Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼԵՌՆԻԿ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԱԽ-1-Ո-7

2012 թ.

 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼԵՌՆԻԿ ԱԹԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

    նախագահությամբ`                       Ա. Մկրտումյանի

                                                          

    մասնակցությամբ ԱԽ անդամներ`           Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

                                          Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի,

                                          Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի,

                                          Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի,

                                          Մ. Մարտիրոսյանի, Հ. Փանոսյանի,

                                          Ս. Օհանյանի

                                                                 

    մասնակցությամբ դատավոր`               Լ. Աթանյանի  

                                                              

    քարտուղարությամբ`                     Շ. Վարդանյանի

                                                                               

2012 թվականի փետրվարի 10-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Լ. Աթանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

 

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 28.12.2011 թ. թիվ N-Կ-2-17/2011 թ. որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Աթանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 27.12.2011 թ. թիվ Ե-7629 գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

 

Ըստ եզրակացության`

Երևանի քրեական դատարանի 08.07.2008 թ. դատավճռով Տարոն Գեորգիի Գալուստովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման 3 /երեք/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 2 /երեք/ տարի ժամկետով:

Դատարանը, 27.06.2011 թ. որոշմամբ բավարարելով ՀՀ ՊՆ թիվ 60913 զորամասի հրամանատարի միջնորդությունը, դատապարտյալ Տարոն Գալուստովի նկատմամբ կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թ. որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և նրան ազատել վերը նշված դատավճռով նշանակված պատժի կրումից:

Դատարանի 27.06.2011 թ. որոշման դեմ 19.08.2011 թ. վերաքննիչ բողոք է բերել ՀՀ զինվորական դատախազը` խնդրելով բեկանել Դատարանի 27.06.2011 թ. որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 19.09.2011 թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է, որի արդյունքում բեկանվել է Դատարանի 27.06.2011 թ. որոշումը:

Ինչպես հետևում է վերը շարադրվածից, դատարանի որոշմամբ համաներումը կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով դատապարտված անձի նկատմամբ: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թ. որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետով արգելվում է համաներման կիրառումը ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածով դատապարտված անձանց նկատմամբ:

Այսպիսով, Դատարանի կողմից թույլ է տրվել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թ. որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետի խախտում, որի արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով նախատեսված հանցագործության համար դատապարտված անձն անհիմն կերպով ազատվել է նշանակված պատժից:

Դատարանը, կիրառելով ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 26.05.2011 թ. որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որով դատարանն անտեսել է օրենսդրի կողմից նախատեսված ակնհայտ բացառությունը, և դրա արդյունքում դատապարտյալն ազատվել է պատժի կրումից:

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Աթանյանի կողմից թույլ տրված խախտումը հանգեցրել է նրան, որ հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի նկատմամբ պատշաճ արդարադատություն չի իրականացվել, և վերջինս արդարացի հատուցում չի ստացել իր կատարած արարքի համար:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական օրենքի նորմի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

 

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ. Աթանյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«16.06.2011 թ. ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել ՀՀ ՊՆ 60913 զորամասի հրամանատարի միջնորդությունը` դատապարտյալ Տարոն Գեորգիի Գալուստովի նկատմամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից 26.05.2011 թ. ընդունված «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը կիրառելու մասին:

27.06.2011թ. նշանակվել է միջնորդության քննարկումը:

Դատաքննությանը ներկայացել էին դատապարտյալը, որը համարվում էր ժամկետային զինծառայող, ՀՀ ՊՆ թիվ 60913 զորամասի սպա իրավաբանը և Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Ա. Գաբրիելյանը:

Դատաքննության ժամանակ դատապարտյալ Գալուստովը կատարած հանցագործության վերաբերյալ հայտնել է, որ կատարել է գողություն:

Դատական նիստի ընթացքում սպա իրավաբանը պնդեց միջնորդությունն այն մասին, որ Տարոն Գեորգիի Գալուստովի նկատմամբ կիրառվի ՀՀ Ազգային ժողովի կողմից 26.05.2011 թ. ընդունված «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, և վերջինս ազատվի պատժի կրումից:

Ծանրաբեռնվածությունից և ՀՀ Ազգային ժողովի կողմից 26.05.2011 թ. ընդունված «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը կիրառելու կապակցությամբ ներկայացված միջնորդությունների քանակից ելնելով` օրենքով նախատեսված ժամկետները չխախտելու համար, շտապողականության պատճառով տեղի է ունեցել սխալ, համաձայն ՀՀ Ազգային ժողովի կողմից 26.05.2011 թ. ընդունված «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 9-րդ հոդվածի 7-րդ կետի համաներում չէր կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածով կատարված հանցագործության համար, սակայն վերը նշված պատճառաբանությամբ Տարոն Գեորգիի Գալուստովի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտը:

ՀՀ զինվորական դատախազի կողմից որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) Երևանի քրեական դատարանի 08.07.2008 թ. դատավճռով Տարոն Գեորգիի Գալուստովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ հաշվակցելով կալանքի տակ գտնվելու 1 (մեկ) ամիս 28 (քսանութ) օրը` Տարոն Գալուստովի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս 2 (երկու) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 3 (երեք) տարի ժամկետով:

2) Դատարանը, 27.06.2011 թ. որոշմամբ բավարարելով ՀՀ ՊՆ թիվ 60913 զորամասի հրամանատարի միջնորդությունը, դատապարտյալ Տարոն Գալուստովի նկատմամբ կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թ. որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը և նրան ազատել վերը նշված դատավճռով նշանակված պատժի կրումից:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննարկելով Դատարանի դատավոր Լեռնիկ Աթանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

Համաներման ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` պատժից ենթակա են ազատման այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Համաներման ակտի 9-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն` համաներումը չի կիրառվում մի շարք, այդ թվում` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ:

Համաներման կիրառման հարցին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վարուժան Գագիկի Ավետիսյանի վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման մեջ, որի 16-րդ կետում դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն»:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևանի քրեական դատարանի 08.07.2008 թ. դատավճռով Տարոն Գալուստովը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու համար, և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Դատարանը 27.06.2011 թ. որոշմամբ դատապարտյալ Տարոն Գալուստովի նկատմամբ կիրառել է Համաներման ակտի 1-ին կետի 2-րդ ենթակետը և նրան ազատել վերը նշված դատավճռով նշանակված պատժից:

Մեջբերված փաստերը վերլուծելով Համաներման ակտի 9-րդ կետի լույսի ներքո` Խորհուրդն արձանագրում է, որ դատավոր Լ. Աթանյանը Համաներման ակտով նախատեսված սահմանափակումն անտեսելու հետևանքով, մասնավորապես այն, որ Տարոն Գալուստովը դատապարտված է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածով, որի նկատմամբ համաներումը կիրառելի չէր, Համաներման ակտի կիրառմամբ դատապարտյալին ազատել է Երևանի քրեական դատարանի 08.07.2008 թ. դատավճռով նշված պատժի կրումից:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ դատավոր Լ. Աթանյանի կողմից թույլ տրված օրինականության սկզբունքի խախտման արդյունքում, Համաներման ակտով նախատեսված ուղղակի արգելքի պայմաններում Դատարանը դատապարտյալ Տարոն Գալուստովի նկատմամբ կիրառել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թ. որոշումը, որը կիրառելի չէր:

Հետևաբար, Խորհուրդը գտնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Աթանյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Աթանյանին հայտարարել խիստ նկատողություն` զուգորդված մեկ տարի ժամկետով աշխատավարձի քսան տոկոսից զրկելով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

    Արդարադատության խորհրդի անդամներ`        Վ. Աբելյան

                                             Ռ. Բարսեղյան

                                             Կ. Բաղդասարյան

                                             Ա. Թումանյան

                                             Ա. Խաչատրյան

                                             Մ. Մակյան

                                             Հ. Փանոսյան

                                             Ս. Օհանյան

 

 

pin
Արդարադատության խորհուրդ
10.02.2012
N ԱԽ-1-Ո-7
Որոշում