Սեղմել Esc փակելու համար:
2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՎՏՈՄԱ ...

 

 

020.1002.021211

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 2 դեկտեմբերի 2011թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2001 թվականի նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում ստորագրված` «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի վերահսկիչ մարմինների և տվյալների անդրսահմանային հոսքերի վերաբերյալ լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 08.11.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով լրացուցիչ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

i

1. «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) վերահսկիչ մարմինների և տվյալների անդրսահմանային հոսքերի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2001 թվականի նոյեմբերի 8-ին` Ստրասբուրգում:

2. Արձանագրության նպատակն է սահմանել վերահսկիչ մարմիններ, որոնք պետք է իրենց իրավասության շրջանակներում քննեն ցանկացած անձի կողմից ներկայացված` անձնական տվյալների մշակման մասով իր իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վերաբերյալ պահանջները:

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, պարտավորվում է.

. սահմանել մեկ կամ մի քանի իրավասու մարմիններ, որը կամ որոնք պատասխանատու կլինի կամ կլինեն ներպետական իրավունքում միջոցների համապատասխանությունն ապահովելու համար` կիրառելով Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ գլուխներում և սույն Արձանագրությունում ամրագրված սկզբունքները (հոդվ. 1, կետ 1),

. ապահովել, որ նշված մարմիններն ունենան հետաքննության, միջամտության լիազորություններ, ինչպես նաև դատական վարույթներում ընդգրկվելու լիազորություն կամ իրավասու դատական մարմինների ուշադրությունը հրավիրելու ներպետական իրավունքի դրույթների խախտումների վրա` կիրառելով սույն Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին պարբերությունում նշված սկզբունքները (հոդվ. 1, կետ 2, ենթակետ «ա»),

. ապահովել, որ վերահսկիչ մարմիններն ունենան իրենց իրավասության շրջանակներում ցանկացած անձի կողմից ներկայացված` անձնական տվյալների մշակման մասով իր իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վերաբերյալ պահանջների քննության իրավասություն (հոդվ. 1, կետ 2, ենթակետ «բ»),

. երաշխավորել, որ վերահսկիչ մարմիններն իրենց գործառույթները կիրականացնեն լիովին անկախ (հոդվ. 1, կետ 3),

. երաշխավորել, որ վերահսկիչ մարմինների բողոքներ առաջացնող որոշումները բողոքարկվեն դատական կարգով (հոդվ. 1, կետ 4),

. ապահովել, որպեսզի վերահսկիչ մարմինները, Կոնվենցիայի 4-րդ գլխի դրույթների համաձայն և չխախտելով 13-րդ հոդվածի դրույթները, համագործակցեն միմյանց հետ, իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ սահմաններում, մասնավորապես` փոխանակելով ամբողջ օգտակար տեղեկատվությունը (հոդվ. 1, կետ 5),

. ապահովել անձնական տվյալների փոխանցումը Կոնվենցիայի Կողմ չհանդիսացող պետության կամ կազմակերպության իրավազորության ներքո գտնվող ստացողին, միայն եթե պետությունը կամ կազմակերպությունն ապահովում է նախատեսված տվյալների փոխանցման համարժեք պաշտպանության մակարդակ (հոդվ. 2, կետ 1),

. Արձանագրության 1-ին և 2-րդ հոդվածների դրույթները համարել Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և համապատասխանաբար կիրառել Կոնվենցիայի բոլոր դրույթները (հոդվ. 3, կետ 1):

4. Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2004թ. հուլիսի 1-ին: 2011թ. հոկտեմբերի 17-ի դրությամբ Արձանագրությունն ստորագրել է 42 պետություն, ուժի մեջ է մտել 31 պետության համար: Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիան ստորագրող պետությունների համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2001 թվականի նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում ստորագրված` «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի վերահսկիչ մարմինների և տվյալների անդրսահմանային հոսքերի վերաբերյալ լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

2 դեկտեմբերի 2011 թվականի

ՍԴՈ-1002

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
02.12.2011
N ՍԴՈ-1002
Որոշում