Սեղմել Esc փակելու համար:
«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ...

 

 

050.0285.061211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011512

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2011 թվականի թիվ 285-Ն

 

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ, ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ԾՐԱԳՐԱՅԻՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ, ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 17/01 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 240-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 241-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 6
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ, ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

69. Կենտրոնական բանկն` ի դեմս լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման, վարում է իր կողմից տրամադրված լիցենզիաների գրանցամատյանը (ձևը սահմանվում է` համաձայն Հավելված 12-ի), որը բաց է համընդհանուր ծանոթացման համար և, որում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները.

1) Լիցենզավորված անձի անվանումը,

2) Լիցենզիայի տեսակը և համարը,

3) Լիցենզիան տրամադրելու մասին որոշման ամսաթիվը և համարը,

4) Լիցենզիայի տրման ամսաթիվը,

5) Լիցենզավորված անձի գտնվելու վայրը,

6) Վճարահաշվարկային գործունեության իրականացման վայրը,

7) տեղեկություններ` լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման և ուժը կորցրած ճանաչելու մասին,

8) տեղեկություններ` տրամադրված կոդի և այդ կոդի անվավեր ճանաչելու հիմքերի մասին,

9) տեղեկություններ` մասնաճյուղի անվանման, գտնվելու վայրի, գործունեության վայրի, հաշվառման վկայականի համարի, հաշվառման համարի, հաշվառման ամսաթվի, գործունեության դադարեցման մասին:

(69-րդ կետը փոփ. 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 7
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

70. Լիցենզիան օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, անընթեռնելի դառնալու և այլն), ոչնչանալու կամ կորելու դեպքում` վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ դիմում է ներկայացնում լիցենզիայի կրկնօրինակը ստանալու և կորստի մասին Կենտրոնական բանկի կայքում հրապարակելու համար: Դիմումին կցվում է լիցենզիայի բնօրինակը (օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում), լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, եթե օրենքով նախատեսված է տուրքի վճարում:

71. Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրում է կորած, ոչ պիտանի դարձած կամ ոչնչացած լիցենզիայի կրկնօրինակը` դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում:

72. Կորած լիցենզիան գտնելու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը գտնված լիցենզիան վերադարձնում է Կենտրոնական բանկ:

73. Լիցենզիայի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

74. Լիցենզիայի կրկնօրինակի կորստի, ոչնչացման կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիցենզիայի նոր կրկնօրինակը տրամադրվում է սույն գլխով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 8
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

75. Վճարահաշվարկային կազմակերպության գտնվելու վայրի, գործունեության վայրի, անվանման փոփոխման կամ վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի տեսակի փոփոխման դեպքում Վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է այդ փոփոխությունների Օրենքով սահմանված կարգով հաստատվելու օրվանից 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ` կցելով հետևյալ փաստաթղթերը.

ա) Վերաձևակերպման վերաբերյալ դիմում,

բ) Համապատասխան փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր,

գ) Վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրված լիցենզիայի բնօրինակը,

դ) Պետական տուրքի վճարման անդորրագիրը:

76. Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է Վճարահաշվարկային կազմակերպության կողմից սույն կանոնակարգի 75-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից մեկամսյա ժամկետում:

77. Լիցենզիայի վերաձևակերպման հայտերը Կենտրոնական բանկի կողմից մերժվում են Օրենքի 20.1 հոդվածի 1-ին մասի ա), բ) և դ) կետերով նախատեսված դեպքերում:

 

ԳԼՈՒԽ 9
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

78. Վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր են Կենտրոնական բանկ գրանցման/հաշվառման ներկայացնել ստորև նշված փոփոխությունները` այդ փոփոխությունները կազմակերպության կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում.

1) Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղի գտնվելու վայրի և (կամ) գործունեության վայրի փոփոխությունները,

2) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները:

(78-րդ կետը փոփ. 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

79. (79-րդ կետն ուժը կորցրել է 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 9(1) ԳՐԱՆՑՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

(9.1-ին գլուխը լրաց. 14.10.16 թիվ 169-Ն, փոփ. 20.12.16 թիվ 240-Ն որոշումներ)

 

79.1 Վճարահաշվարկային կազմակերպությունը լիցենզիա ստանալուց հետո սույն կետում նշված փոփոխությունները տեղի ունենալու դեպքում` փոփոխության օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում.

1) Վճարահաշվարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող նոր ներքին իրավական ակտերի ընդունման կամ գործող ներքին իրավական ակտերի փոփոխության դեպքում` նոր ընդունված ներքին իրավական ակտերը կամ գործող ներքին իրավական ակտերի փոփոխությունները և այդ փոփոխությունները ներառող ներքին իրավական ակտերը (վճարահաշվարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող կանոնակարգերը, կարգերը, ընթացակարգերը և նմանատիպ այլ փաստաթղթերը),

2) Վճարահաշվարկային կազմակերպության կամ նրա մասնաճյուղի` սույն կանոնակարգի 4-րդ և 5-րդ գլուխներով սահմանված գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության և անվտանգության կամ տեխնիկածրագրային պահանջների յուրաքանչյուր փոփոխության դեպքում` այդ փոփոխությունների վերաբերյալ գրություն, որը պարունակում է հայտարարություն այն մասին, որ փոփոխված գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածությունը, տեխնիկածրագրային պահանջները և (կամ) անվտանգությունը համապատասխանում են սույն կանոնակարգի 4-րդ և 5-րդ գլուխներով սահմանված չափանիշներին,

3) Վճարահաշվարկային կազմակերպության կանոնադրությունում իրականացված փոփոխություն(ներ)ի և/կամ լրացում(ներ)ի կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու դեպքում` տեղեկանքում նշելով Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում գրանցված` իր կանոնադրության վերջին փոփոխության ամսաթիվը:

79.2 Վճարահաշվարկային կազմակերպությունը լիցենզիա ստանալուց հետո սույն կանոնակարգի Հավելված 2-ով և Հավելված 3-ով, ինչպես նաև Հավելված 5-ի Ձև 2-ով սահմանված տեղեկանքի 2.3-րդ, 3.6-րդ, 3.8-րդ, 3.9-րդ, 4.1-րդ կետերով կամ 5-9-րդ կետերով սահմանված տեղեկություններում փոփոխությունները տեղի ունենալու դեպքում` փոփոխության օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Կենտրոնական բանկ: Ընդ որում, ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու համար Կենտրոնական բանկը կարող է դիմել համապատասխան իրավասու մարմիններին` պահպանելով ձեռք բերված տեղեկատվության գաղտնիությունը:

 

ԳԼՈՒԽ 10
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

80. Անձին որպես ղեկավար գրանցելու, ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու համար Վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին միջնորդագիրը` համաձայն Հավելված 5-ի Ձև 1-ի և ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ սույն կանոնակարգի Հավելված 5-ի Ձև 2-ի համաձայն,

2) կառավարման իրավասու մարմնի որոշումը ղեկավարների նշանակման կամ ղեկավարների կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ (առկայության դեպքում),

3) այն դեպքում, երբ սույն կանոնակարգը ուժի մեջ մտնելու պահին վճարահաշվարկային կազմակերպությունն ունի ներդիրով գրանցված ղեկավար, ապա ներկայացվում է նաև կազմակերպության մոտ առկա ներդիրի բնօրինակը:

(80-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 355-Ն, 05.05.15 թիվ 107-Ն որոշումներ)

81. Վճարահաշվարկային կազմակերպությունը, ղեկավարների կազմում փոփոխություններ կատարելու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում նոր նշանակվող կամ ընտրվող ղեկավարների թեկնածուներին, որոնք պետք է ունենա սույն կանոնակարգի գլուխ 18-ի համաձայն ստացած որակավորման վկայական:

Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի գրանցման համար առաջարկվող թեկնածուի հետ անցկացվում է հարցազրույց Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստում: Գրանցման պահին Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարը պետք է իրազեկ լինի Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներին, այլ իրավական ակտերին, ինչպես նաև տվյալ կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտերին: Բացի այդ, գրանցման պահին գործադիր տնօրենը/ գործադիր տնօրենի տեղակալը պետք է ունենա բարձրագույն կրթություն և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 2 տարին` ղեկավար պաշտոնում, իսկ գլխավոր հաշվապահը պետք է ունենա բարձրագույն կրթություն և առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 2 տարին` մասնագիտական աշխատանքային փորձ:

82. Եթե ղեկավարի թեկնածուն չունի սույն կանոնակարգի 81-րդ կետով նախատեսված աշխատանքային փորձ և (կամ) բարձրագույն կրթություն, ապա Վճարահաշվարկային կազմակերպությունն իրավունք ունի Կենտրոնական բանկ ներկայացնել համապատասխան պաշտոններում աշխատելու համար անձի մոտ բավարար գիտելիքների ու հմտությունների առկայության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, տեղեկություններ և (կամ) այլ հիմնավորումներ:

83. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարները գրանցվում են Կենտրոնական բանկի որոշմամբ, սույն կանոնակարգի 80-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում:

84. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի պաշտոնը(ները) կարող է (են) զբաղեցվել ժամանակավոր պաշտոնակատարների կողմից և (կամ) թափուր մնալ ոչ ավելի, քան երեք ամիս` սկսած Վճարահաշվարկային կազմակերպության կողմից ղեկավարին պաշտոնից փաստացի ազատելու պահից:

(84-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 355-Ն որոշում)

85. Նշված եռամսյա ժամկետը սահմանվում է տվյալ ղեկավարի պաշտոնին նշանակվող բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների համար, այսինքն` միևնույն պաշտոնին նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, ինչպես նաև տվյալ պաշտոնի թափուր մնալը չի ընդհատում կամ վերսկսում եռամսյա ժամկետը:

86. Վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի կամ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը կարող է զբաղեցվել վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի կամ բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալի, տնօրինության (վարչության) անդամի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարչի որակավորում ունեցող ժամանակավոր պաշտոնակատարի կողմից, իսկ գլխավոր հաշվապահի պաշտոնը կարող է զբաղեցվել վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի կամ բանկի ու օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի կամ գլխավոր հաշվապահի տեղակալի որակավորում ունեցող ժամանակավոր պաշտոնակատարի կողմից:

(86-րդ կետը փոփ. 14.10.16 թիվ 169-Ն, 10.12.2018 թիվ 208-Ն որոշումներ)

87. Սույն կանոնակարգի 84-րդ կետով նշված եռամսյա ժամկետը չի տարածվում սույն կետի աղյուսակի համապատասխան պաշտոնների համար նշված ժամանակավոր պաշտոնակատարների վրա: Ընդ որում, եթե սույն կետում նշված դեպքերում ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը պաշտոնավարում է երեք ամսից ավելի, ապա եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

.___________________________________________________________________.

|      ՊԱՇՏՈՆ        |                ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ      |

|____________________|______________________________________________|

|1. Վճարահաշվարկային |Որպես տվյալ վճարահաշվարկային կազմակերպության  |

|կազմակերպության     |գործադիր տնօրենի տեղակալ կամ գլխավոր հաշվապահ |

|գործադիր տնօրեն     |(գործադիր տնօրենի/գործադիր տնօրենի տեղակալի   |

|                    |որակավորում ունեցող) գրանցված անձը            |

|____________________|______________________________________________|

|2. Վճարահաշվարկային |Որպես տվյալ վճարահաշվարկային կազմակերպության  |

|կազմակերպության     |գլխավոր հաշվապահ (գործադիր տնօրենի/գործադիր   |

|գործադիր տնօրենի    |տնօրենի տեղակալի որակավորում ունեցող) գրանցված|

|տեղակալ             |անձը                                          |

|____________________|______________________________________________|

|3. Վճարահաշվարկային |Որպես տվյալ վճարահաշվարկային կազմակերպության  |

|կազմակերպության     |գործադիր տնօրեն (գլխավոր հաշվապահի որակավորում|

|գլխավոր հաշվապահ    |ունեցող) կամ գործադիր տնօրենի տեղակալ (գլխավոր|

|                    |հաշվապահի որակավորում ունեցող) գրանցված անձը  |

.___________________________________________________________________.

 

88. Եթե ղեկավարը, որը նախկինում գրանցվել է Կենտրոնական բանկում` հետագայում դիմում է ղեկավար պաշտոնում գրանցվելու համար (նույն կազմակերպությունում կամ մեկ այլ Վճարահաշվարկային կազմակերպությունում), ապա նա հրավիրվում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստին, եթե Կենտրոնական բանկը դա անհրաժեշտ է համարում: Ընդ որում` սույն կանոնակարգի Հավելված 5-ի Ձև 2-ով սահմանված տեղեկանքը Կենտրոնական բանկ ներկայացնելիս կարող են լրացվել միայն միջնորդագրի 1-ին կետի բոլոր դաշտերը, 3.1 (Անուն, ազգանուն, հայրանուն), 3.3 (Ծննդյան ամսաթիվ) դաշտերը և բոլոր այն դաշտերը, որոնցում նախկինում ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է:

89. Կազմակերպությունը նախկինում ղեկավարների գրանցման համար օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկ ներկայացրած բոլոր փաստաթղթերը և/կամ տեղեկությունները կարող է չներկայացնել` հղում տալով նախկինում ներկայացված միջնորդագրի ամսաթվին, եթե նախկինում ներկայացված տեղեկատվությունը չի փոփոխվել:

90. Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղը կարող է չունենալ գլխավոր հաշվապահ, եթե տվյալ մասնաճյուղի և գլխամասի միջև առկա է կապ, որը հնարավորություն է տալիս գործունեությունը ծավալել իրական ժամանակի ռեժիմով, այսինքն` ապահովում է մասնաճյուղում կատարվող գործարքների արտացոլումն ընդհանուր տեղեկատվական բազայում և կազմակերպության հաշվեկշռում տվյալ աշխատանքային օրվա ընթացքում:

91. Անձին որպես կազմակերպության ղեկավար գրանցելը Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ մերժվում է, եթե.

