Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԵՐԵՔ ՎԿԱՆԵՐԻ` ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                               ԼԴ/0212/01/10

վերաքննիչ քրեական

դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԼԴ/0212/01/10

Նախագահող դատավոր` Ա. Հովհաննիսյան

Դատավորներ` Ե. Դարբինյան

Ս. Չիչոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Պողոսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

    2011 թվականի հոկտեմբերի 20-ին                 Երևան  քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Համայակ Զալիկոյի Սահակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի հուլիսի 21-ի որոշման դեմ ամբաստանյալ Հ.Սահակյանի պաշտպան Ա.Ոսկանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2009 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքում հարուցվել է թիվ 52105109 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` անհայտ անձի կողմից շինություն ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափի գույք գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ:

2009 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 39105209 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի հատկանիշներով` անհայտ անձանց կողմից Գուրգեն և Հոռոմ Ավդալյանների նկատմամբ ավազակային հարձակում գործելու դեպքի առթիվ:

2009 թվականի հոկտեմբերի 1-ին Համայակ Սահակյանը ձերբակալվել է:

2009 թվականի հոկտեմբերի 2-ին որոշում է կայացվել թիվ 52105109 քրեական գործը թիվ 39105209 քրեական գործին միացնելու մասին:

Նախաքննության մարմնի 2009 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ Հ.Սահակյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ Հ. Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննության մարմնի 2010 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ Հ.Սահակյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով նոր մեղադրանք է առաջադրվել:

2010 թվականի օգոստոսի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի փետրվարի 22-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Հ.Սահակյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում: Հ.Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկման 10 տարի ժամկետով` հանցագործությամբ պատճառված վնասի չափով գույքի բռնագրավմամբ, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման 6 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Հ.Սահակյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 13 տարի ժամկետով` հանցագործությամբ պատճառված վնասի չափով գույքի բռնագրավմամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կարգով նշանակված պատժին գումարելով Հ.Սահակյանի նկատմամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մայիսի 12-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից 6 ամիս ժամկետով ազատազրկումը` ամբաստանյալ Հ.Սահակյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 13 տարի 6 ամիս ժամկետով` հանցագործությամբ պատճառված վնասի չափով գույքի բռնագրավմամբ` պատժի սկիզբը հաշվելով 2009 թվականի հոկտեմբերի 1-ից:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Գոռ Աջամյանը, Ռոման Մելոյանը, Լևոն Եղիյանը, Արթուր Յարմալոյանը, Վահե Յարմալոյանը, Երեմ Կիրակոսյանը, Արման Օհանյանը, Սաշա Վարդանյանը, Վիգեն Աբրահամյանը և Ռոման Հակոբյանը:

Վճռվել է նաև ամբաստանյալներ Հ.Սահակյանից, Գ.Աջամյանից, Ռ.Մելոյանից, Լ.Եղիյանից և Ա.Յարմալոյանից համապարտության կարգով բռնագանձել 5.000.000 ՀՀ դրամ` հօգուտ տուժող Գ.Ավդալյանի:

3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2011 թվականի հուլիսի 21-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի փետրվարի 22-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հուլիսի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Հ.Սահակյանի պաշտպան Ա.Ոսկանյանը:

Վճռաբեկ դատարանը 2011 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Ամբաստանյալ Հ.Սահակյանը դատապարտվել է հետևյալ արարքների համար.

2009 թվականի օգոստոսի կեսերին Հ.Սահակյանը պլանավորել և իրագործել է Սպիտակ քաղաքի բնակիչ Գ.Կարոյանի խանութից առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերի և այլ ապրանքների գողությունը: Որպես այդ հանցագործության կատարող ընտրել է Գ.Աջամյանին, ով իրագործելով Հ.Սահակյանի հանցավոր մտադրությունը` գողություն կատարելու նպատակով 2009 թվականի օգոստոսի 15-ի լույս 16-ի գիշերն ապօրինի մուտք է գործել Սպիտակ քաղաքում գտնվող, Գ.Կարոյանին պատկանող խանութ-սրահ և այնտեղից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափի` 5.151.480 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ գույք և գումար: Նույն օրը` գողությունից մի քանի ժամ հետո, Հ.Սահակյանը, իրագործելով Գ.Աջամյանին տրված խոստումը, քրեակատարողական հիմնարկից զանգահարել է Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ Ռ.Հակոբյանին և խնդրել, որ օգնի Գ.Աջամյանին վաճառել նրա մոտ եղած ոսկյա զարդերը: Ռ.Հակոբյանը 2009 թվականի օգոստոսի 18-ին Գ.Աջամյանից գնել է գողացված ոսկյա զարդերի մի մասը` 310 գրամ քաշով տարբեր տեսակի ոսկյա զարդեր: Գողացված ապրանքների վաճառքից գոյացած գումարների մեծ մասը Գ.Աջամյանն ուղարկել է Հ.Սահակյանին:

Շարունակելով իր հանցավոր գործունեությունը` Հ.Սահակյանը, գտնվելով «Սևան» քրեակատարողական հիմնարկում, 2009 թվականի սեպտեմբերի վերջերին որոշել է կրկին կազմակերպել հափշտակություն և Գ.Աջամյանին հանձնարարել է, որ իրեն հայտնի ինչ-որ տան կամ խանութի մասին, որտեղից կարելի է հափշտակություն կատարել: Գ.Աջամյանն այդ մասին հայտնել է ընկերներին` Ռ.Մելոյանին, Ա.Յարմալոյանին և Լ.Եղիյանին, վերջինս տեղեկացրել է Գ.Ավդալյանի` Տաշիր քաղաքի Լենինի 77 հասցեում գտնվող առանձնատան մասին, որից հետո Գ.Աջամյանն այդ մասին հայտնել է Հ.Սահակյանին: Հ.Սահակյանը քրեակատարողական հիմնարկում պլանավորել է Գ.Ավդալյանի բնակարանից զենքի գործադրմամբ ավազակության եղանակով առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակությունը և որոշել, որ այն կատարի Գ.Աջամյանը, սակայն այս անգամ նախնական համաձայնությամբ խմբի կազմում: Միաժամանակ իմանալով, որ 2009 թվականի սեպտեմբերի կեսերից Գ.Աջամյանը սկսել է շփվել Ռ.Մելոյանի, Լ.Եղիյանի, Ա.Յարմալոյանի և Վ.Յարմալոյանի հետ, խորհրդակցել է Գ.Աջամյանի հետ ու որպես նրա հետ ավազակության համակատարողներ ընտրել Ռ.Մելոյանին, Լ.Եղիյանին և Ա.Յարմալոյանին: Դրանից հետո Հ.Սահակյանն անձամբ զանգահարել է վերջիններիս` համոզելով, որ Գ.Աջամյանի հետ կատարեն զենքի գործադրմամբ ավազակություն` խոստանալով, որ հակառակ դեպքում, եթե հանցագործությունը բացահայտվի, կկազմակերպի նաև նրանց պարտակումը, նրանք էլ տվել են իրենց համաձայնությունը: Այնուհետև, Հ.Սահակյանը սեպտեմբերի 28-ին կրկին զանգահարել է նրանց` տալով հրահանգներ և ցուցումներ, որ գիշերը կատարեն պլանավորված հանցագործությունը: Նույն օրը գիշերը Գ.Աջամյանը, Ռ.Մելոյանը, Լ.Եղիյանը, Ա.Յարմալոյանը և նրա եղբայրը` Վ.Յարմալոյանը, գնացել են Տաշիր քաղաք, սակայն վերջինիս չեն հայտնել այնտեղ գնալու իրենց իրական նպատակի մասին, նրան թողել են Տաշիր քաղաքի հրապարակի մոտ, իսկ իրենք, ղեկավարվելով Հ.Սահակյանի կողմից հեռախոսակապի միջոցով տրված ցուցումներով, 2009 թվականի սեպտեմբերի 29-ին` ժամը 1-ի սահմաններում, Ավդալյանների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու նպատակով Տաշիր քաղաքի նախկին մշակույթի տան մոտ հագել են նախապես իրենց հետ բերված դիմակները, Գ.Աջամյանը վերցրել է ապօրինի պահվող հրազեն հանդիսացող 16 մմ տրամաչափի որսորդական ողորկափող ձևափոխված հրացանը` լիցքավորված 1 փամփուշտով, և մոտեցել են Գ.Ավդալյանի` Տաշիր քաղաքի Լենինի փողոցի 77 հասցեում գտնվող առանձնատանը: Այդ պահին Լ.Եղիյանը կոտրել է նշված առանձնատան մուտքի դուռը և Գ.Աջամյանի, Ռ.Մելոյանի ու Ա.Յարմալոյանի հետ ապօրինի մուտք են գործել բնակարան, հարձակվել են Գուրգեն և Հոռոմ Ավդալյանների վրա, ովքեր գտնվել են անկողնում` քնած վիճակում, կպչուն ժապավենով կապել նրանց, ապա ձեռքերով, ոտքերով ու հրացանի բռնակով դիտավորությամբ հարվածներ են հասցրել Գ.Ավդալյանի դեմքին և մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով նրա առողջությանը պատճառվել է առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս, իսկ Հ.Ավդալյանին պատճառել են մարմնական վնասվածքներ, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Միաժամանակ Ավդալյաններին տվել են կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ, որի ընթացքում ավազակությամբ նրանց առանձնատնից հափշտակել են առանձնապես խոշոր չափի` 3.118.153 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ գույք և գումար, բացի այդ, հանցագործության կազմակերպչի` Հ.Սահակյանի դիտավորությունից դուրս հափշտակել են Գ.Ավդալյանին պատկանող, պետական պարգևներ հանդիսացող թվով 2 «Լենինի» ու թվով 1 «Մուրճ և Մանգաղ» շքանշաններ և հրազեն հանդիսացող գործարանային արտադրության «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող 150 հատ 5,45 մմ տրամաչափի մարտական փամփուշտ` լիցքավորված 5 հատ պահունակում: Այնուհետև, երբ դուրս են եկել Ավդալյանների առանձնատնից և մոտեցել Վ.Յարմալոյանին, տարածքում ծառայություն իրականացնող, ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի երեք աշխատակիցները փորձել են պարզել նրանց այդ վայրում գտնվելու պատճառը, սակայն Լ.Եղիյանը, ճանաչելով ոստիկաններին, այդ մասին բարձրաձայն հայտնել է ընկերներին ու դիմել են փախուստի: Ռ.Մելոյանը, Լ.Եղիյանը, Ա.Յարմալոյանը և Վ.Յարմալոյանը փախել են Լոռու մարզի Մեդովկա գյուղ, իսկ Գ.Աջամյանը հեռացել է անհայտ ուղղությամբ: Մեդովկա գյուղում Ռ.Մելոյանը զանգահարել է Հ.Սահակյանին և տեղեկացրել ավազակության հաջող կատարման և դրանից հետո ոստիկանների հետ տեղի ունեցած ընդհարման մասին` հայտնելով իրենց գտնվելու վայրը, իսկ Հ.Սահակյանը, կատարելով նրանց նախօրոք տված իր խոստումը, ցուցում է տվել որպեսզի մնան տեղում, մինչև ինքը կկազմակերպի նրանց փախուստը: Դրանից հետո Հ.Սահակյանը զանգահարել է իր վաղեմի ծանոթ Կ.Գասպարյանին` ասելով, թե իբր ընկերները կռիվ են արել և հետապնդվում են ոստիկանների կողմից ու խնդրել է, որ նրանց գիշերելու տեղ տա: Կ.Գասպարյանը, հանդիպելով նրանց, տեղավորել է նույն գյուղում գտնվող մի անասնագոմում, որտեղ վերջիններս գիշերել են: Գիշերը Հ.Սահակյանը զանգահարել է Ռ.Մելոյանին ու մյուսներին և ցուցում տվել, որ այդտեղից առավոտյան ինքնուրույն գնան տարբեր ուղղություններով, որից հետո նրանք սկզբից միասին մեկնել են քաղաք Գավառ, իսկ հաջորդ օրը` գնացել տարբեր ուղղություններով:

6. Վկաներ Անատոլի Սերոբի Անանյանի, Հարություն Նիկոլայի Նիկողոսյանի և Քերոբ Հայկազի Մեժլումյանի նկատմամբ կիրառվել են պաշտպանության միջոցներ, և նրանց նախաքննական ցուցմունքների բովանդակությունը պաշտպանության կողմի համար մատչելի չի եղել:

7. Առաջին ատյանի դատարանի դատավճռում մասնավորապես նշվել է. «Գոռ Աջամյանի, Ռոման Մելոյանի, Լևոն Եղիյանի, Արթուր Յարմալոյանի կողմից, նախնական համաձայնության խմբի կազմում, զենքի գործադրմամբ կատարված ավազակությունը և Գոռ Աջամյանի կողմից կատարված գողությունները Համայակ Սահակյանի կողմից կազմակերպված լինելն արդեն իսկ վերը նշված ապացույցներով հիմնավորված է, սակայն ի լրումն այդ ապացույցների Համայակ Սահակյանի մեղքը հիմնավորվում է նաև քրեական գործում առկա պաշտպանության միջոցներ կիրառված անձանց` Անատոլի Սերոբի Անանյանի, Հարություն Նիկոլայի Նիկողոսյանի և Քերոբ Հայկազի Մեժլումյանի ցուցմունքներով: Պաշտպանվող անձինք դատարան են ուղարկել համապատասխան դիմումներ, որոնցով հաստատել են իրենց կողմից նախկինում տրված ցուցմունքները» (տե՛ս քրեական գործ, 14-րդ հատոր, էջ 275):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանների կողմից խախտվել են ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 19-րդ, 21-րդ, 22-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 38-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 18-րդ, 19-րդ, 23-րդ, 90-րդ, 102-րդ, 104-րդ, 110-րդ, 121-րդ, 126-րդ, 127-րդ, 154-րդ, 158-րդ, 218-րդ, 309-րդ, 358-րդ, 371-րդ, 385-րդ, 390-րդ հոդվածների պահանջները:

9. Ի հիմնավորումն ասվածի` բողոքաբերը նշել է, որ սույն գործով պաշտպանության միջոցներ կիրառված և անունները, հայրանուններն ու ազգանունները փոխված անձանց` Անատոլի Սերոբի Անանյանի, Հարություն Նիկոլայի Նիկողոսյանի և Քերոբ Հայկազի Մեժլումյանի ցուցմունքները դատարանում չեն հետազոտվել, պաշտպանության կողմն անգամ տեղյակ չի պահվել, թե ում և ինչ հանգամանքների մասին են տրված այդ ցուցմունքները: Այդ կապակցությամբ ներկայացրել են բազմաթիվ միջնորդություններ, որոնք բոլորն էլ դատարանի կողմից մերժվել են: Այս պայմաններում Առաջին ատյանի դատարանը Հ.Սահակյանին առաջադրված մեղադրանքում մեղավոր է ճանաչել` հիմք ընդունելով նաև նշված անձանց ցուցմունքները, իսկ Վերաքննիչ դատարանն այն իրավաչափ է համարել, որով կոպտորեն խախտվել է կողմերի իրավահավասարությունը:

Բողոքի հեղինակը, շարադրելով և վերլուծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներ և Վճռաբեկ դատարանի որոշումներ, այնուհետև եզրակացություն է արել առ այն, որ նշված անանուն վկաների ցուցմունքների չհրապարակվելու և դրանց բովանդակությանը չծանոթանալու հետևանքով պաշտպանության կողմը զրկված է եղել դրանց` որպես ապացույցի օգտագործման թույլատրելիությունը վիճարկելու հնարավորությունից, ինչը հանգեցրել է ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման:

10. Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ ամբաստանյալ Հ.Սահակյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցների զանգվածում առկա են մի շարք ապացույցներ, որոնք ձեռք են բերվել քրեադատավարական օրենքի նորմերի խախտմամբ, հետևաբար հանդիսանում են անթույլատրելի: Ըստ բողոքաբերի` նշված ապացույցների թույլատրելիության հարցը բարձրացվել է իր վերաքննիչ բողոքում, սակայն Վերաքննիչ դատարանն առանց որևէ պատճառաբանության նշել է, թե նշված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու հիմքեր չկան:

11. Բացի այդ, բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի քննության ընթացքում թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ: Մասնավորապես, ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով իր վերաքննիչ բողոքը քննել է վճռաբեկության կարգով, որպիսի հանգամանքը զրկել է պաշտպանության կողմին նյութական իրավունքի խախտումների վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու, դատավարական իրավունքի խախտումները հիմնավորելու նպատակով այլ միջնորդություններ հարուցելու, ինչպես նաև դատական կազմին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից: Ըստ բողոքաբերի` տեղի է ունեցել նաև պաշտպանության իրավունքի խախտում:

12. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է ամբաստանյալ Հ.Սահակյանի մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի փետրվարի 22-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հուլիսի 21-ի որոշումը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

13. Սույն գործով բողոքաբերն ըստ էության անդրադարձել է երեք հարցի. ա) պաշտպանության միջոցների ներքո գտնվող երեք վկաների` չբացահայտված բովանդակությամբ ցուցմունքների օգտագործման իրավաչափությունը, բ) մի շարք ապացույցների թույլատրելիությունը, գ) վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վճռաբեկության կարգով քննության առնելու իրավաչափությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպանության միջոցներով ապահովված անձանց ցուցմունքների դատական կիրառելիության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է համարում նախ անդրադառնալ բողոքաբերի բարձրացրած առաջին իրավական հարցին:

14. Վճռաբեկ դատարանը քննության է առնում հետևյալ իրավական հարցը` անանուն վկաների չհրապարակված ցուցմունքները կարո՞ղ էին արդյոք որպես ապացույց օգտագործվել Հ.Սահակյանի նկատմամբ մեղադրական դատավճիռը պատճառաբանելիս:

15. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի (...) իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից (...) իր գործի (...) քննության իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից (...) արդարացի (...) դատաքննության իրավունք (...):

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները. (...),

բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար (...),

դ. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները (...)»:

16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական դատավարությունում արդար դատաքննության հիմնարար իրավական արժեքի բաղադրատարրերից է պաշտպանության կողմի իրավունքը տեղեկացված լինելու գործում եղած ապացույցների, հատկապես` մեղադրական ապացույցների մասին: Այդ իրավունքը ծագում է մինչդատական վարույթի եզրափակիչ ընթացաշրջանում` գործի նյութերին ծանոթանալիս, և տարածվում է դատական վարույթների վրա:

Ապացույցների մասին տեղեկացված լինելու` պաշտպանության կողմի իրավունքը բխում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետից և 3(բ) ենթակետից` որպես հավասար պայմանների իրավունքի և պաշտպանությունը նախապատրաստելու համար բավարար հնարավորություն ունենալու իրավունքի կենսագործման նախապայման: Եթե այդ նախապայմանը բացակայի, ապա կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը` ընդհանրապես, 6-րդ հոդվածի 1-ին կետով («զենքերի հավասարության» տարր) և 3(բ) ենթակետով երաշխավորված իրավունքը` մասնավորապես, կվերածվեն վերացական և պատրանքային իրավունքների:

17. Նախորդ կետում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը համահունչ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Մասնավորապես, Օջալանն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը, հիմնվելով պաշտպանության կողմի իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքի վրա, հայտնել է հետևյալ իրավական դիրքորոշումը. քրեական գործի նյութերին մեղադրյալի կամ նրա պաշտպանի մատչելիության սահմանափակումը չպետք է խոչընդոտի նախքան դատական քննությունը մեղադրյալի կողմից գործով ապացույցներին ծանոթանալու և այդ ապացույցների վերաբերյալ մեկնաբանություն կատարելու հնարավորությանը: Նույն գործով դատարանը նաև եզրահանգել է, որ պաշտպանության կողմի համար գործով ապացույցներին ծանոթանալու արդյունավետ հնարավորության բացակայությունը հակասում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին (տե՛ս Օջալանն ընդդեմ Թուրքիայի գործով Մեծ պալատի 2005 թվականի մայիսի 12-ի վճռի 140-144-րդ և 148-149-րդ կետերը, ինչպես նաև նույն գործով Պալատի 2003 թվականի մարտի 12-ի վճռի 160-րդ կետը, գանգատ թիվ 46221/99):

