27.12.2025 -
040.1920.170112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ, ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
i
50. Կրկին ներկայացված փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովների անդամ(ներ)ից Կարգի համաձայն բացասական կարծիք ստանալու դեպքում նախագիծը կամ Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության առաջարկությունը մերժվում է, կամ, եթե բացասական կարծիքը ներկայացվել է նորմատիվ իրավական ակտերի համապատասխան դրույթներին հղում կատարելով, սակայն լրամշակումից հետո դարձյալ չի տրվում դրական կարծիք և Հանձնաժողովների անդամների կողմից ընդհանուր կարծիք չի ձևավորվում` Լիազոր մարմնի կողմից հարցը ներկայացվում է Վարչապետի աշխատակազմ` Կոմիտեի առաջիկա նիստում զեկուցելու համար: Կոմիտեի որոշումը հիմք է հարցի վերաբերյալ Հանձնաժողովի վերջնական որոշումն ընդունելու համար:
(50-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
i
51. Կոմիտեի նիստին մասնակցելու համար հրավիրվում է բացասական կարծիք ներկայացրած Հանձնաժողովի անդամը, ով ներկայացնում է իր հիմնավորումը` իրեն առնչվող մասով և հղում կատարելով իրավական ակտի համապատասխան դրույթի վրա: Քննարկման արդյունքում ընդունված որոշումն արձանագրվում է: Կոմիտեի որոշումը հիմք է փաստաթղթի վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան եզրակացություն կազմելու համար:
(51-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
52. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը մերժվում է:
53. Կոմիտեի որոշումը ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմինը Հանձնաժողովի եզրակացությունը Կոմիտեի որոշման հետ միասին փոխանցում է Իրավասու մարմնին և Հանձնաժողովի անդամներին: Տարածական պլանավորման փաստաթղթի նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի բացասական եզրակացությունն Իրավասու մարմնի համար հիմք է Կատարողի հետ պայմանագիրը միակողմանի լուծելու համար` կիրառելով պայմանագրի համապատասխան դրույթները: Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ բացասական եզրակացությունը հիմք է դիմումատուին մերժելու կամ այլ տարբերակ առաջարկելու համար:
54. Ստանալով գլխավոր հատակագծի նախագծի (գոտևորման նախագծի ներառմամբ) վերաբերյալ Հանձնաժողովի դրական եզրակացությունը` համայնքի ղեկավարն այն ներկայացնում է համայնքի ավագանու առաջիկա նիստի քննարկմանը, որի արդյունքներով համայնքի ավագանին ընդունում է համապատասխան որոշում:
55. Համակցված փաստաթղթի վերաբերյալ Հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո մարզպետը 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է համապատասխան համայնքների ղեկավարներին, որոնք Հանձնաժողովի դրական եզրակացությունը և նախագծային փաստաթղթերը ներկայացնում են համայնքների ավագանիների հաստատմանը, որից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ավագանիների որոշումները ներկայացնում են մարզպետին.
1) համայնքների ավագանիների` գլխավոր հատակագծերի նախագծերի հաստատման մասին դրական որոշումների դեպքում, մարզպետը դրանք ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում` Համակցված փաստաթղթի նախագիծը հաստատելու մասին.
2) եթե համայնքների ավագանիներից որևէ մեկը չի հաստատում տվյալ համայնքի գլխավոր հատակագծի (գոտևորման) նախագիծը, համայնքի ղեկավարը բացասական որոշումը` համապատասխան հիմնավորմամբ ներկայացնում է մարզպետին: Մարզպետը 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցը ներկայացնում է Լիազոր մարմին` Հանձնաժողովի քննարկմանը, որին պարտադիր հրավիրվում է այն համայնքի ղեկավարը, որի ավագանին ընդունել է բացասական որոշումը.
3) Հանձնաժողովի որոշումը հիմք է համայնքի ավագանու որոշման ընդունման համար`
ա. եթե Հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ապա այն հիմք է հանդիսանում Համակցված փաստաթղթի հաստատման համար,
բ. եթե Հանձնաժողովի եզրակացությունը բացասական է որևէ համայնքի մասով, ապա Համակցված փաստաթուղթն ընդունվում է` առանց տվյալ համայնքի գլխավոր հատակագծի (գոտևորման) նախագծի ընդգրկման:
i
56. Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության մասով գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու նպատակով համայնքի ղեկավարի կողմից համապատասխան մարզպետի միջոցով Լիազոր մարմնին ներկայացվող փաթեթում ներառվում են`
1) համայնքի ղեկավարին քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումը` սույն Կարգի Ձև N 5-ին համապատասխան (նպատակային նշանակության փոփոխության դեպքում) (ընդհանուր սեփականության, օգտագործման կամ կառուցապատման իրավունքի մի քանի սուբյեկտների դեպքում` վերջիններիս ստորագրությամբ), իսկ պետական կամ համայնքային սեփականություն լինելու պարագայում համայնքի ղեկավարի գրությունը.
2) տվյալ հողամասի և հողամասի սահմաններից 100 մետր շառավղով տեղանքի օրթոֆոտոլուսանկարը կամ հատված գործող կադաստրային քարտեզից (կոորդինատային կապակցմամբ), որի վրա պետք է նշված լինեն հողամասի տեղադիրքը (հատված կադաստրային քարտեզից (ձեռք է բերվում համայնքից, կադաստրի էլեկտրոնային շտեմարանից)` դիմումին կից սեփականության վկայականի ծածկագրին համապատասխան հողամասի ուրվագիծը, այսուհետ` Հատակագիծը), հարևան հողօգտագործումները և մոտեցնող ճանապարհները (առկայության դեպքում), դրանց տարածքում գոյություն ունեցող և նախատեսվող շենքերը և շինությունները, դրանց բնույթը և նշանակությունը, շենքերի, շինությունների միջև, հողամասի սահմաններից հեռավորությունները, հողամասից 70 մ շառավղով միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ճանապարհները, ինժեներական ենթակառուցվածքի գծային և կետային օբյեկտները, հիմնական գոյություն ունեցող ճանապարհից դեպի հողամաս տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի կազմակերպման սխեման` երկրորդային գոյություն ունեցող մոտեցումից, սեփականության իրավունքով պատկանող կամ համայնքապատկան հողամասի սահմաններում նախատեսվող մոտեցումից: Համայնքապատկան հողամասի (բնակավայրի ներսում` ՀՀ հողային օրենսգրքի բնակավայրի այլ կամ ընդհանուր օգտագործման հողերի, բնակավայրերից դուրս հատվածներում` գյուղատնտեսական այլ հողատեսքով ներկայացված դաշտամիջյան ճանապարհների) սահմաններում դրանց նախատեսման դեպքում` ներկայացվող ուրվագծում անհրաժեշտ է ապահովել համայնքի համաձայնությունը հավաստող դրոշմակնիք, ընդ որում, բնակավայրից դուրս հատվածներում գյուղատնտեսական այլ հողատեսքերը պահպանում են իրենց նպատակային և գործառնական նշանակությունը.
3) այն տարածքներում, որտեղ առկա է օրթոֆոտոլուսանկարում իրականացնելու սահմանափակում, ներկայացվում են հողամասի առկա վիճակը փաստող լուսանկարները, որոնցում արտացոլված կլինեն հարակից հողամասերը և ճանապարհները (առկայության դեպքում) և իրավիճակային հատակագիծը` 1:500, 1:1000 կամ 1:2000 (տարածքային մեծ ընդգրկումների դեպքում) մասշտաբով, որը կպարունակի սույն մասով նախատեսված տեղեկատվությունները.