1) ղեկավարների թեկնածուները չեն բավարարում սույն կանոնակարգի 81-րդ կետի պահանջներին,

2) սույն կանոնակարգի 80-րդ կետով սահմանված փաստաթղթերը կեղծ կամ թերի են ներկայացված:

92. Եթե Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարը Կենտրոնական բանկի համապատասխան որոշման հիման վրա զրկվել է որակավորման վկայականից, ապա ղեկավարին որակավորման վկայականից զրկելու մասին Կենտրոնական բանկի որոշման ընդունման պահից 3 տարվա ընթացքում նա չի կարող գրանցվել որպես Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավար:

(92-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 355-Ն որոշում)

93. Սույն կանոնակարգի 21-րդ կետի համաձայն` կազմակերպությանը Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա տրամադրելիս կազմակերպության ղեկավարների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի հիման վրա Կենտրոնական բանկը միաժամանակ գրանցում է Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարին սույն կանոնակարգի 115-րդ կետով սահմանված չափանիշների բավարարման դեպքում: Ընդ որում, Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի փոփոխության դեպքում` նոր ղեկավարն աշխատելու իրավունք է ստանում սույն գլխի համաձայն` Կենտրոնական բանկում գրանցվելու պահից, հաշվի առնելով ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ սույն կանոնակարգով սահմանված պայմանները:

94. Վճարահաշվարկային կազմակերպությունը իր հաշվապահական հաշվառման իրականացման գործընթացը կարող է հանձնել հաշվապահական հաշվառում իրականացնող կազմակերպությանը (ընկերությանը)` կնքելով համապատասխան պատվիրակման պայմանագիր: Ընդ որում, պատվիրակման ծառայություններ մատուցող կազմակերպության համապատասխան աշխատակիցը, որը պետք է վարի վճարահաշվարկային կազմակերպության հաշվապահական հաշվառումը` պետք է ունենա սույն կանոնակարգի 116-րդ կետի աղյուսակի 2-րդ կետի որակավորումներից, դիպլոմներից կամ հավաստագրերից առնվազն մեկը:

95. Վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել սույն կանոնակարգի 94-րդ կետում նշված պատվիրակման պայմանագրի և պատվիրակման ծառայություններ մատուցող կազմակերպությունում վճարահաշվարկային կազմակերպության հաշվապահական հաշվառումը վարողի համապատասխան որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի պատճենը, ինչպես նաև տվյալ փաստաթղթերում տեղի ունեցած փոփոխությունները` համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում:

(95-րդ կետը փոփ. 05.05.15 թիվ 107-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 11
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

96. Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարը հանվում է գրանցումից, եթե.

1) որակավորման վկայականի ժամկետը լրացել է կամ ղեկավարը զրկվել է որակավորման վկայականից,

2) կազմակերպությունը դիմել է համապատասխան միջնորդությամբ,

3) ի հայտ են եկել Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը:

97. Կազմակերպությունն իր ղեկավարներին աշխատանքից ազատելու դեպքում, համապատասխան փոփոխությունները տեղի ունենալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է դիմել Կենտրոնական բանկ` ղեկավարին գրանցումից հանելու միջնորդությամբ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր (գրանցումից հանելու պատճառների հիմնավորումներով),

2) իրավասու մարմնի որոշումը կամ համապատասխան արձանագրությունից քաղվածք` փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ` թեկնածուի առկայության դեպքում:

 

ԳԼՈՒԽ 12
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ, ԿԱՄ ԱՆՎԱՆՄԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

98. Վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է գործունեություն իրականացնել միայն իր գլխամասի և Կենտրոնական բանկում հաշվառված մասնաճյուղերի տարածքում` բացառությամբ սույն կարգի 49-րդ կետով սահմանված դեպքերում, ինչպես նաև տեղադրված վճարումների ընդունման տերմինալներով, որի միջոցով գործարքների կատարումն իրականացվում է ավտոմատ` հաճախորդի կողմից մուտքագրված անմիջական հրահանգների համաձայն:

99. Մասնաճյուղերի բացման դեպքում Վճարահաշվարկային կազմակերպությունը պետք է դրանք Կենտրոնական բանկ ներկայացնի հաշվառման:

100. Վճարահաշվարկային կազմակերպության կողմից տեղադրված (կազմակերպության համակարգին միացված) վճարումների ընդունման տերմինալների հաշվառումը կատարվում է Կենտրոնական բանկ համապատասխան հաշվետվության ներկայացման միջոցով:

101. Վճարահաշվարկային կազմակերպությունը, իր մասնաճյուղերի գտնվելու կամ գործունեության վայրի կամ անվանման փոփոխման, ինչպես նաև նոր մասնաճյուղերի բացման դեպքում պարտավոր է այդ մասին որոշումը ներկայացնել Կենտրոնական բանկ հաշվառման` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) մասնաճյուղ բացելու դիմում` համաձայն Հավելված 8-ի կամ գտնվելու կամ գործունեության վայրի կամ անվանման փոփոխման դիմում` համաձայն Հավելված 9-ի,

2) կազմակերպության կառավարման իրավասու մարմնի համապատասխան որոշումը կամ համապատասխան արձանագրությունից քաղվածք,

3) գրավոր հայտարարություն` նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին,

4) Համապատասխան փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր,

5) սույն կանոնակարգի 18-րդ կետի 10-րդ և 11-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը: Գյուղապետարանի շենքում կամ հեռահաղորդակցման օպերատորի տարածքում բացվող մասնաճյուղերի դեպքում` սույն կանոնակարգի 18-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը չեն ներկայացվում, որի փոխարեն, համապատասխանաբար, ներկայացվում են սույն կանոնակարգի 30-րդ կետում կամ 32-րդ կետում սահմանված պայմանագրերի պատճենները,

6) սույն կանոնակարգի 43-րդ կետում սահմանված պահանջներին բավարարող հիմքեր:

(101-րդ կետը փոփ. 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

102. Օտարերկրյա պետությունում մասնաճյուղ ստեղծելիս Վճարահաշվարկային կազմակերպությունը ստանում է Կենտրոնական բանկի համաձայնությունը` ներկայացնելով սույն կանոնակարգի 101-րդ կետի 1-4-րդ ենթակետերում սահմանված փաստաթղթերը, իսկ համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում գրանցվելուց (լիցենզավորվելուց, արտոնագրվելուց կամ համապատասխան գործունեություն իրականացնող կազմակերպության հետ գործակալության կամ տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված նման այլ պայմանագիր կնքելուց) հետո հաշվառվում է Կենտրոնական բանկում` ներկայացնելով գրանցման (լիցենզավորման, արտոնագրման, պայմանագրի կնքման) փաստը հավաստող փաստաթղթերը:

103. Անհրաժեշտության դեպքում, Կենտրոնական բանկի պահանջով Վճարահաշվարկային կազմակերպությունը ներկայացնում է օտարերկրյա պետության վճարահաշվարկային ոլորտը կարգավորող իրավական ակտերը:

104. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 101-րդ կամ 102-րդ կետերով սահմանված փաստաթղթերը ստանալու պահից մեկամսյա ժամկետում հաշվառում է փոփոխությունները կամ մերժում է հաշվառումը:

105. Կենտրոնական բանկը մերժում է դիմումը, եթե առկա են Օրենքի 20.1 հոդվածում նախատեսված հիմքերը: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում գրանցումը չմերժելու կամ նշված ժամկետը կասեցնելու մասին Վճարահաշվարկային կազմակերպությանը չտեղեկացնելու դեպքում փոփոխությունները համարվում են գրանցված:

106. Կենտրոնական բանկը հաշվառում է մասնաճյուղը և տալիս է հաշվառման վկայական` համաձայն Հավելված 7-ի, իսկ մերժելու դեպքում Վճարահաշվարկային կազմակերպությանը ուղարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշում:

 

ԳԼՈՒԽ 13
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

107. Վճարահաշվարկային կազմակերպության կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված աշխատանքի կանոնակարգում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու դեպքում Վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը և աշխատանքի կանոնակարգում իրականացված լրացումները և/կամ փոփոխությունները` այդ փոփոխությունները կազմակերպության կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Կենտրոնական բանկ` համաձայնեցման:

108. Աշխատանքի կանոնակարգում փոփոխությունների և (կամ) լրացումների իրականացման համար Վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

1) կազմակերպության աշխատանքի կանոնակարգում լրացումների և/կամ փոփոխությունների իրականացման համար դիմում` կազմակերպության կառավարման իրավասու մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ,

2) կազմակերպության կառավարման մարմնի որոշումը` աշխատանքի կանոնակարգում լրացումների և (կամ) փոփոխությունների իրականացման վերաբերյալ,

3) աշխատանքի կանոնակարգի համապատասխան փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր և փոփոխման անհրաժեշտության հիմնավորումը:

109. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 108-րդ կետով նախատեսված աշխատանքային կանոնակարգում լրացումներ և/կամ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը կամ մերժում է համաձայնության տրամադրումը: Որոշակի փաստեր պարզելու նպատակով տասնհինգօրյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կասեցվել մինչև 1 ամիս ժամկետով:

110. Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգի 109-րդ կետում նշված ժամկետում դիմումը չմերժելու կամ կասեցնելու մասին Վճարահաշվարկային կազմակերպությանը չտեղեկացնելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված: Կենտրոնական բանկը մերժում է համաձայնության տրամադրումը, եթե լրացումները և/կամ փոփոխությունները հակասում են Օրենքին կամ այլ օրենքներին, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերին, սույն կանոնակարգի դրույթներին:

111. Վճարահաշվարկային կազմակերպության կառավարման մարմնի կողմից հաստատված աշխատանքային կանոնակարգում լրացումներ և/կամ փոփոխություններ կատարելու` Կենտրոնական բանկի կողմից տրված համաձայնության դեպքում կազմակերպության անհատական գործին կցվում են սույն կանոնակարգի 108-րդ կետով սահմանված փաստաթղթերը:

112. Կենտրոնական բանկը մերժում է աշխատանքային կանոնակարգում լրացումներ և/կամ փոփոխություններ կատարելու մասին համաձայնության տրամադրումը, եթե առկա են սույն կանոնակարգի 23-րդ կետով սահմանված հիմքերը: Այս դեպքում Կենտրոնական բանկը մերժման հիմքերի մասին գրությամբ տեղեկացնում է Վճարահաշվարկային կազմակերպությանը:

 

ԳԼՈՒԽ 14
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

113. Ղեկավարների թեկնածուները պետք է ունենան սույն կանոնակարգով սահմանված կարգով ստացած որակավորում, ինչպես նաև բավարարեն սույն կանոնակարգով սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին և գրանցվեն Կենտրոնական բանկում:

Ընդ որում, Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավար պաշտոնների թեկնածուները Կենտրոնական բանկում նախատեսված քննություններին կարող են մասնակցել միայն այն Վճարահաշվարկային կազմակերպության միջնորդությամբ (Հավելված 5 Ձև 1-ին համապատասխան), որում նախատեսում են զբաղեցնել տվյալ որակավորմանը համապատասխան պաշտոն:

(113-րդ կետը փոփ. 05.05.15 թիվ 107-Ն որոշում)

114. Սույն կանոնակարգով նախատեսված որակավորման վկայականներին հավասարեցվում են սույն կանոնակարգի 116-րդ և/կամ 118-րդ կետերով նախատեսված որակավորումները, դիպլոմները կամ հավաստագրերը և վերջիններիս առկայության դեպքում Կենտրոնական բանկի կողմից ղեկավարի թեկնածուին տրամադրվում է որակավորման վկայական:

(114-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 355-Ն որոշում)

115. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարները բավարարում են որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին, եթե`

1) բավարարում են սույն կանոնակարգի 81-րդ կամ 82-րդ և 116-րդ կամ 118-րդ կետերի պահանջներին,

2) առկա է սույն կանոնակարգի 143-րդ, 144-րդ կամ 150-րդ կետերով սահմանված որակավորման վկայական/ները:

3) (3-րդ փնթակետը հանվել է 05.05.15 թիվ 107-Ն որոշում)

(115-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 355-Ն, 05.05.15 թիվ 107-Ն որոշումներ)

116. Կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգով սահմանված կարգով որակավորման վկայական է տրամադրվում որոշակի պաշտոնում գրանցված այն ղեկավարին, որն ունի սույն կետի աղյուսակում նշված տվյալ պաշտոնին համապատասխան որակավորում, դիպլոմ կամ հավաստագիր.

.____________________________________________________________________.

|1. Վճարահաշվարկային կազմակերպության|                                |

|գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի |                                |

|տեղակալի պաշտոնների համար          |Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման  |

|                                   |F1-F9 մակարդակները կամ          |

|                                   |Սի-Էֆ-Էյ (CFA) որակավորման      |

|                                   |երկու մակարդակ                  |

|___________________________________|________________________________|

|2. Վճարահաշվարկային կազմակերպության|Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման  |

|գլխավոր հաշվապահ                   |F1-F9 մակարդակները              |

.____________________________________________________________________.

(116-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 355-Ն, 14.10.16 թիվ 169-Ն որոշումներ)

 

117. Այն դեպքում, երբ միևնույն անձը գրանցվում է գործադիր տնօրենի/գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում և գլխավոր հաշվապահի պաշտոնում, ապա նա պետք է բավարարի այդ պաշտոններում գրանցման համար ներկայացվող որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին:

(117-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 355-Ն որոշում)

118. Սույն կանոնակարգով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից տրամադրված համապատասխան որակավորումն ստացած են համարվում սույն կանոնակարգի Հավելված 3.1-ով սահմանված միջազգային հեղինակավոր կազմակերպություններում վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 1 տարի աշխատած և գրանցման գործընթացում գտնվող այն ղեկավարների թեկնածուները, ովքեր դրանցում ստանձնել են որակավորման ենթակա պաշտոնին համանման պաշտոնի պարտականություններ և/կամ զբաղեցրել նմանատիպ պաշտոններ:

(118-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 355-Ն, 05.05.15 թիվ 107-Ն որոշումներ)

