Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՆԱՍՅԱՆԸ ԵՎ ՍԵՄԵՐՋՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՆԱՍՅԱՆԸ ԵՎ ՍԵՄԵՐՋՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

 

                          CONSEIL        CONCIL

                        DE L'EUROPE    OF EUROPE

 

COUR EUROPEENNE DES DROITS DE L'HOMME
EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՄԻՆԱՍՅԱՆԸ ԵՎ ՍԵՄԵՐՋՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 27651/05)

 

ՎՃԻՌ

(Արդարացի փոխհատուցում)

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

7 հունիս 2011

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երրորդ Բաժանմունք) Պալատը հետևյալ կազմով`

 

Josep Casadevall, Նախագահ,

Corneliu BՏrsan,

Alvina Gyulumyan,

Egbert Myjer,

Ineta Ziemele,

Luis Lցpez Guerra,

Mihai Poalelungi, դատավորներ,

և Santiago Quesada, Քարտուղար,

2011 թ. մայիսի 17-ին կայացած դռնփակ նիստում,

Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Գործը սկիզբ է առել 2005 թ. հուլիսի 1-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիներ տկն. Նելլի Մինասյանի (»առաջին դիմումատու») և տկն. Ելենա Սեմերջյանի (»երկրորդ դիմումատու») կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության բերված թիվ 27651/05 գանգատի հիման վրա:

2. 2009 թ. հունիսի 23-ին կայացրած վճռում («հիմնական վճիռ») Դատարանը գտել է, որ երկու դիմումատուներին գույքից զրկելը չի համապատասխանել օրինականության սկզբունքին, հետևաբար տեղի է ունեցել Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում (տե`ս, հիմնական վճիռը, պարբ. 69-77):

3. Առաջին դիմումատուն, որպես բնակարանի սեփականատեր, Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն պահանջեց Դատարանի վճռի կայացման օրվա դրությամբ բնակարանի արժեքին համապատասխան փոխհատուցում` 133,467 եվրո գումարի չափով և 16,683 եվրո` որպես եկամուտների կորստի փոխհատուցում: Երկրորդ դիմումատուն, ով օգտվում էր բնակարանի նկատմամբ օգտագործման իրավունքից, պահանջեց 6,930 եվրո` որպես նյութական վնասի փոխհատուցում: Նրանք նաև պահանջեցին 25,000 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և դատական ծախսերի փոխհատուցում:

4. Քանի որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառման հարցը պատրաստ չէր որոշում կայացնելու համար, Դատարանը հետաձգեց այն և հրավիրեց Կառավարությանն ու դիմումատուներին այդ հարցի վերաբերյալ ներկայացնել իրենց գրավոր առարկությունները` Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վճռի վերջնական դառնալու օրվան հաջորդող երեք ամիսների ընթացքում, ինչպես նաև ծանուցել Դատարանին իրենց միջև հնարավոր համաձայնության մասին (տե`ս, հիմնական վճռի պարբ. 91 և եզրափակիչ դրույթների 4-րդ մասի (ա) և (բ) կետերը):

5. Դիմումատուները և Կառավարությունը ներկայացրեցին իրենց առարկությունները:

 

ՕՐԵՆՔԸ

 

6. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.

 

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

 

Ա. Վնաս

 

1. Նյութական վնաս

 

(ա) Դիմումատուների դիրքորոշումները

 

7. Առաջին դիմումատուն հաստատեց 133,467 եվրոյի պահանջը: Նա պնդեց, որ փոխհատուցումը պետք է սահմանվի Դատարանի կողմից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում ճանաչելու պահի` 2009 թ. հունիսի 23-ի դրությամբ իր բնակարանի արժեքի չափով, և հայտարարեց, որ այդ ժամանակահատվածում խնդրո առարկա տարածքում տեղակայված շենքերի 1քմ. շուկայական արժեքը տատանվում էր 4,000 ԱՄՆ դոլարից մինչև 7,000 ԱՄՆ դոլար (տվյալ ժամանակահատվածում մոտ 2,880 եվրո և 5,040 եվրո): Ի հիմնավորումն իր պահանջի` առաջին դիմումատուն ներկայացրեց հետևյալ փաստաթղթերը`

(ա) մասնավոր անշարժ գույքի գործակալության 2007 թ. նոյեմբերի 19-ի նամակը, համաձայն որի խնդրո առարկա տարածքի նորակառույց շենքերում ստորին հարկի, այսպես կոչված առևտրային տարածքի, 1քմ. արժեքը կազմում էր 7,000-10,000 ԱՄՆ դոլար (տվյալ ժամանակահատվածում մոտ 4,770 եվրո և 6,820 եվրո), իսկ առաջին և բարձր հարկերի, այսպես կոչված գրասենյակային տարածքների, 1քմ. արժեքը կազմում էր 3,000-5,000 ԱՄՆ դոլար (տվյալ ժամանակահատվածում մոտ 2,045 եվրո և 3,410 եվրո).

(բ) մեկ այլ մասնավոր անշարժ գույքի գործակալության կողմից 2008 թ. օգոստոսի 28-ին տրամադրած զեկույցը, որը վերաբերում էր 159.8քմ. մակերեսով ներքնահարկ ունեցող հարակից փողոցի ստորին հարկում տեղակայված 185.2 քմ. մակերեսով բնակարանի գնահատմանը, համաձայն որի 2008 թ. փետրվարի 28-ի դրությամբ ստորին հարկի մակերեսի 1քմ. արժեքը կազմում էր 1,830,375 ՀՀ դրամ (տվյալ ժամանակահատվածում մոտ 3,960 եվրո): Այդ զեկույցի համաձայն, հիմք ընդունելով թերթերի գովազդները և գործակալության սեփական տվյալների բազան, մոտակա փողոցների նմանատիպ անշարժ գույքի 1քմ. արժեքը կազմում էր 2,000,000-2,500,000 ՀՀ դրամ (տվյալ ժամանակահատվածում մոտ 4,325 եվրո և 5,405 եվրո).

(գ) մոտակա փողոցում տեղակայված 26.8քմ. մակերեսով բնակարանի կապակցությամբ 2007 թ. հունիսի 8-ին երկու երրորդ կողմերի և անշարժ գույքի գործակալության միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը, որի համաձայն խնդրո առարկա անշարժ գույքի 1 քմ. արժեքը կազմել էր 1,634,890 ՀՀ դրամ (տվյալ ժամանակահատվածում մոտ 3,500 եվրո), ինչպես նաև`

(դ) մեկ այլ մասնավոր անշարժ գույքի գործակալության 2010 թ. ապրիլի 20-ի նամակը, համաձայն որի խնդրո առարկա տարածքի նորակառույց շենքերում ստորին հարկի 1քմ. արժեքը տատանվում էր 710,000 ՀՀ դրամից մինչև 2,200,000 ՀՀ դրամ (տվյալ ժամանակահատվածում մոտ 1,340 եվրո և 4,145 եվրո):

8. Առաջին դիմումատուն նշեց, որ իր բնակարանը տեղակայված էր ստորին հարկում և հեշտությամբ կարող էր վերափոխվել գրասենյակային տարածքի, ընդլայնվել ներքնահարկի հաշվին, որն էականորեն կբարձրացներ իր բնակարանի շուկայական արժեքը: Նա նաև հայտարարեց, որ հնարավորություն չի ունեցել ներկայացնել օտարման պահի դրությամբ իր գույքի շուկայական արժեքի որևէ գնահատում, քանի որ գնահատող կազմակերպությունները հրաժարվել են գնահատել քանդած և այլևս գոյություն չունեցող գույքը:

9. Առաջին դիմումատուն պահանջեց նաև 26,683 եվրո` բաց թողած եկամուտների համար, պնդելով, որ եթե բնակարանն օտարված չլիներ, նա կարող էր այդ ամբողջ գումարի դիմաց 2005 թ. մայիսից այն հանձնել վարձակալության:

10. Երկրորդ դիմումատուն պահանջեց 13,000 եվրո: Գումարի այս չափը հաշվարկվել է սույն գործի հանգամանքներին հաջորդող Քաղաքացիական օրենսգրքի փոփոխված 225-րդ հոդվածով նախատեսված ձևաչափով, որը սահմանեց օգտագործման իրավունքի դադարեցման համար փոխհատուցման չափի հաշվարկման նոր մեթոդ (տե`ս, հիմնական վճիռը, պարբ. 40):

 

(բ) Կառավարության դիրքորոշումը

 

11. Կառավարությունը, հիմնվելով ներպետական դատարանների կողմից տրամադրած փոխհատուցման չափը հաշվարկելու համար հիմք հանդիսացած գնահատման զեկույցի վրա (տե`ս, հիմնական վճիռ, կետ 13), նշեց, որ 2004 թ. նոյեմբերի 27-ի դրությամբ, մոտավորապես այն ժամանակ, երբ դիմումատուներին առաջարկ է արվել, օտարման ենթակա բնակարանի 1քմ. շուկայական արժեքը կազմում էր 269.2 ԱՄՆ դոլար (տվյալ ժամանակահատվածում մոտ 200 եվրո): Հիմք ընդունելով այդ գնահատումը, առաջին դիմումատուին որպես փոխհատուցում առաջարկվել է 7,000 ԱՄՆ դոլար (տվյալ ժամանակահատվածում մոտ 5,265 եվրո), գումարած 6,720 ԱՄՆ դոլար (տվյալ ժամանակահատվածում մոտ 5,055 եվրո)` որպես ֆինանսական խրախուսում, եթե նա համաձայնվեր լքել բնակարանը հաջորդող մի քանի օրերի ընթացքում:

12. Կառավարությունը նշեց նաև, որ 2010 թ. ապրիլի դրությամբ օտարված բնակարանի չափերի, տեղակայվածության և որակի այլ բնակարանների 1քմ. միջին շուկայական արժեքը կազմում էր 320,000 ՀՀ դրամ կամ 820 ԱՄՆ դոլար (տվյալ ժամանակահատվածում մոտ 600 եվրո): Ի հավաստումն այս պնդման` Կառավարությունը հիմք ընդունեց ենթադրաբար մասնավոր անշարժ գույքի գործակալության կողմից 2010 թ. ապրիլի 21-ին ներկայացրած նամակը, որում վերոնշյալ գումարները մատնանշվել էին որպես Բյուզանդ փողոցի 26քմ. մակերեսով բնակարանի 1քմ. հավանական գին:

13. Կառավարությունը, հղում կատարելով վերոնշյալ գնահատման զեկույցին, տրամադրեց նաև օտարված բնակարանի նկարագրությունը, համաձայն որի բնակարանը տեղակայված էր 1905 թ. կառուցված բնակելի շենքում: Այն ուներ զուգարան, բայց չուներ լոգասենյակ: Հարկերը բաժանող միջնորմերը պատրաստված էին փայտից և լցված էին հողով: Շենքը պաշտոնապես ներառված էր երրորդ աստիճանի վնասվածք ունեցող շենքերի ցուցակում, ինչը նշանակում է, որ դրա հետագա շահագործումը հնարավոր դարձնելու համար կպահանջվեր հիմնարար վերանորոգում:

14. Կառավարությունը նշեց նաև, որ 2004 թ. նոյեմբերի 27-ի դրությամբ երկու անձանց միջև բաշխված օտարված բնակարանի օգտագործման իրավունքի շուկայական արժեքը 1քմ. համար կազմում էր 1.5 ԱՄՆ դոլար, մինչդեռ 2010 թ. ապրիլին այն կազմում էր 60,000 ՀՀ դրամ (տվյալ ժամանակահատվածում մոտ 115 եվրո):

15. Ի վերջո Կառավարությունը նշեց, որ դիմումատուներին առաջարկ ներկայացնելու պահից մինչև 2010 թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, կախված գույքի տեղակայվածությունից, չափերից և որակից, անշարժ գույքի գներն աճել են երեքից վեց և ավելի անգամ: Կոնկրետ դեպքում, գնաճը կազմել է մոտ 300%` 269.2 ԱՄՆ դոլարից մինչև 820 ԱՄՆ դոլար:

 

(գ) Դատարանի գնահատականը

 

16. Դատարանը մի շարք գործերում նշել է, որ խախտման փաստն արձանագրող վճռով Պետության վրա դրվում է պարտավորություն դադարեցնել խախտումը և, հետևանքները վերացնելու միջոցով, հնարավորության սահմաններում վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը (տե`ս, Iatridis v. Greece (արդարացի փոխհատուցում) [GC], թիվ 31107/96, պարբ. 32, ECHR 2000-XI): Գործի կողմեր հանդիսացող Պայմանավորվող պետություններն ըստ էության ազատ են Դատարանի կողմից խախտումը արձանագրած վճռի կատարման միջոցի ընտրության հարցում: Վճռի կատարման միջոցի ընտրության ազատությունն արտացոլում է Պայմանավորվող պետությունների` Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների ապահովման հիմնական պարտականությանն ամրակայված ընտրության ազատության սկզբունքը (հոդված 1): Այն դեպքում, երբ խախտման բնույթը restitutio in integrum հնարավորություն է տալիս, Պետության պարտականությունն է դառնում ապահովել դրա իրականացումը, քանի որ Դատարանն այն իրականացնելու համար չունի իշխանություն և պրակտիկ հնարավորություններ: Այնուամենայնիվ, եթե ներպետական օրենսդրությունը չի նախատեսում կամ նախատեսում է միայն խախտման հետևանքների մասնակի վերականգնման հնարավորություն, 41-րդ հոդվածը Դատարանին իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում տուժած կողմին տրամադրել համապատասխան արդարացի փոխհատուցում (տե`ս, Brumarescu v. Romania (արդարացի փոխհատուցում) [GC], թիվ 28342/95, պարբ. 20, ECHR 2001-I):

17. Սույն գործում առաջին դիմումատուի կապակցությամբ Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտումը հայտնաբերվել է այն հիմքով, որ օտարման ողջ ընթացքը, ներառյալ փոխհատուցման չափի հաշվարկի գործընթացը, եղել է հակաօրինական (տե`ս, հիմնական վճիռը, պարբ. 69-72): Դատարանը նշում է, որ հնարավոր չէ իրականացնել restitution in integrum` բնակարանի ավերման պատճառով: Ավելին, առաջին դիմումատուի վնասը հնարավոր չէ փոխհատուցել նմանատիպ բնակարան տրամադրելու միջոցով: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ դիմումատուին պետք է տրամադրել նյութական վնասի փոխհատուցում:

18. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ սա այն եզակի դեպքերից է, երբ սեփականության իրավունքից անօրինական կարգով զրկելու ժամանակ առաջին դիմումատուին, ի տարբերություն այլ անօրինական օտարումների, 2004 թ. դեկտեմբերին իր բնակարանը վերցնելու համար որպես փոխհատուցում գումար է առաջարկվել: Այդ գումարը կազմել է խնդրո առարկա ժամանակահատվածում բնակարանի ենթադրյալ շուկայական գինը, մասնավորապես 7,000 ԱՄՆ դոլար (տվյալ ժամանակահատվածում մոտ 5,265 եվրո) և 6,720 ԱՄՆ դոլար` որպես ֆինանսական խրախուսում (տվյալ ժամանակահատվածում մոտ 5,055 եվրո), որը կվճարվեր, եթե առաջին դիմումատուն համաձայնվեր հանձնել իր գույքը առաջարկին հաջորդող հինգ օրերի ընթացքում: Դիմումատուն, ով մերժել էր առաջարկը, ի վերջո 2005 թ. մայիսին ստացավ 7,000 ԱՄՆ դոլարի փոխհատուցում:

19. Դատարանն իր տրամադրության տակ չունի բավարար նյութ, որը հնարավորություն կտար նրան եզրակացնելու, որ առաջին դիմումատուին հատկացրած գումարը եղել է համարժեք և արտացոլել է բնակարանի շուկայական արժեքը: Ըստ առաջին դիմումատուի պնդման դա այդպես չի եղել: Հաշվի առնելով, որ այդ գումարի չափը որոշվել է հակաօրինական գործընթացի արդյունքում, Դատարանը չի բացառում ոչ համարժեք փոխհատուցման հնարավորությունը: Ամեն դեպքում, Դատարանը նշում է, քանի որ օտարված բնակարանն այլևս գոյություն չունի, անհնար է ստույգ հաշվարկել նյութական վնասի չափը: Հետևաբար, նման վնասի գնահատումը կիրականացվի արդարացիության սկզբունքի հիման վրա:

20. Հաշվի առնելով իր նախադեպերում հաստատված համապատասխան սկզբունքները, Դատարանը համարում է, որ գործի հատուկ հանգամանքներով պայմանավորված, առավել համապատասխան և արդարացի լուծում հանդիսանում է խնդրո առարկա ժամանակահատվածում բնակարանի հավանական արժեքի վճարումը` փոխարկված ներկայիս համարժեք գնով, գնաճի հետևանքները հատուցելու համար, նվազեցնելով այն ներպետական մակարդակում արդեն վճարված գումարի չափով: Իր տրամադրության տակ եղած ողջ նյութի վրա հիմնված նման նախահաշվարկ կատարելով, Դատարանը նշանակում է 8,000 եվրո նյութական վնասի փոխհատուցման չափ: Դատարանը գտնում է նաև, որ փոխհատուցման գումարի այս չափը պետք է տրվի երկու դիմումատուներին միասին, քանի որ խնդրո առարկա ժամանակահատվածում գործող Քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն երկրորդ դիմումատուի օգտագործման իրավունքը համարժեք է առաջին դիմումատուի բնակարանում ունեցած համապատասխան մասին: Հետևաբար, Դատարանը, հիմնվելով փոփոխված 225-րդ հոդվածում ամրագրված ձևաչափի վրա, որոշում է մերժել երկրորդ դիմումատուի պահանջը:

21. Դատարանն ի վերջո նշում է, որ առաջին դիմումատուն ներկայացրել է նաև բաց թողած եկամուտների` հնարավոր վարձավճարի, փոխհատուցման պահանջ: Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ այս հատուկ պահանջն ունի մտացածին բնույթ և պետք է մերժվի:

 

2. Ոչ նյութական վնաս

 

22. Առաջին դիմումատուն պահանջեց 40,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, իսկ երկրորդ դիմումատուն` 20,000 եվրո:

23. Կառավարությունն այս պահանջների առնչությամբ մեկնաբանություններ չի ներկայացրել:

24. Դատարանը գտնում է, որ գույքից ապօրինաբար զրկվելու արդյունքում առաջացած անօգնականության և անհանգստության զգացումները պատճառել են դիմումատուներին ոչ նյութական վնաս, որը պետք է համապատասխան կերպով փոխհատուցվի: Կոնվենցիայի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան առաջնորդվելով արդարացիության սկզբունքով` Դատարանը որոշում է դիմումատուներից յուրաքանչյուրին տրամադրել 2,000 եվրո կամ ընդհանուր` 4,000 եվրո:

 

Բ. Դատական ծախսեր

 

25. Դիմումատուները պահանջեցին 2,800 եվրո որպես դատական ծախսերի փոխհատուցում, որը բաղկացած էր իրավաբանի վճարից` 2,500 եվրո և փոստային վճարներից` 300 եվրո: Այս պահանջի հիմնավորման համար նրանք ներկայացրեցին իրավաբանական ծառայությունների մատուցման մասին պայմանագիր` կնքված իրենց իրավաբանի հետ և մանրամասն կազմված ժամանակացույց:

26. Կառավարությունն այս պահանջի առնչությամբ մեկնաբանություն չներկայացրեց:

27. Դատարանը կրկնում է, որ դատական ծախսերը հատուցելի են միայն այնքանով, որքանով դա առնչվում է հայտնաբերված խախտմանը (տե`ս, Beyeler v. Italy [GC], թիվ 33202/96, պարբ. 27, ECHR 2000-I): Դատարանը նշում է, որ սույն գործում գանգատը ներառել էր նաև անընդունելի հայտարարված բողոքներ (տե`ս, հիմնական վճիռը, պարբ. 78-82): Հետևաբար, պահանջը չի կարող ամբողջությամբ բավարարվել և անհրաժեշտ է կիրառել փոքր նվազեցումներ: Առաջնորդվելով արդարացիության սկզբունքով, Դատարանը տրամադրում է դիմումատուներին 2,500 եվրո դատական բոլոր ծախսերի փոխհատուցման համար:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

28. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

 

1. Վճռում է, որ

(ա) պատասխանող պետությունը, վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմումատուներին միասին պետք է վճարի հետևյալ գումարները` փոխարկված ՀՀ դրամի վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

(i) 8,000 (ութ հազար) եվրո գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը.

(ii) 4,000 (չորս հազար) եվրո գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը.

(iii) 2,500 (երկու հազար հինգ հարյուր) եվրո գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը.

(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով` գումարած երեք տոկոսը:

2. Մերժում է դիմումատուների արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

 

Կատարված է անգլերեն, գրավոր ծանուցվել է 2011 թ. հունիսի 7-ին` համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի:

 

        Santiago Quesada                       Josep Casadevall

           Քարտուղար                                Նախագահ

 

 

pin
Եվրոպական դատարան
07.07.2011
N 27651/05
Վճիռ