4) տեղեկանքներ (կամ դրոշմակնքված ուրվագիծ)` տրամադրված մատակարար կազմակերպությունների կողմից` ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների (խողովակաշարեր, ստորգետնյա գազապահեստարաններ, մինչև 1000 Վ լարման էլեկտրական ցանցերի էլեկտրահաղորդման օդային գծեր, 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցեր, մալուխային գծեր, ինչպես նաև I և II դասերի գազատարներ, կապի ենթակառուցվածքներ) վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության գոտիներով, համաձայնեցված տնօրինող և շահագործող կազմակերպությունների հետ և Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների դիրքորոշումները պարունակող տեղեկանքներ: Քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումը համայնքի ղեկավարին առցանց ներկայացնելու դեպքում` ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների վերաբերյալ հայտը զուգահեռ ներկայացվում է նաև մատակարար կազմակերպությունների համաձայնեցմանը.
5) համայնքի ղեկավարի տեղեկանք-հիմնավորումը, որում նշվում են տեղեկություններ համայնքի համար նախատեսվող օբյեկտի կարևորության և առաջարկվող փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ, սանիտարապաշտպանիչ գոտիներ ունեցող (առկայության դեպքում) օբյեկտների վերաբերյալ (այդ թվում` համայնքի վարչական սահմանից դուրս)` 500-ից մինչև 1000 մետր շառավղով` կախված տվյալ օբյեկտի սանիտարապաշտպանիչ գոտու նորմատիվային չափից, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դեպքում` տեղեկանք Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչություն ունենալու, այլընտրանքի բացակայության դեպքում համայնքային սեփականության հողամասի միջով մոտեցում կազմակերպելու դեպքում` համայնքի ղեկավարի կողմից համաձայնությունը հավաստող տեղեկանք և հողամասին առնչվող այլ սահմանափակումների վերաբերյալ.
6) հողամասի առկա վիճակը փաստող լուսանկարները, որոնցում արտացոլված կլինեն հարակից հողամասերը և ճանապարհները (առկայության դեպքում):
(56-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
i
56.1. Առանձին հողամասի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում ձեռքբերողի և օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ միջև պայմանագրի կնքումը հիմք է տվյալ բնակավայրի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթում (միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման նախագիծ, բնակավայրի գլխավոր հատակագիծ) Առանձին հողամասի նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում` հողերի գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ դրական եզրակացության տրամադրման համար: Ձեռքբերողը (պետություն, համայնք կամ կազմակերպություն) գերակա շահի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ներկայացնում է Իրավասու մարմին: Իրավասու մարմինը 10-օրյա ժամկետում պարզեցված փաթեթ է ներկայացնում Լիազոր մարմին` կցելով`
1) հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը.
2) ձեռքբերողի սեփականության վկայականի պատճենը` գերակա շահ ճանաչված հողամասի քարտեզով (կոորդինատային նշահարմամբ).
3) ձեռքբերողի կողմից Իրավասու մարմնին ներկայացված դիմումը` ըստ գերակա շահ ճանաչելու մասին որոշմամբ հողամասին վերագրվող համապատասխան նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերում` միայն գործառնական նշանակությունների հայցի վերաբերյալ` ըստ Ձև N 5.4-ի.
4) առանձին հողամասերի նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերում` միայն գործառնական նշանակությունների փոփոխությունները` Ձև N 1 աղյուսակին համապատասխան:
(56.1-ին կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
56.2. Լիազոր մարմինը`
1) ստանալով փոփոխությունների լրակազմ փաթեթը և հաշվի առնելով, որ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ կարծիք են ներկայացրել նաև Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ հանդիսացող պետական կառավարման համակարգի մարմինները (ովքեր տվյալ` հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունել են նաև օտարվող գույքին նոր վերագրվող (փոփոխվող) Առանձին հողամաս(եր)ի նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում` միայն գործառնական նշանակությունները), գերակա շահի առարկա հանդիսացող հողամաս(եր)ի նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում` միայն գործառնական, նշանակությունների փոփոխություններն իրականացնում է պարզեցված ընթացակարգով` 3-օրյա ժամկետում փաթեթը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին` Առանձին հողամասին առնչվող սահմանափակումները մատնանշելու համար.
2) կազմում է դրական եզրակացություն` Ձև N 5.5.2-ին համապատասխան և ներկայացնում է համապատասխան մարզպետին (Երևանի քաղաքապետին):
(56.2-րդ կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
56.3. Միջգերատեսչական հանձնաժողովի Ձև N 5.5.2-ին համապատասխան դրական եզրակացությունն ստանալուց հետո մարզպետը 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է համապատասխան համայնքների ղեկավարներին, որոնք Միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը և գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ օտարվող Առանձին հողամասին վերագրվող նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում` միայն գործառնական նշանակությունների փոփոխությունների լրակազմ փաթեթը ներկայացնում են համայնքի ավագանու հաստատմանը, որից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ավագանու որոշումը ներկայացվում է մարզպետին (բացառությամբ Երևան համայնքի):
(56.3-րդ կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
56.4. Համայնքի ավագանու դրական որոշումն ստանալուց հետո մարզպետը (բացառությամբ Երևան համայնքի) 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում` գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ օտարվող Առանձին հողամասին վերագրվող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները հաստատելու մասին:
(56.4-րդ կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
56.5. Համապատասխան մարզպետը` 2 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի և համայնքի ավագանու որոշումները, իսկ Երևան համայնքում` Երևանի քաղաքապետը, ներկայացնում է Լիազոր մարմին, ով 2 աշխատանքային օրվա ընթացքում գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ օտարվող Առանձին հողամասին վերագրվող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների լրակազմ փաթեթը և համապատասխան մարզպետի (բացառությամբ Երևան համայնքի) և համայնքի ավագանու որոշումները տրամադրում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին, ձեռքբերողին (պետություն, համայնք կամ կազմակերպություն):
(56.5-րդ կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
i
57. Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետում նշված հողամասերի գործառնական նշանակության փոփոխություն կատարելու նպատակով համայնքի ղեկավարը (համակցված փաստաթղթում փոփոխություն կատարելու դեպքում` սույն կարգի 59-րդ կետով սահմանված ընթացակարգով) առաջարկություն է ներկայացնում Լիազոր մարմին, որը նախաձեռնում է Կարգի 24-րդ կետի 4-րդ և Կարգի 24-րդ կետի 5-րդ ենթակետերով նախատեսված գործողություններ:
(57-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
i
57.1. Քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների, գլխավոր հատակագծի իրականացման հերթականության փոփոխություն կատարելու նպատակով համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացնում է առաջարկություն (բացառությամբ Երևան համայնքի): Առաջարկությանը դրական եզրակացություն տալու դեպքում` ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետը (Երևան համայնքի դեպքում` Երևանի քաղաքապետը) այն ներկայացնում է Լիազոր մարմին, իսկ բացասական եզրակացության դեպքում վերադարձնում է համայնքի ղեկավարին` հիմնավորելով բացասական եզրակացությունը և հղում կատարելով իրավական ակտի համապատասխան դրույթին:
(57.1-ին կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
57.2. Սույն կարգի 56-րդ և 57-րդ կետերում ներկայացված առաջարկությունների վերաբերյալ բացասական կարծիքը պետք է առնչվի տվյալ կարծիքը ներկայացնող շահագրգիռ մարմնի գործառույթներին, լինի հստակ և չափելի, նշվի անճշտություն պարունակող և ճշտման ենթակա հանգամանքները, պարունակի իրավական ակտի համապատասխան դրույթներին հղում, չպարունակի սույն կարգի պահանջներից դուրս լրացուցիչ պահանջներ և չպարունակեն հետևյալ արտահայտությունները` «նպատակահարմար չէ», «խմբագրել N-րդ գլուխը», «առկա են անճշտություններ N-րդ էջում», «դիտողությունները լիովին հաշվի չեն առնվել», «առկա են անհամապատասխանություններ աղյուսակներում»:
(57.2-րդ կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
57.3. Միջգերատեսչական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ներկայացնում է կարծիք (դիտողություններ և առաջարկություններ) միայն մեկ անգամ: Բնօրինակ` սկզբունքային նոր ներդրված փոփոխված դրույթներ չպարունակող, սակայն շրջանառված փաստաթղթում ուշադրությունից դուրս մնացած, կամ յուրաքանչյուր հաջորդ շրջանառության ընթացքում նույն մարմնի տարբեր մասնագետների տարբեր մոտեցումների արդյունքում ծագած նոր դիտողություններ ու առաջարկություններ չեն ներկայացվում: Վերոնշյալ փաստաթղթի վերաբերյալ երկրորդ անգամ ներկայացված նոր դիտողությունները հաշվի չեն առնվում, չեն ուղարկվում լրամշակման և մերժման համար հիմք հանդիսանալ չեն կարող: Մեկից ավելի անգամ դիտողություն կամ առաջարկություն կարող է ներկայացվել հետևյալ բացառիկ դեպքերում`
1) եթե նախկինում ներկայացված էական (ոչ խմբագրական բնույթի) դիտողությունները կամ առաջարկությունները չեն ընդունվել կամ ուղղվել` առանց պատշաճ հիմնավորման.
