խոշոր ապրանք արտադրողների կողմից (ներառյալ` կոոպերատիվները) և անասնապահական ապրանքային (ֆերմերային) միջին և խոշոր տնտեսությունների ձևավորումը: Միջին և խոշոր ապրանքային տնտեսություններում նորամուծությունների, արդիական տեխնոլոգիաների ներդրման, տեխնիկական վերազինման շնորհիվ զգալիորեն կնվազեն ծախքերը և կբարձրանա տեղական արտադրության սննդամթերքի մրցունակությունը ներքին ու արտաքին շուկաներում: Կներդրվեն գյուղատնտեսության ապահովագրության և սննդամթերքի անվտանգության գործուն համակարգեր, ինչը նույնպես կնպաստի արտահանման առկա ներուժի արդյունավետ օգտագործմանը և ոլորտի ներդրումային գրավչության բարձրացմանը: Կընդլայնվի միջպետական փոխշահավետ համագործակցությունը (այդ թվում` տարածաշրջանային) և կբարձրանա կենսապես կարևորագույն սննդամթերքի ինքնաբավության մակարդակը, իրենց լուծումը կստանան երկրի պարենային անվտանգության հիմնախնդիրները: Ըստ մասնագետների գնահատման սույն հայեցակարգով նախատեսված քաղաքականության իրականացման արդյունքում, առաջին փուլի տևողությունը կկազմի առնվազն 2 տարի, երկրորդինը` 3 տարի և երրորդինը` 5 տարի:

39. Հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների խոշորացման կարևորությունը, սույն հայեցակարգի դրույթներից բխող միջոցառումները պետք է ներառվեն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտին և տարածքային կայուն ու համաչափ զարգացմանն առնչվող ռազմավարական փաստաթղթերում, ինչպես նաև մարզային և համայնքային զարգացման նպատակային ծրագրերում:

40. Հայեցակարգով նախատեսված քաղաքականության իրականացումն անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի գյուղացիական տնտեսությունների ապրանքայնության մակարդակի, մրցակցային հնարավորությունների ու գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման համար, որի արդյունքում կապահովվի տեղական արտադրության հաշվին սննդամթերքով սպառողական պահանջարկի բավարարման (ինքնաբավության) անհրաժեշտ մակարդակը:

41. Սույն հայեցակարգի դրույթները հաշվի կառնվեն «Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, իրավական այլ ակտերի և այն ծրագրերի նախագծերի մշակման ու իրականացման գործընթացում, որոնք նախատեսված են գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգի կատարումն ապահովող ժամանակացույցով:

 

Աղյուսակ N 1

 

Գյուղացիական տնտեսությունների, առևտրային կազմակերպությունների

քանակը և դրանց պատկանող հողատարածքները

 

(հա)

._____________________________________________________________________.

|             |Տնտեսու- |Գյուղա-   |Վարելա-|Բազմամյա |Խոտհարքեր|Արոտա-|

|             |թյունների|տնտեսական |հողեր  |տնկարկներ|         |վայրեր|

|             |քանակը   |հողատեսքեր|       |         |         |      |

|_____________|_________|__________|_______|_________|_________|______|

|Երևան        |       10|       122|     80|       30|       12|   -  |

|_____________|_________|__________|_______|_________|_________|______|

|Արագածոտն    |    37165|     58159|  47710|     4956|     2351|  3142|

|_____________|_________|__________|_______|_________|_________|______|

|Արարատ       |    53475|     33110|  23534|     8190|      816|   570|

|_____________|_________|__________|_______|_________|_________|______|

|Արմավիր      |    50347|     47677|  34503|    12575|      599|    - |

|_____________|_________|__________|_______|_________|_________|______|

|Գեղարքունիք  |    52130|     83979|  63898|      119|    17032|  2930|

|_____________|_________|__________|_______|_________|_________|______|

|Լոռի         |    32559|     63732|  41222|     1029|    21481|    - |

|_____________|_________|__________|_______|_________|_________|______|

|Կոտայք       |    37620|     41649|  30142|     3946|     5839|  1722|

|_____________|_________|__________|_______|_________|_________|______|

|Շիրակ        |    28156|     66609|  63780|       25|     2804|    - |

|_____________|_________|__________|_______|_________|_________|______|

|Սյունիք      |    13034|     40101|  35691|      789|     3621|    - |

|_____________|_________|__________|_______|_________|_________|______|

|Վայոց ձոր    |    12825|     16052|  12872|     1002|     2168|    10|

|_____________|_________|__________|_______|_________|_________|______|

|Տավուշ       |    21959|     34399|  21831|     4539|     5623|  2406|

|_____________|_________|__________|_______|_________|_________|______|

|Ընդամենը     |   339276|    485589| 375263|    37200|    62346| 10780|

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ N 2

 

Գյուղացիական տնտեսությունների և առևտրային կազմակերպություններին

բաժին ընկնող գյուղատնտեսական հողատեսքերի և վարելահողերի տարածքները ըստ ՀՀ մարզերի (2006 թ.)

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.11.2011
N 43
Արձանագրային որոշում