Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՁԵՎԱՎՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

1 դեկտեմբերի 2011 թվականի N 47

 

43. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ձևավորման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Համաձայն Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ձևավորման հայեցակարգի դրույթների` Նորարարությունների մրցակցային հիմնադրամի փորձնական ծրագրի իրականացման իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի միջոցով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի գործարկման ղեկավար ձեռնարկը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թ. դեկտեմբերի 1-ի նիստի

N 47 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

Ներածություն

 

Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին համընթաց Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է արդիականացնել և բարելավել բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգը` ներդնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման արդյունավետ սկզբունքներ ու մեխանիզմներ:

Բարձրագույն կրթության ֆինանսական կառավարման համակարգի բարեփոխման ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է հանդիսանում Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) ձևավորումը, որը կլինի բարձրագույն կրթության բնագավառում նորարարությունների խթանման քաղաքականության գործիք:

Նախատեսվում է, որ ՆՄՀ-ի միջոցները մրցակցային հիմունքներով դրամաշնորհների ձևով կուղղվեն բարձրագույն ուսումնական հաստատություններում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը և բուհերի կարողությունների հզորացմանը:

ՆՄՀ-ի ձևավորման աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի ֆինանսական օժանդակությամբ իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում: ՆՄՀ-ի ձևավորման հիմնական փուլերն են` Հայաստանում ՆՄՀ-ի իրագործելիության ուսումնասիրության իրականացում, ՆՄՀ-ի հայեցակարգի և ղեկավար ձեռնարկի մշակում, ինչպես նաև ՆՄՀ-ի գործարկման համար անհրաժեշտ իրավական փոփոխությունների առաջարկի մշակում:

Սույն փաստաթղթում ներառված են Հայաստանի բարձրագույն կրթության համար ՆՄՀ-ի ձևավորման հայեցակարգային դրույթները` համաձայն 2011 թվականի հունիսի 30-ին ՀՀ կառավարության N 25 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությամբ ամրագրված բարձրագույն կրթության ֆինանսավորման և կառավարման համակարգի բարեփոխումների հիմնական ուղղությունների: Մասնավորապես, սույն հայեցակարգը միտված է բարձրագույն կրթության որակի և համապատասխանության բարձրացմանն ուղղված բուհերի զարգացման ծրագրերի իրականացման և կրթության գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ինտեգրման հնարավորությունների աստիճանական ընդլայնմանը` ներդնելով դրանց համապատասխան ֆինանսավորման սկզբունքներ և մեխանիզմներ:

 

I. ՆՄՀ-ի ձևավորման նպատակը, առաջնահերթությունները, ակնկալվող

արդյունքները և գործունեության սկզբունքները

 

1.1 ՆՄՀ-ի ձևավորման նպատակը

ՆՄՀ-ի նպատակն է խթանել ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները, նորարարությունների և գիտահետազոտական գործունեության զարգացումը:

ՆՄՀ-ն իր բնույթով ճկուն գործող մեխանիզմ է, որն արագ արձագանքելով բարձրագույն կրթության քաղաքականության փոփոխվող առաջնահերթություններին` կխթանի բուհերի նորարարական նախաձեռնությունները:

Մրցակցային հիմունքներով դրամաշնորհներ տրամադրելով` ՆՄՀ-ն կնպաստի բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ` բուհ) կրթական գործունեության որակի և արդյունավետության բարձրացմանը, բուհերի կառավարման համակարգի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի ու դասավանդման մեթոդների արդիականացմանը և կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներգրավմանը:

ՆՄՀ-ն կնպաստի նաև բուհերի ֆինանսական և ռազմավարական պլանավորման կարողությունների զարգացմանը, կաջակցի այն ծրագրերին և նախաձեռնություններին, որոնց միջոցով կամրապնդվի կապը տնտեսության զարգացման գերակա ոլորտների և մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի հետ, կընդլայնի միջազգային համագործակցության հնարավորությունները և, միևնույն ժամանակ, կնպաստի բուհերի լրացուցիչ ֆինանսական աղբյուրների հայթայթման կարողությունների ընդլայնմանը:

Միաժամանակ, ՆՄՀ-ն անհրաժեշտ ռեսուրսներ և փորձագիտական օգնություն կտրամադրի նոր նախաձեռնությունները պլանավորելու և հաջողությամբ իրականացնելու համար:

 

1.2 ՆՄՀ-ի առաջնահերթությունները

ՆՄՀ-ի նպատակների, որոշումների ընդունման, ինչպես նաև ծրագրերի արդյունավետության գնահատման ցուցանիշների սահմանման համար հիմք են հանդիսանում պետական ծրագրերով ամրագրված երկրի սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններն ու գերակա խնդիրները:

ՆՄՀ-ն կնպաստի բուհերի գործունեության բարելավմանը` հետևյալ հիմնական ուղղություններով.

. Որակի բարելավում` ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, մասնագիտական կրթական ծրագրերի արդիականացման, դասավանդման և ուսումնառության գործընթացի բարելավման, դասավանդող անձնակազմի վերապատրաստման և նորարարությունների խթանման միջոցով:

. Համապատասխանության ապահովում` կրթության որակի բարձրացման և հասարակության ու աշխատաշուկայի կողմից ձևավորված պահանջներին դրա համապատասխանության միջոցով, ինչը կնպաստի Հայաստանում գիտելիքահեն տնտեսության ձևավորմանը:

. Արդյունավետության բարձրացում` բուհերի կառավարման համակարգի բարելավման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման մեխանիզմների ներդրման, պետական և մասնավոր հատվածների համագործակցային միջավայրի ստեղծման, միջոցով:

. Սոցիալական հավասարության ապահովում` մշակելով այնպիսի քաղաքականություն և գործիքակազմ, որոնք կնպաստեն ցածր եկամտային խմբին պատկանող ընտանիքների և գյուղական համայնքների երեխաների մասնակցությանը բարձրագույն կրթությանը:

Այս ուղղություններով իրականացվող բարեփոխումները մշտապես կզուգակցվեն մոնիթորինգի և գնահատման իրականացմամբ, որոնք հիմնվելով արդյունքի ցուցանիշների վրա, հնարավորություն կտան գնահատել առաջընթացը վերոնշյալ ուղղություններով:

 

1.3 Ակնկալվող արդյունքները

ՆՄՀ-ի ձևավորման արդյունքում ակնկալվում են հետևյալ հիմնական արդյունքները.

. ՆՄՀ-ի մրցակցային սկզբունքի ներդրման շնորհիվ կստեղծվի բարձրագույն կրթության համակարգում բուհերի զարգացման ծրագրերի համար հատկացվող գումարների բաշխման առավել արդյունավետ մեխանիզմ:

. Կներդրվի առավել արդյունավետ մեխանիզմ` բարձրագույն կրթության որակի բարելավման և նորարարական տնտեսության պահանջներին համապատասխանության բարձրացման համար:

. Կներդրվի ֆինանսավորման ճկուն մոդել, որը ժամանակին կարձագանքի մշտապես փոփոխվող և զարգացող տնտեսական միջավայրին ու քաղաքականության առաջնահերթ խնդիրներին

 

1.4 ՆՄՀ-ի գործունեության սկզբունքները

Բարձրագույն կրթության (ԲԿ) համակարգի բարեփոխումներին աջակցելու նպատակով ՆՄՀ-ի գործողությունները պետք է առաջնորդվեն ԲԿ համակարգի բարեփոխման սկզբունքներով: Այս առումով, ՀՀ-ում ՆՄՀ-ի ձևավորման և գործարկման ժամանակ կկիրառվեն հետևյալ սկզբունքները:

1) Կրթության և հետազոտության ինտեգրում, աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցում.

. Համատեղ համագործակցության ծրագրեր. ՆՄՀ-ի առաջնահերթ խնդիրներից է նպաստել բուհերի, հետազոտական կենտրոնների և մասնավոր հատվածի միջև համագործակցության ծրագրերի իրականացմանը: Այդպիսի ծրագրերը կխթանեն հետազոտական աշխատանքները և կամրապնդեն կրթություն-հետազոտություն-մասնավոր հատված փոխհամագործակցությունը, ինչը կնպաստի կրթության արդիականության ապահովմանը և հետազոտության արդյունքների կիրառմանը տնտեսության տարբեր ճյուղերում:

2) Նորարարությունների, գիտելիքների տարածում, կարողությունների զարգացում

. Արդյունքների տարածում. անհրաժեշտ է իրականացնել փորձի տարածման միջոցառումներ (պարբերական հանդիպումներ, քննարկումներ) բուհերի կողմից ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ:

. Վերապատրաստումներ. ՆՄՀ-ի միջոցներով նախատեսվում է կազմակերպել սեմինարներ և վերապատրաստումներ բուհերի ղեկավար անձնակազմին և համապատասխան աշխատողներին դրամաշնորհային ծրագրերի մշակման ուղենիշերին և ընթացակարգերին ծանոթացնելու նպատակով:

3) Հաշվետվողականություն և վերահսկում

ՆՄՀ-ի ծրագրերի իրականացման ընթացքում կկիրառվեն հաշվետվողականության և վերահսկման հետևյալ սկզբունքները.

. Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում. ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում պարբերաբար կպատրաստվեն և կներկայացվեն ծրագրային և ֆինանսական հաշվետվություններ` համաձայն դրամաշնորհային ծրագրերով սահմանված փուլերի և ձևաչափի:

. Մոնիտորինգ և գնահատում. ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի իրագործման ընթացքում կիրականացվի դրանց մոնիտորինգ և գնահատում: Այդ նպատակով կսահմանվեն ծրագրերի վերահսկման ընթացիկ և արդյունքի ցուցանիշներ, որոնք չափելի կդարձնեն ծրագրերի արդյունքները և ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը: Հստակ սահմանված ընթացիկ և արդյունքի ցուցանիշներն կհեշտացնեն մոնիտորինգը և արդյունքների գնահատումը:

4) Ֆինանսավորման սկզբունքներ

. Ֆինանսավորում ըստ կատարողականի. դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը կիրականացվի ծրագրի կատարման ուղղությամբ արձանագրված առաջընթացին համապատասխան` ըստ նախատեսված փուլերի:

. Համաֆինանսավորում. Դրամաշնորհ ստացող կազմակերպությունները պետք է կատարեն համաֆինանսավորում ծրագրի արժեքի նվազագույնը 10 տոկոսի չափով, որը, ծրագրի փորձնական փողի արդյունքներից ելնելով, կարող է վերանայվել:

 

II. Ֆինանսավորվող ծրագրերի հիմնական ուղղությունները

 

ՆՄՀ-ն պետք է աջակցի բուհերի այն ծրագրերին և գործողություններին, որոնք ուղղված են կրթության որակի, համապատասխանության, արդյունավետության, ինչպես նաև կրթության հասանելիության բարձրացմանը: Այդ իսկ պատճառով ՆՄՀ-ից ֆինանսավորվող ծրագրերը պետք է ուղղված լինեն հետևյալ խնդիրների լուծմանը.

 

. Որակի բարձրացում. ԲԿ որակի բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը հիմնականում ուղղված են Բոլոնիայի գործընթացի շրջանակներում իրականացվող հիմնական միջոցառումներին աջակցելուն, ինչպես օրինակ` Եվրոպական Կրեդիտների կուտակման և փոխանցման (ECTS) համակարգի հետագա զարգացմանը, որակի ապահովման եվրոպական չափանիշների և հավաստագրման սկզբունքների ներդրմանը, դասավանդմանը նպաստող ենթակառուցվածքների զարգացմանը (նորարարական տեխնոլոգիաներ, լաբորատորիաներ, օտար լեզվի ուսուցման տեխնիկապես հագեցված լսարաններ և այլն), որակի ապահովման և գնահատման ներքին համակարգերի զարգացմանը, բակալավրի, մագիստրոսի և դոկտորի կրթական ծրագրերի արդիականացմանը, դիմորդների համար ուսումնական նախապատրաստական կենտրոնների ձևավորմանը և այլն:

. Արդիականության և համապատասխանության բարելավում. Առանձնահատուկ կարևորություն կտրվի այն բուհերի ԲԿ արդիականացմանն ուղղված ծրագրերին, որոնք կիրականացվեն Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ոլորտներում, կբխեն երկրի ռազմավարական առաջնահերթություններից և կնպաստեն նորարարական տնտեսության ձևավորմանը: Այս առումով, ներկայումս տնտեսության զարգացման գերակա ճյուղեր հանդիսացող տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում, համապատասխան բուհերի կողմից իրականացվող ծրագրերը կդիտվեն որպես առաջնահերթ կարևորվող ծրագրեր: ԲԿ համապատասխանությանն ուղղված ԲԿ ծրագրերը ներառում են նաև այնպիսի ծրագրեր, որոնք նպաստում են գործատուների ներգրավմանը կրթական գործընթացներին (կրթական ծրագրերի մշակմանը մասնակցելու, ուսումնական պրակտիկայի կազմակերպման միջոցով), աշխատաշուկայի պահանջներին ԲԿ ծրագրերի համապատասխանեցմանը, աշխատանքի շուկայի դիտարկման կենտրոնների զարգացմանը, ինչը ենթադրում է կարիերայի կենտրոնների ձևավորում, և այլն:

. Արդյունավետության բարձրացում. Այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը կխթանեն հաստատությունների կառուցվածքային բարեփոխումները, բուհերի ներքին կառավարման համակարգի բարելավումը, կառավարման տեղեկատվական կենտրոնների ձևավորումը և այլն:

. Մատչելիության բարձրացում. Այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը հնարավորություն կտան հասարակության առավել լայն շրջանակներին ներգրավվել բարձրագույն կրթության համակարգում, մասնավորապես` ընդգրկելով սոցիալապես խոցելի խմբերին, ինչպես օրինակ` հեռահար և հեռավար ծրագրերը և այլն:

 

Ընդհանուր առմամբ բոլոր ծրագրերը պետք է լինեն ուսանողակենտրոն և նպաստեն շրջանավարտների գիտելիքների, ունակությունների և աշխատանքային հմտությունների զարգացմանը` կրթական ծրագրերի և մեթոդների արդիականացման միջոցով: Ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի անհրաժեշտության դեպքում դրանք պետք է բխեն ուսուցման նպատակներից:

 

III. Ֆինանսավորվող ծրագրերի տեսակները

 

ՆՄՀ-ի միջոցներով ծրագրերը կիրականացվեն ըստ ֆինանսավորման առանձին տեսակների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նպատակները, ընտրության չափանիշները, ինչպես նաև ծրագրի ազդեցությունը գնահատող արդյունքի ցուցանիշները: Ֆինանսավորվող ծրագրերն ըստ իրենց տեսակների ուղղված են ԲԿ տարբեր հիմնախնդիրների լուծմանը: Մասնավորապես, այդ խնդիրներն են համակարգի մասնատվածությունը (օրինակ, գիտահետազոտական ինստիտուտների առանձնացվածությունը բուհերից, կրթության և գիտահետազոտական աշխատանքների տարանջատվածությունը, բուհի և դրա մասնաճյուղի միջև թույլ կապը և զարգացման անհամաչափությունը, իրականացվող տարբեր դրամաշնորհային ծրագրերի ոչ համակարգված բնույթը և այլն), պետական և ոչ պետական բուհերի կարողությունների միջև զգալի տարբերությունները, բարձրագույն կրթության և գործատուի միջև առկա անջրպետը:

 

Ֆինանսավորվող ծրագրերի տեսակներն են.

I. Կոնսորցիում ծրագրեր, որոնք կնպաստեն մասնատվածության խնդիրների լուծմանը` համատեղ ծրագրերի մեջ միավորելով պետական և ոչ պետական բուհերը, կազմակերպությունները և գիտահետազոտական հաստատությունները:

II. Պետական բուհերի ծրագրեր, որոնք կնպաստեն առանձին պետական բուհերի` այդ թվում նաև նրանց մարզային մասնաճյուղերի առանձնահատուկ խնդիրների լուծմանը: Դրանք նույնպես կարձագանքեն մասնատվածության խնդիրներին, որոնք առկա են մայրաքաղաքի և մարզային հաստատությունների միջև:

III. Ոչ պետական բուհերի ծրագրեր, որոնք կարձագանքեն ոչ պետական բուհերի խնդիրներին, ինչպես նաև կնպաստեն պետական հատվածի հետ համագործակցությանը:

 

3.1 Կոնսորցիում ծրագրեր (պետական-մասնավոր հատված համագործակցություն)

Յուրաքանչյուր կոնսորցիում պետք է ունենա առնվազն երեք մասնակից` պետական և ոչ պետական հատվածից: Կոնսորցիում կարող են կազմել ինչպես բուհերը միմյանց հետ, այնպես էլ բուհերը գիտահետազոտական հաստատությունների` ներգրավելով բիզնես ոլորտի կազմակերպություններ: Կոնսորցիումին կարող են միանալ նաև օտարերկրյա համապատասխան կազմակերպություններ` իրենց սեփական միջոցներով Նախատեսվում է, որ կոնսորցիում ծրագրերը կիրականացվեն առավելագույնը 3 տարվա ընթացքում:

 

3.2 Պետական բուհերի (անհատական) ծրագրեր

Պետական բուհերի անհատական ծրագրերը թույլ կտան անդրադառնալ դրանց ռազմավարական առաջնահերթություններին: Նախապատվությունը կտրվի այն ծրագրերին, որոնցում ընդգրկված կլինեն տվյալ բուհի մարզային մասնաճյուղ(եր)ը, եթե այդպիսիք կան: Այս ծրագրերին դիմելիս պետական բուհերը կարող են ներգրավել նաև հայաստանյան և օտարերկրյա տարբեր կազմակերպություններ, որոնք պետք է մասնակցեն ծրագրին իրենց սեփական միջոցներով: Այս ծրագրերը կիրականացվեն առավելագույնը 2 տարվա ընթացքում:

 

3.3 Ոչ պետական բուհերի (անհատական) ծրագրեր

Ոչ պետական բուհերի ծրագրերը թույլ կտան անդրադառնալ դրանց ռազմավարական առաջնահերթություններին: Նախատեսվում է, որ ոչ պետական բուհերը կարող են նաև համատեղ ծրագրեր ներկայացնել, ինչը կնպաստի փոքր բուհերի կոնսոլիդացիային: Այս ծրագրերին դիմելիս ոչ պետական բուհերը կարող են ներգրավել նաև հայաստանյան և օտարերկրյա տարբեր կազմակերպություններ, որոնք պետք է մասնակցեն ծրագրին իրենց սեփական միջոցներով Այս ծրագրերը նույնպես կիրականացվեն առավելագույնը 2 տարվա ընթացքում:

 

IV. ՆՄՀ-ի կազմակերպաիրավական կառուցվածքը

 

Միջազգային փորձը վկայում է, որ ՆՄՀ-ի կազմակերպաիրավական կառուցվածքը կարող է լինել ինչպես Կրթության նախարարության ներքո (օրինակ Բուլղարիայում, Չիլիում, Եգիպտոսում և Կամբոջայում և այլն), այնպես էլ Կրթության նախարարության համակարգի կառույցների կազմում (օրինակ, Գանայում և Բանգլադեշում):

Տարբեր երկրներում կրթության նախարարության ենթակայությամբ հիմնված կառույցները տարատեսակ են: Որոշ դեպքերում դրանք բավականին ինտեգրված են նախարարության հետ (Չիլի և Կամբոջա), կան նաև դեպքեր, երբ դրանք գործում են որպես ծրագրերի համակարգման կամ կառավարման միավորներ (Բուլղարիա և Եգիպտոս): Հետաքրքիր է նշել, որ Չիլիի հիմնադրամը ի սկզբանե հիմնադրվել է որպես Կրթության նախարարության Բարձրագույն կրթության ստորաբաժանման կազմում ծրագրերի իրականացման միավոր, իսկ հետագայում դարձել է առանձին ստորաբաժանում: Կամբոջայի դեպքում այն Ծրագրի կառավարման հանձնաժողով է, որը վերահսկում է դոնորների կողմից ֆինանսավորվող բոլոր ծրագրերը:

Հիմք ընդունելով միջազգային փորձի վերլուծությունը և Հայաստանում ՆՄՀ-ի իրագործելիության ուսումնասիրության արդյունքները, առաջարկվում է սկզբնական փուլում ՆՄՀ-ն Հայաստանում ձևավորել որպես ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից համակարգվող դրամաշնորհային ծրագիր: Վերջինիս կառավարումը, մասնավորապես ծրագրերի ընտրության, դրամաշնորհների տրամադրման, իրականացման և վերահսկման հետ կապված որոշումների կայացումը, կվերապահվի ՀՀ կրթության և գիտության նախարարության (ՀՀ ԿԳՆ) կողմից ձևավորված խորհրդին, որի կազմում կարող են ընդգրկվել ՀՀ ԿԳՆ, այլ նախարարությունների, պետական գերատեսչությունների, մասնավոր ոլորտի և այլ շահառու մարմինների կողմից առաջադրված ներկայացուցիչներ: Դրամաշնորհային ծրագրերի հետ կապված վարչական, գնումների և ֆինանսական կառավարման գործառույթները կիրականացվեն ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից, քանի որ այս փուլում ՆՄՀ-ն ֆինանսապես աջակցվում է Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի միջոցներով: Այս մոտեցումը չի ենթադրում օրենսդրական փոփոխություններ և անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում ՆՄՀ-ի փորձնական փուլի հաջող իրականացման համար:

Մասնագիտական ուղղվածություն ունեցող ծրագրերի գնահատման համար կարող են ձևավորվել համապատասխան ոլորտների մասնագետներից կազմված փորձագիտական հանձնաժողովներ:

Բուհերի` դրամաշնորհային ծրագրերի կառավարման կարողությունները զարգացնելու նպատակով ՆՄՀ-ի միջոցները կարող են ուղղվել նաև վերապատրաստումների անցկացմանը և դրամաշնորհային ծրագրերի հայտերի մշակման և ծրագրերի իրականացման ուղղությամբ խորհրդատվության տրամադրմանը:

 

V. ՆՄՀ-ի գործարկումը

 

ՆՄՀ-ի գործունեությունը հիմնվում է երկարաժամկետ ռազմավարական, ինչպես նաև միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրային պլանավորման սկզբունքի վրա:

ՆՄՀ-ի գործունեության կայունությունը և շարունակականությունն ապահովելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարբերաբար կվերանայի ՆՄՀ-ի առաջնահերթությունները` ելնելով երկրի տնտեսական զարգացման գերակայություններից և իրականացված ծրագրերի արդյունքներից:

ՆՄՀ-ի գործարկման մյուս կարևորագույն գործոնը ՆՄՀ-ի դրամագլխի մշտական համալրումն է:

ՆՄՀ-ի ծրագրերի ֆինանսավորման հիմնական աղբյուրը կհանդիսանան պետական բյուջեի հատկացումները և վարկային/գրանտային միջոցները: ՀՀ կառավարության կողմից ՆՄՀ-ի ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեի առանձին ծրագրի ձևով:

Տնտեսության գերակա ոլորտներում բուհերի կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսական միջոցները կարող են նախատեսվել առանձին հատկացումների տեսքով (օրինակ` տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների բնագավառում` ճարտարագիտական համալսարանի ծրագիր կամ գյուղատնտեսության զարգացման ոլորտում` Հայաստանի պետական ագրարային համալսարանի ծրագիր): Միաժամանակ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունն անհրաժեշտ քայլեր կիրականացնի ՆՄՀ ծրագրերի իրականացման համար տարբեր դոնոր կազմակերպություններից և աղբյուրներից լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման ուղղությամբ:

 

VI. Իրավասության չափանիշները

 

ՆՄՀ-ին կարող են դիմել բոլոր պետական և հավատարմագրված կամ հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բուհերը:

ՆՄՀ-ին դիմելու իրավասություն ունեցող հաստատություններին ներկայացվում են հետևյալ պարտադիր պահանջները (իրավասության չափանիշները).

i. Հաստատության ռազմավարական ծրագրի առկայությունը, ինչը կերաշխավորի, որ հաստատությունը պարբերաբար գնահատում և վերլուծում է իր կարիքներն ու առաջնահերթությունները, և ներկայացվող ծրագրերը բխում են դրանցից:

ii. Ներքին որակի ապահովման մեխանիզմների առկայությունը կամ որակի ապահովման գործընթացների մեկնարկած լինելը (նվազագույնը` որակի ապահովման ինքնավերլուծության հաշվետվության առկայությունը): Այս պահանջը հետագայում աստիճանաբար կխստացվի:

Ընտրության նպատակով սահմանվում են գնահատման չափանիշներ` ներկայացված ծրագրերից լավագույններն ընտրելու և ֆինանսավորելու համար: Գնահատման յուրաքանչյուր չափանիշ կունենա որոշակի կշիռ, իսկ գնահատումը կիրականացվի նախապես մշակված ընթացակարգերով և ձևաթղթերով:

Գնահատման չափանիշներն են`

i. Ներկայացրած ծրագրի կապը հաստատության ռազմավարական ծրագրի հետ. Մինչև ծրագրային հայտի մշակումը յուրաքանչյուր հաստատություն պետք է որոշի իր առաջնահերթ կարիքները և ծրագրային ուղղությունները: Դրանք պետք է արտահայտված լինեն բուհի ռազմավարական ծրագրում:

ii. Ծրագրի իրագործելիությունը: Հաստատությունները պետք է հիմնավորեն բավարար կարողությունների և ռեսուրսների առկայությունը ծրագրի հաջող իրականացման համար: Հայտին կից պետք է ներկայացվի նաև ծրագրի իրականացման պլան, որում պետք է նկարագրված լինեն հիմնական ռազմավարական խնդիրները և դրանցից բխող գործողությունները:

iii. Ծախսերի նպատակայնությունը և արդյունավետությունը: Առաջարկվող ծրագրերի ծախսերը պետք է համապատասխանեն նշված նպատակներին և իրականացվող գործողություններին, իսկ ներդրումները լինեն արդյունավետ:

IV. Ակնկալվող արդյունքները և ծրագրի ազդեցությունը: Առաջարկվող ծրագրերը պետք է լուծեն բուհի և մասնաճյուղ(եր)ի ինստիտուցիոնալ խնդիրները: Ի հավելումն նշվածի, դրանք պետք է ապահովեն բուհում նորարարությունների ներդրումը (նոր տեխնոլոգիաներ, գաղափարներ, հայեցակարգեր, մեթոդներ), դասավանդման որակի բարելավումը և շրջանավարտների մրցունակությունը աշխատանքի շուկայում: Ծրագրի արդյունքները պետք է համարժեք լինեն կատարված ծախսերին: Պետք է նաև ներկայացվի ծրագրի արդյունքների տարածման ռազմավարությունը, ինչը կերաշխավորի ծրագրի ազդեցությունը ինչպես ծրագրի իրականացման ժամանակ, այնպես էլ ծրագրի ավարտից հետո:

 

VII. ՆՄՀ-ի գործառնական ուղենիշերը և ընթացակարգերը

 

ՆՄՀ-ի գործարկման մեխանիզմները և դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացակարգերը առավել մանրամասն կնկարագրվեն ՆՄՀ-ի Ղեկավար ձեռնարկում, որը կհաստատվի ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից:

Ղեկավար ձեռնարկով, մասնավորապես, կսահմանվեն`

. ՆՄՀ-ի ծրագրերի հայտերի ներկայացման ընթացակարգը և ձևաչափը,

. Հայտերի գնահատման և ծրագրերի ընտրության չափանիշները և ընթացակարգերը,

. Ծրագրերի իրականացման մոնիտորինգի և գնահատման ընթացակարգերը,

. ՆՄՀ-ի արդյունքի ցուցանիշները,

. Գնումների, վճարումների և այլ ընթացակարգեր:

 

VIII. Հետագա գործողություններ

 

ՆՄՀ-ի ձևավորումը ենթադրում է մանրամասն մշակված գործողությունների ծրագրի իրականացում:

Այս առումով, սույն հայեցակարգի հաստատումից հետո կմշակվի և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից երկամսյա ժամկետում կհաստատվի ՆՄՀ-ի Ղեկավար ձեռնարկը` համապատասխան ձևաթղթերով:

Նախատեսվում է, որ 2012 թ. կմեկնարկի ՆՄՀ-ի փորձնական ծրագիրը` Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի միջոցների հաշվին, և բուհերին կտրամադրվեն առաջին դրամաշնորհները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.12.2011
N 47
Արձանագրային որոշում