2) Միջգերատեսչական հանձնաժողովի այլ անդամներից որևէ մեկի կողմից ներկայացված դիտողության կամ առաջարկության հիման վրա կատարված ուղղումները հանգեցրել են տվյալ մարմնի կողմից իրավական ակտի համապատասխան դրույթների վրա հղում պարունակող նոր դիտողության կամ առաջարկի:
(57.3-րդ կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
57.4. Եթե Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներից որևէ մեկի կողմից ներկայացվել է այլ ոլորտի (բնագավառի) լիազոր մարմնի լիազորությունների մասով դիտողություն, որի վերաբերյալ տվյալ ոլորտի (բնագավառի) լիազոր մարմինը տվել է դրական կարծիք, ապա տվյալ դիտողությունը հաշվի չի առնվում:
(57.4-րդ կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
i
58. Համայնքի ղեկավարի կողմից մարզպետին հողամասի գործառնական նշանակության, քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների, գլխավոր հատակագծի իրականացման հերթականության փոփոխության համաձայնեցման ներկայացվող փաթեթում ներառվում է`
1) քաղաքաշինական գործունեության իրականացում չնախատեսող դեպքերում` սույն Կարգի Ձև N 4-ին համապատասխան (ընդհանուր սեփականության կամ օգտագործման իրավունքի մի քանի սուբյեկտների դեպքում` վերջիններիս ստորագրությամբ) դիմումը և տվյալ հողամասի և հողամասի սահմաններից 100 մետր շառավղով տեղանքի օրթոֆոտոլուսանկարը (կոորդինատային կապակցմամբ) կամ քաղվածք գործող կադաստրային քարտեզից, որի վրա պետք է նշված լինի հողամասի տեղադիրքը: Այն տարածքներում, որտեղ առկա է օրթոֆոտոլուսանկարում իրականացնելու սահմանափակում, ներկայացվում են հողամասի առկա վիճակը փաստող լուսանկարները.
2) քաղաքաշինական գործունեության իրականացում նախատեսող դեպքերում` սույն Կարգի Ձև N 5.1, Ձև N 5.2 և Ձև N 5.3-ին համապատասխան (ընդհանուր սեփականության, օգտագործման կամ կառուցապատման իրավունքի մի քանի սուբյեկտների դեպքում` վերջիններիս ստորագրությամբ) դիմումը և 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը:
(58-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
i
59. Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության և Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետում նշված հողերի գործառնական նշանակության փոփոխության մասով համակցված փաստաթղթում փոփոխություն կատարելու նպատակով համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացնում է առաջարկություն` կցելով Կարգի 58-րդ կետում նշված փաստաթղթերը: Մարզպետն իր դրական եզրակացությամբ առաջարկությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Լիազոր մարմին, իսկ բացասական եզրակացության դեպքում, իրավական ակտի համապատասխան դրույթին հղմամբ հիմնավորելով կարծիքը, 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է համայնքի ղեկավարին:
(59-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
i
60. Հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը համայնքի ավագանու կողմից կարող է հաստատվել միայն Միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Պարզեցված ընթացակարգի դեպքում փոփոխությունը կատարվում է հետևյալ պետական մարմինները ներառող կազմով Միջգերատեսչական հանձնաժողովի (Հանձնաժողով 1)-ի կողմից տրված եզրակացությունների հիման վրա`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե (Լիազոր մարմին).
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.
3) Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե:
(60-րդ կետը փոփ. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
i
60.1. Սույն կարգի 60-րդ կետով նախատեսված պարզեցված ընթացակարգով հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը կատարվում է ստորև ներկայացվող դեպքերում`
1) մինչև 1000 քառ. մ մակերեսով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված գյուղատնտեսական հողերից բնակելի և հասարակական նշանակության հողատեսքերի փոփոխությունները.
2) մինչև 200 քառ. մ մակերեսով կապի օբյեկտների (բջջային, ռադիոռելեային և այլ նշանակության կայանների` բացառությամբ շենքերի) տեղադրման.
3) բնակավայրերի հատակագծային միավորների (թաղամասերի) տարածքներում ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների (ենթակայաններ, պոմպակայաններ, կաթսայատներ) տեղադրման.
4) ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող 5000 քառ. մ գերազանցող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասում մինչև 300 մակերեսով բնակելի և 50 քառ. մ օժանդակ, 300 քառ. մ մակերեսով հասարակական և գյուղատնտեսական արտադրական նպատակային նշանակության շինությունների կառուցման.
