Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 210...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 210-ՐԴ, 211-ՐԴ ԵՎ 212-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0208/02/10    

    դատարանի որոշում                                               2011 թ.    

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0208/02/10

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Ա. Թումանյան

                                         

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                                     

2011 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էդվարդ, Վարդան, Ռոբերտ Հովհաննիսյանների և Մանիկ Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.08.2011 թվականի որոշման դեմ` ըստ Ալբերտ Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Էդվարդ, Վարդան, Ռոբերտ Հովհաննիսյանների, Մանիկ Պետրոսյանի, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունու տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին և Էդվարդ, Վարդան, Ռոբերտ Հովհաննիսյանների, Մանիկ Պետրոսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ալբերտ Հովհաննիսյանի, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Էրեբունու տարածքային ստորաբաժանման` հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ալբերտ Հովհաննիսյանը պահանջել է արգելել Էդվարդ, Վարդան, Ռոբերտ Հովհաննիսյաններին և Մանիկ Պետրոսյանին օգտվելու սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 76/1 տան մուտքից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Էդվարդ, Վարդան, Ռոբերտ Հովհաննիսյանները և Մանիկ Պետրոսյանը պահանջել են Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 76/1 տան մուտքի նկատմամբ սահմանել հարկադիր սերվիտուտ:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ն. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 27.05.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.08.2011 թվականի որոշմամբ Էդվարդ, Վարդան, Ռոբերտ Հովհաննիսյանների, Մանիկ Պետրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.05.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Էդվարդ, Վարդան, Ռոբերտ Հովհաննիսյանները և Մանիկ Պետրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալբերտ Հովհաննիսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 210-րդ, 211-րդ և 212-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 60-րդ, 146-րդ և 147-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի բովանդակությունից երևում է, որ հողամասը սերվիտուտով ծանրաբեռնելիս սեփականատերը սեփականության իրավունքից չի զրկվում, այլ միայն սերվիտուտ պահանջող սեփականատիրոջը տրվում է հողամասից սահմանափակ օգտագործման իրավունք: Տվյալ դեպքում կողմերի միջև ձեռք չի բերվել համաձայնություն` կամավոր սերվիտուտ սահմանելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ պետք է սահմանել հարկադիր սերվիտուտ` Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 76 և 76/1 տների միակ մուտքի նկատմամբ: Մինչդեռ Դատարանը, մերժելով փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, հանգել է սխալ եզրակացության և մերժել հարկադիր սերվիտուտ սահմանելու մասին պահանջը, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 26.08.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքում նշված փաստարկներն անհիմն են, քանի որ Էդվարդ, Վարդան, Ռոբերտ Հովհաննիսյանները և Մանիկ Պետրոսյանը չեն ներկայացրել պատշաճ և բավարար ապացույցներ, ինչը կհաստատեր այն, որ առանց Ալբերտ Հովհաննիսյանի բնակելի տան մուտքը սերվիտուտով ծանրաբեռնելու` հնարավոր չէ Էդվարդ Հովհաննիսյանին պատկանող բնակելի տուն մուտք գործել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

1. Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 76 տունը սեփականության իրավունքով պատկանել է Ալբերտ և Էդվարդ Հովհաննիսյանների հորը` Սմբատ Հովհաննիսյանին (հատոր 1-ին, գ.թ.49):

2. Սմբատ Հովհաննիսյանի մահից հետո նշված տան նկատմամբ սեփականության իրավունք են ձեռք բերել Ալբերտ և Էդվարդ Հովհաննիսյանները, որի կապակցությամբ Ալբերտ Հովհաննիսյանին պատկանող թիվ 76 տան մի մասին տրվել է թիվ 76/1 հասցեն (կադաստրային գործ, գ.թ.122):

3. Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 10.02.2005 թվականի թիվ 1573542 վկայականի համաձայն` Երևանի Ղարիբջանյան փողոցի 76/1 բնակելի տան սեփականատերն է Ալբերտ Հովհաննիսյանը (հատոր 1-ին, գ.թ.24):

4. Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 06.10.2005 թվականի թիվ 2728687 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Ղարիբջանյան փողոցի 76 բնակելի տան սեփականատերն է Էդվարդ Հովհաննիսյանը (հատոր 1-ին, գ.թ.59-61):

5. Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված հողի հատկացման գլխավոր հատակագծի համաձայն` Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 76 և թիվ 76/1 տներն ունեն մեկ ընդհանուր մուտք, բակ և հողամաս (հատոր 1-ին, գ.թ.16-17):

6. Դատարանի կողմից մերժվել է դատաշինարարական փորձաքննություն նշանակելու մասին Էդվարդ Հովհաննիսյանի միջնորդությունը (հատոր 1-ին, գ.թ.128):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Վերոնշյալից հետևում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց հետազոտում է նախ` գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության, իսկ վերաբերելի բոլոր ապացույցները միասին` որոշակի փաստ (փաստեր) հաստատելու համար բավարարության տեսանկյունից:

Դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը` հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել է փորձաքննություն նշանակելու միջնորդության քննարկման հարցին և նշել է, որ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու իրավասությունը դատարանն իրականացնում է դատական հայեցողության իրավունքով` ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից (տե՛ս Ռազմիկ Սարգսյանը և Լիդա Սևոյանն ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի` առուվաճառքի պայմանագիրը լուծելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 3-259 (ՎԴ) որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փորձաքննության նշանակման միջնորդության բավարարումը կամ մերժումը դատարանը լուծում է` ելնելով նաև արդարադատության արդյունավետության շահերի ապահովման սկզբունքից:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է նաև, որ նմանատիպ գործերի քննության ժամանակ դատարանը կողմի միջնորդությամբ փորձաքննություն նշանակելու հարցը որոշելիս պետք է հաշվի առնի կոնկրետ վեճի առարկային վերաբերող առանձնահատկությունները, քանի որ օրենսդիրը նմանատիպ դեպքերում հստակ սահմանում է այն գործողությունները, ինչպես նաև ապացույցի այն տեսակը, որով վեճի դեպքում պետք է հաստատվի տվյալ փաստը:

Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ Դատարանը, «պարզելով գործի համար նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքները, հետազոտելով և պատշաճ գնահատելով գործում առկա ապացույցները հաստատված է համարել այն հանգամանքը, որ բողոք բերողները դատարանին չեն ներկայացրել իրենց պահանջը հիմնավորող ապացույցներ, մասնավորապես` դատարանին չեն ներկայացրել որևէ պատշաճ ապացույց այն մասին, որ առանց պատասխանողներին պատկանող` քաղաք Երևան, Ղարիբջանյան 76/1 հասցեի մուտքի նկատմամբ սերվիտուտ սահմանելու, հնարավոր չէ մուտք գործել Ղարիբջանյան 76 բնակելի տուն»:

Այսպես` սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 76 տան սեփականատերն էր կողմերի հայրը, որի մահից հետո նշված տան նկատմամբ սեփականության իրավունք են ձեռք բերել Ալբերտ և Էդվարդ Հովհաննիսյանները, որի կապակցությամբ Ալբերտ Հովհաննիսյանին պատկանող թիվ 76 տան մի մասին տրվել է թիվ 76/1 հասցեն: Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված հողի հատկացման գլխավոր հատակագծից երևում է, որ Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 76 և թիվ 76/1 տներն ունեն մեկ ընդհանուր մուտք, բակ և հողամաս: Գործի քննության ժամանակ Դատարանի կողմից կատարվել է տեղատեսություն, իսկ Էդվարդ Հովհաննիսյանի միջնորդությունը` դատաշինարարական փորձաքննություն նշանակելու մասին, մերժվել է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, մերժելով դատաշինարարական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, բավարարվել է միայն կատարված տեղատեսությամբ, որով արձանագրել է երկրորդ մուտքի առկայությունը, սակայն ցույց չի տրվել, թե տան որ մասում է գտնվում այդ մուտքը, և արդյոք առկա է հնարավորություն դրանից օգտվելու համար, կամ այդ երկրորդ մուտքը նախատեսված է որպես Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 76 տան մոտեցման ճանապարհ: Դատարանները գնահատման չեն արժանացրել այն առարկությունը, որ հիշատակված երկրորդ մուտքը պատկանում է կողմերի հարևանին, ու այն ելք չունի դեպի Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 76 և թիվ 76/1 տները, ինչպես նաև դրանից օգտվելու որևէ տեխնիկական հնարավորություն առկա չէ:

ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման և սույն վեճի օբյեկտիվ լուծման նպատակով Դատարանը պետք է բավարարեր փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում բավարար կերպով հիմնավորված կամ հերքված չէ սերվիտուտ սահմանելու անհրաժեշտությունը, մասնավորապես` պետք է պարզել` արդյոք Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 76/1 տան բնակիչների համար առկա է իրենց տան մոտեցման համար այլ հնարավորություն` բացի նույն հասցեի թիվ 76/1 տան մուտքից, ինչն էլ սույն գործով առաջացնում է նոր քննության անհրաժեշտություն:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.08.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված և հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2011
N ԵՇԴ/0208/02/10
Որոշում