Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2012-2016 ԹՎԱ ...

 

 

040.1913.120112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1913-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) ռազմավարական ծրագրի 2012-2016 թվականների միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն որոշումը չի կարող ուժի մեջ մտնել 2012 թվականի հունվարի

1-ից, քանի որ այն ստորագրվել է ՀՀ վարչապետի կողմից 2012

թվականի հունվարի 12-ին և հրապարակվել է 2012 թվականի հունվարի

18-ի N 4 տեղեկագրում: Այն կարող էր ուժի մեջ մտնել հրապարակմանը

հաջորդող օրը:

--------------------------------------------------------------------

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 29-ի

N 1913-Ն որոշման

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Վարակիչ հիվանդությունների բեռն աշխարհի բազմաթիվ երկրներում շարունակում է բարձր մնալ:

2. Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների տարեկան արձանագրվող հիվանդությունների կառուցվածքում վարակիչ հիվանդությունները կազմում են ավելի քան 40%, որի հիմնական բաժինն ընկնում է մարդու իմունային անբավարարության վիրուսին/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշին (այսուհետև` ՄԻԱՎ/ՁԻԱՀ), տուբերկուլոզին և մալարիային, որոնք աշխարհում տարեկան միլիոնավոր մարդկանց հիվանդանալու և մահվան պատճառ են դառնում: Վարակիչ հիվանդությունները սպառնալիք են բոլոր մարդկանց համար` անկախ տարիքից, սեռից, կենսակերպից, էթնիկ ծագումից և սոցիալ-տնտեսական վիճակից: Վարակիչ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերի շուրջ 43%-ը բաժին է ընկնում զարգացող երկրներին, իսկ 63%-ը` մանկական ազգաբնակչությանը:

3. Աշխարհում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում գրանցվել են զգալի հաջողություններ, մասնավորապես` հակաբիոտիկների, պատվաստանյութերի բացահայտումից հետո: Ժամանակակից բուժական միջոցները ևս նշանակալի դեր ունեն վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի հարցում: Սակայն ներկա սոցիալ-տնտեսական, էկոլոգիական գործոնների համակցությունը, այդ թվում` բնակչության արագ աճը, աղքատության ավելացումը և միգրացիան, քաղաքների զարգացումը, հիվանդություններ փոխանցող հոդվածոտանիների և վարակիչ հիվանդությունների բնական պահոց հանդիսացող կենդանիների բնակության արեալների փոփոխությունը, սննդի մշակման և տարածման մեթոդների փոփոխությունը, իմունադեֆիցիտի բերող վիճակները, հակաբիոտիկների անվերահսկելի կիրառումը, սննդի արտադրության, փաթեթավորման և բաշխման ժամանակակից եղանակները, վարվելակերպը, այդ թվում` սեռական, թմրանյութերի օգտագործման, սննդակարգի և այլն, շրջակա միջավայրի փոփոխությունը` ջրի, էկոհամակարգերի, կլիմայի գլոբալ տաքացման և այլն, բժշկագիտության բացահայտումները, հարուցիչների վիրուլենտության և թունարտադրության փոփոխությունները զգալի ազդեցություն են գործում աշխարհում վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման վրա: Հիմնախնդիրը մեծանում է հանրային առողջապահության գերակա խնդիր հանդիսացող անհայտ և սակավ ուսումնասիրված վարակիչ հիվանդությունների ի հայտ գալով, որոնց հարուցիչները դժվար են ախտորոշվում և/կամ կայուն են այս կամ այն բուժական պատրաստուկի նկատմամբ, որոնց համար մշակված չեն պատվաստանյութեր: Վերոհիշյալին զուգահեռ օրեցօր մեծանում է պատերազմների, ինչպես նաև խաղաղ պայմաններում կենսաբանական ահաբեկչության, դիվերսիաների նպատակով կենսաբանական ազդակների օգտագործման հավանականությունը:

4. Վերջին տարիներին աշխարհում առաջանում են մի շարք նոր հիվանդություններ (ատիպիկ թոքաբորբ, թռչնի գրիպ, խոզի գրիպ և այլն), որոնք դիմակայելու համար մարդկությունը դեռ չի ստեղծել համապատասխան կարողություններ: Վերջին 30 տարում շուրջ 40 նոր հիվանդություն է առաջացել, որոնց 75%-ն ունի կենդանական ծագում:

5. Ներկայում մեծ է վերադարձող հիվանդությունների հիմնախնդիրը: Բնական ծաղիկը, որը 1975 թվականից վերացվել է աշխարհում այսօր դարձյալ բժշկագիտության ուշադրության կենտրոնում է` կապված այս հիվանդության խիստ բարձր ախտածնության և առաջանալու հավանականության հետ: Աշխարհում գերակա է լեյշմանիոզի, ռիկեցիոզների, հեմոռագիկ տենդերի հիմնախնդիրը:

 

II. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

6. Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունները դեռևս շարունակում են առողջապահական հիմնախնդիր լինել:

7. Տարեկան արձանագրվող հիվանդությունների կառուցվածքում վարակիչ հիվանդությունները կազմում են 5%, մինչև 14 տարեկան երեխաների հիվանդացության կառուցվածքում` 10%, վարակիչ հիվանդություններից տարեկան մահանում է շուրջ 300 մարդ, որոնց հիմնական մասը տուբերկուլյոզից, որը հիմնախնդիր է ամբողջ աշխարհում: Վարակիչ հիվանդություններով շուրջ 11 հազար մարդ ստանում է հոսպիտալային բուժում, վարակիչ հիվանդության ավելի քան 27 հազար տնային և ավելի քան 3 հազար կազմակերպ օջախ է ձևավորվում, որոնք ենթարկվում են համաճարակաբանական հետազոտության:

8. Ներկայում Հայաստանում վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակը լարված չէ: Վերջին տարիներին դիֆթերիայի, ռիկեցիոզների, այդ թվում` համաճարակային բծավոր տիֆի և Բրիլի հիվանդության, սուր պոլիոմիելիտի, կատաղության, դեպքեր չեն արձանագրվել:

9. Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ առաջանում են բռնկումներ, որոնք չեն վերածվում համաճարակի: Հիմնականում արձանագրվում են աղիքային վարակների բռնկումներ` պայմանավորված ջրային (հիմնականում` ջրմուղ-կոյուղու ցանցում պարբերաբար առաջացող վթարներ) և սննդային գործոններով, ինչպես նաև սուր շնչառական վիրուսային հիվանդությունների հիվանդացության սեզոնային բարձրացումներ:

10. Բնական օջախային հիվանդությունները հիմնականում ընթանում են էպիզոոտիաների ձևով (կենդանի պահոցների շրջանում) և մարդկանց շրջանում որոշ հիվանդությունների եզակի դեպքերով կամ ոչ մեծ բռնկումներով: Երկրի տարածքի զգալի հատվածը բնական օջախ է այս հիվանդությունների համար (ժանտախտի դեպքում` տարածքի 75%-ը, տուլարեմիայի` 90%-ը, 60%-ը էնզոոտիկ է լեպտոսպիրոզի նկատմամբ, կատաղության առումով ռիսկային է շուրջ 5 մարզ) և այս հիվանդությունների հարուցիչները պարբերաբար անջատվում են բնական պահոցների արտաքին մակաբույծներից:

11. Շնորհիվ Իմունականխարգելման ազգային ծրագրի արդյունավետ իրականացման` հանրապետությունում 1995 թվականից չի արձանագրվում պոլիոմելիտի դեպք, 2000 թվականից` դիֆթերիայի դեպք (1994-1995 թվականների բռնկումից հետո իրավիճակը կայունացել է), 2007 թվականից` կարմրուկ և կարմրախտի, իսկ խոզուկ, կապույտ հազ, փայտացում հիվանդությունների դեպքերն արձանագրվում են եզակի: Կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով նշվածը զգալի ձեռքբերում է, քանի որ եվրոպական տարածաշրջանի երկրներում այս հիվանդություններն արձանագրվում են նույնիսկ բռնկումների ձևով:

12. Հանրապետությունում բնակլիմայական պայմանները նպաստավոր են տարափոխիկ (միջատների միջոցով փոխանցվող) հիվանդությունների տարածման համար, մասնավորապես` դրանք փոխանցող հոդվածոտանիների պոպուլյացիայի կենսագործունեության համար: Չնայած դրան` ձեռնարկված համալիր միջոցառումների հետևանքով 2006 թվականին տեղական մալարիան հանրապետությունում էլիմինացվեց (վերացվեց): Վերջին մի քանի տարում փոքր-ինչ ակտիվացել է ընդերային լեյշմանիոզի համաճարակային իրավիճակը, որը հետևանք է թափառող կենդանիների օրգանիզմում, որպես բնական պահոց, վարակի գոյատևման, օրգանական աղբի կուտակումների վրա բազմացող մլակների միջոցով կենդանիներից մարդուն վարակի փոխանցման: Իսկ մնացած տարափոխիկ հիվանդությունների առումով իրավիճակը հանգիստ է:

13. Զոոնոզ` մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների (բրուցելոզ, սիբիրախտ և այլն) շարժընթացը պայմանավորված է կենդանիների շրջանում վերջիններիս տարածվածությամբ:

14. Վիրուսային հեպատիտները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության առողջապահության գերակա խնդիրներից են և բնութագրվում են լայն տարածմամբ, համաճարակային ներուժով, ինչպես նաև բնակչության առողջությանը և տնտեսությանը հասցրած հսկայական վնասով: Հեպատիտներն այսօր լյարդի ախտաբանությամբ պայմանավորված մահվան հիմնական պատճառներից են: ՀՀ-ում վիրուսային հեպատիտների կառուցվածքում, համաձայն վիճակագրական տվյալների, հիմնական մասը կազմում է հեպատիտ Ա-ն:

15. 1990-ականներից սկսած բնակչության սոցիալ-տնտեսական դժվարությունները, միգրացիան, հակատուբերկուլոզային հիմնական դեղամիջոցների անբավարար քանակը, տուբերկուլոզի վերաբերյալ ազգաբնակչության ցածր իրազեկվածությունը և այլ պայմաններ նպաստեցին Հայաստանում տուբերկուլոզի համաճարակային իրավիճակի վատթարացմանը: 2000 թվականին` 1990-ի համեմատ տուբերկուլոզի հիվանդացությունն աճեց մոտ 2 անգամ: Նշված աճը դիտարկվեց մինչև 2005 թվականը: Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում իրականացված մի շարք համալիր միջոցառումների արդյունքում, սկսած 2006 թվականից, տարեցտարի նկատվում է հիվանդացության ցուցանիշի նվազում: 1990-2000 թվականներին մահացության ցուցանիշն աճեց մոտ 1.6 անգամ: Վերջինիս նպաստեցին մահացու ելքով հիվանդության սուր և դիսեմինացված ձևերի (որոնց մեջ մեծ տեղ են զբաղեցնում աշխատանքային միգրանտները), ՄԻԱՎ/տուբերկուլոզ համակցված ձևերի, ինչպես նաև առաջին շարքի հակատուբերկուլոզային հիմնական դեղամիջոցներով չբուժվող բազմադեղակայուն դեպքերի հաճախացումը: Սկսած 2007 թ-ից մահացության ցուցանիշը ևս տարեցտարի նվազման միտում ունի:

16. Սեռավարակների, տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ ծրագրերը վարակիչ հիվանդությունների ընդհանուր համաճարակաբանական հսկողության համակարգում ինտեգրման անհրաժեշտություն ունեն:

17. Հայաստանում վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակը կապված է նաև դրանց բնական պարբերականության, սեզոնականության, բնական օջախականության, տեղաճարակայնության (էնդեմիկության), ինչպես նաև բնակչության ակտիվ տեղաշարժի, բժշկագիտության զարգացման ներկա փուլի հնարավորությունների, նյութատեխնիկական ռեսուրսների բավարարության, լաբորատոր համակարգի զարգացման և այլ հիմնախնդիրների հետ:

18. Նոր առաջացող հիվանդություններից շատերը չնայած դեռևս չեն արձանագրվել Հայաստանի Հանրապետությունում, սակայն դրանց ներթափանցումը երկիր հնարավոր է, մասնավորապես` հեմոռագիկ տենդերի, էնցեֆալիտների, ատիպիկ թոքաբորբի և այլն:

19. Վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղղությամբ զգալի աշխատանք է իրականացվել: Առանձին հիվանդությունների ուղղությամբ մշակվել և ընդունվել են շուրջ քսան սանիտարահամաճարակային կանոններ և նորմեր: Գործադրվել են Իմունականխարգելման ազգային ծրագիրը, ՀՀ-ում կարմրուկի և կարմրախտի վերացման, խոզուկի վերահսկման և բնածին կարմրախտի համախտանիշի ազգային ծրագիրը, ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերը, որոնց շրջանակներում իրականացվել և իրականացվում են նշված վարակների կանխարգելմանը և դրանց դեմ պայքարին ուղղված միջոցառումներ:

20. Մինչև 2010 թվականը հաջողությամբ իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում տեղական մալարիայի կանխարգելման ծրագիրը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը եվրոպական տարածաշրջանում առաջիններից մեկը հասավ երկրում մալարիայի էլիմինացմանը և ներկայում աշխատանքներ են տարվում երկիրը` որպես մալարիայից ազատ գոտի վկայագրելու համար և գործադրվում է Մալարիայի արմատավորման կանխարգելման ծրագիրը:

21. Վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի հարցում զգալի խթան են Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (2005 թվական) Հայաստանի Հանրապետությունում ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները, որոնք ուղղակիորեն առնչվում են վարակիչ հիվանդությունների հարցին:

22. Վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումները սկսվում են պետական սահմանից: Այս առումով ՀՀ Նախագահի կարգադրությամբ 2010 թվականի նոյեմբերի 3-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը», ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի թիվ 482-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների» ծրագիրը: Պետական սահմանի անցման կետերում վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումները Միջազգային առողջապահական կանոնների պահանջներին համապատասխան իրականացնելու նպատակով կանոնակարգվել է կոնտակտավորների հսկողության հետ կապված զբոսաշրջային օպերատորների և ավիաուղիների հետ կապի մեխանիզմների ապահովման, ինչպես նաև Միջազգային առողջապահական կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմնի և Միջազգային առողջապահական կանոնների գործադրման հարցերով նշանակված սահմանի անցման կետերի փոխգործակցության գործընթացները:

23. Վարակիչ հիվանդությունների կանխարգելման և պայքարի գործում հիմնարար է «Հանրային առողջության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը: Այս օրենքի ընդունմամբ կկանոնակարգվեն վարակիչ հիվանդություններին առնչվող բազմաթիվ հարցեր, որոնք կանոնակարգված չեն գործող օրենսդրությամբ:

24. Այսօր Հայաստանի Հանրապետության համար արդիական խնդիր է իրականացվող պայքարի և կանխարգելման միջոցառումների շնորհիվ երկրում պահպանել վարակիչ հիվանդությունների առումով համաճարակային հանգիստ իրավիճակը և հնարավորինս կանխարգելել համաճարակների առաջացումը:

25. Որպես համազգային նշանակություն ունեցող փաստաթուղթ, սույն ռազմավարական ծրագիրն այն գործիքն է, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության պահպանմանը, վարակիչ հիվանդությունների առումով ձեռքբերումներն ամրապնդելուն, հիմնախնդիրները հնարավորինս լուծելուն` վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց հետ պայքարի ճանապարհով և ապահովելու երկարաժամկետ առաջընթաց վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության և արձագանքման ոլորտում` համագործակցելով ոլորտում գործադրվող այլ ծրագրերի հետ:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

26. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների բեռի նվազեցումն է:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

27. Վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և դրանց դեմ պայքարին ուղղված նպատակային քաղաքականության զարգացում և իրականացում:

28. Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգի, այդ թվում` տեղեկատվական համակարգի կատարելագործում:

29. Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգն ապահովող տեղեկատվական համակարգի զարգացում:

30. Վարակիչ հիվանդությունների ինտեգրացված համաճարակաբանական հսկողության համակարգի ձևավորում:

31. Վարակիչ հիվանդությունների արձագանքման կարողությունների զարգացում:

32. Վարակիչ հիվանդությունների ախտորոշման լաբորատոր համակարգի զարգացում:

33. Վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացում ընդգրկված բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործում:

34. Վարակիչ հիվանդություններով պայմանավորված արտակարգ իրավիճակներին արձագանքման կարողությունների զարգացում:

35. Վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի բնագավառում գիտահետազոտական աշխատանքների կատարելագործում:

36. Կլինիկական (հոսպիտալային) համաճարակաբանության զարգացում վարակիչ հիվանդությունների մասով:

37. Պետական սահմանի անցման կետերում վարակիչ հիվանդությունների ներբերման և տարածման կանխարգելման կարողությունների զարգացում:

 

V. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

38. Վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և դրանց դեմ պայքարին ուղղված նպատակային քաղաքականության զարգացումը և իրականացումն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ճանապարհով համաճարակային հանգիստ իրավիճակի ապահովմանը` հետևյալ ռազմավարությունների գործադրմամբ.

1) Վարակիչ հիվանդությունների ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործում, որի միջոցառումներն են.

ա. մշակել և գործողության մեջ դնել հանրային առողջապահության ոլորտում առանձին վարակիչ, սննդային ծագման հիվանդությունների, ինչպես նաև դրանց դեմ պայքարի և կանխարգելման ընդհանուր հարցերը կանոնակարգող սանիտարահամաճարակաբանական կանոններ և նորմեր.

բ. մշակել և գործողության մեջ դնել հանրային առողջապահության ոլորտում առանձին վարակիչ, սննդային ծագման հիվանդությունների վերաբերյալ սանիտարահամաճարակաբանական կանոնների և նորմերի արդյունավետ գործադրման, ընդհանուր համաճարակաբանական գործընթացների կանոնակարգման համար մեթոդական փաստաթղթեր, ուղեցույցներ:

2) Վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործողությունների կառավարման համակարգի ամրապնդում, որի միջոցառումներն են.

ա. ստեղծել վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կամ զարգացնել ոլորտում գործող այլ միջգերատեսչական համակարգող հանձնաժողովներից մեկը` դրանք միավորելու ճանապարհով.

բ. մարզային մակարդակում իրականացնել շահագրգիռ կառույցների համակարգված աշխատանք.

գ. համայնքային մակարդակում վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի աշխատանքներն իրականացնել բնակչության մասնակցությամբ:

3) Միջգերատեսչական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության զարգացում, որի միջոցառումներն են.

ա. մշակել և ներդնել մեխանիզմներ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացում շահագրգիռ պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների մասնակցության ուղղությամբ.

բ. հստակեցնել և կանոնակարգել վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացում տարբեր մակարդակների առողջապահական կազմակերպությունների և շահագրգիռ մարմինների դերերը.

գ. գնահատել համաճարակաբանական հսկողության համակարգում մասնավոր կառույցների ընդգրկվածությունը և մասնավոր բուժկանխարգելիչ կազմակերպությունները, լաբորատորիաներն ինտեգրել համաճարակաբանական հսկողության համակարգում.

դ. աշխատանքներ տանել հանրային առողջապահության ոլորտում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման հարցերով տարածաշրջանային և միջազգային ռազմավարական և ինստիտուցիոնալ կապեր հաստատելու ուղղությամբ.

ե. միջպետական համաձայնագրերում ամրագրել վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության և Միջազգային առողջապահական կանոնների համատեքստում դրանց առնչվող դրույթներ.

զ. կատարելագործել տարածաշրջանի և այլ երկրների հետ հանրային առողջապահության ոլորտում վարակիչ հիվանդությունների մասին փոխտեղեկատվության համակարգը.

է. տարածաշրջանի և այլ երկրների հետ ներդնել հանրային առողջապահության ոլորտում վարակիչ հիվանդություններով պայմանավորված արտակարգ իրավիճակների մասին փոխտեղեկատվության լիարժեք, գործուն և ժամանակակից համակարգ, իրականացնել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (2005 թ.) ներդրման նպատակով փորձի փոխանակում, լաբորատորիաների գործունեության ոլորտում համագործակցություն և փորձի փոխանակում.

ը. աշխատանքներ տանել Միջազգային համաճարակաբանական ցանցերին անդամակցելու համար.

թ. աշխատանքներ տանել համաճարակաբանության ոլորտում իրականացվող միջազգային ծրագրերին մասնակցության համար:

 

VI. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

 

39. Հայաստանում վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործման նպատակն է այն համապատասխանեցնել միջազգային պահանջներին:

1) Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության ենթահամակարգերի զարգացում, որի միջոցառումներն են.

ա. զարգացնել 1-4-րդ խմբի միկրոօրգանիզմներով հարուցված և նոր առաջացող հիվանդությունների համաճարակաբանական (այդ թվում` էպիզոոտոլոգիական, միջատաբանական) հսկողության համակարգը` ներառյալ մոնիթորինգի, վերլուծության, գնահատման, կանխատեսման և որոշումների ընդունման ենթահամակարգերը.

բ. զարգացնել համաճարակաբանական վերլուծության և գնահատման կարողությունները` միջազգային վերլուծական համաճարակաբանության սկզբունքներին համապատասխան.

գ. ըստ համայնքային, մարզային և հանրապետական մակարդակների սահմանել և գործադրել վերլուծության և գնահատման ցուցանիշներ.

դ. վերանայել, միջազգային մոտեցումներին համապատասխանեցնել և ներդնել Հայաստանի Հանրապետությունում համաճարակաբանական հսկողության ենթակա վարակիչ, սննդային ծագման հիվանդությունների դեպքերի ստանդարտ բնորոշումները և ապահովել համայնքային, մարզային և հանրապետական մակարդակներում դրանց կիրառումը.

ե. բոլոր մակարդակներում ապահովել վարակիչ հիվանդությունների դեպքերի ստանդարտ բնորոշումների կիրառումը.

զ. աշխատանքներ տանել հաշվառում չունեցող բնակչության քանակակազմերի շրջանում վարակիչ հիվանդությունների հսկողությունն ապահովելու համար.

է. ապահովել մարդու, մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդության կասկած ներկայացնող անսովոր և անսպասելի դեպքերի համաճարակաբանական հսկողությունը.

ը. ներդնել կարճատև հետազոտություններ համաճարակաբանական հսկողության համակարգում, այդ թվում` անանուն, կլաստերային, ընտրանքային հետազոտություններ և այլն.

թ. միջազգային մոտեցումներին համապատասխան մշակել և ներդնել համաճարակաբանական հսկողության համակարգի գնահատման մեթոդաբանություն.

ժ. պարբերաբար իրականացնել առանձին վարակիչ հիվանդությունների և ընդհանուր համաճարակաբանական հսկողության համակարգի գնահատումներ` ստանդարտ մեթոդաբանությունների կիրառմամբ:

2) Ռիսկերի գնահատում, կառավարում, բռնկումների կանխարգելման և վարման կատարելագործում, որի միջոցառումներն են.

ա. իրականացնել Հայաստանում մարդու, մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ռիսկերի գույքագրում և քարտեզագրում.

բ. մշակել և ներդնել մարդու, մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման ռիսկերի գնահատման, դրանց կառավարման և նվազեցման համակարգեր` մեթոդաբանություն, ընթացակարգ.

գ. զարգացնել մարդու և մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների վարման ուղեցույցները` այլ շահագրգիռ մարմինների կողմից իրականացվող գործընթացների մասով.

դ. կազմակերպել և իրականացնել փոքր համայնքային տեսական կամ գործնական վարժանքներ բռնկումների վարման հարցերով:

3) Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության հարցերով մեթոդագործնական աջակցության համակարգի կատարելագործում, որի միջոցառումներն են.

ա. մշակել և ներդնել շահագրգիռ կառույցներին, առողջապահական համակարգի մարմիններին` այդ թվում` տարածքային և մարզային, մեթոդագործնական օգնության ցուցաբերման մեխանիզմներ և շարունակականորեն ապահովել դրանց գործունեությունը.

բ. ներդրվող իրավական ակտերի, մեթոդական փաստաթղթերի մասին իրազեկել շահագրգիռ կառույցներին, այդ թվում` բուժկանխարգելիչ կազմակերպություններին.

գ. զարգացնել հոսպիտալային համաճարակաբանի ինստիտուտը:

4) Վերացված (մոռացված) և էլիմինացված վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգերի կատարելագործում, որի միջոցառումներն են.

ա. դիմել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը վերացված (մոռացված) և Էլիմինացված վարակիչ հիվանդությունների հետագա առաջացման և տարածման կանխարգելման ուղղությամբ միջազգային դասընթացներին հայ մասնագետների մասնակցության ապահովմանն աջակցելու համար.

բ. զարգացնել միջազգային, միջպետական համագործակցությունը վերացված (մոռացված) վարակիչ հիվանդությունների ուղղությամբ.

գ. գնահատել Հայաստանում վերացված (մոռացված) և էլիմինացված վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակը նախկինում և ներկայում.

դ. կազմակերպել և իրականացնել էլիմինացված, վերացված հիվանդությունների առումով կարգավիճակի պահպանմանն ուղղված միջոցառումներ:

5) Բնական օջախային և տարափոխիկ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգերի կատարելագործում, որի միջոցառումներն են.

