Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2487/02/10

    դատարանի որոշում                                               2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2487/02/10

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Տ. Սահակյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հոկտեմբերի 14-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Տանյա Ղոթանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գևորգ և Արամ Գևորգյանների ընդդեմ Տանյա Ղոթանյանի` բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և կտակը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գևորգ և Արամ Գևորգյանները պահանջել են ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Մամիկոնյանց 29-րդ շենքի թիվ 16 բնակարանի 1/3-ական մասերի նկատմամբ և համապատասխան մասերով անվավեր ճանաչել Ռիմա Գևորգյանի կողմից տրված կտակը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս.Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 06.05.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2011 թվականի որոշմամբ Գևորգ և Արամ Գևորգյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի. Դատարանի 06.05.2011 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տանյա Ղոթանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 132-րդ հոդվածները, որի արդյունքում սխալ է մեկնաբանել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 13.06.1989 թվականի «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրությունը, 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի տեղեկանքը, ինչպես նաև Ոստիկանության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի 19.07.2010 թվականի գրությունը, որի համաձայն` Երևանի Մամիկոնյանց 29-րդ շենքի թիվ 16 բնակարանում վարձակալ Ռիմա Գևորգյանից բացի այլ անձինք հաշվառված չեն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 1990 թվականին Արաբկիրի ժողդատարան ներկայացված հայցադիմումով և 2011 թվականին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում տրված բացատրությամբ հիմնավորվում է, որ բնակարանի սեփականաշնորհման պահին Գևորգ և Արամ Գևորգյանները բնակվել են իրենց մոր` Մարիամ Մուրադյանի եղբոր տանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.07.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 06.05.2011 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՍՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի 26 կոմիսարների շրջսովետի գործադիր կոմիտեի 1964 թվականի ապրիլի 2-ի թիվ 452 օրդերի արմատի համաձայն` Երևանի Ֆուրմանովի (այժմյան` Մամիկոնյանց) փողոցի 29-րդ շենքի թիվ 16 բնակարանը տրվել է Ռիմա Գևորգյանին (հատոր 1-ին, գ.թ. 23):

2. 10.10.1990 թվականին Ռիմա Գևորգյանը դիմել է Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջանի բնակ. վարչության արտադրության պետին` Երևանի Ֆուրմանովի (այժմյան` Մամիկոնյանց) փողոցի 29-րդ շենքի թիվ 16 բնակարանը սեփականաշնորհելու նպատակով: Դիմումը ստորագրված է միայն Ռիմա Գևորգյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 117, 134):

3. 26 կոմիսարների շրջանի 26.09.1990 թվականի թիվ 4/5 տեղեկանքի համաձայն` Երևանի Ֆուրմանովի (այժմյան` Մամիկոնյանց) փողոցի 29-րդ շենքի թիվ 16 բնակարանում բնակվում է 1 անձ` Ռիմա Գևորգյանը (հատոր 1-ին, գ.թ. 118):

4. Հայկական ԽՍՀ Երևան քաղաքի ժողովրդական դեպուտատների 26 կոմիսարների շրջխորհրդի գործադիր կոմիտեի 27.11.1990 թվականի նիստի թիվ 21/6 արձանագրության համաձայն` Ֆուրմանով փողոցի 29-րդ շենքի թիվ 16 բնակարանի վարձակալ Ռիմա Գևորգյանը 1 անձով դիմել է շրջխորհրդի գործկոմին իր կողմից զբաղեցրած բնակարանը որպես անձնական սեփականություն գնելու համար: Գործադիր կոմիտեն որոշել է թույլատրել Ֆուրմանովի (այժմյան` Մամիկոնյանց) փողոցի 29-րդ շենքի թիվ 16 բնակարանը վաճառել Ռիմա Գևորգյանին (հատոր 1-ին, գ.թ. 110, 129):

5 Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 24.12.2003 թվականի թիվ 1514565 վկայականի համաձայն` Երևանի Արաբկիր համայնքի Մամիկոնյանց փողոցի 29-րդ շենքի թիվ 16 բնակարանի նկատմամբ գրանցված է Ռիմա Գևորգյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին գ.թ. 43-44):

6. Արամ և Գևորգ Գևորգյանները Ռիմա Գևորգյանի հանգուցյալ որդու` 19.01.1990 թվականին մահացած Սեդրակ Գևորգյանի զավակներն են, որոնք համապատասխանաբար ծնվել են 1988 և 1989 թվականներին:

7. Ռիմա Գևորգյանը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 29-րդ շենքի թիվ 16 բնակարանը կտակել է Տանյա Ղոթանյանին:

8. Ռիմա Գևորգյանը մահացել է 28.01.2010 թվականին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման առանձնահատկություններին, նշելով, որ ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:

Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 13.06.1989 թվականի «Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարաններն որպես անձնական սեփականություն քաղաքացիներին վաճառելու մասին» թիվ 272 որոշմամբ հաստատված կանոնադրության 20-րդ կետի համաձայն` պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարաններն որպես անձնական սեփականություն վաճառվում են տվյալ բնակարանը զբաղեցնող վարձակալին կամ Հայկական ԽՍՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածում նշված նրանց ընտանիքի անդամներին` ընտանիքի բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում: Նրանց համաձայնությամբ բնակարանը կարող է վաճառվել որպես նրանց ընդհանուր սեփականություն:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ իրավական ակտի հիշատակված դրույթը պետք է մեկնաբանել սեփականաշնորհման ողջ հայեցակարգի լույսի ներքո: Տվյալ դեպքում պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների սեփականաշնորհման համար ընտրվել էր վաճառքի ձևը, որի հիմնական նպատակը պետական և հանրային բնակարանային ֆոնդից յուրաքանչյուր քաղաքացու որոշակի սեփականության բաժնի հատկացումն է: Այսինքն` չէր կարող ողջ ընտանիքին բնակվելու համար հատկացված բնակարանը վաճառվեր ընտանիքի մեկ անդամին` մյուսներին զրկելով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքից:

Վերը նշված տրամաբանությունից է ելնում նաև հետագայում` 29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը:

Մասնավորապես, 29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները:

Նույն օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումն ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է տվյալ բնակարանի վարձակալի անունով կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով` որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է նաև սեփականաշնորհման արդյունքում սեփականության իրավունքի ծագման իրավական հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բնակարանի վարձակալ չհանդիսացող անձը սեփականաշնորհման արդյունքում կարող է ձեռք բերել սեփականության իրավունք պարտադիր վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում: Այդպիսիք են` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, տվյալ բնակտարածությունում գրանցում ունենալը (տես Ռուբեն Միրաքյանն ընդդեմ Եվա Գևորգյանի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման` Երևանի քաղաքապետի 09.11.2005 թվականի թիվ 2391-Ա որոշումը և սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և տան 1/2 մասի սեփականատեր ճանաչելու պահանջների մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի թիվ ՎԴ/0476/05/08 որոշումը):

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ բնակարանի վարձակալ չհանդիսացող անձը սեփականաշնորհման արդյունքում կարող է ձեռք բերել սեփականության իրավունք 2 պարտադիր վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում: Այն է` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը և տվյալ բնակտարածությունում գրանցում ունենալը:

Սույն գործով հայցը մերժելիս Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Գևորգ և Արամ Գևորգյանները իրենց մոր հետ 1990 թվականի մայիս ամսից դադարել են բնակվել Երևանի Մամիկոնյանց 29-րդ շենքի թիվ 16 բնակարանում և չեն մասնակցել վիճելի բնակարանի սեփականաշնորհման գործընթացին, այսինքն` չեն հանդիսացել սեփականաշնորհման սուբյեկտ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մասնակի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Դատարանը չի իրականացրել ապացույցների բազմակողմանի գնահատում, մասնավորապես` Գևորգ և Արամ Գևորգյանների` բնակարանի վարձակալի ընտանիքի անդամ լինելու ուղղությամբ:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գևորգ և Արամ Գևորգյանների` բնակարանի վարձակալի ընտանիքի անդամ լինելը սույն գործով ապացուցման առարկան կազմող փաստ չէ: ՈՒստի և դրա հաստատման անհրաժեշտությունը բացակայել է:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 08.07.2011 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.07.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2011 թվականի վճռին:

2. Գևորգ և Արամ Գևորգյաններից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար հետաձգված պետական տուրքի գումար, իսկ հօգուտ Տանյա Ղոթանյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք բերելու համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.10.2011
N ԵԱՔԴ/2487/02/10
Որոշում