119. Սույն կանոնակարգի 118-րդ կետով սահմանված ղեկավարների թեկնածուները բանավոր հարցազրույցի կարող են չհրավիրվել Կենտրոնական բանկի կարծիքով հիմնավորված դեպքերում:

 

ԳԼՈՒԽ 15
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

(15-րդ գլուխը փոփ. 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

 

120. Ղեկավարների թեկնածուների (այսուհետ` թեկնածուներ) որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը անցկացվում է գրավոր քննության (այսուհետ` քննություն) միջոցով, որն անցկացվում է Կենտրոնական բանկի Թեստավորման ծառայության կողմից (այսուհետ` թեստավորման ծառայություն) կամ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ` այլ կազմակերպության կողմից:

(120-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 355-Ն որոշում)

121. Կենտրոնական բանկի որոշմամբ քննություններն այլ կազմակերպությունների կողմից անցկացվելու դեպքում քննության թեստերի կազմման, դրանցում փոփոխությունների և լրացումների կատարման, քննություններին մասնակցելու համար թեկնածուների հերթագրման, փաստաթղթերի ընդունման, քննությունների անցկացման, քննության արդյունքների ամփոփման, բողոքարկման, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը սահմանվում է տվյալ կազմակերպության կողմից` համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ:

122. (122-րդ կետն ուժը կորցրել է 05.05.15 թիվ 107-Ն որոշում)

122.1. Վճարահաշվարկային կազմակերպության կողմից սույն կանոնակարգի 113-րդ կետում նշված ղեկավարի գրանցման միջնորդագիրը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո ղեկավարի թեկնածուն 15-օրյա ժամկետում անցնում է որակավորման ստուգում, ընդ որում Կենտրոնական բանկը նախապես թեկնածուին տեղեկացնում է քննության ստույգ օրվա մասին:

(122.1-ին կետը լրաց. 05.05.15 թիվ 107-Ն որոշում)

123. (123-րդ կետն ուժը կորցրել է 05.05.15 թիվ 107-Ն որոշում)

124. Թեկնածուները քննությանը մասնակցում են քննության օրը` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, և դրա պատճենը,

2) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

3) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը (ոչ ռեզիդենտները ներկայացնում են առկայության դեպքում):

(124-րդ կետը փոփ. 05.05.15 թիվ 107-Ն որոշում)

125. Քննությունն անցկացվում է առանձնացված սենյակում, որը վերահսկվում է տեսախցիկների միջոցով:

126. Թեկնածուն մուտք գործելով քննության անցկացման սենյակ` ըստ ցուցակի հրավիրվում է համապատասխան համակարգչի մոտ: ՈՒշացած թեկնածուների համար քննության տևողությունը չի երկարաձգվում:

127. Քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրով` թեստային եղանակով:

128. Թեկնածուներին տրվում են բացատրություններ քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերի վերաբերյալ:

129. Քննության սկիզբը հայտարարվելուց հետո թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` նշվածներից առավելագույնս ճիշտ) պատասխան:

130. Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, էլեկտրոնային սարքերից (բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային հաշվիչների), ինչպես նաև աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, դուրս գալ սենյակից: Եթե թեկնածուն ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից և համարվում է բացասական արդյունք ապահոված:

131. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև քննության առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակը սպառվելուց հետո թեկնածուին տրվում է իր հանձնած թեստի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն (երկու օրինակից), որտեղ արտացոլվում են թեկնածուի միավորները տոկոսային արտահայտությամբ: Հաշվետվությունները ստորագրվում են թեկնածուի կողմից. մեկ օրինակը մնում է Կենտրոնական բանկում, մյուսը տրվում է թեկնածուին:

 

ԳԼՈՒԽ 16
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԹԵՍՏԵՐԸ

(16-րդ գլուխը փոփ. 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

 

132. Թեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է Կենտրոնական բանկի կողմից և որը կազմվում է նախապես հրապարակված թեմաների ցանկի (Հավելված 14) հիման վրա` ընդ որում, «+» նշանը նշանակում է, որ տվյալ թեման վերաբերում է, իսկ «-» նշանը` չի վերաբերում:

(132-րդ կետը փոփ. 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

133. Թեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ և ենթակա չեն հրապարակման: Թեստերը վերանայվում են ըստ անհրաժեշտության:

134. Թեստերը կազմվում են ստուգելու համար թեկնածուի իմացությունը կազմակերպության գործունեության, լիցենզավորման, գործունեության կարգավորման ու վերահսկողության, հաշվապահական հաշվառման, հարկային օրենսդրության, ընդհանուր տնտեսագիտության ոլորտներում:

135. Հայերեն լեզվին չտիրապետող թեկնածուների քննության անցկացման ընթացքում թույլատրվում է թարգմանչի մասնակցությունը, ընդ որում, Կենտրոնական բանկի համապատասխան աշխատակցի ներկայությունը պարտադիր է: Հայոց լեզվին չտիրապետող ղեկավարների թեկնածուների քննության տևողությունը կարող է երկարաձգվել Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության պետի թույլտվությամբ:

136. Թեստը պարունակում է 30 հարց: Թեստին պատասխանելու համար տրվում է 45 րոպե:

137. Թեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ:

138. Թեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը, ինչպես նաև հարցին չպատասխանելը` զրո միավոր:

 

ԳԼՈՒԽ 17
ԹԵՍՏԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

139. Թեստերի պատասխանների գնահատումն ու ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ.

1) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի մինչև 70 տոկոսը հավաքելու դեպքում թեկնածուն համարվում է բացասական արդյունք ապահոված,

2) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի 70 և ավելի տոկոսը հավաքելու դեպքում թեկնածուն համարվում է դրական արդյունք ապահոված և նրան տրվում է որակավորման վկայական:

140. Թեստերի հարցերի պատասխանների արդյունքները (ելնելով համակարգչային տվյալներից) հաստատում է Կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը, որի դրական եզրակացության հիման վրա թեկնածուին տրվում է որակավորման վկայական:

141. Բացասական արդյունք ապահոված թեկնածուները կրկին կարող են մասնակցել քննությանը` սույն կանոնակարգի 122.1-րդ կետով սահմանված ժամկետում:

(141-րդ կետը փոփ. 05.05.15 թիվ 107-Ն որոշում)

142. Թեկնածուները կարող են բողոքարկել անցկացված քննության արդյունքները` քննության անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր դիմում ներկայացնելով Կենտրոնական բանկ` համաձայն Հավելված 13-ի կամ դիմումը լրացնելով Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում: Դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տեղեկացնում է բողոքարկողին բողոքարկման արդյունքների վերաբերյալ:

(142-րդ կետը փոփ. 05.05.15 թիվ 107-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 18
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

143. Սույն կանոնակարգի Հավելված 10-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է քննության դրական արդյունք ապահոված թեկնածուներին` էլեկտրոնային եղանակով, ուղարկվելով այն ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում լրացված էլեկտրոնային փոստի հասցեին` ղեկավարին Կենտրոնական բանկում գրանցելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(143-րդ կետը փոփ. 05.05.15 թիվ 107-Ն որոշում)

