Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ...

05.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.11.2011  -ից մինչեւ   05.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 թիվ 13 արձանագրային որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

17 նոյեմբերի 2011 թվականի N 45

 

16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի ազգային քաղաքականության իրագործման հիմնադրույթներին` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմիններին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական և այլ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում ապահովել Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը` սույն արձանագրային որոշման 1-ին կետով հավանության արժանացած հիմնադրույթներին համապատասխան:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թ. նոյեմբերի 17-ի նիստի

N 45 արձանագրային որոշման

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՆԴՇԱՖՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. Ներածության

2. Ընդհանուր դրույթներ

3. Իրավական հիմքերն ու իրականացված միջոցառումները

4. Կոնվենցիայի իրագործման հիմնական սկզբունքները

4.1. Դիտարկել տարածքը` որպես ամբողջություն.

4.2. Ապահովել լանդշաֆտների պահպանությունը, կառավարումն ու պլանավորումը

(լանդշաֆտային գործողություններ).

4.3. Սահմանել և ձեռք բերել լանդշաֆտի որակի նպատակ.

4.4. Գործողությունների հիմքում դնել լանդշաֆտների մասին գիտելիքը.

4.5. Լանդշաֆտային գործողությունների մեջ ներգրավել հասարակությանը.

4.6. Ինտեգրել լանդշաֆտային բաղադրիչը ոլորտային քաղաքականություններում.

4.7. Ապահովել իրավասությունների տարանջատումը.

5. Կոնվենցիայի իրագործման ֆինանսական ռեսուրսները և հետագա

միջոցառումները.

6. Լանդշաֆտի մոնիթորինգն ու զեկույցները (հաշվետվությունները).

7. Միջազգային համագործակցությունը.

 

1. Ներածություն

 

Հայաստանի Հանրապետությունը` 2004 թ. մարտի 9-ին վավերացնելով «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիան» (ETS No, 176), ստանձնել է բնական և ձեռակերտ լանդշաֆտների պահպանության, կառավարման և պլանավորման գործընթացի իրականացման պարտավորությունը:

Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի ազգային քաղաքականության իրագործման հիմնադրույթների (այսուհետև` Հիմնադրույթներ) մշակումը հետապնդում է Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի գաղափարախոսությանը համահունչ` հասարակության կարիքների, տնտեսական գործունեության և շրջակա միջավայրի միջև համաչափ և ներդաշնակ փոխազդեցությունների վրա հիմնված կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման նպատակ:

 

2. Ընդհանուր դրույթներ

 

2.1. «Լանդշաֆտ» հասկացությունը դարեր շարունակ առավելապես ընկալվել է

որպես գեղատեսիլ բնապատկեր, որն իր արտացոլումն է գտել

գեղանկարչության, գրականության, ճարտարապետության և այլ

արվեստներում: ժամանակի ընթացքում մարդու կողմից լանդշաֆտների

արժևորումը կրեց որոշակի զարգացումներ և աստիճանաբար

ընդարձակվելով` ձևափոխվեց որակապես:

2.2. Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց լանդշաֆտների զգալի մասը

ձևավորվում է մարդկային գործոնների տարաբնույթ ազդեցությունների

ներքո: Լանդշաֆտներն, ըստ էության, արտացոլում են մարդու

կենսագործունեության բոլոր ձեռքբերումները և բացթողումները` դրանով

իսկ կերտելով բնակավայրերի, տարածաշրջանների և ողջ երկրի տեսողական

(վիզուալ) կերպարի գրավիչ կամ վանող բնութագրերը:

2.3. XX դարի 70-ական թվականները հատկանշվել են շրջակա միջավայրի վրա

անտրոպոգեն ճնշումների կտրուկ աճով: Արդյունաբերության,

քաղաքաշինության, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների,

տուրիզմի և այլ ոլորտների առաջընթաց զարգացումը, ինչպես նաև

համաշխարհային տնտեսության ընդհանուր փոփոխությունները` համադրվելով

բնական ռեսուրսների սահմանափակության և էկոլոգիայի վատթարացման

խնդիրների հետ` ծնում են նոր մարտահրավերներ, որոնց դիմակայելու

անհրաժեշտությունը հանգեցնում է համաշխարհային հանրության կողմից

կայուն զարգացման գաղափարախոսության ձևավորմանը:

2.4. Անցյալ դարի վերջում Եվրոպայի խորհրդի կողմից սկսեց մշակվել և 2000

թվականին ընդունվեց «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիան» (այսուհետև`

Կոնվենցիա), որը ներկայացավ որպես լանդշաֆտներին վերաբերող «նոր

հայեցակարգ»: Կոնվենցիայի առանձնահատուկ արժեքն ու նորարարությունը

կայանում են նրանում, որ այն իմաստավորում է լանդշաֆտը, որպես մեզ

շրջապատող բնական-պատմական-մշակութային-քաղաքաշինական միահյուսված,

միասնական միջավայր` առանց կենսատարածքն ըստ բաղադրիչների

տարանջատելու:

2.5. Առաջին անգամ «լանդշաֆտ» հասկացությունը ձևակերպվեց որպես «մարդու

կողմից ընկալվող տարածք, որի հատկությունները բնական և մարդկային

գործոնների ազդեցության կամ փոխազդեցության արդյունք են», ինչից

հետևում է, որ այսուհետև լանդշաֆտային քաղաքականության

շրջանակներում դիտարկվելու են ոչ միայն պահպանության ենթակա

արժեքավոր բնական և մշակութային տարածքներն ու գեղատեսիլ

բնապատկերները, այլև սովորական առօրյա միջավայրը, լքված

անօգտագործելի տարածքները, դեգրադացված հողամասերը և այլն:

2.6. Նոր հայեցակարգը կարևորում է նաև այն հանգամանքը, որ լանդշաֆտների

որակական բնութագրերը էական ազդեցություն են թողնում մարդկանց

ֆիզիկական և հոգևոր առողջության վրա, որոնց զգայական ապրումները

մշտապես և անմիջականորեն փոխկապակցված են իրենց

կենսագործունեության միջավայրի հետ: Միաժամանակ, այդ միջավայրի

հատկանիշները կարող են խթանել կամ արգելակել տնտեսական

զարգացումները: Գաղտնիք չէ, որ ներդրումային նախաձեռնությունների

համար հատկապես գրավիչ են բարեկարգ և խնամված տարածքները:

2.7. Ըստ էության, հիմնված լինելով բնական և ձեռակերտ միջավայրերի

ներդաշնակեցման գաղափարախոսության վրա և բացահայտելով լանդշաֆտի

վրա բացասական անտրոպոգեն ազդեցությունների կանխարգելման ուղիները`

Կոնվենցիան կարող է գնահատվել որպես կայուն զարգացման նպատակներին

հասնելու արդյունավետ գործիք:

2.8. Հաշվի առնելով մեր երկրի փոքր չափերը, աշխարհաքաղաքական դիրքը,

էներգետիկ ռեսուրսների և դեպի ծով ելքի բացակայությունը, ինչպես

նաև տարաբնակեցման և գյուղատնտեսության համար պիտանի

հողատարածքների սահմանափակ լինելը և, միևնույն ժամանակ, առանձնակի

հարուստ մշակութային և բնական ժառանգությունը` հատկապես կարևոր է

ըստ արժանվույն գնահատել և խթանել էնդոգեն զարգացման առկա

ռեսուրսները, ստեղծելով քաղաքային և գյուղական ներդաշնակ

միջավայրեր` բարեկարգ, գրավիչ և խնամված լանդշաֆտ: Այս գաղափարը

միարժեքորեն համընկնում է քաղաքաշինության առջև դրված հիմնական

նպատակի հետ, որը ձևակերպված է` «կենսագործունեության բարենպաստ

միջավայրի ստեղծումը» բանաձևով:

2.9. ՈՒստի, լանդշաֆտների վրա տնտեսության զարգացումներից առաջացող

անբարենպաստ ազդեցություններից զերծ մնալու համար կարևորվում է

եվրոպական չափանիշներին համապատասխան մեր երկրում լանդշաֆտի

պահպանության, կառավարման և պլանավորման ոլորտում փոխկապակցված

գործողությունների հնարավորին լայն ներդրումը` լանդշաֆտի

քաղաքականության ձևավորմամբ, տարածական և լանդշաֆտային

պլանավորման արդիական մեթոդների կիրառմամբ:

2.10. Գնահատելով լանդշաֆտի որակն ու բազմազանությունը որպես

համընդհանուր ռեսուրս, ինչպես նաև ելնելով նշված ոլորտում առկա

հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունից, սույն

Հիմնադրույթներով ամրագրվում են լանդշաֆտի ազգային քաղաքականության

իրագործման հիմնական ուղղություններն ու սկզբունքները:

 

3. Իրավական հիմքերն ու իրականացված միջոցառումները

 

3.1. Հիմնադրույթների մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության

կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Լանդշաֆտի Եվրոպական

Կոնվենցիայից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների

կատարման 2011-2012 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու

մասին» N 308-Ն որոշման հավելվածի ցանկի 1-ին կետի պահանջների

կատարման անհրաժեշտությամբ:

3.2. Հիմնադրույթների մշակման համար հիմք են հանդիսացել.

3.2.1 «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիա» միջազգային պայմանագիրը, որը

Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2004 թվականի մարտի

9-ին.

3.2.2 Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից ընդունված «Լանդշաֆտի

Եվրոպական Կոնվենցիայի իրականացման գերակա ուղղությունները»

հանձնարարականը [CM/Rec(2008)3].

3.3. Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիան ստորագրելուց հետո

իրականացվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում`

3.3.1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 31-ի

N 650-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանում Լանդշաֆտի Եվրոպական

Կոնվենցիայի իրագործման աշխատանքները համակարգող միջգերատեսչական

հանձնաժողովը.

3.3.2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի

N 308-Ն որոշմամբ հաստատվել է «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայից

բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման

միջոցառումների ցանկը».

3.3.3. տարածական պլանավորման փաստաթղթերի մշակումը կանոնակարգող

օրենսդրական ակտերը լրացվել են լանդշաֆտի կազմակերպման խնդիրներին

առնչվող դրույթներով.

3.3.4. մշակվել և հրատարակվել է «Տարածական պլանավորման փաստաթղթերում

«Լանդշաֆտային կազմակերպում» բաժնի մշակման ցուցումներ» մեթոդական

ձեռնարկը.

3.3.5. Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության հետ

համագործակցությամբ 2003 թվականի հոկտեմբերի 23-24-ը Երևանում

անցկացվեց «Տարածական պլանավորումը և լանդշաֆտը» թեմայով սեմինար

խորհրդակցությունը, որի շրջանակներում ՀՀ քաղաքաշինության

նախարարության ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում

բացվեց «Լանդշաֆտը երեխաների աչքերով» թեմայով մանկական

աշխատանքների հանրապետական ցուցահանդեսը: Այն հետագայում

տեղափոխվեց Ստրասբուրգ և ցուցադրվեց Եվրոպայի պալատում.

3.3.6. Եվրոպայի խորհրդի Տարածական պլանավորման համար պատասխանատու

նախարարների համաժողովի (CEMAT) շրջանակներում 2003-2008 թթ.

ընթացքում Երևանում կազմակերպվել են մի շարք կոնֆերանսներ, որոնց

շրջանակներում քննարկման առանցքային թեմաներից էին նաև

լանդշաֆտային խնդիրները.

3.3.7. թարգմանվել և հրատարակվել է ԵԽ-ի նախարարների կոմիտեի կողմից

2008 թվականի փետրվարի 6-ին ընդունված` «Լանդշաֆտի Եվրոպական

Կոնվենցիայի իրականացման գերակա ուղղությունները» փաստաթուղթը:

 

4. Կոնվենցիայի իրագործման հիմնական սկզբունքները.

 

Ստորև ներկայացված սկզբունքները անմիջականորեն բխում են Կոնվենցիայի հիմնական հոդվածների դրույթներից և հիմք են հանդիսանում լանդշաֆտային քաղաքականության իրագործման, այդ թվում` վարչական և ինստիտուցիոնալ խնդիրների կանոնակարգման համար:

 

4.1. Դիտարկել տարածքը` որպես ամբողջություն.

4.1.1. «Լանդշաֆտ» - մարդու կողմից ընկալվող տարածք, որի բնույթը` բնական և/կամ մարդկային գործոնների ազդեցության կամ փոխազդեցության արդյունք են:

4.1.2. Կոնվենցիայի դրույթները կիրառվում են երկրի ողջ տարածքում` ընդգրկելով բնական, գյուղական, քաղաքային ու քաղաքամերձ տարածքները, ներառելով հողային և ջրային մակերևույթները և վերաբերում են ինչպես առանձնահատուկ, այնպես էլ` սովորական (առօրյա) ու հետընթաց ապրող (դեգրադացված) լանդշաֆտներին:

4.1.3. Լանդշաֆտը ձևավորում է որպես մեկ ամբողջություն, որի մշակութային, արհեստական և բնական բաղադրիչները լիարժեքորեն ինտեգրված լինելով համընդհանուր ձևաչափի մեջ` կազմում են մարդկանց կենսագործունեության միջավայրը: Այն գնահատվում է որպես անհատական ու սոցիալական բարեկեցության (ֆիզիկական, ֆիզիոլոգիական, հոգեբանական և ինտելեկտուալ իմաստով) և կայուն զարգացման նախապայման, ինչպես նաև` որպես տնտեսական գործունեությանը նպաստող ռեսուրս:

4.2. Ապահովել լանդշաֆտների պահպանությունը, կառավարումն ու պլանավորումը (լանդշաֆտային գործողություններ).

4.2.1. «Լանդշաֆտի պահպանություն»-Լանդշաֆտի էական կամ առանձնահատուկ հատկանիշների պահպանությանն ուղղված գործունեություն` պայմանավորված բնական և/կամ մարդկային գործունեության արդյունք հանդիսացող ժառանգության արժևորմամբ:

4.2.1.1. Տարածքի արժեքավոր ու յուրահատուկ նյութական և ոչ նյութական հատկանիշները պետք է պահպանվեն և փոխանցվեն գալիք սերունդներին: Միևնույն ժամանակ, պահպանության գործողությունները պետք է ներառեն ժամանակի ընթացքում անխուսափելի փոփոխությունների համար ընդունելի շրջանակների սահմանումն ու այդ փոփոխությունների կառավարումը:

4.2.1.2. Լանդշաֆտի առանձնահատկությունները կախված են տնտեսական, սոցիալական, էկոլոգիական, մշակութային և պատմական գործոններից, որոնց ծագումը հաճախ գտնվում է պահպանվող տարածքներից դուրս: ՈՒստի այդ գործոնների բացահայտումն ու լանդշաֆտների բարձրարժեք բնութագրերի ձևափոխման կանխարգելումը ևս ընդգրկվում է պահպանական գործողությունների շրջանակում:

4.2.2. «Լանդշաֆտի կառավարում» - կայուն զարգացման հեռանկարներն ապահովող և տնտեսական, սոցիալական և այլ միջավայրային գործընթացներով պայմանավորված` լանդշաֆտի վրա ազդող փոփոխությունների ներդաշնակեցմանն ու կարգավորմանն ուղղված հետևողական գործունեություն.

4.2.2.1. Լանդշաֆտների կառավարումը կայուն զարգացման սկզբունքների վրա հիմնված շարունակական և դինամիկ գործողություն է, որն ուղղված է տնտեսական, սոցիալական, բնական կամ տեխնածին գործոնների հետևանքով լանդշաֆտների վրա ազդող և այն ձևափոխող երևույթների, պատճառների և իրավիճակների կարգավորմանը:

4.2.2.2. Այն կոչված է ապահովելու լանդշաֆտների ներդաշնակ զարգացումը` տնտեսական գործունեության և հասարակության կարիքների բավարարմանը նպատակաուղղված այնպիսի գործողությունների իրականացման ընթացքում, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են թողնում տարածքի վրա:

4.2.3. «Լանդշաֆտի պլանավորում» - լանդշաֆտի զարգացման, վերականգնման կամ կազմավորման (ստեղծման) հեռանկարները կանխորոշող հաստատուն գործունեություն.

4.2.3.1. Լանդշաֆտի պլանավորումը կարող է նույնացվել տարածական պլանավորման հետ, որը նպատակաուղղված է տարածքների հեռանկարային զարգացման, վերականգնման, կազմավորման (ստեղծման) կանխորոշմանը: Հաշվի առնելով հասարակության տնտեսական և սոցիալական պահանջների շարունակական զարգացումները, ինչպես նաև տարածքի բնական, մշակութային և այլ նախադրյալները` պլանավորման միջոցով ամրագրվում են լանդշաֆտների այնպիսի փոփոխություններ, որոնք կանխատեսելի են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում:

4.2.3.2. Պլանավորումն ընդգրկում է նաև դեգրադացված տարածքների վերականգնումն ու վերազարգացումը (ռեաբիլիտացիան)` դրանց բարելավման և լանդշաֆտի նախատեսված որակական բնութագրերին համապատասխանեցնելուն ուղղված միջոցառումների ամրագրմամբ:

4.2.3.3. Պլանավորումն ըստ էության` կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղիների տարածքային արտացոլումն է, դրանով իսկ հիմք հանդիսանալով կառավարման գործառույթների իրականացման համար:

4.2.4. «Լանդշաֆտային գործողություններ»- լանդշաֆտի պահպանության, պլանավորման և կառավարման միասնական գործառույթների իրականացում.

4.2.4.1. Ըստ էության, բոլոր լանդշաֆտները պահանջում են մարդու կողմից որոշակի միջամտություն` գործողություններ, որոնք միևնույն տարածքի վրա ուղղված պահպանության, կառավարման և պլանավորման միավորված գործառույթներ են:

4.2.4.2. Որոշ տարածքային հատվածներ և հատկանիշներ պետք է պահպանվեն, մնացածները` պատշաճ կերպով պլանավորվեն, որպեսզի առկա լանդշաֆտների փոփոխությունները և նորերի ստեղծումը լինի կանխատեսելի: Միևնույն ժամանակ, կառավարման գործառույթները` տարբեր համամասնություններով, պետք է կիրառվեն թե պահպանվող, թե փոփոխվող տարածքների նկատմամբ:

4.2.4.3. Լանդշաֆտի վրա ազդեցություն ունեցող ազգային, ռեգիոնալ և տեղական, ինչպես նաև ոլորտային (ճյուղային) ծրագրերը` յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում, պետք է փոխկապակցված լինեն լանդշաֆտի որակի նպատակներով ե համակարգվեն լանդշաֆտի ազգային քաղաքականության իրագործման շրջանակներում:

 

4.3. Սահմանել և ձեռք բերել լանդշաֆտի որակի նպատակ.

 

4.3.1. «Լանդշաֆտի որակի նպատակի սահմանում» - տարածքի ուսումնասիրության, նույնացման (իդենտիֆիկացման) և գնահատման արդյունքում` որակյալ լանդշաֆտի տեսլականի ձևավորվում.

4.3.1.1. Լանդշաֆտի որակի նպատակը պետք է սահմանվի բնակավայրերի, տարածաշրջանների և երկրի պլանավորման ու զարգացման փաստաթղթերում, ինչպես նաև լանդշաֆտի վրա ազդեցություն ունեցող ճյուղային (քաղաքաշինություն, տրանսպորտ, զբոսաշրջություն, ընդերքօգտագործում և այլն) ծրագրերում:

4.3.1.2. Որակի նպատակի սահմանումը պետք է կատարվի լանդշաֆտների բնորոշ առանձնահատկությունների, դրանց վրա ազդող գործոնների, ինչպես նաև զարգացման ներուժի մասին գիտելիքի հիման վրա` հասարակության կարծիքի հաշվառմամբ:

4.3.1.3. Լանդշաֆտի որակի նպատակներն, ըստ էության, լանդշաֆտի պլանավորման վերջնական արդյունքն են և պետք է սահմանեն նաև այն միջոցառումները, որոնք ձեռնարկվելու են որակյալ լանդշաֆտի տեսլականը կյանքի կոչելու համար:

 

4.4. Գործողությունների հիմքում դնել լանդշաֆտների մասին գիտելիքը.

 

4.4.1. Լանդշաֆտի մասին գիտելիքի ձեռքբերումը` ցանկացած լանդշաֆտային գործողության առաջին հիմնական փուլն է և ներառում է լանդշաֆտների նույնացման (իդենտիֆիկացման) ու գնահատման գործառույթներ.

4.4.1.1. Շահագրգիռ կողմերի մասնակցությամբ իրականացվում է ամբողջական տարածքի (ներառելով առանձնահատուկ, սովորական (ամենօրյա) և դեգրադացված մասերը) լանդշաֆտների նույնացումը, վերլուծվում են դրանց հատկությունները, ձևափոխող ուժերն ու գործոնները` նկատի առնելով առկա և ապագա հնարավոր փոփոխությունները:

4.4.1.2. Լանդշաֆտի նույնացման գործառույթը ներառում է տարածքի դիտարկման գիտելիքահենք տարբեր մոտեցումների (տնտեսական, սոցիալական, բնապահպանական, մորֆոլոգիական, պատմամշակութային, քաղաքաշինական, տեսողական/վիզուալ և այլն) ինտեգրումը, դրանց առանձնահատկությունների վերլուծությունն ու փոխկապակցումը:

4.4.1.3. Նույնացված (իդենտիֆիկացված) լանդշաֆտն այնուհետև գնահատվում է` հաշվի առնելով շահագրգիռ կողմերի և բնակչության կողմից առանձնացված արժեքները:

4.4.1.4. Լանդշաֆտների մասին համապարփակ իմացության ձեռքբերումը պահանջում է կոնկրետ տարածքի մասին միջոլորտային գիտելիքների համադրում և ամփոփում: Միևնույն ժամանակ, այն փոխկապակցված է տարածքի ապագայի տեսլականի, այսինքն` լանդշաֆտի որակի նպատակի հետ:

4.4.1.5. Լանդշաֆտի վերաբերյալ բնակչության էմպիրիկ գիտելիքները նույնպես պետք է վերլուծվեն` ինչպես պատմական զարգացման, այնպես էլ արդի նշանակության տեսանկյունից:

4.4.1.6. Լանդշաֆտների նույնացման և գնահատման գործընթացներում հասարակության ակտիվ ներգրավվածությունն ապահովելու համար` կատարված ուսումնասիրությունները պետք է ներկայացվեն դյուրըմբռնելի և մատչելի ձևաչափով, որպեսզի հասկանալի լինեն նաև ոչ մասնագետների համար:

4.4.2. Իրազեկության բարձրացում.

4.4.2.1. Բնակչությունը, կազմակերպություններն ու տարբեր մակարդակների իշխանության մարմինները պետք է իրազեկված լինեն լանդշաֆտի արժեքի, նշանակության և փոփոխությունների մասին:

4.4.2.2. Իրազեկության բարձրացումը գնահատվում է որպես գիտելիքի տարածման գործընթաց, որը գործում է բոլոր ուղղություններով և ընդգրկում է քաղաքացիական հասարակության բոլոր խմբերը:

4.4.2.3. Իրազեկության բարձրացման համար կարող են կիրառվել մշտական, պարբերական կամ իրավիճակային հիմունքներով իրականացվող միջոցառումներ, այդ թվում` հեռուստատեսային հեռարձակումներ, տեսալսողական միջոցներ, պատկերազարդ բուկլետներ, ցուցահանդեսներ և այլն: Վերջիններս կարող են ուղեկցվել հանրային քննարկումներով` տեղի բնակչության տեսակետները բացահայտելու համար: Լանդշաֆտային մոդելավորման գործիքները` 3-D մեթոդների կամ համալիր սխեմաների կիրառմամբ, առավել արդյունավետ են խնդիրների հստակ ընկալման առումով:

4.4.3. ՈՒսուցում և կրթություն.

4.4.3.1. Լանդշաֆտի հայեցակարգի հետ առնչվող խնդիրները պետք է ներառվեն տարածական պլանավորման, քաղաքաշինության, մշակույթի, բնապահպանության, գյուղատնտեսության, տրանսպորտի, արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև լանդշաֆտի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեցող այլ ոլորտների մասնագետների պատրաստման և վերապատրաստման ծրագրերում:

4.4.3.2. Կրթական ծրագրերը պետք է կազմվեն կայուն զարգացման վրա հիմնված լանդշաֆտի հայեցակարգին համահունչ` լանդշաֆտի և տնտեսական զարգացման, լանդշաֆտի և ռեկրեացիոն պաշարների լավարկման, լանդշաֆտի ու քաղաքաշինական միջավայրի միջև գոյություն ունեցող կապերը բացահայտելու և ուսուցանելու համար:

4.4.3.3. Ներկայումս նմանատիպ ծրագրերը եվրոպական կրթական ծրագրերի մասն են կազմում, որի շնորհիվ հնարավոր են դառնում երկրների միջև համալսարանական փոխանակումները:

4.4.3.4. Լանդշաֆտի հայեցակարգի իմացության պահանջը պետք է ներառվի նաև լանդշաֆտի վրա ներգործություն ունեցող ոլորտների կառավարման մարմինների աշխատակազմերի քաղաքացիական և համայնքային ծառայողների համար:

4.4.3.5. Տարբեր մակարդակների դպրոցական ծրագրերը պետք է խթանեն լանդշաֆտային խնդիրների մասին իրազեկումը` լանդշաֆտը մեկնաբանելու և կենսամիջավայրի ու լանդշաֆտի միջև կապերը ուսումնասիրելու միջոցով: Դրան կարելի է հասնել դպրոցական կրթական տարբեր առարկաներում (բնական գիտություններ, աշխարհագրության, պատմություն, տնտեսագիտություն, արվեստ, գրականության և այլն), ներառելով լանդշաֆտների արժեքը բացահայտող հիմնախնդիրները` զարգացնելու համար երեխաների զգայունությունը իրենց շրջապատի որակի հանդեպ:

 

4.5. Լանդշաֆտային գործողությունների մեջ ներգրավել հասարակությանը.

 

4.5.1. Լանդշաֆտային բոլոր գործողությունները պետք է ուղեկցվեն մասնակցային բաց ընթացակարգերով ու հասարակության մեջ ձևավորված պատկերացումների և ցանկությունների հաշվառմամբ` բնակչության և կենսամիջավայրի միջև փոխադարձ կապերի ամրապնդման, լանդշաֆտի սոցիալական ընկալման, ինչպես նաև լանդշաֆտային քաղաքականության ձևավորման, իրագործման և մոնիթորինգի հարցերում ժողովրդի ակտիվ դերակատարությունը ապահովելու համար:

4.5.2. Մասնակցային գործընթացը պետք է ընդգրկի բոլոր շահագրգիռ կողմերին` ազգային, տարածքային և տեղական իշխանություններին, ուղղակիորեն ազդեցության ենթարկված բնակչությանը, հասարակական կազմակերպություններին, տնտեսական գործունեության սուբյեկտներին, լանդշաֆտի մասնագետներին և գիտնականներին:

4.5.3. Հատկապես կարևոր է, որ մասնակցությունը տեղի ունենա լանդշաֆտի գործողությունների իրականացման բոլոր փուլերում, գիտելիքի ձեռքբերման նախնական փուլից` մինչև ընդունված որոշումների իրականացումը:

4.5.4. Հասարակության մասնակցության ընթացակարգերը կարող են իրականացվել հասարակական լսումների, հարցումների, քննարկումների, ցուցադրությունների և այլ գործիքների կիրառմամբ:

 

4.6. Ինտեգրել լանդշաֆտային բաղադրիչը պորտային քաղաքականություններում.

 

4.6.1. Լանդշաֆտային բաղադրիչը` պատշաճ ընթացակարգերի միջոցով պետք է լիարժեքորեն ինտեգրվի բնապահպանական, աղետների կանխարգելման, պատմամշակութային հուշարձանների պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, շինարարության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կոմունալ տնտեսության, հանքարդյունաբերության և տարածքների որակի վրա ազդեցություն ունեցող այլ քաղաքականություններում: Ինտեգրումը վերաբերում է ինչպես կառավարման նույն մակարդակի տարբեր վարչական մարմինների (հորիզոնական ինտեգրում), այնպես էլ տարբեր մակարդակների կառավարման մարմինների (ուղղահայաց ինտեգրում) գործառույթներին:

4.6.1.1. Միևնույն ժամանակ, լանդշաֆտները` վերը նշված բոլոր ազդեցությունների փոխկապակցված արդյունք են, ուստի լանդշաֆտային խնդիրներն ու նպատակները պետք է դիտարկվեն բազմաթիվ և բազմազան միաժամանակյա ազդեցությունների ներքո` դրանց գնահատման և վերլուծության արդյունքում ձևավորելով լանդշաֆտի որակի փոխհամաձայնեցված նպատակներն ու դրանց ձեռքբերման ուղիները:

4.6.1.2. Տարածական պլանավորումը, ըստ էության, այն բնագավառն է, որը մեծապես բավարարում է վերը նշված պայմաններին:

4.6.1.3. Դրա հետ մեկտեղ, լանդշաֆտի բաղադրիչը պետք է կազմի ճարտարապետաշինարարական, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների, պատմամշակութային ժառանգության, տուրիզմի, բնապահպանական և այլ ոլորտային ծրագրերի ու նախագծերի բաղկացուցիչ մասը` հիմք ընդունելով և մանրամասնելով տարածական պլանավորման շրջանակներում լանդշաֆտի որակին առնչվող փոխհամաձայնեցված և ընդունված որոշումները:

4.6.2. Լանդշաֆտը և տարածական պլանավորումը.

4.6.2.1. Տարածական պլանավորման փաստաթղթերը մշակվում են երեք հիմնական փուլերով`

. տարածքի առկա իրավիճակի ուսումնասիրություն և վերլուծություն (հենակետային տվյալներ),

. տարածքի համալիր գնահատական` տարածքի վրա ազդող բազմաթիվ բնական (վտանգավոր բնածին երևույթներ, երկրաբանական հիմք, բնակլիմայական պայմաններ, ռելիեֆ, հողային, ջրային, հանքահումքային ռեսուրսներ, կենսաբազմազանություն և այլն) և մարդածին (բնակավայրեր, գործառնական տարածքներ, պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածք, վտանգավոր տեխնածին երևույթներ և այլն) գործոնների հաշվառմամբ,

. տարածքի հեռանկարային զարգացում (որակյալ լանդշաֆտների տեսլականը) և դրան հասնելու համար պահպանության, կառավարման և պլանավորման գործողությունների համակարգը, որոնք կազմում են տարածական պլանավորման արդյունքը:

4.6.2.2. Համադրելով տարածական պլանավորման երեք փուլերը լանդշաֆտի հիմնական գործողությունների հետ, ակնհայտ է, որ դրանք համընկնում են լանդշաֆտների «նույնացում (իդենտիֆիկացում)-գնահատում-լանդշաֆտի որակի նպատակի սահմանում» շղթային:

4.6.2.3. Տարածական պլանավորման փաստաթղթերը մշակվում են ազգային, ռեգիոնալ և տեղական մակարդակներում` տարածքների կազմակերպման խնդիրներին առնչվող բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ, ուստի ապահովում են ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց ինտեգրման պայմանները:

4.6.2.4. Գործող օրենսդրությամբ տարածական պլանավորման շրջանակներն արդեն իսկ ընդգրկում են լանդշաֆտային միջոցառումների բովանդակային մասը և կարող են արձագանքել լանդշաֆտային խնդիրների ողջ բազմազանությանը` գիտելիքի ձեռքբերման, հեռանկարային նպատակների սահմանման և դրանց հասնելու միջոցառումների մշակման առումով:

4.6.2.5. Ելնելով վերոգրյալից, լանդշաֆտի հայեցակարգից բխող մի շարք կարևոր գործառույթներ նպատակահարմար է իրականացնել տարածքային փոփոխությունների կառավարման գործիքներով` տարածական պլանավորման (տարածքային հատակագծման նախագծեր, գլխավոր հատակագծեր, գոտևորման և կառուցապատման նախագծեր և այլն) մշակման միջոցով:

 

4.7. Ապահովել իրավասությունների տարանջատումը.

 

4.7.1. Կոնվենցիայի իրագործման իրավասությունները պետք է բաշխվեն վարչական տարրեր մակարդակների միջև` ըստ սուբսիդիարության (լրացուցչության) սկզբունքի, համաձայն որի որոշումները պետք է ընդունվեն բնակչությանը որքան հնարավոր է մոտ մակարդակում` այդպիսի որոշումների ընդունման հնարավորությունն ու դրանց արդյունավետությունը երաշխավորելու պայմանով:

4.7.2. Միևնույն ժամանակ, ավելի բարձր վարչական մակարդակները իրենց իրավասությունների սահմաններում ստանձնում են համակարգման լիազորություններ` տեղական մակարդակով իրականացված գործունեության հիմնավորվածությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով:

4.7.3. Վերոգրյալ սկզբունքների շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 31-ի N 650-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի իրագործման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետև` Հանձնաժողով): Նույն որոշմամբ Կոնվենցիայի իրագործման պատասխանատու է ճանաչվել ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:

4.7.4. Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են լանդշաֆտի խնդիրներին առնչվող բոլոր շահագրգիռների` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, գիտական, կրթական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

4.7.5. Հանձնաժողովի ընդարձակ կազմը թույլ է տալիս լանդշաֆտի խնդիրների շուրջ ստեղծել ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղահայաց համագործակցության կապեր` խուսափելով հաստատությունների կողմից իրականացվող գործառույթներում չշաղկապված կամ նույնիսկ հակասող մոտեցումների վտանգից: Հանձնաժողովն արդյունավետ խորհրդակցական հարթակ է հանդիսանում Կոնվենցիայի իրագործման փոխհամաձայնեցված միջոցառումների իրականացման համար:

4.7.6. Հաշվի առնելով լանդշաֆտի հայեցակարգից բխող խնդիրների զգալի մասի տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման շրջանակներում ընդգրկման նպատակահարմարությունը` առանձնակի կարևորություն են ստանում համայնքների մակարդակում կազմվող գլխավոր հատակագծերն ու գոտևորման նախագծերը: Տեղական մակարդակում կազմվող այդ փաստաթղթերում առավել մանրամասնորեն են դիտարկվում տարածքի կազմակերպման խնդիրները, ինչը հնարավոր է դարձնում լանդշաֆտի հայեցակարգից բխող կարևոր գործնական միջոցառումների, այդ թվում` լանդշաֆտի նույնացման, գնահատման ու որակի նպատակների հավուր պատշաճի սահմանումը:

 

5. Կոնվենցիայի իրագործման ֆինանսական ռեսուրսները և հետագա միջոցառումները.

 

5.1. Լանդշաֆտի քաղաքականության իրագործման ֆինանսական ապահովումը կարող է կատարվել պետական ու համայնքային բյուջեների, ինչպես նաև մասնավոր ներդրողների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: Դրանք կարող են տրամադրվել ինչպես նպատակային` ուղղված լանդշաֆտի հայեցակարգից բխող խնդիրների լուծմանը, այնպես էլ ներառվել այլ ոլորտների (շրջակա միջավայր, տուրիզմ, մշակույթ, շինարարություն, տրանսպորտ և այլն) ծրագրերում` նշված ծրագրերի արդյունքում լանդշաֆտի վրա ազդեցություն ունեցող խնդիրների լուծման նպատակով նախատեսվող միջոցների հաշվին:

5.2. Կոնվենցիայի իրագործման կարճաժամկետ միջոցառումները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 308-Ն որոշման հավելվածով, իսկ հետագա միջոցառումները կներառվեն նշված հավելվածի 4-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում լանդշաֆտների պահպանության, կառավարման ու պլանավորման ռազմավարության մշակման շրջանակներում:

 

6. Լանդշաֆտի մոնիթորինգն ու զեկույցները (հաշվետվությունները).

 

6.1. Ժամանակակից լանդշաֆտների վրա ազդող ուժեղ ճնշումները և լանդշաֆտի պահպանման, կառավարման և պլանավորման հետ կապված բազմաթիվ խնդիրները պահանջում են շարունակական դիտարկումների և տեղեկատվության փոխանակման գործողությունների իրականացում: Մոնիթորինգային դիտարկումները պետք է կատարվեն տարբեր մակարդակներում` տեղական, ռեգիոնալ, ազգային կամ միջազգային, կիրառելով համատեղելի դիտորդական համակարգեր և ապահովելով անընդհատ փոխանակման հնարավորություն:

6.1.1. Լանդշաֆտի մոնիթորինգային դիտարկումները պետք է իրականացվեն`

. լանդշաֆտի պահպանության, կառավարման, պլանավորման վերաբերյալ իրականացված և նախատեսվող ծրագրերի, գործողությունների, միջոցառումների, ինչպես նաև հասարակության ընդգրկման մասին տեղեկատվության վերլուծության հիման վրա,

. լանդշաֆտային քաղաքականության արդյունավետության գնահատման նպատակով մշակված քանակական և որակական ցուցիչների հիման վրա,

. սկզբնական լանդշաֆտի և տվյալ տարածքում առկա տենդենցների համեմատական վերլուծության հիման վրա:

6.1.2. Մոնիթորինգային դիտարկումների իրականացման նպատակով բազմաթիվ եվրոպական երկրներում ստեղծվել են լանդշաֆտի մոնիտորինգի մարմիններ, կենտրոններ կամ ինստիտուտներ: Մեզանում նմանատիպ կառույցի ստեղծումը նպատակահարմար է նախատեսել միջնաժամկետ հեռանկարում:

6.1.3. Մինչև մոնիթորինգի կենտրոնի ստեղծումն անհրաժեշտ է մշակել եվրոպական երկրներում ընդունված չափորոշիչներին համապատասխան ցուցիչների համակարգ, իսկ մոնիթորինգային գործողություններն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 308-Ն որոշման 2-րդ կետով սահմանված հանձնարարականին համապատասխան:

 

6.2. Զեկույցներ (հաշվետվություններ) Կոնվենցիայի իրագործման վերաբերյալ.

 

6.2.1. Կոնվենցիան վավերացրած պետությունները որոշակի պարբերականությամբ մշակում են միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված գործողություններն ամփոփող ու դրանց արդյունավետությունը գնահատող զեկույցներ (հաշվետվություններ):

6.2.2. Զեկույցը մշակվում է շահագրգիռ մարմինների միջև համագործակցությամբ և ներառում է Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված միջոցառումների լուսաբանումը, դրանց գործնական կիրառման արդյունքները, ծագած խնդիրները, ինչպես նաև կարող է պարունակել հիմնախնդիրների լուծման նոր առաջարկներ:

6.2.3. Հայաստանի Հանրապետությունում Կոնվենցիայի իրագործման վերաբերյալ զեկույցները (հաշվետվությունները) մշակվում են կիսամյակային պարբերականությանը` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 24-ի N 308-Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կարգով:

6.2.4. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից նշանակվում են փորձագետների կոմիտեներ, որոնք պատասխանատու են Կոնվենցիայի իրագործմանը հետևելու համար: Կոնվենցիայի ընթացիկ և կատարված աշխատանքների մասին փորձագետների կոմիտեների զեկույցները Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը փոխանցում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին:

 

7. Միջազգային համագործակցությանը.

 

7.1. Միջազգային համագործակցության շրջանակներում լանդշաֆտի հայեցակարգի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, տեսական, մեթոդոլոգիական և էմպիրիկ գաղափարների շրջանառությունը կարևոր նշանակություն ունի Կոնվենցիայի իրագործման արդյունավետությունը երաշխավորելու և դրա նպատակներին հասնելու հարցում:

7.2. Համագործակցությունն իրականացվում է Կոնվենցիայի դրույթների շրջանակներում ընդգրկված բոլոր խնդիրների շուրջ` միջազգային միջոցառումներին ու ծրագրերին աջակցելու ու լանդշաֆտների հետ կապված քննարկումներին մասնակցելու, միմյանց տեխնիկական և գիտական աջակցություն ցուցաբերելու, գիտահետազոտական ծրագրերի ու փորձի, ինչպես նաև ուսուցման և տեղեկատվության նպատակով լանդշաֆտի մասնագետների փոխանակման միջոցով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.11.2011
N 45
Արձանագրային որոշում