ա. ներդնել բնական օջախային հիվանդությունների ուղղությամբ վարակիչ հիվանդությունների բնական պահոցների, դրանց էկտոմակաբույծների հետազոտության նոր մեթոդներ և կատարելագործել դրանց ուղղությամբ հետազոտությունների իրականացման գործընթացը.

բ. հիմնել էնդեմիկ հիվանդությունների և բնական օջախային հիվանդությունների փոխանցող հոդվածոտանիների հետազոտության կայուն և ընդլայնված ժամանակակից համակարգ.

գ. վերանայել և կատարելագործել փոխանցողների լաբորատոր հետազոտության համակարգը` ժամանակակից պահանջներին համապատասխան.

դ. որոշել վարակիչ հիվանդությունների հարուցիչների, փոխանցողների և պահոցների արեալները, ներդնել քարտեզագրման նոր մեթոդներ.

ե. քարտեզագրել նախկին և ներկա անասնագերեզմանոցները, հսկողություն սահմանել գործողների նկատմամբ և զարգացնել համագործակցությունը Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների միջև անասնագերեզմանոցների հսկողության ուղղությամբ:

6) Սննդային ծագման վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործում, որի միջոցառումներն են.

ա. հստակեցնել սննդամթերքի անվտանգության ծառայության հետ համագործակցության ուղղությունները, ինչպես նաև գործառույթները, մշակել և ներդնել գործընթացների ստանդարտ ընթացակարգեր.

բ. մշակել և ներդնել սննդամթերքի հետ կապված հանրային առողջապահական ռիսկերի ցանկը.

գ. մշակել և ներդնել սննդամթերքի անվտանգության ոլորտում կատարած ուսումնասիրությունների, վերլուծությունների, բացահայտված խախտումների ու թերությունների, հայտնաբերած վտանգավոր սննդամթերքի, դրանց հետ շփվող նյութերի ու հավելումների մասին տեղեկատվության կարգ` Միջազգային առողջապահական կանոնների շրջանակներում.

դ. մշակել և ներդնել սննդային ծագման վարակիչ հիվանդության դեպքերի` սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ համատեղ համաճարակաբանական հետաքննության/հետազոտության համակարգ.

ե. մշակել և ներդնել սննդային ծագման վարակիչ հիվանդությունների դեպքերի, բռնկումների համաճարակաբանական հսկողության, գնահատման և վարման ուղեցույցներ, նորմատիվ-իրավական ակտեր.

զ. մշակել և ներդնել սննդամթերքի աղտոտման (բաղարկման) տվյալների շարունակական հավաքման, վերլուծության և արդյունքները ժամանակին Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնին տեղեկացնելու համակարգ.

է. մշակել և ներդնել սննդային ծագման վարակիչ հիվանդությունների դեպքերի արձագանքման պլան, պարբերաբար գնահատել վերջինիս գործադրման արդյունավետությունը.

ը. մշակել և շարունակականորեն գործադրել սննդամթերքի անվտանգության ամբողջ շղթայում ընդգրկված անձանց հիգիենիկ ուսուցման ծրագիր:

7) Սեռավարակների համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործում, որի միջոցառումներն են.

ա. իրականացնել սեռավարակների (ինչպես կլինիկորեն արտահայտված, այնպես էլ անախտանիշ ձևերի) տարածվածության մոնիթորինգ և հարուցիչների տարածվածության գնահատում.

բ. մշակել սեռավարակների կանխարգելմանն ուղղված ազգային ծրագիր.

գ. սեռավարակների համաճարակաբանական հսկողության համակարգը լրամշակել և ինտեգրել ընդհանուր համաճարակաբանական հսկողության համակարգում.

դ. մշակել և ներդնել սեռավարակների հարուցիչների դեղորայքակայուն ձևերի մոնիթորինգի համակարգ.

ե. աշխատանքներ տանել սեռավարակների սկրինինգային ծրագրերի ներդրման ուղղությամբ.

զ. բարելավել և ստանդարտացնել սեռավարակների ախտորոշման, այդ թվում` լաբորատոր, և բուժման ընթացակարգերը.

է. մշակել հիվանդների վարման ստանդարտացված ընթացակարգ` ախտորոշում, բուժում, սեռական զուգընկերոջ բուժում, քարոզչություն, գաղտնիության ապահովում, հետազոտության ձևաթուղթ.

ը. գնահատել և կատարելագործել դեռահասների համար սեռավարակների ուղղությամբ ծառայության մատչելիությունը:

8) Վիրուսային հեպատիտների համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործում, որի միջոցառումներն են.

ա. մշակել «Վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման նպատակային ծրագիր».

բ. մշակել և ներդնել վիրուսային հեպատիտների առումով ռիսկի նպատակային քանակակազմերի շրջանում լաբորատոր հետազոտությունների իրականացման ընթացակարգ.

գ. ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանական հսկողության համակարգը կատարելագործել` արտաընդերային ճանապարհով փոխանցվող վիրուսային հեպատիտների տեսակետից.

դ. հանրային առողջապահական լաբորատորիաներում ներդնել վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի որակական և քանակական հետազոտությունները.

ե. մշակել և ներդնել շրջակա միջավայրի օբյեկտներում վիրուսային հեպատիտ Ա-ի հարուցիչների որոշման մեթոդաբանություն:

9) Աղիքային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործում, որի միջոցառումներն են.

ա. կատարելագործել աղիքային վարակիչ հիվանդությունների լաբորատոր ախտորոշման կարողությունները.

բ. անհայտ ծագման աղիքային վարակիչ հիվանդությունների հետազոտություններն իրականացնել բոլոր հնարավոր հարուցիչների` մանրէների, վիրուսների և մակաբույծների նկատմամբ.

գ. կատարելագործել աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների արտազատած տոքսինների լաբորատոր հետազոտությունների կարողությունները.

դ. կատարելագործել աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի և օջախների համաճարակաբանական հետազոտության կարողությունները:

10) Վարակի հսկողության համակարգի կատարելագործում, որի միջոցառումներն են.

ա. մշակել և ներդնել հակամանրէային պատրաստուկների նկատմամբ միկրոօրգանիզմների կայունության համաճարակաբանական հսկողության համակարգ.

բ. սահմանել հակամանրէային պատրաստուկների նկատմամբ միկրոօրգանիզմների կայունությունն ուսումնասիրող ռեֆերենս լաբորատորիա.

գ. մշակել և բուժկանխարգելիչ կազմակերպություններում ներդնել վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման օրինակելի ծրագիր.

դ. ըստ առանձին բժշկական օգնության և սպասարկման տեսակների իրականացման մակարդակների բուժկանխարգելիչ կազմակերպությունների համար մշակել և ներդնել մեկուսարաններով հագեցվածության, ինչպես նաև վարակաբաններով համալրվածության չափորոշիչներ.

ե. մշակել բուժկանխարգելիչ կազմակերպություններում կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոնների ազդեցությունից բուժաշխատողների պաշտպանության ընթացակարգ.

զ. մշակել և բուժկանխարգելիչ կազմակերպություններում ներդնել բուժաշխատողների շրջանում խմբակային հիվանդությունների և անհայտ ծագման հիվանդությունների դեպքերի համաճարակաբանական հսկողության համակարգ.

է. իրականացնել վարակի հսկողության գործընթացի արդյունավետության շարունակական գնահատում.

ը. մշակել և ներդնել ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանական հսկողության համակարգ.

թ. իրականացնել բուժկանխարգելիչ կազմակերպությունների` ռիսկի վրա հիմնված հսկողություն:

11) Համախտանշանային (սինդրոմային) համաճարակաբանական հսկողության համակարգի մշակում և ներդրում, որի միջոցառումներն են.

ա. ընտրել համաճարակաբանական հսկողության ենթակա առանձին համախտանիշների (սինդրոմների) ցանկը, մշակել և ներդնել դրանց համաճարակաբանական հսկողության համակարգերը.

բ. Համախտանշանային (սինդրոմային) համաճարակաբանական հսկողության համակարգի գործադրումից առաջ իրականացնել դրա վերաբերյալ բուժանձնակազմի կրթում:

12) Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգի մոնիթորինգի, վերլուծության և գնահատման ենթահամակարգերի կատարելագործում, որի միջոցառումներն են.

ա. կատարելագործել վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգն ապահովող տեղեկատվական համակարգը.

բ. վերանայել և լրամշակել համաճարակաբանական հսկողության համակարգի հաշվառման ձևաթղթերը/մատյանները, հաշվետվողականության ընթացակարգերն ու տեսակները, ձևաչափը և դրանք ստանդարտացնել.

գ. բոլոր մակարդակներում ներդնել ամսական վերլուծությունների համակարգ.

դ. բարելավել տվյալների որակը, վերլուծությունն ու կիրառումը համակարգի տարբեր մակարդակներում.

ե. ըստ համայնքային, մարզային և հանրապետական մակարդակների սահմանել և գործադրել համաճարակաբանական վերլուծության և գնահատման ցուցանիշներ.

զ. կատարելագործել հետադարձ կապը համակարգի բոլոր մակարդակներում.

է. մշակել և ներդնել տվյալների արժանահավատության ստուգման ընթացակարգեր, ստուգաթերթեր և ծրագիր-ժամանակացույց.

ը. ծրագրերի շրջանակներում սահմանել ցուցանիշներ, որոնք պետք է ներառվեն հաշվետվողականության ընթացակարգերում.

թ. հրապարակել համաճարակաբանության ազգային տեղեկագիր, որը կպարունակի տեղեկություններ և հրապարակման ենթակա տվյալներ վերջին համաճարակների (ազգային և միջազգային), հսկողության տվյալների վերլուծության արդյունքների (գծապատկերներ, աղյուսակներ և մեկնաբանություններ), ինչպես նաև համապատասխան քաղաքականությունների և ընթացակարգերի վերաբերյալ:

 

VII. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

40. Հայաստանում վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգն ապահովող տեղեկատվական համակարգի զարգացման նպատակն է համակարգը վերազինել տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների համար անհրաժեշտ ծրագրային ապահովմամբ, տվյալների իրատեսական տեղեկատվական հոսքերով, այն համապատասխանեցնել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (2005 թվական) պահանջներին:

1) Վարակիչ հիվանդությունների վերաբերյալ պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվական հոսքերի ապահովում համաճարակաբանական հսկողության համակարգի գործադրման համար, որի միջոցառումներն են.

ա. բոլոր մակարդակներում ստեղծել և գործադրել վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվության էլեկտրոնային բազա.

բ. օգտագործել ոչ պաշտոնական տեղեկատվության աղբյուրները` զանգվածային լրատվության միջոցներ, թեժ գիծ վարակիչ հիվանդությունների մասին տեղեկատվության ստացման համար.

գ. մշակել և գործադրել առանձին պետական և տարածքային կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ասոցիացիաների, կենտրոնների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգում ներդնելու մեխանիզմներ.

դ. ամրապնդել կապերը տեղեկատվության տարբեր հոսքերի միջև և վերջիններիս ու ընդհանուր համաճարակաբանական հսկողության համակարգի տեղեկատվական բազայի միջև.

ե. ներդնել շաբաթական գործակարգավորչական հանդիպումների համակարգ մարզային մակարդակի կառույցների մասնակցությամբ` տեղեկատվական տեխնիկայի կիրառմամբ.

զ. ստեղծել տվյալների բազա, որը կպարունակի տվյալներ ընդունված ահազանգերի (հաստատված և ժխտված), ռիսկի գնահատման գործընթացի արդյունքների և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:

2) Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության տեխնոլոգիական և ծրագրային ապահովում, որի միջոցառումներն են.

ա. աշխատանքներ տանել աշխարհագրական տեղեկատվական համակարգերը վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգում ներդնելու ուղղությամբ.

բ. ըստ մակարդակների հստակ բաշխել տվյալների օգտագործման և նրանց համապատասխան գործելու համար պատասխանատվությունները և գործառույթները.

գ. մարզային մակարդակում ստեղծել տեղեկատվական ցանց.

դ. համաճարակաբանական հսկողության բոլոր մակարդակներն ապահովել տեղեկատվական տեխնիկայով.

ե. ապահովել համաճարակաբանական հսկողության համակարգում լաբորատոր տվյալների և կլինիկական տվյալների համախմբման համակարգչային ծրագրային համալրումը:

 

VIII. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

 

41. Հայաստանում վարակիչ հիվանդությունների ինտեգրացված համաճարակաբանական հսկողության համակարգի ձևավորման նպատակն է առանձին ծրագրերով և առանձին հիվանդությունների կամ դրանց խմբերի ուղղությամբ գործադրվող համաճարակաբանական հսկողության համակարգի ինտեգրում մեկ ընդհանուր համակարգում` հսկողության ստանդարտացման և համակարգված վարման համար` Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (2005 թվական) պահանջներին համապատասխան:

1) Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգի ինտեգրում մեկ համակարգում, որի միջոցառումներն են.

ա. ինտեգրել տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռավարակների, հատուկ վտանգավոր, կառավարելի վարակների ուղղությամբ առանձին գործող ուղղահայաց ծրագրերի տեղեկատվական հոսքերի, դրանց գործադրման շրջանակներում ձևավորված կարողությունները համընդհանուր համաճարակաբանական հսկողության համակարգում` ինտեգրացված էլեկտրոնային համաճարակաբանական հսկողության համակարգի ներդրմամբ.

բ. ինտեգրել տարբեր շահագրգիռ ոլորտների վարակիչ հիվանդություններին առնչվող տվյալներն ընդհանուր համաճարակաբանական հսկողության համակարգում.

գ. կանոնակարգել համակցված վարակի դեպքերի հաշվառման և հաշվետվության գործընթացը.

դ. ձևավորել վարակիչ հիվանդությունների արդյունքում զարգացող քրոնիկ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգ` ինտեգրելով բոլոր հիվանդությունների առանձնահատկությունները:

 

IX. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

42. Հայաստանում վարակիչ հիվանդությունների արագ արձագանքման կարողությունների զարգացման նպատակն է կարողությունները համապատասխանեցնել տեղական պայմաններին և միջազգային մոտեցումներին:

1) Արագ արձագանքման իրատեսական և ժամանակակից համակարգի ձևավորում, որի միջոցառումներն են.

ա. արագ արձագանքման ազգային մակարդակի թիմին վերազինել վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի, հակահամաճարակային միջոցառումների համար նյութերի, անհատական պաշտպանության միջոցների, ռեակտիվների, նմուշառման հավաքածուների և այլնի անհրաժեշտ պաշարներով.

բ. արագ արձագանքման ազգային մակարդակի թիմի անդամներին ուսուցանել վարակիչ հիվանդությունների արձագանքման, մասնավորապես` հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցերի վերաբերյալ.

գ. ձևավորել համաճարակաբանական ցուցումով կիրառվող պատվաստանյութի, դեղորայքի պահուստային պաշարներ:

 

X. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

43. Վարակիչ հիվանդությունների ախտորոշման ինտեգրացված լաբորատոր համակարգի զարգացման նպատակն է ապահովել լաբորատոր ախտորոշման` Միջազգային առողջապահական կանոնների պահանջներին համապատասխան կարողություններ:

1) Վարակիչ հիվանդությունների ախտորոշման ինտեգրացված լաբորատոր համակարգի ձևավորում, որի միջոցառումներն են.

ա. ինտեգրել հանրային և մասնավոր լաբորատոր համակարգերը մեկ համակարգում.

բ. ապահովել համընդհանուր լաբորատոր ցանցի գործունեությունը.

գ. մշակել և ներդնել վարակիչ հիվանդությունների լաբորատոր ախտորոշման համակարգի որակի հսկողության համակարգ.

դ. մշակել և ներդնել Հայաստանում վարակիչ հիվանդությունների լաբորատոր ախտորոշում իրականացնող լաբորատորիաների ռեեստր.

ե. կատարելագործել վարակիչ հիվանդությունների լաբորատոր ախտորոշման ներքին և արտաքին վկայագրման կամ ակրեդիտացման համակարգը.

զ. վարակիչ հիվանդությունների լաբորատոր ախտորոշում իրականացնող լաբորատորիաների համար մշակել և ներդնել կենսաանվտանգության ապահովման ձեռնարկ.

է. վարակիչ հիվանդությունների լաբորատոր ախտորոշում իրականացնող լաբորատորիաներում իրականացնել կենսաբանական ռիսկի գնահատում և ըստ ռիսկի լաբորատորիաների դասակարգում:

2) Վարակիչ հիվանդությունների ախտորոշման լաբորատոր կարողությունների զարգացում, որի միջոցառումներն են.

ա. հզորացնել 1-4-րդ խմբի միկրոօրգանիզմներով հարուցված և նոր առաջացող հիվանդությունների ախտորոշման լաբորատորիաները (ցանց).

բ. զարգացնել զոոնոզ (կենդանիներից մարդուն փոխանցվող) վարակիչ հիվանդությունների հարուցիչների` կենդանիների մեջ շրջանառության որոշման լաբորատոր հզորությունները (վիվարիումների ստեղծում, զոոլոգիական լաբորատորիաների հզորացում, նմուշառման համակարգերի կատարելագործում).

գ. հավաքել և մեկտեղել վարակիչ հիվանդությունների հարուցիչները (շտամները).

դ. ներդնել սանիտարավիրուսաբանական հետազոտություններ շրջակա միջավայրում վիրուսային ծագման վարակիչ հիվանդությունների հարուցիչների շրջանառությունը բացահայտելու համար.

ե. ներդնել նոր վարակիչ հիվանդությունների լաբորատոր ախտորոշման հետազոտություններ.

զ. յուրաքանչյուր մակարդակում հստակեցնել և ստանդարտացնել լաբորատորիաների գործունեության շրջանակները, կատարվող հետազոտությունների ծավալը.

 

XI. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

 

44. Վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացում ընդգրկված բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործման նպատակն է շարունակականորեն ապահովել վարակի հսկողության ուղղությամբ կադրային ռեսուրսների մասնագիտական պատշաճ կարողություններ:

1) Վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի գործընթացում ընդգրկված բուժաշխատողների գիտելիքների շարունակական կատարելագործման մեխանիզմների ձևավորում, որի միջոցառումներն են.

ա. հաշվառել վարակիչ հիվանդությունների ոլորտում ընդգրկված բուժանձնակազմը և գույքագրել ռեսուրսները.

բ. մշակել վարժանքների արդյունքները և «քաղված դասերը» կադրերի գիտելիքների շարունակական կատարելագործման հետագա պլաններում ընդգրկելու մեխանիզմներ.

գ. մշակել և ներդնել վարժանքների իրականացման վերաբերյալ զեկույցի ձևաչափ.

դ. իրականացնել կադրերի պլանավորում.

ե. կադրերին ուսուցանել համակարգչային տեխնիկայով աշխատելու ուղղությամբ.

զ. վարակիչ հիվանդություններին առնչվող թեմաներն ընդգրկել դիպլոմային, հետդիպլոմային, հանրային առողջապահության և առողջության ոլորտի ընդհանուր կրթական ծրագրերում.

է. կրթական ծրագրերում ներդնել վերլուծական համաճարակաբանության դասընթաց.

ը. առանձին երկրների հետ միջպետական պայմանագրերում ընդգրկել հանրային առողջապահության դպրոցների միջև փորձի փոխանակման միջոցառումներ.

թ. իրականացնել վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի թեմաներով արտագնա մարզային խորհրդակցություններ, սեմինարներ` շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ.

ժ. մշակել և ներդնել վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության իրականացման վերաբերյալ կադրերի պատրաստման ծրագիր:

 

XII. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

45. Վարակիչ հիվանդություններով պայմանավորված արտակարգ իրավիճակներին արձագանքման կարողությունների զարգացման նպատակն է ապահովել կարողությունների` Միջազգային առողջապահական կանոններով պահանջվող մակարդակ:

1) Վարակիչ հիվանդություններով պայմանավորված արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և հակազդման կարողությունների զարգացում, որի միջոցառումներն են.

ա. մշակել և գործադրել առողջապահության համակարգում վարակիչ հիվանդություններով պայմանավորված արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և հակազդման ծրագիր` բոլոր մակարդակների և կառույցների համար.

բ. մշակել վարակիչ հիվանդություններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ ռեսուրսների բաշխման մեխանիզմներ.

գ. հաստատել վարակիչ հիվանդություններով պայմանավորված արտակարգ իրավիճակների հակազդման գործողություններում ընդգրկված առողջապահական հաստատությունների և համագործակցող կազմակերպությունների ցանկը.

դ. ձևավորել և գործադրել վարակիչ հիվանդություններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների/կառույցների միջև փոխտեղեկատվության և համագործակցության հստակ մեխանիզմ.

ե. մշակել և ներդնել մարզային մակարդակում հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին արձագանքման համակարգ.

զ. մշակել և ներդնել ռիսկի գնահատման մեթոդաբանություն:

 

XIII. ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

46. Վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակն է ապահովել ոլորտում իրականացվող միջոցառումների համար ապացուցողական հիմք:

1) Վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացման կանոնակարգում` ժամանակակից մոտեցումներին համապատասխան, որի միջոցառումներն են.

ա. կազմել վարակիչ հիվանդությունների ոլորտում գիտահետազոտական աշխատանքների ծրագիր` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ.

բ. կատարելագործել վարակիչ, այդ թվում` հատուկ վտանգավոր հիվանդությունների ուսումնասիրությամբ զբաղվող գիտական ինստիտուտների, կենտրոնների գործունեությունը.

գ. պարբերաբար կազմակերպել գիտամեթոդական հանդիպումներ` ընդգրկելով մարզային մակարդակի մասնագետներին.

դ. կազմակերպել մարզային մակարդակում առանձին վարակիչ հիվանդություններին նվիրված արտագնա գիտական կոնֆերանսներ.

ե. վերանայել և կատարելագործել Գիտական հետազոտությունների արդյունքները գործնականում ներդնելու մեխանիզմը.

զ. կենտրոնացնել գիտական ներուժը` փորձի փոխանակման, տարածաշրջանային գիտաժողովների իրականացման, գիտամեթոդական բյուլետենների հրապարակման միջոցով.

է. վարակիչ հիվանդությունների, սննդի անվտանգության տարբեր հարցերի ուղղությամբ ձևավորել փորձագետների խմբեր:

 

XIV. ԿԼԻՆԻԿԱԿԱՆ (ՀՈՍՊԻՏԱԼԱՅԻՆ) ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ

 

47. Վարակիչ հիվանդությունների մասով կլինիկական (հոսպիտալային) համաճարակաբանության զարգացման նպատակն է ապահովել ստացիոնար բուժկանխարգելիչ կազմակերպություններում վարակիչ հիվանդությունների դեպքերի վարման պատշաճ մակարդակ և արագ արձագանքում:

1) Բուժող բժիշկների համար վարակիչ հիվանդությունների դեպքերի վարման կարողությունների զարգացում, որի միջոցառումներն են.

ա. զարգացնել բուժկանխարգելիչ կազմակերպություններում հանրային առողջապահական խնդիր հանդիսացող բոլոր վարակիչ հիվանդությունների դեպքերի բացահայտման, հաշվառման համակարգը.

բ. կատարելագործել բուժող բժիշկների` համաճարակաբանական հսկողության համակարգում ընդգրկման գործընթացը.

գ. կատարելագործել բուժաշխատողների համար վարակիչ հիվանդությունների վարման ուղեցույցները և բուժող բժիշկների պատրաստման գործընթացը:

 

XV. ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԲԵՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

48. Պետական սահմանի անցման կետերում վարակիչ հիվանդությունների ներբերման և տարածման կանխարգելման կարողությունների զարգացման նպատակն է ապահովել վարակիչ հիվանդությունների հարուցիչների` կենսաբանական գործոնների, վարակիչ հիվանդությունների դեպքերի Հայաստանի Հանրապետություն ներբերման և տարածման պատշաճ կանխարգելումն ու անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը:

1) Պետական սահմանի անցման կետերում վարակիչ հիվանդությունների ներբերման և տարածման կանխարգելման կարողությունների և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման և իրականացման ապահովում, որի միջոցառումներն են.

ա. լրամշակել վարակիչ հիվանդությունների հարուցիչների, դրանք պարունակող օրգանների, հյուսվածքների տեղափոխման գործընթացը կանոնակարգող օրենսդրությունը.

բ. մշակել և ներդնել օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով կենսաբանական գործոնների փոխադրումներին, առևտրին առնչվող ստանդարտ ընթացակարգեր.

գ. պետական սահմանում հսկողություն իրականացնող մարմինների աշխատակիցներին ուսուցանել կենսաբանական ռիսկերի դիմակայման հարցերին.

դ. կանոնակարգել պետական սահմանի անցման կետերում շինությունների և շրջակա միջավայրի սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ռեժիմի պահպանման հսկողությունը.

ե. մշակել և ներդնել վարակիչ հիվանդությունների հարուցիչների փոխանցողների դեմ պայքարի ծրագիր.

զ. մշակել և ներդնել Հայաստանի տարածք քաղաքացիների կողմից վայրի կենդանիների ներկրման և հետագա պահպանման հսկողության ընթացակարգ:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2011
N 1913-Ն
Որոշում