CONSEIL CONCIL
DE L'EUROPE OF EUROPE
COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS
ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԵՐԱՆՈՍՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 3916/06)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
20 հուլիս 2010
ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ 20/10/2010
Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
ԵՐԱՆՈՍՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՃԻՌ
Երանոսյանը և Այլոք ընդդեմ Հայաստանի գործում,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ բաժանմունք) Պալատը, հետևյալ կազմով`
Josep Casadevall, Նախագահ,
Elisabet Fura,
Bostjan M. Zupancic,
Alvina Gyulumyan,
Ineta Ziemele,
Luis Lopez Guerra,
Ann Power, դատավորներ,
և Santiago Quesada, Բաժանմունքի քարտուղար,
2010թ. հունիսի 29-ին կայացած դռնփակ նիստում,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկիզբ է առել 2006թ. մարտի 21-ին Հայաստանի Հանրապետության ութ քաղաքացիներ պրն. Վահան Երանոսյանի, պրն. Վարդան Երանոսյանի, տկն. Ռուզաննա Երանոսյանի, պրն. Տարոն Երանոսյանի, տկն. Սյուզաննա Երանոսյանի, պրն. Արսեն Գրիգորյանի, տկն. Լիլիթ Գրիգորյանի և տկն. Սիրանուշ Խաչատրյանի («դիմումատուներ») կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն (»Կոնվենցիա») Հայաստանի Հանրապետության դեմ բերված (թիվ 13916/06) գանգատի առնչությամբ:
2. Դիմումատուներին ներկայացնում էր փաստաբան պրն. Գ. Մարգարյանը, գործունեության վայրը` քաղաք Երևան: ՀՀ կառավարությունը («Կառավարություն») ներկայացնում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն. Գ. Կոստանյանը:
3. 2007թ. սեպտեմբերի 28-ին Երրորդ Բաժանմունքի նախագահն որոշեց գանգատն ուղարկել Կառավարությանը: Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Դատարանը որոշեց իրականացնել գործի ընդունելիության և ըստ էության միաժամանակյա քննություն:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
4. Դիմումատուները ծնվել են համապատասխանաբար 1976թ., 1975թ., 1971թ., 2001թ., 2004թ., 1994թ., 1999թ., 1978թ. և ապրում են Երևան քաղաքում:
5. Ըստ դիմումատուների` նրանք Երևան քաղաքի Բյուզանդ 15 հասցեում գտնվող 60.2 քմ մակերեսով բնակարանի նկատմամբ ունեցել են օգտագործման իրավունք: Բնակարանի սեփականատերը հանդիսանում էր իրենց ընտանիքի անդամ Ա.Ե.-ն: Կառավարությունն առարկեց այս պնդման դեմ և նշեց, որ միայն դիմումատուներ Վահան Երանոսյանը, Վարդան Երանոսյանը, Ռուզաննա Երանոսյանը և Սիրանուշ Խաչատրյանն են ունեցել բնակարանի նկատմամբ նման իրավունք, մինչդեռ մնացած դիմումատուները, որոնք անչափահասներ են, միայն ունեցել են խնդրո առարկա բնակարանում բնակվելու իրավունք:
6. 2002թ. օգոստոսի 1-ին Կառավարությունն ընդունեց թիվ 1151-Ն որոշումը, որով, կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով, հաստատեց Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ) օտարման գոտիները` 345,000 քմ ընդհանուր մակերեսով: Բյուզանդ փողոցը ներառված էր այդ օտարման գոտիների ցանկում:
7. 2004թ. հունիսի 17-ին Կառավարությունը որոշեց Բյուզանդ փողոցի մի հատվածի (որը պետք է վերանվանվեր Գլխավոր Պողոտա) կառուցապատումն իրականացնելու նպատակով պայմանագիր կնքել «Վիզկոն» ՍՊԸ մասնավոր ընկերության հետ:
8. 2004թ. հոկտեմբերի 1-ին «Վիզկոն» ՍՊԸ-ի և Երևանի Քաղաքապետարանի միջև կնքվում է համաձայնագիր, որը, մասնավորապես, իրավունք է վերապահում վերջինիս ուղղակիորեն բանակցել օտարման ենթակա անշարժ գույքի սեփականատերերի հետ, իսկ բանակցությունների ձախողման դեպքում պետության անունից հայց ներկայացնել դատարան` սեփականության հարկադիր օտարման պահանջով:
9. 2005թ. հունիսի 8-ին «Վիզկոն» ՍՊԸ-ն նամակով տեղեկացնում է դիմումատուներին, որ վիճարկվող բնակելի տարածությունը գտնվում է Գլխավոր Պողոտայի տարածքի օտարման գոտում և պետք է վերցվի պետության կարիքների համար: Այնուհետև, յուրաքանչյուր դիմումատուի առաջարկվում է 2,000 ԱՄՆ դոլարին համարժեք փոխհատուցում:
10. Դիմումատուները չեն ընդունում այդ առաջարկը:
11. «Վիզկոն» ՍՊԸ-ն պետության անունից հայց է ներկայացնում դիմումատուների դեմ` պահանջելով բնակարանի նկատմամբ նրանց օգտագործման իրավունքի դադարեցում և վտարում:
12. 2005թ. հունիսի 30-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարում է «Վիզկոն» ՍՊԸ-ի հայցը` դադարեցնելով դիմումատուների օգտագործման իրավունքը և նշանակում յուրաքանչյուրին 2,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով փոխհատուցում: Դատարանն իր որոշումը հիմնավորել էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածի 1-ին մասով:
13. 2005թ. հուլիսի 15-ին դիմումատուները վերաքննիչ բողոք են ներկայացնում:
14. 2005թ. օգոստոսի 8-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը բավարարում է «Վիզկոն» ՍՊԸ-ի հայցը նույն հիմքերով, ինչ առաջին ատյանի դատարանը:
15. 2005թ. օգոստոսի 22-ին դիմումատուները ներկայացնում են վճռաբեկ բողոք, որին ի լրումն բողոք ներկայացվում է 2005թ. սեպտեմբերի 19-ին:
16. 2005թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մերժում է դիմումատուների բողոքը:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
17. Գույքի նկատմամբ օգտագործման իրավունքի վերաբերյալ ներպետական օրենսդրության համապատասխան դրույթների համառոտ շարադրանքը տես Minasyan and Semerjyan v. Armenia գործով վճռում (գանգատ թիվ 27651/05, պարբ. 36-43, 2009թ. հունիսի 23):
18. Քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածի 1-ին մասը խնդրո առարկա ժամանակահատվածում սահմանում էր, որ հողամասը սեփականատիրոջից կարող է վերցվել պետության կամ համայնքի կարիքների համար` դրա գինը հատուցելու միջոցով: Կախված այն բանից, թե ում կարիքների համար է վերցվում հողամասը դրա գինը հատուցում է պետությունը կամ համայնքը:
ՕՐԵՆՔԸ
I. Թիվ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
19. Դիմումատուները բողոքեցին, որ իրենց գույքից զրկելը խախտել է Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով սահմանված երաշխիքները, համաձայն որի`
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»:
Ա. Կողմերի դիրքորոշումները
20. Կառավարությունը պնդեց, որ դիմումատուների գանգատը ratione materiae չի համապատասխանում Կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածին: Մասնավորապես, դիմումատուները չունեն գույք այդ հոդվածի իմաստով, քանի որ նրանք չունեն սեփականության իրավունք վիճարկվող տան նկատմամբ: Տան միակ սեփականատերը հանդիսանում էր երրորդ անձ` Ա.Ե-ն, մինչդեռ դիմումատուները այդ տան նկատմամբ ունեցել են միայն բնակելի տարածությունից օգտվելու իրավունք, ինչը հավասար է այնտեղ ապրելու իրավունքին և չի կարող համարժեք դիտարկվել «գույք» հասկացությանը:
21. Ավելին, դիմումատուներ Տարոն Երանոսյանը, Սյուզաննա Երանոսյանը, Արսեն Գրիգորյանը և Լիլիթ Գրիգորյանը նույնիսկ չունեին օգտագործման ինքնուրույն իրավունք, քանի որ նրանք անչափահասներ են և համաձայն «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի, ունեն իրենց ծնողների (մնացած դիմումատուների) կողմից զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք: Ամփոփելով` դիմումատուների գանգատը դուրս է Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի շրջանակից:
22. Դիմումատուները սահմանված ժամանակահատվածում չեն ներկայացրել առարկություններ` գանգատի ընդունելիության և ըստ էության քննության կապակցությամբ:
Բ. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիությունը
23. Դատարանը գտնում է, որ Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի նկատմամբ դիմումատուների գանգատի անհամապատասխանության հարցի վերաբերյալ Կառավարության առարկությունը սերտորեն կապակցված է այդ հոդվածի ներքո ներկայացված դիմումատուների գանգատի էությանը, ուստի այն պետք է միացվի գործի ըստ էության քննությանը:
