Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՌԱ ...

 

 

020.0130.171098

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 17 հոկտեմբերի 1998 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջև կառավարությանը ցուցաբերած օժանդակության և նրա հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան հարցը որոշելու մասին» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Օսկանյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջև սույն համաձայնագիրն ստորագրվել է 1995 թվականի մարտի 8-ին Երևանում` Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման առավել կարևոր խնդիրների լուծման, սոցիալական առաջընթացի աջակցման և բնակչության կենսամակարդակի բարձրացման նպատակով:

Համաձայնագրով նախատեսվում են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված օժանդակության իրականացման ձևերը: Համաձայնագրով ծրագրերն առաջադրում է ՀՀ կառավարությունը:

Ըստ համաձայնագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատասխանատու է նաև Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից օժանդակված զարգացման նախագծերի և դրանց նպատակների իրականացման համար և իր կողմից նախապես ստանձնված պարտավորությունների կատարումն անհրաժեշտ նախապայման է, որպեսզի Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը կատարի նախագծի հետ կապված իր պարտավորությունները:

Համաձայնագրով նախատեսվում են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից տրամադրվող օժանդակության կասեցման կամ դադարեցման պայմանները, վեճերի լուծման ընթացակարգը:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածի առաջին մասի պահանջներից ելնելով, գնահատելով Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերված օգնության իրականացման իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ`

1. ՀՀ Կառավարությունը ժամանակին միջոցներ չի ձեռնարկել քննության առարկա համաձայնագրի վավերացման և համաձայնագրով նախատեսված ընթացակարգով ծրագրերի իրականացման համար:

2. ՀՀ կառավարության կողմից, ըստ գործի նյութերի, չի մշակվել և իրականացվել օգնության ծրագրերի ընտրության, համակարգման, առաջադրման և կատարման վերահսկման հստակ ընթացակարգ, որը նախատեսված է նաև քննության առարկա համաձայնագրի 1 հոդվածում:

3. ՀՀ կառավարությունը, ըստ քննության առարկա համաձայնագրի 3 հոդվածի 1-ին կետի, պատասխանատու է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից օժանդակված զարգացման նախագծերի և դրանց նպատակների իրականացման համար, և պարտավոր է օգնության միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման անհրաժեշտ նախադրյալներ ապահովել` հաշվի առնելով նաև սույն ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջները:

Ինչ վերաբերում է քննության առարկա համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցին, ապա`

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջև կառավարությանը ցուցաբերած օժանդակության և նրա հետ համագործակցության վերաբերյալ 1995 թվականի մարտի 8-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

17 հոկտեմբերի 1998 թվականի

ՍԴՈ-130

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
17.10.1998
N ՍԴՈ-130
Որոշում