5) կոորդինատային սխալները կամ կադաստրային քարտեզի այլ անճշտությունները հիմք չեն հողամասի նպատակային նշանակությունը չփոփոխելու համար: Նշված անճշտությունների առկայության վերաբերյալ ոլորտի շահագրգիռ մարմնի կողմից տրվում է տեղեկատվություն:
(60.1-ին կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
i
60.2. Պարզեցված ընթացակարգով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը (բացառությամբ հանրության գերակա շահի դեպքերի) համարվում է կատարված` համայնքի ավագանու կողմից (սեփականատիրոջ հայտի համաձայն) այդ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո, որոնք արտացոլվում են հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:
(60.2-րդ կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
60.3. Հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունները սույն կարգի 56.2-րդ և 60-րդ կետերով սահմանված դեպքերում քաղաքացիներին և իրավաբանական անձանց չի ազատում տեղական տուրքերից և վճարներից:
(60.3-րդ կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
60.4. Լիազոր մարմինը տալիս է եզրակացություն` կցելով միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթով սահմանված հատակագծային սահմանափակումների (ենթակառուցվածքներ, սանիտարապաշտպանիչ գոտի պահանջող օբյեկտներ, հուշարձանների պահպանական գոտիներ և այլն), նույն փաստաթղթերի գոտևորման բաժնով սահմանված չափորոշիչների մասին տեղեկատվություն (սահմանված կարգով բոլոր պետական մարմինների դրական եզրակացությունն ստացած և հաստատված): Այն դեպքերում, երբ անհրաժեշտություն է առաջանում նոր առաջացած հիմնավորված կարիքների հիման վրա չափորոշիչների վերանայման, փաթեթում միաժամանակ ներկայացվում են նոր հայցվող չափորոշիչների վերաբերյալ հիմնավորումները և համապատասխան փաստաթղթերում դրանց փոփոխության առաջարկը:
(60.4-րդ կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
60.5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացնում է փոփոխվող հողամասի նկատմամբ տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների գծերի տեղադիրքի և դրանով պայմանավորված սահմանափակումների կամ տեղափոխման անհրաժեշտության վերաբերյալ տեղեկություն:
(60.5-րդ կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
60.6. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն ներկայացնում է տվյալ քաղաքաշինական գործունեության շրջանակում փոփոխվող հողամասերի կադաստրային քարտեզում առկա անհամապատասխանությունների վերաբերյալ տեղեկատվություն, պետական գրանցում չստացած կամ չհաշվառված ինքնակամ շինությունների, գույքի նկատմամբ սահմանափակումների առկայությամբ պայմանավորված դիտողություններ:».
(60.6-րդ կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
61. Կարգի 22-րդ կետում նշված ընթացիկ քարտեզը և աղյուսակները սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, գլխավոր հատակագծով (Համակցված փաստաթղթով) չնախատեսված Առանձին հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխման առաջարկությունները Լիազոր մարմնի կողմից 3-օրյա ժամկետում վերադարձվում են Իրավասու մարմնին` նշելով պատճառը:
62. Տարածական պլանավորման փաստաթուղթը Կատարողի կողմից մշակվում է համակարգչային ծրագրերի կիրառմամբ (վեկտորային` «Dwg» (դի վի ջի) կամ «Dxf» (դի իքս էֆ) կամ «Shape» (Շեյփ) ձևաչափերով) և սահմանված կարգով հաստատվելուց հետո 4 օրինակներով (թղթային և էլեկտրոնային) տրամադրվում է համայնքի (համայնքների) ղեկավարին (ղեկավարներին): Նշված օրինակներից մեկը մնում է համայնքում, մեկական օրինակ (թղթային և էլեկտրոնային) համայնքի ղեկավարը տրամադրում է մարզպետին, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե և Լիազոր մարմնին:
63. Նախագծի էլեկտրոնային տարբերակը Լիազոր մարմին և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե տրամադրվում է նախագծի մշակման բնօրինակ համակարգչային ծրագրով և ՊԴՖ (PDF) ձևաչափերով:
64. Տարածական պլանավորման փաստաթուղթը սահմանված կարգով հաստատվելուց հետո համայնքի (համայնքների) վարչական տարածքում (տարածքներում) հողերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են բացառապես տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություններ կատարելու միջոցով` Օրենքով և Կարգով նախատեսված պահանջներին համապատասխան:
i
64.1. Մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը (մինչև սույն կարգի N 2 հավելվածի գոտևորման աղյուսակների օրինակելի ձևերը հաստատելը) ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված` Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացություն ստացած միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագծի չափորոշիչներն ընդունվում են նշված փաստաթղթերով հաստատված գործառնական գոտիներում կառուցապատման չափորոշիչները և դրանց ներկայացման օրինակելի ձևերի սահմանված պահանջները աղյուսակներով ներկայացված ձևաչափերին համապատասխան: ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի N 2 հավելվածի «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ» աղյուսակի դրույթները դրանց նկատմամբ կիրառելի չեն:
(64.1-ին կետը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
65. Գլխավոր հատակագծի և Համակցված փաստաթղթի փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ժամանակ ծագող վեճերը լուծվում են դատական կարգով:
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻՆ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
66. Հայաստանի Հանրապետության համայնքների գլխավոր հատակագծերի նախագծման առաջադրանքում նշվում են`
1) համայնքի անվանումը.
2) համայնքի հիմնական բնութագիրը, այդ թվում`
ա. տարածքի մակերեսը,
բ. բնակչության թիվը և ժողովրդագրական տվյալները,
գ. ռեսուրսների հիմնական տեսակները (բնական, բուժական, առողջարարական, հանքահումքային և այլ),
դ. հանրային օգտագործման կանաչ գոտիները, լանդշաֆտային, ռեկրեացիոն, բնության հատուկ պահպանվող տարածքները,
ե. արտադրության գերիշխող ճյուղերը,
զ. տվյալներ ինժեներատրանսպորտային և կոմունալ-կենցաղային ենթակառուցվածքների, այդ թվում` էներգետիկայի և տրանսպորտի կետային և գծային օբյեկտների, գերեզմանատների, աղբավայրերի, կենցաղային կեղտաջրերի մաքրման կառույցների, խմելու ջրի աղբյուրների տեղակայման և սանիտարական պահպանման գոտիների վերաբերյալ,
է. տվյալներ շրջակա միջավայրի վիճակի, այդ թվում` տեղեկատվություն ջրային օբյեկտների առկա վիճակի` կարգավորման, մաքրման և հատակի խորացման ենթակա գետերի ու այլ ջրային ավազանների հուների տարածքների մասով, մթնոլորտային օդի աղտոտման վիճակի, բնական ու տեխնածին արտակարգ իրավիճակների աղբյուրների առկայության վերաբերյալ,
ը. տեղեկատվություն պատմամշակութային հիմնավորման նախագծերի, պատմության և մշակույթի հուշարձանների (այդ թվում` նաև նորահայտ հուշարձանների) զբաղեցրած տարածքի և պահպանական գոտիների մակերեսների և օգտագործման պայմանակարգերի վերաբերյալ,
թ. տվյալներ առկա և նախատեսվող էներգատեղակայանքների ու դրանց զբաղեցրած հողատարածքների վերաբերյալ` համաձայնեցված տվյալ տեղակայանքները տնօրինող շահագործող ընկերությունների հետ,
ժ. համայնքի առանձնահատկություններից բխող այլ տեղեկատվություն.
3) համայնքի տարածական զարգացման հիմնական հեռանկարային ուղղությունները, այդ թվում`
ա. համայնքի զարգացման ծրագրից բխող` համայնքի (բնակավայրի) հատակագծային կառուցվածքի և գործառական զարգացմանը, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքի սպասարկման ու զարգացման կազմակերպմանը, գծային օբյեկտների պահպանմանն ու կատարելագործմանը, շրջակա միջավայրի, բնական լանդշաֆտների պահպանությանն ու կատարելագործմանը, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքների առանձնացմանը, տարածքների կազմակերպմանն ու կառուցապատմանը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանությանը ներկայացվող հիմնական պահանջները,
բ. հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով առաջարկվող համայնքի տարածքային զարգացման հեռանկարային ուղղությունները,
գ. բնակավայրի (բնակավայրերի) տարածական զարգացմանը ներկայացվող պահանջները,
դ. քաղաքաշինական, գյուղատնտեսական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումներին, ինչպես նաև հատուկ կարգավորման դրույթներին վերաբերող պահանջները,
ե. ինժեներաերկրաբանական նախապատրաստմանը, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքների պաշտպանության միջոցառումներին, հողերի պահպանությանը, քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին ներկայացվող հիմնական պահանջները,
զ. համայնքի զարգացման առանձնահատկություններից բխող այլ լրացուցիչ պահանջներ.
