Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՅԱԹՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (3-ՐԴ ՄԱՍ)
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՅԱԹՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (3-ՐԴ ՄԱՍ)

 

 

                          CONSEIL        CONCIL

                        DE L'EUROPE    OF EUROPE

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ՄԵԾ ՊԱԼԱՏ

 

ԲԱՅԱԹՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

(3-րդ մաս)

 

(Գանգատ թիվ 23459/03)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

7 հուլիս 2011

 

128. Վերը նշված բոլոր պատճառաբանություններից ելնելով` Դատարանը գտնում է, որ դիմումատուի դատապարտումը հանդիսանում է միջամտություն, որը չի եղել անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում Կոնվենցիայի 9-րդ հոդվածի իմաստով: Հետևաբար, տեղի է ունեցել նշված հոդվածի խախտում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

129. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.

 

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

 

Ա. Վնասը

 

130. Դիմումատուն պահանջեց 10,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

131. Կառավարությունն առարկեց, որ ոչ նյութական վնասի դիմաց պահանջվող գումարը չափազանցված է: Ավելին, դիմումատուն չի ապացուցել, որ փաստացի կրել է ոչ նյութական վնաս: Ամեն դեպքում, իրավունքի խախտման ճանաչումը` բավարար փոխհատուցում է:

132. Դատարանը գտնում է, որ դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս` կրոնական համոզմունքներից ելնելով բանակում ծառայելուց հրաժարվելու արդյունքում դատապարտվելու և ազատազրկման ենթարկվելու համար: Ելնելով արդարացիության սկզբունքից, Դատարանը շնորհում է դիմումատուին 10,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

 

Բ. Դատական ծախսեր

 

133. Դիմումատուն պահանջեց 17,500 եվրո դատական ծախսերի փոխհատուցման դիմաց, որը ներառում էր 3,000 եվրո ներպետական դատավարությունների գումարը, 11,500 եվրո Պալատի առջև դատավարությունների գումարը և 3,000 եվրո` Մեծ Պալատի առջև դատավարության գումարը, որն էլ իր հերթին ներառում էր նիստին ներկա գտնվելու ծախսերը: Դիմումատուն ներկայացրեց երեք (մեկը ներպետական և երկուսն օտարերկրյա) փաստաբանների հաշիվները, որոնցում նշված էին մինչ ու ներառյալ գործով վերջնական որոշման կայացման պահը` յուրաքանչյուր փուլի դիմաց վճարման ենթակա միանվագ գումարները:

134. Կառավարությունը նշեց, որ դիմումատուն կարող է պահանջել դատական ծախսերի փոխհատուցում միայն 9-րդ հոդվածի ներքո ներկայացրած իր գանգատների առնչությամբ, քանի որ Կոնվենցիայի այլ հոդվածների ներքո գանգատները հայտարարվել են անընդունելի: Ամեն դեպքում, նրա պահանջը հիմնավորված չի համապատասխան փաստաթղթերով և դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց, որ այդ ծախսերը փաստացի կատարվել են: Դիմումատուի կողմից ներկայացրած հաշիվները չեն կարող համարվել որպես փաստացի կատարված վճարման ապացույց կամ փաստաբանների ու իր միջև կնքված պայմանագիր` հետագայում այդ գումարները վճարելու վերաբերյալ: Ավելին, անընդունելի է պահանջել ապագայում կատարվելիք ծախսերի փոխհատուցում, ինչպիսիք են, օրինակ, նիստին ներկա գտնվելու հետ կապված ծախսերը: Ավելին, փաստաբանների վճարներն ողջամիտ չեն, ուռճացված և չափազանցված են, բացի այդ դիմումատուն վարձել է մեծ քանակությամբ փաստաբաններ, որի հետևանքում կատարվել է կրկնակի աշխատանք: Ի վերջո, Կառավարությունը պնդեց, որ երկու օտարերկրյա փաստաբանները Կանադայի ռեզիդենտներ են, հետևաբար, չեն համապատասխանում դիմումատուի շահերը ներկայացնելու համար պահանջվող չափանիշներին:

135. Դատարանը կրկնում է, որ փոխհատուցման ենթակա են միայն ճանաչված խախտումների առնչությամբ ներկայացված դատական ծախսերը (տես, Beyeler v. Italy (արդարացի փոխհատուցում) [GC], գանգատ թիվ 33202/96, պարբ. 27, 28 մայիս 2002 թ.): Սույն գործում, դիմումատուի կողմից Դատարանին ներկայացրած սկզբնական գանգատը ներառում էր Կոնվենցիայի բազմաթիվ այլ հոդվածներ` 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ մասերը, 6-րդ և 14-րդ հոդվածները, որոնք հայտարարվել են անընդունելի: Հետևաբար, դիմումատուի պահանջը չի կարելի բավարարել ամբողջությամբ, այն պետք է համապատասխանաբար կրճատել: Դատարանը, այնուամենայնիվ, համաձայն չէ Կառավարության այն փաստարկին, որ դիմումատուի պահանջը չի հիմնավորվել պատշաճ ձևով, իսկ ներկայացված գումարներն ուռճացված են կամ ողջամիտ չեն: Դատարանը չի համաձայնվում նաև Կառավարության մեկ այլ փաստարկին, որը վերաբերվում է երկու օտարերկրյա փաստաբաններին, քանի որ վերջիններիս թույլատրվել է պաշտպանել դիմումատուի իրավունքները Դատարանի առջև: Առկա տեղեկությունների հիման վրա կատարելով իր հաշվարկները` Դատարանը որոշում է շնորհել դիմումատուին 10,000 եվրո որպես դատական ծախսերի փոխհատուցում:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

136. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ

 

1. Վճռում է, ձայների տասնվեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում:

2. Վճռում է, ձայների տասնվեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ`

 

(ա) պատասխանող պետությունը, երեք ամսվա ընթացքում, դիմումատուին պետք է վճարի հետևյալ գումարները` փոխարկված ՀՀ դրամի վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

(i) 10,000 (տաս հազար) եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը,

(ii) 10,000 (տաս հազար) եվրո որպես դատական ծախսերի փոխհատուցում, գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը,

(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար` գումարած երեք տոկոսը:

 

3. Մերժում է, միաձայն, դիմումատուի արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

 

Կատարված է անգլերեն և ֆրանսերեն, կայացվել է 2011 թ. հուլիսի 7-ին հրապարակային նիստում, որը տեղի է ունեցել Մարդու Իրավունքների Դատարանի շենքում, Ստրասբուրգում:

 

        Vincent Berger                       Jean-Paul Costa

           Իրավագետ                              Նախագահ

 

Համաձայն Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ մասի` Դատավոր Գյուլումյանի առանձին կարծիքը կից ներկայացվում է սույն վճռին:

 

J.-P.C.

V.B.

 

ԴԱՏԱՎՈՐ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ

 

Ցավոք, ես չեմ կարող համաձայնել Մեծ Պալատի մեծամասնության հետ, որ սույն գործում տեղի է ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում:

1. Սույն գործում դիմումատուն դատապարտվել է իր կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու համար, քանի որ տվյալ ժամանակահատվածում Հայաստանում դեռևս չէր ընդունվել այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենք: Դիմումատուն դատապարտվել է երկու և կես տարի ժամանակով ազատազրկման և 2003 թ. հուլիսի 22-ին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել` իր պատժից կրելով տաս և կես ամիս ազատազրկում: «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003 թ. դեկտեմբերի 17-ին և ուժի մեջ է մտել 2004 թ. հուլիսի 1-ին:

2. Արտահայտելով կարծիքս ես չեմ ցանկանում ընդգծել մտքի, խղճի և կրոնի ազատությանը, ինչպես նաև կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի նկատմամբ իմ կողմից տրվող կարևորությունը, սակայն չեմ կարող չանդրադառնալ այն փաստին, որ վերջինս ուղղակիորեն նախատեսված չէ Կոնվենցիայով:

Կոնվենցիան և դրան կից Արձանագրությունները, որպես այդպիսին, չեն երաշխավորում կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու որևէ իրավունք: Կոնվենցիայի 9-րդ հոդվածը չի երաշխավորում կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց համար զինվորական կամ այն փոխարինող քաղաքացիական ծառայությունից ազատվելու իրավունք: Այն նաև չի արգելում պետությանը կիրառել պատժամիջոցներ նման ծառայությունից հրաժարված անձանց նկատմամբ:

Դատարանը մի շարք դեպքերում նշել է, որ 9-րդ հոդվածը չի պաշտպանում ցանկացած գործողություն, որը դրդվել կամ ոգեշնչվել է կրոնից կամ հավատքից (տե՛ս, ի թիվս այլոց, Kalaջ v. Turkey, 1 հուլիսի 1997 թ., պարբ. 27, Վճիռների և որոշումների Տեղեկագիր 1997 IV, Arrowsmith v. the United Kingdom, թիվ 7050/75, Հանձնաժողովի զեկույց, 12 հոկտեմբերի 1978 թ., Որոշումներ և Զեկույցներ (DR) 19, էջ 5, C. v. the United Kingdom, թիվ 10358/83, Հանձնաժողովի որոշում, 15 դեկտեմբերի 1983 թ., DR 37, էջ 142, Tepeli and Others v. Turkey (որոշում), թիվ 31876/96, 11 սեպտեմբերի 2001, և Leyla Sahin v. Turkey [ՄՊ], թիվ 44774/98, պարբ. 105, ՄԻԵԴ 2005 XI):

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը իր 1518(2001) և 1742(2006) Հանձնարարականներում առաջարկել է Նախարարների Կոմիտեին ամրագրել կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը որպես Կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն, որը մերժվել է Նախարարների Կոմիտեի կողմից: Ինչպես Խորհրդարանական Վեհաժողովը` Եվրոպական Խորհրդարանը նույնպես գտավ, որ կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքն անկապտելի է մտքի, խղճի և կրոնի ազատության հայեցակարգին և նույնպես կոչ արեց ամրագրել այդ իրավունքը Կոնվենցիայում: Ես կարծում եմ, որ Դատարանի դերն է պաշտպանել մարդու իրավունքները, որոնք արդեն նախատեսված են Կոնվենցիայով, այլ ոչ թե սահմանել նոր իրավունքներ: Որևէ մեկը կարող է փաստարկել, որ Կոնվենցիան որպես զարգացող գործիք համարելու մոտեցումը Դատարանին թույլ է տալիս ընդլայնել պաշտպանվող իրավունքները: Սակայն, դա իմ կարծիքով անթույլատրելի է, երբ Կոնվենցիան Բարձր Պայմանավորող Կողմերի հայեցողության է թողնում առանձին իրավունքների ճանաչումը:

4-րդ հոդվածի 3(բ) կետը «կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց իրավունքի ճանաչման ընտրությունը հստակորեն թողել է յուրաքանչյուր Բարձր Պայմանավորող Կողմի հայեցողությանը» (տե՛ս Bayatyan v. Armenia, թիվ 23459/03, պարբ. 63, 27 հոկտեմբերի 2009 թ.): Սույն դրույթը հարկադիր աշխատանք հասկացությունից բացառում է «զինվորական բնույթի ցանկացած ծառայություն, իսկ այն երկրներում, որտեղ օրինական է ճանաչվում զինվորական ծառայությունից հրաժարվելը` համոզմունքներից ելնելով` պարտադիր զինվորական ծառայության փոխարեն նշանակված ծառայությունը»:

3. Ես հիմնովին համաձայն չեմ մեծամասնության եզրակացության հետ, որ 9-րդ հոդվածը չպետք է այլևս դիտարկվի 4-րդ հոդվածի 3(բ) կետի հետ համակցված: Դա հակասում է Դատարանի այն անփոփոխ մոտեցմանը, համաձայն որի Կոնվենցիան պետք է նաև դիտարկվի իր ամբողջության մեջ և մեկնաբանվի այնպես, որ նպաստի տարբեր դրույթների միջև ներքին կայունությանը և համաձայնեցվածությանը (տե՛ս Klass and Others v. Germany, 6 սեպտեմբերի 1978, պարբ. 68, Սերիա Ա թիվ 28, ինչպես նաև` Maaouia v. France [ՄՊ], թիվ 39652/98, պարբ. 36, ՄԻԵԴ 2000 X. Kudla Kudlav. Poland [ՄՊ], թիվ 30210/96, պարբ. 152, ՄԻԵԴ XI, և Stec and Others v. the United Kingdom (որոշում) [ՄՊ], թիվ 65731/01 և թիվ 65900/01, պարբ. 48, ՄԻԵԴ 2005 X):

4. Միայն իր 2010 թ. ամենավերջին հանձնարարականում Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեն կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը համարեց 9-րդ հոդվածով նախատեսված խղճի և կրոնի ազատության անբաժանելի մաս` միջազգային ասպարեզի զարգացումների լույսի ներքո:

2000 թ. դեկտեմբերին ընդունված Եվրոպական Միության Հիմնարար Իրավունքների Խարտիան, որը ճանաչում է կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքը` մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի ներքո, ուժի մեջ է մտել միայն 2009 թ. դեկտեմբերին:

Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու Իրավունքների Կոմիտեն մինչև 2006 թ. ուղղակիորեն չմերժեց կիրառել Քաղաքացիական և Քաղաքական Իրավունքների մասին Միջազգային Դաշնագրի (ՔՔԻՄԴ) 8-րդ հոդվածը` Հյուսիսային Կորեայի դեմ բերված երկու գործերով, որոնք վերաբերում էին կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց` նրանց գանգատները քննության առնելով միայն ՔՔԻՄԴ-ի 18-րդ հոդվածի ներքո և ճանաչելով այդ դրույթի խախտում` խղճի ազատությունից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու համար դիմումատուներին դատապարտելու հիմքով:

Ես նաև ցանկանում եմ ընդգծել, որ երբ դիմումատուն դատապարտված էր կրոնական համոզմունքներից ելնելով զինված ուժերում ծառայությունից հրաժարվելու համար, առկա էր հստակ դատական նախադեպ, որի համաձայն Կոնվենցիան և դրան կից Արձանագրությունները չեն երաշխավորում, որպես այդպիսին, կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվելու որևէ իրավունք: Ներպետական իշխանությունները չեն կարող քննադատվել հետագայում առաջ եկած դատական նախադեպերի համար և ավելի ուշ զարգացումներով անդրադարձված մոտեցումների չկիրարկման համար:

5. Ինչ վերաբերում է կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց համար այլընտրանքային ծառայության ճանաչմանը, որը Հայաստանը ստանձնել է 2000 թ. միջազգային պարտավորությունների ներքո` Եվրոպայի Խորհրդին միանալու պահին, ապա իմ կարծիքով դա չի կարող համարվել օրենքով պարտադրված տվյալ ժամանակահատվածում: Հայաստանը պարտավորվել էր ճանաչել այդ իրավունքը և ներել բոլոր դատապարտված` կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց, բայց ոչ թե անմիջապես, այլ միանալուց հետո` երեք տարվա ընթացքում: Հայաստանը, ինչպես և խոստացել էր, իրագործեց իր պարտավորությունները միանալուց հետո երեք տարվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում ընդունվեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը, կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող 38 անձինք ներվեցին, և դիմումատուն պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց: Հետևաբար պարզ է, որ չկա այս վճիռը ընդունելու անհրաժեշտությունը` համոզված լինելու համար, որ Հայաստանը կկատարի ինչ խոստացել էր:

6. Եթե 9-րդ հոդվածը կիրառելի չէ, ապա անհերքելի է, որ այն չէր կարող խախտվել: Այդ իսկ պատճառով ես դեմ եմ քվեարկել խախտումը ճանաչելուն: Շատ կասկածելի է, որ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում ճանաչելը դիմումատուի հանդեպ անհատական արդարության կայացումն էր: Զարմանալի կլինի, եթե նրան համարեն զոհ այս Դատարան դիմելու պահին: Ընդունելի է, որ նա անազատության մեջ էր, սակայն, նա չի գանգատվել ազատազրկման առիթով, այլ` կրոնական համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց համար այլընտրանքային ծառայությանն անցնելու հնարավորության բացակայության մասին: Այս գանգատը ներկայացնելու պահին դիմումատուն պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակված, իսկ վեց ամիս անց ընդունվեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը:

Մի շարք գործերում (տե՛ս Sisojeva and Others v. Latvia [GC], թիվ 60654/00, ՄԻԵԴ 2007 II, Shevanova v. Latvia (հանված է գործերի ցուցակից) [ՄՊ], թիվ 58822/00, 7 դեկտեմբերի 2007 թ., և El Majjaoui and Stichting Touba Moskee v. the Netherlands (հանված է գործերի ցուցակից) [ՄՊ], թիվ 25525/03, 20 դեկտեմբերի 2007 թ.) Դատարանը գտել է, որ դիմումատուի գանգատների առիթ հանդիսացող հարցը կարելի է այսուհետ համարել «լուծված» 37-րդ հոդվածի 1(բ) կետի իմաստի ներքո և հանել դիմումներն իր գործերի ցուցակից: Վերոնշյալ գործերում Դատարանը պատճառաբանել է, որ «ի վերջո, Կոնվենցիան չի սահմանում Բարձր Պայմանավորող Կողմերի համար իրենց ներքին օրենսդրության շրջանակներում Կոնվենցիայի արդյունավետ իրագործումն երաշխավորելու որոշակի եղանակ»: Դրան հասնելու ամենապատշաճ եղանակների ընտրությունը սկզբունքորեն ներպետական իշխանությունների հարցն է, որոնք շարունակական կապի մեջ են իրենց երկրների կենսական ուժերի հետ և ավելի լավ են տեղակայված` իրենց համապատասխան ներպետական իրավական համակարգերի ընձեռած հնարավորությունները և ռեսուրսները գնահատելու համար (տե՛ս Swedish Engine DriversԺ Union v. Sweden, 6 փետրվարի 1976 թ., պարբ. 50, Սերիա Ա թիվ 20, Chapman v. the United Kingdom [ՄՊ], թիվ 27238/95, պարբ. 91, ՄԻԵԴ I. և վերը նշված` Sisojeva and Others, պարբ. 90):

8. Վերջապես, թույլ տվեք չհամաձայնել Կոնվենցիայի 41-րդ հոդվածի ներքո արդարացի փախհատուցման վերաբերյալ Դատարանի ընդունած վճռի հետ: Ես գտնում եմ, որ բարոյական վնասի և դատական ծախսերի մասով սահմանված գումարները չափազանց մեծ են:

Նախ, իմ տեսանկյունից` անարդար է տալ դիմումատուին փոխհատուցում, եթե Դատարանը հրաժարվում է իր գոյություն ունեցող նախադեպային իրավունքից` ինչպես տեղի ունեցավ սույն գործում:

Երկրորդը` չի կարող լինել ոչ մի կասկած, որ արդարացի փոխհատուցման տրամադրման Դատարանի նախադեպային իրավունքի հետևողականությունը նույնպես առանձնակի կարևորություն է ներկայացնում, ինչպես նաև փոխհատուցումը պետք է լինի կանխատեսելի Կառավարության համար: Վերջերս Դատարանը քննության էր առել նմանատիպ հարց Նlke v. Turkey (թիվ 39437/98, 24 հունվար 2006 թ.) գործով` ինը քրեական հետապնդումներով պատճառած տառապանքի հաշվով: Բոլոր հետապնդումները հանգեցրել էին ազատազրկման դատապարտման և ցանկացած պահին կրկին ձերբակալվելու վտանգին: Բարոյական վնասի փոխհատուցման համար սահմանված գումարը նույնն էր ինչ սույն գործով սահմանված գումարը:

Վերջապես, Դատարանն ունի պրակտիկա` համապատասխանեցնել դատական ծախսերի փոխհատուցումը ճանաչված խախտումների թվին: Սույն գործով դատարան ներկայացրած դիմումատուի առաջնային գանգատը ներառում էր բազմաթիվ այլ բողոքներ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերի, 6-րդ և 14-րդ հոդվածների ներքո, որոնք հայտարարվել էին անընդունելի: Դատարանը պատշաճ կերպով հաշվի չի առել, որ վեց գանգատներից միայն մեկն է հայտարարվել ընդունելի և միայն մեկ խախտում է ճանաչվել, ինչպես նաև Դատարանը վճռի 135-րդ պարբերությունում կրկին նշել է, որ դատական ծախսերը փոխհատուցելի են այնքանով` որքանով կապված են ճանաչված խախտման հետ:

 

 

pin
Եվրոպական դատարան
07.07.2011
N 23459/03
Վճիռ