Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՎԱ ...

 

 

020.0149.261298

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՎԱՐԿ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 26 դեկտեմբերի 1998 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Է. Սանդոյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերության միջև 1998 թվականի դեկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման վարկի համաձայնագրում (Կառուցվածքային բարեփոխումների երրորդ վարկ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան հարցը որոշելու մասին» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդմանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Սանդոյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 46.200.000 փոխատվության հատուկ իրավունքներին համարժեք տարբեր արժույթներով գումար` հանրապետությունում իրականացվող կառուցվածքային բարեփոխումներին աջակցելու նպատակով, որոնք մինչև 2000 թվականը կոչված են ապահովելու մակրոտնտեսական կայուն քաղաքականություն` զուգորդելով այն արդեն ձեռնարկված լայնածավալ համակարգային բարեփոխումների հետագա խորացման հետ, ինչպես նաև ապահովել ֆինանսական կարգապահության բարելավումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ոռոգումը և ջրամատակարարումը: Առանձնակի կարևորվում են նաև հաշվապահական հաշվառման և հաշվեքննության կատարելագործմանը, ինչպես նաև պետական ծառայության, սոցիալական ապահովության, սոցիալական ապահովագրության, առողջապահության և կրթության բնագավառների զարգացման ուղղված ծախսերի ֆինանսավորման խնդիրները:

Համաձայնագրով նախատեսված են վարկային միջոցների փուլային ծախսման հստակ պայմաններ, որոնք ուղղակիորեն պետք է բխեն Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև համաձայնեցված զարգացման քաղաքականության ծրագրից: Ընդ որում, ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումները, ինչպես նաև վարկային միջոցներից ֆինանսավորման ոչ ենթակա ուղղությունները նախատեսված են համաձայնագրին կից ժամանակացույցերում:

Համաձայնագրում նախատեսված են նաև որոշակի փոփոխություններ Միջազգային զարգացման ընկերակցության կողմից 1985 թվականի հունվարի 1-ին հաստատված և համաձայնագրի անքակտելի մասը կազմող «Զարգացման վարկի համաձայնագրերի վրա տարածվող ընդհանուր պայմաններում»:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը Միջազգային զարգացման ընկերակցությանը պետք է վճարի կատարման և սպասարկման վճարներ` այն չափով ու պայմաններով, որոնք նախատեսված են համաձայնագրի 2.04 և 2.05 բաժիններում: Վարկը ենթակա է վերադարձման կիսամյակային մուծումներով` յուրաքանչյուր տարվա մարտի 1-ին և սեպտեմբերի 1-ին` սկսած 2009 թվականի մարտի 1-ից մինչև 2033 թվականի սեպտեմբերի 1-ը:

Համաձայնագրում նախատեսված են նաև դրույթներ վարկային միջոցների արդյունավետ ծախսումներն ապահովելու, ֆինանսավորումը դադարեցնելու դեպքերի, ինչպես նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու, դրա գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի պահանջներով, ուսումնասիրելով կառուցվածքային բարեփոխումների վարկային նախորդ պայմանագրերի կատարման ձևավորված իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը նաև պարզեց, որ 1996 թվականից ի վեր Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությունում կառուցվածքային բարեփոխումների իրականացումը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրվել են թվով երկու վարկեր` 83.5 մլն փոխատվության հատուկ իրավունքներին համարժեք տարբեր արժույթներով կամ մոտ 120 մլն ԱՄՆ-ի դոլար, որը, ըստ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված տեղեկանքի, ուղղվել է էներգետիկ համակարգի վերականգնման, սեփականության ոչ պետական հատվածի զարգացման, սոցիալական ապահովության և այլ բնագավառների հիմնախնդիրների լուծմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1998 թվականի դեկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված զարգացման վարկի համաձայնագրում (Կառուցվածքային բարեփոխումների երրորդ վարկ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

26 դեկտեմբերի 1998 թվականի

ՍԴՈ-149

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
26.12.1998
N ՍԴՈ-149
Որոշում