4) նախագծման հիմքը (գլխավոր հատակագծի մշակման առաջադրանքը հաստատելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշումը).
5) համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները (որոշումների անվանումները, ընդունման ժամկետները, համարները).
6) համայնքի գլխավոր հատակագծի նախագծի կազմին և բովանդակությանը ներկայացվող լրացուցիչ պահանջները (առկայության դեպքում):
67. Գլխավոր հատակագծի մշակման առաջադրանքում ներառվում են նաև դրա կազմում մշակվող քաղաքաշինական գոտևորման նախագծին ներկայացվող պահանջները` որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի համապատասխան:
68. Գյուղական բնակավայրեր ներառող համայնքների համար նախագծային առաջադրանքով կարող է նախատեսվել հողերի օգտագործման սխեմայի մշակում` համայնքի սահմաններում ընդգրկված գյուղատնտեսական հողերի, դրանց հողատեսքերի և գյուղատնտեսությունում դրանց արդյունավետ օգտագործման մասով:
69. Համակցված տարածական պլանավորման փաստաթղթի մշակման առաջադրանքում սույն Կարգի 66-րդ և 67-րդ կետերով սահմանված կարգով նշված դրույթները լրացվում են տարածական միավորում ընդգրկված յուրաքանչյուր համայնքի մասով, Համակցված փաստաթղթի տարածքային հատակագծման նախագծի մասով մշակվող գծագրերը նախատեսվում են 1:25 000 կամ 1:50 000 մասշտաբներով:
i
70. Հայաստանի Հանրապետության համայնքների գլխավոր հատակագծերի ելակետային նյութերի ցանկը ներառում է`
1) տարածքի տեղագրական հանույթը, 1:10 000 կամ 1: 5000, 1: 2000 կամ 1:1000 մասշտաբներով.
2) կադաստրային քարտեզագրման նյութերը (այդ թվում` տարածքի կառուցապատված հատվածի կադաստրային հանույթը, տարածքի չկառուցապատված հատվածի կադաստրային հանույթը, կադաստրի թեմատիկ շերտերի տեղեկատվությունը թվային տարբերակով).
3) փաստացի հողօգտագործումների և սեփականության սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն և հողերի հաշվետվությունը.
4) նախկինում հաստատված քաղաքաշինական ծրագրային և հողաշինական փաստաթղթերը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաստատված սեյսմամիկրոշրջանացման քարտեզը` 1:10 000 կամ 1:5000 մասշտաբներով (գլխավոր հատակագծի դեպքում), մանրամասն սեյսմաշրջանացման քարտեզը` 1:25 000 կամ 1:50 000 մասշտաբներով (Համակցված փաստաթղթերի դեպքում).
6) ինժեներաերկրաբանական շրջանացման քարտեզը, 1:10 000 կամ 1:5000 մասշտաբներով և ինժեներաերկրաբանական հետազննման նյութերը.
7) տվյալներ պատմամշակութային հիմնավորման նախագծերի վերաբերյալ, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների զբաղեցրած տարածքների և պահպանական գոտիների հաստատված նախագծերը և դրանց օգտագործման պայմանակարգերը.
8) տվյալներ շրջակա միջավայրի վիճակի, բնության հատուկ պահպանվող տարածքների (ներառյալ բնության հուշարձանների) և դրանց պահպանական գոտիների վերաբերյալ.
9) տվյալներ ընդհանուր (հանրային) օգտագործման կանաչ գոտիների, լանդշաֆտների, ռեկրեացիոն տարածքների, ջրային օբյեկտների վերաբերյալ.
10) տվյալներ բնակելի, հասարակական, արտադրական կառուցապատման, կոմունալ տնտեսության, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքի (այդ թվում` գծային օբյեկտների) առկա վիճակի վերաբերյալ.
11) համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի որոշումների պատճենները.
12) տվյալներ ռեսուրսների` բնական, բուժական, առողջարարական և այլ պաշարների մասին.
13) համայնքին վերաբերող արխիվային նյութերը (առկայության դեպքում).
14) տվյալներ առկա և նախատեսվող էներգատեղակայանքների ու դրանց զբաղեցրած հողատարածքների վերաբերյալ` համաձայնեցված տվյալ տեղակայանքները տնօրինող շահագործող ընկերությունների հետ.
15) առաջադրանքով ամրագրված լրացուցիչ պահանջներին վերաբերող նյութեր (առկայության դեպքում).
16) տվյալներ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ:
Սույն դրույթը տարածվում է որոշման նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո մեկնարկած քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի վրա:
(70-րդ կետը փոփ. 30.05.2024 թիվ 800-Ն, 25.12.2025 թիվ 1972-Ն որոշումներ)
71. Կարգի 70-րդ կետում նշված ելակետային նյութերը Համակցված փաստաթղթի մշակման դեպքում հավաքագրվում են տարածքային միավորումներում ընդգրկված յուրաքանչյուր համայնքի մասով, Համակցված փաստաթղթի տարածքային հատակագծման նախագծի մասով մշակվող գծագրերի համար տեղագրական հանույթը տրամադրվում է 1: 25 000 կամ 1:50 000 մասշտաբներով:
i
3.1. ԹՎԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ, ԻՍԿ ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ` ՄԻԱՅՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(3.1-ին գլուխը լրաց. 25.12.2025 թիվ 1972-Ն որոշում)
71.1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են առանձին հողամասերի նպատակային և գործառնական, իսկ առանձին դեպքերում` միայն գործառնական նշանակությունների (այսուհետ` հողամասերի նպատակային և գործառնական նշանակություններ) փոփոխության թվային հարթակում տրամադրման ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
71.2. Հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների թվային հարթակը (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) գործում է առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության գործընթացը դյուրացնելու և փաստաթղթերի տրամադրման, ծանուցումների և համաձայնեցումների ընթացակարգերը մասնակիցների կողմից թվային եղանակով, կարճ ժամկետներում և համակարգված իրականացնելու նպատակով: Էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս իրականացնելու միաժամանակյա տեղեկացումներ, մի քանի մարմինների և կազմակերպությունների հետ առցանց փոխհամաձայնեցումներ, ինչպես նաև ապահովում է ամբողջ ընթացակարգի թափանցիկությունը և գործընթացների մշտադիտարկումը:
71.3. Էլեկտրոնային համակարգի ավտոմատացման միջոցառումներն իրականացվում են երեք հիմնական ուղղություններով`
1) գործառույթների ներքին ավտոմատացում` ընթացակարգին մասնակից շահագրգիռ մարմինների (գերատեսչությունների) կորպորատիվ ցանց.
2) հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների էլեկտրոնային միջավայրում (այսուհետ` ինստիտուցիոնալ ցանց), որտեղ պարտադիր հասանելիություն ունեն ընթացակարգին մասնակից բոլոր այն շահագրգիռ մարմինները, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման N 1 հավելվածի (այսուհետ` N 1 հավելված) պահանջների շրջանակում ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անմիջական լիազորություն կամ գործառույթ համապատասխան վարչական վարույթի արդյունքում տրվող կամ ձևակերպվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության համար: Քաղաքացին, իրավաբանական անձը կամ իրավասու մարմինը հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության իրականացման համար իրավասու մարմնին ուղղված իր հայտը (դիմումը) ներկայացնում է բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով` առցանց (online) անձամբ կամ լիազորված անձի միջոցով, կամ իրավասու մարմնի մեկ պատուհան ծառայության աշխատակցի միջոցով, N 1 հավելվածի Ձևերի պահանջներին համապատասխան: Հանրային տեղեկությունների մասին օրենքի և կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայություններ ստանալու համար անձանց նույնականացումը պետք է իրականացվի «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով.
3) արտաքին (ինստիտուցիոնալ) ցանցի միջոցով հայտատուներին առցանց ծառայությունների մատուցման ապահովում` հայտատուի կողմից մուտքագրվող նույնականացման տվյալները` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի` արտաքին ցանցի միջոցով հայտատուներին առցանց ծառայությունների մատուցման ապահովում` հայտատուի կողմից մուտքագրվող նույնականացման տվյալները` Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, պետական ռեգիստրի գործակալության, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի տվյալների շտեմարանների և այլ թվային շտեմարանների տվյալների հետ ինքնաշխատ նույնականացնելու նպատակով` ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցման N 1849-Ն որոշման կարգի համաձայն:
71.4. Արտաքին փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է ինստիտուցիոնալ ցանցի միջոցով, որը համակարգվում է, ինչպես նաև անխափան ու անվտանգ շահագործման սպասարկումն իրականացվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից, իսկ ներքին փաստաթղթաշրջանառությունը` կորպորատիվ ցանցի միջոցով, որի անխափան ու անվտանգ շահագործման սպասարկումն իրականացվում է սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված յուրաքանչյուր մարմնի կողմից, որով հայտատուի կողմից ներկայացված հայտը (դիմումը)` կից փաստաթղթերով և ինքնաշխատ գեներացված տվյալներով հասանելի է դառնում գործառույթի կատարման լիազորություն ունեցող իրավասու մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը:
71.5. Էլեկտրոնային ընդունարանը (իրավասու մարմնի մեկ պատուհան ծառայության էլեկտրոնային համարժեքը), հայտատու իրավասու մարմնի շղթայի միջանկյալ օղակն է, որի գործառույթները ներառում են հայտատուից դիմումներ (կից փաստաթղթերով) մուտքագրումը (տեղեկատվական մուտքի միասնական հարթակում գրանցման համար (ծածկագիր) տրամադրելու և անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն մատուցելու), իսկ գործընթացի ավարտից հետո` հայտատուին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերը նրան արտածելու պարտականություններով:
71.6. Տեղեկատվական մուտքի միասնական հարթակի միջոցով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության տրամադրման ընթացակարգերն իրականացվում են N 1 հավելվածով սահմանված հաջորդականությամբ, պայմաններով և ժամկետներում:
71.7. Տեղեկատվական մուտքի միասնական հարթակի միջոցով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունն ստանալու համար հայտատուն իրավասու մարմնի էլեկտրոնային ընդունարանում կարող է գրանցվել սույն կարգի 6-րդ կետում նշված գործառույթների իրականացման առաջին կամ յուրաքանչյուր հաջորդական փուլում, ընդ որում, գրանցման համարը (ծածկագիրը)` հայտատուի համար իր կողմից ներկայացված հայտի (դիմումի) հետագա շարժի մասին, հավաստի տեղեկություններ ստանալու միջոց է` ապահովելով գործընթացի թափանցիկությունը դրա իրականացման ամբողջ ընթացքում:
71.8. Տեղեկատվական մուտքի միասնական հարթակի համակարգի միջոցով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունն ստանալու համար հայտատուն գրանցվում է տեղեկատվական մուտքի միասնական հարթակի վեբ կայքում` նշելով իր էլեկտրոնային հասցեն ու հեռախոսահամարը, ստեղծում է հաշիվ (account) համակարգում և լրացնում է ու իր էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում է N 1 հավելվածով սահմանված համապատասխան էլեկտրոնային հայտը (դիմումը): Իրավասու մարմնի մեկ պատուհանի աշխատակցի միջոցով հայտ ներկայացնելու դեպքում տվյալները տեղեկատվական մուտքի միասնական հարթակ են մուտքագրվում աշխատակցի կողմից` միաժամանակ ստեղծելով հայտատուի համար նոր օգտատիրոջ հաշիվ: Նորաստեղծ հաշվի տվյալները (օգտատիրոջ անունը և գաղտնաբառը) ուղարկվում են հայտատուին` հայտում նշված էլեկտրոնային հասցեին կամ էլեկտրոնային կարճ հաղորդագրությամբ: Օգտագործելով իր հաշիվը` հայտատուն հնարավորություն է ստանում հետևելու իր դիմումի համապատասխան գործառույթի ընթացքին: Հայտին կից պահանջվող փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի կարգավորումների շնորհիվ ավտոմատ եղանակով նույնականացվում են համապատասխան մարմինների տվյալների շտեմարանների միջոցով կամ դրա անհնարինության դեպքում` հայտատուի կողմից կցվում են փաստաթղթերի տեսաներածված պատճենները:
71.9. Իրավասու մարմնի կողմից պետական լիազոր և այլ մարմիններին` N 1 հավելվածով սահմանված դեպքերում ու ժամկետներում ներկայացվող հարցումները, վերջիններիս հետ հետադարձ կապը, ինչպես նաև հայտատուներին իրավասու մարմնի էլեկտրոնային ստորագրությամբ համապատասխան հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների տրամադրումն ապահովվում է էլեկտրոնային հաղորդակցության` թվային հարթակի ինստիտուցիոնալ ցանցի միջոցով:
71.10. Տեղեկատվական մուտքի միասնական հարթակի միջոցով հայտատուներին` իրավասու մարմնի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված համապատասխան հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների (կամ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների տրամադրումը մերժելու մասին գրությունների) տրամադրման պահին, էլեկտրոնային համակարգի ավտոմատ կարգավորումների միջոցով հայտատուին ծանուցում է ուղարկվում նաև հայտում նշված էլեկտրոնային հասցեով, ընդ որում, հայտը (դիմումը) կարող է մերժվել N 1 հավելվածով սահմանված հիմքերով և իրավական ակտերին հղում կատարելով:
71.11. Այն դեպքում, երբ միջգերատեսչական հանձնաժողովի առանձին գերատեսչության կողմից պատասխանի համար սահմանված ժամկետում ստացվում է դիտողություն կամ առաջարկ, հայտատուն կարող է կատարել տվյալ դիտողության լրամշակում և մինչ սահմանված ժամկետի սպառվելը մուտքագրել նույն հայտի շրջանակում: Դիտողությունը ներկայացրած մարմնի կողմից պատասխանն ընդունելու դեպքում կտրվի դրական կարծիք:
71.12. Այն դեպքերում, երբ տեղեկատվական մուտքի միասնական հարթակի մուտքագրված փաստաթղթերի տվյալների ինքնաշխատ եղանակով նույնականացումը հնարավոր չէ իրականացնել Ես Եմ-ի և առկա տվյալների շտեմարանների հիման վրա, N 1 հավելվածով սահմանված պահանջներով և սույն կարգով նախատեսված ընթացակարգով հարուցված ցանկացած վարչական վարույթի շրջանակում իրավասու մարմինը, ըստ անհրաժեշտության, կարող է էլեկտրոնային ծանուցմամբ առաջարկել հայտատուին վերջինիս հայեցողությամբ, իրավասու մարմնին ներկայացնել նաև N 1 հավելվածով սահմանված կարգերի շրջանակներում նախատեսված թվային հայտին (դիմումին)` (մուտքագրվող տվյալների համակցությամբ) կցվող որոշ փաստաթղթերի բնօրինակները:
71.13. Հայտատուն կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:».
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ, ՊԱՐԶԵՑՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄԻՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
72. Հայաստանի Հանրապետության համայնքի գլխավոր հատակագծի նախագծային փաստաթղթերի փաթեթը կազմված է գրաֆիկական և տեքստային մասերից: Գրաֆիկական մասի գծագրերը մշակվում են կադաստրային քարտեզի հիմքի վրա, հաշվի առնելով ինժեներաերկրաբանական և սեյսմամիկրոշրջանացման քարտեզների (առկայության դեպքում) տվյալները, քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումները:
(72-րդ կետը փոփ. 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
73. Գլխավոր հատակագծի գրաֆիկական մասը ներկայացվում է հետևյալ կազմով`
1) հենակետային հատակագիծ (կամ տարածքի փաստացի օգտագործման հատակագիծ)` 1:10000 կամ 1:5000 մասշտաբներով, որտեղ ցույց են տրվում`
ա. տարածքի հատակագծային կառուցվածքը (բնակելի, հասարակական, ընդհանուր օգտագործման, արտադրական, գյուղատնտեսական, կոմունալ և այլ տարածքներն ըստ գործառնական նշանակության (հողատեսքերի),
բ. տրանսպորտային (այդ թվում` արտաքին տրանսպորտի) կապերը և ճանապարհային ցանցը,
գ. ինժեներական և կոմունալ ենթակառուցվածքների տարածքները,
դ. ջրային օբյեկտների սահմանները,
ե. բնության հատուկ պահպանվող տարածքների սահմանները,
զ. բնակավայրի փաստացի սահմանագիծը.
2) ռիսկերի և սահմանափակումների քարտեզ (կամ տարածքի համալիր գնահատման քարտեզ)` 1:10000 կամ 1:5000 մասշտաբներով: Ռիսկերի և սահմանափակումների քարտեզում ցույց են տրվում`
ա. կառուցապատման համար անբարենպաստ տարածքները` դրանց բնութագրերի նշումով,
բ. իրավասու մարմնին հայտնի բնական ու տեխնածին վտանգավոր երևույթների պատճառով կառուցապատման և այլ նպատակներով հողօգտագործման համար անբարենպաստ տարածքները,
գ. երկրաբանական ֆոնդում պետական գրանցում ստացած հանքավայրերի սահմանագծերը, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների սահմանները,
դ. շրջակա միջավայրն աղտոտող իրավասու մարմնին հայտնի օբյեկտների սանիտարապաշտպանիչ գոտիները,
ե. էկոլոգիական իրավիճակի նկարագիրը` աղմուկի, էլեկտրամագնիսական ճառագայթման, ռադիոակտիվ աղտոտվածության և այլ էկոլոգիական խախտումների իրավասու մարմնին հայտնի գոտիները,
զ. սույն ենթակետի «բ» և «դ» պարբերություններում նշված, ինչպես նաև սանիտարապաշտպանիչ գոտիներ ունեցող այլ օբյեկտները հարևան համայնքների կողմից տրամադրված նյութերի հիման վրա նշվում են նաև համայնքի վարչական սահմանից դուրս` հարևան համայնքների առավելագույնը 1000 մետր շառավղով տարածքներում` կախված տվյալ օբյեկտի սանիտարապաշտպանիչ գոտու նորմատիվային չափից.
3) ճանապարհային ցանց և տրանսպորտի կազմակերպման ուրվագիծ` 1:10000 կամ 1:5000 մասշտաբներով: Տրանսպորտի գոյություն ունեցող և նախագծային գծային օբյեկտները գծագրի վրա նշվում են նույն գույնի` համապատասխանաբար հոծ և կետագիծ գծերով, իսկ կետային օբյեկտների տարածքները նույն գույնի թափանցիկ լիցքերով` նախագծայինի դեպքում ավելացնելով համապատասխան գույնի շեղագիծ: Տրանսպորտի կազմակերպման ուրվագծում միագույն գծային հենակետային հիմքի վրա ցույց են տրվում գոյություն ունեցող և նախագծային.
ա. արտաքին տրանսպորտի (երկաթուղային գծեր և կայարաններ, օդանավակայաններ, կամուրջներ, ուղեկամուրջներ, թունելներ, ճոպանուղիներ և այլն) տարածքներն ու կառույցները,
բ. ավտոմոբիլային ճանապարհների ցանցը և դրանց դասակարգումը,
գ. միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման գոտիները, ներհամայնքային ավտոմոբիլային ճանապարհների կարմիր գծերը,
դ. (դ պարբերությունն ուժը կորցրել է 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
4) ինժեներական ու կոմունալ ենթակառուցվածքի ուրվագիծ` 1:10000 կամ 1:5000 մասշտաբներով: Ինժեներական ենթակառուցվածքների գոյություն ունեցող և նախագծային գծային օբյեկտները գծագրի վրա նշվում են տարբեր գույներով` համապատասխանաբար հոծ և կետագիծ գծերով, իսկ կետային օբյեկտների տարածքները` նույն գույնի թափանցիկ լիցքերով` նախագծայինի դեպքում ավելացնելով համապատասխան գույնի շեղագիծ: Ինժեներական ու կոմունալ ենթակառուցվածքի ուրվագծում միագույն գծային հենակետային հիմքի վրա ցույց են տրվում գոյություն ունեցող և նախագծային`
ա. ինժեներական և կոմունալ սարքավորումների հիմնական կառուցվածքները,
բ. հիդրոտեխնիկական կառույցները,
գ. առաջարկություններ աղբավայրերի, մաքրման կայանների վերաբերյալ.
5) լանդշաֆտային կազմակերպման ուրվագիծ` 1:10000 կամ 1:5000 մասշտաբներով: Լանդշաֆտային կազմակերպման ուրվագծում միագույն գծային հենակետային հիմքի վրա ցույց են տրվում`
ա. համայնքի սահմաններում ընդգրկված անտառային, ջրային և այլ բնական օբյեկտների, ինչպես նաև բնակավայրի սահմաններում ներառված բնական համալիրների տարածքները.
6) տարածքային զարգացման հատակագիծ (հիմնական գծագիր)` 1:10000 կամ 1:5000 մասշտաբներով: Տարածքային զարգացման հատակագծում, հենակետային հատակագծի և ռիսկերի ու սահմանափակումների քարտեզի հիման վրա ցույց են տրվում`
ա. համայնքի տարածական զարգացման հիմնական ուղղությունները,
բ. հատակագծային և ծավալատարածական կառուցվածքի բարելավման և զարգացման վերաբերյալ առաջարկությունները,
գ. ճանապարհափողոցային ցանցի զարգացման միջոցառումները,
դ. ինժեներական և կոմունալ ենթակառուցվածքի զարգացման վերաբերյալ առաջարկություններ, աղբահանության և այլ կենցաղ-սպասարկման միջոցառումները,
ե. բնապահպանական միջոցառումները, սանիտարական գոտիները, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները գրանցված հողամասերի սահմաններով.
