Սեղմել Esc փակելու համար:
ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

                          CONSEIL        CONCIL

                        DE L'EUROPE    OF EUROPE

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(1-ին մաս)

 

(Գանգատ թիվ 34334/04)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

15 հունիս 2010

 

ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ 15/09/2010

 

Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործում,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ բաժանմունք) Պալատը, հետևյալ կազմով`

 

Josep Casadevall, Նախագահ,

Elisabet Fura,

Corneliu BՏrsan,

Bostjan M. Zupancic,

Alvina Gyulumyan,

Ineta Ziemele,

Luis Lցpez Guerra, դատավորներ,

և Santiago Quesada, Բաժանմունքի քարտուղար,

2010թ. մայիսի 25-ին կայացած դռնփակ նիստում,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Գործը սկիզբ է առել 2004թ. սեպտեմբերի 14-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն. Աշոտ Հարությունյանի (Դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված (թիվ 34334/04) գանգատի առնչությամբ:

2. Դիմումատուին, ով ստացել է իրավական օգնություն, ներկայացնում էր փաստաբան պրն. Հ. Ալումյանը, գործունեության վայրը` քաղաք Երևան: ՀՀ կառավարությունը (Կառավարություն) ներկայացնում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն. Գ. Կոստանյանը:

3. 2006թ. դեկտեմբերի 7-ին Դատարանը գանգատը մասնակիորեն ճանաչեց անընդունելի և որոշեց կալանքի ընթացքում Դիմումատուին պատշաճ բժշկական օգնության ենթադրյալ չտրամադրման, վերաքննիչ դատավարության ընթացքում Դիմումատուին մետաղյա ճաղավանդակի մեջ պահելու, ինչպես նաև վկաներ հրավիրելու առնչությամբ կողմերի հավասարության սկզբունքի ենթադրյալ խախտման հիմքերով գանգատն ուղարկել Կառավարությանը: Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Դատարանը որոշեց նաև իրականացնել գործի ընդունելիության և ըստ էության միաժամանակյա քննություն:

4. 2009թ. ապրիլի 2-ին Դիմումատուի կինը և նրա երկու երեխաները տեղեկացրեցին Դատարանին, որ 2009թ. հունվարի 20-ին Դիմումատուն մահացել է բանտում: Նրա դուստրը` Արուսյակ Հարությունյանը ցանկություն հայտնեց ներկայացնել գանգատը հոր անունից:

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

5. Դիմումատուն ծնվել է 1952թ.: Մահվան պահին նա պատիժ էր կրում «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:

 

Ա. Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործը

 

6. 2001թ. նոյեմբերի 29-ին Դիմումատուի նկատմամբ հարուցվեց քրեական գործ` հանցավոր ճանապարհով սեփականության ձեռքբերման և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով: Դիմումատուն, ով նախկինում չէր դատապարտվել, կասկածվում էր իր գործընկեր Վ.Գ.-ին հասանելիք շահույթը յուրացնելու մեջ:

7. 2002թ. փետրվարի 8-ին գործը քննող մարմինը հանձնարարեց ձեռագրաբանական փորձագետին պատրաստել եզրակացություն: 2002թ. մայիսի 8-ին գործը քննող մարմինը հանձնարարեց երկու հաշվապահ փորձագետներ Վ.Ա.-ին և Ա.Մ.-ին պատրաստել երկու հաշվապահական փորձագիտական եզրակացություն:

8. 2002թ. հուլիսի 8-ին գործը քննող մարմինը Վ.Գ.-ին ճանաչեց տուժող և քաղաքացիական հայցվոր:

9. 2003թ. մարտի 14-ին Դիմումատուին վերոգրյալ հանցանքների համար մեղադրանք առաջադրվեց, ինչպես նաև նոր մեղադրանք` հարկերից խուսափելու համար:

10. 2003թ. մայիսի 6-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Դիմումատուին կալանավորելու որոշում ընդունեց:

11. 2003թ. հունիսի 12-ին դատախազը հաստատեց մեղադրական եզրակացությունը, որն այնուհետև ներկայացվեց դատարան: Մեղադրական եզրակացությանը կից ներկայացված էր դատարան կանչվելու ենթակա անձանց ցանկը: Նշված ցանկում ընդգրկված էին մեղադրյալը, տուժողը, տասը վկաներ` ներառյալ Դիմումատուի հաշվապահ Կ.Ս.-ն, գանձապահ Կ.Մ-ն, և երկու հաշվապահ փորձագետներ Վ.Ա.-ն և Ա.Մ-ն:

12. Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործը 2003թ. հունիսի 14-ին ուղարկվեց Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարան:

13. 2003թ. դեկտեմբերի 3-ին տուժողը պատճառված 34,159,008 ՀՀ դրամի և 119,000 ԱՄՆ դոլարի վնասը փոխհատուցելու պահանջով քաղաքացիական հայց ներկայացրեց:

14. 2004թ. հունվարի 27-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը Դիմումատուին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներում և դատապարտեց յոթ տարի ազատազրկման: Դատարանն ամբողջությամբ բավարարեց նաև տուժողի` պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ քաղաքացիական հայցը: Դատարանը դատավճիռ կայացնելիս, inter alia, հիմք ընդունեց դատարանում հարցաքննված տասը վկաների, ներառյալ` հաշվապահ Կ.Ս.-ի և գանձապահ Կ.Մ.-ի ցուցմունքները, հարկային մարմինների մասնագետների կողմից կազմված ակտը, դատարանի կողմից նշանակված դատահաշվապահական փորձագետների եզրակացությունը, հաշվապահ փորձագետներ Վ.Ա.-ի և Ա.Մ.-ի ցուցմունքները և ձեռագրաբան փորձագետի եզրակացությունը:

15. 2004թ. փետրվարի 10-ին Դիմումատուն վերաքննիչ բողոք բերեց ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան: Դիմումատուն քաղաքացիական հայցի կապակցությամբ նաև գրավոր բացատրություն ներկայացրեց, որում միջնորդեց Վերաքննիչ դատարանին որպես վկա հրավիրել և հարցաքննել տուժողի հաշվապահ Ս.Հ.-ին: Նա նաև միջնորդեց, որ հաշվապահ Կ.Ս.-ն և գանձապահ Կ.Մ.-ն հրավիրվեն լրացուցիչ հարցաքննության: Դիմումատուն միջնորդեց նաև հրավիրել երեք այլ անձանց` Կ.-ին, Հ.-ին և Զ.-ին: Հաշվապահներ Ս.Հ.-ին և Կ.Ս.-ին հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ իր միջնորդությունը հիմնավորելու համար Դիմումատուն դատարանին ներկայացրեց վերջիններիս կողմից պատրաստված երկու հաշվապահական հաշվետվությունները, որոնք, ըստ նրա, պարունակում էին արդարացնող տեղեկություններ:

16. 2004թ. մարտի 19-ին տեղի ունեցավ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի առաջին նիստը: Դատական նիստերի դահլիճում Դիմումատուն պահվել էր մոտ 3 ք.մ. մակերեսով մետաղյա ճաղավանդակում: Դիմումատուին ներկայացնում էին երկու փաստաբաններ: Նիստի ընթացքում Դիմումատուի փաստաբանը դատարանին ներկայացրեց միջնորդություն` պնդելով, որ բազմաթիվ մարդկանց, ներառյալ` հարազատների և ընկերների ներկայությամբ Դիմումատուին մետաղյա ճաղավանդակի մեջ պահելը նվաստացուցիչ վերաբերմունք է և ստորացնում է նրան: Բացի այդ, խախտվում է կողմերի հավասարության սկզբունքը, քանի որ Դիմումատուն, լինելով ճաղավանդակում չի կարող զգալ իրեն դատավարության մյուս կողմի հետ հավասար պայմաններում: Այն, որ Դիմումատուն կալանավորված էր բավարար արդարացում չէր դատական նիստերի ժամանակ նրան մետաղյա ճաղավանդակում պահելու համար: Ոչ էլ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքն է որևէ դրույթ նախատեսում դատական նիստերի դահլիճում կալանավորված անձին ճաղավանդակի մեջ պահելու մասին: Փաստաբանը խնդրեց դատարանին դուրս բերել Դիմումատուին մետաղյա ճաղավանդակից և թույլ տալ նստել դատավարության կողմերի համար նախատեսված նստարանին, մասնավորապես` իր փաստաբանի կողքին:

17. Դատախազն առարկեց միջնորդության դեմ` պնդելով, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում նաև ամբաստանյալին մետաղյա ճաղավանդակից դուրս բերելու վերաբերյալ որևէ դրույթ: Բացի այդ ամբաստանյալը պետք է նստի իր համար նախատեսված տեղում և դա չի կարող համարվել արժանապատվության ոտնահարում: Տուժողի ներկայացուցիչը նույնպես առարկեց միջնորդության դեմ` պնդելով, որ Դիմումատուն կալանավոր է, հետևաբար պետք է պահվի մետաղյա ճաղավանդակում: Բացի այդ, դատական նիստի դահլիճն ապահովված չէր անհրաժեշտ անվտանգության միջոցներով:

18. Վերաքննիչ դատարանը մերժեց միջնորդությունը` անհիմն լինելու պատճառով և նշեց, որ դատական նիստի ընթացքում ամբաստանյալին իր համար նախատեսված վայրում պահելը չի խախտում պաշտպանության կողմի վկայակոչած իրավունքները: Դատարանը նաև նշեց, որ իր որոշումը հիմնված է անվտանգության նկատառումների վրա:

19. Վերաքննիչ դատավարության ընթացքում Դիմումատուն պահվեց մետաղյա ճաղավանդակում: Դատավարությունը տևել է մոտ երկու ամիս և տեղի է ունեցել առնվազն տասներկու նիստ: Ըստ Դիմումատուի նիստերի տևողությունը միջինը չորս ժամ էր: Նիստերին ներկա են գտնվել Դիմումատուի երեխաները, կինը, հարազատները, ընկերները և այլ անձինք:

20. 2004թ. մայիսի 21-ի նիստի ժամանակ Դիմումատուն պնդեց վկաներ կանչելու մասին իր նախկին գրավոր միջնորդություններում նշված պահանջը: Վերաքննիչ դատարանը մերժեց այն` հիմնավորելով, որ հաշվապահ Կ.Ս.-ն և գանձապահ Կ.Մ.-ն արդեն հարցաքննվել են և տվել են մանրամասն ցուցմունքներ առաջին ատյանի դատարանում: Ինչ վերաբերում է հաշվապահ Ս.Հ.-ին` դատարանը նշեց, որ այս գործով նրան հրավիրելու անհրաժեշտություն չկա: Իսկ Կ.-ի, Հ.-ի և Զ.-ի կապակցությամբ դատարանը նշեց, որ վերջիններիս ինքնությունը պարզված չէ:

21. 2004թ. մայիսի 25-ին կայացրած դատավճռով Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը Դիմումատուի պատիժը թողեց անփոփոխ: Վերաքննիչ դատարանը միայն մասնակի բավարարեց տուժողի քաղաքացիական հայցը`պարտավորեցնելով Դիմումատուին վճարել 23,063,108 ՀՀ դրամ և 119,000 ԱՄՆ դոլար` որպես պատճառված վնասի փոխհատուցում:

22. 2004թ. հունիսի 4-ին Դիմումատուն վճռաբեկ բողոք բերեց:

23. 2004թ. հուլիսի 30-ին ՀՀ վճռաբեկ դատարանը Դիմումատուի բողոքը թողեց առանց բավարարման, իսկ դատավճիռը` անփոփոխ:

 

Բ. Դիմումատուի առողջական վիճակը և ազատազրկման ընթացքում պատշաճ

բժշկական օգնության ենթադրյալ չտրամադրումը

 

24. Մինչև կալանավորումը Դիմումատուն ունեցել է մի շարք հիվանդություններ, այդ թվում` տասներկումատնյա աղիքի սուր արյունահոսող խոց և շաքարախտ: 2001թ.-ին Դիմումատուն ստացել է սրտի կաթված:

25. 2003թ. մայիսի 6-ին Դիմումատուն տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

26. 2003թ. մայիսի 7-ին` քրեակատարողական հիմնարկ բերվելուց հետո, Դիմումատուն զննվեց բժշկի կողմից, որի արդյունքում արձանագրվեց, որ Դիմումատուն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, լեղապարկի քարեր և շաքարախտ:

27. 2003թ. հունիսի 20-ին Դիմումատուն ենթարկվեց բժշկական զննման քրեակատարողական հիմնարկի վիրաբույժի կողմից, որին նա գանգատվել էր մարմնի էպիգաստրալ շրջանի ցավերից, որոնք սրվում էին գիշերը և թուլանում սննդի ընդունումից հետո: Դիմումատուն գանգատվել էր նաև քաշի կորստից և հաճախակի փսխումներից: Վիրաբույժն արձանագրեց, որ նախքան կալանավորումը Դիմումատուի մոտ հայտնաբերվել է տասներկումատնյա աղիքի սուր արյունահոսող խոց և խորհուրդ տվեց կատարել վիրահատություն: Դիմումատուն տվեց վիրահատվելու մասին գրավոր համաձայնություն:

28. 2003թ. հունիսի 26-ին Դիմումատուն տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ ընդունվելուց հետո նախատեսված բուժման ծրագրի համաձայն Դիմումատուն պետք է հանձներ արյան և մեզի անալիզներ, ենթարկվեր էլեկտրոկարդիոգրամայի և գաստրոսկոպիկ հետազոտությունների, ինչպես նաև ստանար սրտաբանի և էնդոկրինոլոգի խորհրդատվություն:

29. Դիմումատուի հիվանդության պատմագրից երևում է, որ նա գտնվել է կանոնավոր բժշկական վերահսկողության ներքո:

30. 2003թ. հունիսի 27-ին և 28-ին արյան և մեզի անալիզներ արվեցին:

31. 2003թ. հունիսի 30-ին և հուլիսի 4-ին Դիմումատուն ենթարկվեց էնդոսկոպիկ և գաստրոսկոպիկ հետազոտման: Տասներկումատնյա աղիքի սուր արյունահոսող խոցի ախտորոշումը հաստատվեց: Ավելի ուշ Դիմումատուն նաև խոցի հեմոստատիկ բուժում ստացավ:

32. 2003թ. հուլիսի 3-ին Դիմումատուն ենթարկվեց որովայնային խոռոչի և միզուղիների ուլտրաձայնային հետազոտման:

33. 2003թ. հուլիսի 7-ին Դիմումատուի աղեստամոքսային խնդիրները վատթարացան. արդյունքում Դիմումատուի մոտ արձանագրվեց գլխապտույտ և ուշագնացություն: Նրան ցուցաբերվեց բժշկական օգնություն:

34. 2003թ. հուլիսի 8-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետը տեղեկացրեց Դիմումատուի գործը քննող դատավորին, որ տասներկումատնյա աղիքի սուր արյունահոսող խոցի ախտորոշմամբ Դիմումատուն շտապ կարգով տեղափոխվել է հիվանդանոց: 2003թ. հուլիսի 4-ին Դիմումատուն ենթարկվում է գաստրոսկոպիկ հետազոտության` զուգընթաց անցնելով հեմոստատիկ թերապիա: Դիմումատուն շարունակում է ստանալ բուժօգնություն և գտնվում է դատավարությանը մասնակցելու համար անբավարար առողջական վիճակում:

35. 2003թ. հուլիսի 11-ին կատարվեց էլեկտրոկարդիոգրամա:

36. 2003թ. հուլիսի 23-ին Դիմումատուն զննվեց էնդոկրինոլոգի կողմից, ով խորհուրդ տվեց հետագա բժշկական քայլերը որոշելու համար անցկացնել լրացուցիչ գլիկեմիկ զննում դատարկ ստամոքսով:

37. 2003թ. հուլիսի 29-ին Դիմումատուն դուրս գրվեց հիվանդանոցից և տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ: Հիվանդանոցի պետ Մ.Գ.-ի և վիրաբուժական ստորաբաժանման պետ` Ա.Դ.-ի կողմից կազմված Էպիկրիզի համաձայն`

 

«Ստորաբաժանումում անցկացված համապատասխան ստուգումներից և խորհրդատվություններից հետո [Դիմումատուն] ստացավ խոցի, տասներկումատնյա աղիքի սուր արյունահոսող խոցի, շաքարախտի (2-րդ տեսակ, միջին աստիճան, սուբկոմպենսացված փուլ) և շաքարախտային անգիոփաթիայի ախտորոշում, որի համար բացի համապատասխան բուժում ստանալուց 2003թ. հուլիսի 4-ին [Դիմումատուն] խոցի հեմոստատիկ թերապիա անցավ և դուրս գրվեց 2003թ. հուլիսի 29-ին: Պացիենտը պետք է ենթարկվի պարբերական բժշկական զննումների»:

 

38. Նույն օրը Դիմումատուի բժշկական գործում նշվեց, որ համապատասխան բժշկական օգնություն ստանալուց հետո Դիմումատուն դուրս է գրվել և գտնվում է բավարար առողջական վիճակում:

39. Կառավարությունը պնդեց, որ հիվանդանոցում Դիմումատուն նաև վիրահատվել է: Դիմումատուն առարկեց այս պնդման դեմ և նշեց, որ որևէ վիրահատություն չի եղել:

40. 2003թ. օգոստոսի 5-ին առողջական վիճակի վատթարացման արդյունքում Դիմումատուն տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկի բուժմաս` բուժօգնություն ստանալու նպատակով: Բուժմասում Դիմումատուն զննվեց բժշկի կողմից, որին նա գանգատվեց, inter alia, կրծքավանդակի ցավերի, բերանի խոռոչի չորացման, թուլության, գլխացավի, գլխապտույտների և հաճախակի փսխումների մասին: Արվեցին արյան և մեզի անալիզներ:

41. Բժշկական գործում առկա գրառման համաձայն` 2003թ. օգոստոսի 11-ից 29-ը Դիմումատուն գտնվել է բժշկական հսկողության ներքո և ստացել է համապատասխան բուժում: Պարբերական ստուգումներն անցկացվել են երկուսից երեք օրը մեկ անգամ: Առողջական վիճակն այս ընթացքում արձանագրվել է տատանվող` կայունից դեպի վատ:

42. 2003թ. օգոստոսի 14-ին շտապ օգնության խումբ է կանչվում դատական նիստերի դահլիճ` Դիմումատուի սրտի աշխատանքի վատթարացման պատճառով: Նա զննվում է սրտաբանի կողմից, որն ախտորոշում է սակավարյունություն, հետկաթվածային կարդիոսկլերոզ և ստենոկարդիա: Նշանակվում է Էլեկտրոկարդիոգրամային հետազոտություն, ինչպես նաև դեղորայք` վալիդոլ, անալգին և դիմեդրոլ:

43. Նույն պատճառով 2003թ. օգոստոսի 22-ին շտապ օգնության խումբ է կանչվում դատական նիստերի դահլիճ: Դիմումատուի սրտի ախտորոշումը հաստատվում է, ստացիոնար զննման և բուժման խորհուրդ է տրվում:

44. 2003թ. օգոստոսի 22-ի նամակով գործը քննող դատավորը տեղեկացնում է քրեակատարողական հիմնարկի պետին 2003թ. օգոստոսի 14-ի և 22-ի դեպքերի մասին և հարցում է անում Դիմումատուի առողջական վիճակի, նրան տրամադրվող անհրաժեշտ բուժօգնության մասին:

45. 2003թ. օգոստոսի 28-ի նամակով ազատազրկման վայրի պետը տեղեկացրեց դատավորին, որ Դիմումատուն ունի սակավարյունություն, լարվածություն և ստենոկարդիա, հետկաթվածային կարդիոսկլերոզ, շաքարախտ, շաքարախտային անգիոփաթիա և տասներկումատնյա աղիքի արյունահոսող խոց: Նամակում նշվել էր նաև, որ Դիմումատուն մշտապես գտնվել է բժշկական վերահսկողության ներքո և բուժում է ստացել:

46. 2003թ. սեպտեմբերի 9-ին Դիմումատուի փաստաբանը դիմեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին` նշելով, որ Դիմումատուի առողջական վիճակը պահանջում է պարբերական բժշկական զննումներ և խնդրեց տեղափոխել նրան «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` համապատասխան բուժօգնության համար: Դիմումը մնում է անպատասխան:

47. 2003թ. հոկտեմբերի 13-ին Դիմումատուն բժշկական ստորաբաժանումից տեղափոխվում է բանտախուց:

48. Դիմումատուն պնդում է, որ կալանավայրում բանտախուց տեղափոխվելու պահից մինչև 2004թ. օգոստոսի 13-ին ուղղիչ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելը, նա երբեք չի զննվել բժշկի կողմից: Նա մի քանի անգամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմից բանավոր խնդրել է բժշկական օգնություն, սակայն որևէ բուժօգնություն, դեղորայք կամ հատուկ սննդակարգ իրեն չի նշանակվել և չի տրվել: Անհրաժեշտ դեղամիջոցներն ու սնունդն իրեն պարբերաբար մատակարարվել են բարեկամների կողմից:

49. Կառավարությունը հաստատեց, որ Դիմումատուն վերոնշյալ ժամանակահատվածում բանավոր դիմել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին բժշկական օգնության համար, բայց պնդեց նաև, որ Դիմումատուին բոլոր դեպքերում էլ ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն և հատկացվել է հատուկ սննդակարգ: Նա պարբերաբար ստուգվել է բժշկի կողմից և որևէ ախտանիշի բացահայտման դեպքում անմիջապես ստացել պատշաճ բուժօգնություն: Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը ունեցել է հետևյալ մասնագետները` երկու թերապևտ, հոգեբույժ-նևրոլոգ, մաշկաբան, ատամնաբույժ, տուբերկուլյոզի մասնագետ, ինչպես նաև մեկ լաբորատորիայի և բժշկի վեց օգնականներ: Վերջիններս ամեն օր այցելել են կալանավորներին նրանց` առողջական վիճակը ստուգելու նպատակով և խնդիրներ լինելու դեպքում անմիջապես տեղեկացրել բժիշկներին:

50. Ի հավաստումն վերը նշվածի Կառավարությունը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բուժօգնության բաժանմունքի գլխավոր մասնագետ Ա.Հ.-ի կողմից 2006թ. հունիսի 27-ին կազմած փաստաթուղթը: Համաձայն այդ փաստաթղթի` 2003թ. հոկտեմբերից 2004թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում Դիմումատուն պարբերաբար դիմել է քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմին և ստացել բժշկական խորհրդատվություն և արտահիվանդանոցային բուժում` սրտի իշեմիկ հիվանդության, լարվածության և ստենոկարդիայի, շաքարախտի և տասներկումատնյա աղիքի խոցի համար: Նշանակվել է համապատասխան դեղորայք, ներառյալ` անալգինի լուծույթ, պապավերին, դիբազոլ, ֆուրոսեմիդ, վալիդոլ, ռանիտիդին, նիտրոնգ և դիաբետոն, որոնք քրեակատարողական հիմնարկը ստացել է եռամսյակը մեկ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից:

51. 2003թ. դեկտեմբերի 18-ին Դիմումատուն ենթարկվեց որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտման` իր հարազատների կողմից հրավիրված բժշկի կողմից:

52. 2004թ. փետրվարի 9-ին, ինչպես երևում է համապատասխան փաստաթղթից, բժշկի կողմից զննվելուց հետո Դիմումատուի վիճակը որակվեց աշխատանքի համար պիտանի:

53. 2004թ. ապրիլի 13-ին նշանակված դատական նիստը հետաձգվում է Դիմումատուի վատ առողջական վիճակի պատճառով:

54. 2004թ. հունիսի 17-ին Դիմումատուի փաստաբանը դիմում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին` բողոքելով, որ ընդհանուր խցում պահվելը վտանգավոր է Դիմումատուի առողջական վիճակի համար: Ավելին, նա բողոքեց նաև, որ Դիմումատուն վերջերս տեղափոխվել է մեկ այլ խուց, որի պայմաններն ավելի վատն են եղել: Փաստաբանը խնդրեց, որպեսզի Դիմումատուն անհապաղ տեղափոխվի հիվանդանոց` համապատասխան բուժօգնություն ստանալու համար:

55. 2004թ. հուլիսի 17-ին Դիմումատուի փաստաբանը դիմում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին` բողոքելով, որ Դիմումատուին պահում են ընդհանուր խցում` անտեսելով նրա առողջական վիճակը: Նա բողոքեց նաև, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը Դիմումատուին չի տեղափոխել հիվանդանոց և չի ապահովել բժշկական օգնության տրամադրումը:

56. 2004թ. հուլիսի 27-ի գիշերը ժամը 1-ն անց 20 րոպեին քրեակատարողական հիմնարկ է կանչվում շտապօգնության խումբ, քանի որ Դիմումատուն սրտի կաթված էր ստացել:

57. 2004թ. հուլիսի 28-ին Դիմումատուի փաստաբանը ներկայացնում է 2004թ. հուլիսի 17-ի բողոքին նմանօրինակ մեկ այլ բողոք` պատճենն ուղարկելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին:

58. 2004թ. հուլիսի 29-ի նամակով Քրեակատարողական վարչության պետը պատասխանեց փաստաբանի 2004թ. հուլիսի 17-ի բողոքին` նշելով, որ Դիմումատուն արդեն երկու անգամ հոսպիտալացվել է բուժօգնություն ստանալու համար: Առաջինը` 2003թ. հունիսի 26-ից հուլիսի 29-ը և երկրորդը` 2003թ. օգոստոսի 5-ից հոկտեմբերի 13-ը: Նամակում նշվում էր նաև, որ Դիմումատուն այդ պահին գտնվում էր բժշկական անձնակազմի վերահսկողության ներքո և նրա առողջական վիճակը գնահատվում էր բավարար:

59. 2004թ. օգոստոսի 11-ին և 12-ին Դիմումատուի փաստաբանը ներկայացրեց երկու բողոք Քրեակատարողական վարչության պետին և ՀՀ արդարադատության նախարարին` պատճենն ուղարկելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին, որտեղ նշված էր, որ Դիմումատուի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է, սակայն ոչ մի միջոց չի ձեռնարկվում: Նա նշեց, որ Դիմումատուի առողջական վիճակը պահանջում է հատուկ սննդակարգ, պարբերական բժշկական զննումներ և համապատասխան դեղորայք: Այնուամենայնիվ, Դիմումատուն պահվում էր նշվածներից զուրկ պայմաններում:

60. 2004թ. օգոստոսի 13-ի նամակով Քրեակատարողական վարչության պետը պատասխանեց փաստաբանի 2004թ. հուլիսի 28-ի բողոքին` նշելով, որ 2004թ. հուլիսի 29-ի նամակում արդեն իսկ ներկայացվել են բարձրացված բոլոր հարցերի պատասխանները:

61. 2004թ. օգոստոսի 13-ին` վերջին ատյանի կողմից մեղադրանքը հաստատվելուց հետո, Դիմումատուն պատիժը կրելու համար տեղափոխվեց «Կոշ» քրեակատարողական հիմնարկ:

62. 2004թ. օգոստոսի 14-ին քրեակատարողական հիմնարկ բերվելուց հետո բժիշկը զննում է Դիմումատուին: Վերջինս գանգատվում է թուլությունից, գլխապտույտներից և էպիգաստրալ շրջանում և մեջքի ձախ հատվածում ցավերից: Նրա ընդհանուր առողջական վիճակը որակվում է բավարար: Նշանակվում են դեղամիջոցներ:

63. Քրեակատարողական վարչության պետը 2004թ. օգոստոսի 20-ի նամակով պատասխանեց պաշտպանի` 2004թ. օգոստոսի 12-ի բողոքին` նշելով, որ Դիմումատուին մի քանի անգամ ցուցաբերվել է բուժօգնություն տարբեր հիմնարկներում, և որ նա այդ պահին կրում է իր պատիժը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, ուր վերջինիս առողջական վիճակը որակվել է բավարար:

 

Գ. Հետագա զարգացումները

 

64. 2006թ. դեկտեմբերի 29-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը մերժեց Դիմումատուի` պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը` նշելով, որ օրենսդրության համաձայն նա չունի նման միջնորդություն անմիջապես դատարան ներկայացնելու իրավունք, առանց պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի նախնական համաձայնության:

65. Դիմումատուն ներկայացրեց վերաքննիչ բողոք:

66. 2007թ. մարտի 14-ին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը քննության առավ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը և որոշեց քննել և բավարարել Դիմումատուի խնդրանքը` հաշվի առնելով նրա դրական վարքագիծը:

67. Այս որոշումը, թեև կարող էր բողոքարկվել վճռաբեկության կարգով, ենթակա էր անհապաղ կատարման, հետևաբար Դիմումատուն ազատ արձակվեց:

68. 2007թ. հունիսի 1-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ դատարանի որոշումը` դատախազի բողոքի հիման վրա և կարճեց գործի վարույթը նույն հիմքով ինչ և մարզային առաջին ատյանի դատարանը:

69. Դիմումատուն հետ վերադարձվեց բանտ:

70. 2009թ. հունվարի 20-ին Դիմումատուն մահացավ բանտում սրտի կաթվածից:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք

 

71. 13-րդ հոդվածի համաձայն` ձերբակալված կամ կալանավորված անձը, ի թիվս այլոց, ունի առողջության պահպանման, այդ թվում` բավարար սնունդ ստանալու և անհետաձգելի բժշկական օգնության իրավունք:

72. Համաձայն 21-րդ հոդվածի` ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրի վարչակազմերն ապահովում են ձերբակալված կամ կալանավորված անձանց առողջության պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պահանջների կատարումը: Կալանավորվածներին պահելու վայրում պետք է աշխատի ընդհանուր մասնագիտացում ունեցող առնվազն մեկ բժիշկ: Մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձը փոխադրվում է հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատություն:

 

Բ. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք

 

1. Անմեղության կանխավարկած

 

73. 18-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

2. Վկաներ կանչելը

 

74. 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և արտահայտում է միայն իրավունքի շահերը:

75. 65-րդ հոդվածի, 2-րդ մասի 12-րդ կետի համաձայն` մեղադրյալն իրավունք ունի հարուցել միջնորդություններ:

76. 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` միջնորդությունները և պահանջները պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո:

77. 271-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն` մեղադրական եզրակացությանը կցվում է դատական նիստին կանչվելու ենթակա անձանց ցուցակը: Ցուցակում քննիչը նշում է կանչման ենթակա անձանց գտնվելու տեղը և գործի այն էջերը, որոնք պարունակում են նրանց ցուցմունքները կամ եզրակացությունները:

78. 277-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատախազը, հաստատելով մեղադրական եզրակացությունը, գործն ուղարկում է այն դատարան, որին գործն ընդդատյա է:

79. 292-րդ հոդվածի համաձայն` քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կայացնում է որոշում, ի թիվս այլոց, դատական քննություն նշանակելու մասին:

80. 293-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական քննություն նշանակելու մասին որոշման մեջ պետք է բովանդակվի, ի թիվս այլոց` դատական նիստին կանչման ենթակա անձանց ցանկը:

81. 331-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` նախապատրաստական փուլում նախագահողը հարցնում է մեղադրանքի կողմին և պաշտպանության կողմին, թե արդյոք նրանք ունեն միջնորդություններ նոր ապացույցներ պահանջելու և գործին կցելու մասին: Յուրաքանչյուր հարուցված միջնորդություն դատարանը պարտավոր է քննարկել, լսել կողմերի կարծիքները: Եթե հանգամանքները, որոնց բացահայտման համար հարուցված է միջնորդությունը, կարող են նշանակություն ունենալ գործի համար, դատարանը բավարարում է միջնորդությունը: Միջնորդությունը մերժելու մասին դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում:

82. 391-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` կողմերը կարող են նոր վկաներ կանչելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնել Վերաքննիչ դատարան:

 

III. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

Ա. Խոշտանգման և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական Կոմիտեի (ԽԿԿ) 3-րդ ընդհանուր հաշվետվությունը` CPT/Inf(93)12

 

83. Հաշվետվության համապատասխան քաղվածքները շարադրում են.

 

«ա. Բժշկի այցելելու հնարավորությունը

 

... 34. Կալանքի ընթացքում բանտարկյալները պետք է հնարավորություն ունենան ցանկացած պահի այցելելու բժշկի, անկախ նրանց ազատազրկման ռեժիմից... Առողջապահության ծառայությունը պետք է կազմակերպված լինի այնպես, որպեսզի հնարավորություն տա բժշկական խորհրդատվության վերաբերյալ միջնորդությունները բավարարել առանց հետաձգումների: ...

35. Բանտի առողջապահական ծառայությունը պետք է առնվազն ունակ լինի մատուցել պարբերական ամբուլատոր խորհրդատվություն և շտապ օգնություն արտակարգ իրավիճակներում (իհարկե, ի հավելումն դրա կարող է հաճախ առկա լինել նաև հիվանդանոցի նման ստորաբաժանում` մահճակալներով): ... Ավելին, հիվանդանոցի բժիշկները պետք է հնարավորություն ունենան դիմելու մասնագետների ծառայություններին:

 

...

 

Ամբուլատոր բուժումը պետք է պատշաճ վերահսկողության ենթարկվի բուժսպասարկման անձնակազմի կողմից. շատ դեպքերում բավարար չէ, որպեսզի հավելյալ բուժօգնությունը տրամադրվի միայն բանտարկյալների նախաձեռնության պարագայում:

 

36. Պետք է հասանելի լինեն բոլոր անհրաժեշտ միջոցներով ամբողջությամբ ապահովված հիվանդանոցային ծառայություններ, քաղաքացիական կամ դատապարտյալների համար նախատեսված հիվանդանոցում: ...

37. Եթե բանտարկյալները ունեն հիվանդանոց տեղափոխվելու կամ հիվանդանոցում մասնագետի կողմից զննվելու կարիք, նրանք պետք է տեղափոխվեն կամ զննվեն իրենց առողջական վիճակով թելադրված արագությամբ:

 

բ. Պատշաճ խնամք

 

i) ընդհանուր բժշկական օգնություն

 

38. Կալանավայրի առողջապահական ծառայությունը պետք է ունակ լինի տրամադրել բժշկական օգնություն և բուժքույրի խնամք, ինչպես նաև համապատասխան սննդակարգեր, ֆիզոթերապիա, վերականգնողականություն կամ ցանկացած այլ հատուկ անհրաժեշտ ծառայություն` այնպիսի պայմաններով, որոնք տրամադրվում են հիվանդներին արտաքին աշխարհում: Բժշկական և տեխնիկական անձնակազմով ապահովված լինելը, անհրաժեշտ կառույցները, սարքավորումները և պիտույքները պետք է լինեն պատշաճ մակարդակի վրա:

Պետք է համապատասխան վերահսկողություն իրականացվի ֆարմացևտիկայի և դեղորայքի տրամադրման նկատմամբ: Ավելին, դեղորայքի պատրաստումը միշտ պետք է վստահվի որակավորված անձնակազմի (ֆարմացևտների/բուժքույրերի և այլոց):

39. Յուրաքանչյուր հիվանդի համար պետք է կազմվի հատուկ բժշկական գործ, որը կպարունակի դիագնոստիկ տեղեկատվություն, ինչպես նաև հիվանդի վիճակի զարգացման և բոլոր հատուկ զննումների ընթացիկ գրառում: Հիվանդին տեղափոխելու պարագայում բժշկական գործը պետք է փոխանցվի ընդունող հաստատության բժիշկներին:

Այնուհետև, բուժսպասարկող անձնակազմը պետք է վարի ամենօրյա գրառումներ, որոնցում պետք է շարադրվեն հիվանդներին վերաբերող առանձնահատուկ հանգամանքները: Նման գրառումներն օգտակար են, քանի որ տրամադրում են կալանավայրում առողջական վիճակի ընդհանուր բնութագիր` միաժամանակ ընդգծելով այն առանձնահատուկ խնդիրները, որոնք կարող են առաջանալ:

40. Առողջապահական ծառայության պատշաճ աշխատանքն ենթադրում է, որ բժիշկներն ու բուժքույրերն ունակ լինեն պարբերաբար հանդիպել և կազմել աշխատանքային խումբ` ծառայության համար պատասխանատու ավագ բժշկի վերահսկողության ներքո»:

 

Բ. 2002թ. Հայաստան կատարած այցելության վերաբերյալ ԽԿԿ-ի

հաշվետվությունը` CPT/Inf(2004)25

 

84. Հաշվետվության համապատասխան քաղվածքները շարադրում են.

 

«բ. Այցելած կալանավայրերի [(չորս հաստատություն, ներառյալ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը)] առողջապահական ծառայությունները

 

i. անձնակազմը և շինությունները

 

106. Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում մշտական բուժծառայությունը բաղկացած է 7 բժիշկներից (գլխավոր բժիշկ, թերապևտ, վիրաբույժ, ատամնաբույժ, մաշկավեներոլոգ, ռենտգենոլոգ, հոգեբույժ), 5 ֆելդշերից, լաբորատոր օգնականից, ռենտգենային սարքավորման մասնագետից և ատամնաբուժական սարքավորումների մասնագետից: Օգնություն տրամադրում էին մի քանի կալանավորվածներ:

 

...

 

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ֆելդշերի ներկայությունն ապահովված էր օրը 24 ժամ: ...

 

107. Ինչ վերաբերում է բժիշկներով ապահովված լինելուն, իրավիճակը Նուբարաշեն ... [քրեակատարողական հիմնարկում] կարող է համարվել բավարար: ...

 

...

 

108. ԽԿԿ-ն հատկապես անհանգստացած է չորս հիմնարկներում մասնագիտացված ֆելդշերների փոքր թվաքանակի և մասնագիտացված բուժքույրերի սուր պակասի պատճառով: Հաշվի առնելով ներքին բնակչության չափն ու կառուցվածքը (կալանավորվածների արագ փոփոխումն երկու մինչդատական ազատազրկման ստորաբաժանումներում և երկու գաղութներում տարեց բանտարկյալների զգալի թվաքանակը)` ԽԿԿ-ն խորհուրդ է տալիս, որ բուժսպասարկման անձնակազմի թվաքանակը (այն է ֆելդշերներն ու բուժքույրերը) չորս հիմնարկներում մեծացվի:

ԽԿԿ-ն ցանկանում է նաև նշել, որ կալանավայրի տարածքում մշտապես պետք է ներկա գտնվի, ներառյալ` գիշերներն ու հանգստյան օրերը, առաջին օգնություն տրամադրելու ունակ անձնավորություն, ցանկալի է` բուժքույրի ճանաչված որակավորմամբ:

109. ԽԿԿ-ի կարծիքով, կալանավորվածներին որպես օգնական օգտագործելը պետք է դիտարկել որպես վերջին միջոց, և բանտարկյալները ոչ մի պարագայում չպետք է ներգրավված լինեն դեղորայքի մատակարարմանը: Ավելին, նման կալանավորվածները չպետք է ունենան մուտք բժշկական փաստաթղթերին և ոչ էլ ներկա գտնվեն բժշկական զննումներին: Կոմիտեն խորհուրդ է տալիս, որպեսզի Նուբարաշեն ... [քրեակատարողական հիմնարկում] (ինչպես նաև այլ քրեակատարողական հիմնարկներում) որպես օգնական կալանավորվածներին օգտագործելու հարցն ենթարկվի վերանայման` հաշվի առնելով վերոնշյալը:

110. Պատվիրակությունը ստացավ շատ քիչ գանգատներ բժշկական օգնության հասանելիության վերաբերյալ (կամ, ինչպես օրինակ Գյումրիում` ֆելդշերի օգնության): Սակայն չորս քրեակատարողական հիմնարկներում կալանավորվածները գանգատվեցին բուժօգնության և խնամքի որակի մասին, մասնավորապես, նշանակվող դեղորայքի տեսականու և ատամնաբուժական ծառայության վերաբերյալ (որը սահմանափակվում էր միայն ատամ հեռացնելով): Բոլոր հիմնարկներում էլ ասվեց, որ Երևանի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կալանավորվածներին տեղափոխելն առողջական իրավիճակով թելադրված լինելու պարագայում խնդիրներ չէր առաջացնում:...

 

...

 

113. Անհրաժեշտ դեղորայքն ու այլ նյութեր ծայրահեղ անբավարար էր հիմնարկներից յուրաքանչյուրում: Սա զարմանալի չէր` հաշվի առնելով նյութեր ձեռք բերելու համար հատկացված խիստ սահմանափակ բյուջեն: Այս տեսանկյունից, առողջապահական ծառայությունները զգալի առումով կախված էին նվիրաբերություններից և բանտարկյալի սեփական ռեսուրսներից:

Արդեն խոսվել է Պետության` ազատազրկված անձանց նկատմամբ ունեցած խնամքի պարտավորության մասին, անգամ լուրջ տնտեսական դժվարությունների ժամանակահատվածում ... ԽԿԿ-ն խորհուրդ է տալիս որպեսզի հայկական իշխանություններն անհապաղ միջոցներ ձեռնարկեն այցելած կալանավայրերի և, անհրաժեշտության դեպքում Հայաստանի այլ քրեակատարողական հաստատությունների` դեղամիջոցներով և այլ նյութերով ապահովման ուղղությամբ»:

 

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ

 

I. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ ԳԱՆԳԱՏԸ ԳՈՐԾԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

85. Կառավարությունը պնդեց, որ Դիմումատուի դուստր Արուսյակ Հարությունյանը չունի օրինական շահ իր հանգուցյալ հոր կողմից հարուցված գանգատը ներկայացնելու համար և խնդրեց հանել սույն գանգատը գործերի ցուցակից:

86. Դատարանը բազմաթիվ գործերով հաստատել է, որ մահացած դիմումատուների ծնողները, ամուսիններն ու երեխաներն իրավունք ունեն փոխարինել նրանց դատական գործընթացում, եթե նրանք արտահայտում են նման ցանկություն (տե`ս, օրինակ, Deweer v. Belgium, 1980թ. փետրվարի 27, §§ 37-38, Series A no. 35; X v. the United Kingdom, 1981թ. նոյեմբերի 5, § 32, Series A no. 46; Vocaturo v. Italy, 1991թ. մայիսի 24, § 2, Series A no. 206-C; G. v. Italy, 1992թ. փետրվարի 27, § 2, Series A no. 228-F; Pandolfelli and Palumbo v. Italy, 1992թ. փետրվարի 27, § 2, Series A no. 231-B; X v. France, 1992թ. մարտի 31, § 26, Series A no. 234-C Raimondo v. Italy, 1994թ. փետրվարի 22, § 2, Series A no. 281-A, և Dalban v. Romania [GC], թիվ 28114/95, §§ 38-39, ECHR 1999-VI): Կառավարությունը չներկայացրեց որևէ յուրահատուկ փաստարկ ի պաշտպանություն իր պահանջի: Դատարանը չի գտնում, որ սույն գործում առկա են հատուկ հանգամանքներ` հաստատված նախադեպային իրավունքից շեղվելու համար:

87. Հետևաբար, Կառավարության պահանջը` գանգատը գործերի ցուցակից հանելու վերաբերյալ, պետք է մերժվի: Դատարանը գտնում է, որ Արուսյակ Հարությունյանն իրավունք ունի շարունակելու դատական քննությունը Դիմումատուի փոխարեն:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

88. Դիմումատուն գանգատվեց, որ 2003թ. մայիսի 6-ից մինչև 2004թ. օգոստոսի 13-ը քրեակատարողական հիմնարկում իրեն չի ցուցաբերվել պատշաճ բժշկական օգնություն: Դիմումատուն գանգատվեց նաև վերաքննիչ դատավարության ընթացքում մետաղյա ճաղավանդակում իրեն պահելու վերաբերյալ: Նա վկայակոչեց Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որի համաձայն`

 

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի»:

 

Ա. Ազատազրկման ընթացքում պատշաճ բժշկական օգնության ենթադրյալ չտրամադրումը

 

1. Կողմերի դիրքորոշումները

 

(ա) Կառավարությունը

 

89. Կառավարությունը պնդեց, որ Դիմումատուին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցուցաբերած բժշկական օգնությունը համապատասխանել է ԽԿԿ-ի չափանիշներին: Դիմումատուն իրոք ունեցել է մի շարք խրոնիկ հիվանդություններ, ինչպիսիք էին տասներկումատնյա աղիքի խոցը, գաստրիտը, շաքարախտը և սրտի հետ կապված խնդիրները: Այս ամենն արձանագրվել է Դիմումատուին քրեակատարողական հիմնարկ ընդունելու պահին և նա վերցվել է համապատասխան բժշկական վերահսկողության և խնամքի տակ: Քրեակատարողական հիմնարկի բուժօգնության ծառայությունն ունեցել է բավարար մասնագիտացված անձնակազմ, և Դիմումատուն ցանկացած պահի ունեցել է բժշկին դիմելու հնարավորություն: Բուժօգնությունը տրամադրվել է Դիմումատուին բժշկական անձնակազմի նախաձեռնությամբ և կախված չի եղել քննչական մարմնի հայեցողությունից, ի տարբերություն Khudobin v. Russia (թիվ 59696/00, § 86, ECHR 2006-XII (քաղվածքներ)) գործի: Որևէ ախտանիշի բացահայտման դեպքում Դիմումատուն անմիջապես ենթարկվել է բժշկական զննման և համապատասխան ամբուլատոր բուժման, որը ներառել է խորհրդատվություններ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դեղորայքի նշանակում: Այս ամենը պատշաճ կերպով արձանագրվել է բժշկական մատյաններում:

90. Ավելին, Դիմումատուն ստացիոնար բուժման համար երկու անգամ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» և քրեակատարողական հիմնարկի բուժմաս, որտեղ ենթարկվել է բազմաթիվ բժշկական հետազոտությունների և բուժում ստացել: Հիվանդանոցում Դիմումատուն ենթարկվել է որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտման, հանձնել է արյան և մեզի անալիզներ, ստուգվել է էլեկտրոկարդիոգրամայի միջոցով: Բուժմասում նա կրկին ենթարկվել է հետազոտությունների: Երկու դեպքերում էլ Դիմումատուն ստացել է պատշաճ բժշկական օգնություն և դուրս է գրվել առողջության զգալի բարելավումից և կայունացումից հետո:

91. 2003թ. հուլիսի 7-ի, օգոստոսի 14-ի և 22-ի, ինչպես նաև 2004թ. օգոստոսի 27-ի դեպքերի կապակցությամբ Կառավարությունը պնդեց, որ առողջության հետ կապված յուրաքանչյուր խնդրի դեպքում Դիմումատուն անհապաղ ստացել է համապատասխան բժշկական օգնություն: Ավելին, նրա առողջական վիճակը և տրամադրված բժշկական օգնության համաչափությունը գտնվել է դատարանի վերահսկողության ներքո, ինչը երևում է դատավորի` 2003թ. օգոստոսի 22-ի նամակից:

92. Կառավարությունը պնդեց նաև, որ Դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ բժշկական օգնության ենթադրյալ անհամաչափությունը պատճառել է նրան հոգեկան կամ ֆիզիկական տառապանք` նվաստացնելով նրա մարդկային արժանապատվությունը, կամ վիճարկվող ժամանակահատվածում իր առողջական վիճակը վատթարացել է: Դիմումատուն չի ունեցել անհանգստության պատճառ, քանի որ բժշկի օգնականի ներկայությունն ապահովված է եղել քրեակատարողական հիմնարկում ողջ օրվա ընթացքում: Ավելին, պետական մարմինները որևէ սահմանափակում չեն կիրառել Դիմումատուի հարազատների կողմից բերված հանձնուքների կամ դեղորայքի նկատմամբ, և միևնույն ժամանակ թույլատրել են նրանց հրավիրել բժիշկ, ինչն իրականացվել է 2003թ. դեկտեմբերի 18-ին:

93. Ի վերջո, Կառավարությունը պնդեց, որ պետական մարմինները չեն ունեցել Դիմումատուին նվաստացնելու մտադրություն, քանի որ նա պահվել է բանտային նորմալ պայմաններում և առողջության վատթարացման դեպքում տեղափոխվել է հիվանդանոց, ուր մնացել է մինչև առողջության բարելավումը: Վկայակոչելով 2002թ. Հայաստան կատարած հերթական այցելության վերաբերյալ ԽԿԿ-ի հաշվետվությունը` Կառավարությունը պնդեց, որ ընդհանուր առմամբ առողջապահական ծառայությունների մատուցումը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որն ուներ պատշաճ բժշկական անձնակազմ, բավարար էր:

 

(բ) Դիմումատուն

 

94. Դիմումատուն ի սկզբանե պնդեց, որ քրեակատարողական հիմնարկ բերվելու պահին պատշաճ բժշկական զննման չի ենթարկվել, քանի որ իր հիվանդություններից ոչ բոլորն են պատշաճ կերպով արձանագրվել, ներառյալ տասներկումատնյա աղիքի խոցը: Նա նշեց նաև, որ «բժշկական օգնության մատչելիության» իրավունքից օգտվել է այնքանով, որ հնարավորություն է ունեցել գանգատվել բժշկական անձնակազմին իր առողջական խնդիրների մասին, սակայն որևէ բժշկական օգնություն դրանց կապակցությամբ իրեն չի ցուցաբերվել:

95. Դիմումատուն պնդեց նաև, որ համապատասխան բժշկական խորհրդատվությունները պատշաճ կերպով չեն իրականացվել: Նախ, չնայած 2003թ. հունիսի 20-ի բժշկի խորհրդին` վիրահատություն տեղի չի ունեցել: Երկրորդ, 2003թ. սեպտեմբերից մինչև 2004թ. օգոստոս որևէ բուժօգնություն, ներառյալ` պարբերական բժշկական ստուգումներ, դեղորայքի տրամադրում, ինչպես նաև հատուկ սննդակարգի նշանակում, տեղի չի ունեցել: Հիվանդանոցում և բուժմասում ստացած բժշկական օգնությունից և 2003թ. մայիսի 7-ին և հունիսի 20-ին ստացած բժշկական զննումներից բացի, իր բժշկական գործը չի պարունակում որևէ այլ գրառում: Այդ ժամանակահատվածում ինքը և իր փաստաբանը բանավոր և գրավոր բողոքներ են ներկայացրել տարբեր պետական մարմինների` իր առողջական վատ վիճակի մասին, սակայն այդ բողոքները մնացել են անպատասխան:

96. Դիմումատուն նշեց նաև, որ չի գանգատվում այն երկու ժամանակահատվածների կապակցությամբ, երբ ստացել է ստացիոնար բուժում, այլ այն փաստի կապակցությամբ, որ մնացած ժամանակահատվածում նա պահվել Է ընդհանուր խցում և չի ստացել այն բժշկական օգնությունը, որի կարիքն ունեցել է և որը նա խնդրել է: Իր առողջական վատ վիճակի համար պահանջվող բժշկական օգնություն չստանալը պատճառել է նրան հոգեկան և ֆիզիկական տառապանք, որը հանգեցրել է իր առողջության կտրուկ վատթարացմանն ու սրտի կաթվածին:

97. Ինչ վերաբերում է գործը քննող դատավորի 2003թ. օգոստոսի 22-ի նամակին, Դիմումատուն պնդեց, որ հարցման հիմնական նպատակն է եղել պարզել, թե արդյոք իր առողջական վիճակը բավարար է դատաքննության ներկայանալու համար: Ամեն դեպքում, հարցման արդյունքում դրական փոփոխություն չարձանագրվեց: Ավելին, այն փաստը, որ իր պատշաճ բուժումն ապահովելու համար քայլեր ձեռնարկելու փոխարեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշեց 2004թ. հունիսին իրեն տեղափոխել մեկ այլ խուց, որի պայմաններն ավելի վատն էին, ենթադրում է, որ նրանք ունեցել են իրեն նվաստացնելու նպատակ:

98. Դիմումատուն ի վերջո պնդեց, որ պետական մարմինների` իր հարազատների կողմից բժիշկ հրավիրելուն չխոչընդոտելը չի ազատում նրանց իրեն պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու պարտավորությունից: Նույնը ընդհանուր առմամբ վերաբերում է նաև քրեակատարողական հիմնարկի` ենթադրաբար բավարար բժշկական սպասարկման մասին Կառավարության նշումներին:

 

2. Դատարանի գնահատականը

 

(ա) Ընդունելիությունը

 

99. Դատարանը նշում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցի ենթադրյալ վատ պայմանների վերաբերյալ առաջին բողոքը Դիմումատուն ներկայացրել է 2007թ. մայիսի 5-ին: Սակայն Դիմումատուի կալանքը այդ հիմնարկում ավարտվել է 2004թ. օգոստոսի 13-ին, որը սույն գանգատը ներկայացնելուց ավելի քան վեց ամիս առաջ էր (տե`ս, օրինակ, Polufakin and Chernyshev v. Russia, թիվ 30997/02, § 146, 2008թ. սեպտեմբերի 25): Հետևաբար, նշված բողոքը ներկայացվել է սահմանված ժամկետի խախտմամբ և պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի համաձայն:

100. Ինչ վերաբերում է Դիմումատուին քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտ բժշկական օգնություն ենթադրաբար չցուցաբերելու վերաբերյալ գանգատին, Դատարանը նշում է, որ այն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է ճանաչվի ընդունելի:

 

(բ) Ըստ էության քննությունը

 

(i) Ընդհանուր սկզբունքներ

 

101. Դատարանը, նախ և առաջ, դիտարկում է, որ 3-րդ հոդվածն արձանագրում է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից մեկը: Այն բացարձակապես արգելում է խոշտանգումը կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքը կամ պատիժը, անկախ տուժողի վարքագծից (տե`ս, ի թիվս այլոց, Labita v. Italy [GC], թիվ 26772/95, § 119, ECHR 2000-IV):

102. Դատարանը կրկնում է, որ վատ վերաբերմունքը պետք է ունենա դաժանության որոշակի նվազագույն աստիճան, որպեսզի այն քննարկվի 3-րդ հոդվածի ներքո: Նվազագույն աստիճանի գնահատումը հարաբերական է. այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են` վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական և հոգեկան ազդեցությունները և, որոշ դեպքերում նաև, տուժողի սեռը, տարիքը և առողջական վիճակը (տե`ս, ի թիվս այլոց, Ireland v. the United Kingdom, 1978թ. հունվարի 18, § 162, Series A թիվ 25; Costello-Roberts v. the United Kingdom, 1993թ. մարտի 25, § 30, Series A թիվ 247-C; և Dougoz v. Greece, թիվ 40907/98, § 44, ECHR 2001-II): Չնայած տուժողին նվաստացնելու կամ ճնշելու մտադրության բացահայտումը այն գործոնն է, որը պետք է հաշվի առնվի, սակայն նման մտադրության բացակայությունը չի կարող բացառել 3-րդ հոդվածի խախտման ճանաչումը (տե`ս, օրինակ, Peers v. Greece, թիվ 28524/95, § 74, ECHR 2001-III):

103. Դատարանը չի բացառում, որ հիվանդ անձի կալանավորումը կարող է առաջացնել խնդիրներ 3-րդ հոդվածի ներքո (տե`ս, Mouisel v. France, թիվ 67263/01, § 38, ECHR 2002-IX): Չնայած սույն հոդվածը չի սահմանում առողջական խնդիրներ ունեցող կալանավորներին ազատ արձակելու ընդհանուր պարտավորություն, այնուամենայնիվ, այն պարտավորեցնում է Պետությանն ապահովելու ազատությունից զրկվածների ֆիզիկական բարեկեցությունը, ներառյալ բժշկական օգնության տրամադրումը (տե`ս, Sarban v. Moldova, թիվ. 3456/05, § 77, 2005թ. հոկտեմբերի 4, և Khudobin v. Russia, թիվ 59696/00, § 93, ECHR 2006-XII (քաղվածքներ)):

104. Դատարանը առանձնահատուկ կերպով նշել է նաև կալանավորվածների` մարդկային արժանապատվության հետ համատեղելի ազատազրկման պայմանների իրավունքը, այն որ պատժամիջոցի իրականացման եղանակն ու մեթոդը չպատճառեն ավելի մեծ տառապանք և դժվարություն, քան կալանքի հետ կապված զրկանքների անխուսափելի սահմանը և, հաշվի առնելով ազատազրկման գործնական անհրաժեշտությունը, կապահովվի նրանց առողջությունն ու բարեկեցությունը, ներառյալ նաև պատշաճ բժշկական օգնության տրամադրումը (տե`ս, Kudla v. Poland [GC], թիվ 30210/96, «94, ECHR 2000-XI):

 

(ii) Այս սկզբունքների կիրառումը ներկա գործում

 

105. Դատարանը նշում է, որ Դիմումատուն իրոք ունեցել է մի շարք լուրջ հիվանդություններ, ներառյալ` տասներկումատնյա աղիքի սուր արյունահոսող խոց, շաքարախտ, շաքարախտային անգիոփաթիա և սրտի հետ կապված խնդիրներ: Քրեակատարողական հիմնարկ բերվելու պահին, սակայն, արձանագրվել են միայն Դիմումատուի սրտի իշեմիկ հիվանդությունն ու շաքարախտը, բայց ոչ մի նշում չի արվել տասներկումատնյա աղիքի սուր արյունահոսող խոցի կամ շաքարախտային անգիոփաթիայի վերաբերյալ:

106. Ամեն դեպքում, 2003թ. հունիսի 20-ին` կալանավորումից մոտ մեկուկես ամիս հետո, Դիմումատուն զննվել է վիրաբույժի կողմից, ինչի ընթացքում արձանագրվել է, որ նա ունի նաև տասներկումատնյա աղիքի սուր արյունահոսող խոց և խորհուրդ է տրվել կատարել վիրահատություն (տե`ս վերոնշյալ 27-րդ պարբերությունը): Խորհրդից հետո` 2003թ. հունիսի 26-ին, Դիմումատուն տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Կողմերը համաձայնության չեկան նշված խորհրդի համապատասխան իրականացման վերաբերյալ (տե`ս վերոնշյալ 39-րդ պարբերությունը):

107. Դատարանը նշում է, սակայն, որ Կառավարության պնդումն առ այն, որ փաստացի տեղի է ունեցել վիրահատական միջամտություն, չի հիմնավորվում գործում առկա նյութերով: Մասնավորապես, ո`չ Դիմումատուի հիվանդանոցի պատմագրի և ո`չ էլ 2003թ. հուլիսի 29-ի էպիկրիզի մեջ չկա որևէ նշում վիրահատության մասին: Դժվար է պատկերացնել, որ նման կարևորագույն տեղեկությունը չգրանցվեր այդ փաստաթղթերում: Հետևաբար, Կառավարության փաստարկներն այս առնչությամբ համոզիչ չեն Դատարանի համար և այն եզրակացնում է, որ 2003թ. հունիսի 20-ի բժշկի խորհուրդը, որն ամենայն հավանականությամբ կբարելավեր Դիմումատուի առողջական վիճակը, չի կատարվել:

108. Դատարանը, մյուս կողմից, նշում է, որ պետական մարմինները որոշակի ջանքեր են գործադրել Դիմումատուի առողջական վիճակը բարելավելու նպատակով` երկու անգամ հոսպիտալացնելով նրան: Դիմումատուն նույնպես ընդունել է այս հանգամանքը` ավելացնելով, որ այդ ժամանակահատվածում իր նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ չունի հատուկ դժգոհություն: Դատարանը, սակայն, համաձայնում է Դիմումատուի հետ, որ չկա որևէ փաստարկ այն մասին, որ այդ ջանքերը կարգավորել են Դիմումատուի առողջական վիճակը, ինչպես պնդում է Կառավարությունը:

109. Մասնավորապես, ինչ վերաբերում է Դիմումատուի` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում 2003թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 29-ը մնալուն, ճիշտ է, որ որոշակի բուժօգնություն, ներառյալ խոցի հեմոստատիկ թերապիան, ցույց է տրվել: Ճիշտ է նաև այն, որ թեև Դիմումատուի 2003թ. հուլիսի 29-ի էպիկրիզում նշված չէր նրա առողջական վիճակի բարելավման մասին, բժշկական գործում, այնուամենայնիվ գրառվեց, որ նա դուրս է գրվում առողջական բավարար վիճակում: Սակայն, հիվանդանոցից դուրս գրվելուց ընդամենը մի քանի օր անց Դիմումատուն կրկին հոսպիտալացվեց` այս անգամ քրեակատարողական հիմնարկի բուժմաս, քանի որ նրա առողջական վիճակը նորից վատթարացավ (տե`ս վերոնշյալ 40-րդ պարբերությունը): Ավելին, վերոնշյալ էպիկրիզում պարզ նշված էր, որ Դիմումատուն պարբերաբար պետք է անցնի բժշկական ստուգումներ: Սա նշանակում է, որ Դիմումատուի բուժումը, միգուցե օգտակար էր, սակայն չի կարելի ասել, որ այնքան արդյունավետ էր, որ ազատեր հետագա բժշկական վերահսկողության անհրաժեշտությունից:

110. Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկի բուժմասում Դիմումատուի ստացած բժշկական օգնությանը, Դատարանը նշում է, որ Դիմումատուն տեղափոխվել է այնտեղ 2003թ. օգոստոսի 5-ին և պարբերաբար գտնվել է վերահսկողության ներքո 2003թ. օգոստոսի 11-ից 29-ը: Սակայն, Դիմումատուի բժշկական գործը չի պարունակում հետագա գրառումներ: Հատկանշական է, որ վերջին գրառումից հետո` մասնավորապես 2003թ. սեպտեմբերի 9-ին Դիմումատուի փաստաբանը դիմել է պետական մարմիններին` Դիմումատուին պարբերական բժշկական հետազոտությունների ենթարկելու խնդրանքով, որը մնացել է անպատասխան (տե`ս վերոնշյալ 46-րդ պարբերությունը): Այսպիսով, 2003թ. օգոստոսի 29-ից մինչև հոկտեմբերի 13-ին Դիմումատուին իր խուց տեղափոխելը, չեն իրականացվել բժշկական հետազոտություններ և չի տրամադրվել բժշկական օգնություն: Նման պայմաններում պարզ չեն նաև բուժմասում Դիմումատուին ցուցաբերված բուժօգնության արդյունքները:

111. Բոլոր վերոնշյալ ապացույցներն ու հանգամանքները ցույց են տալիս, որ Դիմումատուն ունեցել է կանոնավոր բժշկական զննումների և օգնության կարիք: Կողմերը չեկան համաձայնության այն հարցի շուրջ, թե արդյոք այդ կարիքն ըստ էության բավարարվել էր, թե ոչ: Դիմումատուն պնդեց, որ իր կալանավորման ընթացքում բժշկական օգնություն իրեն չի տրամադրվել, բացառությամբ երկու ժամանակահատվածների, երբ նա գտնվել է բժշկական վերահսկողության ներքո: Կառավարությունն ընդունեց, որ վիճարկվող ժամանակահատվածում Դիմումատուն բանավոր դիմել էր բժշկական օգնության խնդրանքով, սակայն պնդեց, որ նման օգնություն նրան տրամադրվել է բոլոր դեպքերում, ներառյալ պարբերական բժշկական զննումները (տե`ս վերոնշյալ 49-րդ պարբերությունը):

112. Դատարանը նշում է, սակայն, որ Դիմումատուի բժշկական գործում չկան գրառումներ 2003թ. օգոստոսի 29-ից 2004թ. օգոստոսի 13-ը քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի կողմից որևէ բժշկական զննման կամ բժշկական օգնություն տրամադրելու մասին: Այն, հետևաբար, համոզիչ չի համարում Կառավարության պնդումը: Դատարանը նշում է նաև, որ 2003թ. հուլիսի 29-ի էպիկրիզը, որտեղ բացահայտորեն նշված էր, որ Դիմումատուն պետք է կանոնավոր կերպով ենթարկվի բժշկական զննումների, չի պայմանավորում, որ նման զննումները պետք է իրականացվեն Դիմումատուի նախաձեռնությամբ: Հետևաբար, քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմն ուներ նման զննումներ անցկացնելու պարտավորություն` անկախ Դիմումատուի խնդրանքից: Ակնհայտ է, որ Դիմումատուն ուներ նման կանոնավոր բժշկական օգնության կարիք, որի տրամադրումը, սակայն, քննարկվող ժամանակահատվածում նրան մերժվել էր: Կառավարության փաստարկն առ այն, որ քրեակատարողական հիմնարկի բուժմասն ուներ բավարար անձնակազմ, անտեղի է` հաշվի առնելով, որ բժշկական խնամք հատկապես Դիմումատուին չի ցուցաբերվել:

 

_______________________________________

ԻՐԵՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Եվրոպական դատարան
15.06.2010
N 34334/04
Վճիռ