Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԱԽ-1-Ո-2

2012 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

    նախագահությամբ`                       Ա. Մկրտումյանի

                                                               

    մասնակցությամբ ԱԽ անդամներ`           Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

                                          Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի,

                                          Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի,

                                          Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի,

                                          Մ. Մարտիրոսյանի, Հ. Փանոսյանի

                                          Ս. Օհանյանի

                                                                  

    մասնակցությամբ դատավոր`               Տ. Պետրոսյանի

                                                                      

    քարտուղարությամբ`                     Շ. Վարդանյանի

                                                             

2012 թվականի փետրվարի 10-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Տ. Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

 

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 28.12.2011 թ. թիվ N-Կ-2-16/2011 թ. որոշմամբ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Տ. Պետրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 27.12.2011 թ. թիվ Ե-7630 գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

 

Ըստ եզրակացության`

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.06.2009 թ. դատավճռով Արթուր Հովհաննեսի Գալստյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է ազատազրկման 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:

Դատարանը, 14.06.2011 թ. որոշմամբ բավարարելով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքի պետի միջնորդությունը, դատապարտյալ Արթուր Գալստյանի նկատմամբ կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թ. որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) 1-ին կետի 2-րդ ենթակետը և նրան ազատել վերը նշված դատավճռով նշանակված պատժից:

Դատարանի 14.06.2011 թ. որոշման դեմ 22.12.2011 թ. վերաքննիչ բողոք է բերել դատախազը` խնդրելով բեկանել Դատարանի 14.06.2011 թ. որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 16.01.2012 թ. որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, բեկանվել և փոփոխվել է Դատարանի 14.06.2011 թ. որոշումը:

Ինչպես հետևում է վերը շարադրվածից, դատարանի որոշմամբ համաներմամբ պատժից ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտված անձը: Մինչդեռ, Համաներման ակտի 1-ին կետի համաձայն` որպես պատժից ազատելու դեպքերից բացառություններ են նշվում այդ որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերը, իսկ համաձայն հիշյալ 8-րդ կետի 5-րդ ենթակետի` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտված անձը ոչ թե ազատվում է պատժից, այլ նրա նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը կրճատվում է 1/4-ով:

Փաստորեն, Դատարանը Համաներման ակտի 8-րդ կետի 5-րդ ենթակետի փոխարեն Արթուր Հովհաննեսի Գալստյանի նկատմամբ կիրառել է նույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, որի արդյունքում դատապարտյալն անհիմն կերպով ազատվել է նշանակված ամբողջ պատժից:

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Տ. Պետրոսյանի կողմից թույլ տրված նյութական օրենքի նորմի խախտումը հանգեցրել է նրան, որ հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի նկատմամբ պատշաճ արդարադատություն չի իրականացվել, և վերջինս արդարացի հատուցում չի ստացել իր կատարած արարքի համար:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական օրենքի նորմի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

 

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Տ. Պետրոսյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Դատապարտյալ Արթուր Հովհաննեսի Գալստյանը (ծնված 08.11.1961 թվականին, Երևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ մասնագիտական կրթությամբ, ամուսնացած, խնամքին մեկ անչափահաս երեխա, չի աշխատում, նախկինում չդատապարտված, բնակվում է ք. Երևան, Սեբաստիա փողոց, 20 շենք, բնակարան 11 հասցեում) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 23.06.2009 թ. թիվ ԵՄԴ/0046/01/09 դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314 հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածով սահմանված կարգով, պատիժները մասնակի գումարելու միջոցով պատիժ է նշանակվել ազատազրկում 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

Նշանակված պատժին հաշվակցվել է Արթուր Հովհաննեսի Գալստյանին նախնական կալանքի տակ պահելու ժամկետը` 22 (քսաներկու) օրը` մեկ օրը հաշվվելով մեկ օրվա դիմաց:

ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և նշանակվել է փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով: Վարքի հսկողությունը դրվել է վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի վրա:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքի պետ Վ. Գրիգորյանը միջնորդել է Արթուր Հովհաննեսի Գալստյանի նկատմամբ կիրառել ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և ազատել նշանակված պատժից:

Դատարանը կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և 14.06.2011 թ. որոշմամբ դատապարտյալ Արթուր Հովհաննեսի Գալստյանին ազատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 23.06.2009 թ. թիվ ԵՄԴ/0046/01/09 դատավճռով նշանակված պատժից և վերացրել պատիժը պայմանականորեն չկիրառելը:

Քանի որ Արթուր Հովհաննեսի Գալստյանը 23.06.2009 թ. թիվ ԵՄԴ/0046/01/09 դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նշանակվել է փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով, դատարանը նրա նկատմամբ պետք է կիրառեր ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 8-րդ կետի 5-րդ ենթակետը, որի համաձայն` 179-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ պատժի չկրած մասը պետք է կրճատել մեկ քառորդով:

Վերոհիշյալ դատական ակտը 22.12.2011 թ. բողոքարկվել է Երևան քաղաքի դատախազի կողմից և 26.12.2011 թ. ուղարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.06.2009 թ. դատավճռով Արթուր Հովհաննեսի Գալստյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է ազատազրկման 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:

2) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (դատավոր` Տ. Պետրոսյան), 14.06.2011 թ. որոշմամբ բավարարելով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքի պետի միջնորդությունը, դատապարտյալ Արթուր Գալստյանի նկատմամբ կիրառել է Համաներման ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետը և նրան ազատել վերը նշված դատավճռով նշանակված պատժից:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննարկելով Դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

Համաներման ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` բացառությամբ նույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի` պատժից ենթակա են ազատման այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Համաներման ակտի 8-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք, այդ թվում` 179-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտված անձանց նկատմամբ պատժաչափի չկրած մասը կրճատվում է 1/4-ով:

Համաներման կիրառման հարցին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վարուժան Գագիկի Ավետիսյանի վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման մեջ, որի 16-րդ կետում դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն»:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.06.2009 թ. դատավճռով Արթուր Գալստյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու համար և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Դատարանը 14.06.2011 թ. որոշմամբ դատապարտյալ Արթուր Գալստյանի նկատմամբ կիրառել է Համաներման ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետը և նրան ազատել վերը նշված դատավճռով նշանակված պատժից:

Մեջբերված փաստերը վերլուծելով Համաներման ակտի 1-ին կետի լույսի ներքո` Խորհուրդն արձանագրում է, որ դատավոր Տ. Պետրոսյանը Համաներման ակտով նախատեսված սահմանափակումներն անտեսելու հետևանքով խախտել է համաներում կիրառելու կարգը, քանի որ Համաներման ակտի 1-ին կետում սահմանված բացառության ուժով Արթուր Գալստյանի նկատմամբ այդ կետի 2-րդ ենթակետը կիրառելի չէր, այլ կիրառելի էր Համաներման ակտի 8-րդ կետի 5-րդ ենթակետը: Հետևաբար, Արթուր Գալստյանը ենթակա չէր պատժից ազատման, այլ նրա նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը պետք է կրճատվեր 1/4-ով:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ դատավոր Տ. Պետրոսյանը Արթուր Գալստյանի նկատմամբ կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թ. որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, որը կիրառելի չէր վերջինիս նկատմամբ:

Խորհուրդը փաստում է նաև այն, որ դատապարտյալ Արթուր Գալստյանի նկատմամբ 23.06.2009 թ. դատավճռով սահմանված երկու տարի փորձաշրջանի ժամկետը 14.06.2011 թ. որոշման կայացման օրվա դրությամբ մոտ է եղել ավարտին:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Տ. Պետրոսյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Տ. Պետրոսյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

    Արդարադատության խորհրդի անդամներ`        Վ. Աբելյան

                                             Ռ. Բարսեղյան

                                             Կ. Բաղդասարյան

                                             Ա. Թումանյան

                                             Ա. Խաչատրյան

                                             Մ. Մակյան

                                             Հ. Փանոսյան

                                             Ս. Օհանյան

 

 

pin
Արդարադատության խորհուրդ
10.02.2012
N ԱԽ-1-Ո-2
Որոշում