18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդհանուր առմամբ բովանդակում է սույն որոշման 16-րդ կետում մատնանշված հիմնարար իրավական արժեքները կենսագործելու համար անհրաժեշտ իրավական մեխանիզմներ:

Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետի համաձայն` «Մեղադրյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից անվճար պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` «Պաշտպանը, նպատակ ունենալով պարզելու մեղադրանքը հերքող, կասկածյալի կամ մեղադրյալի պատասխանատվությունը բացառող կամ պատիժը և դատավարական հարկադրանքի միջոցները մեղմացնող հանգամանքները, նրա օրինական շահերը պաշտպանելու, կասկածյալին կամ մեղադրյալին իրավաբանական օգնություն ցույց տալու համար, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի նախաքննության ավարտման պահից ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 265-րդ հոդվածի համաձայն` «1. Մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` քննիչն այդ մասին հաղորդում է մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին և որոշում է գործի նյութերի հետ նրանց ծանոթանալու ժամանակը և տեղը:

2. Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին քննիչը ծանոթանալու համար գործը ներկայացնում է նրանց միջնորդության դեպքում, իսկ մեղադրյալին և պաշտպանին` անկախ միջնորդությունից (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Երբ ապացույցները հետազոտված են, նախագահողը`

1) կողմերին բացատրում է, որ նրանք դատական վիճաբանությունների փուլում, իսկ դատարանը` դատավճիռ կայացնելիս, իրավունք ունեն հիմնվել միայն այն ապացույցների վրա, որոնք հետազոտվել են դատաքննության ժամանակ (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով` «Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը» «ապացուցված» համարվելու համար inter alia անհրաժեշտ է, որ դատարանը բացառապես «[հիմնվի] պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա» և «դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների» վրա:

19. Նախորդ կետում մեջբերված իրավադրույթներից բխում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա` (ա) մեղադրյալին և նրա պաշտպանին օրենքի ուժով տրվում է քրեական գործի նյութերին, այդ թվում` ապացույցներին ծանոթանալու հնարավորություն, (բ) դատավճռի հիմքում չեն կարող դրվել այնպիսի ապացույցներ, որոնք չեն հետազոտվել դատաքննության ընթացքում, (գ) մեղադրական դատավճռի հիմքում չեն կարող դրվել այնպիսի ապացույցներ, որոնց հետազոտումը չի կատարվել պատշաճ իրավական ընթացակարգով:

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ոչ միայն բովանդակում է սույն որոշման 16-րդ կետում մատնանշված հիմնարար իրավական արժեքները կենսագործելու համար անհրաժեշտ միջոցներ, այլև սահմանում է այնպիսի իրավական մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս ապահովել այդ արժեքներին հակակշռող հանրային շահերի, մասնավորապես` անձին, հասարակությանն ու պետությանը հանցագործություններից պաշտպանության, հանցագործությունների արդյունավետ բացահայտման կենսագործումը:

Այդպիսի հակակշռող իրավական ինստիտուտներից է քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության կառուցակարգը, որն ամրագրված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխում (98-րդ, 98.1-98.13, 99-րդ, 99.1 հոդվածներ):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու օրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-րդ հոդվածի համաձայն` «Պաշտպանության միջոցներն են` (...)

2) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալները պաշտպանելը (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.3-րդ հոդվածի համաձայն` «Պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալների պաշտպանությունն իրականացվում է`

1) քրեական գործի նյութերում և այլ փաստաթղթերում կամ տեղեկություններ պարունակող կրիչներում, ինչպես նաև քննչական գործողությունների կամ դատական նիստերի արձանագրություններում անձի մասին տեղեկությունների սահմանափակումով` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական գործում առկա արձանագրային տվյալներում պաշտպանվող անձի ազգանունը, անունը, հայրանունը կեղծանուններով փոխարինելու միջոցով:

Տեղեկությունները սահմանափակելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը և դրան առնչվող նյութերն առանձնացվում են քրեական գործի մյուս նյութերից և պահվում վարույթն իրականացնող մարմնի մոտ:

Հիմնական վարույթից առանձնացված որոշմանը և դրան առնչվող նյութերին ծանոթանալը մատչելի է միայն դատարանին և քրեական հետապնդումն իրականացնող մարմնին, իսկ դատավարության մյուս մասնակիցները դրան կարող են ծանոթանալ միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ, եթե դա անհրաժեշտ է կասկածյալի կամ մեղադրյալի պաշտպանությունն իրականացնելու կամ քրեական գործի քննության համար էական նշանակություն ունեցող որևէ հանգամանք պարզելու համար (...)»:

21. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործության բացահայտմանը նպաստող անձանց պաշտպանությունը` ընդհանրապես, և պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալների պաշտպանությունը` մասնավորապես, հետապնդում են իրավաչափ նպատակներ և ինքնին անհամատեղելի չեն մեղադրյալի` արդար դատաքննությունն ապահովող իրավական արժեքների հետ: Սակայն հանցագործության բացահայտմանը նպաստող անձանց պաշտպանությունը կանոնակարգող քրեադատավարական իրավանորմերը մեկնաբանելիս և դրանցով սահմանված իրավական մեխանիզմները գործադրելիս հարկ է նկատի առնել, որ դրանք չեն կարող հանգեցնել մեղադրյալի` արդար դատաքննության իրավունքի չեզոքացմանը: ՈՒստի խնդրո առարկա հարցի կապակցությամբ հանրային և մասնավոր իրավաչափ շահերը պետք է այնպես հավասարակշռվեն, որ մեղադրյալը չզրկվի «զենքերի հավասարության» իրավունքից և արդյունավետ պաշտպանության հնարավորությունից:

Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանց պաշտպանության կողմին ծանոթանալու հնարավորություն տալու, առանց դատաքննության ընթացքում հետազոտվելու` որևէ ապացույց չի կարող դրվել մեղադրական դատավճռի հիմքում: Այլ կերպ` չբացահայտված բովանդակությամբ ապացույցի հիման վրա անձին դատապարտելու արգելքը բացարձակ բնույթ է կրում` անկախ ապացույցների ընդհանուր զանգվածում այդ ապացույցի դերից: Այդ արգելքը խախտելն ինքնին կազմում է քրեադատավարական օրենքի էական խախտում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով:

22. Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները պարզաբանելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում իրավական դիրքորոշումներ հայտնել այն դեպքերի կապակցությամբ, երբ անձը դատապարտվում է բացահայտված բովանդակությամբ ապացույցի հիման վրա, որի կապակցությամբ սակայն հնարավորություն չի ստացել իրացնել հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) իրավունքը («Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3(դ) ենթակետ):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, կիրառելով և մեկնաբանելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3(դ) ենթակետը, եկել է այն ընդհանուր հետևության, որ եթե մեղադրյալին դատավարության որևէ փուլում հնարավորություն չի տրվել հարցեր ուղղելու իր դեմ ցուցմունք տված անձին, ապա նա զրկվում է արդար դատաքննության իրավունքից (տե՛ս ՈՒնտերպերտինգերն ընդդեմ Ավստրիայի, գանգատ թիվ 9120/80, 1986 թվականի նոյեմբերի 24-ի վճիռ, 31-33-րդ կետեր): Իսկ Սադակը և ուրիշներն ընդդեմ Թուրքիայի (թիվ 1) գործով վճռում Եվրոպական դատարանը զարգացրել է ՈՒնտերպերտինգերի գործով ամրագրված իրավական դիրքորոշումը և սահմանել, որ անձի դատապարտումը չի կարող ամբողջապես կամ վճռական չափով հիմնվել այնպիսի անձի հայտնած տվյալների վրա, որին հարցեր ուղղելու համարժեք հնարավորություն պաշտպանության կողմը չի ունեցել (տե՛ս Սադակը և ուրիշներն ընդդեմ Թուրքիայի (թիվ 1), գանգատներ թիվ 29900/96 և այլն, 2001 թվականի հուլիսի 17-ի վճիռ, 65-րդ կետ):

ՈՒնտերպերտինգերի և Սադակի գործերով Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները ոչ թե կոնկրետ գործի փաստերով պայմանավորված դատողություններ են, այլ Եվրոպական դատարանի կայուն նախադեպային պրակտիկայի արտահայտություն: Դրա մասին է վկայում այն, որ նշված իրավական դիրքորոշումները հետագայում բազմիցս վերահաստատվել ու կիրառվել են, մասնավորապես, հետևյալ գործերով. Հուլկի Գյունեշն ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 28490/95, 2003 թվականի հունիսի 19-ի վճիռ, 53-54-րդ կետեր, Գոսսան ընդդեմ Լեհաստանի, գանգատ թիվ 47986/99, 2007 թվականի հունվարի 9-ի վճիռ, 54-55-րդ կետեր, Բալսիտե-Լիդեիկյենեն ընդդեմ Լիտվայի, գանգատ թիվ 72596/01, 2008 թվականի նոյեմբերի 4-ի վճիռ, 86-րդ կետ, Չական ընդդեմ Ալբանիայի, գանգատ թիվ 44023/02, 2009 թվականի դեկտեմբերի 8-ի վճիռ, 102-րդ կետ, Խամեշինն ընդդեմ Ռուսաստանի, գանգատ թիվ 18487/03, 2010 թվականի մարտի 4-ի վճիռ, 32-րդ կետ, Ա.Ս.-ն ընդդեմ Ֆինլանդիայի, գանգատ թիվ 40156/07, 2010 թվականի սեպտեմբերի 28-ի վճիռ, 62-րդ կետ, և այլն:

23. Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հաստատուն նախադեպային իրավունքը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) իրավունքով չապահովված ապացույցը մեղադրական դատավճռի հիմքում դնելը քրեադատավարական օրենքի էական խախտում չի կազմի, եթե այդ ապացույցը վճռական կշիռ չունի անձի մեղքը հաստատող ապացույցների զանգվածում: Այլ կերպ` առանց հակընդդեմ հարցման` ապացույցը մեղադրական դատավճռի հիմքում դնելու արգելքը բացարձակ բնույթ չի կրում: ՈՒստի այս պարագայում հանրային և մասնավոր իրավաչափ շահերի հավասարակշռությունը հնարավոր է ապահովել հանրային շահերի առավել մեծ ընդգրկմամբ:

24. Քննության առարկա գործի փաստերը սույն որոշման 15-23-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ.Սահակյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի հիմքում չբացահայտված բովանդակությամբ ապացույցներ դնելով (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)` Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի խախտում: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն էական չի համարում Առաջին ատյանի դատարանի այն հիմնավորումը, որ գործով մնացած ապացույցները բավարար են Հ.Սահակյանի մեղքը հիմնավորելու համար, և այն փաստը, որ նշված երեք ապացույցներն Առաջին ատյանի դատարանում օգտագործվել են միայն ի լրումն (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

25. Վերոգրյալն ինքնին բավարար է սույն գործով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի որոշումը Հ.Սահակյանի մասով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա բեկանելու և գործն առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:

Ինչ վերաբերում է բողոքաբերի բարձրացրած երկրորդ հարցին (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը), ապա դրան պետք է պատասխան տրվի գործի նոր քննության արդյունքում: Իսկ բողոքաբերի բարձրացրած երրորդ հարցի կապակցությամբ (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշման բեկանման հետևանքով այդ հարցի իրավական նշանակությունը բացակայում է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Համայակ Զալիկոյի Սահակյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի փետրվարի 22-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հուլիսի 21-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.10.2011
N ԼԴ/0212/01/10
Որոշում