144. Սույն կանոնակարգի Հավելված 10.1-ով սահմանված որակավորման վկայականը տրվում է սույն կանոնակարգի 116-րդ կամ 118-րդ կետերի պահանջներին բավարարող ղեկավարի թեկնածուին` ուղարկվելով այն ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ տեղեկանքում լրացված էլեկտրոնային փոստի հասցեին` ղեկավարին Կենտրոնական բանկում գրանցելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(144-րդ կետը փոփ. 05.05.15 թիվ 107-Ն որոշում)

145. Որակավորված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում` «Որակավորման վկայական ունեցող անձինք» ցուցակում` քննությունը հանձնելու օրվանից (սույն կանոնակարգում սահմանված դեպքերում ղեկավարի գրանցումից հետո տրամադրելու դեպքում` որպես ղեկավար գրանցման օրվանից) տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:

146. Որակավորման վկայականները տրվում են դրանց ստորագրման պահից հաշված 3 (երեք) տարի ժամկետով, բացառությամբ սույն կանոնակարգի 116-րդ կետով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են մինչև որակավորման վկայականի տրման հիմք հանդիսացող որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի վավերականության ավարտը կամ տվյալ որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի` որակավորման վկայականի տրամադրման հիմք հանդիսանալու ավարտը կամ անձի կողմից այնպիսի գործողության կամ անգործության կատարումը, որի հետևանքով խախտվել են որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի տրամադրման և (կամ) պահպանման կանոնները, և սույն կանոնակարգի 118-րդ կետով սահմանված անձանց տրվող որակավորման վկայականների, որոնք տրվում են անժամկետ:

(146-րդ կետը փոփ. 05.05.15 թիվ 107-Ն, 14.10.16 թիվ 169-Ն որոշումներ)

147. (147-րդ կետն ուժը կորցրել է 05.05.15 թիվ 107-Ն որոշում)

148. Որակավորման վկայականները սույն կանոնակարգի 143-րդ և 144-րդ կետերով սահմանված ժամկետներում էլեկտրոնային փոստին չստանալու, էլեկտրոնային փոստի խափանման կամ թղթային եղանակով տրամադրված որակավորման վկայականների կորստի (ոչնչացման, ոչ պիտանի դառնալու) դեպքում անձը կարող է այդ մասին հայտնել Կենտրոնական բանկ` ներկայացնելով գրավոր դիմում` նշելով այն էլեկտրոնային փոստի հասցեն, որով ցանկանում է ստանալ որակավորման վկայականը: Դիմումն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում որակավորման վկայականը էլեկտրոնային տարբերակով կրկին տրամադրվում է որակավորված անձին` ուղարկվելով դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

148.1. Կենտրոնական բանկում որակավորման ստուգում անցած և գրանցված ղեկավարի որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 15 օր առաջ Վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է դիմում ղեկավարի համար որակավորման ստուգման քննություն անցկացնելու միջնորդությամբ: Որակավորման ստուգում անցած ղեկավարին տրամադրվում է նոր որակավորման վկայական` քննությունը հանձնելուց հետո 10-օրյա ժամկետում` սույն կանոնակարգով սահմանված կարգով:

(148.1-ին կետը լրաց. 05.05.15 թիվ 107-Ն որոշում)

148.2. Կենտրոնական բանկում գրանցված ղեկավարի, ով ստացել է սույն կանոնակարգի 116-րդ կետով սահմանված ղեկավարի իր պաշտոնին համապատասխան որակավորում, նախկինում ստացված որակավորման վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 5 օր առաջ Վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում որակավորման վկայականի ստացման համար դիմում` կցելով ղեկավարի որակավորումը հավաստող փաստաթուղթը: Կենտրոնական բանկը որակավորումը հավաստող փաստաթղթի հիման վրա ղեկավարին տրամադրում է նոր որակավորման վկայական` դիմումը ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում` սույն կանոնակարգով սահմանված կարգով:

(148.2-րդ կետը լրաց. 05.05.15 թիվ 107-Ն որոշում)

149. Որակավորված անձինք որակավորման վկայականը կորցնելու դեպքում կարող են այդ մասին գրավոր հայտնել Կենտրոնական բանկ` ներկայացնելով գրավոր դիմում: Դիմում ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում որակավորված անձին տրվում է որակավորման նոր վկայական` «Կրկնօրինակ» նշագրմամբ, իսկ կորցրած վկայականը համարվում է ուժը կորցրած:

150. Բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալի, տնօրինության (վարչության) անդամի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարչի որակավորման վկայական ունեցող անձը կարող է աշխատել որպես Վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ` առանց Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի (գործադիր տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ) որակավորման վկայական ստանալու: Բանկի ու օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի որակավորման վկայական ունեցող անձը կարող է աշխատել որպես Վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահ առանց` Վճարահաշվարկային կազմակերպության, 144-րդ կետում նշված, գլխավոր հաշվապահի որակավորման վկայական ստանալու:

(150-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 355-Ն, 05.05.15 թիվ 107-Ն որոշումներ)

150.1. (150.1-ին կետն ուժը կորցրել է 20.12.16 թիվ 240-Ն որոշում)

(150.1-ին կետը լրաց. 05.05.15 թիվ 107-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 19
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

151. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները կարող են իրականացնել հայկական դրամով և (կամ) արտարժույթով ֆիզիկական և իրավաբանական անձանցից և (կամ) անձանց ուղղված վճարումների ընդունումը և/կամ կատարումը` առանց բանկային հաշիվների, այն է`

1) վճարողներից հայկական դրամով կամ արտարժույթով դրամական միջոցներ (կանխիկ կամ անկանխիկ) և շահառուների օգտին վճարում կատարելու կարգադրության ընդունում և կատարման ապահովում, այդ թվում` հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա պայմանագրի կողմ հանդիսացող անձից դրամական միջոցներ և որոշակի ցանկով սահմանված շահառուների օգտին վճարում կատարելու կարգադրության ընդունում և կատարում,

2) շահառու հանդիսացող հաճախորդներին ուղղված հայկական դրամով կամ արտարժույթով դրամական միջոցների/վճարումների ընդունում կամ կատարում (կանխիկ կամ անկանխիկ), այդ թվում` հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա պայմանագրի կողմ հանդիսացող շահառուի օգտին վճարումների հավաքագրում (օրինակ` կոմունալ վճարումների, բյուջեին ուղղված վճարումների ընդունում):

152. Սույն կանոնակարգի 151-րդ կետում նշված ծառայությունների կատարումը կարող է իրականացվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության մասնաճյուղային ցանցի, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու իրավասություն ունեցող այլ կազմակերպության կամ դրամական (փողային) փոխանցումների համակարգերի միջոցով, ինչպես նաև սույն կանոնակարգի 151-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ծառայությունների կատարում` վճարումների ընդունման տերմինալների միջոցով, միայն հայկական դրամով:

153. Արտարժույթով միջոցների փոխանցումների իրականացման դեպքում վճարման ենթակա գումարների ընդունումը վճարողներից և/կամ վճարման ենթակա գումարների տրամադրումը շահառուներին դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության կողմից իրականացվում են հետևյալ կանոնների համաձայն.