7) հողերի նպատակային նշանակության փոփոխությունների գծագիր` 1:10000 կամ 1:5000 մասշտաբներով, որտեղ նշվում են`
ա. նախագծային լուծումներից բխող հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները` ճանապարհների կամ շենքերի և շինությունների սահմանագծերով,
բ. գլխավոր հատակագծի իրականացման հերթականությունը` ըստ առաջնահերթ (մինչև 5 տարի), միջնաժամկետ (5-10 տարի), երկարաժամկետ (10-15 տարի) փուլերի (գծագրի վրա հողամասերը նշվում են համապատասխանաբար «Ա», «Մ», «Ե» տառերով).»,
8) համայնքի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում` 1:50000 կամ 1:25000 մասշտաբներով: Համայնքի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում գծագրում ցույց են տրվում համայնքի հիմնական գործառական, ինժեներական, տրանսպորտային և հատակագծային կապերը հարևան համայնքների և այլ կարևոր օբյեկտների հետ.
9) մինչև 15 հազար բնակիչ ունեցող համայնքների գլխավոր հատակագծերի նախագծային փաստաթղթերի կազմում պարտադիր մշակվում են քաղաքաշինական գոտևորման նախագծերը` բնակավայրի ողջ տարածքի համար որոշման N 2 հավելվածի պահանջներին համապատասխան.
10) (10-րդ ենթակետն ուժը կորցրել է 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
11) (11-րդ ենթակետն ուժը կորցրել է 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
12) (12-րդ ենթակետն ուժը կորցրել է 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
13) (13-րդ ենթակետն ուժը կորցրել է 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
14) Կարգի 74-րդ կետի 1-7-րդ ենթակետերում նշված գծագրերից յուրաքանչյուրը, կախված հագեցվածության աստիճանից, իր հերթին կարող է բաժանվել համապատասխան թվով շերտերի (ըստ առանձին հատակագծային գործոնների հագեցվածության, ինչպես նաև տարածքային պլանավորման գործընթացում դրանց նշանակության).
15) Պայմանագրով նախատեսված լինելու դեպքում, գլխավոր հատակագծի կազմում կարող են մշակվել նաև այլ գծագրեր, որոնց կազմը, բովանդակությունը և մասշտաբը նշվում են նախագծման առաջադրանքում:
(73-րդ կետը փոփ. 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
74. Գլխավոր հատակագծի տեքստային մասը ներկայացվում է հետևյալ կազմով`
i
1) բացատրագիր, հետևյալ բաժիններով.
ա. «Համայնքի մասին» բաժնում համառոտ ներկայացվում են` համայնքի (բնակավայրի) պատմության, բնակչության, պատմամշակութային հուշարձանների, բնության հատուկ պահպանվող տարածքների, հիմնական տրանսպորտային կապերի, հարևան համայնքների վերաբերյալ տեղեկությունները.
բ. «Տարածքի փաստացի իրավիճակ» բաժնում ներկայացվում է տարածքի բնակլիմայական և աշխարհագրական պայմանների, կառուցապատված հատվածի հատակագծային կառուցվածքի, հիմնական կառույցների, բնակելի ֆոնդի, ինժեներատրանսպորտային և կոմունալ ենթակառուցվածքի, կանաչ տարածքների, բնակավայրի այլ տարրերի համառոտ նկարագրությունը, բնակչության դեմոգրաֆիական տվյալները, բնական և արտադրական ռեսուրսները, առկա հողային ֆոնդը և դրա փաստացի օգտագործումը, համայնքի տարածական զարգացման խնդիրները, զարգացման հնարավորությունները և նպատակները
գ. «Տարածքի համալիր գնահատական» բաժնում նկարագրվում են բնական և տեխնածին վտանգները, ռիսկերը, քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, առողջապահական և այլ սահմանափակումները: Ներկայացվում է կառուցապատման և այլ նպատակներով առանձնացված տարածքների նկարագրությունը, դրանց ընտրության հիմնավորումները, հողամասերի հատկությունները, ցուցանիշները և այլն
դ. «Համայնքի քաղաքաշինական զարգացում» բաժնում ներկայացվում են համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությունները և դրանց ներդրմանը կամ կատարելագործմանն ուղղված նախագծային լուծումների նկարագրությունը, նախագծման ընթացքում դիտարկված տարբերակների վերլուծությունը և վերջնական ընտրության հիմնավորումը: Ինժեներատրանսպորտային և կոմունալ ենթակառուցվածքի բարելավման, զարգացման և ստեղծման միջոցառումները, դրանց համար նախատեսված հողամասերը: Բնակելի ֆոնդի զարգացման հեռանկարները: Բնակչության հեռանկարային աճի կանխատեսումները, համապատասխան հիմնավորումներով, նախագծով նախատեսված այլ միջոցառումների նկարագրությունը և հիմնավորումները: Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներ ներառող համայնքներում առանձին բաժնով ներկայացվում է նաև հատուկ կարգավորման գոտու սահմանների նկարագրությունը
ե. (ե պարբերությունն ուժը կորցրել է 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
2) շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներ
3) քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական և արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումներ
4) պատմամշակութային հուշարձանների պահպանության միջոցառումներ
5) բնական լանդշաֆտների և կանաչապատ տարածքների պահպանման և զարգացման միջոցառումներ
6) գլխավոր հատակագծի կազմում մշակվող Գոտևորման նախագծի տեքստային մասը մշակվում է որոշման N 2 հավելվածի պահանջներին համապատասխան:
7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
Սույն Կարգի 74-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված բաժինները մշակվում են համապատասխան ոլորտների իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:
(74-րդ կետը փոփ. 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
i
75. Գյուղական համայնքների համար, հաշվի առնելով կառուցապատման, ճանապարհների և ինժեներական ու կոմունալ ենթակառուցվածքների փոքր խտությունը և սույն Կարգի 72-րդ կետի պահանջների մշակվում է Պարզեցված գլխավոր հատակագիծ, ընդ որում` մեկ համատեղված գծագրով կարող են ներկայացվել`
1) հենակետային հատակագիծը ու ռիսկերի և սահմանափակումների քարտեզը,
2) ճանապարհային ցանցը, տրանսպորտի, ինժեներական և կոմունալ ենթակառուցվածքների կազմակերպման ուրվագծերը
3) տարածքային զարգացման հատակագիծը, հողերի նպատակային նշանակության փոփոխությունները, հատակագծի իրականացման հերթականությունը` առաջնահերթ (մինչև 5 տարի), միջնաժամկետ (5-10 տարի), երկարաժամկետ (10-15 տարի) միջոցառումները
4) գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի կազմում պարտադիր մշակվում է գոտևորման նախագիծը, որը ներառում է որոշման N 2 հավելվածով սահմանված պահանջները:
5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
(75-րդ կետը փոփ. 30.05.2024 թիվ 800-Ն որոշում)
76. Պարզեցված գլխավոր հատակագծի տեքստային մասը մշակվում է սույն Կարգի 4-րդ կետի պահանջներին համապատասխան, համատեղելով` 1-ին ենթակետի «բ», «գ», «դ» և «ե» կետերը, 4-րդ և 5-րդ ենթակետերը, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված «Շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներ» և «Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական և արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումներ» մասերը մշակվում են համառոտ` ներառելով միայն նախատեսված միջոցառումներին վերաբերող նախագծային լուծումների հիմնավորումները:
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում