Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍԵՐԳԵՅ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԱԽ-1-Ո-6

2012 թ.

 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍԵՐԳԵՅ ԱՂԱԲԵԿՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

    նախագահությամբ`                       Ա. Մկրտումյանի

 

    մասնակցությամբ ԱԽ անդամներ`           Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

                                          Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի,

                                          Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի,

                                          Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի,

                                          Մ. Մարտիրոսյանի, Հ. Փանոսյանի,

                                          Ս. Օհանյանի

                                                  

    մասնակցությամբ դատավոր`               Ս. Աղաբեկյանի

                                                        

    քարտուղարությամբ`                     Շ. Վարդանյանի

                                                                       

2012 թվականի փետրվարի 10-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ս. Աղաբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

 

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 28.12.2011 թ. թիվ N-Կ-2-14/2011 թ. որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Աղաբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 27.12.2011 թ. թիվ Ե-7627 գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

 

Ըստ եզրակացության`

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26.06.2008 թ. դատավճռով Դավիթ Վալերիի Ավագիմյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 375-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է ազատազրկման 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով:

Դատարանի 27.06.2011 թ. որոշմամբ բավարարվել է ԼՂՀ ոստիկանության ՔԿՎ ՔԿՏ պետի միջնորդությունը, դատապարտյալ Դավիթ Ավագիմյանի նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թ. որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) 13-րդ կետի 1-ի «բ» ենթակետը (փաստացի կիրառվել է 1-ին կետի 2-րդ ենթակետը), և նա ազատվել է վերը նշված դատավճռով նշանակված պատժից:

Համաներման ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն ՀՀ Ազգային ժողովը որոշել է պատժից ազատել այն անձանց, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է: Նույն որոշման 13-րդ կետի 1-ի «բ» ենթակետի համաձայն` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անձանց նկատմամբ համաներման կիրառման հարցը լուծում է դատարանը` այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա:

Համաներման ակտի 1-ին կետի համաձայն` որպես պատժից ազատելու դեպքերից բացառություններ են նշվում այդ որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերը, իսկ համաձայն հիշյալ 8-րդ կետի 5-րդ ենթակետի` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտված անձը ոչ թե ազատվում է պատժից, այլ նրա նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը կրճատվում է 1/4-ով:

Դատարանը, կիրառելով Համաներման ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետը և ազատելով պատժից Վալերի Ավագիմյանին, ով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, անտեսել է նույն որոշման 8-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված բացառությունը, այն է` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտված անձը ոչ թե ազատվում է պատժից, այլ նրա նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը կրճատվում է 1/4-ով: Արդյունքում Դատարանի կողմից թույլ է տրվել Համաներման ակտի դրույթների սխալ կիրառում, այն է` նշված որոշման 8-րդ կետի 5-րդ ենթակետի փոխարեն Դավիթ Վալերիի Ավագիմյանի նկատմամբ կիրառվել է նույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, ինչի արդյունքում թույլ է տրվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որով դատարանն անտեսել է օրենսդրի կողմից նախատեսված ակնհայտ բացառությունը, և դրա արդյունքում դատապարտյալն ազատվել է պատժի կրումից:

Միաժամանակ պարզվել է նաև, որ 27.06.2011 թ. կայացած դատական նիստին` Դավիթ Ավագիմյանին համաներման ակտի կիրառման հիմքով պատժի կրումից ազատելու մասին ԼՂՀ ոստիկանության ՔԿՎ ՔԿՏ ներկայացուցչի միջնորդության քննարկման ժամանակ, Թիվ 1 կայազորի զինվորական դատախազ Հ. Պողոսյանը ներկա չի գտնվել, քննարկմանը չի մասնակցել և դատավարության մասնակիցների կողմից արված միջնորդությունների կապակցությամբ որևէ կարծիք չի հայտնել, սակայն Դավիթ Ավագիմյանին համաներման ակտի կիրառման հիմքով պատժի կրումից ազատելու մասին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` նույն օրը կայացված դատական ակտի մեջ, որպես մասնակցող դատախազ, նշվել է Թիվ 1 կայազորի զինվորական դատախազ Հ. Պողոսյանի անունը: Մինչդեռ վերջինս ՀՀ գլխավոր դատախազի 24.06.2011 թ. N 7/89 հրամանի համաձայն, 24.06.2011 թվականից մինչև 15.07.2011 թ. ներառյալ գտնվել է ամենամյա հերթական արձակուրդի մեջ:

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Աղաբեկյանի կողմից թույլ տրված խախտումը հանգեցրել է նրան, որ հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի նկատմամբ պատշաճ արդարադատություն չի իրականացվել, և վերջինս արդարացի հատուցում չի ստացել իր կատարած արարքի համար:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական օրենքի նորմի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

 

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աղաբեկյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

 

«ՀՀ Հարավային քրեական դատարանի 26.06.2008 թ. դատավճռով Դավիթ Վալերիի Ավագիմյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է ազատազրկման 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով:

22.06.2011 թ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան մուտք է գործել ԼՂՀ Ոստիկանության ՔԿՎ ՔԿՏ պետ Դ. Գրիգորյանի միջնորդությունը Դավիթ Վալերիի Ավագիմյանին ՀՀ ԱԺ 26.05.2011 թ. «Համաներում հայտարարելու մասին» որոշման հիման վրա պատժից ազատելու մասին:

Միջնորդության քննարկումը նշանակվել է 27.06.2011 թ.: Այն բավարարվել է և Դ. Ավագիմյանը ՀՀ ԱԺ 26.05.2011 թ. «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի և 13-րդ կետի 1-ին ենթակետի «բ» կետի կիրառմամբ ազատվել է ՀՀ Հարավային քրեական դատարանի 26.06.2008 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով կայացված դատավճռով նշանակված պատժից:

Տարվա կտրվածքով ընդհանրապես, 2011 թ. մայիս-հունիս ամիսներին մասնավորապես, գերծանրաբեռնված և լարված աշխատանքային վիճակում լինելով, ինձ մոտ առաջացել է գերհոգնածություն և անուշադրության հետևանքով ցուցաբերել եմ շտապողականություն ու Դ. Ավագիմյանին պատժից ազատելու միջնորդությունը քննարկելիս ղեկավարվել եմ ՀՀ ԱԺ 26.05.2011 թ. «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով և 13-րդ կետի 1-ին ենթակետի «բ» կետով, փոխանակ ղեկավարվելու համաներման ակտի 8-րդ կետի 5-րդ ենթակետով: Իմ կողմից թույլ տրված նյութական օրենքի նորմի խախտման համար խնդրում եմ ներողամիտ լինեք»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26.06.2008 թ. դատավճռով Դավիթ Վալերիի Ավագիմյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 375-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է ազատազրկման 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով:

2) Դատարանի 27.06.2011 թ. որոշմամբ բավարարվել է ԼՂՀ ոստիկանության ՔԿՎ ՔԿՏ պետի միջնորդությունը, դատապարտյալ Դավիթ Ավագիմյանի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի 13-րդ կետի 1 «բ» ենթակետը, և նա ազատվել է վերը նշված դատավճռով նշանակված պատժից:

3) 27.06.2011 թ. կայացած որոշման մեջ նշվել է, որ դատական նիստին որպես դատախազ մասնակցել է Թիվ 1 կայազորի զինվորական դատախազ Հ. Պողոսյանը, մինչդեռ դատախազ Հ. Պողոսյանը դատական նիստին ներկա չի գտնվել, քննարկմանը չի մասնակցել և գտնվել է ամենամյա հերթական արձակուրդի մեջ:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննարկելով Դատարանի դատավոր Սերգեյ Աղաբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

Համաներման ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` բացառությամբ նույն որոշման 8-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի` պատժից ենթակա են ազատման այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է:

Համաներման ակտի 8-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք, այդ թվում 182-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտված անձանց նկատմամբ պատժաչափի չկրած մասը կրճատվում է 1/4-ով:

Համաներման ակտի 13-րդ կետի 1 «բ» ենթակետի համաձայն` այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, համաներում կիրառելու իրավասությունը վերապահված է դատարանին` այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա:

Համաներման կիրառման հարցին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վարուժան Գագիկի Ավետիսյանի վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման մեջ, որի 16-րդ կետում դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն»:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26.06.2008 թ. դատավճռով Դավիթ Ավագիմյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու համար, և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Դատարանը 27.06.2011 թ. որոշմամբ դատապարտյալ Դավիթ Ավագիմյանի նկատմամբ կիրառել է Համաներման ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետը և 13-րդ կետի 1 «բ» ենթակետը և նրան ազատել վերը նշված դատավճռով նշանակված պատժից:

Մեջբերված փաստերը վերլուծելով Համաներման ակտի 1-ին կետի լույսի ներքո` Խորհուրդն արձանագրում է, որ դատավոր Ս. Աղաբեկյանը Համաներման ակտով նախատեսված սահմանափակումներն անտեսելու հետևանքով խախտել է համաներում կիրառելու կարգը, քանի որ Համաներման ակտի 1-ին կետում սահմանված բացառության ուժով Դավիթ Ավագիմյանի նկատմամբ կիրառելի էր Համաներման ակտի 8-րդ կետի 5-րդ ենթակետը: Հետևաբար, Դավիթ Ավագիմյանը ենթակա չէր պատժից ազատման, այլ նրա նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը պետք է կրճատվեր 1/4-ով:

Խորհուրդը փաստում է, որ Դավիթ Ավագիմյանի նկատմամբ պետք է կիրառվեր Համաներման ակտի 8-րդ կետի 5-րդ ենթակետը, որով նա ենթակա չէր պատժից ազատման, այլ նրա նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը պետք է կրճատվեր 1/4-ով:

Հետևաբար, Խորհուրդը գտնում է, որ դատավոր Ս. Աղաբեկյանը Համաներման ակտով նախատեսված սահմանափակումներն անտեսելու հետևանքով խախտել է համաներում կիրառելու կարգը:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ դատավոր Ա. Աղաբեկյանը դատապարտյալ Դավիթ Ավագիմյանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թ. որոշումը կիրառելիս թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատախազը մասնակցում է դատարանի կողմից դատական որոշումներն ի կատար ածելու հետ կապված հարցերի քննարկմանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական որոշման հետ կապված հարցերը դատարանի կողմից քննվում են դատական նիստում` դատապարտյալի մասնակցությամբ: Օրենսգրքով նախատեսված դեպքերում պարտադիր է նաև պաշտպանի և դատախազի մասնակցությունը:

Նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Թիվ 1 կայազորի զինվորական դատախազ Հ. Պողոսյանը 24.06.2011 թ. մինչև 15.07.2011 թ. ներառյալ գտնվել է ամենամյա հերթական արձակուրդի մեջ և 27.06.2011 թ. կայացած դատական նիստին ներկա չի գտնվել: Չնայած դրան` Դատարանը նշված օրը կայացված որոշման մեջ հիշատակել է դատախազ Հ. Պողոսյանի անունը` որպես գործին մասնակցող դատախազ:

Փաստորեն, դատավոր Ս. Աղաբեկյանը դատական նիստին դատախազ Հ. Պողոսյանին մասնակից չդարձնելու պայմաններում Դատարանի 27.06.2011 թ. կայացված որոշման մեջ նրա անունը հիշատակելով, թույլ է տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:

Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Աղաբեկյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական և դատավարական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Աղաբեկյանին հայտարարել խիստ նկատողություն` զուգորդված մեկ տարի ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

    Արդարադատության խորհրդի անդամներ`        Վ. Աբելյան

                                             Ռ. Բարսեղյան

                                             Կ. Բաղդասարյան

                                             Ա. Թումանյան

                                             Ա. Խաչատրյան

                                             Մ. Մակյան

                                             Հ. Փանոսյան

                                             Ս. Օհանյան

 

 

pin
Արդարադատության խորհուրդ
10.02.2012
N ԱԽ-1-Ո-6
Որոշում