1) Միջոցների փոխանցման վճարող հանդիսացող հաճախորդից արտարժույթով փոխանցում կատարելու կարգադրությունը ընդունելիս, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը փոխանցվող գումարը հաճախորդից ընդունում է (հաճախորդի կողմից վճարվում է) կարգադրությունում նշված արտարժույթով, իսկ հաճախորդի ցանկության դեպքում, եթե այլ բան սահմանված չէ տվյալ դրամական (փողային) փոխանցումների համակարգի կանոններով, փոխանցվող գումարը կարող է ընդունվել (վճարվել) ՀՀ դրամով` կազմակերպության կողմից սահմանված փոխարժեքով,

2) Միջոցների փոխանցման շահառու հանդիսացող հաճախորդին արտարժույթով վճարում կատարելու կարգադրությունը ստանալիս, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը վճարվող գումարը հաճախորդին տրամադրում է կարգադրությունում նշված արտարժույթով, իսկ շահառուի ցանկության դեպքում, եթե այլ բան սահմանված չէ տվյալ դրամական (փողային) փոխանցումների համակարգի կանոններով, վճարվող գումարը կարող է տրամադրվել ՀՀ դրամով` կազմակերպության կողմից սահմանված փոխարժեքով:

154. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը պարտավոր է հաճախորդին տրամադրել մատուցված յուրաքանչյուր ծառայության կատարման վերաբերյալ անդորրագիր, բացառությամբ հաճախորդի կողմից անդորրագիրը իր կողմից չստանալու վերաբերյալ հստակ կամարտահայտության դեպքում:

155. Սույն կանոնակարգի 153-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերում սահմանված փոխարկման գործառնությունների իրականացման դեպքում հաճախորդին տրամադրվող անդորրագրում, ինչպես նաև հաճախորդի կողմից ներկայացված դրամական փոխանցման կատարման (դրամական փոխանցման ստացման) կարգադրությունում փոխանցման արժույթով գումարը նշելուց բացի, պետք է նշված լինեն փոխարժեքը և հաճախորդից ընդունված (հաճախորդին տրամադրված) գումարը ՀՀ դրամով:

156. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը իրավասու չէ պարտադրել իր հաճախորդին կատարել կամ ընդունել վճարումը ՀՀ դրամով, եթե միջոցների փոխանցումը կատարվում է արտարժույթով: Դրամական (փողային) փոխանցման հետ կապված ծառայության միջնորդավճարները պետք է կատարվեն միայն ՀՀ դրամով:

157. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը կարող է իրականացնել սույն կանոնակարգի 153-րդ կետում նշված գործառնությունները, եթե հաճախորդների համար տեսանելի տեղում տեղադրել է հայտարարություն, որ փոխանցվող կամ վճարվող գումարը կարող է ընդունվել կամ վճարվել ՀՀ դրամով` միայն հաճախորդի ցանկության դեպքում:

158. Սույն կանոնակարգի 153-րդ կետում նշված գործառնություններից տարբերվող այլ փոխարկման գործառնությունները դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը կարող է իրականացնել միայն համապատասխան լիցենզիայի (արտարժույթի դիլերային առուվաճառքի կամ արտարժույթի առուվաճառքի) առկայության դեպքում:

159. ՀՀ դրամով փոխանցումների իրականացման դեպքում վճարման ենթակա գումարների ընդունումը վճարողներից և վճարման ենթակա գումարների տրամադրումը շահառուներին դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության կողմից իրականացվում են միայն ՀՀ դրամով:

160. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը պարտավոր է հաճախորդներին ապահովել պիտանի (ոչ հնամաշ) Հայաստանի Հանրապետության դրամանիշերով:

161. Վճարահաշվարկային ծառայությունների մատուցման համար հիմք են հանդիսանում համապատասխան փաստաթղթերով (վճարահաշվարկային ծառայությունների մատուցման կանոնակարգով, դրամական (փողային) փոխանցումների համակարգերի կանոններով, պայմանագրերով) սահմանված գրավոր կարգադրությունները (թղթային, էլեկտրոնային):

162. Աշխատանքի ընթացքում Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության աշխատակիցները պարտավոր են ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և կրել լուսանկարով այցեքարտ, որտեղ պետք է նշված լինեն լիցենզավորված անձի անվանումը, աշխատակցի անունը, ազգանունը:

163. Աշխատանքային ժամերի ընթացքում Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության դրամարկղում չեն կարող գտնվել այլ անձինք, որոնք չեն հանդիսանում տվյալ կազմակերպության աշխատակից:

164. (164-րդ կետն ուժը կորցրել է 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 20
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

165. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողությունը կասեցվում է Օրենքի 27-րդ հոդվածի առաջին մասի դ) կետի և 7-րդ մասի հիման վրա:

166. Այն դեպքում, երբ լիցենզիան կասեցվում է Օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա, Վճարահաշվարկային կազմակերպության դիմումը քննարկվում է այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Այն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում չքննարկվելու դեպքում դիմումը համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը կասեցված` Վճարահաշվարկային կազմակերպության կողմից նշված ժամկետով:

167. Լիցենզիայի գործողության կասեցման մասին Վճարահաշվարկային կազմակերպության դիմումի հիման վրա Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից:

168. Վճարահաշվարկային կազմակերպության կողմից Կենտրոնական բանկ ներկայացված լիցենզիայի գործողության կասեցման դիմումի մեջ նշված առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 12 ամիսը:

169. Լիցենզիայի գործողության կասեցման մասին Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալու համար Վճարահաշվարկային կազմակերպությունն իր դիմումին կից Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցման գործընթացը հիմնավորող և պարզաբանող տեղեկություններ` կազմված ամփոփ տեղեկանքի ձևով, որը պետք է ներառի.

1) Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցման պատճառները` տնտեսագիտական հիմնավորմամբ,

2) Վճարահաշվարկային կազմակերպության կողմից լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշման ընդունման պահին Վճարահաշվարկային կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը,

3) այլ տեղեկություններ` ըստ անհրաժեշտության կամ Կենտրոնական բանկի պահանջի:

170. Լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ Վճարահաշվարկային կազմակերպության դիմումը կարող է մերժվել, եթե լիցենզիայի գործողության կասեցումը կհանգեցնի ֆինանսական համակարգի ապակայունացմանը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

171. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված` կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից:

172. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողության կասեցման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ուժի մեջ մտնելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում տեղեկատվություն`

1) կազմակերպության կողմից լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշման ընդունման պահին կազմակերպության հաշվապահական հաշվեկշռի վերաբերյալ,

2) այլ տեղեկություններ` ըստ անհրաժեշտության կամ Կենտրոնական բանկի պահանջի:

173. Լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից լիցենզավորված անձը ժամանակավորապես զրկվում է վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իր բոլոր իրավունքներից` միաժամանակ շարունակելով կատարել իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները:

174. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը նշված որոշումը հրապարակվում է առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում:

 

ԳԼՈՒԽ 21
ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

175. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Օրենքի 27-րդ հոդվածի առաջին մասի ե) կետի և 7-րդ մասի հիման վրա:

176. Այն դեպքում, երբ լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա` Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմումին կից լիցենզավորված կազմակերպությունը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի հայտարարագիր` պարտատերեր չունենալու վերաբերյալ: Պարտատերերի առկայության կամ Կենտրոնական բանկի ստուգման արդյունքում դրանց հայտնաբերման դեպքում Վճարահաշվարկային կազմակերպության կողմից պարտատերերի պահանջները բավարարելու անհնարինության պարագայում Կենտրոնական բանկի կողմից նախաձեռնվում է պարտատերերի պահանջների բավարարման գործընթաց` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի համաձայն:

177. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Վճարահաշվարկային կազմակերպության դիմումը կարող է մերժվել, եթե լիցենզիայի գործողության ուժը կորցնելը կհանգեցնի ֆինանսական համակարգի ապակայունացմանը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

178. Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում տեղեկատվություն`

1) կազմակերպության կողմից լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշման ընդունման պահին կազմակերպության հաշվապահական հաշվեկշռի վերաբերյալ,

2) այլ տեղեկություններ` ըստ անհրաժեշտության կամ Կենտրոնական բանկի պահանջով:

179. Օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները խախտելու համար կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու գործընթաց նախաձեռնելիս Կենտրոնական բանկը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում կազմակերպության` դրամական (փողային) փոխանցումների գծով պարտատերերի ի հայտ բերման ուղղությամբ: Վերջիններիս առկայության դեպքում պարտավորությունների մարումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով:

180. Լիցենզիայի գործողությունն ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից լիցենզավորված անձը զրկվում է վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իր բոլոր իրավունքներից` միաժամանակ շարունակելով կատարել իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանած ընթացակարգի համաձայն:

181. Կենտրոնական բանկի խորհուրդն ուժը կորցրած է ճանաչում վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիան նաև վճարահաշվարկային կազմակերպության լուծարման դեպքում:

 

ԳԼՈՒԽ 22
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

182. Հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորությունները կատարելու համար անբավարար միջոցներ ունենալու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունն այդ մասին 1(մեկ) օրվա ընթացքում ծանուցում է Կենտրոնական բանկին:

183. Սույն կանոնակարգի 182-րդ կետով սահմանված ծանուցումը ստանալուց հետո Կենտրոնական բանկի խորհուրդը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունները կասեցնելու վերաբերյալ:

184. Հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորությունները կատարելու համար անբավարար միջոցներ ունենալու փաստը Կենտրոնական բանկի կողմից բացահայտելու դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունները կասեցնելու վերաբերյալ:

185. Վճարահաշվարկային կազմակերպության բանկային հաշիվներով գործառնությունները կասեցնելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 1 օրվա ընթացքում, Վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում սահմանված ձևի հաշվետվություն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) պարտատերերի ցուցակը, որում պետք է նշված լինեն նրանց անունները (անձնագրի տվյալները) կամ անվանումները, բնակության (գտնվելու) վայրը, պարտավորությունների չափը` ըստ արժույթների և տեսակների: Այդ ցուցակում պետք է ներառվի նաև այն պարտատերերի վերաբերյալ տեղեկություններ, որոնց նկատմամբ պարտավորությունների կատարման ժամկետը չի լրացել,

2) պարտավորությունների կատարումը ապահովելու անհնարինության պատճառը/պատճառները:

186. Հաճախորդ պարտատերի նկատմամբ պարտավորություններն ամբողջությամբ կատարելուց հետո Վճարահաշվարկային կազմակերպությունը եռօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

187. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 186-րդ կետում նշված հաշվետվությունը վերլուծելուց հետո անհրաժեշտության դեպքում մեկօրյա ժամկետում տեղում ստուգում կատարելու միջոցով հետևում է պարտավորությունների մարման գործընթացի կազմակերպմանը:

 

ԳԼՈՒԽ 23
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

188. Սույն կանոնակարգի 6-րդ կետը ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 7-ից, իսկ մինչ այդ Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կամ դրանց կազմի փոփոխությունների գրանցման վերաբերյալ միջնորդագրերը և տվյալ գործընթացի շրջանակներում սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ միջբանկային համակարգչային ցանցի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով, ընդ որում ղեկավարների և նրանց գործունեության վերաբերյալ տեղեկանքները ներկայացվում են էքսել ֆորմատով, իսկ սույն կետում նշված մյուս փաստաթղթերը,Փի Դի Էֆե ֆորմատով:

189. Վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարները, որոնք պաշտոնավարել են Կենտրոնական բանկի կողմից տրամադրված ներդիրների հիման վրա, համարվում են գրանցված ներդիրի տրամադրման օրվանից: Ղեկավարների փոփոխության դեպքում` ներդիրը համարվում է ուժը կորցրած, փոփոխությունը գրանցվում է նոր կարգի համաձայն` ՀՀ ԿԲ նախագահի որոշմամբ: Եթե ներդիրում ընդգրկված անձանցից որևէ մեկը շարունակում է պաշտոնավարել, փոփոխության գրանցման որոշման մեջ ներառվում է դրույթ, վերջինիս պաշտոնավարումը շարունակելու վերաբերյալ:

190. Այն Վճարահաշվարկային կազմակերպությունները, որոնք ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացել են դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների և/կամ վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների գործունեության լիցենզիա(ներ), ապա լիցենզիայի(ների) վերաձևակերպման դեպքում ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվում է նոր լիցենզիա սույն կանոնակարգի Հավելված 6-ի համաձայն:

191. Վճարահաշվարկային կազմակերպությունը, վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղը, վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարը պարտավոր են բավարարել սույն կանոնակարգի 27-րդ կետի բ) ենթակետի, 42-րդ, 43-րդ և 162-րդ կետերով սահմանված պահանջներին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում:

192. Վճարահաշվարկային կազմակերպության այն ղեկավարները, ովքեր նախկինում ստացել են վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի որակավորման վկայական և գրանցվել են որպես վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում պետք է բավարարեն սույն կանոնակարգի 116-րդ կետի աղյուսակի 2-րդ կետում կամ սույն կանոնակարգի 150-րդ կետում նշված որակավորումներից, դիպլոմներից կամ հավաստագրերից առնվազն մեկը ունենալու պահանջին: Ընդ որում, վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի կողմից սույն կանոնակարգի 116-րդ կետի աղյուսակի 2-րդ կետում կամ սույն կանոնակարգի 150-րդ կետում նշված որակավորումներից, դիպլոմներից կամ հավաստագրերից առնվազն մեկը ստանալու դեպքում` վճարահաշվարկային կազմակերպությունը դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկին, տվյալ անձին, սույն կանոնակարգի 144-րդ կետի համաձայն, որակավորման վկայական տրամադրելու համար:

(192-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 355-Ն, 05.05.15 թիվ 107-Ն որոշումներ)

 

(հավելվածը խմբ. 15.07.14 թիվ 195-Ն որոշում)

 

(հավելվածը փոփ. 07.02.12 թիվ 37-Ն որոշում)

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

@

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.10.2011
N 285-Ն
Որոշում