24. Դատարանը նշում է, որ Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի ներքո դիմումատուների ներկայացրած գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով: Դատարանը նշում է նաև, որ գանգատն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:
2. Գործի ըստ էության քննությունը
(ա) Արդյոք տեղի է ունեցել գույքից օգտվելու իրավունքին միջամտություն
25. Դատարանը նշում է, որ ըստ Կառավարության դիրքորոշման դիմումատուները չեն ունեցել «գույք» Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով: Դատարանն այնուհանդերձ նշում է, որ բնակելի տարածության օգտագործման իրավունքը հանդիսանում է «գույք» այդ հոդվածի իմաստով (տես Minasyan and Semerjyan v. Armenia, վկայակոչված վերը, պարբ. 56):
26. Ինչ վերաբերում է մասնավորապես Տարոն Երանոսյանին, Սյուզաննա Երանոսյանին, Արսեն Գրիգորյանին և Լիլիթ Գրիգորյանին, Դատարանը նշում է, որ Կառավարության դիրքորոշումը չի հիմնավորվում ներպետական դատարանների եզրահանգումներով, որոնք գտել են, որ բոլոր դիմումատուներն ունեցել են բնակելի տարածությունից օգտվելու իրավունք և վճռել են դադարեցնել այդ իրավունքը հատուցում վճարելու միջոցով:
27. Դատարանն եզրահանգում է, որ սույն գործով բոլոր դիմումատուներն ունեցել են խնդրո առարկա բնակարանի նկատմամբ օգտագործման իրավունք և այդ իրավունքի դադարեցումը գույքից զրկելու միջոցով և Երևան քաղաքի կենտրոնում կառուցապատում իրականացնելու նկատառումներով հանդիսանում է միջամտություն դիմումատուների գույքից անարգել օգտագործելու իրավունքին (նույն տեղում, պարբ. 59 և 61): Հետևաբար, Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածին դիմումատուների գանգատի անհամապատասխանության վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը պետք է մերժվի:
(բ) Արդյոք դիմումատուների գույքից օգտվելու իրավունքին
միջամտությունն եղել է հիմնավորված
28. Դատարանը կրկնում է, որ Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջնային և կարևորագույն պահանջը հանդիսանում է այն, որ պետական մարմինների կողմից գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտությունը պետք է լինի օրինական. առաջին մասի երկրորդ նախադասությունը թույլատրում է գույքից զրկելը միայն «այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով» և երկրորդ մասը սահմանում է, որ պետությունն իրավունք ունի իրականացնել վերահսկողություն սեփականության օգտագործման նկատմամբ` կիրառելով «օրենքները»: Ավելին, օրենքի գերակայությունը` հանդիսանալով ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը, ներհատուկ է Կոնվենցիայի բոլոր հոդվածներին (տես Former King of Greece and Others v. Greece [GC], թիվ 25701/94, պարբ. 79, ECHR 2000-XII):
29. Դատարանն, այնուհետև, կրկնում է որ «այն պայմաններով, որոնք սահմանված են օրենքով» արտահայտությունն առաջին հերթին ենթադրում է պատշաճ մակարդակի մատչելի, բավարար հստակ և կանխատեսելի ներպետական իրավական նորմերի առկայություն և համապատասխանություն (տես, Lithgow and Others v. the United Kingdom, 8 հուլիս 1986թ., պարբ. 110, Սերիա Ա թիվ 102; Hentrich v. France, 22 սեպտեմբեր 1994թ., պարբ. 42, Սերիա Ա թիվ 296-A; և Beyeler v. Italy [GC], թիվ 33202/96, պարբ. 109, ECHR 2000-I):
30. Դատարանը նշում է, որ այն արդեն ուսումնասիրել է Երևան քաղաքի կենտրոնում կառուցապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով դատարանների կողմից Քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի հիման վրա օգտագործման իրավունքի դադարեցման վերաբերյալ գանգատ և գտել, որ դիմումատուների գույքի նկատմամբ միջամտությունը եղել է կամայական և անօրինական (տես, Minasyan and Semerjyan, վկայակոչված վերը, պարբ. 75-76):
31. Դատարանը գտնում է, որ սույն գործում խնդրո առարկա բնակարանի նկատմամբ դիմումատուների օգտագործման իրավունքը դատարանների կողմից դադարեցվել է միևնույն հիմնավորմամբ, չնայած այն փաստին, որ հղում է կատարվել Քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածի 1-ին կետին: Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ այդ հոդվածը սահմանում է հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման հնարավորությունը և չի պարունակում որևէ դրույթ բնակելի տարածության օգտագործման իրավունքի դադարեցման վերաբերյալ (տես, վերը պարբ. 18): Այսպես, դիմումատուների օգտագործման իրավունքը դադարեցվել է այն օրենքի հիման վրա, որը կիրառելի չէր նրանց դեպքում: Դատարանը գտնում է, որ օգտագործման իրավունքի նման դադարեցումը անխուսափելիորեն կհանգեցներ անկանխատեսելի կամ կամայական հետևանքների և կզրկեր դիմումատուներին իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանությունից: Հետևաբար, նման իրավական հիմնավորմամբ դիմումատուների գույքից օգտվելու իրավունքին միջամտությունը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան կամայական և անօրինական (տես, mutatis mutandis, Minasyan and Semerjyan, վկայակոչված վերը, պարբ. 75-76):
32. Նման եզրահանգումն անիմաստ է դարձնում հասարակական գերակա շահի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության համար ներկայացվող պահանջների միջև արդարացի հավասարակշռության խախտման քննարկումը (տես Sporrong and Lonnroth v. Sweden, 23 սեպտեմբեր 1982թ., պարբ. 69, Սերիա Ա, թիվ 52, և Iatridis v. Greece [GC], թիվ 31107/96, պարբ. 62, ECHR 1999-II):
33. Հետևաբար, առկա է Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
34. Դիմումատուները, այնուհետև, բողոքեցին, որ իրենց գույքից զրկելը խախտել է նաև Կոնվենցիայի 8-րդ հոդվածը, ինչպես նաև դատաքննության ընթացքում խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
35. Դատարանը, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը, ինչպես նաև այն, որ նշված գանգատների քննությունն իր իրավասության շրջանակներում է, գտավ, որ դրանցում առկա չեն Կոնվենցիայի և կից Արձանագրություններով երաշխավորված իրավունքների և ազատությունների խախտումներ: Հետևաբար, համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի, գանգատի այս մասը պետք է մերժվի որպես ակնհայտորեն անհիմն:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
36. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է`
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
37. Արդարացի փոխհատուցման վերաբերյալ պահանջը դիմումատուները ներկայացրել էին Դատարանի կողմից սահմանված ժամկետի խախտմամբ: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ այդ կապակցությամբ հատուցում նշանակելու պահանջ չի ներկայացվել (տես, որպես օրինակ, TV Vest AS and Rogaland Pensjonistparti v. Norway, թիվ 21132/05, պարբ. 80, 11 դեկտեմբեր 2008թ., և Maruszak v. Poland, թիվ 11253/07, պարբ. 62, 7 հուլիս 2009թ.):
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Որոշում է միացնել Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի ներքո դիմումատուների ներկայացրած գանգատն այդ հոդվածի դրույթներին չհամապատասխանելու վերաբերյալ Կառավարության առարկությունը գանգատի ըստ էության քննությանը և մերժել այն.
2. Հայտարարում է ընդունելի դիմումատուներին գույքից զրկելու վերաբերյալ Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի կապակցությամբ ներկայացված գանգատը, իսկ գանգատի մնացյալ մասն` անընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում.
4. Վճռում է, որ առկա չէ դիմումատուներին արդարացի փոխհատուցում նշանակելու վերաբերյալ որևէ պահանջ:
Կատարված է անգլերեն, գրավոր ծանուցվել է 2010թ. հուլիսի 20-ին համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի:
Santiago Quesada Josep Casadevall
Քարտուղար Նախագահ