Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0060/04/10

    դատարանի որոշում                                               2011 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0060/04/10

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Տ. Սահակյան

                               

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                                     

2011 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2011 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «Վահան ԵՀԱ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Ընկերության` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությանը սնանկ ճանաչել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 17.12.2010 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.03.2011 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.12.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 132-րդ հոդվածների պահանջները, սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է սույն գործում առկա` Կազմակերպության և Ընկերության միջև 17.09.2007 թվականին կնքված աշխատանքի կատարման թիվ 66H-07 պայմանագրի 9.3 կետը, որի համաձայն` բոլոր վեճերը, որոնք ծագում են սույն պայմանագրից կամ նրա հետ կապված, պետք է նախ և առաջ քննարկվեն Կատարողի և Պատվիրատուի լիազորված ներկայացուցիչների կողմից` բարի կամքի համաձայն լուծում գտնելու նպատակով: Եթե սույն պայմանագրի կողմերը ի վիճակի չեն այդ վեճը լուծել որևէ կողմի կողմից մյուս կողմին վեճի մասին գրավոր ծանուցելուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում, ապա այդ վեճը պետք է լուծվի իրավասու դատարանի կողմից` գործող օրենսդրությանը համապատասխան:

Մինչդեռ, դիմողը վճարման կապակցությամբ Ընկերությանը երբևէ գրավոր ծանուցում չի տվել և ենթադրյալ վեճը լուծելու որևէ փորձ չի ձեռնարկել, հետևաբար վերջինիս նման գործելակերպը վկայում է այն մասին, որ կամ Ընկերության հետ որևէ վեճ չի ունեցել, կամ ի սկզբանե նպատակ չի ունեցել լուծում գտնել բարի կամքի համաձայն:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որը կհաստատեր, որ Ընկերությունն ի վիճակի չէ կատարելու իր դրամական պարտավորությունները: Առկա ապացույցներով ընդամենը հաստատվել է, որ Ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունների մի մասը, ինչն ամենևին չի նշանակում, որ Ընկերությունն ընդհանրապես ի վիճակի չէ կատարելու դրանք, առավել ևս, որ կատարված պարտավորությունների ծավալը կազմում է ավելի քան 170.000.000 ՀՀ դրամ:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը Ընկերությանը սնանկ ճանաչելու որոշում է կայացրել` դրա համար չունենալով անհրաժեշտ փաստական և իրավական հիմքեր:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատական ակտի հիմքում դրված ապացույցները պարզ և հստակ ցույց են տալիս, որ Դատարանն Ընկերության անվճարունակության փաստը քննարկելու փոխարեն ընդամենը պարզել է դիմողի առջև վճարային պարտավորություն ունենալու հանգամանքը, ինչը բավարար չէ իրավաբանական անձին սնանկ ճանաչելու համար:

Ավելին, ներկայումս Ընկերությունն ամբողջությամբ մարել է դիմողի հանդեպ ունեցած իր վճարային պարտավորությունները, այն է` վճարել է դիմողի կողմից սնանկության վարույթ հարուցելու համար հիմք հանդիսացած 23.249.681 ՀՀ դրամը, որն էլ կրկին վկայում է այն մասին, որ բացակայում են Ընկերությանը սնանկ ճանաչելու հիմքերը, այսինքն` կողմերի միջև վեճն ըստ էության սպառվել է, որն էլ հիմք է գործի վարույթը կարճելու համար:

Միաժամանակ, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով` որպես իրավական փաստարկ պետք է հիմք ընդունել ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.03.2011 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

1. Կազմակերպության և Ընկերության միջև 17.09.2007 թվականին կնքված աշխատանքի կատարման թիվ 66H-07 պայմանագրով Կազմակերպության (այսուհետ` Կատարող) պարտավորվել է Ընկերության (այսուհետ` Պատվիրատու) համար կատարել որոշակի աշխատանք, իսկ Պատվիրատուն պարտավորվել է վճարել այդ աշխատանքի համար (1-ին հատոր, գ.թ. 12):

2. Նշված պայմանագրի 9.3 կետի համաձայն` բոլոր վեճերը, որոնք ծագում են սույն պայմանագրից կամ նրա հետ կապված, պետք է նախ և առաջ քննարկվեն Կատարողի և Պատվիրատուի լիազորված ներկայացուցիչների կողմից` բարի կամքի համաձայն լուծում գտնելու նպատակով: Եթե սույն պայմանագրի կողմերը ի վիճակի չեն այդ վեճը լուծել որևէ կողմի կողմից մյուս կողմին վեճի մասին գրավոր ծանուցելուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում, ապա այդ վեճը պետք է լուծվի իրավասու դատարանի կողմից` գործող օրենսդրությանը համապատասխան (1-ին հատոր, գ.թ. 12):

3. Վերը նշված պայմանագրի հավելված Գ-ի 4-րդ կետի համաձայն` Կատարողը յուրաքանչյուր ամսվա համար կատարված փաստացի հորատման աշխատանքները ներկայացնում է Պատվիրատուին մինչև հաջորդող ամսվա հինգերորդ օրը` ներկայացնելով հանձնման-ընդունման ակտը և կից կատարված աշխատանքների արդյունքները: Նույն պայմանագրի հավելված Բ-ի համաձայն` Պատվիրատուն պետք է վճարի աշխատանքի համար աշխատանքների ընդունման-հանձնման ակտը ներկայացնելուց հետո հինգ բանկային օրվա ընթացքում (1-ին հատոր, գ.թ. 23, 24):

4. Կատարված հորատման աշխատանքների վերաբերյալ 30.09.2007 թվականի թիվ 9, 31.10.2007 թվականի թիվ 11 և 30.11.2007 թվականի թիվ 13 ակտերով վճարման գին է սահմանվել թիվ 9 ակտով` 31.985.118 ՀՀ դրամ, թիվ 13 ակտով` 45.597.926 ՀՀ դրամ, թիվ 11 ակտով` 49.651.755 ՀՀ դրամ (1-ին հատոր, գ.թ. 6-11):

5. Սույն գործով չի վիճարկվել փաստն այն մասին, որ Պատվիրատուի կողմից վճարում է կատարվել նաև 15.05.2008 թվականին` 60.000.000 ՀՀ դրամ, իսկ 30.09.2008 թվականին` 12.000.000 ՀՀ դրամ: Պատվիրատուի պարտքը 23.09.2010 թվականի դրությամբ կազմում է 23.249.681 ՀՀ դրամ գումար (1-ին հատոր, գ.թ. 3-4):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Իրավահարաբերության ծագման ժամանակ գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

Նույն օրենքի նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը):

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ պարտապանը կարող է պարտատիրոջ պահանջով հարկադրված սնանկության դիմումի հիման վրա դատարանի վճռով սնանկ ճանաչվել, եթե անվճարունակ է, ինչպես նաև այն դեպքում, երբ առկա է օրենքով նախատեսված չափով անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն է բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ պատասխանողը կարող է սնանկ ճանաչվել միայն իր պարտավորությունների կատարման անհնարինության դեպքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության գործերով, երբ վճարային պարտավորությունների համար հիմք են պայմանագրերը, էական նշանակություն ունի նաև պայմանագրային պարտավորությունների և դրանց հետ կապված վեճերի լուծման կարգի ուսումնասիրությունը: Այդ հանգամանքը կարևոր է նրանով, որ պայմանագրային պարտավորությունների չկատարումը, կետանցն անձին սնանկ ճանաչելու հիմք են:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագրով կարող է նախատեսվել կողմերի միջև վեճի կարգավորում` մինչև դատարան դիմելը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է սույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար օրենսդիրը, ի ապահովումն անձի իրավունքների դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի, նախատեսում է դատարան դիմելու հնարավորություն: Միաժամանակ, պայմանագրային հարաբերությունների դեպքում կողմերը որոշակի ազատություն ունեն ոչ միայն պայմանագիր կնքելու, պայմանագրի տեսակները, պայմանագրի պայմանները որոշելու, այլև պայմանագրի հետ կապված վեճերի լուծման կարգը սահմանելու առումով: Դա բխում է գործարարական հարաբերություններում պայմանագրի կողմերի հարաբերությունների գործընկերային բնույթից, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետից, որի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ: Այդ նպատակով օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով կողմերի համար նախատեսել է իրավական հնարավորություն պայմանագրով նախատեսել ծագած վեճերի կարգավորման կարգ սահմանելու հնարավորություն, մինչև դատարան դիմելը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրության վերոնշյալ դրույթների գործողությունն ապահովելու և անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովման հարաբերակցության նպատակով դատարանները պայմանագրային վեճեր քննելիս պետք է պարզեն նաև հետևյալ հարցը` արդյոք տվյալ պայմանագրի հետ կապված վեճի լուծման այլ կարգ է սահմանված և արդյոք այն պահպանվել է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հանգամանքը չի խախտում անձի` իր իրավունքների դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը, քանի որ տվյալ դեպքն անձին ընդհանրապես չի զրկում իր` պայմանագրից ծագած իրավունքների խախտման համար դատարան դիմելու իրավունքից, այլ ուղղակի նախատեսում է դրա իրականացման որոշակի կարգ, որը, ելնելով պայմանագրային հարաբերությունների իմաստից, լիովին համաչափ է անձի սահմանադրական իրավունքների համատեքստում:

Սույն գործի փաստերի համաձայն` Կազմակերպության և Ընկերության միջև 17.09.2007 թվականին կնքված աշխատանքի կատարման թիվ 66H-07 պայմանագրի 9.3 կետի համաձայն` բոլոր վեճերը, որոնք ծագում են սույն պայմանագրից կամ նրա հետ կապված, պետք է նախ և առաջ քննարկվեն Կատարողի և Պատվիրատուի լիազորված ներկայացուցիչների կողմից` բարի կամքի համաձայն լուծում գտնելու նպատակով: Եթե սույն պայմանագրի կողմերն ի վիճակի չեն այդ վեճը լուծել որևէ կողմի կողմից մյուս կողմին վեճի մասին գրավոր ծանուցելուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում, ապա այդ վեճը պետք է լուծվի իրավասու դատարանի կողմից` գործող օրենսդրությանը համապատասխան:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոքաբերի այն պնդմանը, թե դիմողը վճարման կապակցությամբ Ընկերությանը երբևէ գրավոր ծանուցում չի տվել և ենթադրյալ վեճը լուծելու որևէ փորձ չի ձեռնարկել, հետևաբար վերջինիս նման գործելակերպը վկայում է այն մասին, որ կամ պատասխանողի հետ որևէ վեճ չի ունեցել, կամ ի սկզբանե նպատակ չի ունեցել լուծում գտնել բարի կամքի համաձայն, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետից և 11-րդ հոդվածի 1-ին կետից բխում է, որ անձն ինքն իր հայեցողությամբ է որոշում իր իրավունքների պաշտպանության եղանակը և ձևը, հետևաբար գումարի բռնագանձման պահանջ ներկայացնելու փոխարեն սնանկ ճանաչելու պահանջի ներկայացումը դեռևս չի կարող վկայել այն մասին, որ կոնկրետ անձը գործում է այլ անձին վնաս պատճառելու մտադրությամբ:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով կողմերի համար նախատեսված իրավական հնարավորությունը, այն է` պայմանագրից բխող վեճերի կարգավորման կարգ սահմանելը, գնահատելով որպես սնանկ ճանաչելու պահանջի ներկայացման սահմանափակում, սխալ է մեկնաբանել այն: Մասնավորապես, հիմք ընդունելով վերոնշյալ իրավական հարցի վերաբերյալ վերևում ներկայացված մեկնաբանությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով այդ հնարավորությունն ամենևին չի սահմանափակում պարտապանի` սնանկ ճանաչելու պահանջի ներկայացման իրավունքը և այն չի ստորադասում գումարի բռնագանձման պահանջ ներկայացնելու իրավունքին: Այսինքն` նշված դեպքերից յուրաքանչյուրում կողմն ազատված չէ պայմանագրով նախատեսված պարտականությունը կատարելուց:

Հետևաբար, հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պետք է պարզվեր վեճի լուծման` պայմանագրով նախատեսված կարգը պահպանված լինելու հանգամանքը, որը Դատարանը չի կատարել, իսկ Վերաքննիչ դատարանը մերժել է դրա վերաբերյալ բողոքի փաստարկները` սխալ մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը և 11-րդ հոդվածի 1-ին կետը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2011
N ԵԿԴ/0060/04/10
Որոշում