ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1536/02/10
դատարանի որոշում 2011 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1536/02/10
Նախագահող դատավոր` Ա. Թումանյան
Դատավորներ` Գ. Մատինյան
Լ. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Է. Հայրիյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2011 թվականի դեկտեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2011 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ Հայկ Մելքոնյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է բռնագանձել Հայկ Մելքոնյանից 84.681,42 ՀՀ դրամ, որից 83.021 ՀՀ դրամ` որպես մատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումար և 1.660,42 ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրք:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Բադիրյան) (այսուհետ` Դատարան) 03.06.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.09.2011 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.06.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետը, 345-րդ հոդվածի 2-րդ կետը, 354-րդ հոդվածի 1-ին կետը, 777-րդ, 778-րդ հոդվածները, 779-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 54-րդ հոդվածների 1-ին կետերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել համակցության մեջ և անտեսել է այն հանգամանքը, որ կողմերի միջև կնքված պատվեր-դիմումի հիման վրա Հայկ Մելքոնյանին փաստացի մատուցվել է հեռախոսակապի վճարովի ծառայություններ:
Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Ընկերության կողմից Դատարան է ներկայացվել հայցվող գումարի գոյացման հիմքը հիմնավորող ապացույցները, այն է` բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշիվը, որն իր մեջ ներառում է ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ հաշվարկը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.09.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Ընկերության և Հայկ Մելքոնյանի միջև 05.03.2008 թվականին կնքված թիվ 113474627 պատվեր-դիմումի (պայմանագրի) համաձայն` Հայկ Մելքոնյանին տրամադրվել է 099400777 հեռախոսահամարը: Հայկ Մելքոնյանի կողմից ստորագրվել է պատվեր-դիմումը, որով հաստատվել է վերջինիս կողմից Ընկերության GSM շարժական կապի պայմանագրային համակարգի բաժանորդ դառնալու և ««ԱրմենՏել» ՓԲԸ GSM շարժական կապի պայմանագրային համակարգի ծառայությունների մատուցման կանոնների» մասին իրազեկ լինելու վերաբերյալ փաստերը (գ.թ. 4):
2. Ընկերության GSM շարժական կապի պայմանագրային համակարգի ծառայությունների մատուցման պայմանների 5.1-ին կետի համաձայն` վճարումները բաժանորդի կողմից կատարվում են հաշվետու ժամանակաշրջանում իրեն մատուցված փաստացի ծառայությունների դիմաց` համաձայն նույն պայմաններում սահմանված պայմանների, բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանի, օգտագործած ծառայությունների ցանկի և ծավալների, եթե այլ բան չի սահմանված Ընկերության օպերատորի (այսուհետ` նաև Օպերատոր) կողմից, հաշվետու ժամանակաշրջանը հավասար է օրացուցային ամսվան: Պայմանների 5.2-րդ կետի համաձայն` փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է Օպերատորի բիլինգային համակարգի գրանցումների հիման վրա և նշվում է բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշվում: Ծառայությունների մատուցման հաշիվը հանդիսանում է բաժանորդին` ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ ապացույց (գ.թ.4):
3. Ծառայությունների մատուցման թիվ 101008239500, թիվ 101008943217, թիվ 101009960093 և թիվ 101010764297 հաշիվների համաձայն` համապատասխանաբար 01.03.2008 թվականից մինչև 31.03.2008 թվականը, 01.04.2008 թվականից մինչև 30.04.2008 թվականը, 01.05.2008 թվականից մինչև 31.05.2008 թվականը և 01.06.2008 թվականից մինչև 30.06.2008 թվականն ընկած ժամանակահատվածների համար մատուցված ծառայությունների, ինչպես նաև նախկին հաշվեկշռի հաշվի առկայության պայմաններում վարձերը կազմել է ընդամենը 83.021 ՀՀ դրամ, որպիսի հաշվարկներն իրականացվել են փաստացի մատուցված ծառայությունների` ամսական ծառայությունների վարձի, զանգերի վարձի, կարճ հաղորդագրությունների վճարի և դրանց համապատասխան չափման միավորի, քանակի ծավալի, չափման միավորի գնի հիման վրա (գ.թ. 8-19):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է կողմերի միջև ապացուցման դատավարական բեռի բաշխման հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս ըստ հայցի Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի ընդդեմ Սեդա Սարգսյանի` գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և հակընդդեմ հայցի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
i
Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերը, 53-րդ, 54-րդ հոդվածների 1-ին կետերը, Ընկերության վերաքննիչ բողոքը մերժելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ «Դատարանը, մերժելով Ընկերության հայցը, պատճառաբանել է` «Գործի փաստերը համադրելով` դատարանը հաստատված է համարում, որ 05.03.2008 թվականի պատվեր-դիմումի ուժով, ծառայությունների վճարովի մատուցման պարտավորական իրավահարաբերություններ են ծագել հայցվոր ընկերության և պատասխանողի միջև: Դատարանը գտնում է, որ պատասխանողի պարտավորության /պարտքի գումարի/ չափը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստ է, որպիսի ապացուցման պարտականությունը կրում է հայցվորը: Տվյալ դեպքում հայցվոր ընկերության կողմից չհիմնավորվեց դրամական պահանջի չափը, քանի որ դատարանին ներկայացված միակողմանիորեն կազմված փաստաթղթերը դատարանը պատշաճ ապացույց չի համարում: Այսինքն` հայցվորը չապացուցեց, որ պահանջվող գումարի չափով իր կողմից բջջային հեռախոսակապի ծառայություններ են մատուցվել պատասխանողին...», որը ողջամիտ է և տրամաբանական»:
Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Հայկ Մելքոնյանի միջև 05.03.2008 թվականին կնքված թիվ 113474627 պատվեր-դիմումով (պայմանագիր) Հայկ Մելքոնյանին հատկացվել է հեռախոսահամար: Նշված պայմանագրերի ծառայությունների մատուցման պայմանների 5.1-ին կետի համաձայն`վճարումները բաժանորդի կողմից կատարվում են հաշվետու ժամանակաշրջանում իրեն մատուցված ծառայությունների դիմաց` համաձայն նույն պայմաններում սահմանված պայմանների, բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանի, օգտագործած ծառայությունների ցանկի և ծավալների, իսկ 5.2-րդ կետի համաձայն` փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է Օպերատորի բիլինգային համակարգի գրանցումների հիման վրա և նշվում է բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշվում: Ծառայությունների մատուցման հաշիվը բաժանորդին` ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ ապացույց է:
Հիմք ընդունելով վերոգրյալը և վերլուծելով կողմերի միջև կնքված պատվեր-դիմումի (պայմանագրի) ծառայությունների մատուցման պայմանները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից ներկայացված ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ թիվ 101008239500, թիվ 101008943217, թիվ 101009960093 և թիվ 101010764297 հաշիվները սույն գործով հայցը հիմնավորող թույլատրելի և բավարար ապացույց են:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների խախտում` անտեսելով Ընկերության կողմից բաժանորդին ներկայացված ծառայությունների մատուցման թիվ 101008239500, թիվ 101008943217, թիվ 101009960093 և թիվ 101010764297 հաշիվները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Է. Հայրիյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան