Սեղմել Esc փակելու համար:
ՄԱԿ-Ի ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԱԿ-Ի ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ «ՄԱՆԿԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ Մ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

19 հունվարի 2012 թվականի N 2

 

i

5. ՄԱԿ-Ի ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ «ՄԱՆԿԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» և «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սկզբնական զեկույցները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» և «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սկզբնական զեկույցների թարգմանությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թ. հունվարի 19-ի

նիստի N 2 արձանագրային որոշման

 

ՄԱԿ-Ի ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ «ՄԱՆԿԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

 

Բովանդակություն

 

Ներածություն

Վիճակագրություն

Իրականացման ընդհանուր միջոցներ

Գործողությունների ծրագրեր

Օրենսդրություն

Կարևոր դատական որոշումներ

Կանխարգելում

Երեխաների պաշտպանությունն ու խնամքն իրականացնող համակարգ

Արգելք և դրա հետ կապված այլ հարցեր

Մարդկանց շահագործում (թրաֆիքինգ)

Երեխայի որդեգրմանը համաձայնելուն անօրինական հակելը

Մարմնավաճառություն

Մանկական պոռնոգրաֆիա

Օտարերկրյա որդեգրումներ

Արդարադատություն

Հանձնում

Քրեական գործերով միջազգային համագործակցություն

Առգրավում և բռնագրավում

Վկաների իրավունքների պաշտպանություն

Տեղեկատվություն

Երեխայի շահերի լավագույն պահպանություն

Երեխաների հետ աշխատող անձանց պատրաստվածություն

Փոխհատուցման տրամադրում

Քարոզող նյութերի արտադրության և տարածման արգելք

Աջակցություն և համագործակցություն

Չքավորության և անբավարար զարգացման վերացում

 

I. Ներածություն

 

1. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել I, ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրությունը 2005 թվականի փետրվարի 2-ին: Նշված կամընտիր արձանագրությունն ուժի մեջ է մտել 2005 թվականի հուլիսի 30-ին: Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի առաջին կետի Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է արձանագրության դրույթների իրականացման վերաբերյալ իր սկզբնական զեկույցը:

2. Զեկույցը նախապատրաստվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որի կազմում ընդգրկված են եղել համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչները: Շահագրգիռ հասարակական կազմակերպությունները հնարավորություն են ունեցել ներկայացնելու առաջարկներ զեկույցի կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ:

3. ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան և դրան կից երկու արձանագրությունները ՀՀ կառավարության համար հանդիսանում են այն հիմնարար փաստաթղթերը որոնց հիման վրա մշակվում են երեխայի իրավունքների պաշտպանության պետական ռազմավարությունը, այդ թվում ազգային ծրագրերը:

4. Այսպես, Հայաստանի Հանրապետությունում Երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային և Երեխայի իրավունքների պաշտպանության 2012 թվականի տարեկան ծրագիրը նախապատրաստվել են ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների համապատասխան, ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետությանն արված առաջարկների շրջանակներում ստանձնած պարտավորությունների հիման վրա:

5. Ինչպես և այլ միջազգային պայմանագրերի դեպքում, կոնվենցիան կից երկու կամընտիր արձանագրությունները ևս ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն վավերացնելուց կամ հաստատվելուց հետո դառնում են ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս: Սահմանադրության նույն հոդվածի համաձայն «եթե վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»:

6. Հայաստանի Հանրապետությունը մեծ ուշադրություն է դարձնում թրաֆիքինգի դեմ պայքարին: Երկրում գործում է ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգ)-ի դեմ հարցերով խորհուրդ, որը ղեկավարում է ՀՀ փոխվարչապետը: Խորհրդին կից գործող աշխատանքային խմբի գործունեությունը համակարգում է ՀՀ արտգործնախարարությունը: Խորհրդի կազմում ընդգրկված են շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

7. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է երեխայի անձի անձեռնմխելիությունը, ապահովում նրա պաշտպանությունը շահագործման ցանկացած ձևից, ֆիզիկական և հոգեբանական բռնությունից, դաժան և անմարդկային վերաբերմունքից, սեռական բնույթի, ինչպես նաև այլ ոտնձգություններից:

Այդ խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, հիմնվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի վրա, ամրագրում է քրեական պատասխանատվության հիմքը և քրեական օրենսդրության սկզբունքները, որոշում, թե հանրության համար վտանգավոր որ արարքներն են համարվում այդ բնույթի հանցագործություններ և սահմանում է պատժի տեսակներ ու քրեաիրավական ներգործության այլ միջոցներ` դրանք կատարելու համար:

Երեխայի իրավունքների պաշտպանության և նրանց վիճակի բարելավման նպատակով իրականացվում են գործող ազգային օրենսդրության ժամանակ առ ժամանակ վերանայմանն ու կատարելագործմանն ուղղված համալիր միջոցառումներ:

8. Համաձայն գործող օրենսդրության երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովում են`

. Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը,

. խնամակալության և հոգաբարձության մարմինները,

. դատախազությունը, դատարանները,

. անչափահասների գործերով ՀՀ ոստիկանության բաժինները,

. ՀՀ օրենսդրությամբ լիազորված այլ հիմնարկություններ, որոնք իրենց գործունեության մեջ առաջնորդվում են երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության սկզբունքներով:

 

II. Վիճակագրություն

 

8. Ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից տրամադրված վիճակագրական տվյալների 2005 թվականից 2010 թվականի ընթացքում արձանագրվել է`

 

Թրաֆիքինգի դեպքեր

 

.________________________________________________________________.

|հանցատեսակ           |         Տուժողն անչափահաս                |

|                     |__________________________________________|

|                     | 2005թ.|2006թ.|2007թ.|2008թ.|2009թ.|2010թ.|

|_____________________|_______|______|______|______|______|______|

|132                  |   1   |   0  |   0  |   0  |   0  |   1  |

|_____________________|_______|______|______|______|______|______|

|132                  |   0   |   1  |   0  |   0  |   0  |   2  |

.________________________________________________________________.

 

Համաձայն վիճակագրության երեխաների թրաֆիքինգը Հայաստանի Հանրապետությունում տարածված չէ: Սակայն արձանագրված դեպքերը անհանգստացնող են և պահանջում են հետևողական գործողություններ կանխարգելման ուղղությամբ:

 

9. Մարմնավաճառության դեպքեր

 

.________________________________________________________________.

|հանցատեսակ           |         Տուժողն անչափահաս                |

|                     |__________________________________________|

|                     | 2005թ.|2006թ.|2007թ.|2008թ.|2009թ.|2010թ.|

|_____________________|_______|______|______|______|______|______|

|Հոդ. 262 մ3 կ1       |   0   |   0  |   0  |   0  |   3  |   2  |

.________________________________________________________________.

 

Հարկ է նշել, որ ՀՀ ոստիկանությունում իրականացվում են կանխարգելիչ բնույթի աշխատանքներ ուղղված անչափահասների շրջանում մարմնավաճառության դեմ տարածմանը, չնայած որ այն չի հանդիսանում հիմնախնդիր:

 

.________________________________________________________________.

|հաշվառված            |         Մարմնավաճառ անչափահաս            |

|                     |__________________________________________|

|                     | 2005թ.|2006թ.|2007թ.|2008թ.|2009թ.|2010թ.|

|_____________________|_______|______|______|______|______|______|

|                     |   5   |   4  |   3  |   5  |   3  |   2  |

.________________________________________________________________.

 

Ներկայումս անչափահաս մարմնավաճառներ ոստիկանության հաշվառումներով չեն անցնում:

10. Մանկավաճառություն

 

.________________________________________________________________.

|հանցատեսակ           |         Տուժողն անչափահաս                |

|                     |__________________________________________|

|                     | 2005թ.|2006թ.|2007թ.|2008թ.|2009թ.|2010թ.|

|_____________________|_______|______|______|______|______|______|

|168 հոդ.             |   2   |   0  |   6  |   9  |   6  |   1  |

.________________________________________________________________.

 

Հանրապետությունից դուրս Երեխաներին անօրինական տանելու կամ առևանգման դեպքեր չեն արձանագրվել:

 

11. Մանկական պոռնոգրաֆիա

 

ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ակտիվ աշխատանքներ են տարվում մանկական պոռնոգրաֆիայի հանցագործությունների դեպքերի հայտնաբերման ուղղությամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի հատկանիշներով (18 տարին լրացած անձի կողմից երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններում ներգրավելը) դեպքեր չեն հայտնաբերվել, իսկ 263-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (համակարգչային համակարգում կամ տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելը) հանցագործության հատկանիշներով վիճակագրությունը այսպիսինն է`

 

.________________________________________________________________.

|հանցատեսակ           |         Տուժողն անչափահաս                |

|                     |__________________________________________|

|                     | 2005թ.|2006թ.|2007թ.|2008թ.|2009թ.|2010թ.|

|_____________________|_______|______|______|______|______|______|

|Հոդ. 263 մ2          |   0   |   1  |   0  |   0  |   1  |   0  |

.________________________________________________________________.

 

12. Սեռական շահագործման նպատակով երեխաների առքուվաճառքի կամ փոխանցման, երեխաների օրգանների կորզման/փոխանցման, գործող ընթացակարգի խախտմամբ իրականացված որդեգրման վերաբերյալ բացահայտումներ վերջին երեք տարիների ընթացքում չեն եղել:

 

III. Իրականացման ընդհանուր միջոցներ

 

13. Յուրաքանչյուր քաղաքացուն, ինչպես նաև անչափահասին խոշտանգումներից, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից, պաշտպանությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է իր կողմնակցությունը սեռի հատկանիշով բռնության կանխարգելման և վերացման քաղաքականությանը և բռնությունը համարել մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներից մեկը: Պետությունը միջոցներ է ձեռնարկել բռնության որպես խտրական, ապասոցիալական երևույթի կանխարգելման ուղղությամբ: 2011 թվականի հունիսի 17-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագիրը», «Ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը» և «Ընդդեմ գենդերային բռնության 2011 թվականի միջոցառումների ծրագիրը»:

Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլն) բռնությունից պաշտպանության իրավունք: Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի: Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, մանկավաճառությունից, մանկական պոռնոգրաֆիայից, մարմնավաճառությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից («Երեխայի իրավունքների մասին» օրենքի հոդված 9): Հայաստանի Հանրապետությունը խստորեն արգելում է մանկավաճառությունը, երեխաների մարմնավաճառությունը, ինչպես նաև մանկական պոռնոգրաֆիան: Վերը նշվածները հանդիսանում են հանցագործություններ, որոնք խստորեն պատժվում են ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների համաձայն:

14. Հայաստանի Հանրապետությունում երեխաների հիմնահարցերով զբաղվող պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որն իրականացնում է այս ոլորտում համակարգված քաղաքականություն` համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ:

 

Գործողությունների ծրագրեր

 

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1745-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում Երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը: Այն համապարփակ փաստաթուղթ է, որն իր մեջ պարունակում է երեխաների հանդեպ իրականացվող քաղաքականությունը տարբեր բնագավառներում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 21-ի թիվ 558 որոշման համաձայն, երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը մշակելու նպատակով ստեղծվեց միջգերատեսչական հանրապետական հանձնաժողով: Աշխատանքների արդյունքում մշակվեց ազգային ծրագիր: Վերջինիս միջոցով կատարվեց խնդիրների սահմանում և երեխաների վերաբերյալ ծրագրերի մշակում, որոնք պետք է իրականացվեին պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ համակարգերի միջոցով: Այսպիսով, մշակելով և ընդունելով այս ծրագիրը Հայաստանի Հանրապետությունն ընդգծեց, որ երեխաների հետ կապված հարցերը պետության համար առաջնային են: Վերոհիշյալ Ծրագրի դրույթներից ելնելով սահմանվեցին Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի ուղղությունները` օրենսդրության կատարելագործում, առողջապահություն, սոցիալական ապահովություն, կրթություն, հանգիստ, ժամանց և մշակութային կյանք, իրավախախտումներ և արդարադատություն, վերահսկման մեթոդներ և հետագա գործողություններ, հասարակական կազմակերպությունների կողմից արված առաջարկություններ:

16. 2004-2015 թվականների Ծրագիրը, որը նախանշում է իրականացման ընդհանուր միջոցները որպես հիմնական նպատակներից մեկը նախանշում է, որ «Հայաստանի Հանրապետության կողմից պետք է ձեռնարկվեն համապատասխան քայլեր` պաշտպանելու երեխաներին դաժան վերաբերմունքից, շահագործումից և բռնություններից, ինչին հասնելու համար պետք է իրականացվեն գործնական միջոցառումներ: Պետք է գործի նաև համապատասխան պատրաստակամությամբ անձնակազմ, որը կօգնի տուժած երեխաներին վերաինտեգրվել հասարակության մեջ»: Պետք է նշել նաև, որ որպես հետագա ռազմավարություն Ծրագիրը նախանշվում է նաև, որ «12-18 տարեկան դժվար դաստիարակվող, շեղված վարքագծով և հատուկ դաստիարակության կարիք ունեցող, սեռական կամ այլ տիպի շահագործման ենթարկված անչափահասների համար վերաինտեգրման կենտրոնի ստեղծում: Սեռական կամ այլ տիպի շահագործման և բռնության ենթարկված անչափահասների հայտնաբերում նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնում: Հատուկ ծրագրերի մշակում բռնության և սեռական շահագործման զոհ դարձած երեխաների պաշտպանությունն ապահովելու նպատակով»: Ծրագրում նշվել է նաև, որ կարիք կա օրենսդրական ակտերում վերանայել չափահասների պատասխանատվությունը երեխաների նկատմամբ` դաժան վերաբերմունքի և նվաստացման համար:

17. Հայաստանի Հանրապետությունում Երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագրի հիման վրա ամեն տարի մշակվում և իրականացվում է համապատասխան տարեկան ծրագիրը: Այսպես, 2012 թվականի Երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագիրը հաստատվեց ՀՀ կառավարության կողմից 2011 թվականի սեպտեմբերի 29-ին:

2012 թվականի ընթացքում իրականացվելու են երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2012 տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունից` նրանց խնամքի, բուժման և դաստիարակության համար նպաստավոր պայմանների ստեղծման, ֆիզիկական և մտավոր բնականոն զարգացման, հոգեբանական վերականգնման և արդյունավետ սոցիալականացման նպատակով: Նշված ծրագրից ելնելով նախապատրաստվել է 2012 թվականի միջոցառումների ցանկ, որը և հայտարարում է տվյալ տարվա համար ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ գումարի չափը: Տարեկան ծրագրի ֆինանսավորումը որպես կանոն հիմնականում իրականացվում է պետական բյուջեի միջոցներով:

 

Հանրապետությունում իրականացվում են նաև մի շարք պետական սոցիալական ծրագրեր, ինչպիսիք են.

- Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանություն

 

Ծրագրի շրջանակներում ապահովվում է հատուկ հոգածություն կյանքի դժվարին իրավիճակում գտնվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հանդեպ: Երեխաների կյանքի որակը բարձրացնելու և նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխանեցնելու համար իրականացվում են սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր, որոնք ներառում են երեխայի վիճակի գնահատականը, այդ թվում` երեխայի առողջական վիճակի գնահատականը, հոգեբանական և այլ հակաճգնաժամային միջոցներ, ինչպես նաև երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնմանն ուղղված երկարաժամկետ միջոցառումներ, որոնք իրականացնում են սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները` ինքնուրույն կամ կրթական, բուժական կամ այլ կազմակերպությունների հետ համատեղ:

- Ռիսկի գոտում հայտնված երեխաներին սոցիալական հոգածության ծառայություններ

Ծրագրի շրջանակներում ցերեկային ժամերին հաստատությունում և տնային պայմաններում ապահովվում է 6-18 տարեկան սոցիալապես անապահով հաշմանդամ, ծնողական խնամքից զրկված, դաստիարակության դժվարություններ ունեցող երեխաների խնամքը` մինչև նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնումը:

- Երեխայի խնամքի ցերեկային կենտրոնների կողմից դժվար իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական հոգածության ծառայություններ

Ծրագրի շրջանակներում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության 4 ցերեկային կենտրոններում` հանրապետության մարզերից մեկի 4 քաղաքներում և հարակից գյուղերում ծառայություններ է մատուցում հաշմանդամություն կամ սոցիալ-հոգեբանական խնդիրներ և հատուկ կարիքներ ունեցող երեխաներին:

- Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ

Ծրագրի շրջանակներում ապահովվում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների խնամքը գիշերօթիկ հաստատություններում:

18. Խնդրի հետ առնչվող հաջորդ ազգային ծրագիրը, դա «ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման մասին 2010-2012 թ.» ազգային ծրագիրն է:

 

Ծրագրի համաձայն նախատեսվում է.

. Թրաֆիքինգի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնում

Ծրագրի շրջանակներում թրաֆիքինգի զոհերը ստանում են ոչ միայն սոցիալական, բժշկական, իրավաբանական, հոգեբանական օգնություն, այլև ապահովվում են ժամանակավոր կացարանով:

 

Օրենսդրություն

18. Ոլորտը կարգավորող իրավական դաշտը`

- ՀՀ աշխատանքային օրենսգիրք (2004 թ.)

- ՀՀ ընտանեկան օրենսգիրք (2004 թ.)

- ՀՀ օրենք «Երեխայի իրավունքների մասին» (1996 թ.)

- ՀՀ օրենք «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» (2005 թ.)

- ՀՀ օրենք «Սոցիալական աջակցության մասին» (2005 թ.)

 

Այլ տիպի իրավական ակտեր

 

- Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների 2006-2010 թվականների ռազմավարություն * (ներկայումս մշակվում է նոր ծրագիր)

- Երեխային ցերեկային խնամք տրամադրելու կարգ (2006 թ.),

- «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգ» (2003 թ.).

- «ՀՀ մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի օրինակելի կանոնադրություն» (2010 թ.)

- «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգ» (2008 թ.),

- «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգ» (2009 թ.)

«Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշում» (2005 թ.)

- 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1324-Ն ՀՀ կառավարության որոշում «ՀՀ Կառավարության լիազորված պետական կառավարման մարմին ճանաչելու և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին»

Որոշմամբ հաստատվել են նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն 21 չափորոշիչները:

Համաձայն N 8 չափորոշիչի երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը պարտավոր է ապահովել երեխայի պաշտպանությունը`

ա) հոգեբանական և ֆիզիկական բռնությունից, այդ թվում` սեռական շահագործումից և այլասերումից,

բ) դաժան վերաբերմունքից,

գ) աշխատանքի շահագործումից,

դ) հանցագործություններից,

ե) անուշադրությունից և անարդարությունից,

զ) առողջությունը վտանգող նյութերից և կյանքը վտանգող պայմաններից:

 

- Միջազգային պայմանագրեր

 

ՀՀ օրենսդրությամբ ծնողները ոչ միայն պարտավոր են ապահովել երեխայի ներդաշնակ զարգացումը, այլև պատասխանատվություն են կրում պարտավորությունները խախտելու համար:

Վերը նշված բոլոր փաստաթղթերը նախ և առաջ ուղղված են երեխաների շրջանում երեխայի առքուվաճառքի, մարմնավաճառության և պոռնոգրաֆիայի կանխարգելմանը:

19. ՀՀ Քրեական օրենսգրքում օգտագործվում է «երեխայի թրաֆիքինգ» հասկացությունը, որը իմաստով համընկնում է «մարդու թրաֆիքինգ» հասկացության սահմանման մեջ ներառված բնորոշումներին:

Երեխայի պաշտպանությունը շահագործման որևէ ձևից` աշխատանքային, սեռական, այլ, ներառյալ նույն նպատակներով տեղափոխումը, փոխադրումը, իրականացվում է համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հհ.` 17, 140, 155), «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի (հհ.` 19, 9, 23) և ՀՀ Քրեական օրենսգրքի (հհ.` 132.2, 132.3, 166, 166.1, 168, 262,) դրույթների:

 

Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի`

. աշխատանքային պայմանագրով աշխատող տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք համարվում են աշխատող: Նրանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր, որի հիման վրա այդ անձինք կարող են ընդգրկվել միայն իրենց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում: Բացի այդ, տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:

. տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների և տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն` համապատասխանաբար շաբաթական 24 և 36 ժամ:

. մինչև տասնութ տարեկան աշխատողներին շաբաթվա ընթացքում տրվում է ոչ պակաս, քան երկու հանգստյան օր:

Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» օրենքի`

. արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի;

. արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն;

. պետությունը երաշխավորում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը (այդ թվում` այլ պետություններ), առևանգումը, առուծախն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

20. Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի քրեորեն պատժելի են հետևյալ գործողությունները`

. շահագործման նպատակով երեխային, հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը

. շահագործման վիճակում գտնվող անչափահասի ծառայությունից օգտվելը, եթե այդ անձի շահագործման վիճակի մեջ լինելը ակնհայտ է ծառայությունից օգտվողի համար

. տասնութ տարին լրացած անձի կողմից երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը,

. տասնութ տարին լրացած անձի կողմից երեխային պարբերաբար ոգելից խմիչքների օգտագործմանը, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը, թափառաշրջիկությանը ներգրավելը կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը

. խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը

. անչափահասին օգտագործելով, պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով

21. Կարևոր դատական որոշումներ

2011 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված է համարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Սերոբ Գորիոն Դեր-Բողոսյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել 15 տարվա ազատազրկման: Ըստ այդմ` դատարանը հիմնավորված է համարել մեղադրող դատախազների ներկայացրած ապացույցներն առ այն, որ «Մեթլ փրինս էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Ս. Գ. Դեր-Բողոսյանը մի շարք անչափահաս, այդ թվում` սեռական հասունության չհասած տղաների հետ, վերջիններիս կամքին հակառակ, օգտագործելով նրանց անօգնական վիճակը` կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը և իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը, զբաղվել է համասեռամոլությամբ և սեքսուալ բնույթի այլ գործողություններով: Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի համաձայն Ս. Գ. Դեր-Բողոսյանի սեքսուալ բնույթի բռնի գործողություններից տուժել է 10 անձ:

22. Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակարգի մասնակցությունը արձանագրության դրույթների իրականացման գործում

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթներից է նաև երեխաների իրավունքների պաշտպանությունը: Նշված խնդիրն ավելի արդյունավետ իրագործելու նպատակով վերջինիս գրասենյակում գործում է Կանանց, երեխաների և փոքրամասնությունների հարցերով խորհրդական:

Հայաստանում մեծաթիվ են երեխաների իրավունքների հարցերով հասարակական կազմակերպությունները, որոնց հիմնական մասն ունի համապատասխան թեմատիկ ուղղվածություն` պայքար թրաֆիքինգի դեմ, հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանություն, մարդու իրավունքների կրթություն և այլն: Պետական կառույցների հետ նրանց համագործակցությունը կրում է պարբերական բնույթ: Երեխայի իրավունքների պաշտպանության հարցերով ՀԿ-ները ընդգրկված են եղել այս խնդրին վերաբերող զանազան փաստաթղթերի մշակման աշխատանքներում, օրինակ` Հայաստանի Հանրապետությունում Երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը մշակող հանձնաժողովի կազմում, որտեղ առանձին գլխով ներկայացվել է նաև նրանց կողմից տրված առաջարկները:

 

IV. Կանխարգելում

 

Հոդված 9 (կետ 1 և 2)

 

Կանխարգելիչ ծրագրեր (հոդվածներ 9.1 և 9.2)

Խնդրի լուսաբանում

 

23. Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվել են թրաֆիքինգի հիմնահարցը լուսաբանող տարբեր ձևաչափերով բազմաթիվ քարոզարշավներ` պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների աջակցությամբ և ներգրավմամբ:

Մասնավորապես, երեխաների թրաֆիքինգի և բռնության լուսաբանման հացերում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցել է ԱՄՔՈՐ, «Հույս և օգնություն» և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունների և ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի հետ:

. Բոլոր մարզերում կազմակերպվել են սեմինարներ և դասուսուցումներ, որին մասնակցել են մարզպետարանների բաժինների, մարզային ոստիկանության բաժինների, զբաղվածության ծառայության տարածքային գործակալությունների, աշխատանքի պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների, երեխաների ցերեկային խնամքի կենտրոնների և երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների մասնագետները, տեղի ՀԿ-ները և ԶԼՄ-ները: Սեմինարներ են կազմակերպվել դպրոցահասակ տարիքի երեխաների համար, նրանց համար կազմակերպվել են շարադրությունների մրցույթներ, հաղթողներին բաժանվել են մրցանակներ: Հուլիսի վերջին հանրապետության հինգ ճամբարներում հանգստացող երեխաների համար մեկնարկել է «Երեխաների թրաֆիքինգ» թեմայով տիկնիկային ներկայացման ծրագիր, որը նախաձեռնել է «Մարդը կարիքի մեջ» (PIN) կազմակերպությունը:

. «Մարդը կարիքի մեջ» (PIN) կազմակերպությունը` «Տեղեկատվության արդյունավետության բարձրացում և համապատասխան ցանցերի ստեղծման միջոցով ՀՀ-ում երեխաների թրաֆիքինգի կանխարգելման համախմբում և հզորացված համակարգի ստեղծում» ծրագրի շրջանակներում անց է կացրել «Երեխաների թրաֆիքինգը Հայաստանում. թիրախ խմբերի երեխաներ և հանրային իրազեկվածություն» հետազոտությունը: Արդյունքում մշակվել են մի շարք առաջարկություններ, որոնք քայլ առ քայլ կյանքի են կոչվում:

. «Հույս և օգնություն» կազմակերպությունը կազմել է «216 հարց ու պատասխան երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի և մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման վերաբերյալ» խորագրով գրքույկ, որը տարածվել է երեխաների իրավունքների պաշտպանության մասնագետների, սոցիալական ծառայության աշխատողների, երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ՀԿ-ների, իրավապահների շրջանում:

. ԵԱՀԿ և ՀՀ ԱՍՀՆ «Թրաֆիքինգի դեմ պայքարի և աջակցության ռեսուրս կենտրոն» համատեղ ծրագրի շրջանակում մշակվել է ուսումնական մոդուլ «Մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը) և դրա դեմ պայքարը» թեմայով, որը ներառվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողների պարտադիր վերապատրաստման դասընթացների ցանկում:

. ՀՀ ԱՍՀՆ, ԵԱՀԿ և PIN-ը մշակել են թրաֆիքինգի զոհերի նախնական նույնացման ցուցիչներ: Ելնելով տարիքային առանձնահատկություններից, ցուցիչները բաժանվել են երկու մասի` մեծերի և երեխաների համար:

24. «ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման մասին 2010-2012 թթ. ազգային ծրագրում» ներառված են միջոցառումների գնահատման ցուցիչներ և ակնկալվող արդյունքներ: Բացի այդ ծրագրի 5-րդ բաժինը նախատեսում է իրականացվող աշխատանքների ուսումնասիրություններ, մշտադիտարկում և գնահատում, որի միջոցով հնարավոր է վեր հանել բացերը և թերությունները և անմիջապես արձագանքել համապատասխան շտկումների միջոցով:

Բարեփոխումների ընթացքում հաշվի է առնվում միջազգային և տեղական փորձը` միևնույն ժամանակ չանտեսելով ազգային առանձնահատկությունները: ՀՀ պետական կառույցները, մասնավորապես, ոստիկանությունը սերտ համագործակցում է այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են սեռական չարաշահման և բռնության վերացման խնդիրներով: Իրականացվում են ամենօրյա միջոցառումներ` սեռական չարաշահմանն ուղղված կանխարգելիչ և բացահայտման աշխատանքների իրականացման ուղղությամբ:

25. ՀՀ Ոստիկանությունը համագործակցում է Կանանց իրավունքների կենտրոնի հետ, որը դեռևս 2002 թվականին է ստեղծել ապաստան, որի նպատակն է օգնել բռնության և սեռական չարաշահման զոհ դարձած աղջիկներին: Վերջիններս ապահովվում են անվճար օթևանով և սննդով, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվությամբ, բժշկական օգնությամբ: Բռնության և սեռական չարաշահման ենթարկված անչափահաս աղջիկների համար գործում է նաև 24-ժամյա երեխաների աջակցության կենտրոնը, որտեղ ոստիկանները, հոգեբանը, բժիշկը, սոցիալական աշխատողը համատեղ ուժերով աջակցություն են ցույց տալիս աղջիկներին: ՀՀ ոստիկանության և «Project Harmony» միջազգային հասարակական կազմակերպության փոխհամագործակցության շրջանակներում հանրապետության հանրակրթական դպրոցներում ուսուցիչների և ոստիկանի անմիջական մասնակցությամբ, ինտերակտիվ ուսուցման միջոցով անց են կացվում դասընթացներ իրավական տարբեր թեմաներով, այդ թվում նաև բռնության վերաբերյալ, որը անչափահասներին հնարավորություն է տալիս սովորել ու գիտենալ իրենց իրավունքներն ու պարտականությունները, իրազեկվելու ՀՀ-ում գործող օրենսդրական դաշտին: Բռնությունների կանխարգելման նպատակով իրականացվել են միջոցառումներ, որոնք արտացոլվել են զանգվածային լրատվության միջոցներով: Բռնության կանխարգելման համար պատասխանատու մարմինների և կազմակերպությունների մասնակցությամբ ներկայացվել են հեռուստահաղորդումներ, մամլո ասուլիսներ, ինչպես նաև տպագրվել են հոդվածներ: Երեխաների իրավունքների պաշտպանության, բարեփոխումների իրականացման շրջանակներում ՀՀ ոստիկանությունը «Project Harmony» կազմակերպության հետ համատեղ 2006-ից-2010 թվականների ընթացքում Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Ալավերդիում, Թումանյանում, Ճամբարակում և Թալինում բացվեցին վերականգնողական արդարադատության կենտրոններ, որոնք վերաինտեգրման աշխատանքներում կարևոր դեր են խաղում: Վերոհիշյալ կենտրոնները աննախադեպ են այն առումով, որ այստեղ ոստիկանը, սոցիալական աշխատողը, հոգեբանը և կենտրոնի աշխատանքներում ընդգրկված կամավորները միասին լայնածավալ աշխատանքներ են իրականացնում իրավախախտ անչափահասների հետ: Կենտրոնների հիմնական խնդիրն այն է, որ իրավախախտ անչափահասները տեղափոխվեն այնպիսի միջավայր, որտեղ շեշտը դրված է բարոյականության և մարդկային արժեքների սկզբունքների, պատասխանատվության, հաշվետու լինելու և քաղաքացիականության վրա: Նրանց պետք է ցույց տալ, թե ինչ ազդեցություն է ունեցել իրենց իսկ կատարած իրավախախտումը կամ արարքը տուժողի և հասարակության վրա: Նրանք պետք է սովորեն կարեկցել տուժողին, նրանց պետք է հնարավորություններ ընձեռել` զինվելու հասարակության արդյունավետ անդամ լինելու համար անհրաժեշտ հմտություններով: Այսպիսով, համայնքային վերականգնողական կենտրոնը մեր հանրապետության համար այլընտրանքային ծառայության նոր մոդել է օրինազանց անչափահասների համար, որը արդեն իսկ տվել է իր դրական արդյունքները:

 

Երեխաների պաշտպանությունն ու խնամքն իրականացնող համակարգ

 

26. Հայաստանի Հանրապետությունում գործում է երեխաների խնամքն ու պաշտպանությունն իրականացնող 7 տիպի հաստատություն: Դրանք են`

. Մանկատները, որոնք իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը` մինչև նրանց 18 տարին լրանալը կամ մինչև կենսաբանական ընտանիք վերադարձնելը, կամ որդեգրման հանձնելը, կամ խնամակալություն, կամ հոգաբարձություն սահմանելը, կամ խնամատար ընտանիքում տեղավորելը:

Ընդ որում մանկատները բաժանվում են երկու տիպի` մասնագիտացված և ընտանեկան:

Ընտանեկան տիպի մանկատները, որոնք իրականացնում են 3-23 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած և նրանց թվին պատկանող երեխաների խնամքը, հետևյալն են`

ա) մանկական տան փուլ` իրականացվում է 3-13 տարեկանների խնամքը ընտանիքների միջոցով (փոխարինող ընտանիքներ),

բ) երիտասարդական տան փուլ` իրականացվում է 13-18 տարեկանների խնամքը;

. Երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատությունները, որոնք կազմակերպում են հատուկ կարիքավոր երեխաների բուժումը, շտկում են խոսքի խանգարումները, իրականացնում են այլ համալիր վերականգնողական միջոցառումներ, տրամադրում են հոգեբանական աջակցություն:

. Երեխաների աջակցության կենտրոն, որն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ժամանակավոր խնամքը, այդ երեխաների և նրանց ընտանիքների անդամների սոցիալ-հոգեբանական վերականգնողական աշխատանքները մինչև երեխային ծնողին վերադարձնելը կամ երեխայի նկատմամբ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը, իսկ դրա անհնարինության դեպքում` մանկատանը տեղավորելը:

. Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը, որն իրականացնում է ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված, սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ ներկայացված սոցիալապես անապահով ընտանիքի երեխաների խնամքը և դաստիարակությունը:

. Երեխաների խնամքի ցերեկային հաստատությունը, որն իրականացնում է երեխաների խնամքի, սոցիալ-հոգեբանական, կրթական և դաստիարակչական աշխատանքները:

. Երեխաների նախադպրոցական հաստատությունը, որն իրականացնում է մինչև 6 տարեկան երեխաների խնամքը:

. Պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները, որոնք ապահովում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը և խնամքը:

27. 2006 թվականից գործում է «Բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանի տրամադրման կարգը»: Ի կատարումն կարգի համապատասխան դրույթի պահանջի 6 երեխա ստացել են բնակարան: 2003 թվականին հաստատվել է «Պետական աջակցություն և խորհրդատվություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվում են ինտեգրման ծրագրեր (մասնագիտական պատրաստում, իրավաբանական խորհրդատվություն, սոցիալական աջակցություն, բնակարանի տրամադրում) մանկատան շրջանավարտների համար: Այս ծրագրի շրջանակներում 151 շրջանավարտ ստացել են ծրագրով նախատեսված աջակցություն:

 

Օրենսդրական փոփոխություններ

 

28. ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածով երեխային հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը (թրաֆիքինգը), ինչպես նաև նրան շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը, որպես հանցատեսակ, առանձնացվել է նույն օրենսգրքի 132-րդ հոդվածով սահմանված հանցագործությունից` մարդու թրաֆիքինգից կամ շահագործումից:

 

V. Արգելք և դրա հետ կապված այլ հարցեր (հոդված 3, 4-րդ հոդվածի կետ

2 և 3; 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներ)

 

29. ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ գլուխը ամբողջությամբ վերաբերվում է ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործություններին: Այդ գլխի 168-րդ հոդվածով նախատեսված է երեխայի առքուվաճառքի մեկ այլ տեսակ այն է` խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը, որը պատժվում է ազատազրկմամբ 2-ից - 5 տարի ժամկետով, իսկ հոդվածում նախատեսված ծանրացնող հանգամանքների առկայության դեպքում` 4-ից 8 տարի ժամկետով:

30. ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ գլուխը նախատեսում է անչափահասների գործերով վարույթի առանձնահատկությունները: Անչափահասների գործերով վարույթի կարգը կարգավորվում է այդ օրենսգրքի ընդհանուր կանոններով, ինչպես նաև 50-րդ գլխի հոդվածներով:

Աշխատանքային օրենսգրքի 257 հոդվածում ամրագրված է, որ մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ներգրավվել կատարելու` 1. ծանր աշխատանքներ, 2. թունավոր, քաղցկեղային կամ առողջության համար վտանգավոր գործոնների ազդեցությամբ արտադրություններում աշխատանքներ, 3. աշխատանքներ, որոնց կատարման ժամանակ հնարավոր է իոնացած ռադիացիայի ազդեցությունը, 4. աշխատանքներ, որոնց կատարման ժամանակ առկա է դժբախտ պատահարների կամ մասնագիտական հիվանդություններով հիվանդանալու մեծ հավանականություն, ինչպես նաև աշխատանքներ, որոնց անվտանգ իրականացումը պահանջում է բարձր զգոնություն կամ փորձառություն: Ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը: Սակայն նոր տնտեսական պայմաններում անհրաժեշտություն է ծագում աշխատանքում ներգրավված անչափահասների համար նաև համապատասխան երաշխիքների սահմանումը, որոնք կպաշտպանեն նրանց շահագործումից:

31. Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում առաջնային է համարվում իրավակարգի ամրապնդումը և հանցավորության դեմ պայքարի կազմակերպումը, ինչն իր հերթին ներառում է նաև անչափահասների նկատմամբ կատարվող իրավախախտումների և բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների համապարփակ ծրագրի իրականացման հիմնախնդիրները: Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» օրենքի հոդված 23-ի Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը (այդ թվում` այլ պետություններ), առևանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Այս ոլորտում իրականացվող բարեփոխումներն ընդգրկում են հասարակությունում գտնվող և հասարակությունից մեկուսացված իրավախախտ անչափահասներին վերաբերող խնդիրները, ինչպես նաև իրավախախտումներից տուժած անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

 

Մարդկանց շահագործում (թրաֆիքինգ)

 

32. ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն «մարդու թրաֆիքինգը` շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը` կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով` պատժվում է ազատազրկմամբ հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Նույն արարքը, որը կատարվել է`

- երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

- մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

- պաշտոնեական դիրքը օգտագործելով,

- կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

- ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

- Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով` պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը`

- կատարվել է կազմակերպված խմբի կողմից,

- անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Սույն հոդվածով, ինչպես նաև սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածով շահագործում է համարվում այլ անձի` պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, առքը կամ վաճառքը, օրգանները կամ հյուսվածքները վերցնելը:

Սույն հոդվածով, ինչպես նաև օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններից տուժած անձն ազատվում է իր կատարած ոչ մեծ կամ միջին ծանրության այն հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից, որոնցում ներգրավված է եղել իր նկատմամբ իրականացված թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում և այդ արարքները կատարել է հարկադրանքի ներքո:

33. Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի, երեխայի նկատմամբ իրականացվող թրաֆիքինգը դիտվում է որպես առանձին հանցակազմ:

Մասնավորապես, այդ հոդվածն ունի հետևյալ բովանդակությունը.

Շահագործման նպատակով երեխային, հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը` պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Օրենսդիրը երեխայի թրաֆիքինգը կամ շահագործումը մարդու թրաֆիքինգի կամ շահագործման համեմատությամբ դասել է առավել բարձր հասարակական վտանգավորությամբ օժտված հանցագործությունների շարքին, նկատի ունենալով, որ եթե ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է ազատազրկում 5-ից - 8 տարի, 2-րդ մասը` 7-ից - 12 տարի, 3-րդ մասը 10-ից - 14 տարի ժամկետով, ապա հանցակազմի նույն հասարակ և որակյալ դարձնող հատկանիշների պարագայում ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված է ազատազրկում 7-ից - 10 տարի, 2-րդ մասով` 10-ից - 2 տարի, 3-րդ մասով` 12-ից - 15 տարի ժամկետով:

34. ՀՀ ազգային օրենսդրությամբ քրեականացված է նաև շահագործման վիճակում գտնվող անձի ծառայություններից օգտվելը:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի` շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելը, եթե այդ անձի շահագործման վիճակի մեջ լինելը ակնհայտ է ծառայությունից օգտվողի համար, և եթե հանցագործություն կատարած անձի արարքում բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ երկու տարի ժամկետով:

Հանցագործությունը որակյալ դարձնող հատկանիշ է համարվում այն ակնհայտ անչափահասի նկատմամբ կատարելը, որի համար պատասխանատվություն է նախատեսված ազատազրկման ձևով` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ առանց դրա:

 

Երեխայի որդեգրմանը համաձայնելուն անօրինական հակելը

 

35. Այս հարցը կարգավորվում է ՀՀ ընտանեկան օրենսգրքով, մասնավորապես համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն (այսինքն` որդեգրել ցանկացող անձանց անունից և նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող` երեխաներ ընտրելուն և որդեգրման հանձնելուն ուղղված յուրաքանչյուր գործունեություն) չի թույլատրվում: Այդպիսի գործունեություն չի համարվում խնամակալության և հոգաբարձության մարմինների և մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի գործունեությունը:

Որդեգրել ցանկացող անձինք որդեգրման գործընթացին կարող են մասնակցել անմիջականորեն կամ իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով:

Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

36. Կամընտիր արձանագրության 3-րդ հոդվածի «ա» կետի ii) ենթակետով նախատեսված արարքը առկա է ՀՀ քրեական օրենսգրքում, մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասն ունի հետևյալ բովանդակությունը`

Որդեգրման գաղտնիքը որդեգրողի կամքին հակառակ հրապարակելն այն անձի կողմից, ով որդեգրման փաստը պարտավոր էր պահպանել որպես ծառայողական կամ մասնագիտական գաղտնիք, կամ այդ գաղտնիքն այլ անձի կողմից շահադիտական կամ այլ ստոր դրդումներով հրապարակելը, ինչպես նաև որդեգրման նպատակով որդեգրվողի օրինական ներկայացուցչի կամքին հակառակ նրան որդեգրման համաձայնություն տալուն շահադիտական կամ այլ ստոր դրդումներով հակելը կամ հարկադրելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Որդեգրման գաղտնիքի հրապարակում ասելով` նկատի է ունեցվում բանավոր կամ գրավոր ձևով ինչպես ցանկացած անձի որևէ մեկի որդեգրման փաստի մասին տեղեկացնելը, այնպես էլ որդեգրվածին այնպիսի տեղեկություններ հաղորդելը, որոնցից հայտնի կդառնա, որ որդեգրողները նրա հարազատ ծնողները չեն:

Հիշյալ հանցագործությունը նկարագրված է ձևական հանցակազմով, այսինքն` արարքն ավարտված է համարվում որդեգրման գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակելու կամ որդեգրման համաձայնություն տալուն հակելու կամ հարկադրելու պահից:

 

Մարմնավաճառություն (հոդվածներ 3.1 (b), 3.2 և 3.3)

 

37. Հայաստանի Հանրապետությունը խստորեն արգելում է երեխաների մարմնավաճառությունը: Մասնավորապես քրեական պատասխանատվության են ենթարկվում 18 տարին չլրացած անձի պոռնկության մեջ օգտագործելու (ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդված) և ներգրավելու (ՀՀ քրեական օրենսգրքի 166 հոդված) համար: Մարմնավաճառությունը Հայաստան Հանրապետությունում օրենքով արգելված գործողություն է, որի համար նախատեսված վարչական պատասխանատվություն` ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 179 հոդվածի հատկանիշներով, այն պոռնկությամբ զբաղվելը: Ըստ հոդվածի արարքը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսից մինչև դրա լրիվ չափը: Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի լրիվ չափից մինչև կրկնապատիկը:

Ընտանիքների քայքայումը, երեխաների նկատմամբ կատարվող ներընտրական բռնությունը և արհամարհանքը, այդ թվում` զգացմունքային արհամարհանքն այն հիմնական պատճառներն են, որոնք երեխաներին ստիպում են լքել իրենց տունը և ներգրավվել մարմնավաճառության մեջ:

Սեռական շահագործման հետևանքները կործանարար են: Հոգեբանական, սոցիալական ֆիզիկական վնասներից բացի, մանկահասակ մարմնավաճառները հատկապես ենթարկվում է ՁԻԱՀ-ով և սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդություններով վարակվել վտանգին, քանի որ նրանց հազվադեպ է հաջողվում անվտանգ սեռական հարաբերություններ ունենալ:

ՀՀ ոստիկանությունում իրականացվում են կանխարգելիչ բնույթի աշխատանքներ ուղղել մարմնավաճառության դեմ: Մարմնավաճառությունը նախականխելու նպատակով, ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվում են բազում օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ, որոնցից են ստուգայց-շրջագայություններ` հասարակական վայրերում և այլուր: Անչափահաս աղջիկների հետ հանդիպումներ են կազմակերպվում ուսումնական հաստատություններում: Առանձնակի ուշադրություն է դարձվում սոցիալապես անապահով ընտանիքներում մեծացող անչափահասների նկատմամբ: Մշտական օպերատիվ տեսադաշտում են պահվում հատուկ դպրոցներում, առավել խոցելի խմբին պատկանող սաները և այլն: Անչափահաս վկան կամ անչափահաս տուժողը, անկախ տարիքից, կարող է հարցաքննվել պայմանով, որ նա կարող է հաղորդել գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ:

 

Մանկական պոռնոգրաֆիա (հոդվածներ 3.1 (b). 3.2 և 3.3)

 

38. Մանկական պոռնոգրաֆիան սահմանվում է որպես երեխաների ներգրավվածությունը որևէ կերպ, իրական կամ կեղծ սեռական բացահայտ հարաբերություններում, կամ հիմնականում սեռական նպատակներով երեխայի մարմնի սեռական մասի ցուցադրումը: Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության (ինտերպոլի) ընդունած սահմանումը նման է վերը նշվածին` երեխայի սեռական շահագործման տեսողական պատկերումը` երեխայի սեռական արարքների կամ սեռական օրգանների ցուցադրմամբ:

Երեխային օգտագործելը, հավաքագրելը կամ առաջարկելը պոռնոգրաֆիկ արտադրանքի կամ պոռնոգրաֆիկ ներկայացումների համար երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերից է, հետևաբար նաև երեխայի նկատմամբ շահագործման ամենավտանգավոր դրսևորումներից մեկը:

Երեխաների պոռնոգրաֆիան երեխաների համար վնասակար է երկու առումով, առաջին` այն խթանում է երեխաների սեռական շահագործումն ու չարաշահումը: Երկրորդ` մանկական պոռնոգրաֆիան պատկերող յուրաքանչյուր լուսանկար կամ տեսաժապավեն վկայում է այդ երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին: Պոռնոգրաֆիկ նյութերի ստեղծման պահից հետո դեռ երկար ժամանակ երեխաները շարունակում են լինել դրանց տարածման զոհը:

Այս բիզնեսի գաղտնի բնույթի պատճառով, մանկական պոռնոգրաֆիայի շրջանառության մեջ գտնվող ծավալի մասին տեղեկությունները հաճախ բացահայտվում են միայն իրավապահների կողմից և նոր միայն ենթարկվում դատական հետապնդման:

39. Հայաստանի Հանրապետությունում մանկական պոռնոգրաֆիան քրեորեն պատժելի արարք է համարվում: Քրեորեն պատժելի արարքներ են համարվում պոռնկագրական բնույթի համակարգչային ծրագրերի, կինոյի կամ տեսաֆիլմերի նյութերի, պատկերների կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաների ստեղծմանն անչափահասներին մասնակից դարձնելը, ինչպես նաև համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելը (ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 2-րդ մաս), ինչպես նաև տասնութ տարին լրացած անձի կողմից երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը, եթե բացակայում են քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականություն`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բռնություն գործադրելը կարող է բնութագրվել ծեծելով, առողջությանը վնաս պատճառելով և նման այլ գործողություններով: Ընդ որում, նման իրադրությունում ներգրավվողի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքում արարքը որակվում է համակցությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 112-րդ հոդվածի համապատասխան մասով:

Որպես բռնություն գործադրելու սպառնալիք` հանդես է գալիս հոգեբանական բռնության կիրառումը:

40. Ցանկացած սեռական ոտնձգություն անչափահասի նկատմամբ (բռնաբարություն` ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդված, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ` ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդված) համարվում է ծանրացնող հանգամանք, իսկ տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ (նույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ, կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում), նույնիսկ եթե դա կատարվել է տուժողի համաձայնությամբ, համարվում է հանցագործություն:

Ավելին` ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով անառակաբարո գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ (նույն օրենսգրքի 140-րդ կամ 141-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում նույնիսկ համարվում է հանցագործություն: Ընդ որում` անառակաբարո գործողությունները կարող են լինել ֆիզիկական կամ այսպես ասած` ինտելեկտուալ բնույթի: Դրանցից առաջինի օրինակ կարող է համարվել 16 տարին չլրացած երեխայի ներկայությամբ ուրիշի հետ կենակցելը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը, երեխային անպարկեշտ ձևով հպվելը, նրա ներկայությամբ մերկանալն ու սեռական օրգանները ցուցադրելը և այլն: Ինտելեկտուալ բնույթի անառակաբարո գործողություններ են համարվում սեռական կյանքին վերաբերող թեմաներով երեխայի հետ լկտի զրույց տանելը, պոռնկագրական առարկաներ, նկարներ կամ տեսաֆիլմեր ցուցադրելը,սեռական ակտի ժամանակ տեղի ունեցող հևոցներ, ծանր շնչառություն վերարտադրելը, պոռնկագրական բովանդակությամբ գրականությանը ծանոթացնելը և նմանատիպ այլ արարքները:

41. Նկատի ունենալով, որ վերը նկարագրված բոլոր հանցագործությունները կարող են կատարվել դիտավորությամբ, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, դրանց երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը հանցակցություն է համարվում: Ընդ որում, ըստ նույն օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի` կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը: Կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը ենթակա են պատասխանատվության կատարված հանցանք նախատեսող հոդվածով` հղում կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք միաժամանակ եղել են հանցագործության համակատարողներ: Իսկ եթե կազմակերպչի, դրդիչի և օժանդակողի գործողությունները չեն հաջողվում իրենցից անկախ հանգամանքներով, ապա այդ անձանց պատասխանատվությունը վրա է հասնում համապատասխան հանցագործության նախապատրաստության համար:

Երեխաներին պոռնոգրաֆիայի մեջ ներգրավումը կամ օգտագործումն արգելող իրավադրույթներ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի ևս երեք` 261-րդ, 262-րդ և 263-րդ հոդվածներում:

 

Օտարերկրյա որդեգրումներ (հոդված 3.5)

 

42. Հայաստանի Հանրապետությունում երեխայի որդեգրումը հստակ կանոնակարգված է օրենքով: Մասնավորապես, այս բնագավառում գործող հիմնական իրավական ակտը դա ընտանեկան օրենսգիրքն է, որի 18-րդ գլուխն ամբողջովին նվիրված է երեխաների որդեգրմանը: Ընդ որում, օտարերկրյա որդեգրումներն իրականացվում են բացառապես ՀՀ կառավարության նախնական համաձայնությամբ: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել և կիրառում է Երեխաների պաշտպանության և միջպետական որդեգրման բնագավառում համագործակցության մասին Հաագայի կոնվենցիան, Երեխաների միջազգային առևանգման քաղաքացիական ասպեկտների մասին Հաագայի կոնվենցիան, Ծնողական պատասխանատվության և երեխաների պաշտպանության միջոցների հարցերով իրավասության, կիրառվող իրավունքի ճանաչման, իրավակիրառման և համագործակցության մասին Հաագայի կոնվենցիան, Մանկական աշխատանքի վատթարագույն ձևերի և արգելման ու արմատախիլ անելու ուղղությամբ անհետաձգելի միջոցառումների մասին Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 182 Կոնվենցիան և այլ միջազգային իրավական փաստաթղթեր:

 

Արդարադատություն (հոդված 4)

 

43. Անչափահասների գործերով վարույթի կարգը կարգավորվում է Քրեական օրենսգրքի ընդհանուր կանոններով, ինչպես նաև 50 գլխի հոդվածներով: Անչափահասների հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությանը մասնակցում է անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցիչը:

1. Ելնելով երեխայի շահերից` դատարանը կարող է վճիռ կայացնել ծնողներից (ծնողներից մեկից) երեխային վերցնելու մասին (ծնողական իրավունքների սահմանափակում) առանց ծնողական իրավունքներից զրկելու:

2. Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է, եթե երեխային ծնողների կամ նրանցից մեկի հետ թողնելը նրա համար վտանգավոր է ծնողներից կամ նրանցից մեկից անկախ հանգամանքներից (հոգեկան կամ այլ քրոնիկ հիվանդություն, ծանր հանգամանքների առկայություն և այլն): Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է նաև այն դեպքերում, երբ թեև երեխային ծնողների կամ նրանցից մեկի մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետևանքով վտանգավոր է երեխայի համար, սակայն բավարար հիմքեր չկան ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու համար: Եթե ծնողները կամ նրանցից մեկը չփոխեն իրենց վարքագիծը, խնամակալության և հոգաբարձության մարմինը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո պարտավոր է հայց ներկայացնել ծնողական իրավունքներից զրկելու մասին: Խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել մինչև այդ ժամկետը լրանալը` ելնելով երեխայի շահերից:

3. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին հայց կարող են ներկայացնել երեխայի մերձավոր ազգականները, այն մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված են երեխաների իրավունքների պաշտպանման պարտականություններ, նախադպրոցական, հանրակրթական և այլ կազմակերպություններ:

4. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ:

5. Ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:

 

Հանձնում (հոդված 5)

 

44. Կամընտիր արձանագրության 5-րդ հոդվածով նախատեսված պահանջներն իրենց արտացոլումը գտել են ՀՀ ազգային օրենսդրության մեջ:

ՀՀ քրեական օրենսգրքի 14-16-րդ հոդվածները կարգավորում են Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև այդ տարածքից դուրս հանցանք կատարած անձանց նկատմամբ քրեական օրենքների գործողության, հանցանք կատարած անձանց հանձնման վերաբերյալ հարցերը:

Այսպես`

Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:

Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված է համարվում այն հանցանքը, որը`

1. սկսվել, շարունակվել կամ ավարտվել է Հայաստանի Հանրապետության տարածքում

2. հանցակցությամբ կատարվել է այն անձանց հետ, ովքեր հանցավոր գործունեություն են իրականացրել այլ պետության տարածքում:

Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների տարածքում անձի կողմից հանցանք կատարելու դեպքում նրա պատասխանատվությունը վրա է հասնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե անձը քրեական պատասխանատվության է կանչվել Հայաստանի Հանրապետության տարածքում, և եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Հայաստանի Հանրապետության դրոշի տակ գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող նավի կամ թռիչքում գտնվող օդանավի կամ օդային այլ սարքի վրա հանցանք կատարած անձը, անկախ դրա գտնվելու վայրից, ենթակա է քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատասխանատվություն է կրում նաև այն անձը, ով հանցանք է կատարել Հայաստանի Հանրապետության ռազմական նավի կամ օդանավի վրա` անկախ դրա գտնվելու վայրից:

45. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը ճանաչված է հանցագործություն դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, և եթե նրանք չեն դատապարտվել այլ պետությունում:

Օտարերկրյա քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր հանցանքը կատարել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանք կատարել են`

1. այնպիսի հանցագործություններ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով,

2. այնպիսի ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության շահերի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և ազատությունների դեմ:

ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված նորմերը կիրառվում են, եթե օտարերկրյա քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք տվյալ հանցագործության համար չեն դատապարտվել մեկ այլ պետությունում և քրեական պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության տարածքում:

Այլ պետության տարածքում հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլ պետության չեն հանձնվում;

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած և Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան, կարող են հանձնվել օտարերկրյա պետությանը` քրեական պատասխանատվության ենթարկելու կամ պատիժը կրելու համար:

Հանցանք կատարած անձին հանձնելուց հրաժարվելու դեպքում օտարերկրյա պետության տարածքում կատարված հանցագործությունների համար քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Պետությունների միջև համապատասխան միջազգային պայմանագրի բացակայության դեպքում հանձնման հետ կապված խնդիրները կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության 54.1-րդ գլխով (482-499.5 հոդվածներ), որտեղ կարգավորված են հանձնման հետ կապված հարաբերություններն և ընթացակարգերը:

 

Քրեական գործերով միջազգային համագործակցություն (հոդված 6)

 

46. Հայաստանի Հանրապետությունը հանձնման և իրավական համագործակցության ոլորտում ունի երկկողմ և բազմակողմ մոտավորապես 50 միջազգային պայմանագիր և դրանցից ոչ մեկում Արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունները չեն նախատեսված այն հանցագործությունների շարքում, որոնց դեպքում հանձնում չի իրականացվում: Ասվածից բխում է, որ նշված հանցագործությունների դեպքում հանձնումը կարող է իրականացվել, եթե առկա են այդ պայմանագրերով նախատեսված անհրաժեշտ պայմանները:

Պետությունների միջև համապատասխան միջազգային պայմանագրի բացակայության դեպքում հանձնման հետ կապված խնդիրները կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54.1-րդ գլխով, որտեղ կարգավորման են ենթարկված հանձնման հետ կապված հարաբերությունները և ընթացակարգերը, միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում: Այդ գլխում հանձնումը բացառող հանգամանքների մեջ Արձանագրության 3-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների մասին որևէ դրույթ չկա: Ինչ վերաբերվում է Արձանագրության 5-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթին առ այն, որ եթե պետությունը քաղաքացիության հիմքով հանցագործին չի հանձնում, ապա պետք է պատշաճ միջոցներ ձեռնարկի քրեական հետապնդում իրականացնելու նպատակով գործն իր իրավասու մարմիններին փոխանցելու համար, ապա այդ հարցը կարգավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայն, որ հանցանք կատարած անձին հանձնելուց հրաժարվելու դեպքում օտարերկրյա պետության տարածքում կատարված հանցագործությունների համար քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Առգրավում և բռնագրավում (հոդված 7)

 

47. Կամընտիր արձանագրության 7-րդ հոդվածով նախատեսված պահանջները նույնպես իրենց արտացոլում են գտել ՀՀ ազգային օրենսդրության մեջ:

Մասնավորապես`

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի, գործի համար նշանակություն ունեցող որոշակի առարկաներ և փաստաթղթեր վերցնելու անհրաժեշտության դեպքում և, եթե ստույգ հայտնի են, թե որտեղ և ում մոտ են դրանք գտնվում, քննիչը կատարում է առգրավում:

Այն փաստաթղթերի առգրավումը, որոնք պարունակում են պետական գաղտնիք, կատարվում է միայն դատախազի թույլտվությամբ` համապատասխան հիմնարկի ղեկավարի հետ համաձայնեցված կարգով:

Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, պաշտոնատար անձինք և քաղաքացիներն իրավունք չունեն հրաժարվել քննիչին հանձնելու այն առարկաները, փաստաթղթերը կամ դրանց պատճենները, որոնք պահանջվել են նրա կողմից: Ասվածից բխում է, որ վարույթն իրականացնող մարմինը իրավասու է առգրավել գործի համար նշանակություն ունեցող ցանկացած առարկա կամ փաստաթուղթ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1.1 մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ, 112-113-րդ, 117-րդ, 122-րդ, 131-134-րդ, 166-րդ, 168-րդ, 175-224-րդ, 233-235-րդ, 238-րդ, 261-262-րդ, 266-27-րդ, 281-րդ, 284-րդ, 286-289-րդ, 291-292-րդ, 295-րդ, 297-298-րդ, 308-313-րդ, 329-րդ, 352-րդ, 375-րդ, 383-րդ, 388-րդ և 389-րդ հոդվածների հատկանիշներով քրեական գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինն այդ արարքների կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ամբողջ գույքի, ներառյալ` այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների կամ այլ տեսակի օգուտների, այդ արարքների կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքների վրա կալանք է դնում այն հայտնաբերելուց հետո անհապաղ: Այդ գույքի վրա կալանքը դրվում է անկախ հանցանք կատարած անձի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից:

48. Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, հանցավոր ճանապարհով ստացված գույքի, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ձեռք բերված գույքի, ներառյալ` այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների կամ այլ տեսակի օգուտների, այդ արարքների կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքների, իսկ հանցավոր ճանապարհով ստացված գույքի չհայտնաբերման դեպքում` այդ գույքին համարժեք այլ գույքի բռնագրավումը պարտադիր է: Այդ գույքը ենթակա է բռնագրավման` անկախ դատապարտյալի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից:

ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) 5-րդ մասով սահմանում է, որ այդ հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված գույք է հանդիսանում ցանկացած գույքը, ներառյալ` դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` քաղաքացիական իրավունքների այլ օբյեկտներ, որոնք ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել են սույն օրենսգրքի 104-րդ, 112-113-րդ, 117-րդ, 122-րդ, 131-134-րդ, 166-րդ, 168-րդ, 175-224-րդ, 233-235-րդ, 238-րդ, 261-262-րդ, 266-270-րդ, 281-րդ, 284-րդ, 286-289-րդ, 291-292-րդ, 295-րդ, 297-298-րդ, 308-313-րդ, 329-րդ, 352-րդ, 375-րդ, 383-րդ, 388-րդ և 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում:

 

VI. Վկաների իրավունքների պաշտպանություն (հոդվածներ 8 և 9-րդ

հոդվածի կետ 3 և 4)

 

49. Մինչև տասնվեց տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը կատարվում է մանկավարժի մասնակցությամբ: Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությանը ներկա գտնվելու իրավունք ունի նրա օրինական ներկայացուցիչը: Հարցաքննությունը սկսելուց առաջ օրինական ներկայացուցչին բացատրվում են հարցաքննությանը ներկա գտնվելու, քննիչի թույլտվությամբ իր դիտողությունները շարադրելու և հարցեր տալու իր իրավունքները, ինչպես նաև պարտավորությունները: Քննիչն իրավունք ունի չընդունելու տրված հարցերը, սակայն դրանք պետք է ներառվեն արձանագրությունում:

Տասնվեց տարին չլրացած վկային կամ տուժողին բացատրվում է գործին վերաբերող ամեն ինչի մասին ճշմարտացիորեն պատմելու նրա պարտականությունը, բայց նա չի նախազգուշացվում ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու կամ ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին (Քրեական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդված):

Քրեական դատավարության օրենսգրքի հոդված 441-ում ամրագրված է, որ անչափահասների հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությանը մասնակցում է անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցիչը:

50. 14 տարին չլրացած վկայի օրինական ներկայացուցիչը, իսկ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ` նաև առավել բարձր տարիքի անչափահասի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի իմանալ ներկայացվող անձին քրեական վարույթն իրականացնող մարմին կանչելու մասին և մասնակցել քննչական կամ այլ դատավարական գործողությանը` ուղեկցելով նրան:

Մասնակցելով քննչական կամ այլ դատավարական գործողությանը` վկայի օրինական ներկայացուցիչն ունի իրավունքներ և պարտականություններ, որոնք սահմանված է քրեական դատավարության օրենսգրքի 87 հոդվածում:

ՀՀ-ում քրեական դատավարությունը տարվում է հայերեն, որն ամրագրված է քրեական դատավարության հոդված 15-ում: Քրեական դատավարության ընթացքում յուրաքանչյուր ոք, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունի հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է: Քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` քրեական դատավարության լեզվին չտիրապետող` քրեական դատավարությանը մասնակցող անձանց անհատույց հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնել սույն օրենսգրքով սահմանված իրենց բոլոր իրավունքները: Քրեական դատավարության լեզվին չտիրապետող համապատասխան անձանց տրվում են սույն օրենսգրքով նախատեսված` հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճեններն այն լեզվով, որին նրանք տիրապետում են: Այլ լեզվով փաստաթղթերը քրեական գործին կցվում են դրանց հայերեն թարգմանությունների հետ:

51. Օրենսդիրը առանձնակի ուշադրություն է դարձրել խուլ, համր կամ կույր վկայի հարցաքննությանը և ամրագրել. «Խուլ, համր կամ կույր վկայի հարցաքննությունը կատարվում է նրա նշանները հասկացող կամ նրա հետ նշաններով բացատրվելու ունակ թարգմանչի մասնակցությամբ: Վերջինիս մասնակցության մասին նշում է կատարվում արձանագրության մեջ»: Իսկ վկայի հոգեկան կամ այլ ծանր հիվանդության առկայության դեպքում վկայի հարցաքննությունը կատարվում է բժշկի թույլտվությամբ և ներկայությամբ (Քրեական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդված):

Հարկ է նշել, որ անչափահաս վկայի հարցաքննությունը, եթե դա անհրաժեշտ է գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար, կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է կատարվել ամբաստանյալի բացակայությամբ: Դատական նիստի դահլիճ վերադառնալուց հետո ամբաստանյալի համար հրապարակվում են անչափահաս վկայի ցուցմունքները, նրան հնարավորություն է ընձեռնվում տվյալ վկային տալ հարցեր և ցուցմունքներ` վկայի հաղորդած տվյալների վերաբերյալ: Իսկ տասնվեց տարին չլրացած վկան պետք է հեռացվի դատական նիստի դահլիճից նրա հարցաքննությունն ավարտելուց հետո, բացի այն դեպքերից, երբ դատարանը` կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, անհրաժեշտ է համարում այդ վկայի հետագա ներկայությունը (Քրեական դատավարության օրենսգրքի 341-րդ հոդված): Քրեական դատավարության օրենսգրքի 440 հոդվածում նշված է, որ բոլոր գործերով հաստատման ենթակա հանգամանքներից բացի անչափահասների գործերով անհրաժեշտ է պարզել նաև անչափահասի

1. տարիքը` ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

2. կյանքի և դաստիարակության պայմանները

3. առողջության և ընդհանուր զարգացման վիճակը:

Արձանագրության 8-րդ հոդվածի 1-ին կետի (գ), (ե) և (զ) ենթակետերի կապակցությամբ

52. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությանը:

Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն` քրեական դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու օրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք: Ընդ որում, վկայակոչված գլխում, մերձավոր է համարվում այն անձը, որի պաշտպանության նպատակով քրեական դատավարությանը մասնակցող անձը գրավոր դիմում է ներկայացրել քրեական վարույթն իրականացնող մարմին:

Քրեական դատավարությանը մասնակցող անձի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի պաշտպանությունն իրականացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:

Քրեական վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերելով, որ պաշտպանվող անձը պաշտպանության կարիք ունի, այդ անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին, որը ենթակա է անհապաղ կատարման:

53. Պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին պաշտպանվող անձի դիմումը քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից քննարկվում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան դա ստանալու պահից 24 ժամվա ընթացքում: Կայացված որոշման մասին անմիջապես հայտնվում է դիմողին, և նրան է ուղարկվում համապատասխան որոշման պատճենը: Քրեադատավարական օրենքը սահմանում է նաև պաշտպանության միջոցները, որոնք հանդիսանում են`

1. անձին պաշտոնապես նախազգուշացնելը, ումից սպասվում է պաշտպանվող անձի նկատմամբ բռնության վտանգ կամ այլ հանցանքի կատարում,

2. պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող տվյալները պաշտպանելը,

3. պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը և այլ գույքը պահպանելը,

4. պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելը և վտանգի մասին հայտնելը,

5. վերահսկողության տեխնիկական միջոցներ օգտագործելը և հեռախոսային ու այլ հաղորդումները գաղտնալսելը,

6. պաշտպանվող անձի` քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անվտանգությունն ապահովելը,

7. կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ այնպիսի խափանման միջոց ընտրելը, որը կբացառի նրանց կողմից պաշտպանվող անձի հանդեպ բռնության կամ այլ հանցանքի կատարման հնարավորությունը,

8. պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրելը,

9. պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելը կամ արտաքինը փոխելը,

10. պաշտպանվող անձի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրը փոփոխելը

11. դատական նիստերի դահլիճից առանձին անձանց հեռացնելը կամ դռնփակ դատական քննություն անցկացնելը,

12. դատարանում պաշտպանվող անձին հարցաքննելը` առանց նրա ինքնության մասին տեղեկությունների հրապարակման:

Ավելին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-րդ հոդվածի համաձայն, անհրաժեշտության դեպքում կարող են իրականացվել մեկից ավելի պաշտպանության միջոցներ:

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով և պայմաններով պաշտպանության ենթակա անձի պաշտպանությունը կարող է իրականացվել նաև օտարերկրյա պետության տարածքում:

54. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 29.11.85 թ. թիվ 40-33 բանաձևով հաստատված` «Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների» 8-րդ կետով սահմանված անչափահասների անձնական կյանքի գաղտնիության պահպանման իրավունքն ապահովելու, քրեական գործերով անչափահասների վերաբերյալ տեղեկությունների անհարկի հրապարակումը բացառելու նպատակով ՀՀ Գլխավոր դատախազի կողմից 2010 թ. հուլիսի 20-ին գրավոր հանձնարարական է տրվել ՀՀ գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների պետերին, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազներին, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերին և ավագ դատախազներին, Երևան քաղաքի, մարզերի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազներին` անչափահաս տուժողի կամ ամբաստանյալի մասնակցությամբ քրեական գործերի դատական քննությունն սկսելիս` քննարկել դատական նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու նպատակահարմարության հարցը, հաշվի առնելով անչափահասի շահերի պաշտպանության անհրաժեշտությունը, իսկ ներքոնշյալ դեպքերում պարտադիր ներկայացնել նման միջնորդություն.

1. անչափահասների անձնական և ընտանեկան կյանքին, նրանց պատվին ու արժանապատվությանն առնչվող հանցագործությունների վերաբերյալ գործերով,

2. անչափահասների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով,

3. քրեական դատավարությանը մասնակցող անչափահասների կամ նրանց մերձավոր ազգականների պաշտպանության անհրաժեշտության դեպքում:

 

Տեղեկատվություն (հոդված 8.1 (բ))

55. Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի տուժողը այդ թվում և անչափահաս, դատավարությունից առաջ դատավորի կողմից ծանոթացվում է իր բոլոր դատավարական իրավունքներին և պարտականություններին:

56. Համապատասխան աջակցություն (հոդված 8.1 (դ))

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի Անչափահաս վկան կամ անչափահաս տուժողը, անկախ տարիքից, կարող է հարցաքննվել` պայմանով, որ նա կարող է հաղորդել գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ:

Մինչև տասնվեց տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը կատարվում է մանկավարժի մասնակցությամբ: Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությանը ներկա գտնվելու իրավունք ունի նրա օրինական ներկայացուցիչը:

57. Հոդված 8, 2-րդ կետ

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի գործի համար նշանակություն ունենալու դեպքում` տուժողի, կասկածյալի, մեղադրյալի որոշակի տարիքի հասնելը հաստատվում է միայն տարիքի մասին փաստաթղթով, իսկ դրա բացակայության դեպքում` դատաբժշկական և դատահոգեբանական բնագավառների փորձագետների եզրակացություններով: Ընդ որում ընդունված պրակտիկայի համաձայն, եթե փորձագետի եզրակացությամբ չի տրվում կոնկրետ տարիք ապա որպես հիմք ընդունվում է նրա նշած նվազագույն տարիքը: Օրինակ` փորձագետը նշում է, որ անձը 16-ից 18 տարեկան է, այս դեպքում անձը համարվում է 16 տարեկան: Այսինքն հիմք է ընդունվում անձի համար նպաստավոր տարբերակը:

 

Երեխայի շահերի լավագույն պահպանություն (հոդված 8.3)

 

58. «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածով նշվում է, որ երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Պետությունը համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց և հասարակական միավորումների հետ: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրվում է երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրավունքը, որն իրականացնում են ծնողները (օրինական ներկայացուցիչները), իսկ օրենքով նախատեսված դեպքերում` խնամակալության և հոգաբարձության մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն երեխան ունի իր ծնողների (օրինական ներկայացուցիչների) չարաշահումներից պաշտպանվելու իրավունք: Երեխայի իրավունքների և շահերի խախտման դեպքում (ընդ որում ծնողների կամ նրանցից մեկի կողմից երեխային դաստիարակելու, կրթության տալու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծնողական իրավունքները չարաշահելու դեպքերում), երեխան իրավունք ունի պաշտպանության համար ինքնուրույն դիմելու խնամակալության և հոգաբարձության մարմնին:

Ընտանեկան օրենսգրքի 17-րդ գլուխը նվիրված է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հայտնաբերմանն ու տեղավորմանը:

ՀՀ Քրեական օրենսգրքի 170-րդ և 173-րդ հոդվածներով քրեականացված է համապատասխանաբար` երեխայի դաստիարակության պարտականությունը չկատարելը և ծնողների կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը: Երեխայի դաստիարակության և ուսուցման պարտականությունները չկատարելու դեպքում ծնողների և նրանց փոխարինող անձանց համար պատասխանատվություն է սահմանում նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 178-րդ հոդվածը:

 

Երեխաների հետ աշխատող անձանց պատրաստվածություն (հոդված 8.4)

 

58. ՀՀ արդարադատության նախարարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ պարբերաբար կազմակերպում է քառափուլ գիտաժողովներ ՀՀ դատավորների և դատախազների համար կապված անչափահասների արդարադատության հետ, որտեղ պարզաբանվում են անչափահասների արդարադատության, թե իրավական, թե հոգեբանական առանձնահատկությունները:

 

Փոխհատուցման տրամադրում (հոդված 9.4)

 

59. Հանցագործության հետևանքով կրած վնասի փոխհատուցման իրավունքը պատկանում է բոլորին, անչափահասների գծով առանձնահատկություն սահմանված չէ:

 

Քարոզող նյութերի արտադրության և տարածման արգելք (հոդված 9.5)

 

60. ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածում (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում` տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը, եթե բացակայում են Օրենսգրքի 132-րդ, 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները) որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելը:

 

VII. Աջակցություն և համագործակցություն (հոդված 10)

 

61. Միջազգային համագործակցությունն ամրապնդելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը միացել է հետևյալ փաստաթղթերին.

1. 16.5.2005 թ. «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան (ուժի մեջ է մտել 01.08.2008 թ.):

2. «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» ՄԱԿ-ի կոնվենցիան և դրան կից` «Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ» թիվ 1 ու «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» թիվ 2 կամընտիր արձանագրությունները (ուժի մեջ են մտել 19.04.2003 թ):

3. ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային կից կամընտիր արձանագրությունը «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» (ուժի մեջ է մտել 30.07.2005 թ.):

4. «Մարդկանց, մարդկային օրգանների և հյուսվածքների առևտրի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը (ուժի մեջ է մտել 4.09.2006 թ.):

5. «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիա (Հաագայի կոնվենցիա) (ուժի մեջ է մտել 01.06.2007 թ.):

6. 22.01.1993 թ. «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիան (ուժի մեջ է մտել 21.12.1994 թ.):

7. 07.10.2002 «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի կոնվենցիան (ուժի մեջ է մտել 19.02.2005 թ.):

8. 13.12.1957 թ. «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիան (ուժի մեջ է մտել 25.04.2002 թ.):

9. 20.04.1959 թ. «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիան (ուժի մեջ է մտել 25.04.2002 թ.):

10. 12.09.1998 թ. «Քրեական պատիժների իրականացման կազմակերպման ոլորտում համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագիր (վավերացվել է 01.05.1999 թ.):

Հայաստանի Հանրապետությունը միացել է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության մի շարք կոնվենցիաներին, այդ թվում «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» թիվ 29, «Հարկադիր աշխատանքի վերացման մասին» թիվ 105 և «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին «թիվ 182 կոնվենցիային:

«Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի և Արաբական Միացյալ էմիրությունների մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ազգային կոմիտեի միջև 05.12.2009 թ. ստորագրված, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարում համագործակցության մասին»» փոխըմբռնման հուշագիր:

 

Չքավորության և անբավարար զարգացման վերացում (հոդված 10.3)

 

62. 2003 թվականի օգոստոսի 8-ի թիվ 994-Ն որոշմամբ ՀՀ կառավարության կողմից հաստատվեց «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը», այն ներառում է 2003-2015 թթ. ծրագրային ժամանակահատվածը: Ծրագիրը, ըստ էության, ՀՀ անկախության ձեռքբերումից հետո ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առաջին երկարաժամկետ ռազմավարական ծրագիրն է: Ծրագրի հիմնական նպատակը նյութական աղքատության նշանակալի կրճատումն է: 2008 թվականին` իրավիճակային վերլուծություն կատարելուց հետո, Հայաստանի Հանրապետությունը սկսեց այսպես կոչված «երկրորդ սերնդի» բարեփոխումները, ինչի նպատակով մշակվեց Կայուն զարգացման ծրագիրը, որը ներկայումս հանդիսանում է Հայաստանի համար երկարաժամկետ զարգացման հիմնական փաստաթուղթը և ներառում է նոր ոլորտներ, գերակայություններ և նպատակադրումներ, որոնք բացակայում էին ԱՀՌԾ-ում:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թ. հունվարի 19-ի

նիստի N 2 արձանագրային որոշման

 

ՄԱԿ-Ի ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ «ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

 

Բովանդակություն

Ներածություն

Զինապարտության սահմանադրական հիմքերը

Զինված ուժերի համալրումը

Երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ

Արձանագրության վերաբերյալ արված կից հայտարարությունը

 

Ներածություն

 

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրությունը 2005 թվականի մարտի 21-ին: Նշված կամընտիր արձանագրությունը ուժի մեջ է մտել 2005 թվականի հոկտեմբերի 30-ին:

Արձանագրության 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն պատրաստվել է ՀՀ սկզբնական զեկույցը: Զեկույցը նախապատրաստվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որի կազմում ընդգրկված են եղել շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ինչպես և այլ միջազգային պայմանագրերի դեպքում, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից երկու արձանագրությունները ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն վավերացնելուց կամ հաստատելուց հետո դառնում են ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս: Սահմանադրության նույն հոդվածի համաձայն «եթե վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»:

ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից` Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող կամընտիր արձանագրության (այսուհետ` Արձանագրություն) վավերացմամբ ՀՀ-ն վերահաստատել է այս ոլորտում երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության ուղղությամբ պատշաճ քայլեր ձեռնարկելու մտադրությունը:

Արձանագրության նորմերի ամփոփ վերլուծությունից բխում է, որ մասնակից պետությունները պարտավոր են հատուկ ուշադրություն դարձնել 18 տարեկան չդարձած անձանց պարտադիր զորակոչի բացառմանը, այդ տարիքին չհասած անձանց զինված ուժերին անդամագրվելու կամավորության և ռազմական գործողությունների չմասնակցության սկզբունքների երաշխավորմանը: Այս պարտավորությունների շրջանակում ՀՀ օրենսդրության ուսումնասիրությունից բխում է հետևյալը.

 

Զինապարտության սահմանադրաիրավական հիմքերը

 

ՀՀ Սահմանադրությամբ սահմանվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ պաշտպանությանը: ՀՀ պաշտպանությունը, ինչպես նաև անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը ապահովում են ՀՀ զինված ուժերը: «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` պաշտպանության նպատակով ստեղծվում են զինված ուժեր, ինչպես նաև սահմանվում է քաղաքացիների զինապարտություն:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ զինապարտությունը` քաղաքացիների ՀՀ պաշտպանության մասնակցելու սահմանադրական պարտականությունն է: Զինապարտներ են համարվում նախազորակոչային, զորակոչային տարիքի և պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաև զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները: Քաղաքացիների զինապարտությունն ընդգրկում է` զինվորական հաշվառումը, զինվորական ծառայության նախապատրաստությունը, զորակոչը և զինվորական ծառայությունն ու պահեստազորում գտնվելը:

Զինապարտության, պայմանականորեն ասված, ակտիվ փուլը զինվորական ծառայությունն է: Զինվորական ծառայությունը բաղկացած է ժամկետային և պահեստազորային զինվորական ծառայությունից: ժամկետային զինվորական ծառայությունն իր հերթին բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայությունից: Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված շարքային ու սպայական կազմերի, ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների զինվորական ծառայությունը (1):

 

___________________________________

1) Պարտադիր զինվորական ծառայությունը կարող է փոխարինվել այլընտրանքային ծառայությամբ, որն անցնելու կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

 

Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի (այդ թվում` ռազմաուսումնական հաստատություններ ավարտած) և կանանց զինվորական ծառայությունը: Պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող քաղաքացիները պետական լիազոր մարմնի հետ կնքում են գրավոր պայմանագիր:

Վերը նշվածից բխում է, որ ՀՀ պաշտպանությունն իրականացվում է ՀՀ զինված ուժերի կողմից (2), որոնք համալրվում են պարտադիր զինվորական ծառայություն անցնող անձանց և պայմանագրային զինվորական ծառայություն անցնող անձանց միջոցով: Այլ կերպ ասած, ՀՀ-ում գործում է զինված ուժերի համալրման խառը կարգը:

 

___________________________________

2) «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` պաշտպանությանը ներգրավվում են այլ զորքերը պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո անցնելու միջոցով: Այլ զորքեր են համարվում ոստիկանության զորքերը, սահմանապահ զորքերը և ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները:

 

Զինված ուժերի համալրումը

 

Ա. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի զորակոչիկները և մինչև 35 տարեկան առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի` խաղաղ պայմաններում:

Այս գործընթացին նախորդում է զինվորական հաշվառման փուլը: Զինվորական հաշվառումը նախազորակոչիկների (16-18 տարեկան), զորակոչիկների (18-27 տարեկան) և պահեստազորում գտնվող քաղաքացիների հաշվառման ու հանրապետության զորակոչային, վարժահավաքային և զորահավաքային ռեսուրսների վերլուծության պետական համակարգն է: Զինվորական հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը: Զինապարտների զինվորական հաշվառումը կատարում են նրանց բնակության վայրի զինվորական կոմիսարիատները: Նախազորակոչիկների զինվորական հաշվառումը համարվում է կցագրում: Կցագրման ենթակա են 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիները: Կցագրումը կատարում են զինվորական կոմիսարիատների հանձնաժողովները` ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին:

Այսպիսով, վերը նշվածից բխում է, որ դիտարկվող Արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների շրջանակում ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի են ենթակա 18 տարին լրացած քաղաքացիները, որոնց հաշվառումն իրականացվում է 16 տարին լրանալուց հետո միայն: Հետևաբար, 18 տարին չլրացած անձինք պարտադիր զինվորական ծառայության ենթակա չեն:

 

Բ. Բացի այդ, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 10-րդ, ինչպես նաև «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածների համաձայն` մինչև 18 տարին լրանալը քաղաքացիները կամավորության հիման վրա կարող են մասնակցել ռազմաուսումնական հաստատություններում իրականացվող ընդունելությանը: Ընդունվելու դեպքում նրանց հետ կնքվում է ռազմաուսումնական հաստատությունում սովորելու և հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր: Նշված պայմանագիրը մինչև քաղաքացու 18 տարին լրանալը կնքելու դեպքում պայմանագրի կնքմանը համաձայնություն են տալիս նաև ծնողները: ՀՀ օրենսդրության համաձայն` քաղաքացու տարիքը հաստատվում է ծննդյան վկայականով և անձնագրով:

Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատում է կառավարությունը: ժամկետային զինվորական ծառայություն անցած կամ անցնող քաղաքացիները ռազմաուսումնական հաստատություններ կարող են ընդունվել մինչև 23 տարին լրանալը:

Ռազմական ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիները համարվում են պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներ, օգտվում են օրենսդրությամբ նրանց համար սահմանված իրավունքներից ու արտոնություններից և կրում պարտականություններ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Այդ հաստատություններից ազատված և հեռացված անձինք փոխհատուցում են իրենց ուսման հետ կապված ծախսերը և զորակոչվում (ուղարկվում) են պարտադիր զինվորական ծառայության` ընդհանուր հիմունքներով:

Ռազմաուսումնական հաստատություններում սովորող զինծառայողի հետ առաջին պայմանագիրը կնքվում է առաջին կուրսն ավարտելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև երկրորդ կուրսն ավարտելը: Նշված զինծառայողը պայմանագիր կնքելուց հրաժարվելու դեպքում ենթակա է ռազմաուսումնական հաստատությունից հեռացման:

Թեև օրենսդրությունն անմիջականորեն արգելք չի սահմանում բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններ ընդունվողների տարիքի համար, սակայն ՀՀ հանրակրթական ոլորտի իրավական ակտերի վերլուծությունից բխում է, որ գործնականում ռազմաուսումնական հաստատություններ կարող են դիմել և ընդունվել միայն տվյալ տարվա ընթացքում 18 տարին լրացած կամ լրացող անձինք: Այսպես, «Հանրակրթության մասին», օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց 6 տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է: Նույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` միջնակարգ կրթության նորմատիվային ժամկետը 12 տարի է` եռաստիճան համակարգով. 1-ին աստիճան` 4 տարի, 1-4-րդ դասարաններ, 2-րդ աստիճան` 5 տարի, 5-9-րդ դասարաններ, 3-րդ աստիճան` 3 տարի, 10-12-րդ դասարաններ: Իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելությունը բակալավրի կրթական ծրագրում իրականացվում է առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Վերոնշյալից բխում է, որ տվյալ տարվա ընթացքում 6 տարին լրացած կամ լրացող անձը լրիվ միջնակարգ կրթություն ստանալու նպատակով ընդունվելով ուսումնական հաստատություն այն ավարտում է միայն 12 տարի հետո, նույնն է, թե 18 տարին լրանալու տարում: Հետևաբար, ավելի վաղ տարիքում, անգամ կամավոր կամահայտնության դեպքում անձը չի կարող ընդունվել ռազմաուսումնական հաստատություն: Պետք է նշել նաև, որ 18 տարին չլրացած կուրսանտները ռազմական գործողություններին չեն մասնակցում:

 

Երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմները

 

ՀՀ օրենսդրությամբ երեխաների իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմներ են ստեղծվել: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ գլուխն ամբողջությամբ վերաբերում է ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործություններին:

Քայլեր են ձեռնարկվել նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ՀՀ օրենսդրության մեջ ինկորպորացման ուղղությամբ: Արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների շրջանակում հիշատակման է արժանի Քրեական օրենսգրքի 33-րդ գլուխը, որը վերաբերում է խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին: Այս գլխում մանրամասն սահմանվում են զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները և դրանց համար պատասխանատվությունը: Կամ ասենք վարձկանության հոդվածով ակնհայտ անչափահասին, որպես վարձկան հավաքագրելը, ուսուցանելը, ֆինանսավորելը կամ այլ ձևով նյութապես ապահովելը, ինչպես նաև զինված ընդհարումներում կամ ռազմական գործողություններում նրան օգտագործելը ծանրացնող հանգամանք է դիտվում, որի համար սահմանվում է առավել խիստ պատիժ (3):

 

___________________________________

3) ՀՀ քրեական օրենսգրքի 395-րդ հոդվածի համաձայն` վարձկան է համարվում հատուկ հավաքագրված անձը, ով գործում է նյութական հատուցում ստանալու նպատակով և զինված ընդամենը կամ ռազմական գործողություններին մասնակցող պետության քաղաքացի չէ, մշտապես չի բնակվում դրա տարածքում, ընդգրկված չէ ընդհարման մեջ գտնվող պետության զինված ուժերի անձնակազմում և այլ պետության կողմից ուղարկված չէ զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար:

 

Երեխայի իրավունքների հետ կապված հարցերն առավել համապարփակ կերպով կարգավորված են դեռևս 27.06.1996 թ. ուժ մեջ մտած «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով: Վերը նշված օրենքի 1-ին հոդվածի համաձայն` երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

Օրենքը կարգավորում է նաև ռազմական գործողությունների երեխաների մասնակցության հարցերը: 29-րդ հոդվածի համաձայն` արգելվում է երեխային ներգրավել ռազմական գործողություններին, զինված ընդհարումներին, ինչպես նաև` երեխաների շրջանում պատերազմի և բռնության քարոզչությունը, մանկական ռազմականացված միավորումների ստեղծումը: Արգելվում է մինչև 15 տարեկան երեխայի մասնակցությունը ռազմական գործողություններին: Զինված հակամարտությունների ժամանակ պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի հատուկ պաշտպանությունը:

Թեև օրենքը, առաջնորդվելով միջազգային իրավունքի նորմերի նվազագույն պահանջներով, ռազմական գործողություններին մասնակցության համար (կամավորության սկզբունքով) ձևականորեն ուղղակի արգելք է սահմանում միայն մինչև 15 տարեկան երեխաների համար, սակայն վերոհիշյալ օրենսդրական ակտերի վերլուծությունից բխում է, որ ՀՀ զինված ուժերի համալրման սկզբունքների և սահմանված կարգի համաձայն` զինված ուժերում կամավորության սկզբունքով ծառայության կարող են անցնել նվազագույնը 18 տարին լրացած անձինք: Ինչ վերաբերում է Արձանագրության 4-րդ հոդվածով նախատեսվող «պետությունների զինված ուժերից տարբեր այլ զինված խմբերի» կողմից 18 տարեկան չդարձած անձանց հավաքագրմանը, ապա «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ-ում այլ զինված խմբավորումներ ստեղծելն արգելվում է: ԵՎ ավելին նման զինված խմբավորումների ստեղծման համար քրեական պատասխանատվություն է նախատեսված:

 

Կատարման ապահովումը և կանխարգելումը

 

ՀՀ-ում համապատասխան քայլեր են ձեռնարկվում հասարակության շրջանում երեխայի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Մարդու իրավունքների պաշտպանն իր տարեկան զեկույցներում հատուկ բաժնով անդրադառնում է երեխայի իրավունքների խնդիրներին և այդ իրավունքների պաշտպանության գործնական հստակ իրավազորություններով է օժտված: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ հայերեն է թարգմանվել «Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» ԺՀՄԻԳ և ԶՈՒԺՎ Ժնևյան կենտրոնի համատեղ ջանքերով պատրաստված ձեռնարկը, որը հատուկ դասընթացի շրջանակներում դասավանդվում է ՀՀ ռազմաուսումնական հաստատություններում և զինվորական ստորաբաժանումներում: Մասնավորապես, այս ձեռնարկի 5-րդ բաժնի 15-րդ գլուխը, որը վերնագրված է «Զինված ուժերին առնչվող երեխաները», ամենայն մանրամասնությամբ անդրադառնում է կամավորության սկզբունքով զինված ուժերը համալրած երեխաների և զինծառայողների երեխաների հարցերին, ինչպես նաև նախնական զինվորական պատրաստության ծրագրերին մասնակցող երեխաների խնդիրներին: Այսօրինակ տեսական աղբյուրները հնարավորություն են տալիս ուսումնասիրել միջազգային առաջատար փորձը, համեմատականներ անցկացնել իրավունքների պաշտպանության տեղական և օտարերկրյա միջոցների ու մեթոդների միջև, ինչն էլ պայմաններ է ստեղծում օրենսդրության հետագա կատարելագործման համար: Հարկ է նկատել, որ ՀՀ պաշտպանական բարեփոխումների համատեքստում մեծապես կարևորվում են ռազմական կրթության ոլորտի և զինված ուժերի անձնակազմի պայմանագրային համալրման խնդիրները: ՈՒստի մեծ ուշադրություն է դարձվում նախազինվորական պատրաստության կատարելագործման և բարեփոխման խնդիրներին: Ընդ որում, զինված ուժերի հետ կապված բոլոր հարցերը դիտարկվում են դինամիկ վիճակում, հետևաբար բարեփոխումները կրում են անընդհատ բնույթ և միջոցներ են ձեռք առնվում իրավագիտակցության բարձրացման ու միջազգային չափանիշներին օրենսդրության մոտարկման համար` ՀՀ ազգային անվտանգային խնդիրների հաշվառմամբ:

 

Արձանագրության վերաբերյալ արված կից հայտարարությունը

 

Արձանագրության 3-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը կատարել է հետևյալ հայտարարությունը.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի հանրապետության պաշտպանությանը»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցությունն իրականացվում է Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի 1998 թվականի սեպտեմբերի 16-ին ընդունված «Զինապարտության մասին» և 2002 թվականի հուլիսի 3-ին ընդունված «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն «Զինվորական ծառայությունը բաղկացած է ժամկետային և պահեստազորային զինվորական ծառայությունից, ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայությունից: Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված շարքային ու սպայական կազմերի, ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների զինվորական ծառայությունը»:

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն «Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի զորակոչիկները և առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի` խաղաղ պայմաններում»:

Վերը նշված օրենքների հիման վրա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պարտադիր զորակոչման ենթական են 18 տարին լրացած քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված է 18 տարին չլրացած քաղաքացիների պարտադիր զորակոչի կամ պայմանագրային (կամավոր) զինվորական ծառայության ներգրավման արգելքը»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.01.2012
N 2
Արձանագրային որոշում