Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀՀ ՍՆՆԴԱՄԹԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

17 նոյեմբերի 2011 թվականի N 45

 

23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

1. Հավանության տալ`

1) Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությանը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թ. նոյեմբերի 17-ի նիստի

N 45 արձանագրային որոշման

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

2011 Թ., ԵՐԵՎԱՆ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

    I.    ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

II.   ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ III. ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ IV.  ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

    V.    ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

          ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

VI.   ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

VII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

VIII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ, ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Սույն ռազմավարությամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման հիմնական ուղղությունները` ելնելով միջազգային, մասնավորապես Եվրամիության անդամ պետությունների լավագույն փորձից:

Վերջին տարիներին սննդամթերքի անվտանգության բնագավառում սպառողների կյանքի և առողջության համար կատարվել են նաև իրավական համակարգի զարգացման դրական տեղաշարժեր: Մասնավորապես, ընդունվել են «Սննդամթերքի անվտանգության մասին», «Անասնակերի մասին», «Անասնաբուժության մասին», «Բուսասանիտարիայի մասին» նոր Հայաստանի Հանրապետության օրենքներ ու դրանց կիրարկումն ապահովող բազմաթիվ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Հետևողականորեն բարելավվում է ինստիտուցիոնալ կառույցների գործունեությունը, քայլեր են արվում ռիսկերի գնահատման վրա հիմնված տեսչական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Տարեցտարի աճում է տնտեսավարող սուբյեկտների պատասխանատվությունն արտադրական գործընթացներում անվտանգ սննդամթերքի արտադրության համար տեխնոլոգիական պահանջների կատարման, ինչպես նաև խորանում և ընդլայնվում է հանրության մասնակցությունը սննդամթերքի անվտանգության նկատմամբ մոնիթորինգի իրականացման գործընթացներում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության համակարգը դեռևս լիարժեք չի երաշխավորում սպառողների առողջության համար սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելումը և այդ առումով առկա են մի շարք լուծում պահանջող հիմնահարցեր, ուստի անհրաժեշտություն է առաջանում մշակել և իրականացնել այդ բնագավառը կարգավորող համապատասխան միասնական քաղաքականություն:

Սույն ռազմավարության իրականացումը նպատակաուղղված է նաև տեղական արտադրության սննդամթերքի մրցունակության բարձրացմանը` արտաքին և ներքին շուկաներում, որի իրագործմամբ նախադրյալներ կստեղծվեն Եվրամիության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար:

Աշխարհում ընթացող ներկա գլոբալիզացիայի անշրջելի գործընթացի համատեքստում սույն ռազմավարության տեսլականն է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պահանջներին համապատասխանող սննդամթերքի անվտանգության համակարգի ձևավորումը:

Սույն ռազմավարությունը բխում է Առևտրի Համաշխարհային Կազմակերպության` (ԱՀԿ) «Սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառման» մասին համաձայնագրի, Եվրոմիություն-Հայաստան գործընկերության և համագործակցության համաձայնագրի` (ԳՀՀ), Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ընդունված գործողությունների ծրագրի, Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունված մի շարք ուղենիշային, ռազմավարական իրավական ակտերի պահանջներից:

Հաշվի առնելով, որ Եվրամիության պահանջներին համապատասխանող սննդամթերքի անվտանգության համակարգի ներդրումը բարդ, գիտական, ծախսատար, աշխատատար և ժամանակատար գործընթաց է, ուստի ակնկալվում է, որ այն իրականացվելու է բոլոր շահագրգիռ պետական և ոչ պետական կողմերի արդյունավետ համագործակցության, ինչպես նաև դոնոր-հանրության աջակցության շնորհիվ` ֆինանսավորման տարբեր աղբյուրներից պահանջվող դրամական միջոցների ներգրավմամբ:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սպառողների առողջության համար սննդամթերքի անվտանգության, սանիտարական և բուսասանիտարական (այսուհետ` ՍԲՍ) բնագավառներում առաջընթացի ապահովումը Հայաստանի Հանրապետության տնտեսության ագրարային հատվածում իրականացվող քաղաքականության գերակայություններից է:

2. Սպառողների համար սննդամթերքի անվտանգությունը, վերջինիս ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովման հետ մեկտեղ, երկրի պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է և հանդիսանում է ազգային (տնտեսական) անվտանգության տարրերից մեկը: Այդ մոտեցումն ամրագրված է դեռևս 2002 թվականին ընդունված «Պարենային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Մարդու օրգանիզմի ֆիզիկական և մտավոր զարգացումը, նյութափոխանակության բնականոն ընթացքը, իմունային, հորմոնային, ֆերմենտային և այլ համակարգերի նորմալ գործունեությունը, գենոֆոնդի պահպանումը հնարավոր են միայն լիարժեք, հաշվեկշռված սնուցման, ինչպես նաև սպառվող սննդատեսակների անվտանգության ապահովման պայմաններում:

4. Սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորվում է «Սննդամթերքի անվտանգության մասին», «Անասնաբուժության մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Անասնակերի մասին», «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Ստանդարտացման մասին», «Համապատասխանության գնահատման մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, ինչպես նաև մի շարք այլ օրենքներով և շուրջ թվով 100 ենթաօրենսդրական իրավական ակտերով: Այնուամենայնիվ, սննդամթերքի անվտանգության բնագավառի ազգային օրենսդրությունը վերանայման և կատարելագործման կարիք ունի` այն աստիճանաբար համապատասխանեցնելով միջազգային, մասնավորապես Եվրամիության չափանիշներին:

5. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում տրված են հատուկ նշանակության սննդամթերքի և սննդային արժեքի սահմանումները: ՀՀ օրենսդրությունը չի կարգավորում հատուկ նշանակության սննդամթերքի հաշվեկշռված սնուցման հարցերը, ինչպես նաև ամբողջությամբ չեն կանոնակարգվում դրանց վերահսկողության լիազորությունները: Այդ պատճառով տուժել է նաև նախադպրոցական կազմակերպություններում երեխաների սննդի լիարժեքության, սննդակարգի, ինչպես նաև անհրաժեշտ միկրոտարրերի քանակի ապահովման նկատմամբ վերահսկողությունը, ինչը խիստ կարևոր է երեխաների առողջ աճի և զարգացման համար:

6. Արտերկրից սննդամթերքի ներքին շուկա մուտք գործելու մատչելիության ապահովման` սակագնային կարգավորման տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը դասվում է ամենաազատական` բաց շուկաներ ունեցող երկրների շարքին: ԱՀԿ-ին 6 տարի անդամակցության գործընթացում Հայաստանի Հանրապետության սանիտարական և բուսասանիտարական համակարգը ընդհանուր առմամբ գնահատվել է դրական:

7. Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում Հայաստանի Հանրապետությունն առաջնային գործընկեր երկրներից է: Եվրամիությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել են 2009-2011 թվականների գործողությունների համատեղ ծրագիր, որը հիմնված է դեռևս 1996 թվականին ընդունված և 1999 թվականին վավերացված ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրի (ԳՀՀ) դրույթների և 2006 թվականի նոյեմբերին վավերացված Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) գործողությունների ծրագրի վրա:

8. Սննդամթերքի անվտանգությունն ապահովվում է բուսական և կենդանական ծագման գյուղատնտեսական մթերքի և հումքի ապրանքային շարժի` սննդի շղթայի բոլոր փուլերում, ինչպես նաև շրջանառության միջանկյալ գործառնությունների (տեսակավորում, բեռնում, բեռնաթափում, փաթեթավորում, դրոշմավորում, առաքում և այլն) ընթացքում:

9. ՍԲՍ համակարգը Եվրամիության չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ ձեռնարկված գործնական նախաձեռնություններից է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 26-ի N 11 արձանագրային որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Համայնքի ու դրա անդամ-պետությունների միջև կնքված Գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման» Ազգային ծրագիրը: Նշված ծրագիրը ներառել է ՍԲՍ բնագավառի օրենսդրության կատարելագործման, ինստիտուցիոնալ կառույցների ամրապնդման, խորհրդատվության տրամադրման և կադրերի ուսուցման միջոցառումները` 2005-2008 թվականների կտրվածքով:

 

III. ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

10. Երկրի պարենային անվտանգության` մասնավորապես սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացման տեսանկյունից առանձնակի կարևորվում է երկրի մակրոտնտեսական վիճակի կայունությունը և տնտեսության ագրարային հատվածում հետագա առաջընթացի ապահովումը:

11. Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության տնտեսությունում, ընդհանուր առմամբ, դրսևորվել են աճի և զարգացման միտումներ: 1995-2008 թվականներին տնտեսական տարեկան միջին աճը կազմել է 9 տոկոս, ընդ որում 2001-2007 թվականներին տարեկան միջին աճը կազմել է 12.6 տոկոս: Նույն ժամանակահատվածում զգալի տեմպերով ավելացել է նաև 1 շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը (այսուհետ` ՀՆԱ), որը 2001 թվականին կազմել է 659.1 ԱՄՆ դոլար, իսկ 2008-ին` 3605.8 ԱՄՆ դոլար: Սակայն իրավիճակը փոխվեց 2009 թվականին համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով: Ի տարբերություն նախորդ տարիների երկնիշ աճի, 2008 թվականին Հայաստանի Հանրապետության տնտեսական աճը կազմեց 6.9 տոկոս, 2009 թվականին անկումը կազմեց 14.2 տոկոս, իսկ 2010 թվականի արդյունքներով աճը կազմեց ընդամենը 2.6 տոկոս:

12. Արտաքին առևտրի ընդհանուր ծավալները Հայաստանի Հանրապետությունում 2010 թվականին կազմել են ՀՆԱ-ի 51.0 տոկոսը (4.8 մլրդ ԱՄՆ դոլար): 2010 թվականին ապրանքաշրջանառության շուրջ 21 տոկոսը բաժին է ընկել արտահանման գործարքներին, իսկ մնացածը` ներմուծմանը:

13. 2010 թվականի ընթացքում իրականացված բյուջետային քաղաքականության մոտեցումը եղել է բազմակողմ և միաժամանակ հավասարակշռված, մի կողմից նպատակ է դրվել չհակազդել տնտեսական վերականգնմանը, մյուս կողմից` մեղմել գնաճային ռիսկերը` զուգահեռաբար ապահովելով արդյունավետ պարտքի կառավարում և պակասորդի աստիճանական կրճատում:

Հայաստանի Հանրապետության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները արտահայտված են աղյուսակում (տես Աղյուսակ 1, 2008-2010 թվականները փաստացի, 2011 թվականը` կանխատեսում):

 

Աղյուսակ 1.

 

ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները

 

._____________________________________________________________________.

|                                     |2008 թ.|2009 թ.|2010 թ.|2011 թ.|

|                                     |_______________________|_______|

|                                     |փաստացի                |բյուջե-|

|                                     |                       |տային  |

|                                     |                       |ծրագիր |

|_____________________________________|_______________________|_______|

|Անվանական ՀՆԱ, մլրդ դրամ             | 3568.2| 3102.8| 3509.6| 3763.5|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|ՀՆԱ-ի իրական աճ, %                   |    6.9| - 14.2|    2.6|    4.6|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Անվանական ՀՆԱ, մլն ԱՄՆ դոլար         |  11662| 8541.1| 9392.6|10513.2|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|ՀՆԱ-ի դեֆլատոր, %                    |    5.9|    1.3|   10.2|    3.6|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Սղաճ (ժ-շրջ-ի վերջ), %               |    5.2|    6.5|    9.4|    4.0|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Սղաճ (միջին), %                      |    9.0|   3.4 |    8.2|   -   |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Փոխարժեք (ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար, միջին)  |  306.0| 363.3 |  373.7| 357.98|

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Պետական բյուջեի ընդամենը եկամուտներ, |  785.4| 689.9 |  779.5| 852.4 |

|մլրդ դրամ                            |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Պետական բյուջեի ընդամենը             |   22.0|  22.2 |   22.2|  22.6 |

|եկամուտներ/ՀՆԱ, %                    |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Պետական բյուջեի ընդամենը հարկային    |   17.4|  16.8 |   16.9|  17.3 |

|եկամուտներ/ՀՆԱ %                     |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Պետական բյուջեի ընդամենը ծախսեր,     |  810.6|  929.1|  954.3| 1001  |

|մլրդ դրամ                            |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Պետական բյուջեի ընդամենը ծախսեր/     |   22.7|   29.9|   27.2|  26.6 |

|ՀՆԱ, %                               |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Պետական բյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ, %       |    0.7|    7.7|    5.0|   3.9 |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Ապրանքային հաշվեկշիռ *, մլն ԱՄՆ      |-2664.0|-2081.1|-2144.5|-2275.0|

|դոլար                                |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Ապրանքների ներմուծում *, մլն ԱՄՆ     | 3776.0| 2830.0| 3210.9| 3414.0|

|դոլար                                |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Ապրանքների և  ծառայությունների       |  -40.7|  -43.2|  -44.3|  -47.6|

|ներմուծում/ՀՆԱ *, %                  |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Ապրանքների արտահանում *, մլն ԱՄՆ     | 1112.0|  748.9| 1066.4| 1139.0|

|դոլար                                |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Ապրանքների և  ծառայությունների       |   15.1|   15.7|   18.7|   20.4|

|արտահանում/ՀՆԱ *, %                  |       |       |       |       |

|_____________________________________|_______|_______|_______|_______|

|Ընթացիկ հաշիվ/ՀՆԱ (ներառյալ          |   11.8|  -16.0|  -13.9|  -13.1|

|պաշտոնական տրանսֆերտները) *, %       |       |       |       |       |

._____________________________________________________________________.

_____________________________

* 2010 թ. վճարային հաշվեկշռի տվյալները ՀՀ Ֆինանսների նախարարության

գնահատականներն են:

 

14. Ագրոպարենային համակարգը Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկն է, որը վերջին հինգ տարիների տվյալներով ապահովել է երկրի համախառն ներքին արդյունքի 21.7 տոկոսը, այդ թվում գյուղատնտեսությունը` 17.4 տոկոսը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության ծրագրով գյուղատնտեսության ոլորտը դասվում է պետական ծախսային քաղաքականության գերակայությունների շարքին:

15. Ներկայումս ագրոպարենային ոլորտում ձևավորվել է շուկայական հարաբերություններով կարգավորվող ազատ տնտեսական համակարգ, որը ներառում է բազմահազար գյուղացիական տնտեսություններ, գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններ, գյուղատնտեսության սպասարկման, գյուղմթերքի իրացման ու վերամշակման մասնավոր ընկերություններ:

16. Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելի քան 98 տոկոսը արտադրվում է մասնավոր հատվածի կողմից, ընդ որում 2010 թվականի տվյալներով համախառն արտադրանքի ավելի քան 61.6 տոկոսը բաժին է ընկել բուսաբուծությանը, իսկ շուրջ 38.4 տոկոսը` անասնաբուծությանը:

17. Հայաստանի Հանրապետության ագրոպարենային համակարգի զարգացման իրատեսական գնահատմամբ գյուղատնտեսության ոլորտում առկա է ինտենսիվ և էքստենսիվ զարգացման զգալի չօգտագործված ներուժ: Ներկայումս տեղական արտադրության հաշվին, էներգետիկ արժեքով հաշվարկված, բավարարվում է կենսապես կարևորագույն սննդամթերքի նկատմամբ պահանջարկի շուրջ 60 տոկոսը (2009 թ. տվյալներ): Սակայն երկրի բնատնտեսական ներուժը մոտակա ժամանակահատվածում հնարավորություն է ընձեռում ավելացնել ինքնաբավության մակարդակը ևս 15-20 տոկոսով:

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1476-Ն որոշումը: Նշված ռազմավարության իրականացումից ակնկալվում են հատկապես հետևյալ հիմնական արդյունքները`

1) 2020 թվականին գյուղատնտեսական արտադրության ծավալը 2007-2009 թվականների միջին մակարդակը կգերազանցի շուրջ 46 տոկոսով.

2) գյուղատնտեսության մեջ զբաղվածների թվաքանակը կդրսևորի կրճատման միտում (2020 թվականին կկազմի 420 հազ. զբաղված, ներկայիս 493.0 հազ. զբաղվածի դիմաց) և համախառն արտադրանքի ավելացումը կապահովվի աշխատանքի արտադրողականության ավելացման հաշվին.

3) գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակը 2020 թվականին կհասնի մինչև 75 տոկոս, որը հնարավորություն կտա էականորեն ավելացնել գյուղացիական տնտեսությունների դրամական հոսքերը և վերարտադրողական կարողությունները.

4) 2020 թվականին ցանքային տարածքը կհասցվի 421.0 հազ. հա, որը կգերազանցի 2007-2009 թվականների մակարդակը շուրջ 39.0 տոկոսով: Նույն ժամանակահատվածում կերային մշակաբույսերի տարածությունը կհասցվի 155.0 հազ., իսկ բազմամյա տնկարկներինը` 86.2 հազ. հա: Այսինքն` 2007-2009 թվականների մակարդակը կգերազանցվի համապատասխանաբար 2.4 և 1.6 անգամ.

5) դրական տեղաշարժեր կլինեն բուսաբուծության և անասնապահության ներճյուղային կառուցվածքում` կավելանա պտղի, խաղողի, կարտոֆիլի, բանջարեղենի, կերային և տեխնիկական մշակաբույսերի համախառն արտադրությունը: Անասնապահության մեջ նկատելիորեն կավելանա ոչխարաբուծությունից և թռչնաբուծությունից ստացվող մթերքների տեսակարար կշիռը.

6) բարձր բերքատու սորտերի շրջանացման և մշակության տեխնոլոգիաների արդիականացման շնորհիվ կանխատեսվող ժամանակահատվածի վերջում` 2007-2009 թվականների համեմատությամբ հացահատիկային մշակաբույսերի, կարտոֆիլի, բանջարեղենի բերքատվությունը կաճի համապատասխանաբար` 44.6; 34.8 և 34.2 տոկոսով, իսկ պտղի և խաղողի բերքատվությունը` 36.7 և 12.5 տոկոսով.

7) տոհմային գործի զարգացման, կերակրման և պահվածքի բարելավման շնորհիվ 2020 թվականին կովի կաթնատվության միջին մակարդակը կհասցվի տարեկան 2480 կիլոգրամի.

8) պարենի և գյուղատնտեսական հումքի արտահանման ծավալները կավելանան 3.5 անգամ.

9) կբարձրանա հանրապետության բնակչության պարենային անվտանգության մակարդակը, զգալիորեն կավելանա կարևորագույն պարենամթերքների տեղական արտադրության հա շվին ապահովվածությունը, կավելանան գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտները:

Վերը նշված ռազմավարությամբ սահմանված են նաև վերջինիս իրականացման (կառավարման) մեխանիզմները և մոնիթորինգի ցուցանիշները` արտադրություն-վերամշակում-իրացում սննդամթերքի ապրանքային շարժի շղթայում:

19. Կարտոֆիլի, պտղի, բանջարեղենի, խաղողի, թռչնի ձվի նկատմամբ բնակչության պահանջարկը ամբողջությամբ բավարարվում է տեղական արտադրության հաշվին, սակայն ցորենի, շաքարի, բուսական յուղի, տավարի և հավի մսի պահանջարկը հիմնականում բավարարվում է ներմուծման հաշվին: Որակական և համային բարձր ցուցանիշների շնորհիվ ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված տեսքով հայրենական սննդամթերքը մրցունակ է արտաքին շուկաներում:

20. Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում են խաղող վերամշակող շուրջ 50, պտուղբանջարեղեն վերամշակող ավելի քան 30, կաթ վերամշակող 284 (ներառյալ կաթի ընդունման կետերը), միս վերամշակող 80, ալրաղաց շուրջ 60, ինչպես նաև ավելի քան 750 հացաբուլկեղեն արտադրող ընկերություններ:

21. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունը հետայսու շարունակելու է մասնագիտացումը թարմ մրգի, խաղողի, հացահատիկի, կարտոֆիլի ու դրանց վերամշակումից ստացվող բազմաթիվ արտադրատեսակների, ինչպես նաև մսամթերքի և կաթնամթերքի լայն տեսականու արտադրության ուղղությամբ: Ընդ որում, նախորդ տարում կազմակերպվել է շաքարի (շաքարավազի) տեղական արտադրություն, որը ապահովելու է այդ կարևորագույն սննդատեսակի պահանջարկի ամբողջական բավարարումը` ներքին շուկայում, ինչպես նաև հնարավորություն է ընձեռելու արտերկիր արտահանել տարեկան շուրջ 100-120 հազար տոննա արտադրանք:

22. Ըստ հաշվարկների, ներմուծվող կենսապես կարևորագույն սննդամթերքի մաքսատուրքի միջին դրույքաչափը կազմում է շուրջ 5 տոկոս, ինչը բխում է սպառողների շահերից, սակայն չի ապահովում ներքին շուկայի բավարար չափով պաշտպանությունը (Հայաստանի Հանրապետությունում փաստացի կիրառվում է միայն 0-ական կամ 10 տոկոսանոց մաքսային դրույքաչափ): Միջպետական առևտրի ազատականացումը, փաստացի երաշխավորում է սննդամթերքի ֆիզիկական մատչելիությունը, բացառությամբ արտակարգ իրավիճակներում մատակարարումների խաթարման դեպքերի:

23. Արտաքին առևտրի ապրանքային կառուցվածքում գյուղատնտեսական ծագման արտադրանքի արտահանման տեսակարար կշիռը 2009 թվականին կազմել է 19.0, իսկ 2010 թվականին` 16.9 տոկոս: Ներմուծման տեսակարար կշիռը նույն տարեթվերին կազմել է համապատասխանաբար` 18.4 և 17.9 տոկոս: Արտահանման գյուղատնտեսական ծագման արտադրանքի կեսից ավելին` 60 տոկոսը, բաժին է ընկնում կոնյակին, հետևաբար` առաջանում է արտահանման դիվերսիֆիկացման խնդիր: Գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների ավելացումը, առևտրային հաշվեկշռի և կառուցվածքի բարելավումը դասվում են ռազմավարական հիմնախնդիրների շարքին:

24. Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության վարած արդյունավետ մակրոտնտեսական և ներդրումային քաղաքականության արդյունքում օտարերկրյա ներդրողների կողմից իրական հատվածում իրականացված ներդրումների` առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացված վարկերի, շարժընթացը (դինամիկան) արտահայտված է աղյուսակում (տես Աղյուսակ 2):

 

Աղյուսակ 2.

 

Հայաստանի Հանրապետության իրական հատվածում օտարերկրյա ներդրողների

(առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացված վարկերի)

հոսքերի շարժընթացը 2000-2010 թվականներին

 

(մլն ԱՄՆ դոլար)

.____________________________________________________________________

|           |2000թ.|2001թ.|2002թ.|2003թ.|2004թ.|2005թ.|2006թ.|2007թ.|

|           |      |      |      |      |      |      |      |      |

|           |      |      |      |      |      |      |      |      |

|___________|______|______|______|______|______|______|______|______|

|Ընդհանուր  | 190.1| 122.5| 217.5| 229.6| 305.6| 431.2| 601.0| 845.4|

|ներդրումներ|      |      |      |      |      |      |      |      |

|___________|______|______|______|______|______|______|______|______|

|ՈՒղղակի    | 120.1|  75.9| 141.0| 153.5| 226.7| 275.3| 407.6| 582.3|

|ներդրումներ|      |      |      |      |      |      |      |      |

.____________________________________________________________________

.____________ __________________________________.

|           | |2008թ.|2009թ.|2009թ.   |2010թ.   |

|           | |      |      |Հունվար, |Հունվար, |

|           | |      |      |սեպտեմբեր|սեպտեմբեր|

|___________| |______|______|_________|_________|

|Ընդհանուր  | |1257.6| 935.5|    522.0|    472.2|

|ներդրումներ| |      |      |         |         |

|___________| |______|______|_________|_________|

|ՈՒղղակի    | |1001.0| 732.1|    384.3|    348.7|

|ներդրումներ| |      |      |         |         |

.____________ __________________________________.

 

25. Ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման հիմնական նպատակը ներդրումների ներգրավման միջոցով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավումն է: Այդ նպատակին հասնելու համար քաղաքականությունը նպատակաուղղվելու է`

1) գործարար նախաձեռնությունների խրախուսմանը և գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ մրցակցային միջավայրի ձևավորմանը.

2) ներդրումների, այդ թվում օտարերկրյա ուղղակի ներդրումների, գրավչության խթանմանը.

3) Հայաստանի Հանրապետության տարածաշրջանների տնտեսական ներգրավման բարձրացմանը և համաչափ զարգացմանը.

4) ընկերությունների գրանցման և լուծարման գործընթացների պարզեցմանը.

5) հարկային և մաքսային վարչարարության թափանցիկության և անկողմնակալության ապահովմանը, ռիսկերի գնահատման համակարգերի ձևավորմանը, հաշվետվողականության պարզեցմանն ու կրճատմանը և զեկուցման էլեկտրոնային համակարգի ներդրմանը.

6) պահանջների պարզեցմանը, շինարարության թույլտվությունների քանակի նվազեցմանը.

7) աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության բարելավմանը.

8) բաժնետերերի շահերի պաշտպանության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, մասնավորապես` կորպորատիվ կառավարման մշակույթի ձևավորմանը.

9) դատական համակարգի բարելավմանը, իրավական պրակտիկաների կիրառման համար պահանջվող ժամանակի նվազեցմանը.

10) վարկային միջոցների հասանելիության ապահովմանը և անշարժ գույքի գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրմանը.

11) վարչարարության բեռի նվազեցմանը (օպտիմալացմանը):

26. Իրականացվող տնտեսական քաղաքականության շնորհիվ փոքր և միջին ձեռնարկատիրությունը (այսուհետ` ՓՄՁ) հանդիսանում է երկրի դինամիկ զարգացող ոլորտներից մեկը: Նշվածի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական արտադրությունում գործում են հետսեփականաշնորհման ժամանակահատվածում ձևավորված շուրջ 340.0 հազար գյուղացիական ֆերմերային տնտեսություններ, որոնցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում ընդամենը 1.4 հա գյուղատնտեսական հողատեսքեր, այդ թվում` 1.1 հա վարելահողեր, ինչը սահմանափակում է գյուղատնտեսությունում տնտեսավարողների վերարտադրողական կարողությունները: Բացի այդ, յուրաքանչյուր տնտեսությանը բաժին է ընկնում շուրջ 4 մասնատված հողակտոր, իսկ գյուղատնտեսական արտադրությունը փաստացի իրականացվում է ավելի քան 1200,0 հազար հողակտորի վրա: Ելնելով գյուղատնտեսական արտադրության վերը նշված պայմաններից ու առանձնահատկություններից` ՍԲՍ բնագավառը կարգավորող օրենսդրության կատարելագործումը և ինստիտուցիոնալ բարեփոխումներն իրականացվելու են տարբերակված` հաշվի առնելով ՓՄՁ ոլորտի վրա (այդ թվում` գյուղացիական տնտեսությունների) ազդեցության գնահատման արդյունքները, բարեփոխումների բացասական ներգործությունը հնարավորինս բացառելու (մեղմելու) նպատակով: Ազդեցության գնահատականն իրականացվելու է` ելնելով Եվրամիության լավագույն փորձից:

27. Ընտրվել են Եվրամիություն հեռանկարային արտահանման մի քանի ոլորտներ` հիմնված ոլորտային վերլուծության և սննդի շղթայի մասնակիցների հետ սերտ համագործակցության վրա: Դրանք վայրի ձուկ և ձկնամթերք, մեղր, թարմ և վերամշակված միրգ, մասնավորապես հատապտուղ, բանջարեղեն, հյութեր, կոնյակ և օրգանական գյուղատնտեսության արտադրանքի որոշ տեսակներ: Եվրամիության օրենսդրության հիմնական սկզբունքներին և դրույթներին մոտարկումը հնարավորություն է տալու առաջնային համարվող սննդամթերքի տեղական արտադրողներին մուտք գործելու եվրոպական շուկաներ, ինչն էլ իր հերթին խթանելու է սննդի արտահանումից ստացվող եկամուտների աճը: Այս ապրանքատեսակներին վերաբերող ուղղահայաց օրենսդրության մոտարկումը առաջնային է:

28. Հայաստանի Հանրապետությունում վայրի ձկան և ձկնամթերքի արտադրության ներուժը ներկայումս լիովին չի շահագործվում: Արդյունահանվում են խեցգետինը, ծիածանափայլ, շագանակագույն իշխանը և թառափ: Խեցգետինը որսում են Սևանա լճից, մյուս ձկնատեսակները աճեցվում են արհեստականորեն:

Ձկնամթերքի տարեկան արտադրությունը 2008 թվականին կազմել է 5701.1 տոննա, որն ամբողջությամբ իրացվել է: 2009 թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 5616.9 տոննա, իսկ 2010-ին` 5215.70 տոննա, որը նույնպես իրացվել է ամբողջությամբ: Արտադրության ծավալների նվազումը պայմանավորված է առկա սահմանափակված շուկայով, քանի որ Հայաստանի Հանրապետության տնտեսական շուկան ներկայումս բավականին փոքր է, և արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստան: Երբ արտադրողները կարողանան համապատասխանեցնել իրենց արտադրանքը սննդամթերքի անվտանգության ստանդարտներին, այդ ժամանակ նրանք կարող են զարգացնել արտահանման ներուժը արդյունավետ կերպով: Հաշվարկված է, որ 3 տարիների ընթացքում ձկնամթերքի արտադրության ծավալը կարող է աճել 4-5 անգամ` հասնելով տարեկան 20-25 հազ. տոննայի, որի 50 տոկոսը կարող է արտահանվել եվրոպական շուկա:

Ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական տվյալների` ընդհանուր արտահանված կենդանիների և կենդանական ծագման արտադրանքից ձկան, խեցգետնի և ձկնաբուծության այլ տեսակների արտահանումը 2008-2010 թվականներին 36,9 տոկոսից աճել է մինչև 53 տոկոս: 2008-2010 թվականներին արտահանված այս արտադրանքի արժեքը կազմել է միջինը 5307.8 հազար ԱՄՆ դոլար: Հայաստանի Հանրապետությունում առկա 250 ձկնարդյունաբերական ձեռնարկությունների 85-90 տոկոսը փոքր և միջին են, որոնք կարող են էական օգուտ ունենալ արտաքին, հատկապես եվրոպական շուկաներ մուտք գործելուց:

Սպասելի են բազմաթիվ փոփոխություններ և խնդիրներ` այն է սեփական անվտանգության և հիգիենայի պայմանների համակարգի ներդրում արտադրողների կողմից, մնացորդների մոնիթորինգի և կենդանիների առողջության վերահսկման համակարգի ներդրում ձկնաբուծարաններում` համաձայն պետական ռազմավարության և այլն, որոնց լուծումը ձկնարդյունաբերությունը մոտարկման Եվրոմիության ստանդարտների համակարգի արդյունքում պետք է իրականացնի, իսկ առաջարկված փոփոխությունների արդյունքը կլինի անվտանգ և մաքուր սննդի առկայությունը:

29. Մեղվաբուծությամբ զբաղվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Մեղրը օգտագործվում է որպես սնունդ, ինչպես նաև լայն կիրառում է գտել ավանդական բժշկության մեջ` հիմնվելով բժշկական փորձարկումների վրա: Մեղվաբուծությունից ստացվում է նաև այլ արժեքավոր արտադրանքներ, ինչպես օրինակ` մեղվամոմ, պրոպոլիս, դեղամիջոցներ և մեղվի թույն:

Հայաստանի Հանրապետությունում մեղվաբուծության ներկա իրավիճակի ուսումնասիրությունը` մեղվաընտանիքների և մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսությունների քանակը, ինչպես նաև արտադրանքի տարեկան ծավալը և իրացված մեղրի ցուցանիշները բացահայտեցին Հայաստանի Հանրապետությունում մեղվաբուծության զարգացման և արտահանման հնարավորությունները: Մասնավորապես, ըստ մեղվաբույծների ասոցիացիայի տվյալների, մեղվաընտանիքների թիվը 2009 թվականին հասել է 1000-ի, այն դեպքում, երբ 2003 թվականին այն 171 էր:

2008-2010 թվականներին գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված մեղրի միջին քաշի 42,9 տոկոսը վաճառվել է, իսկ մնացածը տրվել է ապրանքափոխանակման կամ մատուցված ծառայությունների դիմաց, օգտագործվել կամ մնացել է տնտեսությունում (տես Աղյուսակ 3):

 

Աղյուսակ 3.

 

Մեղրի իրացումը գյուղացիական տնտեսությունների կողմից 2008-2010 թթ.

(արտադրության ծավալի նկատմամբ, %)

 

.____________________________________________________________.

|Տարեթիվը|Վաճառվել է|տրվել է |տրվել է  |օգտագործվել|մնացորդը |

|        |  %       |ապրանքա-|բնամթեր- |է տնտեսու- |տնտեսու- |

|        |          |փոխանակ-|քով      |թյունում,  |թյունում,|

|        |          |ման     |մատուցված|  %        |   %     |

|        |          |դիմաց,  |ծառայու- |           |         |

|        |          |%       |թյունների|           |         |

|        |          |        |դիմաց, % |           |         |

|________|__________|________|_________|___________|_________|

|2008    |  40.6    |   9.3  |   1.0   |     26.1  |   23.0  |

|________|__________|________|_________|___________|_________|

|2009    |  43.2    |   7.9  |   0.6   |     43.9  |    4.4  |

|________|__________|________|_________|___________|_________|

|2010    |  44.9    |   4.6  |   0.7   |     31.6  |   18.2  |

.____________________________________________________________.

 

Այսօր Հայաստանի Հանրապետությունում կան մոտ 5000 մեղվաբույծներ` 201580 մեղվաընտանիքներով: Մեղվաբուծական տնտեսությունների մեծամասնությունը փոքր և միջին չափի են, ունեն միջինը 30-50 փեթակ` յուրաքանչյուրը միջինը 8 կգ մեղր արտադրողականությամբ:

Զգալի ավելացել է մեղրի արտահանումը, եթե 2009 թվականին այն կազմում էր 3648,6 կգ, ապա 2010-ին` 12403,8 կգ: Մեղրի արտադրության ծավալների մեծացման և տնտեսություններում մեղրի մնացորդի նվազեցման նպատակով իրականացված մեղվաբուծական տնտեսությունների հնարավորությունների գնահատմամբ հաստատվել է, որ մեղվաբուծական տնտեսությունները պատրաստակամ են և ունեն հնարավորություններ մեղրի արտադրությունը 3-4 անգամ ավելացնելու:

Այդ պատճառով անհրաժեշտ է մեղրի արտադրության ոլորտի ՀՀ օրենսդրությունը և ստանդարտները մոտարկել ԵՄ օրենսդրությանը, ընդունել անհրաժեշտ իրավական ակտեր ու ստանդարտներ և սահմանել համապատասխան ընթացակարգեր, որպեսզի հնարավոր լինի մեղրի և մեղվաբուծական արտադրանքի արտահանումը ԵՄ անդամ երկրներ:

30. Այգեգործությունն ու բանջարաբուծությունը համարվում են հայկական գյուղատնտեսության առաջնային ենթաճյուղերից: ժամանակակից մշակման և փաթեթավորման տեխնոլոգիաների շնորհիվ հայկական մրգերի, մասնավորապես` ծիրանի, դեղձի, բալի, կեռասի, հատապտուղների ու բանջարեղենի համար ստեղծվում է հնարավորություն` հաջողությամբ մուտք գործելու միջազգային շուկա: Այս ոլորտը արտահանման միտում ունի. 2008-2010 թվականներին իրացվել է արտադրված մրգի և հատապտուղների միջին քաշի 41.3% տոկոսը (տես Աղյուսակ 4), իսկ բանջարանոցային մշակաբույսերի համար այդ ցուցանիշը կազմել է 67,8 տոկոս: 2009 թվականին արտահանվել է 1,9895.4 հազար ԱՄՆ դոլարի բուսական ծագման արտադրանք, ինչը կազմել է բուսաբուծության համախառն արտադրանքի 2.1 տոկոսը, իսկ 2010 թվականին բուսական ծագման արտադրանքի արտահանումը կազմել է բուսաբուծության ոլորտի համախառն արտադրանքի 1.5 տոկոսը (1,5845.0 ԱՄՆ դոլար), ինչը պայմանավորված էր բնակլիմայական անբարենպաստ պայմանների հետևանքով` ցածր բերքատվությամբ: 3-4 տարվա ընթացքում բուսական ծագման արտադրանքի, մասնավորապես` մրգի, հատապտուղների ու բանջարեղենի արտահանման ծավալները կարող են ավելանալ 3 անգամ և կազմել բուսաբուծության համախառն արտադրանքի 10-15 տոկոսը:

Միրգ ու բանջարեղեն արտադրող ֆերմերներն ու վերամշակող ընկերությունները անշուշտ կարող են օգուտ քաղել սննդամթերքի անվտանգության ստանդարտների կիրառման և համապատասխան ազգային օրենսդրության բարելավման ու դրանց` Եվրամիության պահանջներին համապատասխանեցման դեպքում: Բացի այդ, չրերի արտադրությունը համարվում է հայկական գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկը: Այն հիմնված է տեղական ավանդույթների վրա և իրականացվում է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերում: Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում են մրգի ու բանջարեղենի վերամշակման ավելի քան 30 ձեռնարկություններ: Նրանք բոլորն էլ ունեն արտադրության և վերամշակման ծավալները մեծացնելու բավականին մեծ ներուժ` Եվրամիության շուկա մուտք գործելու հնարավորության դեպքում: Հայաստանի Հանրապետությունը կարող է օգուտներ ստանալ նաև Եվրոպայում օրգանական գյուղատնտեսության արտադրանքի աճող պահանջարկից, ընդ որում, այդ ոլորտում վերջին տարիներին երկրում զգալի աճ է գրանցվել:

 

Աղյուսակ 4.

 

Պտղի և հատապտղի իրացումը գյուղացիական տնտեսությունների կողմից

2008-2010 թթ.

 

(արտադրության ծավալի նկատմամբ, %)

.____________________________________________________________.

|Տարեթիվը|Վաճառվել է|տրվել է |տրվել է  |օգտագործվել|մնացորդը |

|        |  %       |ապրանքա-|բնամթեր- |է տնտեսու- |տնտեսու- |

|        |          |փոխանակ-|քով      |թյունում,  |թյունում,|

|        |          |ման     |մատուցված|  %        |   %     |

|        |          |դիմաց,  |ծառայու- |           |         |

|        |          |%       |թյունների|           |         |

|        |          |        |դիմաց, % |           |         |

|________|__________|________|_________|___________|_________|

|2008    |  46.2    |   5.1  |   1.8   |    19.5   |  27.4   |

|________|__________|________|_________|___________|_________|

|2009    |  50.8    |   6.4  |   0.8   |    20.3   |  21.7   |

|________|__________|________|_________|___________|_________|

|2010    |  26.9    |   6.9  |   1.2   |    36.0   |  29.0   |

.____________________________________________________________.

 

31. Հետևաբար, Եվրամիության օրենսդրության հիմնական սկզբունքներին և դրույթներին մոտարկումը հնարավորություն է տալու տեղական արտադրողներին ունենալու անվտանգ և մաքուր սննդի արտադրություն, այսպիսով հնարավորություն ընձեռնելով նրանց մուտք գործել եվրոպական շուկաներ, ինչն էլ իր հերթին խթանելու է առաջնային համարվող արտադրանքների, ինչպես նաև մոտարկման արդյունքում գյուղատնտեսական արտադրանքի այլ տեսակների արտահանումից ստացվող եկամուտների աճը:

 

IV. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

 

32. Սննդամթերքի անվտանգության համակարգի բարեփոխումներն ընթանում են 2009 թվականի փետրվարի 16-19-ը Եվրոպական հանձնաժողովի փաստահավաք առաքելության ուսումնասիրությունների արդյունքներով բացահայտված բացթողումների աստիճանական վերացման ուղղությամբ: Նշված ուսումնասիրությունները հիմք են հանդիսացել նաև Եվրոպական խորհրդատվական խմբի աջակցությամբ սույն ռազմավարության մշակման համար:

33. Հայաստանի Հանրապետությունը 2003 թվականի փետրվարից անդամակցում է ԱՀԿ-ին և միացել է ԱՀԿ-ի համաձայնագրերին, մասնավորապես` «Սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառման մասին», «Մտավոր սեփականության պաշտպանության մասին», «Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին», «Գյուղատնտեսության մասին» համաձայնագրերին և, ընդհանուր առմամբ, համապատասխանեցրել է ազգային օրենսդրությունը նշված համաձայնագրերի պահանջներին:

34. Ներկայումս սննդամթերքի անվտանգության բնագավառում գործում են ազգային (ՀՍՏ), միջազգային (ԻՍՕ), եվրոպական (EN), միջպետական (ԳՈՍՏ) ստանդարտներ, որոնք սահմանում են բուսական և կենդանական ծագման սննդամթերքի արտադրության, պահման, փաթեթավորման, փոխադրման, մակնշման և ապրանքային շղթայի այլ փուլերում որակի և անվտանգության պահանջները, փորձարկման մեթոդները, ինչպես նաև այդ գործընթացներում սպառողներին մոլորության մեջ գցող գործոնների վերացման (ռիսկերի նվազեցման) համար անհրաժեշտ չափորոշիչները

35. ՍԲՍ բնագավառում իրականացվող գործնական բարեփոխումներից առանձնակի կարևորվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստեղծումը: Նշված ծառայության կարգավիճակի և կարևորության մասին վկայում է թերևս այն փաստը, որ ծառայության պետին և պետի տեղակալներին պաշտոնի նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, իսկ ծառայության տարեկան հաշվետվությունները քննարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությունում:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի և պետի տեղակալների ընտրությունը կատարվել է մրցութային եղանակով, այդ նպատակով ձևավորված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից, որի կազմում ներգրավված է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության Խորհրդատվական Խմբի ղեկավարը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստեղծմամբ հնարավորություն ընձեռվեց պետական կարգավորման մեկ միասնական մարմնում (կառույցում) կենտրոնացնել արտադրությունից մինչև վերջնական սպառումը սննդի շղթայի բոլոր փուլերում բուսական և կենդանական ծագման սննդամթերքի անվտանգությանն առնչվող գործառույթները, ինչը բացառում է դրանց կրկնորդումը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների կողմից:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր մեջ ներառում է սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության, անասնաբուժության, բուսասանիտարիայի 3 տեսչություններ, փորձարկման լաբորատորիաներ, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն` պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակով:

Ռիսկերի գնահատման գործընթացում առկա գիտական պոտենցիալի ներգրավմամբ նախատեսվում է ստեղծել գիտական խորհուրդ` պատշաճ գիտական վերլուծություններ իրականացնելու նպատակով:

36. Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության օրենսդրությունն անհրաժեշտ է բարելավել և մոտարկել միջազգային չափանիշներին` սննդամթերքի անվտանգության առկա իրավիճակն ամբողջությամբ բարելավելու և սննդամթերքի ոլորտի արտահանման պոտենցիալը խթանելու նպատակով: Հայաստանի Հանրապետության սննդամթերքի և անասնակերի անվտանգության հորիզոնական և ուղղահայաց օրենսդրության մոտարկումը բարելավելու է ՍԲՍ ոլորտը` պայմանավորված սննդի շղթայի շարունակական վերահսկողության իրականացման համակարգով, սննդամթերքի լիարժեք վերահսկելիությամբ, սննդամթերքի անվտանգության ոլորտի ռեֆերենս լաբորատորիաների զարգացմամբ, HACCP սկզբունքների ներդրմամբ, սննդի շղթայի վերահսկողության համար պատասխանատու մասնագետների և հասարակական կազմակերպությունների շարունակական ուսուցման համակարգի կիրառմամբ, տեսուչների մեթոդաբանության ներդրմամբ, հանրային իրազեկման արշավներով:

37. Հայաստանի Հանրապետությունում ընթանում են սննդամթերքի անվտանգության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի մշակման և միջազգային չափորոշիչներին ներդաշնակեցման շարունակական բնույթ ունեցող բարեփոխումներ: Ներկայիս դրությամբ մշակվել և գործողության մեջ են դրված սննդամթերքի անվտանգությանն առնչող 15 տեխնիկական կանոնակարգեր ու ՀՀ կառավարության որոշումներ: ԵՄ 852/2004 և 853/2004 կանոնակարգերի հիման վրա մշակվել և ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն և N 79-Ն որոշումներով ընդունվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների և ձկնորսության արտադրանքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների տեխնիկական կանոնակարգերը: Հեռանկարային առաջընթացի պլաններում ակնկալվում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների ստեղծում` մնացորդային նյութերի և սննդամթերքի անվտանգության հետազոտությունների նպատակով, ինչպես նաև տեսչական համակարգի բարելավում:

Ընդհանուր առմամբ, մեծածավալ աշխատանքի անհրաժեշտություն է առաջացել ոլորտը կանոնակարգող ՀՍՏ-ների, ԳՕՍՏ-երի, սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների ուսումնասիրության և համապատասխան տեխնիկական կանոնակարգերի մշակման ու ընդունման ուղղությամբ, որպես ոլորտը կարգավորող և կատարման համար պարտադիր հիմնական փաստաթղթեր` դրանք աստիճանաբար մոտարկելով (ներդաշնակեցնելով) Եվրամիությունում գործող ստանդարտներին:

38. Անհրաժեշտ է հետագայում մոտարկում կատարել նաև Եվրամիության սննդի մասին իրավական դաշտին (178/2002 կանոնակարգ), հիգիենայի փաթեթի կանոնակարգերին` 852/2004, 853/2004, 854/2004, 882/2004, 2073/2005, ինչպես նաև ԵՄ ուղղահայաց օրենսդրությանը և այլն: Մոտարկման մակարդակները հիմնված են լինելու սույն Որոշման «Գործողությունների ծրագիր» հավելվածում ամրագրված բացերի շարունակական ուսումնասիրությունների վրա: Գործողությունների ծրագրով հորիզոնական օրենսդրության մոտարկումը նախատեսվում է 2012-2014 թվականներին, իսկ ուղղահայաց օրենսդրության մոտարկումը` 2013-2015 թվականներին:

39. Գյուղատնտեսական մթերքի (հումքի) արտադրանքի վերամշակման ոլորտներում, ժամանակակից գիտության և տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված, գյուղատնտեսական նոր արտադրանքի արտադրության կազմակերպումը, պեստիցիդների, կենդանիների աճի խթանիչների, տարբեր տեսակի սննդային հավելումների կիրառումն առաջացնում է սննդամթերքի անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող հավելյալ ռիսկեր: Սննդի շղթայի փուլերում առկա և հնարավոր ռիսկերի գնահատման ու վերլուծության համար կարևորվում է աջակցության ընդլայնումը գիտական ներուժի, ինստիտուցիոնալ կառույցների կարողությունների նպատակային օգտագործման և խրախուսման ուղղությամբ: Այս նպատակով ձևավորվել է «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը մշակելու է կարողությունների ուժեղացմանն ուղղված հստակ միջոցառումների ժամանակացույց:

40. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ սննդամթերքի անվտանգության բնագավառում սպառողների շահերը ներկայացնող և պաշտպանող հասարակական կազմակերպություններն իրենց գործունեությամբ զգալի աջակցություն են ցուցաբերում պետական կառավարման մարմիններին: Սակայն իրականացվող բարեփոխումների շրջանակներում պահանջվելու է, որպեսզի հասարակական կազմակերպությունները և սննդաարդյունաբերության ճյուղային ոլորտների միությունները, սննդամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները առավել ակտիվ ներգրավվեն սննդամթերքի անվտանգության բնագավառի նորմատիվ-իրավական դաշտի ձևավորման, սննդամթերքի անվտանգության ապահովման վերաբերյալ ուսուցողական միջոցառումների կազմակերպման և մոնիթորինգի գործընթացներին:

41. ՍԲՍ բնագավառում իրականացվելիք բարեփոխումների արդյունավետության և կառավարելիության մակարդակի բարձրացման նպատակով ստեղծվելու է սույն ռազմավարության իրականացման գործընթացը համակարգող խորհուրդ` Հայաստանի Հանրապետության վարչապետի նախագահությամբ և գյուղատնտեսության, առողջապահության, էկոնոմիկայի, արտակարգ իրավիճակների նախարարների ներգրավմամբ: Խորհրդի քարտուղարի պարտականությունները վերապահվելու են սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին:

42. Օրենսդրական և վարչարարական բարեփոխումների փուլում որոշում է կայացվելու հետագծելիության կարևորագույն սկզբունքի ապահովման նպատակով, այն է` արտադրողների ռեգիստրի և կենդանիների համարակալման համակարգի ստեղծում: Հաջորդ բարեփոխումը նախատեսվում է իրականացնել կենդանիների մեջ անասնաբուժական դեղամիջոցների մնացորդների մշտադիտարկման ու վերահսկողության ոլորտում: Առաջընթացը թե՛ վերոնշյալ մակարդակներում, թե՛ սննդի համակարգի ամբողջական շղթայի անվտանգության ոլորտում հնարավորություն է տալու երկրի գյուղատնտեսությանը ունենալու անվտանգ և մաքուր սնունդ` այսպիսով շահույթ ունենալ առկա և հետագա Եվրամիության առևտրի ազատականացված գոտու պայմաններից:

43. ՍԲՍ ոլորտի և դրա օրենսդրական հիմքի բարելավմանն ուղղված նշանակալի քայլ է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 26-ի N 711 որոշման համաձայն ՍԲՍ միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծումը (այսուհետ` աշխատանքային խումբ), որը պատասխանատու է Եվրամիության հիմնական սկզբունքներին և պահանջներին` ազգային օրենսդրության մոտարկման համար: Նշված աշխատանքային խմբում ընդգրկվել են սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի փորձագետներ, իրավաբաններ: Նորացված կազմով ստեղծվելիք ՍԲՍ միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները ընդգրկվելու են ուսուցողական, վերապատրաստման ծրագրերում` համագործակցելով Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության խորհրդատվական խմբի ՍԲՍ բնագավառում միջազգային փորձագետների հետ, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանն (Aqius Communautaire) աստիճանաբար մոտարկման, համապատասխան ծրագրերի մշակման և իր կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացման ուղղություններով: Ստեղծվող աշխատանքային խմբում ընդգրկվող մշտական գործող փորձագետների և գյուղատնտեսության ու ագրովերամշակման ոլորտի մոտարկումն իրականացնող մասնագետների համար կազմակերպվելու են ուսուցման (վերապատրաստման) դասընթացներ, ստեղծվելու են անհրաժեշտ պայմաններ իրենց վերապահված գործառույթների իրականացման համար: ՈՒսուցման առանցքային և առաջնահերթ խնդիրներից է` Եվրամիության օրենսդրության գաղափարախոսության, մշակույթի, հայեցակարգային մոտեցումների իմացությունը, օրենսդրության մշակման հմտությունների, ունակությունների կատարելագործումը, հիմք ունենալով յուրաքանչյուր մոտարկվող օրենսդրական ակտի հնարավոր ազդեցության գնահատականը ձեռնարկատիրության վրա` (հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրության) արտադրություն-վերամշակում-իրացում շղթայում:

Աշխատանքային խմբի համապատասխան ուսուցում ստացած մասնագետներն այնուհետև փոխանցելու են իրենց գիտելիքները Հայաստանի Հանրապետության ՍԲՍ բնագավառում աշխատող այլ մասնագետներին:

44. ՍԲՍ բնագավառում իրականացվելիք բարեփոխումները նպատակաուղղվելու են նաև ինստիտուցիոնալ կառույցների արդիականացմանը և կարողությունների հզորացմանը, կադրերի ուսուցմանը և պատրաստմանը (մասնավորապես` Հայաստանի պետական ագրարային համալսարանի կրթական ծրագրերի շրջանակներում ՍԲՍ բնագավառը կարգավորող Եվրամիության օրենսդրության մասին իրազեկման դասընթացների ներառման միջոցով), տեսչական գործունեության բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը, մատուցվող լաբորատոր ծառայությունների կատարելագործմանը, արդիականացմանը, տվյալների բազայի (շտեմարանների) ստեղծմանն ու զարգացմանը, արագ արձագանքման համակարգերի ներդրմանը: Մշակվելու են ընթացիկ ուսուցման ծրագրեր, և դրանք մատուցվելու են գործողությունների ծրագրի տարբեր կետերը ներկայացնելուց հետո, գործողությունների ծրագրով սահմանված ժամկետներում` կայունություն ապահովելու նպատակով:

45. Առաջիկայում իրականացվելիք բարեփոխումներից կարևորվում է նաև HACCP-ՎԱՎԿԿՀ համակարգի ներդրման համար մեթոդական ձեռնարկների մշակման և հրատարակման, ինչպես նաև ուսուցողական դասընթացների կազմակերպման գործընթացը, որն իրականացվելու է ինչպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և տնտեսավարող սուբյեկտների միջոցների հաշվին:

Հասարակական կազմակերպությունների հետ շարունակական համագործակցությունը օրենսդրությամբ պայմանավորված շրջանակներում խիստ էական գործոն է հանդիսանալու անվտանգ և մաքուր սննդի վերահսկողության համակարգերի ներդրման և կիրառման մեջ սննդի ամբողջ շղթայում:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.11.2011
N 45
Արձանագրային որոշում